Վեպ Պատերազմի ձայնը

Հավերժից այն կողմ

• 11 րոպե

Հավերժից այն կողմ

(Հատված վիպակից)

Գիշերը, երբ աչքերս փակում էի, չգիտեի, որ բացելիս աշխարհն էլ երբեք նույնը չի լինելու։ Մի գիշեր դու քնում ես թրթռացող սրտով, իսկ առավոտյան սրտիդ թրթիռը ավերի է վերածվում։ Մի գիշերում ես քնեցի խաղաղության մեջ ու արթնացա պատերազմում։ Մի օրվա մեջ մենք բոլորս կորցրինք այն, ինչի ներկայությունը չէինք նկատում, մինչև այն սկսեց բացակայել։ Սա էլ մեկ այլ պատմություն է՝ սերը պատերազմի օրերին…

— Մորս ոչինչ չասես, դեռ չգիտի, եղբորիցս տեղեկություն ստանանք, նոր մորս կասենք պատերազմի մասին, — մի քանի կցկտուր բառերից հետո նա անջատեց խոսափողը։

Ես մնացի նստած։ Պատերազմ էր․․․ Պատերազմ։ Մի տեսակ կարելի է հավասարի նշան դնել պատերազմ ու ավարտ բառերի միջև։ Ավարտը երազների, հույսերի, այն ամենի, ինչին հավատացել ու ինչի մասին մինչ այդ երազել էս, հիմա մահամերձ թպրտում են աչքիդ առաջ՝ հոգեվարքի մեջ։ Փրկե՞լ… չես կարող, դու ՉԵՍ ԿԱՐՈՂ։ Կյանքում առաջին անգամ քեզնից կախված չէ քո ճակատագիրը։ Բարակ թելով կախված է այն կրակվող փամփուշտի ձայնի պոչից, որն աղոթքով եղբորդ չի չկպչելու։ Մի քանի ժամ առաջ դու պատրաստվում էիր նշանադրվել կյանքիդ մեծագույն սիրո հետ, ում հետ անցած ճանապարհից դատելով, միամտաբար կարծում էիր՝ փորձություններն ավարտվել են։ Մի քանի ժամ առաջ մայրը սրտի անհագ կարոտով նրբաբլիթներ էր թխում վաղն առավոտյան զինվոր որդուն տանելու համար, իսկ առավոտյան չգիտի՝ մինչ արթնանալը որդին ապրե՞ց։ Մի քանի ժամ առաջ քույրը հոլովակ էր պատրաստում իր ու եղբոր լուսանկարներով, որ հաջորդ օրը շնորհավորեր զինվոր եղբոր տասնինը ամյակը, իսկ առավոտյան եղբայրն ապրեց տասնինը աշուն։

Այդ առավոտյան հայոց բոլոր օջախներում լսվեցին անհանգստացնող քայլեր՝ աջից ձախ, ձախից աջ, հետ, առաջ, առաջ, հետ, հեռախոսը ձեռքին ամեն մեկը մեկից գոնե 3 տառ լսելու անսփոփ ցանկությամբ ու պատրաստ այդ երեք տառի հետ փոխել կյանքի մնացած բոլոր երջանիկ օրերը, կամ կյանքն ընդհանրապես։

Ես գիտեի՝ չնայած նա իր պարտքը հայրենիքին տվել է, թե հայրենիքը վտանգվի, միշտ պատրաստ է նորից տալ։ Ես չէի ուզում։ Ողջ կյանքում պաշտել էի հայրենիքս ու հավատացել, թե հայրենիքին վտանգ սպառնա, պատրաստ եմ կյանք տալ, բայց հիմա ձեռքերիս մեջ ահասարսուռ դող կար նրա՝ պատերազմի դաշտում հայտնվելու մի հպանցիկ մտքից անգամ։

Ես զանգում էի նրան, ողջ կյանքում չէի զանգել այնքան, ինչքան զանգեցի այդ մի քանի ժամվա ընթացքում։ Ես վախենում էի։ Միշտ սարսռելու չափ ահ էր առաջացրել հայրենիքի նկատմամբ նրա սերը, բայց մարտի դաշտում նա ուներ մեկին, ում հայրենիքին հավասար կդասեր՝ եղբորը։ Նա կգնար կանգնելու եղբոր կողքին, թիկունքին, գուցե և դիմացը, նա կգտներ եղբորը, իսկ ես կկորցնեի հայրենիքս՝ նրան։

— Ո՞ւր ես, ինչո՞ւ զանգերիս չես պատասխանում, ասա՛, որ չես կամավորագրվել, — վերջապես լսելով նրա ձայնը՝ հապշտապ հարցնում էի։

— Հանգստացի՛ր, ամեն ինչ նորմալ է, ես այստեղ եմ, հիմա կազմակերպում ենք առաջնագծի օգնության տեղափոխման հարցերը։

— Ասա՛, որ չես կամավորագրվել, — շեշտադրում էի ամեն մի բառս՝ հավաստիանալու խնդրանքիս մեջ, ու մի ցավոտ հույս տածելով նրանից «ոչ» պատասխանը լսելու։ Տենչում էի նրա «ոչը»։

— Չեմ կամավորագրվել, — թույլ լսելի շշուկ, հազիվ նշմարելի մի ձայն… Բանականությունս մահու չափ ուզում էր հավատալ դրան, իսկ սիրտս թփթփացնում էր բանականությանս սուսին. «Զգում եմ՝ կյանքում առաջին ու վերջին անգամ խաբել է քեզ»։ Հիմա հանգստացիր, երեկոյան կխոսենք։

«Երեկոյան կխոսենք»… Հույս ու երեկոյան անպատճառ խոսելու վստահություն կա այս տողերի մեջ։ Քանի՜ աղջիկ այդ օրերին կբաղձեր սիրելիի ձայնի մեջ գոնե մի փշուր, մի մանանեխի հատիկ վստահություն լսել առ մոտալուտ ապագան… Ո՛չ մշուշ, ո՛չ վախ, ո՛չ վարան։ Ես գոնե գիտեի՝ երեկոյան խոսելու եմ, կար չիմացողները․․․

Մեր գիշերային զրույցների ամբողջական զամբյուղի մեջ՝ մի անկյունում, սիրո պատումներով անքուն գիշերների, կարոտից արցունքոտված աչքերի ցավի, խոստովանանքների կողքին արթնացան պատերազմական գիշերները։ Քունը մոռացված մի բան էր. լավի նկատմամբ հավատը խամրած, ու սփոփանքի խոսքի ծարավ գիշերներ էին։

— Էությանս ամենամութ խորքերում մի մեղավոր վախ է թաքնվում, թե կեսօրին ինձ խաբել ես, — խղճմտանքի ձայնս խլացնում էի երբևէ կասկածելու համար նրա խոսքերին։

— Գնացել էի, ուզում էի կամավորագրվել, ասացին՝ սպասի՛ր, չէի ուզում՝ անհանգստանաս, սիրտդ զգացել է. ոչինչ չեմ կարող անել, — ես լռում էի, մտքովս անցնում էր ամեն ինչ, թե կլիներ, թե հանկարծ գնար։

— Ես օրհնում եմ քեզ «սպասիր» ասողին։ Օրհնում եմ պահը, որ հենց նա քեզ հանդիպեց, — հետո նորից լռեցի, — Դու հասկանու՞մ ես՝ կմեռնեի, թե գնայիր։

— Ոչինչ էլ չէր պատահի, կսպասեիր ինձ այնպես, ինչպես ծառայությանս երկու տարիներին, ես կվերադառնայի, ու մատանին կփայլեր մատիդ։

— Չէ, ես քեզ հետ կգամ։

— Դու գժվել ես, — դա նրա դեմքին երբևէ տեսածս ամենացավոտ ժպիտն էր, — ի՞նչ գործ ունի փխրուն հոգով, ամենանուրբ թաթիկներով աղջիկը պատերազմի դաշտում։

— Նրա գործը իր սիրելիի կողքին լինելն է, սատարելն է, ուժով լցնելն է, թե հանկարծ վիրավորվի, վերքը վիրակապելն ու կենարար արցունքներով ապաքինելն է, ի վերջո, դեպի սիրելին թռչող փամփուշտի դիմացը կանգնելն է, — հուզված ձայնիս ելևէջները թրթռում էին՝ ալիքաձև տարածվելով օդում ու սրտակեզ շոյելով ճակատին ընկած մազափունջը։

— Ես իմ հերթին եմ սպասում, ու երբ հասնի, գնալու եմ հայրենիքը պահեմ, ինչ գնով էլ լինի։ Գնալու եմ եղբորս կողքին, թե բախտը առանձնակի բարեհաճ գտնվի իմ հանդեպ, հետ կդառնամ եղբորս հետ, թե չէ՝ ուժեղ կլինես։

— Ես քեզ հետ կգամ։ Ոչինչ ավել չեմ ուզում լսել, — ձեռքերով փակեցի ականջներս, — եթե թողնես ինձ էստեղ ու գնաս, հաջորդ օրը մենակ կգամ քո հետևից, թեկուզ ոտքով, բոբիկ, արյունլվա ոտնաթաթերով, բայց կհասնեմ խրամատդ, ու դրանից հետո թո՛ղ լինի, ինչ լինում է։

— Ախր ինչպե՞ս չես հասկանում՝ հայրենիքը վտանգված է, իսկ քեզ փամփուշտի բերան ես չեմ տանելու, — ձեռքերս բռնեց, ասես փորձում էր հավասարակշռել ինձ։

— Դու ես իմ հայրենիքը, քեզանից այն կողմ ես հայրենիք չունեմ․․․ Թե քեզ մի բան լինի, մնալու եմ անհայրենիք քո փրկած հայրենիքի մեջ, ու իրավացի կլինեն, թե քարկոծեն ինձ բոլոր հայրենասերները, ու թող մեղանչեմ Աստծո տված սրբությունների առաջ, բայց հայրենիքը քեզնից վեր դասելու անզոր եմ ես․․․

Օրերը երբեք այնքան իրար նման չէին եղել։ Աշնանային երկնքի ամպերի վրա փափուշտները պատերազմ էին նկարում։ Աղոթքները լղոզվում էին երկնքի աչքերին, արցունքների նման կախվում երկնքի արտևանունքներից։ Սպասումը երբեք այնքան ցավոտ չէր եղել։ Վերածվել էր գլխավերևում թևածող փամփուշտների՝ լռելու անհագ հույսի, հավատի, որ դրանց տակ ընկնելու հերթը նրան չի հասնելու։ Նրան, ոչ քեզ… Դու հոժարությամբ կընկնես դրանց զարկից՝ խնդրելով, որ վերջինը լինես, նա մնա այս աշխարհում՝ հավատալով, որ նրա մեջ ես ապրելու, նրա աչքերով տեսնելու ես՝ ինչպես ավարտվեց պատերազմը, նրանով շարունակելու ես սիրել կյանքը, որովհետև նա ապրեց։

— Ես կգնամ ռազմաճակատ, թեկուզ ինձ չեն ուզում տանել, — նրա ձայնի մեջ ես անզորության վետվետումներ էի լսում, — ամեն օր գնում եմ՝ հարցնեմ՝ արդյոք իմ հերթը չի հասել, ամեն օր միայն «սպասի՛ր» պատասխանն եմ լսում։ Ես էլ չեմ կարող թևերս ծալած նստել, նայել՝ ինչպես են հայրենիքս ծվատում՝ բորենիների պես խլելով առյուծների բաժինը։ Ի վերջո, չեմ կարող սպասել մինչև մեկը կզանգի, կասի՝ արի՛, եղբորդ տա՛ր։ Աստված կանչեմ, որ ասի՝ հոսպիտալից, ոչ թե մարտադաշտից։ Ես կգնամ նրա հետևից, կբերեմ նրան Հայաստանի սահմանին, կտամ մերոնց, հետո թող ինձ դատեն, բայց կիմանամ, որ փրկել եմ եղբորս կյանքը։

— Էլ երբեք այդպես չասես, — մինչև հոգուս խորքը սրդողած էի նրա այս խոսքերից, — հերիք է քեզ վրա վերցնես Աստծո պարտականությունները, հերիք է իմ փոխարեն որոշես, որ ես կուզեմ առանց քեզ ապրել։

— Աստծուն հավատալը հիմա ամենաքիչն է, ինչ կարող եմ անել։

— Սխալվում ես, դա ամենաշատն է։ Ոչինչ պետք չէ դրանից ավել։

Նրա աչքերի մեջ հյուլեաչափ ցավի արցունքներ կային։ Երևի ոչ այն պատճառով, որ պատերազմ է, ո՛չ եղբոր մարտադաշտում լինելու, ո՛չ իմ սրդողելու պատճառով։ Այդ խոնավ աչքերը իր իսկ արտահայտած խոսքերի՝ կայծակնային արագությամբ զղջումն ու վարկենական վերադարձն էին առ Աստված։

— Հանգստացի՛ր, — ես գրկեցի նրա ուսերը։ — Ամենաուժեղ տղամարդիկ կյանքում մի ակնթարթ, վայրկյանից էլ կարճ ժամանակի չափման մի միավոր կարիք ունեն գրկված լինելու, կարիք ունեն ուսերին դրված նրբին մի ձեռքի, որը կսիրի նրանց անգամ բոլորի աչքից հեռու թուլության, անզորության վայրկյանին։

Ես ձեռքս պարզեցի դեպի հանդիպակաց մայթի եկեղեցին.

— Մենք հիմա կգնանք այնտեղ… Միասին։ Մենք կաղոթենք, որ այս դժոխքը շուտ ավարտվի։

— Բա տատիդ խոսքերը, որ միշտ ասում էիր ինձ։ Թե եթե սիրահար զույգը նախքան պսակի օրը միասին եկեղեցի մտնի, պսակ չի ունենա։

— Դա հիմա այդքան էլ էական չէ, կարևորը այն աղոթքն է, որը մեզ դուրս է բերելու անելք թվացող այս աղջամուղջից։

— Չէ, ոչինչ չի կարող այնքան կարևոր լինել, ինչքան քո սպիտակ քողն է ու սրբազան խորանը, որի առաջ ես քեզ տեր եմ լինելու, — նրա հոգում հույս փայլատակեց։ — Ես զգացի։ Երկար օրերից հետո դեմքին հպանցիկ ժպիտ առաջացավ իմ սպիտակ քողի մտքից, որը երևի հոգին շոյեց։ — Մենք հերթով կմտնենք։

Մի քանի րոպե հետո ես կանգնած էի եկեղեցու գավիթներից մեկի տակ՝ երկու մատով արձակ մազերիս քաշելով գլխաշորս, ու հիշելով շատ հեռու թվացող խաղաղության այն օրերից մեկը, երբ ենթագիտակցաբար ուզեցի նույն տեղում հարսի քողով կողքին կանգնել։

Նա դուրս եկավ մոմերը ձեռքին, տվեց ինձ ու ասաց․

— Գնա, ես քեզ էստեղ կսպասեմ։

Ես մտա եկեղեցի ու ուղիղ գնացի դեպի մորս՝ մոմ վառելու հատուկ ընտրած վայրը։ Ես կարող էի ցանկացած այլ տեղ վառել, բայց ներքին համոզում ունեի, որ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է, մորս ձեռքերով է Աստված ինձ օգնում։ Եկեղեցին այդ օրը լցված էր մայրերով, սիրած աղջիկներով, քույրերով։ Ամեն անկյունից կարելի էր լսել կոկորդ խեղդող հեծկլտանքներ, որոնք երևի Աստծուն աղոթքներից շուտ են հասնում։ Մոմս վառեցի, կանգնեցի մի կնոջ կողքին, փորձում էի աղոթել, երբ կինը մի խորը, կիսաձայն ճիչ արձակեց ու ընկավ։ Ես հազիվ հասցրի գիրկս հենարան անել։ Նա հեծկլտում էր։ Թվում էր՝ պատերազմը պետք է մարդկանց ավելի կարեկցող դարձներ, բայց չէ… Ամեն մեկն իր ցավն էր գրկել, արտասուքը խամրեցնում էր աչքերից հեռու ամեն տեսակ հորիզոն։ Ես պայուսակիցս հանեցի ջրիս շիշն ու մեկնեցի կնոջը։ Նա խմեց դողացող ձեռքերով։

— Ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող եմ օգնել Ձեզ, — նա չէր պատասխանում, միայն ձեռքով ցույց տվեց վայր ընկած հեռախոսը, որը մաս-մաս էր եղել։ Ես վերցրի այն, հավաքեցի մասերն ու դրեցի կնոջ ձեռքերի մեջ։ Չգիտեմ՝ ինչ դժբախտություն էր նրան պատուհասել, բայց նա խոսել չէր կարողանում, հազիվ միացած հեռախոսի մեջ ինչ-որ նկար էր փնտրում։ Ես որոշեցի մենակ թողնել նրան իր ցավի ու որդու նկարի հետ։ Ենթադրելով՝ ինչ կարող էր պատահած լինել՝ իմ ոչ մի խոսքը այլևս նրան չէր ամոքի։ Ես արդեն հեռանում էի, երբ նա բռնեց իմ ձեռքից։ Ես անփութորեն շրջվեցի․

— Դու ինձ փրկեցիր, Փրկիչն էլ թող քեզ հասնի։

Ես ժպտացի։ Օրհնանքի կարիք իրոք ունեի։

Քառասունչորս օր շարունակ մենք բառացիորեն պահեցինք իրար, ինչպես հողի մեջ խրված փայտը, որի վրա կապում են անօգնական տտնկին։ Սերերը միայն երջանկության, կարոտի ու սպասման գրկախառնություններ չեն, տոներին, առանց տոն նվիրված ծաղկեփնջերը, թխած կարկանդակներն ու նրա ծնունդի տորթերը չեն, որ համոզեցիր՝ մոմ փչի միայն այն պայմանով, որ դու տորթը թխես։ Սերը ամենադժվար պահերին իրար բռնած բարակ թելի վրայով քայլելն է՝ պահելով հավասարակշռությունը ու գիտակցելով, որ մեկնումեկդ թուլանաք, երկուսով եք անդունդը գլորվելու։ Թելը բարակ է, ձեր մտքերը՝ ծանր, դժվարությունների պարկերն էլ ուսերին։

Պատերազմի 43-րդ օրն էր։ Հույսը մի տեսակ հազվադեպ բան էր դարձել բոլորիս համար։ Ես նստել էի նրա կողքին՝ հոգիս հենարան անելով մտքերին, որ գոնե ծանրությունը մի քիչ ինձ վրա վերցնեմ։ Ինքն էլ համառորեն չէր տալիս։ Միշտ ասում է․ «Քո խնդիրներն իմն են, բայց իմոնք քո փխրունությանը չպիտի կպչեն»։ Մի խորը հոգոց հանեց․

— Հիմա պիտի սիրուս առհավատչյան փայլեր ձախ ձեռքիդ մատնեմատին։ Եթե առաջ ուզում էի հնարավորինս շուտ լինի, հիմա ուզում եմ՝ լինի, պարզապես․․․

— Իսկ ես ուզում եմ՝ մեզ ների էն զինվորը, ով էլ հույս չունի՝ կլինի, քանզի հույսը արյան հետ մարտադաշտի հայրենի հողին խառնեց։ Ուզում եմ՝ ինձ ների էն աղջիկը, ում ձեռքին էդ բաղձալի մատանին երբեք էլ չի փայլելու։ Եթե պատերազմը ավարտվի, ես ու դու մեր կյանքից բացի, տասնյակ կյանքեր ունենք ապրելու։

Երկուսով խորը հոգոց հանեցինք։ Նրա հեռախոսի զանգը ընդհատեց տևական անզորության մեր հոգոցները։ Եղբայրն էր։ Ասաց՝ ամեն ինչ լավ է։ Եղբոր ձայնը լսելիս դեմքին արևաշող ժպիտ հայտնվեց, ասես ամպերը ցրվեցին ու անդադար անձրևից հետո արևի առաջին շողերը փաթաթվեցին թաց հողին՝ ապրելու կոչեր անելով։ Ես լսում էի նրա եղբոր ձայնը հեռախոսից այն կողմ։ Ասում էր․ «Զանգի՛ր մամային, ասա՛՝ ես լավ եմ։ Ամենաշատն է սպասում»։ Մի պահ լռություն, ու հեռախոսի մեջ դղրդաց․ «Համազարկո՜վ, կրա՜կ…»։

Հեռախոսն անջատվեց, մենք լռեցինք, օդը լռեց, հույսը լռեց…

Առավոտյան ամեն ինչ ավարտված էր։ Չկար կրակոց, չկային ձայներ՝ եկող հեռվից, որ Արցախից անցնելով կիլոմետրեր, կպչում էին մեր ականջներին՝ ցրիվ տալով հոգին։ Ասես չկար նույնիսկ այդ առավոտը, չկային տղերքը, չկար Արցախը, չկա՜ր․․․ Կայի ես՝ ծանոթ հայոց վերքոտ պատմությանն, ու կային իրականությանը չհավատացողները… Ես… ավա՜ղ, հավատացողների մեջ էի։ Ես գիտեի՝ բախտը երբեք առանձնակի բարեհաճ չի եղել հայ ազգի հանդեպ, Հայաստան աշխարհի հանդեպ։ Կար նա, որ հողերը հանձնելու ցավից զատ, մի ցավոտ հույս էր տածում, թե եղբայրը կզանգի։ Կար տատս, ում ես ողջ կյանքս երկաթե եմ համարել… Այդժամ կորացած, ասես ջարդված մեջքով ման էր գալիս տան մեջ ու արցունքոտ աչքերով քթի տակ կրկնում․

— Հողերը տվի՜ն, հողերը տվի՜ն։

Դա մի սովորական առավոտ էր, որ արթնացանք ամեն ինչ կորցրած, ձեռք բերած միայն սրտի վերք ու ևս մեկ մշտական կարոտ դեպի Արցախը, ինչպես ժամանակին դեպի Անին, Կարսը, Վանը, դեպի հավերժական Մասիսն ալեհեր։ Ես դուրս եկա փողոց։ Զարմանալիորեն արևոտ այդ նոյեմբերյան առավոտը, որի կապտակապույտ երկնքով տղերքը հեռանում էին։ Ես տեսա իրար սովորականի պես բարևող մարդկանց ու ինքս էլ ասացի․

— Բարի լույս, հայ ազգ, բարի լույս, Հայաստա՜ն յար, լույսդ արդյո՞ք բարի էր։

Այդ օրից ես սովորեցի հայրենիքի մասին խոսել առանց զգացմունքների, հայրենիքի հանդեպ սերս սրտումս խորը մի տեղ թաղել՝ այն թուլություն համարելով, արտաքինից ձևացնելով, թե էլ չեն խոցում ինձ Հայաստան աշխարհի հետզհետե ավելացող վերքերը, բայց թղթերի վրա բանաստեղծական տողեր գրել ու անկյունում արտասվել բախտիդ համար, Հայաստանս…

Ամիս ու կես անց նրա եղբորը տուն թողեցին։ Նա ողջ էր, եղբայրս տանն էր։ Դա էր պատերազմի իմ բարեհաջող ավարտը։

Թողնել մեկնաբանություն