Աննա Հարությունյան | Ժենիկը (մաս 2)

Սկիզբն՝ այստեղ

Դե, ճիշտ ասած` «որոշել» բայն, առավել ևս գործողությունը շատ խիստ բնորոշում էր Հերոսի համար: Ամենալուրջ որոշումը, որ կայացրել էր 52 տարվա ընթացքում, Երևան տեղափոխվելն էր և շուկայում ռուսական ու նազրվան վարունգների միջև` նազրվանին նախապատվություն տալն էր:

Մնացյալում կյանքը հերոսաբար իր վրա էր վերցրել Հերոսին ուղղորդելու դժվար առաքելությունը:

Այնպես, որ պապերի երկիր այցելելու որոշումը թեթև շնչով ու ոտքի վրա կայացրել էին Ժենիկն ու իր անզուգական, սարի լալա ընկերուհի, ալամ աշխարհի լոտոյի չեմպիոն Փեփրոնե Հակոբյանը:

Օրը, ժամը, աստղերի դասվորվածությունը, լուսնի դիրքը, նույնիսկ եղանակը խոստանում էին հրաշալի ճամփորդություն: Ատենապետուհին ի՜նչ իմանար, որ աշնան հոկտեմբերիկ քամիներն անակնկալ էին պատրաստել, թե չէ էն վառ կակաչներով բլուզը կվերցներ…

Սպիտակ ֆորդի 13 ուղևորից ամենաանտանելին էքսկուրսավար Գեղամն էր:

Ճանապարհվեցին առավոտյան 5-ին` համարյա լուսաբացին: Հերոսը ժպտում էր, բայց քունը գլխին էր:

Ժենիկը այնքան ճամպրուկ էր բերել, որ առաջին իսկ հայացքից ` չնայած մութ էր, արժանացավ մյուս ուղևորների ճնշող հայացքներին:

Փեփրոնեն, ընկերների համար Փեփիկ, վերցրել էր մի մեծ սպորտային պայուսակ, հագել էր սպորտային իր էն ամենահարմար կոշիկները, սպորտային կոստյումը` խաղ տվող կտորից` տեղ- տեղ պատված մանր պլպլան քարիկներով: Իսկ ձեռքի պայուսակում խնամքով դրել էր լոտոն` լավաշի բրդուջներն էլ վրան:

Ճանապարհին` Վրաստանի սահմանը դեռ չանցած, Հերոսը հասկացավ, որ դժվար իրավիճակում է հայտվել:

Ինչո՞վ շեղել մանկավարժ, Արքմենիկի հայերենով երդվող, երբեմն էլ Արքմենիկի վկա Ժենիկին, որ Գեղամին չսպանի:

Ինչու՞:

Որովհետև Գեղամը ցուցաբերում էր անշնորհքուՉյուն` խոսում էր շատ տգեղ հայերենով` տեղ – տեղ ռուսերենով, հետաքրքիր վայրերով անցնելիս քնած էր, չէր բացատրում` որտեղ են, երբ կհասնեն, և ո՛չ, չի՛ կարելի իջնել, մի քիչ էլ համբերե՛ք, Թուրքիայի սահմանի պետքարաններից կօգտվեք:

Մյուս ուղևորները հայավարի ուշադրություն չէին դարձնում Գեղամի տգեղ պահվածքին, ունեին հեռախոս, գիրք ու չունեին հավես` նրա հետ գլուխ դնելու:

Առաջին կանգառը Անիում էր:

Գեղամը կատակեց.

⁃ Եթե ընկեր Ժենիկը փոշմանել ա, որ եկել է ա, «հոգ չէ», մի ձոր ա, կարող եք անցնել ու մի երկու ժամից Կոմիտասում կլինեք ու իմ ռուսերենի վրա էլ նկատողություն չեք անի:

Հերոսը ժպիտով սվաղեց իր քնքուշ էակին ու առաջացրեց դեպի Մայր տաճարը:

Օրակարգը խիտ էր: Երեկոյան արդեն Կարսում էին:

Վարդանի կամուրջ,

Կարսի բերդ,

Սուրբ Առաքելոց եկեղեցի,

Չարենցի տուն:

Ժենիկը տխուր էր: Տեսնելով այն, ինչ մնացել էր Չարենցի տնից, սիրտը մի բուռ էր դարձել:

Հերոսը դաշնամուր լարողին հատուկ նրբությամբ գրկեց նրան ու սփոփեց:

Փեփիկը էլ էտ հալը հալին ընկերացել էր Դավթաշենից մանկավարժ Ռուզաննայի հետ, որը ծնունդով, արմատներով, ոտից գլուխ ղարաբաղցի էր, խոսում էր շեշտված մանկավարժական մեծատառ ր-ով ու խոստանում էր, որ շուտով Վանում` հյուրանոցում, միասին ղարաբաղի քաշած թթի օղի են խմելու…

Օրվա հրաշալի ու հոտավետ ավարտ…

Երրորդ օրը Ժենիկն արդեն որոշակի գիտելիքներ ձեռք բերեց ռուսերենից ու «յավաշ- յավաշ» սկսեց հասկանալ տգեղ Գեղամին:

Սպիտակ ֆորդի ուղևորներն արդեն սկսել էին շփվել: Ընդհանուր թեման քաղաքականությունն էր` Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, որի ցավը տանում էին անխտիր ուղեևորների մեծամասնություն կազմող կանայք և շատ անհանգիստ էին նրա անվտանգության ու առողջության համար:

Այդ իսկ պատճառով որոշեցին Վանում բոլորն անխտիր մոմ վառել հորքուրի գանձ վարչապետի համար` անձնական ոչինչ չխնդրելով` դե էն խեղճ Մենուան մի բան չանի…

Ժենիկի համար օյին չէր, նա ուզում էր Աստծո հետ խոսել ու հասկանալ` ուր է տանում Հերոս- հարևան- կարդիոասպիրին- սեր խրթին կապը:

Վանա լճում չսուզվեցին, մի շատ պարզ պատճառով` ցուրտ էր: Թերևս միայն ոտքերը թրջեցին:

Ճամփորդության, ուղևորների, Մենուային անկապ խցկելու ու Արքմենիկին հավեսով մոռանալու վրա մի քանի էջ գնաց, բայց ես ուզում եմ վերադառնալ մեր հերոսներին, որոնք մեկ մարդ էին դարձել:

Հերոսը շատ ուշադիր և նրբանկատ տղամարդ էր: Օրվա ընթացքում հիշեցնում էր կարդիասպիրինի մասին, ընկերուհի-հարևանուհի-ատենապետուհի-հօմուհի և վերջապեա գեղեցկուհի Ժենիկի ծանր պայուսակն էր պահում, օգնում էր բարձրանալ, իջնել, նստել:

Երբ ցրտում էր, ժենիկի ուսերը ծածկում էր սպիտակ պուտիկավոր ժակետով ու անխնա լայն ժպտում:

Ժենիկից մնացել էր փոքրատառ ժ տառը: Ասքան ուշադրություն, նրբակնատություն ու սեր մի տղամարդուց նա դեռ չէր տեսել, առավել ևս` չէր ստացել:

Վերադարձի ճանապարհին, երբ հօմուհին գլուխը դրել էր իր հերոսի ուսին, բայց քնած չէր, երբ Փեփիկը արտակարգ պայմաններում մանկավարժ Ռուզաննայի, շինարար Առաքելի, որի փռշտոցը ուղիղ համեմատական էր Հերոսի ժպիտին` պարբերականության սկզբունքով, բանասեր Արթուրի, ատամնաբույժ էմմայի ու էքկուրսավար- տղեգ Գեղամի հետ լոտո էր նախաձեռնել, հանկարծ Հերոսը կանգնեց, կոկորդը մաքրեց, քաջությունը հավաքեց` վերնաշապիկի օձիքն ուղղելով ու նայելով դուզ ատենապետուհու քնկոտ աչքերին`այլ ո՛չ ծաղկային ժեշտադրուներով փարթամ կրծքին, ասաց.

⁃ Ես որոշել եմ, որ մենք պիտի ամուսնանք, – «որոշել» ու «պիտի» կոշտ բառերը մի տեսակ շատ խիտ էին Հերոսի համար,- էէէէէէ՜, այսինքն ուզում էի ասել`

ԹԱՆԿԱԳԻՆ Ժենի՜կ, կամուսնանա՞ս ինձ հետ,

4-րդ հարկից կտեղափոխվե՞ս 2-րդ հարկ, կամ հակառակը:

Այսքան ինքնավստահ ու ամուր իր որոշման մեջ Հերոսը դեռ չէր եղել: Գուցե մեկ անգամ, նազրվանը չհաշված, դե էն մի անգամը էլի, խիստ անձնական ա, չեմ գրի…

Ընկերուհի Ժենիկը ուզում էր կանգնել` չկարողացավ` ոտքի տակ օժիտով լեցուն պայուսակներից մեկն էր:

Լոտոյի առաջնությունում ստոպ կադր էր, չնայած, որ դուրս էր եկել 35 թիվը, և Փեփիկն արդեն 5-րդ անգամ էր հաղթում:

Մի խոսքով կուլմինացիոն տեսարան` բոլորը սպասում էին ժենիկի պատասխանին`

այո կամ ոչ,

չգիտեմ,

կմտածեմ,

գուցե շտապում ենք

և այլն…

Քանի դեռ հերոսը գլխում պտտում էր կանխատեսված պատասխաները, հանկարծ ֆորդը ցնցվեց:

Չէ՜, փոս չէր, ուղղակի Առաքելի փռշտալու ժամն էր:

Ժենիկը, չարաճճի ժպիտը դեմքին, աչքերը թրջած` քթի տակ պատասխանեց.

⁃ Да! էտքան էլ ճի՛շտ:

Վարագույր, ծափեր, գրկախառնություններ, համեստ համբույրներ` ողողված Ժենիկի աչքերի փայլով ու Հերոսի փափուկ ժպիտով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *