Այս զավեշտալի դեպքը, որ ոմանց կարող է ողբերգական թվալ, պատահել է այն պատմական օրը, երբ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին՝ հայազգի չգիտեմ-ինչ Արքային վիճակվել էր փայլուն հնարավորություն ապացուցելու արիական մեր ցեղի գերակայությունը այլոց նկատմամբ։ Վիճակվել էր ոչ թե ինչ-որ մի գավառական կորած-մոլորած գյուղակում, այլ ոչ ավել, ոչ պակաս, հրեշտակների արևավառ քաղաքի՝ Լոս-Անջելեսի ամենամեծ մարզադահլիճում: Ու որպեսզի առաջին նախադասության մեջ չփորձեք հեգնական երանգներ որսալ, ասեմ, որ դեպքի ականատեսները կամ թե կուզեք մեղավորները, իսկական արիացիներ են եղել, որ ծեփել են իրենց արյան ազնվական երկնագույնը դարերի ընթացքում ցուցաբերած աննկուն կամքի ու համառ մաքառումների շնորհիվ ու քմծիծաղի ցանկացած չարախինդ փորձ կարող է դառը ճակատագրի արժանանացնել դրա հեղինակին: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, համակվեք լրջախոհությամբ, զինվեք համբերությամբ ու ըմբոշխնեք այս սրտառուչ պատմությունը այն մասին, թե ինչ կարող է պատահել, երբ Սարոյանի ասած՝ «աշխարհի ինչ-որ մի անկյունում երկու հայ հանդիպեն»:
Ով գլխի չընկավ ասեմ, որ հիշատակված երկու հայը ոչ այլ ոք էին, եթե ոչ ես ու իմ մանկության վաղեմի ընկեր Թորոսը, ում ընտանիքը երեսունմեկ տարի առաջ ճիշտ այս օրը շրխկացրեց սովետական փոքրիկ բնակարանի դուռը կայրսրության երեսին ու սավառնեց դեպի ազատության ու երազանքի երկիր Ամերիկա ու ինչպես կհասկանաք քիչ հետո, մինչև այսօր էլ սավառնում, սավառնում ու դեռ տեղ չի հասնում:
Իհարկե կարող եք ասել, որ ամսաթիվը համընկել է պատահմամբ, զուտ ժամանակագրական զուգադիպությամբ, ես էլ չլինելով նախախնամության տեսության սիրահար գուցե համաձայնեմ: Կարող եք ասել, որ երեսունմեկ տարին մի ամբողջ հավերժություն է, անցյալը մոռացության տալու համար մի անողոք դարաշրջան, բայց ես էլ կասեմ, որ իսկական ընկերոջ համար այն մի սին ակնթարթ է՝ անզոր մշուշելու մանկության վճիտ երկնակամարը: Այնպես որ, երբ հանդիպեցինք, մենք երեսունմեկ տարի առաջվա նույն դեռատիներն էինք ու ժամանակի անդունդը լցնելու համար ընկերս մի քանի պատմություն պատմեց: Ես էլ, օգտվելով նրա բարեսրտությունից, ոտնահարելով հեղինակային իրավունքի բոլոր սրբությունները՝ սեփականեցի դրանք, ու ժամանակի ընթացքում ոչ ոք չի էլ համարձակվի կասկածել, թե ես իբր այդ արժանահիշատակ անցքերի եռանդուն մասնակիցը չեմ եղել: Եթե չեք հավատում կամ տարակուսում եք, կարող եմ երդվել մեր դիցարանի բոլոր աստվածներով:
Ազնիվ արիացու խոսք, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ պարզվեց, որ տեղի է ունենալու դարի մենամարտը՝ հայազգի չգիտեմ-ինչ Արքայի ու ամերկացու միջև: Բնականաբար, ընկերս որոշեց, որ մեր պատմական հանդիպումը նշանավորելու ավելի հնչեղ արարողություն, քան հայկական ավանդապաշտ օջախում գամվել հեռուստացույցի առաջ ու վայրկյան առ վայրկյան վայելել, թե ինչպես է մեր արիացի հայրենակիցը փոշիացնում ամերիկացի սևուլիկ հակառակորդին (ընկերոջս փաղաքշական բառն է, ռասսայական խտրականության դեմ պայքարի առաջամարտիկների ականջը խուլ), դժվար էլ լինի: Ցանկալի է արյունոտ արարողությունը ըմբոշխնել այրամարդ ընկերների հետ, առանց կանանց ու երեխաների ներկայության, որ բերկրանքը լիարժեք լինի ու հաղթանակի հաճույքից ծնված բացախոսությունը չսղոցի մեր սիրեցյալների փխրուն հոգեկերտվածքը: Բայց մինչ սպորտային բուն իրադարձությանն անցնելը, սիրելի բռնցքամարտի երկպագուներ, տեղավորվեք հարմարավետ բազկաթոռների մեջ, ես էլ կստանձնեմ մեկնաբանի դերը ու հենց իր բառապաշարին հավտարիմ էլ կծանոթացնեմ ձեզ մեր թիմի հիմնական կազմի խաղացողների հետ:
Թորոս. Ընկերոջս քիչ թե շատ ներկայացրեցի, բայց պատկերն ամբողջացնելու համար ստիպված եմ մի փոքր հետ գնալ ու շոշափել տոհմածառի առավել զգայուն նախածիլերը: «Ոչ մի պարսկերեն բառ տան պատերից ներս»,- ասել էր ցեղի նախապապը, ում անունը ցավոք չենք հիշում ու քանի որ չենք հիշում նրան կանվանենք Թորոս՝ իր ցեղի վերջին ժառանգի անունով: Ասել էր չորս հարյուր տարի առաջ, երբ Շահ Աբասի հրովարտակով բռնել էին պանդխտության ճանապարհը ու հաստատվել Պարսկաստանի Սպահան քաղաքում: Բարեբախտաբար ցեղի ժառանգները հարգել էին նախապապի հորդորը, սուրբ մասունքի պես չորս հարյուր տարի գուրգուրել հայոց բառ ու բանը, մի քանի տարի ջերմացրել հայաստանյան արևի շողերով ու հետո, երբ հայրենադարձության դիմակը պատռվել էր, բերել պատսպարել էին Լոս-Անջելեսի տաքուկ բնակարանի չորս պատերի մեջ: Նախապապի պատգամ կասենք, խրատ, թե հորդոր, էական չէ, էականն այն է, որ տոհմի վերջին ժառանգը նույնությամբ պահպանել էր այն, ընդամենը չնչին աղավաղել ու խրոխտ ձայնով սեպագրել. «Ոչ մի անգլերեն բառ տան պատերից ներս»: Հետո ժպտացել էր ու ավելացրել՝ «անգլերեն խոսել արգելվում է բոլորին անխտիր, բացի Լուլուից»:
Լուլու. Քանի որ խոսք գնաց Լուլուից, էլ խոսքը կտուր չգցեմ ու արդարանամ, որ մեր ծանրակշիռ հանդիսատեսների շարքում Լուլուն իգական սեռի միակ ներկայացուցիչն էր, բայց քանի որ մահկանացու չէր, այլ մի ազնվացեղ շնիկ, իր սեռական պատկանելությունը կարևոր չէր դիտարկվել ու փրկվելով տնից վտարվելու վտանգից, դարձել էր բռնցքամարտի ակամա երկրպագու: Լուլուն Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի արքունիքում բուծված ու թագուհիների գրկում երես առած մի չարաճճի ցեղատեսակի կարկառուն ներկայացուցիչ էր, ամենաճերմակը ճերմակների մեջ, ամենանուրբը՝ նրբերի մեջ, վիքիպեդիայի համաձայն՝ սև կոճակ քթիկով ու ոլորված խաղացկուն պոչիկով: Ընկերոջս բնորոշմամբ Լուլուի ուշադրությունից չէր վրիպում նույնիսկ թաղամասի՝ հարբուխով տառապող ամենահեռավոր հարևանի փռշտոցը: Հաշվի առնելով մալթեզ ընտանիքի այս շների աշխույժ բնավորությունը, Լուլուն սպառնում էր դառնալ մեր խրախճանքի չիրն ու չամիչը:
Քյաբաբի արքա Հովսեփ. Պատմական մենամարտի նախաշեմին, երբ մի հայկական խորտկարանի մատուցման տաղավարի պատին նկատեցի մի պատկառելի մարդու մեծադիր լուսանկար, ընկերս զգալով անթաքույց հետաքրքրությունս պարզաբանեց.
– Ախպերս, այդ մարդը հարյուր տարի առաջ եղել է Սպահանի լավագույն քյաբաբագործը, ու իմ ապուպապը միայն իրենից է քյաբաբ առել: Այսօր էլ ես եմ միայն իր թոռանթոռից քյաբաբ առնում ու այդպես առնում նախապապիս կարոտը, միայն թե Սպահանից տասներկու հազար կիլոմետր հեռու: Պտտվիր պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել. ականջդ կանչի Վահան Տերյան:
– Այ քեզ զուգադիպություն,- բացականչեցի ես,- այստեղ Տերյանը չի օգնի, այստեղ նախախնամության մատը հաստատ խառն է:
Ու քանի որ նախախնամության զորեղ մատը խառն էր, գաղտնի բաղադրատոմսի հետ Քյաբաբի արքա տիտղոսը ժառանգած թոռանթոռ Հովսեփը, ում ապուպապից շատ շատերը քյաբաբ էին առնում Սպահանում, ու շատ շատերի թոռանթոռներն էլ իրենից էին քյաբաբ առնում Լոս-Անջելեսում, պիտի գար ու իր արժանի տեղը զբաղեցներ պատվարժան երկրպագուների մեր օթյակում:
Ուստա Հրանտ կամ Քրեյզի (անգլերեն՝ խենթ) Ռոբ. Քիչ այլ է եղել մեր մյուս պատվարժան երկրպագու, Եվրոպայի ծանրամարտի նախկին չեմպիոնի բանը՝ ուստա Հրանտ կամ Քրեյզի Ռոբ մականունով: Մի օր մի յանկի հնդկահավ, կազինոյում ցաքուցրիվ արած փողերի ցավից գլուխը կորցրած, ներխուժել է ավտոմեքենան և մարտահրավեր նետել Լաս-Վեգասում տաքսի վարող չեմպիոնին, թե բա. «Բա դու գիտե՞ս ես ով եմ» ու բռունցքով մեղմիկ թփթփացրել ուսին։ Քիչ անց կրկնել է նույնը ու ավելի փքվել։ Մեկ, երկու, երեք՝ չեմպիոնի համբերության բաժակը լցվել է ու նա հնչեցրել է պատասխանը. «Իսկ դու գիտե՞ս ես ով եմ»։ Վառ երևակայությամբ ընթերցողները բնազդաբար կմտածեն, թե չեմպիոնը, որ ժամանակին էս հաստավզի ծանրության ծանրաձողը մատների վրա էր խաղացնում, հավանաբար «պոկում» և «հրում» հնարքներով յանկիին մեքենայի պատուհանից դուրս է հրավիրել, բայց նրանք չարաչար կսխալվեն։ Կսխալվեն, քանզի չգիտեն Հրանտի անսահման բարի սրտի մասին։ Իրականում, Հրանտը տուրք տալով իր մարդասիրական զգացմունքներին, ընդամենը ոտքը դրել է արագացման ոտնակին ու ժողովրդի ասած՝ մինչև վերջին խազը հուպ տվել, դե բռնվի, թե տղա ես դիմացիր։ Երբ արագացուցիչի սլաքը ցույց է տվել 150 մղոն-ժամ արագությունը, սարսափահար հնդկահավը ճչացել է. կանգնեցրեք մեքենան, հիշեցի Ձեզ պարոն, դուք կա-չկա Քրեյզի Ռոբն եք:
– Գումարը պետք չի, այս ուղերթը ինձնից ձեզ նվեր, չմոռանաք շալվարը փոխել,- ասել է ուստա Հրանտը, նույն ինքը՝ Քրեյզի Ռոբը։
Աֆրիկ Հրաչ. Աֆրիկ Հրաչը Սովետից Ամերիկա է հասել գիշերով, ու մի խաբեբա առաջարկել է էժան մի տուն՝ քաղաքի լավագույն թաղամասում, էս Հրաչն էլ միամիտ-միամիտ ամբողջ կյանքում կուտակած փողը տվել առել է տունը: Երբ լույսը բացվել է, պարզվել է, որ այն գտնվում է Աֆրիկա կոչվող թաղամասում, ուր միայն սևամորթների մի հանցախումբ է բնակվում, ու հավքն իր թևով, օձն իր պորտով ու շերիֆն իր հնամաշ կադիլակով չի կարողանում ոտք դնել այնտեղ: Ասում են, Հրաչը ամբողջ օրն անցկացնում է հայաշատ թաղամասերում, սրան-նրան պատիվ տալիս ու միայն գիշերը տուն դառնում, որ ոչ ոք չնկատի իր ռասսայական պատկանելությունը: Ինչպես ասում են, ռասիստ չեն ծնվում, ռասիստ դառնում են: Ու մեր Հրաչը հիմա ատամները կրճտացնելով նստել ու սպասում է, թե ինչպես է մեր հայազգի չգիտեմ-ինչ Արքան լուծելու այն հեռավոր գիշերվա վրեժը, երբ մի խաբեբա իրեն ցույց տվեց Աֆրիկայի ճանապարհը:
Վճռական ճակատամարտը. Եվ այսպես, լսարանը կազմուպատրաստ սպասում է տոնախմբությանը։ Հայազգի չգիտեմ-ինչ Արքան ցուցադրաբար հզոր մկաններ է խլրտացնում ու արիական սրընթաց հայացքով ոչնչացնում ապագա զոհին։ Մենք՝ Արքայի հլու երկրպագուներս դույզն ինչ կասկած չունենք, որ մատաղացուն ռինգը լքելու է պատգարակի վրա, իսկ մարզչական կազմը աղոթելու է սանի առողջության համար, ու այդուհետ ոչ ոք չի համարձակվելու ձեռնոց նետել մեր ազնվազարմ ցեղին։ Գնացեք բասկետբոլ խաղացեք, բեյսբոլ, ամերիկյան ֆուտբոլ։ Ինչ եք անդարդ գլուխներդ դնում դարդի տակ, հրճվում ենք մենք։
– Հիմա Արքան ցույց կտա, թե ով ենք մենք,- գոռում է ուստա Հրանտը,- պատրաստեք զոհասեղանը:
– Շուտով Սևուլիկի սևը կտա,- խնդմնդում է Աֆրիկ Հրաչը,- չգիտեմ հետո ոնց եմ ապրելու սևամորթների մեր թաղամասում, վայթե ինձ հում-հում ուտեն, երևի ստիպված լինեմ հայրենադարձվել «Արի տուն» ծրագրի շրջանակներում։
– Երբ մեր թագավորը օլիմպիադայում հաղթում էր, սրանք ճյուղից-ճյուղ էին թռչկոտում ու թաքստոցից ծիկրակում հզորների մենամարտին,- ասում է քյաբաբի արքա Հովսեփը։
– Հաֆ-հաֆ-հաֆ,- ծղրտան ձայնով հաչում-մաչում է Լուլուն, ու գլխին փաթաթած ճերմակ ժապավենները այսուայնկողմ են թռվռվում։
Մենք հավաքվել էին այստեղ՝ հաղթելու ընդհանուր թշնամուն։ Աֆրիկ Հրաչի համար հաղթանակը «սև սրտին մխիթարանք» էր, Քրեյզի Ռոբի համար՝ ժամանակին չսանձած ծանրաձողը գլխավերևում պահելու երազ, Հովսեփի համար քյաբաբի համաշխարհային նշանակությունը ապացուցելու մի պատեհ վայրկյան։ Իմ ու ընկերոջս համար՝ թերևս մեր կորսված ընկերության վերածնունդը զարդարելու առիթ։ Լուլուի համար՝ պարզապես խաղուպար:
Երբ մրցավարը ձեռքով մեկնարկի նշան է անում, ամբոխը խելագարվում է։ Մենք այնպես ենք աղաղակում, որ տան պատերը ձայնի խելահեղ ելևեջներից ճկվում են, ու ամերիկյան սեյսմիկ ծառայության զգայուն սարքերը ամրագրում են երեք ու կես բալանոց երկրաշարժ, ըստ Ռիխտերի սանդղակի։ Մեր Արքան հանգամանալիորեն ծեծում է Սևուլիկին, նախշում ամենայն մանրամասնությամբ, անխղճաբար, արիացուն վայել այնպիսի դաժանությամբ, որ շարժում է մեր սիրտը ու մի խղճահարությամբ պարուրում օտար մարզիկի նկատմամբ։ Ու հանկարծ վերջում, տասներկուերորդ ռաունդում, երբ ամեն ինչ համարյա ավարտված էր ու Սևուլիկի ճաշը վաղուց եփված, չգիտեմ-ինչ Արքան մի անակնկալ հուժկու հարվածից տապալվում է գետնին ու մրցավարի մինչև տասը հաշվարկից հետո այլևս ոտքի չի կանգնում:
– Նոք-աութ, Օ-մայ-գադ,- գոռում է ամերիկացի մեկնաբանը։
Մեր սրտից կաթկթացող արյանը համընթաց, մեր ոռնոցների դղրդյունին համահունչ մարզադահլիճից պատգարակի վրա հանդիսավոր դուրս են տանում բռունցքները ցած կախած մեր հայրենակցին: Մենք մի կերպ հետ ենք ոլորում Աֆրիկ Հրաչի ձեռքերը, որ անզուսպ կատաղությամբ ուզում է ջարդուփշուր անել հեռուստացույցի էկրանը։ Սիրելի մարզասերներ, լսարանի նուրբ զգացմունքների հետ չխաղալու նկատառումով այս պահից դադարեցնում եմ մեր հեռարձակումը, ապավինեք ձեր վառ երևակայությանը և ինքներդ պատկերացրեք մեր անհեթեթ վիճակն ու իրադարձությունների հետագա ընթացքը: Ու երբ ժամեր անց կրքերն ու հույզերը քիչ-թե շատ հանդարտվեն, փորձեք պատասխանել ընկերոջս տագնապահար հարցին.
– Իսկ ու՞ր է Լուլուն:
Իսկապես՝ իսկ ո՞ւր է Լուլուն: Լուլուն չկա: Լուլուն անհետացել է: Լուլուն անցել է գետնի տակ: Լուլուն պապանձվել է: Թաքնվել է բազմոցի տակ ու քարացել է: Լուլուն չի հաչում: Չի շարժվում: Միայն ատամներն են կտկտում հազիվ լսելի կտկտոցով: Միայն գլխին փաթաթած ժապավեններն են թրթռում հազիվ նշմարելի թրթիռով:
– Լուլուն ցնցակաթված է ստացել,- ախտորոշում է շների հիվանդանոցի բժիշկը,- կյանքին վտանգ չի սպառնում: Շան հոգեբան ենք հրավիրել, եթե ամեն ինչ ըստ ժամանակացույցի գնա, երեք օրից դուրս կգրվի:
Երեք օր հետո բոլորս հավաքվեցինք ընկերոջս տանը՝ նշելու Լուլուի հոգեդարձը: Ոչ ոք չէր խոսում, միայն սուսուփուս աղում էինք չորս հարյուր տարի առաջ մտածված գաղտնի բաղադրատոմսով շշած քյաբաբները:
Ասելու բան չմնաց, պարզապես ուզում եմ շշնջալ. զգույշ ապրեք, հանկարծ Լուլուն ցնցակաթված չստանա: