Ասեց՝ լավ է։ Չէ, ոչ թե ասեց, որ լավ է, այլ՝ լավ է՜։ Հետո շարունակեց.
– Բնական, բնականություն, բնություն, բուն, բուն իմաստ։ Հա, էս կյանքի բուն իմաստը մարմինդ մինչև հոգուդ հեռանալը անվնաս պահելն է։ Մարմնիդ ամեն սանտիմետրին առավել խնամքով վերաբերվելը, քան մնացած ամեն բանի էս կյանքում։
Ոչնչություն…
-Ձեզ համար կկարդամ Արթյուր Ռեմբո։ Չարը,- լսվում էր ռադիոյի մյուս ծայրից, ու սկսվում էր,- մինչ թնդանոթի կոկորդից ժայթքած…
-Բայց ի՞նչ էր արել որ։ Մինչև հիմա կա՞ էդ արժեզրկվելու, փչանալու հասկացությունը։
-Դե հա, կա… ինչ պիտի աներ, տեղավորվեց։
-Այսինքն ո՞նց տեղավորվեց։ Սենց ձեռով-ոտով մտավ մեջը՞։
– Ասեցին՝ դու աղբ ես, դու ավելին ես, քան աղբը, դու միլիցա ես… Հայաստանում կա ոստիկան ու կա միլիցա, բայց դու միլիցա ես, դու միլիցություն ես արել։
– Բա ինքը՞։
– Դե ինքն էլ տեղավորվեց էլի, ասեց՝ հա, ես միլիցություն եմ արել, միլիցա եմ…
– Շփվում ե՞ք դրանից հետո։
– Դե շփվելը որն է, բարևում, անցնում ենք։ Չաթլախ…
Ռադիոյից այն կողմ.
– Եվ արթնանում է, երբ որ մայրերը…
Ռադիոյից այս կողմ.
-Մեզ կրկնեք էլի. կխմես չէ՞։
-Արդեն ասել ես՝ կրկնեն, ուրեմն՝ խմում ենք։ Էս փաբերում էլ մարդ չի մնացել։ Արդեն խախանդվել են, հանգիստ ու միապաղաղ դառել։
-Չէ հա՜, տեղայնացվել են ուղղակի։ Քաղաքում մի երկու տեղ են հավաքվում ու վերջ։ Դու ժխոր էիր ուզո՞ւմ։ Չէ, ես ծեր եմ արդեն դրա համար…
-Վախենում եմ…
-Ինչի՞ց։
-Քեզնից։
-Ինչի՞։
-Չես ամուսնանա, կմնաս, հենց էսպես կմնաս, հենց էդ դեմքի արտահայտությամբ, հենց էդ բաժակը ձեռքիդ, մյուսում՝ սիսեռի հատիկ։
-Ինչ վատ է որ… մենակ, հանգիստ։ Էս վերջերս իմացա՞ր՝ թունդ սիրահարվեցի։ Էդ մանկական զգացողությունով, էն շնչակտուրով, ինձ կորցնելով…
-Էս վերջերս՝ ե՞րբ։
-Էս նոր տարի չէ, անցած նոր տարի։ Վախ քո… երկու տարի առաջը հլը էս վերջերս ա արտաբերվում… Հետո հոգնեցի, հետո մի ուրիշը եկավ, հետը ապրեցի․․․․
-․․․
-․․․
-Լավ է՜։ Դուրս գանք…
Ճիշտ է ասում… դուրս գանք։ Ու դուրս եկանք։ Ինքը գնաց, ես գնացի, ռադիոն մնաց էնտեղ՝ փաբում։ Վերջացավ Չարը…
Ես չգիտեմ՝ ինչին եմ հավատում։
-Կա՞ մի բան, որին դու հավատում ես,- ասեց, կամ գոռաց բարկությունից արդեն ջղաձգվող հայրը։
-Կա։
-Ու ինչի՞ն։
-Իմ ուժերին։
Լռություն… մեկ, երկու, երեք, չորս, հինգ…
-Ռադ եղի՜։
Փողոցները լռել են, էլ մարդ չկա, փողոցները բաց են ամեն տեսակ մեքենաների համար։ Մի քանի ամիս առաջ փողոցներով մեքենա չէր գնում, որովհետև ոչ ոք մեքենա չէր վարում, ոչ ոք պետք չուներ վարելու, ոչ ոք չէր շտապում։ Հիմա շտապում են, պետք ունեն շտապելու, շտապում են ապրել, որովհետև ժամանակը սկսել է արագ հոսել մեր առջևով։ Ոչինչ էլ չի փոխվել, կամ ոչնչի մի մասն է փոխվել։ Իմ միջից մի պատառ է պոկել, մյուսների մեջ մի բան ավելացրել է։ Բայց համակարգը նույնն է, արժեքները նույնն են։
Առավոտյան դուրս եկավ տնից, աչքերը դեռ սովոր չէին արևի լույսին. կկոցեց։ Ականջակալներ կային ականջին։ Թեթև կոշիկներ, բաց ջինսի տաբատ, սպիտակ վերնաշապիկ, ձեռքին ժամացույց չկար, անփույթ սանրված մազեր, որոնք, գուցե, չէին էլ սանրվել, երկու քայլ շենքից հեռու վառեց ծխախոտը, խորը շունչ, բերանում՝ դառնահամ. տնից դուրս գալուց առաջ ոչինչ չէր կերել։ Մտքեր, որ դատարկ ստամոքսին ծխելուց հետո բերանից տհաճ հոտ կգա։ Հետո մետրո։ Մետրոյի առաջին վագոնում ամեն առավոտ նույն աղջիկն է նստած, աչքերով զրույց, որ էդպես էլ չէր վերափոխվելու իրականի։ Մետրոն մի քիչ հաճելի էր. մետրոյի մուտքից արդեն փչում էր ներսի սառը օդը, որը խոնավություն էր բուրում, մի քիչ բորբոս ու նամշահոտ։
Չէ, վստահորեն ոչինչ էլ չի փոխվել, բայց հուսահատությամբ լցվելու ոչ կարիք կա, ոչ առավել ևս՝ իրավունք։
Մետրոյից դուրս գալիս արդեն արևը շատ էր բարձրացել, աչքերն էլ սովորել էին արևի լույսին. չէր կկոցում։ Ասֆալտից ջերմությունը վերև էր բարձրանում, որը նշմարվում էր տասը մետրից սկսած՝ լղոզելով պատկերը։ Կեղտոտ մայթեր, սիգարետի մի քանի մնացուկ՝ մայթերին, փոշի։
– Դու միլիցություն ես արել, դու բոզություն ես արել… Ինչի՞ համար
– Որ ապացուցեմ՝ խաբում ես…
Էս խոսքի վրա աթոռը նրա ձեռքերի մեջ էր, պիտի գլխին խփեր դրանով, պահեցինք, ժամացույցս հարվածը պահելիս պոկվեց, ժամանակը կանգ առավ։ Հարվածը կանխեցի նրա գլխին, բայց ժամանակը սպառվեց նրա համար։ Էական չէր՝ ով է, էական էր՝ ինչ է արել, ու հա՛, միլիցություն էր արել… ու փչացավ, հետո էլ՝ տեղավորվեց, որ փչացել է։
Իրականությունը չի փոխվել, ժամանակը արագ է անցնում մեր առջևով, բոլորը կարիք ունեն շտապելու, որ հասցնեն ապրել։ Խմելու համար փաբ է պետք գնալ, փաբ գնալ մենակ ու խմել մենա՞կ, չէ, պետք չէ մտքի հոսքին տրվել։ Երկուսով գնացինք.
Ռադիոյից այն կողմ՝ Չարը, ռադիոյից այս կողմ՝ չարացած մարդիկ, որովհետև ինչ-որ մեկը բոզություն էր արել, միլիցություն էր արել, իսկ մենք ուրիշի սխալը չենք ներում, եթե ներում էլ ենք, արդյունք չկա, բարևում ու առաջ ենք անցնում։
– Ասում ես՝ ինչից ես վախենու՞մ։
– Որ չես ամուսնանա, կմնաս էսպես, էդ բաժակը ձեռքիդ, հենց էսպես։
Լռություն… մեկ, երկու, երեք…
– Բայց ժամանակը, ասում էի, արագ է անցնում մեր առջևով, ու դու էսօր ամուսնացած ես, բայց ոչինչ էլ չի փոխվել։ Մնացել ես նույնը։ Արժեհամակարգը նույնն է, մարդիկ՝ ևս։
Փողոցներով նորից մեքենաներ են գնում, իսկ մի քանի ամիս առաջ փողոցները մարդկանց էին պատկանում։ Էդ պահերին ոչ ոք չէր շտապում, կարիք չկար շտապելու, ժամանակը կանգ էր առել, ժամացույց պոկվել էր, իսկ ժամանակը՝ սպառվել…
– Դուրս գանք էստեղից…
Նա գնաց, ես մնացի փողոցում, ներսում դեռ շարունակվում էր Չարը, ժամը քանի՞սն է, մտածեցի ու տեսա ձեռքիս կապած ժամացույցը…