Լեոպոլդո Լուգոնես | Իսուրը

Կապիկին մի սնանկացած կրկեսի աճուրդում գնեցի:
Առաջին անգամ, երբ մտքովս անցավ կատարել այն փորձը, որին նվիրված են այս տողերս, երեկո էր, երբ չգիտեմ որտեղ կարդում էի, որ Ճավայի բնիկները կապիկների հոդաբաշխ խոսքի բացակայությունը վերագրում են դրանից խուսափելուն և ոչ անընդունակությանը: «Չեն խոսում, – ասում էին նրանք, – որ իրենց գործի չդնեն»:
Սկզբում ոչ այնքան խոր թվացող նման գաղափարն ի վերջո ինձ այնքան մտահոգեց, մինչև հետևյալ մարդաբանական դրույթին վերածվեց.
Կապիկները մարդիկ են եղել, որոնք ինչ-ինչ պատճառներով դադարել են խոսել: Այս իրողությունը արտաբերման օրգանների և ուղեղի խոսքային կենտրոնների ապաճում է առաջ բերել, գրեթե վերացնելու աստիճանի թուլացրել կապը դրանց միջև՝ ցեղի լեզուն ամրագրելով անհոդաբաշխ ճիչերի մեջ, և նախամարդը կենդանու է վերածվել:
Պարզ է, որ եթե կարողանայի դա ապացուցել, անշուշտ, կբացատրվեին այն բոլոր անոմալիաները, որոնք կապիկին այդքան եզակի արարած են դարձնում, բայց դա միայն մի հավանական ապացույց ուներ. կապիկին ասուն դարձնել:
Այդ ժամանակ կապիկիս հետ շրջել էի աշխարհը՝ բախտի վայրիվերումների և արկածների շնորհիվ օրեցօր ավելի ու ավելի կապվելով նրա հետ: Եվրոպայում ուշադրություն էր գրավել, և եթե ուզենայի, հյուպատոսի նման հայտնի կդարձնեի նրան, բայց ձեռներեց մարդու իմ լրջությանը վայել չէին նման խեղկատակությունները:
Կապիկների լեզվի համառ գաղափարով տարված՝ քրքրեցի խնդրին առնչվող ամբողջ գրացանկը առանց որևէ նշանակալի արդյունքի: Ամենայն համոզվածությամբ գիտեի միայն, որ չկա գիտական որևէ պատճառ, որ կապիկը չխոսի: Հինգ տարի գլուխ էի ջարդում դրա վրա:
Իսուրը (անուն, որի ծագումն այդպես էլ չպարզեցի, որովհետև նախկին տերն էլ էր բանից անտեղյակ) իսկապես երևելի կենդանի էր: Կրկեսային վարժանքները, թեկուզ և գրեթե ամբողջովին ընդօրինակմամբ էին սահմանափակվում, շատ էին զարգացրել նրա ունակությունները, և դա էր հենց ամենաշատն ինձ դրդում նրա վրա փորձելու իմ՝ ըստ երևույթին խելացնոր տեսությունը:
Մյուս կողմից, հայտնի է, որ շիմպանզեն (Իսուրը շիմպանզե էր) կապիկների մեջ ամենաշատ ուղեղ ունեցողն է և ամենաենթարկվողներից մեկը, և դա մեծացնում էր իմ հնարավորությունները: Ամեն անգամ, երբ տեսնում էի, թե ինչպես է նա երկու ոտքի վրա, հավասարակշռությունը պահելու համար ձեռքերը մեջքին դրած, հարբած նավաստու տեսքով իմ կողմը գալիս, իմ մեջ ամրապնդվում էր նրա կանգ առած մարդայնացման մասին համոզմունքը:
Ճիշտն ասած, չկա որևէ պատճառ, որպեսզի կապիկը բացարձակապես ոչինչ չարտաբերի: Նրա բնական լեզուն, այսինքն՝ ճիչերի համախումբը, որով հաղորդակցվում է իր նմանների հետ, բավականին բազմազան է. կոկորդը, որքան էլ տարբեր լինի մարդու կոկորդից, այնքան տարբեր չէ, որքան թութակինը, որն այդուհանդերձ խոսում է. իսկ ինչ վերաբերում է ուղեղին, դեռ չհաշված, որ համեմատությունը թութակի հետ վերացնում է բոլոր կասկածները, բավական է հիշել, որ ապուշի ուղեղն էլ է թերզարգացած, և չնայած դրան, կան սակավամիտներ, որոնք որոշ բառեր արտասանում են: Ինչ վերաբերում է Բրոկայի գալարին, անշուշտ, դա կախված է ուղեղի ընդհանուր զարգացումից, չհաշված, որ ապացուցված չէ, թե անհերքելիորեն այդտեղ է տեղակայված խոսքի կենտրոնը: Եթե անատոմիայում դա է ամենահարմար տեղակայումը, ապա հակասող փաստերն, իհարկե, անպատասխան են մնում:
Բարեբախտաբար կապիկներն իրենց բազմաթիվ վատ հատկությունների հետ մեկտեղ սովորելու ցանկություն ունեն, ինչպես ցույց է տալիս նմանակելու նրանց հակումը, նաև խոստումնալից հիշողություն, ձևացնելու լրջագույն ունակության հասնող դատողություն և երեխայի համեմատ ավելի զարգացած ուշադրություն: Ուստի, կապիկը մանկավարժության համար ամենահարմար սուբյեկտներից մեկն է:
Ի լրումն, իմ կապիկը ջահել էր, իսկ հայտնի է, որ երիտասարդ տարիքը կապիկի ամենամտավոր շրջանն է, ինչով նա նման է ներգրերին: Դժվարությունը լոկ այն մեթոդն էր, որը կկիրառվեր նրան խոսք հաղորդելու համար:
Ես ծանոթ էի նախորդներիս բոլոր անպտուղ փորձերին, և ավելորդ է ասել, որ նրանցից մի քանիսի բանիմացության և բոլոր ջանքերի զրոյական արդյունքի կողքին իմ մտադրությունները բազմիցս ձախողվեցին, երբ թեմայի շուրջ այդքան գլուխ կոտրելուց հետո հետզհետե հետևյալ եզրակացությանը հանգեցի.
Առաջին հերթին կապիկի արտաբերման ապարատը պետք է զարգացնել:
Այդպես են վարվում փաստորեն խուլուհամրերի հետ նրանց արտաբերմանը հասնելուց առաջ, և հազիվ էի մտորել սրա շուրջ, երբ խուլուհամրի և կապիկի նմանությունները խուժեցին հոգիս:
Առաջին հերթին հոդաբաշխ խոսքին փոխարինող նրա միմիկաների արտառոց շարժունակությունն է ցույց տալիս, որ չխոսելու պատճառով չէ, որ նրանք դադարում են մտածել, այլ այդ ունակությունը առաջինի կաթվածահար լինելու հետևանքով է նվազում: Ապա ավելի յուրօրինակ այլ հատկություններ, որոնք ավելի առանձնահատուկ են՝ ջերմեռանդությունն աշխատանքում, հավատարմությունը, համարձակությունը, և այս երկու հատկանիշների շնորհիվ (որոնց ընդհանրությունն իսկապես ակներև է), վստահության աստիճանի մեծացած հավասարակշռությունը պահելու վարժությունների թեթևությունն ու գլխապտույտին դիմանալը:
Այդժամ որոշեցի գործը սկսել կապիկիս շրթունքների և լեզվի իսկական մարզումներով՝ նրան որպես խուլուհամրի վերաբերվելով: Մնացյալում ինձ կօժանդակեր լսողությունը, որպեսզի խոսքի անմիջական հաղորդակցություն հաստատեի առանց շոշափելիքի օգնությանը դիմելու: Ընթերցողը կտեսնի, որ այս հատվածում ես չափազանց լավատեսական դատողություններ էի անում:
Բարեբախտաբար, բոլոր մեծ կապիկների մեջ ամենաշարժուն շրթունքներ ունեցողը շիմպանզեն է, և մասնավորապես, անգինայով հիանդացած լինելու առիթով Իսուրը սովորել էր բացել բերանը, որպեսզի զննեն կոկորդը:
Առաջին դիտարկումս մասամբ հաստատեց իմ կասկածները: Լեզուն բերանի ներսում էր մնում որպես իներտ մի զանգված՝ կլլման շարժումից զատ ոչ մի այլ շարժում չանելով: Հետագայում մարզումները տվեցին իրենց արդյունքը, որովհետև երկու ամիս անց նա արդեն կարողանում էր ձեռ առնելու համար լեզու ցույց տալ: Դա լեզվի շարժման և մտքի միջև առաջին կապն էր, որ նա ճանաչեց, մյուս կողմից՝ նրա բնույթին լիովին հարիր կապ:
Շրթունքներն ավելի մեծ գլխացավանք դարձան, քանի որ հարկ եղավ դրանք ունելիով ձգել, բայց կապիկս, թերևս իմ դեմքի արտահայտությունից դատելով, գնահատում էր այդ աննորմալ գործի կարևորությունը և եռանդով գործի անցնում: Մինչ ես անում էի շրթունքների այն շարժումները, որոնք պետք է նմանակեր, նա նստած էր մնում՝ հետ տարած ձեռքով հետույքը քորելով և տարակուսանքով կենտրոնացած՝ աչքերը ճպճպացնելով կամ ոտքերը շոյելով մի մարդու տեսքով, որը ռիթմիկ շարժումների միջոցով կարգի է բերում մտքերը: Ի վերջո սովորեց շրթունքները շարժել:
Բայց լեզվի կիրառումը բարդ արվեստ է, ինչպես դա ապացուցում են մանկան երկարատև թոթովանքները, որոնք մտավոր զարգացմանը զուգահեռ ունակության ձեռքբերմամբ են ավարտվում: Իրականում ապացուցված է, որ ձայնային գրգիռների կենտրոնն ինքը բառի հետ այնպես է կապված, որ երկուսի բնական զարգացումն էլ կախված է նրանց ներդաշնակ գործունեությունից, և դա 1785-ին արդեն նախազգացել էր Հեյնիկեն ՝ խուլուհամրերի ուսուցման բանավոր եղանակի ստեղծողը՝ որպես փիլիսոփայական մտքի հետևանք: Նա խոսում էր «մտքերի դինամիկ փոխկապակցվածության» մասին, մի նախադասություն, որի խորագույն պարզությունը պատիվ կբերեր ժամանակակից շատ հոգեբանների:
Լեզվի առումով Իսուրը մանկան վիճակում էր, երբ վերջինս նախքան խոսելն արդեն շատ բառեր է հասկանում, բայց ավելի մեծ կենսափորձի շնորհիվ շատ ավելի ուշիմ էր առարկաների մասին ունեցած պատկերացումներն իրար կապելու համար:
Այդ պատկերացումները, որոնք պետք է որ միայն տպավորական չլինեին, այլ նաև հետազոտական և վերլուծական՝ դատելով դրանց ունեցած տարբերակիչ առանձնահատկություններից, ինչը վերացական մտածողություն է ենթադրում, նրան մտավոր ավելի բարձր աստիճան էին վերագրում, որը, իհարկե, շատ շահեկան էր իմ մտադրության համար:
Եթե իմ տեսությունները չափազանց համարձակ են թվում, բավական է խորհել, որ սիլոգիզմը, այսինքն՝ գլխավոր տրամաբանական փաստարկը, խորթ չէ շատ կենդանիների ուղեղի համար: Կարծես սիլոգիզմն ի սկզբանե երկու զգացողությունների համեմատություն է: Եթե այդպես չէ, հապա ինչո՞ւ են մարդուն ճանաչող կենդանիները փախչում նրանից, և ոչ նրանք, որոնք երբեք չեն ճանաչել…
Եվ ես սկսեցի Իսուրի հնչյունային ուսուցանումը:
Փորձում էի սկզբում մեխանիկական բառեր սովորեցնել նրան, որպեսզի աստիճանաբար իմաստալից բառերի հասցնեի:
Քանի որ կապիկը ձայն ունի, և դա առավելություն է խուլուհամրի նկատմամբ իր ավելի որոշակի թերզարգացած արտաբերումով, ես փորձում էի դրա փոխակերպումները սովորեցնել նրան, որոնք հնչույթներն ու դրանց արտաբերումն են, ինչն ուսուցիչները կայուն կամ զարգացող են անվանում՝ ըստ ձայնավորների կամ բաղաձայնների:
Հաշվի առնելով կապիկի որկրամոլությունը և հետևելով խուլուհամրերի հետ Հեյնիկեի կիրառած մեթոդներից մեկին՝ որոշեցի յուրաքանչյուր ձայնավոր մի համեղ ուտելիքի հետ կապել՝ ա-ն՝ բանանի, է-ն՝ մեղրի, ի-ն՝ գինու, օ-ն՝ կոկոսի, ու-ն՝ պնդուկի, այսինքն՝ այնպես, որ ձայնավորը ուտելիքի անվան մեջ կամ՝ միակը և կրկնվողը լիներ, ինչպես «բանան», «գինի», «կոկոս» բառերում, կամ՝ շեշտվածը՝ «մեղր», «պնդուկ»:
Ամեն բան լավ էր ընթանում, քանի դեռ հարցը ձայնավորներին էր վերաբերում, ասել է թե՝ հնչյուններին, որոնք բաց բերանով են ձևավորվում: Իսուրը տասնհինգ օրում սովորեց դրանք: Միայն թե երբեմն այտապարկերում պահած օդը որոտալից հնչեղություն էր տալիս դրանց: Ու-ն ամենադժվարը սովորեց արտասանել:
Բաղաձայնները դժոխային գործ բացեցին ինձ համար, և շատ շուտով հասկացա, որ այդպես էլ չէր կարողանալու արտասանել այն հնչյունները, որոնց ձևավորմանը մասնակցում են ատամներն ու լնդերը: Երկար ժանիքներն ու այտապարկերը բոլորովին թույլ չէին տալիս դա:
Բառապաշարն այդժամ սահմանափակվեց հինգ հնչյուններով՝ վ, կ, մ, գ, ֆ և ս-ով, այսինքն՝ միայն քիմքի և լեզվի միջոցով ձևավորվող բոլոր բաղաձայններով:
Եվ դեռ մի բան էլ դրա համար լսողությունը բավարար չէր: Պետք է շոշափելիքի օգնությանը դիմեի, ինչպես խուլուհամրի հետ՝ ձեռքը մեկ իմ կրծքին դնելով, մեկ՝ իր, որպեսզի զգար հնչյունի տատանումները:
Երեք տարի անցավ, և այդպես էլ Իսուրը չկարողացավ որևէ բառ կազմել: Հակված էր առարկաները դրանց անվան մեջ գերակա հնչյունով կոչել: Եվ դա էր ամբողջը:
Կրկեսում իր գործընկեր շների նման հաչել էր սովորել, և երբ տեսնում էր, թե ինչպես եմ ես հուսահատվում իրենից բառ կորզելու ապարդյուն փորձերից, բարձր հաչում էր՝ ասես ինձ ցույց տալով իր ամբողջ իմացածը: Առանձին-առանձին արտասանում էր ձայնավորներն ու բաղաձայնները, բայց դրանք իրար կապել չէր կարողանում: Առավելագույնը, ինչ հաջողվում էր «պե»-երի ու «մե»-երի գլխապտույտ կրկնությունն էր:
Որքան էլ որ դանդաղ, այնուամենայնիվ մեծ փոփոխություն էր կատարվել նրա բնավորության մեջ: Դիմախաղը նվազ շարժուն էր դարձել, հայացքը՝ ավելի խոր, և մտածկոտ դիրքեր էր ընդունում: Օրինակ՝ աստղերին նայելու սովորություն էր ձեռք բերել: Զգայունությունն էլ էր զարգանում, նկատվում էր, որ գնալով ավելի հեշտ էր արտասվում:
Պարապմունքները շարունակվում էին անկոտրում համառությամբ, թեկուզ և առանց մեծ հաջողությունների: Դա արդեն հիվանդագին սևեռուն մտքի էր վերածվել, և ես զգում էի, որ կամաց-կամաց ուժ կիրառելուն եմ հակվում: Ձախողվելուս հետ բնավորությունս էր փչանում օր-օրի, մինչև որ խուլ հակակրանքի հասավ Իսուրի նկատմամբ: Ինքն էլ իր անհնազանդ համրության խորքում ավելի գիտակից էր դառնում, և սկսել էր ինձ համոզել, որ երբեք իրեն դուրս չէի բերելու այդտեղից, երբ հանկարծ իմացա, որ չի խոսում, որովհետև չի ուզում:
Մի գիշեր խոհարարը լեղապատառ եկավ ու ասաց, որ կապիկին բռնել էր «իսկական բառեր ասելիս», իր պատմելով՝ այգու թզենու տակ կուչ եկած, բայց սարսափը թույլ չէր տալիս հիշել գլխավորը, ասել է թե՝ բառերը: Միայն երկու բառ էր մտապահել՝ «կապա», «գինի»: Քիչ էր մնում քացու տակ տայի նրան իր ապուշության համար:
Կարիք չկա ասելու, որ գիշերն անցկացրի մեծ հուզմունքով համակված, և մի բան, որ երեք տարի ինձ թույլ չէի տվել, սխալը, որ ամեն ինչ գրողի ծոցն ուղարկեց, կատարվեց ինչպես անքուն գիշերվա նյարդայնության, այնպես էլ իմ ծայրահեղ հետաքրքրության երեսից:
Փոխանակ թողնելու, որ կապիկը բնական ճանապարհով հասնի խոսքի ցուցադրությանը, հաջորդ օրը կանչեցի նրան և ջանացի պարտադրել, որ հնազանդությունից դրդված անի դա:
Միմիայն «պե»-եր ու «մե»-եր հաջողվեց լսել, որոնցից կուշտ էի արդեն, աչքերի կեղծավոր ճպճպոցը տեսնել և, – մեղա քեզ, Տեր, – հեգնանքի պարզորոշ նշույլ ծամածռությունների անհանգիստ ամենուրեքության մեջ:
Կատաղեցի ու առանց ինձ հաշիվ տալու քոթակեցի նրան: Ինձ հաջողված միակ բանը նրա լացն էր և բացարձակ լռությունը, որ նույնիսկ հոգոցներն էր բացառում:
Երեք օր անց նա հիվանդացավ ուղեղի մթագնման պես մի բանով, բարդացած մենինգիտի ախտանշաններով: Տզրուկներ, սառը թրջոցներ, հոգնաներ, ապիկներ, լոշտակի թուրմ, բրոմիդ. սոսկալի հիվանդության թերապևտիկ բոլոր միջոցները կիրառվեցին: Ես պայքարում էի հուսահատ եռանդով, խղճի խայթի ու վախի մղումներով: Առաջինը՝ կենդանուն իմ դաժանության զոհը համարելուց, երկրորդը՝ գաղտնիքի ճակատագրից, որը գուցե և նա իր հետ գերեզման էր տանում:
Երկար ժամանակ անց լավացավ, բայց դեռ այնքան թույլ էր, որ չէր կարողանում անկողնուց ելնել: Մոտալուտ մահը նրան ազնվացրել ու մարդկայնացրել էր: Երախտագիտությամբ լի աչքերը չէր կտրում ինձնից՝ պտտվող երկու գնդերի նման ինձ հետևելով ամբողջ սենյակում, թեկուզ և իր թիկունքում լինեի, ձեռքն իմ ձեռքերն էր փնտրում ապաքինման մտերմության մեջ: Իմ մեծ մենության մեջ նա մարդու կարևորություն էր ձեռք բերում շատ արագ:
Վերլուծության դևը, որ այլ բան չէ, քան չար ոգու ձևերից մեկը, այնուամենայնիվ ինձ դրդում էր վերսկսելու փորձերս: Չէ՞ որ իրականում կապիկը խոսել էր: Դա չէր կարող այդպես մնալ:
Շատ դանդաղ սկսեցի խնդրել նրան արտասանել իր իմացած տառերը: Ոչ մի ծպտո՛ւն: Ժամերով մենակ թողեցի նրան՝ ծիկրակելով միջնորմի ճեղքից: Ոչ մի ծպտո՛ւն: Խոսեցի հետը կարճ-կարճ նախադասություններով՝ ջանալով հավատարմությանը կամ որկրամոլությանը դիպչել: Ոչ մի ծպտո՛ւն: Երբ ասածներս ազդեցիկ էին լինում, աչքերն արցունքով էին լցվում: Երբ սովորական նախադասություն էի ասում, ասենք «ես քո տերն եմ», որով սկսվում էին բոլոր դասերս, կամ «դու իմ կապիկն ես», որով լրացնում էի նախորդ պնդումս, որպեսզի նրա հոգուն հասցնեմ միանգամայն ստույգ ճշմարտությունը, հավանություն էր տալիս կոպերը փակելով, բայց ոչ մի ձայն չէր հանում, անգամ շուրթերը չէր շարժում:
Ձեռքերի շարժումներին էր վերադարձել՝ որպես ինձ հետ հաղորդակցվելու միակ միջոց, և այդ մանրուքը՝ գումարված խուլուհամրերի նմանություններին, կրկնապատկում էր իմ զգուշավորությունը, քանզի բոլորին են հայտնի վերջիններիս հակումներն առ մտավոր հիվանդությունները: Երբեմն ուզում էի, որ խելագարվեր, որ տեսնեի, թե զառանցանքներն արդյոք ի վերջո կխզեի՞ն նրա լռությունը:
Ապաքինումը շարունակում էր դոփել տեղում: Նույն տկարությունը, նույն տխրությունը: Ակներև էր, որ հիվանդ է խելքից ու վշտից: Նրա օրգանական միասնությունը խախտվել էր ուղեղի գործունեության անբնական մի խթանից, և մի օր ավել, մի օր պակաս, մեկ է, ամեն ինչ կորած էր:
Այնուամենայնիվ, չնայած մեղմությանը, որ ավելանում էր հիվանդության խորացմանը զուգընթաց, նրա լռությունը՝ իմ զայրույթի հրահրած այդ հուսահատեցնող լռությունը, տեղի չէր տալիս: Բնազդի մեջ կարծրացած ավանդույթի մութ խորքերից ցեղն իր բազմադարյան համրությունն էր պարտադրում կենդանուն՝ հետասերման կամոք ամրապնդվելով նրա իսկ էության արմատներում: Սելվայի հնագույն մարդիկ, որոնց լռություն էր պարտադրվել, ասել է թե՝ մտավոր ինքնասպանություն, – սատանան գիտե, թե ի՜նչ դժնի անարդարություն, – պահում էին անտառային առեղծվածներից ու նախապատմական խորխորատներից ձևավորված իրենց գաղտնիքը այդ արդեն անգիտակից, բայց անսահման ժամանակի ընթացքում ահռելի դարձած վճռականությամբ:
Զարգացման մեջ հետ մնացած մարդանմանի անհաջողությունները, որին մարդը գերազանցում էր իր մութ ու վայրագ բռնակալությամբ, անկասկած իրենց վայրի եդեմներում ջախջախել էին ծառերի տիրակալ չորքոտանի մեծ ընտանիքներին՝ ցաքուցրիվ անելով նրանց շարքերը, գերի վերցնելով էգերին, որպեսզի հենց մոր արգանդից սկսած հաստատվեր ստրկությունը, մինչև պարտվածի նրանց անզորությանը ներշնչվեր մահացու արժանապատիվ այն արարքը, որը նրանց ստիպում էր խզել նաև թշնամու հետ ունեցած խոսքի գերադաս, բայց չարաբաստիկ կապը՝ որպես գերագույն փրկություն ապաստան գտնելով կենդանական խավարում:
Եվ ինչ սարսափելի բաներ, ինչ դաժանություններ արած չեն լինի հաղթողները զարգացման ընթացքում գտնվող կիսագազանի հետ, որպեսզի աստվածաշնչյան դրախտի պտուղը՝ մտավոր գայթակղությունը ճաշակելուց հետո վերջինս ստորակարգների ամոթալի հավասարության մեջ համակերպվի իր բնաջնջման անվերապահ պարտության հետ, իր խելամտությունը ակրոբատի մեքենայացված շարժումների մեջ առհավետ բյուրեղացնող այդ հետընթացի հետ, կյանքի այդ մեծ ստորության հետ, որը, որպես կենդանական բնորոշ գիծ, հավերժորեն ծռելու էր պարտվածի նրա մեջքը՝ այն թախծոտ շփոթմունքը դրոշմելով դեմքին, որ պահպանվում է նրա ծաղրապատկերի խորքում:
Ահա թե ինչն էր հենց հաջողության շեմին իմ ծանր հոգեվիճակի պատճառը դարձել հետասերման քավարանի խորապատկերում: Միլիոն տարի հետո խոսքն իր դյութանքով սասանում էր կապկային հնամենի հոգին, բայց այդ գայթակղության դեմ, որ խաթարելու էր կենդանականության պաշտպանիչ խավարը, բնազդային սարսափի տակ ցեղի մեջ տարածված վաղնջական հիշողությունը նույնպես պարսպի նման ընդդիմանում էր դարեդար:
Իսուրը հոգեվարքի մեջ ընկավ առանց գիտակցությունը կորցնելու: Մեղմ հոգեվարք գոց աչքերում, թույլ շնչառություն, անորոշ սրտխփոց, բացարձակ հանգիստ, որ երբեմն առ երբեմն ընդմիջվում էր միայն, որպեսզի դեպի ինձ թեքի հավերժական սրտակեղեք արտահայտությամբ ծեր մուլատի թախծոտ դեմքը: Իսկ վերջին երեկոյան՝ նրա մահվան օրը, արտառոց մի բան կատարվեց, որն էլ ինձ դրդեց գրելու այս պատմությունը:
Ննջում էի նրա գլխավերևում՝ շոգից ու վրա հասնող մթնշաղի անդորրից պարտված, երբ հանկարծ զգացի, որ մեկը կառչել է դաստակիցս:
Վեր թռա քնից: Կապիկն աչքերը լայն բացած՝ այս անգամ արդեն վերջնականապես էր մեռնում, և նրա դեմքի արտահայտությունն այնքան մարդկային էր, որ սարսափը պատեց ինձ, բայց նրա ձեռքը, աչքերն այնքան խոսուն էին ինձ դեպի իրեն քաշում, որ անմիջապես խոնարհվեցի դեմքին, և հանկարծ, վերջին շնչով, մի վերջին շնչով, որ միաժամանակ պսակում ու հողմացրիվ էր անում հույսերս, դուրս հորդեցին, – վստահ եմ, – շշուկով դուրս հորդեցին (ախր ինչպե՞ս բացատրեմ տասը հազար տարի անխոս մնացած ձայնի հնչերանգը) այս բառերը, որոնց մարդկայնությունը հաշտեցնում էր տեսակներին.
– ՏԵՐ, ՋՈՒՐ: ՍԵՐ, ԻՄ ՏԵՐ…

Իսպաներենից թարգմանությունը՝ Կառա Չոբանյանի
Խմբագիր՝ Արմեն Սարգսյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *