Ներածություն
Ի՞նչ է հիշողությունը մեզ համար: Արդյո՞ք կարևոր է հիշել իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել անցյալում և հնարավոր է՝ այլևս չկրկնվեն:
19-րդ դարի կեսերին գերմանացի պատմաբան Յոհան Գուստավ Դրոյսենը ձեւակերպեց այն գաղափարը, որ հիշողությունները մարդու եւ հասարակության էությունն են և այսպիսով անհրաժեշտ են մարդկությանը:[1] Հիշողությունը մտքի բարդ պրոցես է, որը համատեղում է մարդկային գործունեության արդյունքները`անցյալը, ներկան եւ ապագան, մեկ տրամաբանական շղթայում: Այն միավորում է մեկ ամբողջության մեջ ոչ միայն մեկ մարդու, այլեւ ամբողջ մարդկության ճանաչողական գործընթացները: Հիշողությունն այն մեծագույն հիմքերից է, որի վրա հիմնված է մշակույթը: Մշակույթի պատմությունը մարդկային հիշողության պատմությունն է, հիշողության զարգացման պատմությունը, նրա խորացումը եւ կատարելագործումը:
Հետևյալ էսսեում կներկայացվի Հայաստանի մշակութային հիշողությունը եւ, մասնավորապես, նրա արտահայտումը Վարդգես Սուրենյանցի ստեղծագործություններում: Հետեւաբար, աշխատանքի առաջին մասում կբացատրվեն «մշակույթ» եւ «մշակութային հիշողության» հասկացությունները: Այնուհետեւ կնշվեն Հայաստանի մշակութային եւ պատմական կյանքի որոշ առանձնահատկությունները: Երկրորդ մասում կներկայացվի Վարդգես Սուրենյանցը եւ մշակութային հիշողության տեսանկյունից կնկարագրվեն նրա որոշ գործերը: Եզրակացությունում կամփոփվի արվեստագետի դերը մշակութային հիշողության պահպանման գործում:
Հայաստանի մշակութային հիշողությունը
Մշակույթը հսկայական երեւույթ է, որը մարդկանց հասարակ ժողովրդից դարձնում է ազգ, նացիա: Այն նաեւ մարդկային գործունեությունն է իր բազմազան արտահայտություններում: «Մշակույթ» հասկացությունը կարող է ներառել ինչպես գիտություն, կրթություն, կրոն, արվեստ, այնպես էլ մարդկանց խմբերի վարքագծի բարոյական նորմեր: Դա նշանակում է՝ մշակույթը մարդկության՝ ինքն իրեն արտահայտվելու ու ինքն իրեն ճանաչելու ճանապարհն է, ինչպես նաեւ՝ այն հմտություններն ու ունակությունները, որոնցով հենց ինքն է կառուցվում է: Սակայն ի՞նչ է մշակութային հիշողությունը եւ ինչպե՞ս է այն ծագում: Ինչպիսի՞ մշակութային հիշողություն ունի Հայաստանը եւ ինչպե՞ս է այն արտացոլվում Սուրենյանցի գործերում: Ինչպիսի՞ դեր է խաղում մի մարդու ստեղծագործական ուժը մի ողջ ժողովրդի մշակութային հիշողության մեջ: Այս էսսեի համատեքստում կքննարկվեն այս հարցերը:
Մշակութային հիշողությունը, ինչպես նաև շատ այլ սոցիալական հիշողության տեսակներ, վերաբերում է հավաքական հիշողությանը: Այն դարերով կազմվում է որոշակի սոցիալական խմբում, ինչպես Մ. Հալբվաքսն է առաջարկում:[2]
Մշակույթն արտացոլում է արվեստի, խորհրդանիշների, ծեսերի, լեզվի, կյանքի կազմակերպման ձեւերի մեջ անհատների եւ խմբերի մտածողության ձեւերը, մտածելակերպը, հոգեւոր գործունեությունը եւ կազմում է համընդհանուր դաշտ մտածողության, պրակտիկայի եւ սոցիալական հաստատությունների փոխազդեցության համար:[3]
Բանահյուսությունը, դիցաբանությունը, ինչպես նաեւ պատմական եւ մշակութային հուշարձանները միայն անցյալ դարերի արվեստի գործեր չեն: Սրանք նախնական «ուղեցույցներ» են անցյալի աշխարհում, նախնիների կյանքում: Անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ կապը արտացոլված է նաեւ արվեստի մեջ:
Հայ ժողովրդի մշակույթի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 5-րդից մինչեւ 6-րդ դարերում եւ հանդիսանում է ավելի հին՝ Ուրարտական, մշակույթի շարունակությունը: Ըստ «Բրիտանիկա» հանրագիտարանի Հայաստանն աշխարհի քաղաքակրթության ամենահին կենտրոններից մեկն է:[4] Մշակութային հիշողությունն անպայմանորեն կապված է սոցիալական խմբերի հետ, որոնց համար այն հանդիսանում է որպես նախապայման ինքնորոշման համար. այն ամրապնդում է նրանց միասնության եւ ինքնության զգացումը: Այն ունի «վերականգնողական բնույթ», այսինքն, նրանում պարունակված արժեքները, համապատասխանության աստիճանը եւ «անցյալի բոլոր գիտելիքները» ուղղակիորեն կապված են խմբի կյանքում տվյալ ժամանակահատվածում ստեղծված իրավիճակին:[5]
Յ. Ասսմանի «մշակութային հիշողություն» հասկացության տակ ամփոփում է յուրաքանչյուր հասարակության եւ յուրաքանչյուր դարաշրջանի յուրահատուկ՝ կրկնվող տեքստերի, նկարների եւ ծեսերի ֆոնդը, որոնք «խնամելով» նա կայունացնում եւ փոխանցում է իր ինքնատիպ պատկերը:[6] Հայկական էթնոսը մշակութային հիշողության հատուկ կենսունակություն ունեցող ազգերի թվին է պատկանում: Այս գաղափարը հաստատելու համար կարծում եմ, որ անհրաժեշտ է նշել Հայաստանի մշակութային եւ պատմական կյանքի որոշ առանձնահատկությունները: Իր զարգացման ճանապարհին հայ ժողովուրդը անցել է մարդկության պատմության բոլոր փուլերը, կրել իր վրա տարբեր կրոնների եւ մշակույթների ազդեցություններ՝ պահպանելով սակայն իր մշակութային ինքնությունը: Հայ մշակութային ժառանգության մեխանիզմը «գործում է» շատ հստակ:
Մշակութային հիշողությունը, սակայն, տեղեկատվության պահեստ չէ, այլ բարդ եւ անընդհատ փոփոխվող եւ զարգացող նյութ: Ըստ Յ. Լոթմանի մշակույթի հիշողությունը ոչ միայն միասնական է, այլ նաեւ ներքին, բազմազան: Իմաստները մշակույթի հիշողության մեջ ոչ թե «պահվում են», այլ աճում:[7] Ասսմանի համար մշակութային հիշողությունը նաեւ շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուր սոցիալական դաս կուտակում եւ վերակառուցում է իր եւ իր ինքնության մասին գիտելիքները՝ մշակութային հիշողության տեսքով: Հետեւաբար Ասսմանի մշակութային հիշողությունը կարելի է հասկանալ որպես մշակութային իմաստների թարգմանության եւ թարմացման ձեւ: Մշակութային հիշողությունը, հետեւաբար, պահի արդյունք չէ. այն կուտակվում է դարերի ընթացքում:[8]
Վարդգես Սուրենյանց
Ի հակադրություն հաղորդակցական հիշողությանը, մշակութայինը ինքն իրեն չի տարածվում, այլ հատուկ խնամքի կարիք ունի:[9]
Վարդգես Սուրենյանցը (1860-1921) հայ նկարիչ է, գրաֆիկական նկարիչ, թատերական արվեստագետ եւ արվեստի տեսաբան: Նա հայ գեղանկարչության մեջ հիմնովին նոր պատմական ժանրի հիմնադիրն է: Նա ստեղծել է ռեալ կենցաղային նկարներ, ինչպես նաեւ մի շարք նկարներ պատմական թեմաներով: Իր նկարներում նկարիչը հաճախ դիմել է նաեւ հնադարյան պատմական իրադարձություններին: Նրա ստեղծագործություններից շատերը նվիրված են հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև՝ մեծ թիվ են կազմում հին հայկական լեգենդներից ոգեշնչված թեմաները: Պատմական ժանրի ստեղծագործությունների վրա աշխատելու ժամանակ Սուրենյանցը ապրում ու ստեղծագործում էր հայրենի օջախից հեռու: Հայկական իրականությունը այս ժանրի զարգացման համար նախապայմաններ չուներ: Պատմական ժանրի ստեղծումը այն ազգի համար, որը հալածվել է եւ որի պետականությունը թալանվել է, ինքնին իսկական ստեղծագործական նվաճում էր:[10]
Մշակութային հիշողությունը կենտրոնացած է անցյալում ամրագրված պահերի վրա: Նրա մեջ անցյալը չի կարող պահպանվել որպես այդպիսին: Այն արագ դառնում է խորհրդանշական գործիչ, որին կապված է հիշողությունը:[11]
«Սուրբ Հռիփսիմե եկեղեցի»[12] (1897) նկարում Սուրենյանցը արտացոլում է հայկական ճակատագրի եւ անցյալի մասին պատկերները: Այս նկարը պատմական լանդշաֆ է, որը լցված է իր երկրի համար մտատանջվող նկարչի ցավով եւ մտավոր զգացումներով, եւ որը, սակայն, միաժամանակ խորհրդանշում է հայ ժողովրդի ոգին:
Առասպելները նույնպես հիշողություններ են: Այս առումով առասպելը եւ պատմությունը չեն տարբերվում միմյանցից: Մշակութային հիշողության համար ոչ թե իրական պատմությունն է կարեւոր, այլ այն, որ մնում է հիշողության մեջ՝ հիշվածը, եւ միայն այն: Կարելի է ասել նաեւ, որ մշակութային հիշողության մեջ առկա պատմությունը վերածվում է նորաստեղծ հիշատակության, որը կոչվում է առասպել: Առասպելը պատմություն է, որը պատմում է մարդկությանը նրա ծագման մասին:[13] Պատմության միջոցով հիշողությունը առասպել է դառնում, բայց ոչ անիրատեսական ինչ-որ երևույթ, այլ հակառակը՝ կարգավորման եւ կազմակերպման կայուն ուժի միջոցով դառնում է իրականություն:[14]
Իր ստեղծագործություններում Սուրենյանցը հաճախ անդրադարձել է ժողովրդական լեգենդներին: Հայաստանն ունի իր սեփական դիցաբանությունը, որը հայ ժամանակակից մշակույթի մեջ սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների ձեւով է պահպանված:
Սուրենյանցի ամենահայտնի գործերից մեկն է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»[15] (1899). Արա Գեղեցիկը լեգենդար հայ թագավոր է, որի մասին 5-րդ դարում գրել է հայ պատմագիր
Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ: Երբ Շամիրամը լսեց Արա Գեղեցիկի արտասովոր գեղեցկության մասին, ցանկացավ հասնել նրա սիրուն եւ դեսպաններ ուղարկեց Հայաստան, որոնք պետք է փոխանցեին հայ թագավորին Ասորեստանի թագավոր դառնալու Շամիրամի ցանկությունը: Սակայն վերադարձած դեսպանները թագուհուն փոխանցեցին հայոց թագավորի մերժումը, որը նվաստացրեց նրան: Վիրավորված թագուհին որոշեց կռվով դուրս գալ հայ թագավորի դեմ: Նրա բանակը անսպասելիորեն հարձակվեց Հայաստանի վրա եւ կարողանալով կոտրել խոչընդոտները՝ ներթափանցեց երկրի կենտրոն: Այնուհետեւ Շամիրամը զինվորներին հրամայում է Արային կենդանի թողնել, սակայն նրա ընտրյալը մահացու վիրավորվում է արյունոտ ճակատամարտում: Սուրենյանցի նկարում պատկերված է հենց այն պահը, երբ Շամիրամը, նստած իր սիրելիի գլխավերեւում, ընկղմվել է հուսահատության եւ շփոթության ծանր մտքերի մեջ:
4-րդ դարի առաջին տարիներին քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն համարվում է հայ ժողովրդի պատմության եւ մշակույթի զարգացման մեջ կարեւորագույն իրադարձություն: Այնտեղից սկսվում է հայկական մշակույթի պատմության նոր փուլ: Հայտնվում են նոր դիցաբանական պատկերներ ու պատմություններ, հին առասպելներն ու հավատալիքները փոփոխվում են:
Նկարչի հայտնի ստեղծագործություններից մեկը, «Սալոմե»[16]-ն (1907), ցուցադրվել է 1912 թ. Մյունխենի արվեստի ակադեմիայում, իսկ 1914 թվականին` Վենետիկի գեղարվեստի համաշխարհային ցուցահանդեսում: Սալոմեն Նոր կտակարանի հերոսներից է, Հերովդես Անտիպասի խորթ դուստրը եւ հետագայում Խալկիդայի եւ Փոքր Հայքի թագուհին: Սուրենյանցը անդրադառնում է, սակայն, Օսկար Ուայլդի համանուն պիեսի սյուժեին: Կտավի վրա պատկերված է յոթ վերմակների պարը նախորդող պահը: Սալոմեն արդեն երեք անգամ մերժում է ստացել Հոկաննանի կողմից, եւ արդեն, երեւի, ինքնասպան է եղել երիտասարդ պահակը՝ լսելով արքայադստեր խոստովանանքը: Սալոմեն կտավում համարձակ է, եւ նրա Հոկաննանին, ինչ գնով էլ ուզում է լինի, համբուրելու որոշումը, արտահայտվում է նրա կեցվածքի մեջ. նրա գլուխը բարձր է, ձեռքերը՝ կոնքերին, կուրծքը եւ բերանը կիսաբաց:
Սուրենյանցի ստեղծագործական եւ սոցիալապես ակտիվ կյանքի շրջանը համընկավ 90-ականների իրադարձությունների հետ, երբ արեւմտյան Հայաստանի հայ բնակչությունը զանգվածաբար ոչնչացվեց: Հայ գեղանկարչության մեջ Վարդգես Սուրենյանցը առաջին արվեստագետն է, որ իր աշխատանքներում պատկերել է ցեղասպանությունը:
Յ. Ասմանը յուրաքանչյուր հիշողության մշակույթի նախատեսակ է համարում մահացածների հիշատակումը կենդանի մարդկանց կողմից: Անցյալի հասկացությունը առաջանում է, երբ երեկվա եւ այսօրվա տարբերությունն իրականացվում է: Մահը «նախնական փորձ» է, այդ տարբերությունը ճանաչելու համար, այնպես, որ մեռածների հետ կապված հիշողությունները (Memoria) ստեղծում են հիշատակի մշակույթ:[17] Այն հարցը, թե ինչը մեր ընդհանուր աշխարհի մեծ եւ հակասական անցյալում չպետք է մոռացվի, կապված է, մի կողմից, անցյալի փորձից սովորելու ռացիոնալ ցանկության հետ:[18]
«Ոտնահարեց սրբություն» (1895)[19] եւ «Ջարդից հետո» (1897)[20] նկարների հուզական տոնը բառացիորեն հիմնավորված է ողբերգության քաոսային տարրով: Առաջին նկարը ցույց է տալիս թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի եւ բարձր հոգեւոր մշակույթի մասին, վերջինը՝ 1894-1896 թթ. հայերի կոտորածի կամ Համիդյան կոտորածի դրվագը:
Սուրենյանցի հայրը քահանա էր, ինչը նույնպես կարող էր արտացոլվել նրա աշխատանքում. Սուրենյանցը բազմաթիվ աշխատանքներ ունի կրոնական թեմաներով: «Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը»[21] (1906) խորը հայրենասիրական աշխատանք է: Մարդկային մարմնի պլաստիկաի եւ նրա դեմքի արտահայտության մեջ նկարիչը տեսնում է ճակատագրի պատմության անսպառ հնարավորությունները:
Հայտնի է, որ Մկրտիչ I.-ը ջերմորեն պաշտպանել է հայ ժողովրդի իրավունքներն ու շահերը: Նա հիմնել է դպրոցներ եւ թանգարաններ, ստեղծել ամսագրեր եւ շատ այլ բաներ է արել հանրային կրթության համար: Նա իր էներգիայի եւ անսպառ բարիացակամության շնորհիվ վաստակել է «Հայրիկ» մականունը: 1895 թ. Մկրտիչ I-ը մեկնել է Ռուսաստանի Կայսրության մայրաքաղաք՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպել է 27-ամյա կայսր, Նիկոլայ II Ալեքսանդրովիչի հետ: 1895-1896 թթ. հայ բնակչության զանգվածային կոտորածի ժամանակ կաթողիկոսը բազմիցս դիմել է ռուս պաշտոնյաներին, հավաքել նվիրատվություններ եւ
ֆինանսապես օգնել հայ փախստականներին, որոնք Արեւմտյան Հայաստանից տեղափոխվել են Արեւելյան Հայաստան: Սակայն 1909 թ. Մկրտիչ Հայրիկը ակտիվորեն պայքարում է կայսր Նիկոլայ II-ի՝ հայկական եկեղեցու եւ դպրոցական միջոցների բռնագրավման հրամանագրի դեմ: Սուրենյանցը պատկերել է հենց այն պահը, երբ կաթողիկոսը նետել է նամակը գորգի վրա, քանի որ չէր ուզում հնազանդվել կայսրին:
Եզրակացություն
Մշակութային հիշողությունը պետք է պահպանվի եւ պետք է վերափոխվի, եթե այն բացասական ազդեցություն ունի հասարակության վրա: Հնարավորություններից մեկը անցյալի «կենդանի» հիշողությունները կարգավորելն ու փոխանցելը է: Նյութական եւ հոգեւոր մշակույթի հիշատակը ստեղծողը ազգն է, իսկ ազգը բաղկացած է անհատներից: Անհատը այն մարդն է, որը յուրացնում եւ փոփոխում է իր սոցիալական իրողությունը անհատական չափով եւ ձեւով: Անհատը ունի նաեւ հնարավորություն` պահպանելու եւ փոխանցելու մշակութային հիշողությունը: Սուրենյանցը հաջողվեց աջակցել մշակույթի հիշատակին եւ այն փոխանցել ապագա սերունդներին` դրանով իսկ ստեղծելով նոր մշակութային հիշողություն: Չնայած այն հանգամանքին, որ այդ հիշողությունները սուբյեկտիվ են, նրանք, այնուամենայնիվ, արտացոլում են մշակութային, պատմական համատեքստը:
[1] Droysen, J. G.: Historik. Stuttgart – Bad Cannstatt, 1977
[2] Zitiert nach der russischen Ausgabe von Halbwachs, M.: Хальбвакс, М.: Социальные рамки памяти 2007, S. 263. (französische Originalausgabe: Les cadres sociaux de la mémoire [1925], Paris: Presses Universitaires de France, 1952).
[3] Zitiert nach der russischen Ausgabe von Weber, M.: Вебер М.: Избранные произведения. М., 1990. S. 374. (Deutsch: Weber, M.: Ausgewählte Werke, Deutsch von mir, R. A.)
[4] Encyclopædia Britannica: Armenia, https://www.britannica.com/place/Armenia
[5] Zitiert nach der russischen Ausgabe von Assmann, J.: Ассман, Я.: Культурная память. Письменность, воспоминание и политическая идентичность в древних культурах. Москва, 2004 S. 56 (deutsche Originalausgabe: Assmann, J.: Das kulturelle Gedächtnis. Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. Beck, München 1992)
[6] Assmann, J.: Das kulturelle Gedächtnis. Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. München 1992. S. 15
[7] Zitiert nach der russischen Originalausgabe von Lotman, J.: Лотман Ю. М.: Память в культурологическом освещении //Лотман Ю.М. Избранные статьи. Т. 1. – Таллинн, 1992. S. 23. (Deutsch: Lotman, J.: Gedächtnis in der kulturellen Beleuchtung, Deutsch von mir, R. A.)
[8] Zitiert nach der russischen Ausgabe von Assmann, J.: Ассман, Я.: Культурная память. Письменность, воспоминание и политическая идентичность в древних культурах. Москва, 2004. S. 19-21 (deutsche Originalausgabe: Assmann, J.: Das kulturelle Gedächtnis. Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. München 1992)
[9] Ibid. S. 57
[10] Zitiert nach der armenischen Ausgabe von Gyourjian, G.: Գյուրջյան, Գ. Մ.: Հայ պատմական գեղանկարչության հիմնադիրը. 1960, S.134-135. (Deutsch: Gyourjian, G.: Der Gründer des historischen Genres in armenischen Malerei, Deutsch von mir, R. A.)
[11] Zitiert nach der russischen Ausgabe von Assmann, J.: Ассман, Я.: Культурная память. Письменность, воспоминание и политическая идентичность в древних культурах. Москва, 2004 S. 54 (deutsche Originalausgabe: Assmann, J.: Das kulturelle Gedächtnis. Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. Beck, München 1992)
[12] «Սուրբ Հռիփսիմե եկեղեցի » („St. Hripsime Kirche“, Deutsch von mir. R. A.)
[13] Ibid. S. 55
[14] Ibid. S. 55
[15] «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» („Ara der Schöne und Semiramis“, Deutsch von mir. R. A.)
[16] «Սալոմե» („Salome“, Deutsch von mir. R. A.)
[17] Zitiert nach der russischen Originalausgabe von Arnautova, J.: Арнаутова Ю.: От memoria к «истории памяти» // Одиссей — 2003. М, 2003. S. 13. (Deutsch: Arnautova, J.: „Von Memoria zu, Erinnerungsgeschichte“, Deutsch von mir. R. A.)
[18] Casey, E.: Remembering: A Phenomenological Study. Bloomington, 1987
[19] «Ոտնահարված սրբություն» („Zertrampelter Schrein“, Deutsch von mir. R. A.)
[20] «Ջարդից հետո» („Nach dem Massaker“, Deutsch von mir. R. A.)
[21] «Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը» („Das Porträt von Mkrtich Khrimian“, Deutsch von mir. R. A.)
Գրականություն
- Arnautova, J.: Арнаутова Ю.: От memoria к «истории памяти» // Одиссей — 2003. М, 2003. S. 13.
- Assmann, J.: Ассман, Я.: Культурная память. Письменность, воспоминание и политическая идентичность в древних культурах. Москва, 2004.
- Assmann, J.: Das kulturelle Gedächtnis. Schrift, Erinnerung und politische Identität in frühen Hochkulturen. München 1992.
- Droysen, J. G.: Historik. Stuttgart – Bad Cannstatt, 1977
- Casey, E.: Remembering: A Phenomenological Study. Bloomington, 1987
- Encyclopædia Britannica: Armenia, https://www.britannica.com/place/Armenia
- Gyourjian, G.: Գյուրջյան, Գ. Մ.: Հայ պատմական գեղանկարչության հիմնադիրը. 1960.
- Halbwachs, M.: Хальбвакс, М.: Социальные рамки памяти 2007. (französische Originalausgabe: Les cadres sociaux de la mémoire [1925], Paris: Presses Universitaires de France, 1952).
- Lotman, J.: Лотман Ю. М.: Память в культурологическом освещении //Лотман Ю.М. Избранные статьи. Т. 1. – Таллинн, 1992. S. 23.
- Weber, M.: Вебер М.: Избранные произведения. М., 1990.