Զորայր Խալափյան | Ծովինար

– Девечка Ольга Семенова, Матушка, как убивается!
Ա. Պ. ՉԵԽՈՎ

Ծովինարը մարդու գնաց տասնութ տարեկանում։ Տղան նույն գյուղացի էր, Պարգևը։ Գյուղացի տղայի ու աղջկա ծանոթությունը ո՞նց պիտի լիներ։ Երկու դույլ ջրով, աչքերը կախ, ծամոն ծամելով գալիս էր, Պարգևը ետևից հասավ, ասաց. «Ինչո՞ւ ես տանջվում, քիչ լցնեիր»,-ու վերցրեց դույլերից մեկը։ «Տուր, տուր,- չոր խոսեց Ծովինարը,- մի դույլով դժվար է»,- մինչև իրենց տուն չոր խոսելով գնաց Պարգևը ետևից։ «Ինձ օգուտ ես տալիս, թե՞ վնաս»։ Պարգևը դույլը դրեց շեմին, հեռացավ։ Մեկ, երկու, մի օր էլ. «Կգաս կինո, տեղ եմ պահելու»։ Ծովինարն ասաց, թե հերը թողնի, կգա։ Մի օր էլ, «Ինձ կառնե՞ս»։ Ծովինարը ծիծաղեց, թե, «Ի՞նչդ է պակաս, որ չառնեմ»։ Որտեղի՞ց իմանար, որ քաղաքում ձու ծախող պիտի դառնա, երազային ծիծաղեց, կարմրեց, ասաց, «Ի՜նչ պակաս տուն է, որ չգամ»։
Հարսանիք արեցին, տանից հանելիս մայրը փաթաթվեց աղջկան, ընդունված կարգով լացով երգեց, ասաց.
— Ուրիշի աղջիկը լինեիր, Ծովինար, իմ տուն քեզ հարս բերեի։ Տանս համը Ծովինար, աղամանիս աղը՝ Ծովինար, տանս սյունը` Ծովինար, և այլն։
Հարևանուհիները իրար աչքով անելով, ընդունված կարգով, աղջկա փոխարեն լացով պատասխան տվին.
— Մի լար, մերիկ, մի լար` ինձ մի լացացրու, եկած դավուլ-զուռնան ետ մի դարձրու և այլն։
Տարան։ Գիշերը, Պարգևը խմած, շատ ուտելուց ուռած, բերանի շուրջը սառած ճրագու, մատները ճաշերից անուշաբույր, մտավ հարսի սենյակը։ Ծովինարը հարսանեկան առագաստի եզրին նրան էր սպասում, հորանջում էր, մթության մեջ հանել էր փեսի բերած կոշիկները, որովհետև սեղմում էին։
Պարգևը կանգնել էր՝ մնացել կանգնած, չգիտեր ինչ անել, ինչից սկսել։ Ծովինարն ասաց. «Դուռը կողպիր»։
Կողպեց, մնաց կանգնած։ Առավոտյան տնտեսությունում ահագին գործ կար, հարսը պիտի գործ աներ, ցույց տար իրեն։ Մոտեցավ, գրկեց Պարգևին, ասաց. «Հրես լուսացա՜վ…», Պարգևի սիրտը կասկած ընկավ. «Այ հեր,- ասաց ինքն իրեն,- սա վայ թե անարատ չլինի»։ Այնուամենայնիվ, սկսեց հարսի կոճակները եռանդով արձակել, ուզեց ցույց տալ, որ իրեն խելք սովորեցնել պետք չէ։ Բայց կոճակ-մոճակ խառնվեցին իրար, շորերը չէին հանվում, որովհետև տակի շորն ավելի շուտ էր ուզում հանել, քան վրայինը:
– Սպասիր, ինքս կհանեմ,- ասաց Ծովինարը։- Դու հանվիր, պառկիր, մինչև…
Պարգևի սիրտն էլ ավելի ահ ընկավ։ Երբ զսպանակները ճռռացնելով նստեց անկողնուն, մահճակալի տակ մի աքլոր ձայն հանեց։ «Սա էլ մերս է հավ դրել, որ սավանի վրա մորթեմ»։ Պառկեց, վերմակը քաշեց մինչև կզակը, նայեց կիսամթի մեջ շորերը գլխի վրայով դուրս քաշող հարսին, կրկին մտքում ասաց. «Այ հեր, ո՞նց էր, որ սրան առա, ախար սա փորձված կնկա նման է հանվում»։ Այս անփորձին ամեն ինչ փորձված էր թվում։ Բայց երբ անկողնու մեջ Ծովինարը սկսեց նրան իրենից վանել, երբ փախչելու փորձեր արեց, չարչարեց, տանջեց, Պարգևը հասկացավ, որ ահագին սխալվել է։
Գիշերն արդեն անց էր, լուսանում էր, վերջապես հարսի ձայնը ելավ։ Դրսում մերը, քեռակինը ձեռքները կրծքներին խաչ արած սպասում էին, ձայնը լսելուն պես միասին ասացին. «Ջա՜ն…»։ Արդեն սպասելուց հոգնել էին, աղջկա ճիչը լսելուց հետո ուրիշ բաների մասին խոսելով թողին, գնացին տուն։
Ծովինա՜ր, Ծովինա՜ր։ Աչքերը նախշուն՝ ծովից հանած խճաքարեր։
Հինգերորդ օրը Պարգևը Ծովինարին ուղարկեց ձու վաճառելու։ Երկու տարում Պարգևի տանը վաճառած կլիներ չորսից հինգ հազար ձու։ Այնպես լավ էր ծախում, ոչ մեկը չէր ջարդվում, ոչ մի կոպեկ պակաս չէր բերում։ Պարգևը նույնիսկ սովորեցրել էր, թե գնալիս-գալիս ոնց անի, որ ավտոբուսին բեռի համար փող չտա։ Ամեն ինչ Պարգևի սրտով էր անում, բայց ի՞նչ մեղք ուներ, որ երեխա չէր լինում, Պարգևը դուրս արեց տնից։
Ծովինարը սկսեց հորանց տան ձուն վաճառել, տնեցիներն այնքան էլ չդժգոհեցին վերադարձի համար։ Չորս ամիս անց Արմավիր գյուղից Հակոբ անունով մեկը խոսք գցեց, Ծովինարի ձեռքը խնդրեց։ Տնամերձ ունի, ընդամենը մի մեր ունի՝ մեռնելու վրա, ամեն ինչով հարմար փեսացու էր, երկու կով ունի, մեկը՝ կթան, մյուսը՝ ոչ, ունի երկու սենյականոց տուն, գոմ, հանգուցյալ կնոջ մի սնդուկ շորը լրիվ կլինի Ծովինարինը։
Հարսանիքի նման մի թեթև բան արին, Սեդրակը՝ Ծովինարի եղբայրը, մեքենայով նրանց տարավ հարևան Արմավիր։
Մեկ սնդուկ շորը Ծովինարը հագավ, ոչ մի ձու չծախեց. «Դրա մասին չլսեմ, դու Պարգևի կինը չես, աղջի՜, խելքդ գլուխդ հավաքիր, դու Հակոբի կինն ես,- ասաց ամուսինը, – ինձ չխայտառակես։ Կովը կկթես, մյուս կովը ևս շուտով կկթես, կաթը կշինես մածուն, կլցնես կճուճը, կվերցնես կգնաս Երևան, կանցնես բակից բակ, կկանչես՝ ««Ոչխարի մածո՜ւն», մի ձեռքիդ կճուճ, մյուսին՝ շերեփ։ Հասկացա՞ր»:
Ծովինարը դարձավ մածուն ծախող, ամուսնու ասածը նրա համար օրենք էր։ Դիտմամբ էլ քրդուհու շորեր էր հագնում, որ քաղաքացիք հավատան, և կովի մածունը ոչխարի մածնի տեղ ծախում, գալիս էր։
Հունվարին, մի կիրակի առավոտ, Հակոբն անկողնում ասաց.
-Ոնց որ եսիմ ինչ լինես։ Կնիկն էլ երեխա չբերի՞։
Ծովինարը վեր թռավ տեղից։
-Դա մորդ խոսքն էր,- ասաց նա։ Լաց եղավ։- Հակոբ ջան, ոչինչ, մի քիչ համբերիր, յոթն աղբյուրից ջուր կբերեմ, մի պղնձում կտաքացնեմ, մի տաշտում երկուսով կլողանանք, անկողին կմտնենք… Կունենամ, Հակոբ, իսկականից բան եմ ասում…
Գարնանն այդպես էլ արին, ուրիշ բաներ էլ արին, մայիսին Հակոբը Ծովինարին դուրս արեց։ Իրենց գյուղ չհասած՝ լսեց, որ Հակոբն արդեն ամուսնացել է քաղաքում հոլ ծախող Թաթուլի Ռայա թե Ռայմոնդա անունով աղջկա հետ, մի գեշ գրողի տարած, բայց այնքան բեղմնավոր, որ հենց առաջին ամսում հղիացավ, և այսպիսով, Ծովինարի վերադարձի հույսը լրիվ հատավ։
Մինչև աշուն հորական տան մածունն ու ձուն էր ծախում, և չնայած դարձյալ ահագին օգուտ էր բերում, բայց տնեցիներն այս անգամ մրթմրթում, դժգոհ էին։ Մյուս քրոջ պսակին, հարսանիքին, մի անծանոթ տղա՝ նրանց կողմից եկած, Ծովինարին թևի տակն առավ, մի քիչ էլ խմած էր, պարելով տարավ այգի։ Նվագն ահագին հեռու էր մնացել, իրենք մթան մեջ պարելով, ծառերի տակով անցան այգու խորքը։ Այստեղ տղան նրան տանձի ծառին հենած խածում ու համբուրում էր, խածում ու համբուրում էր, երկուսով այնպես էին ցնցվում, որ տանձերը կարկտի նման թափվում էին։
Քրոջ հարսանիքը համարյա Ծովինարի հարսանիքն էլ եղավ, իրերը բարձեց բեռնատարը, գիշերով, առանց երկար հարցուփորձի, տարավ իրենց գյուղը` Զեյվա։ Նույն օժիտը: Ամեն տնից մի քիչ էլ բաժին էր ավելացրեք, ահագին ունեցվածք էր փաստորեն։ Շատը նրա համար համաձայնվեց, որ դեռ հույս ուներ երեխայի, առաջին ամուսնություններից չեղածը պատահականություն էր համարում։
Սրա տանն էլ ոչինչ չէր անում, պարապ, առավոտից իրիկուն շուռումուռ էր գալիս, մանր-մունր գործեր անում, ամուսինը մեխանիզատոր էր. գնում էր գործի, վերադառնում, գիշերը գիրկն առնում, քնում, մյուս օրը կրկին գնում հողերը, իրիկունը գալիս՝ կնոջը գիրկն առնում, քնում, մյուս օրը…
— Այսքան ձո՜ւն, այսքան մածունը՜ …— համոզում էր Ծովինարը։
Ձմռանը, տարիուկես անց, բաժանվեցին։ Ձանձրացրեց։ Խանդում էր, կասկածեց, իբր, տանը միայնակ է, հարևանն էլ ջահել չէր, բայց շուն մարդ էր, անուն էր հանել, աչքերը յուղոտ, միշտ տենդագին, անհանգիստ։ Ապակեգործ էր, հենց մեկի ամուսինը տանր չէր լինում՝ գնում էր դրանց «շուշան գցելու»։ Ամուսինը գալիս էր տեսնում «շուշան գցած», վերջացրած, կռիվ-աղմուկ։
Մեխանիզատորական գործերով ամուսինը երկու ամիս գործուղվել էր Ստավրոպոլ՝ ստաժավորման, եկավ այդ կասկածը սրտում, թե ես այդ «շուշա գցողին» լավ գիտեմ, այս ապակիները ինչո՞ւ են նոր, դե՜ս-դե՜ն։ Բայց իրականում պատճառն ուրիշ էր, հը-հը՜, թե. «Որ երեխա չես ունենում, ինչո՞ւ էն գլխից չասացիր։ Խանում հո չե՜ս, սկսեցիր ուռել, ես էլ իմացա ուրիշ հաշիվ է»:
Արցունքն աչքերին, ունեցվածքն իրար վրա հավաքած, ինքն էլ կողքին նստած, միտք էր անում ի՜նչ անել, ո՜ւր գնալ, աստված։ Աղջիկ ժամանակ հիմարություն արեց, առանց տակի շորի, լվացած էր, (կուրանա մերը, մեծ կնիկ էր չհասկացա՞վ իրենը տար հագներ, դա էլ եղավ աղջկա մե՞ր), փետրվար ամիս, ցո՜ւրտ, գնաց աղբյուր՝ կապտած եկավ, մրսեցրեց իրեն, մի դույլ ջրի համա՜ր։
Հայթաղ գյուղում մի Սեթ կար, շատ հավասեր մարդ էր, պահում էր, կուտ էր բերում ֆերմայից, ինկուբատորից հարյուրներով ճուտ էր առնում, վեց հարյուր թև հավ ուներ, բոլորը սպիտակ, որ փռվում էին բակում՝ կարծես ձյուն էր դրել։ Այդքանից գլուխ հանելը հեշտ չէր, օգնական էր պետք։ Քաղաքից, սեփական ավտոմեքենա ունեցողները, գալիս, հավ էին տանում։ Բայց հավերը չէին քչանում, Սեթը ֆերմայում էր աշխատում, պատվոգիր ուներ, պատվով մարդ էր, աչքի մեկը կույր, Ծովինարը, թվով նրա հինգերորդ, կինն էր։ Սեթի առաջին կինն այնքան չար էր, բոլորին ծեծում, տնից հանում էր, չնայած Սեթը մեկ է, նորից տուն չէր բերում։ Նույնիսկ ասում էին, թե դա Սեթի սրտով է, մեղքը կնոջ վրա էր գցում, թե` ես ինչ անեմ, կնոջս թակեց-դուրս արեց, առանց կնիկ հո չե՜մ մնալու, գնում մի նորն էր բերում։
Ամիսուկես անց, Սեթը ֆերմայի գործով տեղ էր գնացել, առաջին կինը՝ մի սև, չար, չոր տախտակ կնիկ, ատամների կեսը ոսկի, կեսը՝ պողպատ, արմունկներր ըմբիշի նման իրարից հեռու պահած, ոտքերր ծուռ փակագծեր, աչքերը չռած եկավ, տվե՜ց, փշրե՜ց։ Հավերը թռան՝ բոլորը սպիտակ: Պղինձ, բարձ-մարձ, օծանելիքի շշեր, կոշիկ-մոշիկ, ինչ կար՝ օժիտը երկու րոպեում թափեց փողոց, օդը լցվել էր սպիտակ բմբուլներով։
Եղբոր բեռնատարը բերեց, (միշտ այդպես էր անում). սնդուկ, աթոռ, Ծովինար, ներքնակ, վերմակ, խառը լցրեց թափքը, ասաց, «Քշի՜ր, Աբո ջան»։ Աբոն յոթանասունի վրա Ծովինարին հասցրեց մի անծանոթ տեղ, կանգնեցրեց, միացրեց ինքնաթափման հարմարանքը, Ծովինարն իր ունեցվածքի հետ սկսեց թափվել, դատարկեց առանց ետ նայելու, (միշտ այդպես էր անում), և մեքենայի պատուհանից արմունկը հանած, հանդերին նայելով վերադարձավ Հայթաղ։
Ծովինարը ճամփեզրին նստած, ձեռքը ճակատին, գլուխը կախ մտածում էր։ Մի բիձա անցավ մոտիկից, հարցրեց. «Ո՞ւր ես գնում»։ Ոչ մի տեղ։ Չպատասխանեց։ Բիձան գնաց,– պտտեց, էլի եկավ. «Վերև ես գնում, թե՞ ներքև»։ Իրիկվա կողմ նորից երևաց, «Մութն ընկավ, աղջի։ Տունս էլ հրեն, երկու քայլ է»։ Համոզեց, տարավ եղած-չեղածով։ Ծովինարը հարցրեց, «Սա ումի՞ նկարն է», թե՝ կնկաս նկարն է: «Սա ումի՞ սանրն է», թե՝ կնկաս սանրն է։ Բա. «Ինքն ո՞ւր է», թե հրես կգա։ Մինչև կես գիշեր չեկավ, կինը չկար, Ծովինարն էլ անկողին չմտավ, սպասում էր։ Շուն բիձա էր… կնիկը սարերում էր, յայլաներում, չէր ասել, որ մենակ է: Ծովինարը կեսգիշերին ելավ խճուղի, մեքենա կանգնեցնելու։ Բիձան եկավ, ասաց.
— Դու խելառ ե՞ս։
— Հա, խելառ եմ, ինձ խելառ ասա, իրավունք ունես։ Ես անբարոյական կին չէի, որ սուտ խաբեցիր, «հայի տուն է», ասացիր, «բա ամոթ չի՞ մնաս դրսում»։
Բիձան այնքան նենգ էր, ասաց, «Լավ, որ այդպես ստացվեց, ես քեզ առնում եմ։ Այդ ի՜նչ կա քո մեջ, որ ինձ հեղափոխեց։ Լավ, արի օջախին տերություն արա։ Լոբին կանա՜չ, բիբարը կարմրե՜լ, բադրջանն էլ ի՜նչ բադրջան։ Բայց մի կարգին ճաշ եփող չկա…»։
Ծովինարը լավ էր հասկացել միտքը, նրա տունն էլ ոտք դրեց, բիձու հարևաններր նրան իրենց տանը պահեցին։ Բայց ձայնն այնպես սարը հասավ, իբր բիձան պսակվել է, և Ծովինարը տանը տանտիրուհիություն է անում։ Կնիկը սարից ապսպրեց, թե՝ այդ կանաչ լոբի եփողին ասեք չքվի, թե չէ հրես եկա, սև կանաչ լոբի կբերեմ գլուխը։ Նախագահն էլ իմացավ, ներկայացավ անձամբ. «Մեր առաջավոր կթվորուհուն սարերում ո՞վ է անհանգստացնում, առաջ գա»։ Տեսավ ամեն ինչ սուտ է։ Բայց բիձան նենգ էր, ասաց. «Նրա կթելն ես իմացել, սրա կթելը չես իմացել», ուզեց շահագրգռել նախագահին։ Բերեցին մի չկթած կով, անհատի կով էր, փորձի համար։ Ծռվինարը կքեց, մի րոպեում կթեց, վեր կացավ։ Ողջ կյանքում սպասել էր, որ իրեն մի գնահատող գտնվի։ Նախագահը մտածեց, ասաց, «Փաստաթուղթ ունե՞ս, քուրս։ Տեսնե՛մ։ Ապրե՛ս։ Մենակ շատ ես զագսերով անցել, մնացածը տեղն է»։ Նախագահի ականջին փսփսացին, որ այսինչին հարմար ամուսին կարող է լինել։ Ծովինարը բողոքեց, «Իմ կամքը հարցնող չկա՞, ես մարդ չե՞մ, թե ձեր աչքում մենակ կթվորուհի եմ»։
– Դու ջահել աղջիկ չես,- ասաց նախագահը։ Երկու հոգի ղեկավար ընկերներից, լուրջ կանգնած, նույնպես խորհուրդ էին տալիս։- Վանիկը մեր լավագույն անասնապահն է, ձեր բախտերը միացրեք իրար ու միասին բարձրացեք սար: Բա մեր կովերը ո՞վ պիտի կթի։ ՛ Գյուղսովետում գրանցվեցին, եկան տուն։ Ծովինարն ամուսնու ջահելության վրա զարմացած ասաց. «Վանի՜կ,Վանի՜կ ջան, ախար դու երեխա ես, ազապ տղա ես, ինչո՞ւ ինձ առար։ Ես ճար չունեի»։ Զարմացավ, խղճաց ու միանգամից սիրեց ամուսնուն։ Հովիվը խոստովանեց, որ այդ մի քանի օրը ինքը սիրահարված էր Ծովինարին, նախագահին բերելը, խոսք գցելը, ամեն ինչ իր արածն էր, ասել էր. «Թե այդ աղջկան ինձ կկապեք, սար կբարձրանամ։ Թե չէ՝ չէ…»։ Խոսքի տակին-գլխին ասում էր. «Վայ, Ծովիկ ջան, ականջդ ուտե՜մ»։
Վանիկն առաջավոր անասնապահ էր, Ծովիկը դարձավ առաջավոր կթվորուհի, կազմեցին իդեալական կոլխոզային ընտանիք։ Այնքան էլ ազնիվ, լավ տղա էր, մեկ էլ տեսար կարկուտից հետո հանդից եկավ, ծոցից մի գառ հանեց, թե թույլ գառ է, հատուկ խնամք էր տանում, մեծացնում։ Ծովինարը մտածեց, թե լավ է հիմա ասեմ, քան հետո, գառ սիրողը ինչքա՜ն երեխա սիրող կլինի, ես մաքուր աղջիկ եմ, իմ խիղճը թույչ չի տա թաքցնել։ Ճիշտն ասած` սարերում մի քիչ էլ ձանձրալի էր, մաքուր օդից բացի ուրիշ բան չկար, մի ձվի կարոտ, կերածները՝ մածուն, յուղ, կաթնեղեն, մի թև թարխունի կարոտ, գյուղից թե ղրկեի՜ն` ամիսը մեկ։
Ծովինարը իր վիճակի մասին ամեն ինչ ասաց, Վանիկն իրոք վատ եղավ։ Ծովինարն էլ նրանից մեծ էր չորս տարով, խնդրեց, համոզեց, օժիտն էլ լրիվ թողեց նրան, ասաց ինձ գցեմ քաղաք, մինչև չբուժվեմ, չեմ պսակվելու։ Գրասենյակում էլ մի կնիք ավելացրին անձնագրում, բավականին առատ վարձատրեցին սեզոնային աշխատանքի համար։
Այսպես Ծովինարն ընկավ քաղաք։ Աշխատանքի անցավ, հանրակացարանում էր ապրում, աղջիկների հետ, կյանքից գոհ էր։ Բայց բժշկի մոտ ամաչեց գնալ. ի՞նչ կմտածեն, ամուսին չունեցող կինը ուզում է երեխա ունենալ։ Որոշեց պսակվելուց հետո, ամուսնու հետ օրինավոր ձևով ներկայանալ կանացի բժշկին։ Թունավոր արտադրամասում էր աշխատում, առավելություն ուներ, երրորդ տարվա վերջում հիմնարկությունից բնակարան ստացավ, մեկ սենյակ, Զեյթունում։ Գյուղն էլ սկսել էր մոռացվել, տրամվայով (երկրորդ համար) գնում էր աշխատանքի, տունդարձին կես մատնաքաշ էր առնում, փաթաթում «Երեկոյան Երևան» թերթում, գալիս տուն, ճաշ եփում, ուտում էր ու թերթը կարդում։ Շաբաթօրյակի առիթով իր լուսանկարը տպագրելուց հետո՝ ոչ մի օր այդ թերթը բաց չէր թողնում, կարդում էր հարազատության զգացումով, հպարտանալով։
Մոռացվել գնացել էր գյուղացի լինելը, սարերում կթվորուհի լինելը, հիշելիս ծիծաղը գալիս էր։ Պատահում էր գիշերն առանց վախենալու դուրս էր ելնում վրանից, իջնում ձորը մենակ, քամու դեմ, նորից ետ գալիս` ցրտից ինքն իր ուսերը շոյելով։ Հիմա փողոցի լապտերը հանգած լիներ՝ սենյակի մթից վախենում էր քնել։ Կյանքից գոհ ապրում էր, սիրահարվեց ու ամեն ինչ փչացավ։ Նորից սիրտն անհանգստություն ընկավ, որտեղի՜ց հայտնվեց այդ քանաքեռցի Գրիշը: Որքան էլ նոր էր լինում սափրված՝ դեմքն էլի սև, մազերն ասես տեղնուտեղը բուսնում էին, թշերն էլ լայն-լայն, ամեն մեկը մի չաղ ոզնի։ Այդ մե՜ծ, լիքը երեսին` մի փո՜քր, ասեղի անցքի չափ բերան։
Իր ամուսիններից ոչ մեկին չէր ատել, բաչց սրան ատեց։ Մինչև ինքն ուշքի կգար՝ Գրիշն արդեն բնակարանները փոխել, նրանն էլ իր երկսենյականոցին միացրել՝ երեքսենյականոց էր դարձրել։ Փաստաթղթերից, օրենքներից այնքան լավ էր գլուխ հանում, այնպես մոլորեցրեց Ծովրնարին, որ նախկին ձու ծախողը հանկարծ զգաց, որ նրա համեմատությամբ իր գլխում դատարկ կճեպի չափ խելք չկա։ Այսպես, օրինավոր կերպով խեղճ կնոջը թողեց փողոցում։ Բայց, փառք աստծո, աշխարհում բարի մարդիկ էլ շատ կան և այդ մարդկանցից մեկը՝ Առաքել անունով մի զինվորական, երկար տարիներ եֆրեյտորի աստիճանով ծառայել էր բանակում, ծանոթի միջոցով տեղեկացավ, Ծովինարի համաձայնությունն առավ, իր ճամպրուկը միացրեց նրա ճամպրուկին, և զորացրվելով միասին մեկնեցին Ախտա, Առաքելի հայրենիքը։
Կրկին Ծովինարը սկսեց բուն դնել։ Քչախոս մարդ էր, ատամներն արտակարգ պինդ, խաշած հավի ոսկորներով-բանով մաղում ուտում էր։
– Որովհետև երեսուն տարի ատամներս մաքրել եմ խոզանակով, արթնացել եմ հինգն անց կեսին, մարզանք եմ արել, չեմ ծխել, ազդանշանով ճաշ եմ կերել, ազդանշանով քնել և ազդանշանով արթնացել, երեսուն տարի կոփել եմ ինձ ո՜ր օրվա համար։
Ութերորդ ամսվա վերջում.
-Կչորտո՜ւ։ Լավ է բանակում պահեստապետ լինել, քան Ախտայում դպրոցի պահակ։ Ռեժիմս խախտվեց, կարգապահություն չմնաց։
Այդ պահին Ծովինարը մաքրում էր իր ատամներր։
— Գնո՞ւմ ես,— հարցրեց, կավճոտ, սպիտակ բերանը զարմանքից բաց։
– Հա՜,- ասաց նախկին եֆրեյտորր։ Երկու ժամ, իրերը կապկպելուց հետո, շարունակեց։- Գնում եմ։
– Բա ե՞ս։
Առավոտյան (հինգն անց կեսին), մարզանքից հետո շորերը հագավ, զինվորական գոտին կապեց, գլխարկը դրեց, ամեն ինչ իր վրա սիմետրիկ շտկեց, ասաց.
– Իսկ դու մնա։ Որովհետև կնկա հետ ի՞նչ կարգապահություն, ի՞նչ ռեժիմ։ Իմ պսակվելը ստրատեգիական սխալ էր, իսկ բաժանվելս կլինի տակտիկական նահանջ։ Պակա՛։
Բերեց, թողեց Ախտա, թե` պակա՛։
— Ախար ես քեզ սիրում եմ,— զարմացավ Ծովինարը,— ինչքա՜ն ձեռագործ արի, բրդի ձեռնոցներդ էլ կիսատ մնաց։
Առաքելը նստեց ավտոբուս, մեկնեց։ Ախար Ծովինարը սիրում էր քեզ, եֆրեյտոր Առաքել, սովորել էր քեզ, քո ծանր կտորից զինվորական վերնաշապիկի ու վարտիքի վրա մատները մաշեցնելով լվանում էր, գիշերներն անքուն էր մնում` շորերդ էր արդուկում, գալիֆեդ միշտ թարմ ծալ էր ունենում, գիտեր, որ դա քեզ շատ է դուր գալիս, ճաշդ միշտ եփած էր լինում, բաղնիքդ վառում` տաք էր պահում մինչև գալդ, ի՜նչդ էր պակաս, Առաքել, անգամ, որ քո սրտով լինի ամեն առավոտ ատամները մաքրում էր խոզանակով, մարզանք էր անում։
Մի ամիս սգի մեջ էր, լաց էր լինում, հատկապես ատամները մաքրելիս արցունքները ծորում էին։ Էլ ե՞րբ պիտի իր հիմնական բունն ունենա, սիրտն այնքան կարոտ էր, կկու հո չի՜՝ մենակ նստի, երեկվա երեխեքը հրեն եկան կնիկ դառան։ Մա՜յր դարձան… Մի դույլ ջուրը սև ջուր դառնար մոր գլխին, ուղարկեց աղբյուր, տկլոր աղջկան… Աղջի, հե՜րս, մե՜րս… Յա՜, զարմացավ Ծովինարը, լրիվ մտքիցս գնացել են ծնողներս, տեսնես կա՜ն, չկա՜ն…
Որոշ ժամանակ անց Առաքելը Ախտայի տունը վաճառեց, հիմնովին տեղափոխվեց Քանաքեռ։ Այղ ժամանակ Սևան քաղաքում Ծովինարին ուզող կար, ճարահատյալ համաձայնվեց։ Այստեղ ընկավ մի պատվավոր տուն, իրար հետ ջանով էին խոսում, Ծովինարը դարձավ խաս հարս։ Ծովինար ջան՝ հացի ենք նստել, արի, Ծովինար ջան այս կոշիկը ոտքիդ փորձիր, Ծովինար ջան՝ արևին մի նստիր, հովին նստիր… Բայց ոնց եղավ, անձնագիրն ընկավ սկեսրարի ձեռքը։ Պատվավոր, հարգված, ճանաչված մեծ գերդաստանը միանգամից կարծես մերկացվեց Երևան-Թբիլիսի բանուկ ճանապարհի վրա։
Ծովինարր ինքը թողեց փախավ, հարգանքից, ամոթից։ Կուլտուրական, զարգացած մարդիկ էին, «նապոլեոն», «ժոզեֆինա», «գիշեր-ցերեկ», տեսակ-տեսակ անուններով թխվածքներ էին թխում։ Ամուսինը նրա ետևից հասավ Ծովագյուղի մոտերքում, ավտոբուսի մեջ, թե ուր է գնում` ինքն էլ չգիտեր։
-Ոչ, Մամբրե,- ասաց՝ նրանցից սովորած նրբավարությամբ,- ոչ։ Ես քեզ շատ եմ հարգում, դու իմ պատվավոր հորից էլ (հողեմ գլուխը, մի անգամ չհարցրեց տեղս) թանկ ես ինձ համար, իմ շատ պատվավոր եղբորից (դրան էլ ջոկ թաղեմ) էլ քաղցր ես ինձ համար, Մամբրե ջան, քո մայրը (մորս թարս թաղեմ) իմ մորից էլ թանկ է ինձ համար։ Բայց ես քեզ իմ պատմությունն արել էի, դու ձերոնցից ինչո՞ւ էիր թաքցրել։ Հիմա ավտոբուսը մի կանգնեցրու, ավտոբուսում ես մենակ չեմ, թող գնամ Դիլիջան, մորաքրոջս վաղուց չեմ տեսել։ Կզանգեմ այնտեղից, եղբայրս իր սեփական (իմ ծախած ձվով առած) մեքենայով կգա, ինձ պատվով կտանի տուն։
Դիլիջանում, իրոք, մի հեռու, մոռացված բարեկամ ունեին։ Գտավ, հիշեցրեց, ընդունեցին, անկողին տվին։ Ինքն էլ իբր Երևանում է ապրում, տուն-տեղ է իբր, հասցեն նրանց տվեց՝ Ծերեթելի 40, բնակարան 3, առաջին հարկ, համեցեք։ Սրանք իսկույն գրեցին, ուրախացան, ասացին՝ խնձոր ենք բերում ծախու, չգիտենք որի տունը մնանք։ «Վա՜յ ձեր դիլիջանցի, իսկույն օգտվեցին», ինքն իրեն ասաց Ծովինարը, բայց ձայն չհանեց։
– Եկել եմ երկու օրով, հանգստանալու։ Դիլիջանը կուրորտային քաղաք է՝ համամիութենական նշանակության, «Երեկոյան Երևան» թերթում լավ գրված էր այդ մասին։
Ծովինարի ամուսնությունը մի տեսակ արագ էր լինում, ուրիշները երեսունն անցնում՝ մի ամուսին չէին գտնում, ինքը երկու անգամ գնաց-եկավ Դիլիջանի փողոցներով, երրորդ օրը ճակատագիրը նրա ճանապարհին կանգնեցրեց իջևանցի անտառապահ Նիկոլին, տուն գնացող-եկողները սրան ասում էին՝ ընկեր Սարգսյան։ Զանգում էին. «Ընկեր Սարգսյանին գրասենյակում ընկեր Նիկողոսյանը սպասում է»։
– Ընկեր Սարգսյանը տապուրն առավ գնաց վերի անտառը։
Կացինը վերցնում, շաբաթներով անհետանում էր անտառներում։ Մեկ-մեկ հյուր էր ուղարկում, մի թղթի կտորով, «Ընկեր այսինչ այսինչյանին պատվով կընդունես, քնելու տեղ կտաս»։ Նրա բոլոր թղթերի վրա վերևում կապույտ տպագրված էր (ռուսերեն)` Լեսխոզ։ Ծովինարը սենյակներից մեկը նրանց էր տալիս, մարդիկ գիշերում էին, կրկին անհետանում։
Մի անգամ դրանցից մեկը, դա նրա երկրորդ այցն էր, թուղթը մեկնեց, դեռ չկարդացած, հենց շեմքից խտտեց Ծովինարին, անտառի արջի նման, տարավ նետեց թախտին, ապա այնպես քաշեց, որ միանգամից չորս-հինգ կոճակ թռան այս ու այն կողմ։ Ծովինարր կյանքում վիրավորված չկար, բայց որ տեսավ սա ինչ է անում, իրեն հավաքեց ու այնպես հրեց, որ սա ետ-ետ գնաց, մեջքով բացեց դուռը, ընկավ փողոց։ Ծովինարը գետնին ընկած նրա գլխարկը վերցրեց, բաց դռնով շպրտեց, դուրս եկավ, ետևից կանչեց.
– Ընկերոջդ բարև կանես, ընկեր Սարգսյանին,- ասաց,- շատ լավ ընկեր ես։
Ուրբաթ օրր Նիկոլն անտառից եկավ, Ծովինարը հուզված պատմեց, գունատ, վախեցած չոքեց առաջը, բռնեց ծնկները, աղաչելով, որ ների ընկերոջը, հարբած էր կարող է…
– Մուխայե՞լը,- զարմացավ անտառապահը,- Սեդրակին ասեիր՝ մի կերպ կհավատայի։ Տապուրն ո՞ւր է։
– Ի՞նչ ես անելու տապուրը,- Ծովինարի շունչը վախից կտրեց։
– Դիր դռան տակ, առավոտը չմոռանամ։
Ծովինարը լավ չհասկացավ, մի քանի վայրկյան անց միայն ըմբռնեց։
-Ուրեմն, քո կնոջ պատիվր քեզ համար… հա՞։ Ես պատվավոր մարդու աղջիկ եմ։
Անտառապահին դա ծիծաղելի թվաց, ոչինչ չասաց, բայց այղ ծիծաղում այնքան հեգնանք կար, Ծովինարը միանգամից անասելի միայնակ զգաց, միանգամից հասկացավ իր սխալր։ Հոգոց հանելով նայեց իր մաքրած, պայծառացրած, ջերմացրած օջախին, գնաց դեպի խճուղու կողմը՝ դեռ չիմանալով ինչ է անելու։
Մի տեսակ արդեն սովորել էր արագ բաժանվելուն, չնայած ամեն տուն թողնելիս՝ անհատակ մի կարոտ կեղեքում էր ներսը։ Հույսը չէր կտրում, որ մի կարգինը կհանդիպի, իր անցյալին նշանակություն չի տա, ինքը ոչ մի նշանակություն չէր տալիս։ Եվ ամենաշատը՝ հույսը չէր կտրում, երեխա կունենա, եթե մեկն իրեն իսկական ջերմ սիրի, ինքն էլ լրիվ տաքանա՝ երեխան հո ինքն իրեն կլինի, անունր կդնի Աննման։ Աղջիկն է լավ, թե՞ տղան, մտածում էր նա ճամփեզրին կանգնած, անցնող-դարձող մեքենաներին նայելով։ Երևակայության մեջ մեկ տղա զավակ էր կենդանանում, մեկ աղջիկ։ Կամ երկուսը միասին, քույր և եղբայր։
Որ մա՜յր լիներ, երեխա ունենար, ո՜վ կհամարձակվեր պատվին կպչել, վիրավորել։ Առանց երեխայի կնիկն անտեր կնիկ է, երեխան է կնկան տիրություն անում, աշխարհի աչքում բարձրացնում։ Թե չէ՝ ասում են, չբեր է, նրա դերը ո՞րն է, նրա դերը հենց դա է որ կա։ «Բայց ես դրանցից չեմ, ներողություն, ես իմ մաքրությունը ինչ գնով էլ լինի՝ կպահեմ, իմ մարդուց բացի ուրիշի մատն էլ ինձ չի կպչի, չեք տեսնի։ Ու երբ էլ լինի՝ ես իմ երեխան կունենամ։ Կունենա՜մ, աստված, ես էլ կնկա շարք կընկնեմ»։
Ցնորային երջանկությունից նրա դեմքը պայծառացել էր, Կիրովաբադի ավտոբուսի վարորդ Թափտղը իմացավ ճամփորդ է, նրան թվաց, թե Ծովինարը Կիրովաբադ գնացողի նման է ժպտում, ավտոբուսը կանգնեցրեց։ Ծովինարը բարձրացավ, զգալով, որ ճակատագիրը իրեն համարյա Թուրքիայի սահմաններից հանած, դեպի Կասպիականի կողմերն է տանում։ Ճակատագրին հնազանդ նստել էր, պատուհանից նայում էր անծանոթ դաշտերին, մինչև հասավ Կիրովաբադ։
Բոլորն իջան գնացին, մնաց ինքը մեքենայի մեջ։ Ադրբեջաներեն չգիտեր, ռուսերեն մի կերպ իրար հասկացան ինքն ու Թափտղը։ Վարորդն ասաց, թե ավտոբուսը հավաքակայան կհասցնի, ետ կգա, թող Ծովինարն իրեն այստեղ սպասի, մի բան կմտածեն, թող շատ չտխրի։
Ծովինարը մնաց քաղաքի Մեջի Մեյդանում, հայոց թաղամասում։ Կես ժամ անց երկու հոգի, չգիտես ինչու, սկսեցին իրար ծեծել։ Բաժանող չկար, մարդիկ գազով ջուր խմելով, հեռվից նայում էին։ Կռվողները տարօրինակ էին հայերեն խոսում. «Կծեփեմ պատին», մյուսը, «Ման օլո՞ւմ», առաջինը. «Վի՞յ»։ Երբ մեկի պնչից արյուն գնաց, Ծովինարի մեղքը տվեց, մեջ ընկավ, բաժանեց՝ ահագին զարմացնելով գազով ջուր խմողներին։
Երեկոյան արդեն նշանված էր։ Այնքան աստղով աղջիկ էր, չէր հասկանում ինչու բախտ չուներ երեխայի կողմից։ Ում երկու խոսք էր ասում՝ ուշքն իրեն համար գնում էր, իսկույն առաջարկություն էին անում։ Ժամը ութին հարսնացու էր, տասին նորապսակ, առավոտյան ութին՝ տանտիրուհի։
Դարձյալ շենացրեց իր նոր օջախը։ Տղամարդու նման կացնով փայտ էր ջարդում, կրակ անում, սկզբում կացնին Իջևանի բարբառով տապուր էր ասում, ամուսինն ուղղեց նրան.
-Հայերեն ճիշտը՝ տապոր է, Ծովիկ։- Եվ չէր հավատում, որ հայերեն ճիշտը կացինն է։- Կացինը գյուղում են ասում։ Քաղաքավարին՝ տապոր է… Ասում են՝ Էրեվանը կրասիվի քաղաք է, հա՞։
– Էնքա՜ն կրասիվի, Ապրես, էնքա՜ն կրասիվի։
Աղյուս շարող էր Ապրեսը, իսկ Գուրգենը ձմռանն ատաղձագործ էր, փայտի գործ էր անում, ամռանը մեկնում էր խամուխոպան, ձմռանը՝ նորից ատաղձագործ։ Բայց Գուրգենն ապրում էր Կիրովաբադից շատ հեռու, Ղարաբաղի Չլդրան գյուղում։ Այո, Ծովինարն այլևս ունեցվածք չուներ, թեթև մի տեղից մյուսն էր շարժվում։ Այդ էր պակաս` հարբեցող, իրեն լրիվ կորցնող մարդու հետ ապրեր։ Մարդն այնքան խմի, այնքան իրեն կորցնի, որ աշխարհում անխտիր բալորին հայհոյի՞։ «Քյարփինջով մի օր քո կլոխը ծակելու եմ», Ծովինարին աղյուսագործն էր ասում։
Իսկ ատաղձագործն այնքան խանդոտ էր, անասելի, մի գիշեր նստել էր անկողնում, մազերը գլխին բիզ-բիզ, գունատ, թե առաջվա բոլոր ամուսիններիդ անունները պիտի ասես, «Ասեմ…»։ Ու սկսեց թվարկել, ոչ մեկինը չմոռացավ կամ դիտմամբ չթաքցրեց, ազնվությունը թույլ չտվեց, մեղքը ո՞րն էր, որ թաքցներ։
Ամռանը Գուրգենը ճամպրուկի մեջ լցրեց գործիքները, մի քանի ընկերոջ հետ գիշերով մեկնեց Եվլախ կայարան, այնտեղից՝ Բաքու, Բաքվից Կասպիականի վրայով իրենց գցեցին Միջին Ասիա։
Ծովինարը, նախ քաղաքացու անուն ուներ, ապա թե` խամուխոպան մեկնողների կնիկները կոլտնտեսությունում չէին աշխատում, ինքն էլ չգնաց։ Գրադարանից գրքեր էր բերում, պուլիկներում էլ այնքան հալած յուղ կար` հանում հացով ուտում էր, երեսի գույնը դարձավ իսկական խոպան գնացողի կնկա երեսի գույն, ոչ արևն էր վառում, ոչ քամին էր չորացնում։
Գյուղում մեկի կինը մահացել էր, ծերուկը քիչ էր մնացել խելքը թռցներ, որսորդ էր, մենակությունից հրացանն առած ընկել էր Չլդրանի անտառները, տարիներով չէին իմանում՝ որտեղ է Անդրոն, միայն հեռու ձորերում որոտում էր հրացանը, ու լսողներն ասում էին, երբ գնդակը նպատակի է հասնում, Անդրոն ճչում է. «Նանըդ մեռնի, լահի՜ճ»։ Հրացանը մի ժամանակ Կովկասում հռչակված լազգի զինագործ վարպետի «Լահիճ» դրոշմանիշը կրող հրացաններից էր, այդքան հին։ Ուրեմն, Անդրոն, մենակ իր հրացանի հետ էր խոսում։
Տղաներր, աղջիկները գնացել, գտել էին անտառում։ Դեմքը միրուքացած, աչքերում վայրի փայլեր, հրացանն ավազակի ձևով՝ փողը դեպի ներքև, կրծքից կախ, մի զարզանդ ու գեղեցիկ ծերուկ նրանց առաջը կանգնած, ասել էր. «Շարմաղից հետո ինձ այդ տանը կյանք չկա»։ Զավակները խրնդրել էին, աղերսել, «Գնացե՜ք այստեղից,- ասել էր անտառում վայրենացածը,- թե չէ՝ լահիճը ճակատներիդ կտրաքացնեմ»։ Թոռնիկներին էլ էին տարել, երեսունի չափ մարդ, անտառներն րնկած, լաց լինելով, «պա՜պ, պա՜պ» կանչելով խնդրում էին, իզուր։
Այս պատմությունը Ծովինարին շատ հուզեց, ասաց.
-Ես կբերեմ, մեղք եք։
Ծերուկի հարազատները ապշել էին։ Երրորդ օրը, երեկոյան, մոլորված հորթի նման Ծովինարի ետևից ընկած գյուղ մտավ չորս տարում վայրենացած որսորդ Անդրոն։
Ծովինարը մկրատով խուզեց նրա մորուքը, լողացրեց, առավոտյան ասաց, որ այդքան եղածից հետո, ինքը, որպես իր պատիվը հասկացող կին, այլևս իրավունք չունի Գուրգենի շեմը ոտ դնելու, հիմա իր օրինավոր ամուսինը Անդրոն է։
Ծովինարը ծերուկին լավ էր նայում, նրա հարազատները տունն ուտելիքով լցրել էին։ Գրադարանից գրքեր էր բերում, Անդրոն գլուխը դնում էր նրա ծնկանը, լսում էր բուլղարական հեքիաթներ։ Գրադարանի բոլոր գրքերը կարդաց նրա համար, Անդրոն իսպառ մոռացավ անտառային մղձավանջները, դարձավ քաղաքակիրթ, մեղմաբարո, միայն Շարմաղի անունը լսելիս կատաղում էր. «Նրա անունը չտաք, կյանքում մի գիրք չկարդաց»։
Զավակները դրանից շատ վիրավորվեցին, իրենց մոր նկարն էլ պատից հանել, կորցրել էր։ Հայրը, հայիլ-մայիլ, բերանը բաց հրճվում էր իր նոր կողակցով։ Ավագ աղջիկը մի օր ձեռքը բարձրացրեց Ծովինարի վրա, ծերուկը վեր թռավ, ձեռքը գցեց «դահիճին», աղջիկը հազիվ պրծացրեց գլուխը.
Մի օր էլ.
-Բա սա ո՞ր դարն է, որ դու բժշկի մոտ չես գնում, այդքա՞ն հետամնացություն։ Կարող է քեզ մի ասեղով բուժում են ու… երեխա ունենանք, քանի ջահել ենք։
Ծերուկը համառեց, նրան տարավ մարզային կենտրոն, Ստեփանակերտ։ Բայց քաղաքային հիվանդանոցի կանացի բժիշկը տղամարդ էր, Ծովինարը հրաժարվեց իր մերկությունը նրան ցույց տալ։
– Ուշքս կերթա՜, ուշքս կերթա՜,- այնպես աղիողորմ լաց եղավ, այնքան հուզվեց, որ իր համար էլ անսպասելի` խոսեց հազար անգամ մոռացված հայրենի գյուղի բարբառով:– Ղարիպ մարդու առաջ ես շորերս ո՜նց հանեմ, յա՜…
Մյուս բժիշկը, որ կին էր, բացակայում էր։ Երեք օր Ստեփանակերտում ապարդյուն սպասելուց հետո վերադարձավ Չլդրան։ Անդրոն խռով էր, լուռ նստում էր հացի, լուռ վեր կենում։
Հինգերորդ օրը չհամբերեցին, երկուսն էլ իրարից անկախ միմյանց ընդառաջ գնացին, թեթևացած նետվեցին իրար գիրկ։
Մեկը վաթսունմեկ տարեկան էր, մյուսը՝ քառասունչորս:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *