Ջեսահ | Հատված անանուն վեպից

Մաքսին գիտեիր նախքան Լոնդոն տեղափոխվելդ։ Մանկության ընկերդ էր, բայց դե այդ տարիքում ընկերը նա է ում անունը գիտես։ Պատանեկության շրջանում էլ էիք շփում պահում, իսկ հետո նա ընտանիքի հետ տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, ստացավ ուսում, հաջողեց կյանքում ու հասցրեց դառնալ Անգլիայի քաղաքացի։ Վերջինիս հետ դու պարբերաբար կապ էիր պահում։ Քեզ դուր էր գալիս Լոնդոնում ընկեր ունենալու գաղափարը. ունենալ Լոնդոնում մեկին, ով քեզ գիտեր։ Այդ պարագայում դու, ապրելով նրա գլխում, ակամա կենդանություն էիր ստանում այնտեղ։ Քեզ գոհացնում էր այն ընկերոջ գաղափարը, որը Պիկադիլիում է եղել, քայլել է Օֆսֆորդ Սթրիթով, ում վրա թափվել է լոնդոնյան անձրևը և ում ուսերին շող է ընկել մառախլապատ երկնքի կարկտած ամպերի նեղ արանքներից։ Նրան մտքումդ արթնացնելով՝ քեզ էիր տարածում անմեռ քաղաքով մեկ ու պատկերացումներումդ վերարտադրվելով՝ երևակայական աշխարհը ավելի շոշափելի էիր դարձնում։ Երևի թե հենց այդպես են երազանքը հատում իրականության կնիքով, որի բաղձալի դրոշմից հետո մտքերդ կարող ես ազատել նոր նպատակների համար, որոնց էլ վերացական տարածություններում կրկին սփռելով՝ ծնեցնում ես արդեն իրականության պատերի ներքո։
Դու էլ Մաքսի հայրենակից ընկերն էիր, ով կամրջում էր իրեն նախկին կյանքին։ Դու ասես հիշողության քարտ լինեիր, որտեղ նա պահում էր անցյալի մտապատկերները, քաղցր ապրումները, ինչու չէ, նաև ճաշակած մրգերի համը, որը միայն մանուկ ժամանակ է անհավանական թվում, քանի որ հետո արդեն անիրականի նշաձողը անշեղորեն վեր է խոյանում։ Դու իր անցյալն էիր, իսկ նա ավելի շատ քո ապագան, որի հետ դու մեծ հույսեր ունեիր։ Իսկ ահա ներկան ձեզ էր սպասում Քինգսուեյի վրա՝ Օլ Բար Ուանի մոտ։
Արդյո՞ք նրա մանկահասակ դեմքը նույն փոխակերպումները կունենար, եթե մեծանար Մաքսը այլ տեղ։ Դժվար թե։ Ընկերոջդ տեսքի սպասված և իրական պատկերի համաձույլը խտացվել էր երևակայությանդ մեջ, իսկ երբ նրան տեսար, մտավոր ճարտարապետությանդ արդյունքը, իսպառ վերանալով, մի անեզր տարածություն բացեց քո պատկերացումներում, որը «նոր Մաքսը» շուտով պետք է լցներ իրենով։ Մեջդ դատարկություն էր, որի տնօրինումը հանձնված էր նրան։ Նա կարող էր բնական կեցվածքով ներկայանալ, կամ մատուցեր իրեն այնպես ինչպես ինքն էր ուզում, կարող էր անգամ կատարելապես կեղծել իրեն։ Դու չգիտեիր, թե ումով ես հարստանալու, իսկ նա պատահական մեկը չէր, քո միակ ընկերն էր անծանոթ քաղաքում։ Մաքսը մտավ գիտակցությանդ մեջ իր շոտլանդական բարձրորակ թվիդով և վերջինիս հարմարեցրած «վինդզոր» փողկապով, որի մանուշակագույն վառ երանգը դարձավ նրա խորհրդանիշներից մեկը։ Մաքսի քայլվածքը երկխոսության մեջ էր քաղաքի հետ՝ մասը կազմելով ընդհանուրի, սակայն քեզ մոտենալով՝ կարծես կտրվում էր այդ համայնապատկերից։ Երևի թե նրանից էր, որ քո կողքին լինելով, արդեն սովորական էր դառնում աչքիդ, իսկ քանի որ Լոնդոնը միշտ իր վեհության մեջ էր՝ Մաքսը ստիպված առանձնանում էր ընդհանուրից, առանձնանում ու դառնում հասարակ։ ….Հասարակ դարձնելով վրեժխնդիր էիր լինում. վրայով քայլեցիր ու քար գցեցիր, ցեխոտ մատնահետքդ թողեցիր վրան, ինչ ասես որ չարեցիր մինչև հասար ուզածիդ։ Ցեխոտ կոշիկներովդ հարյուրավոր քայլեր թողեցիր վրան ու ամեն աքացու հարվածի հետ անցյալ էիր ուղարկում ձեր հեռավորության նախկին ընկալումները։ Անձրևոտ եղանակին ոտնամատերիդ արանքում քար շոշափելուն պես կոշիկներդ արձակեցիր, քարն առար ձեռքդ, որից գուլպայիդ հոտն էր փչում, և շատ հանդարտորեն նետեցիր վրան։ Բթի մեղմ շարժումով այն թռցրիր օդ, որից հետո ուշադիր հետևեցիր, թե ինչպես է այն գալարվում վրայով։ Կոշիկներիդ ցեխն էլ, որ տարածվել էր մատերիդ, անշտապ քսեցիր վրան՝ հետքդ թողնելու համար։ Վերջում էլ՝ անցորդներից մեկին խնդրեցիր, որ քեզ լուսանկարահանեն զոհիդ հետ, չէ՞ որ Թաուեր Բրիջում ունեցած ակնթարթներիցդ գոնե մեկը պետք է ֆիքսվեր։ Մինչ այդ քեզ այնքան հեռու էր թվում այդ կամուրջը, որ անգամ մտովի էր դժվար այնտեղ հայտնվել։ Իսկ այդ օրը դու ոտքիդ կեղտը ամբողջ երկայնքով տարածել էիր վրան՝ քեզ մոտեցնելով իրեն։ Մերձեցումից առաջացած ցեխն էլ՝ ձեր մտերմիկ կապի անհերքելի վկայությունը՝ հավերժ անմահացրել էիր քո հուշերում։ Այնտեղ էր նաև կոշիկիդ քարը, որը ծանրանալով կամուրջ-աշտարակի վրա՝ վերջինիս մտքերիցդ փախչելու հնարավորություն չէր տալիս։ Այդքանից հետո, ցեխոտածդ տեղն էլ կարող էիր հանգիստ մոռանալ, բայց դա էլ պակաս հաճելի հուշ չէր։ Կամրջի եզրին երջանիկ կանգնած էիր ու հեռախոսիդ՝ արևի շող հիշեցնող լուսարձակումը աչքերդ ծակեց։ Երբ վառ պայծառացումը դադարեց բիբերդ վառել, ապակու մեջ տեսար քո արտապատկերը։ ….Մաքսի արևային ակնոցների մեջ, շինություններով շրջափակված, փոքր գլուխդ էր երևում, որն էլ միախառնվել էր ապակու սևի հետ։ Ողջագուրվելուց առաջ Մաքսը վեր բարձրացրեց ակնոցները, և դու ճողոպրեցիր համատարած սևից՝ ընկղմվելով լոնդոնյան գորշի մեջ։ Ձեր գրկախառնումը քեզ դրական հույզեր պարգևեց։ Դա պայմանավորված էր ոչ թե ընկերոջդ փաթաթվելով, այլ այն հանգամանքով, որ տևական ժամանակ է ինչ քեզ ոչ ոք չէր դիպչել, էլ չասեմ՝ գրկել։ Ձեռքիդ մազարմատները նույն կերպ ցցվել էին, երբ դրանից որոշ ժամանակ անց՝ դասալսման ժամանակ, ուսով մեղմ հպվեցիր կողքիդ իսպանուհուն, որից հետո օրգանիզմիդ արթնությունը քեզ հիշեցրեց կենդանության մասին։ Այդ մեկ հպման մեջ այնքա՜ն սեր էր ամբարված, որ, ակամա, ունեցածդ քաղցր հիշողությունները ժապավենի պես աչքիդ առաջ պտտվեցին։ Հիշեցիր առաջին սերդ, որից հետո նախորդները հրապուրանք անվանեցիր, այնուհետև մտաբերեցիր վերջինը, որն էլ իր հերթին մերժեց նախկինում եղածները։ Հետո, երբ հասկացար, որ առաջինը այդպես էլ չի եղել՝ մտածեցիր, թե դու սիրել չգիտես կամ այդ զգացմունքը չես էլ ճաշակել, և հենց այդ պահին ձեռքդ հայտնաբերեցիր իսպանուհուց անջատ, ումից ստացած մեղմահոս ալիքները դեռ երկար էին լող տալու մարմնովդ մեկ։ Երբ ողջագուրումը ավարտվեց, միմյանց կյանքի բացերը լրացրեցիք ձեր մասին պատմություններ պատմելով։ Մաքսը քեզնից անհամեմատ շատ էր խոսում, ինչն իր անցյալի կարևորության մասին էր փաստում քո ապրած օրերի համամատությամբ։ Շատ բաներ դու գիտեիր, բայց նորից էիր լսում, երևի ինքն էլ էր հիշում, որ պատմել է, սակայն խոսքից ենթադրելի էր, որ դա իրեն հաճույք է պատճառում։ Դու այն մեկն էիր, ում մոտ իր պատմությունները առանձնակի յուօրինակություն կարող էին ձեռք բերել։ Խոսեց այնքան մինչև եկավ շարժվելու ժամանակը։ Ճանապարհին խոսակցության թեման փոխվեց։ Քեզ էր պատմելու հավաքի, խնջույքավորների և առհասարակ այդ օրվա մասին։
Գրեիթ Քուին Սթրիթից ճանապարհ բռնեցիք դեպի Քովենթ Գարդեն։ Երբ Լոնդոնի փողոցներում մենակ չես, քեզ այդքան ճնշված չես զգում։ Ոչ շինություններն են այդչափ սահմռկող, ոչ օդն է թոքերումդ ծանրանում, ոչ գորշի չափաբաժինն է բարձրակետի վրա, ամպերն էլ, ասես, ուղղակի ամպեր լինեն։ Իսկ եթե միայնակ քայլելիս լինեիր Գրեիթ Քուին Սթրիթի պես խուլ ու անկյանք փողոցով՝ զգացողություններդ հիմնովին այլ կլինեին։ Գորշանման շենքերը գայլերի ոհկամի հետապնդման պատրանք կստեղծեին, որտեղ մի շենքը շրջանցելով՝ հանդիպում ես հաջորդ գիշատչին։ Արևի բացակայությունը քեզ կհիշեցներ կողմնացույցի չլինելիության մասին, ինչն էլ նվազեցնում է ցուրտ անտառից փրկվելու հավանականությանը։ Սառը օդում շթի պես վեր խոյացող գոլորշիներն էլ տեղաշարժդ առավել նկատելի էին դարձնում ոհմակից, որից ճողոպրել այդպես էլ չէր լինում։ Առհասարակ, Լոնդոնում մարդիկ միայնակ չեն զբոսնում։ Նրանց ընթացքը քայլքի ու վազքի միահյուսումն է. չես վազում, որովհետև չես ուզում ուշադրություն գրավել, չես էլ քայլում, որովհետև, ասես մի բանից փախչում ես։ Իսկ Մաքսի հետ դու անշտապ զբոսնում էիր, ինչի ընթացքում, անգամ փողոցներն էին հմայիչ թվում։
Սահուն անցաք Լոնգ Աքըր Սթրիթ, որի նեղ մայթերը ձեզ ավելի մոտեցրեցին միմյանց։ Ջեյմս Սթրիթի շենքերը, մի փոքր լայնանալով, միջանցք էին բացում դեպի երկինք, որի տակ տարածվում էր Քովենթ Գարդենը։ Սկզբից աչքդ ընկավ համանուն կայարանը, որից վխտացող բազմությունը թաղամասի տեսարժանության փաստացի վկայությունն էր։ Սա այն տեղն էր, որտեղ քայլերը դանդաղում էին. մարդիկ մենակ չէին։ Այն վայրն էր, որտեղ շենքերը իրարից առանձնանալով էին գեղեցիկը ստեղծում, այլ ոչ համախմբվելով նույնանում։ Այդտեղ դու քեզ այնքա՜ն հանդարտ էիր զգում. մեջքիդ փչող շունչը չկար։
Մինչ դուք միացաք հավաքվածներին՝ խնջույքն արդեն սկսվել էր։ Ուայթ Լայըն փաբի հարևանությամբ գտնվող բնակարանում Մաքսը միայնակ էր ապրում, իսկ այդտեղ առնվազն մի մեծ ընտանիք կարող էր բնակվել։ Այն ուներ մեծ ճաշասենյակ, երկու ննջարան, խոհանոց ու լոգասենյակ։ Քո խցից մոտ տասն անգամ մեծ էր։ Սենյակիդ պատերն այնքան նեղ էին, որ ձեր համակեցությունից, ասես, մեկ ընդհանուր օրգանիզմ ձևավորվեր։ Կարծես երկուսդ նույն ջերմաստիճանն ունենայիք, պատի ծեփը՝ վերքդ դառնար, իսկ քեզնից դուրս եկող շշուկը՝ դողդղացող պատի ձայնակցությամբ շարունակություն կստանար։
Երբ նեխած միսը վերցնում ես ինչ-որ տեղից, հոտը շարունակում է մնալ՝ հիշեցնելով երբեմնի կենվորի մասին։ Նույնն էլ քո խցում էր. դու շարունակում էիր այնտեղ մնալ, անգամ երբ այդ նեղ տարածքից դուրս էիր։ Պատերը քեզ իրենց մեջ էին ներծծել, իսկ քեզնից մնացած հիշողությունը անջնջելի էր։ Ձեր հարաբերությունը, սակայն, միակողմանի չէր. դու էլ այնտեղի նեղվածքն էիր հետդ տանում, որի ճնշող ազդեցությունը զգացիր, երբ Մաքսի հետ ոտք դրեցիր նրա ընդարձակ բնակարան։ Շունչդ միանգամից բացվեց։ Երևի հենց այդ պահին սենյակդ էլ օդափոխվեց՝ բաց պատուհանից մեղմ քամու սուրոցը ներս քաշելով։ Միջանցքով առաջանալիս էլ հավանաբար տակիդ հարևանը ոտնաձայն հիշեցնող շշուկ անսաց։ Իսկ հրավիրյալների հոծ բազմությանը տեսնելուն պես էլ հանրակացարանիդ գորշ խորանարդը պետք է վերհիշելիս լիներ բոլոր նախկին բնակիչներին, որոնց հյուրընկալել էր Սիդնի Ուեբի հինգ հարյուր վեց, կետ մեկ սենյակը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *