Դմիտրի Բիկովը ռուսաստանցի լրագրող է, պոետ, արձակագիր, գրականագետ, հասարակական գործիչ և ուսուցիչ: Հայտնի է հակապուտինյան դիրքորոշմամբ, ընդիմադիր հայացքներով: Դասավանդում է Մոսկվայի դպրոցներում: Ըստ նրա՝ ուսուցչությունը առավել կարևոր է, քան իր մյուս մասնագիտությունները:
Իրականում սիրել եմ միայն քեզ իմ մտապատկեր
Իրականում սիրել եմ միայն քեզ իմ մտապատկեր,
Սիրելի կանայք ունեին քո գծերը
Եւ դա հաշտեցնում էր մեզ:
Եվ մինչ դու այնտեղ էիր, քո կրքերին գերի,
Եվ թռչում էիր Օրսի ու Պռադոյի միջև,
Ես քո փշրանքներն էի հավաքում.
Պետք է խոստովանել՝ շատ դաժան զբաղմունք էր:
Մեկը անխիղճ էր, մյուսը դժբախտ,
Երրորդն ամեն ինչ փաստել էր ուզում,
Մեկին ես էի անսահման սիրում,
իսկ մյուսը ինձ …
(Միասին այլևս չեն պատահում):
Իսկ ինչո՞ւ երբեք ձեզ չեմ հավաքել:
Որովհետև Աստված նույն սխալը նորից չի գործում:
Մեկը վարսերն էր ծածանում,
ճիշտ քեզ նման.
Եվ նույնիսկ հոգիդ,
որին հասել էի
երեք տանջալի փորձություններ հաղթահարելուց հետո,
Մարմանավորվել է բոլոր ծաղիկների
Ու անսարք հեռախոսների մեջ:
Իսկ դու վախենում էիր, թե կարոտելու եմ,
Եվ ինձ ողորմությամբ եմ կերակրելու:
Իսկ տարափնե՞րը, գնե՞րը, նահատակնե՞րը,
թողարկումնե՞րը:
Աստված քեզ հետ.
դու միշտ ինձ հետ ես թանկագինս:
Ես չեմ կարող թաքնվել որևէ տանիքի տակ
Ես չեմ կարող թաքնվել որևէ տանիքի տակ:
Իմ արդարամտությունը գնել եմ տառապանքներով և
չեմ ազգակցել ո՛չ այս բացահայտ եկվորներին,
ո՛չ էլ ինքնահռչակ բնիկներին:
Ինչպես տաղերգու իշխանն է փաստել՝ ոչ մի կողմում
պատիվ չկա:
Ճիշտ այդպես էլ ես եմ:
Իմ համեստ ուժերով չեմ կարող կռվել
երկու, ավելի ճիշտ չորս…
չէ՛ արդեն վեց մամլիչների դեմ:
Ո՛չ մեր վերնախավի սերուցքը,
Ո՛չ էլ ազնվականների խղճուկ ժառանգները,
այլ միայն ես եմ հայում ճշմարտությունները,
Եվ զգում սուտն ամենայն:
Տեսածս ամոթալի է այնքան,
որ չար արցունքներն ինձ կուրացրել են:
Բացի քերթությունից, ուրիշ ոչինչ չեմ կարող անել մտքով,
(չնայած մնացածն ունայնություն է),
և այս խորթ տափաստանում
գորշ գայլին տանջել եմ այնքան,
որ ոտքերի մեջ ուժ չի մնացել և դրանցով եմ սնվում:
Եթե այնտեղ նշել են ինձ,
ուրեմն այստեղ թանաք եմ որձկացել:
Գումարը հոգնել է տեղափոխությունից:
Ես չափից շատ բան եմ տեսել,
Որ սիրեմ հայրենիքը,
Բայց չեմ կարող թույլ տալ,
որ այն վերջնականապես ձանձրացնի ինձ:
Սրան գումարած ես շատ համբերատար եմ,
նիրհելու համար,
Եւ շատ համառ՝
Հայրերի հավատին վերադառնալու:
Այս ամենը ինձ հիանալի տարեգիր է դարձրել՝
չնայած հայրենիքը վերջում ինձ գրողի ծոցն է ուղարկելու:
Ինչ վերաբերում է սիրելուն,
ապա այստեղ ևս
Մոսկվայի մյուս պոետներից ավելի բախտավոր եմ:
Բոլոր նրանք, ում ցանկացել եմ,
Միշտ ասել են, որ պատրաստ են ինձ անվերջ լսել,
բայց միշտ մերժել են ինձ հետ քնել:
Բարեբախտաբար ուրիշներն էլ կան,
Բայց նրանց տանել չեմ կարող:
Միշտ զերծ եմ եղել սուրբ խաբեությունից:
Փառք Աստծո, կա և երրորդ տեսակը:
Սրանց ես տանջում եմ այնպես,
Որ կարելի է դիտարկել առաջնային զոհեր:
Ինչպես շրջանակը ջարդող Դորիան Գրեյի նկար,
կամ օտարի գերեզմանափոր,
ու ընտանիքիս տանջարար,
ես ամեն առավոտ արթնանում եմ
ցավոտ վերքերով:
Եւ սա այն ամենն է,
ինչին ես հասել եմ երեսունյոթ տարեկանում:
Այստեղից էլ կյանքիս փորձառությունը,
Ժանրային գունապնակն ու վերնախավին հայհոյելը,
Գումարած արգասաբեր լինելս:
– Իրականում, ինչի՞ց եք բողոքում:
– Ճիշտն ասած՝ չեմ բողոքում, հպարտանում եմ:
Ձեր երջանկությունը ցուցադրական է՝ գրեթե զզվելի
Ձեր երջանկությունը ցուցադրական է՝
գրեթե զզվելի:
Այնքան նենգ է,
այնքան հրեշային, ժպիրհ և ամոթալի,
Որ իսկապես ամոթ է էլի:
Այդպես սնանկն է հրճվում
չոր հաց գտնելիս,
կամ դպրոցականը՝
ծեծը հաղթահարելիս,
կամ էլ ստրուկը, մի փոքր բլուր ելնելիս,
կամ անտաղանդ հեղինակը, որ սպրդել է
ամսագրի հավաքածուում:
Այդպես դուքսն է հրճվում պոռնիկի հետ ամուսնանալիս:
Այդպես փոքրիկն է հրճվում, երբ կեղտոտ մի գտածո,
անգիտակից բերանն է տանում.
– Ահա՛, ահա՛:
Իսկ իմ երջանկությունը ցորենի հատիկներ է կտցել,
բայց դա այնքան ամոթալի էր,
որ ամեն անգամ դուրս գալով հավաբնից,
անդադար ներողություն եմ խնդրել,
ճկվել, խոնարհվել, ներում հայցել,
ու ինքս ինձ խնամքով ծանակել:
Միայն թե ձեզ չհրահրեմ,
խռովեմ կամ վիրավորեմ,
առավել ևս՝ մարտի բռնվեմ:
Այո, իմ հոգին նույնպես երգել է,
Ծաղկել ու ընդարմացել:
Երջանկությունը՝ շատ դժվար գործ է:
Ես գիտեմ՝ ուրիշից չեմ սպասում:
Թարգմանությունը ռուսերենից՝ Շավարշ Ազատյանի
Պատկերացնում եմ ,որքա՞ն դժվար է երբ հայրենիքը ,գրողի ծոցն է ուղարկում…Բայց նաև բան է կուտակվում ,գրելու,ազդված լինելու հետ կապված – կամ հետո կապելու թեմաներ (օրինակ Բրոդսկի) –