Անի Ավետիսյան | Մայրենիք

-էս անձրեւն ինչի՞ չի կտրվում։
– Ասա ներսիդ անձրեւը կտրվի մի օր։
– Ի՞նչ եղավ պապ, հիմա ինչո՞վ եմ աչքիցդ ընկել։
– Կյանքն ա աչքիցս ընկել, տղա՛: Կյանքը։
– Պա, հենց խոսքը փոխել ես ուզում սկսում ես փիլիսոփայել։ Հայերեն ասա՝ ինչի վրա ես ջղայնացել։

Հարցրեց՝ անգիր իմանալով պատասխանը։ Վերջին մի շաբաթը պապ ու թուռ խոսք ու կռվի ուրիշ թեմա չունեին։ Երկուսին էլ նույն միտքն էր տանջում, երկուսն էլ իրենց համար արդարացումների էին ման գալիս։ Ու ափսոս, բայց ոչ մեկն էլ չէր գտնում, կամ գտնում էր՝ ինքն էլ իմանալով,որ մի բան պակաս է, սխալ։ Առանց սրա էլ իրենց տանը ամեն ինչ չէ, որ հարթ էր։

– Ինչի՞ ես մնացել։ Ո՞ւմ ես սպասում։
– Հը՞։ Հաա՜։ Անասուններին բերել եմ, հանգիստ եղի՛ր, բիձուկ։ Հանդը ջրել էլ պետք չի։ Տեղից անձրեւը համը հանեց, երկու հատ միրգ ա, հեսա էն էլ կնեխի։
– Անասուններն առանց քեզ էլ յոլա կգնան։ Միրգն էլ օրվա հաց չի, կդիմանանք։ Դու, դու հիմա ինչի ես էստեղ։
– Բա ու՞ր լինեի այ պապ։
– Ու՞ր են հիմա քո տարիքի տղերքը։ Ու՞ր ա հերդ։ Գոնե լուր ունես՞, գիտե՞ս սաղ են թե չէ։
– Սկսվե՜ց… Հերս գիտի ինչ ա անում։ Կգա։
– Հա՞… Խաբար ունե՞ս։ Քանի օր ա… ,- Թոռանը մոռանալով սկսեց ինքն իրեն խոսել ու դուրս նայել։ Անձրեւը ոնց որ հակառակ լինի։ Երկինքը գոնե մեր կողմից լիներ։ Բայց չէ՜։

– Ես որ գնամ բա քեզ ու մամային ո՞վ պիտի նայի այ պա՜։ Մորս աչքերին ոնց պիտի նայեմ, այ պա՜…Ախր, դու ի՞նչ գիտես։

Վարդան պապը չլսեց թոռի խոսքերը։ Ու ամենաճիշտը դա էր։ Հետո պիտի ինքն իրեն անիծեր, եթե գոնե մի բառ խեղճ ծերուկի ականջին հասներ։ Քանի օր է՝ քաջություն չունի էս երկու տողը ասելու։ Հիմա էլ նոր խաղ է սկսել ՝ կռիվ գնա։ Կգնար, հաստատ կգնար. զոհվելուց չի որ վախենում է։ Միայն թե հայրն իրենից առաջ ընկած չլիներ։

Արդեն երրորդ օրն է՝առանց դադարի անձրև է գալիս։ Առաջին օրն էր, որ որոշեց գնալ՝ հորը գտնել ու պապին էլ ապացուցել, որ ինքը վախից չի, որ մնում էր։ Գիտեր, ախր, նա հո՞ բոլորից լավ գիտեր, որ չի վախենում ոչ մի տեսակի զենքից ու թնդանոթից, ոչ էլ հայրենիքն էր ավել կամ պակաս սիրում իր տարիքի տղերքից։ Իսկ ինքը դեռ կամ, էդ օրերի համար՝ արդեն տասնութ էր։ Որովհետև էդ օրերին մի քանի ամիս առաջ անփորձ համարվող տղերքը ամենափորձառուից էլ փորձառու էին դարձել։ Կարիքը, պայքարը ամեն ինչ մոռանալ էր տվել։ Միայն ինքն էր երեւի, կամ իր պես ուրիշերն էլ, որ ինչ-որ բան. ինչ-որ մեկին մոռանալ չէին կարող կամ չէին ուզում։ Հայրը զոհվել է կռվի առաջին օրերին։ Ինքը պետք է սահմանին։ Գիտի դա, հաստատ գիտի ու զգում է։ Հա, մի քիչ էլ ամաչում է, որ մինչև հիմա տանն է, բայց չի փոշմանել։ Ինքն իր պատճառներն ունի։ Կարևորը՝ խիղճը հանգիստ լինի, թող մարդիկ ասեն ինչ ուզում են։
Ինչ հայրը գնացել է պապի հետ օր ու գիշեր նույն թեմայով էին խոսում, ավելի ճիշտ՝ վիճում։ Դե, պապը խոսում էր, ինքը՝ լսում։ Սրտի խորքում զգում էր՝ճշմարտություն կա ասածների մեջ, չնայած խեղճ մարդը գաղափար էլ չունի, թե ինչն էր թոռին ետ պահողը։ Ծերուկին թվում է, թե մի տեղ, մի պահ սխալվել է նրան դաստիարակելիս։ Քաջության փոխարեն թուլամորթություն է սովորեցրել։

Վարդանը ողջ կյանքում պապի ձեռքի տակ է մեծացել։ Հայրը աշխատում էր, մայրն էլ ամբողջ օրը տան ու այգու հոգսերով էր տարված։ Երկու Վարդաններն իրար հետ կիսելու շատ բան չունեին անունից ու բնավորության չոր, իրասածի գծերից բացի։ Մնացած ամեն ինչով Վարդանը տարբեր էր ընտանիքի անդամներից ու բոլոր ազգականներից, չնայած բարեկամներ այնքան էլ շատ չունեին, կամ ինքն էր քչերին ճանաչում։ Երեւի դրա համար էր, որ հաճախ կեսկատակ-կեսլուրջ ծնողներին իր ծնունդի մասին հարցնում։ Ասում էր, թե՝ կարո՞ղ ա վերցնովի եմ։ Ինքը հետո, շատ հետո հասկացավ, թե ինչու ծնողներն ամեն անգամ շփոթվում էին ու իրար խառնվում, երբ տղան սկսում էր իրենց հոգիների հետ խաղալ անիմաստ հարցերով։

Երեխայի ծնունդը մի քիչ անցանկալի էր նորաստեղծ ընտանիքի համար։ Իրենք ոչինչ չունեին, երեքով էին ու մի հին խրճիթ, ուր երեխա պահելը հանցանք կլիներ։ Բայց նա ծնվեց։ Խնդիրներով, իհարկե: Առաջին օրերին մի բռան չափ հազիվ լիներ ու լրիվ կապույտ էր։ Թե անհամաչափ շնչառությունից կրծքավանդակը կամ դրա տեղը զբաղեցրած փոքրիկ ոսկրագունդը ներս ու դուրս չաներ, կմտածեին, թե անկենդան է։
Ուղղակի ո՛չ ծնողները ու ո՛չ էլ բժիշկները չգիտեին, որ եթե մեկը ծնվում է ապրելու մտադրությամբ՝ ոչինչ չի կարող մեռցնել նրան։
Բայց դժվարություններն անցան, երբ Վարդանի հայրը աշխատանք գտավ ու տուն գնեցին։ Հետո ամեն ինչ աստիճանաբար տեղն ընկավ, տխուր օրերի թեման էլ ընտանիքում արգելված դարձավ։ Միայն երբեմն պապն էր հայացքը հառում երկնքին ու Աստծուն շնորհակալություն հայտնում մանչուկին պահելու համար։ Նույն Աստծուն, ում մինչ թոռան ծնվելը կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չմեռնելը, էդպես էլ ընդունել չէր կարողանում։
Հիմա Վարդանին հաճախ է կշտամբում ու բարկանում ամեն արածի կամ չարածի համար։ Ինքը դժվարությամբ է իր ոտքերի տեղը գտել Երկրի վրամ պիտի ապրի մարդավայել, պատվով, պապի միակ ցանկությունը սա էր։ Ու սա միակ պատճառն էր թոռի սխալներն անընդհատ երեսով տալու։ Բայց հո՞ ինքն էլ, թոռն էլ գիտեն՝ ինչքան է սիրում ու ո՜նց է վստահում։ Դրա համար էլ առանց երկմտելու հավատաց, որ որդին կգա։ Վարդա՜նն է ասել։

Մարդկանց, երկրի ու որ ամենակարևորն է՝ պապի առաջ բացճակատ կանգնելու համար տղան որոշեց գնալ։ Էլ ոչինչ իր նպատակից ետ չի պահի։ Պապն է էդպես սովորեցրել. մի բան սկսել ես՝ արա մինչև վերջ։ Կեսճամփից ետ դարձողն առաջինն իրեն է դավաճանում։ Իրերը, եթե կարելի է այդպես կոչել վերցրած մեկ-երկու կտոր հացը, ջրի շիշն ու տաք վերարկուն՝ պատրաստ էին։ Պատրաստել էր պապի պահած փամփուշտները, որ պահել էին տանը իմանալով՝ մի օր, մի տեղ պետք կգան:

Անձրեւը գնալով ուժեղանում էր ու ոնց որ ասեր՝ ճանապարհդ եմ փոշուց մաքրում, տղա՛։ Դու էլ ճակատիդ փոշին մաքրիր, թե կարող ես։
Ու երբ կանգնում էր՝ ասելու՝ գնում եմ, մոր աչքերն էին գալիս իր աչքի առաջ։ Դրանք կապույտ էին, երկնքի պես պարզ ու սիրուն։ Ոնց որ ծով լինեին, որ միշտ վարարում էին, երբ ինքը հիվանդ էր։ Իսկ դա հաճախ էր լինում։ Նույն այդ աչքերում այնքա՜ն երազանքներ կային իր համար պահած։
Ու երբ կանգնում էր՝ասելու՝ գնում եմ, հիշում էր, որ մայր ունի, որ մայրը աշխարհում լրիվ մենակ մենակ կմնա, եթե գնա եւ հանկարծ ու ինքն էլ չգա։ Իրենից լավ ախր ոչ մեկ չէր հասկանում, որ էդ կինը չի դիմանա։ Հայրենիքը, երկիրը, սահմանը՝ ի՞նչ անել։ Բայց հայրենիքից առաջ ինքը մորն էր տեսել։ Հայրենիքի համար հայրը արդեն կյանք էր տվել, իսկ ինքը մոր համար ոչ մի մեծ բան արած չկար։ Հայրենիքին ծառայել դեռ կհասցնեմ, մտածում էր, հիմա մորս ծառայելու ժամանակն է։

Իսկ էսօր չգիտես որտեղից գտած քաջությամբ կանգնեց պապի առաջ ու ասաց՝ տղեդ կգա։ Բա ի՞նչ պիտի լինի վաղը։ Էս կռիվը մի օր կավարտվի չէ՞։ Մի օր իրեն կհարցնեն՝ ու՞ր մնաց տղես, ամուսինս։ Ախր երկուսին էլ առանց մի կաթիլ կասկածի հավատում էին իր ամեն ասածին։
Չէ։ Ավելի լավ է գնա, ու թե Աստված էդպես է ուզում՝ էնտեղ էլ մնա։ Գոնե չես տեսնի՝ ոնց են կյանքի ամենաթանկ մարդիկ փշրվում չորացած տերեւի պես։ Ավելի լավ է՝ հետ չգաս։ Գոնե չես ասի, թե՝ հերս խոստմանը տեր չեղավ: Ես էլ ստեցի քեզ, պա՜։

Էսօր էլի ծերունու շուրթերը նույն աղոթքն էին շշնջում, որ, թվում է տասնութ տարի ատամների տակ էր պահել առանց մի բան, վանկ ու հնչյուն կորցնելու։ Նույն «Հայր մերն», բայց միաժամանակ ուրի՜շ էր, երկար ու ավելի անկեղծ, քան հնարավոր է։ Այսպես է, երբ մարդ չգիտի, չի հասկանում հազար տեսակ կրոնական ու այլ օրենքներից, և, իրականում չի էլ ուզում իմանալ։ Այսպես է, երբ մարդ հավատում է։ Իսկ մենք, սովորաբար հավատում ենք դժվարությունից առաջ, մեկ-մեկ էլ՝ հետո։ Ծերուկի շուրթերին թրթռում էր տասնութ տարվա աղոթքը, հիմա էլ՝ մինուճար որդուն պաշտպանելու։ Թե իմանար, որ Աստված էս անգամ չի լսել աղոթքները, նորից երեւի թարսվեր աշխարհի ու իր՝ Աստծո հետ։ Բայց ինքը դեռ հավատում էր Նրան ու նրանից ավելի ՝ թոռանը։ Ասել է՝ տղեդ գիտի ինչ է անում։ Ուրեմն հաստատ գիտի, ու ինչ կռիվ էլ ուզում է՝ լինի, ինչ պատերազմ ու ինչ թուրք էլ գա։ Ինքը հավատում է թոռանը:

*******

-Ղարաբաղ ի՞նչ եղանակ կլինի,պա՜…
– Մորդ ասե՞լ ես։
– Չէ, չգիտեմ ոնց սկսեմ։ Սիրտը չի դիմանա։
– Հիմար տղա, քո պես քանիսներն են գնացել, իրանք մեր չունեի՞ն, թե՞ քո պես տղա չէին։ Հը՞, անորակի մեկը։
– Էլի կատակի ես տալիս պապ: Դու էլ գիտես պապայի բացակայությունը ոնց ա ազդում մորս վրա։
– Քո բացակայությունն էլ երկրիդ։
– Պաթոս որտե՞ղ ես սովորել։
-Ինչո՞ս.. հոգիս մի հանի է՜։ Գնա, ժամանակ մի կորցրու: Էնքան ես ձգձգելու մինչեւ կռիվը պրծնի։
-Թող պրծնի պապ, ես էլ աշխատանքի հերոս կդառնամ, ինչ կա որ։
-Ինձ հերոս թոռ պետք չի, կռիվդ տուր ու տուն արի, հորդ օգնական ուժ պետք կգա։
-Հորս…

Վարդանի աչքերը դիվական ինչ-որ գույն էին ստացել: Մի կողմից ցավն էր, որ աչքերում արցունք էր դառնում, բայց դուրս գալու հնարավորություն չուներ, մյուս կողմից չարություն էր բոլորի, մինչեւ անգամ պապի հանդեպ։ Դա էլ , որ ինքն ավելին գիտի, քան պապը: Իսկ շատ բան իմանալը միշտ չէ, որ լավ է։ Ու ամեն ինչ իմացողը միշտ չէ, որ գլուխը բարձր կանգնել ու իմացածը պատմել կարող է, էլ ուր մնաց գլուխը հանգիստ բարձին դնել ու աչքերը փակելը։

-Ինչի էս ցավը հայտնելը ինձ եկավ-կպավ ու պոկ չի գալիս։

Լավ էր, որ պապը աչքերը երկինք էր ուղղել՝ երեւի Աստծուն հարցնում էր, թե ինչի թոռին մի քիչ պատասխանատվություն չի տվել, ախր ափսոսելու բան չէր, է՜։ Վարդանի աչքերին պապը անբացատրելի կերպար էր։ Ճերմակ, ուսերից քիչ կարճ մազերը, երկար, սպիտակ մորուքը նրա տեսքին խորհրդավորություն ու պատկառանք էին տալիս, մեջքը կորացել էր տարիներից, մի քիչ էլ իր պատճառով կրած հոգսերից երևի, ձեռքերն էլ այնքա՜ն նուրբ էին, որ, թվում է չգիտի անգամ, թե ինչ է հողը, քարն ու չարչարանքը։ Ձեռքերի կրած ցավը սրտին է անցել ու դրանից նա ավելի մեծ ու ամուր է դարձել։

Ուրիշ մի բան էլ կար, որ վերջին օրերին սկսել էր տանջել Վարդանին։ Թաղից շատ էին հոր զինակից ընկերները, հիմա կսկեն մեկ-մեկ տուն գալ։ Իրենք էլ մարդ են, տուն ունեն, երեխա: Վիրավոր են, կարող է։ Բայց վա՜յ, թե մեկն ու մեկը նրանցից մորը կամ պապին մի ակնարկ կաներ մինչ իր ասելը։

Թաղում մի հին նստարան կա, որ ջահել տղերքի ամենասիրած տեղն է՝ հով ու աչքից հեռու։ Էստեղ Վարդանն առաջին անգամ ընկեր տղերքին պատմել էր սիրած աղջկա մասին, ու իրեն տղերքը, ոնց որ ամեն իրեն հարգող ընկեր, ձեռք էին առել։ Էսօր էդ տղերքի կեսն էլի սահմանին է։
Էստեղ տղերքը մեծերից գաղտնի կարթ ու լոտո էին խաղում։ Փող չունեին, որ գրազով խաղային ու վախենային ծնողներից, բայց դե գաղտնին ուրիշ հաճույք էր։ Հետո էլ ծնողները բարկանում էին, թե՝ ժամանակն անիմաստ եք անցկացնում, սովորեք։ Մեկ-մեկ էլ ինչ-որ պայմանով էին խաղում, որից իրենց մանկության գորշ օրերը մի քիչ գույն էին ստանում։ Իրենց մանկությունն էլ էր սահմանին մնացել։
Նստարանի մի ծայրը կոտրվել էր, երեւի փոքրերը քարով կամ մի բանով խփել էին: Քանի օր առաջ թաղի ամենափոքրերն էլ սկսեցին կռիվ-կռիվ խաղալ, սուտ-վիրավորվել, զոհվել ու խաղից հետո առողջանալ։ Երեւի մեծերի մտքով չի անցնում էդպես խաղալ նաեւ իրական պատերազմը։
Նույն նստարանին էսօր երեք կանայք էին՝ պատերազմի իրական աստվածուհիները՝ դեմքներին ցավ ու հաղթանակ։ Երեքի ամուսիններն էլ վաղվա խաղաղության գինն էին վճարել։

– Անու՜շ, Անու՜շ տղեդ խելքի ա եկել։ Կռիվ կերթա, հորը քյոմակ ըլնի։ Արի, մի բան էլ դու ասա…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *