Վեպ

Պողոս-Պետրոս

Օրեր առաջ կյանքից հեռացավ ժամանակակից հայ արձակի ամենաակներև դեմքերից մեկը՝ Վահագն Գրիգորյանը։ Նրա մահը մեծ կորուստ էր մեր գրականության ու իրականության համար։ Ի հիշատակ հեղինակի ու ի նշան գրականության հավերժության՝ ընթերցողին ենք ներկայացնում մի հատված նրա «Պողոս-Պետրոս» վեպից։ Այն պատմում է 1827 թվականին Երևանի բերդի գրավմ…

• 15 րոպե

Պողոս-Պետրոս

Պասկևիչը Էջմիածին էր հասել սեպտեմբերի 5-ին, իսկ 25-ին արդեն պաշարված է Երևանը։ Այնպես որ՝ Աբգարդպիր վարդապետը իր իսկ արտահայտությամբ մի նետընկեց հեռավորությունից է նայում Սարդարի բերդի պարիսպներին։ Քանզի նրա զինվորական դաստիարակությունը մեղմ ասած ետ է մնացել ժամանակից։ Թեև ավելի քան սպառիչ ռազմական ու զինական դասընթացներ է անցել, բայց տքնելով հայ և հույն պատմիչների մատյանների վրա, ինչն էլ նրա ոտ ու ձեռը կապած է պահում հազարամյա ու կրկնակի հեռավոր անցյալին։ Չնայած այն բանին, որ գործող բանակում է, հեծելազորը նրա մտքում այրուձի է, գլխավոր հրամանատարը սպարապետ, եթե հրացանից արձակված գնդակը հասնում է հակառակորդին, ուրեմն, իրոք, նրանից մի նետընկեց հեռավորության վրա են, թնդանոթները նրա աչքում բաբան են, միայն թե հեռահար, իսկ հրացանների փողերը նիզակներ։ Համապատասխանորեն էլ չեն փոխվել պատերազմ վարելու ռազմավարական ու մարտավարական պատկերացումները։ Առաջին անգամ չէ որ տեսնում է Սարդարի բերդը, բայց առաջին անգամ է գործնական հայացքով նայում նրան՝ հիշելով բոլոր այն ամրոցները, որ այս կամ այն դարում գրավել են հայ արքաներն ու սպարապետները, կամ ընդհակառակը և ցավոք հանձնել թշնամուն։ Հետն էլ, հասկանալի է, ամրոց նվաճելու բոլոր հայտնի ու եզակի եղանակները։ Դեռ ուսանելու տարիներին է զգացել՝ հայ արքաների ու նախարարների վարքն ու գործը (հաճախ անմիտ ու անբարիշտ) իրեն ավելի է կլանում, քան եկեղեցու հայրերի սրբակյաց կյանքը (այն ժամանակ, իհարկե, խելքն ու քաջությունը միշտ չէ, որ բավարարում էին կասկածելու այդ սրբակյացությանը)։ Հաճախ է իրեն բռնել հանցանքի մեջ՝ ոչ թե հոգևոր գիտելիքներ է խորացնում, այլ հետամուտ է աշխարհիկ կյանքի վայրիվերումներին։ Եվ մտածել է՝ երիցս իրավացի է Եզնիկ վարդապետը, անբեկանելի նրա խրատը. «Մանուկ կրոնավորը, եթե ծերերի հսկողության տակ չէ, դյուրին որս է սատանայի համար»։ Բայց ուսուցչիները ինչպե՞ս աչքը նրա հոգու վրա պահեին, եթե ամենաբարեպաշտ տեսքով ձեռքից ցած չէր դնում Ագաթանգեղոսի «Պատմությունը»։ Ինչպե՞ս կռահեին, որ նրան հմայել է ոչ թե Գրիգոր Լուսավորչի տառապանքն ու սրբացումը, այլ Տրդատ արքայի միանգամայն երկրային ուղին։ Ավելի ուշ, երբ տհաս աշակերտի թեկուզև միայն իրենի հայտնի պահվածքը վիրավորական դարձավ, սեփական աչքից չընկնելու համար (ինչը հավասարազոր էր հրապարակային ինքնախարազանման), փարիսեցիորեն (հանուն սեփական մոլության բարեհունչ զգեստավորման) իր պատկերավոր ասած գաղտնի սիրահարությունը բացատրեց հենց Տիրոջ հավատին հավատարմության դիրքերից։ Լուսավորչի վարքը, ասում էր ինքն իրեն, ենթակա չէ քննության, ինչպես և կույս Հռիփսիմեի, նրանք այն մաքրամաքուր հայելիներն են, որոնց մեջ միայն լավագույնները կարող են արտացոլվել, բայց ահա 19-րդ դարի բարձունքից, անցած երկար ժամանակների փորձը կուտակած, մենք պետք է ընդունենք ու խոստովանենք, որ Տիրոջ հավատի հաղթանակի պայման է նաև հզոր մեղսակիրների դարձի գալը։ Ինչպես հայոց Տրդատ արքայի և հռոմեացոց Կոնստանդին կայսրի։ Ավարայրում էլ հանուն հավատի Վարդան Մամիկոնյանն ու մյուս քաջերը նահատակվեցին։ Աշխարհիկ մարդիկ, որոնց վարքուբարքը ամենօրյա կյանքում գուցե հեռու էր բարեպաշտությունից։ Այնպես որ՝ քննական աչքով հենց սրանց պետք է նայել, քանզի նրանք մեր հոտն են, իսկ առանց հոտ ի՞նչ հովիվ։
Բայց հենց այստեղ էլ վարդապետի մտքերի հոսքը, այնքան առույգ սկսված, հանկարծ կանգ է առնում խութի հանդիպած առվի պես, հիշեցնում Ժառանգավորացում ծագած, Դադիվանքում խորացած հարցը՝ ինչպե՞ս եղավ, որ Ավարայրում չնահատակվեց հոգևոր հայրերից ոչ մեկը, նույնիսկ Ղևոնդ երեցը, որ օր ու գիշեր նահատակության կոչեր էր անում։ Ավարայրի արծիվը, ինչպես նրան հռչակել է եկեղեցին, միթե՞ այնքան բարձր էր ճախրում, որ ոչ մի սուր ու նիզակ, նույնիսկ մոլորված նետ չգտավ նրան։ Ինչու՞, որովհետև նահատակվելը աշխարհիկների գո՞րծն է, իսկ հոգևոր հայրերինը՝ հանուն հավատի նրանց նահատակության ուղարկե՞լը… Բայց չէ, այսօր, այս պահին հեռու նման մտքերից, այսօրվա կռիվը հանուն հավատի չէ, հանուն ազատության է։ Ասել է թե՝ հետո ինչ, որ զորեղ Արտաշեսյանները, անտեղյակ Աստծո որդու մոտալուտ գալստյանը, զոհ էին մատուցում Արամազդին ու Անահիտին, Վահագնին ու Աստղիկին։ Նրանք յուրային են եղել և յուրային են մնում, միայն հուշ ու մխիթարություն չեն, անանց փառք են, գալիք օրերի, հայոց ուժի ու գեղեցկության վերածննդի հույս։ Արքաների գեղեցկությունը ուժն է, որով նրանք իրենց հովանու տակ ապրող ժողովրդին չեն տալիս օտարին գերության, տաճարներն էլ, ինչ աստծու էլ պատկանեն, մաքուր պահում օտար ոտնձգություններից։ Գեղեցկության ուժն ու ուժի գեղեցկությունը սարեր շուռ կտան, մտածում է Աբգարդպիրը Երևանի բերդի պարսպների տակ, արբեցնող խենթություն զգալով իր մեջ։ Իհարկե, երբ Հռիփսիմեի գեղեցկությունն ու Տրդատի ուժը հանդիպեցին, արևը մթնեց հայոց աշխարհում, բայց, միևնույն է, նրանց հանդիպումով բացվեց կածանը, որով Տիրոջ հավատի լույսը հայոց աշխարհ եկավ։ Լուսավորչի հավատի ուժով վառած լույսը, բայց Տրդատի կամքն էր պետք, որ խորտակեր պղնձակուռ հսկաներին։ Հայոց քրիստոնյա արքաների թուլությունը այն եղավ, որ նրանք եկեղեցու նման հակառակորդ ունեին, հայոց եկեղեցու, որն ուզում էր ինքը դառնալ հայ ժողովրդի միակ ու գերագույն առաջնորդը… Բայց չէ, բավական է, այսօր մոռանում ենք սա, այսօր հավատում ենք հաղթանակին, քանզի այսօր մենք ոչ թե հանուն հավատի ենք ռուսաց կողքին, այլ հանուն ազատության։ Ճիշտ է, ռուսը քրիստոնյա է, բայց, միևնույն է, հանուն ազատության, ավերակներից ու մոխիրներից հառնող թագավորության։ Այնպես որ՝ Աբգարդպիր թշվառական, վերջ տուր տատանումներիդ։
Այնուհանդերձ, ինքնապարսավման խարազանը Երևանի բերդի պարիսպների տակ Աբգարդպիրին երկար չսպառնաց։ Բաց դաշտում անցկացրած առաջին իսկ գիշերը հազիվ լուսացած, երբ ոտքի ելավ, ճմլկոտեց ու նորից տեսավ պարիսպները՝ իրիկնային աղջամուղջում ասես անիրական ու աստիճանաբար անեացող, իսկ հիմա խավարից անջատվող լույսի մեջ րոպե առ րոպե ավելի հաստատուն ու կարմրաշեկ հառնող, նա, ասես նույն լույսը իր ներսում էլ էր ճառագում, հանկարծ իր մեջ ուրիշ մարդ տեսավ։ Չես ասի, թե լրիվ անծանոթ, բայց ինչքան արևը բարձրանում էր, ինչքան սաստկանում էին հրաձգությունն ու թնդանոթների որոտը, ինչքան խռպոտ էին հնչում սպաների հրամաններն ու ինչքան խեղդված վիրավորների տնքոցները, նա այնքան լավ էր ճանաչում այդ մարդուն, որի հետ հիսնամյա ճանապարհ էր անցել։ Կամ, ավելի ճիշտ, հասկանում, որ առաջ ամենևին չի ճանաչել։ Ոչ այն մանուկ կրոնավորին, որը եկեղեցու շեմն էր անցնում («Այսօր ի քեզ կամեցավ պատարագել Գառն անարատ»), ոչ նոր ժամանակների հայոց պատմահայրը լինելու երազով ապրող երիտասարդ աբեղային, ոչ նրան, որ զանազան շնորհագրեր ու շրջաբերականներ հրապարակելու քարքարոտ ուղին էր ոտք դրել, հետո էլ փակվել Դադիվանքում և մինչև իսկ նրան, որը վերջին կես տարին օրը սկսում էր ոչ թե Առավոտյան, այլ մեծ գործ ձեռնարկած մարդու աղոթքով («Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տե՛ր, և զգործս ձեռաց մերոց հաջողեա՛ մեզ»)։ Հանկարծ հասկացավ, որ եկեղեցու կամարների տակ տակ ու Աստծո հավատի գրկում իր անցած ուղին սոսկ ճանապարհ էր մինչև այս օրը, որին ինքը հասնելու էր, ինչ բախտ ու ճակատագիր էլ իր ծնունդից շատ ու շատ առաջ իրեն կանխորաշած լիներ իր նախնին, քանզի իր իսկական բախտն ու ճակատագիրը կանխորոշված են եղել շատ ու շատ ավելի առաջ, այն տիեզերական բախտի ու ճակատագրի կողմից, որ երկնքի տակ շարժում է Հայաստանն իր ուսերին առած աշխարհը։ Եվ այն, ինչը իրեն երբեմն ուրացություն է թվացել, ստիպել անհաշիվ օրեր ու շաբաթներ ծոմ պահել ու ապաշխարհել, իրականում հավատարմություն էր ուխտին, որն իրեն կտակել էր ժամանակի քառուղիներով գլորվող անիվը։ Ճակատագիրը անխոնջ սերմնացան է, բայց նրա ցանած սերմը քնում է այնքան ժամանակ, մինչև որ ճայթում է անհրաժեշտության ամպրոպն ու բարեբեր մաղթանքով ցողում ազգի կարոտը։ Եվ իր ոչ թե մեղքը, այլ խաչն է, որ սերմը այսօր է ծիլ տալիս։ Որ այսօր է բացվում այն դուռը, որով վերադառնալու է հայոց արքաների երբեմնի փառքը, նորից թնդալու Հայաստան անունը, ավեր ու ավար վերանալու հայոց աշխարհից։
Վեց լուսաբաց Երևանի բերդի պարիսպների տակ Աբգարդպիր վարդապետի շուրթերից չէր իջնում աղոթքը («Խաչը Քո եղիցի մեզ ապավեն, Տե՛ր Հիսուս»), վեց լուսաբաց նա նեղության ժամի մրմունջ էր ուղղում առ Աստված («Օգնեա՛ մեզ, Տե՛ր, օգնեա՛ մեզ, Աստվա՛ծ փրկիչ մեր, վասն մեծի փառաց անվանդ Քո»), չնկատելով, որ աղոթքների արանքում Կրակն ու Ջուրը հաշտեցրած իր հոգում փառահեղ հանդիսավորությամբ իր ծնունդն է տոնում նաև մեկ ուրիշ աստված. «Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, /Ընդ եղեգան փող բոց ելանէր /Եվ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ…»։
Իսկ յոթերորդ լուսաբացին վարդապետի աղոթքները հասան Աստծուն կամ արդեն առնականացած «խարտեաշ պատանեկիկը» Պասկևիչի գլուխն էլ մտավ, համենայն դեպս, լույսը սքանչելի տեսարան էր բացում. գոռոզ կարմրաշեկ պարիսպները մի շաբաթում փլատակների էին վերածվել, և նա գրոհի հրաման տվեց։ Իսկ կեսօրից քիչ անց բերդապահ զորքը հանձնվեց, Հասան խանն էլ հետները։

***
Երևանի բերդի գրավումով, որքան էլ զարմանալի թվա, ավարտվում է Աբգարդպիր վարդապետին ժամանակավորապես համակած ոգևորությունը: Առաջին լեղին կաթեցնում է բերդը: Հիմա, երբ արդեն գրավված է, դժվար չէ հասկանալ, որ սոսկ կավաշեն մի կառույց էր և անզոր եղավ դիմագրավելու ոչ թե զորքի անօրինակ հերոսականությանը (ռուսական բանակի կորուստները հարյուր զինվորից ավելի չեն), այլ հզոր թնդանոթներին։ Շատ ավելին են քաղաքի բնակիչների կորուստները։ 19-րդ դարի գրավոր մի աղբյուր («Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը եւ Կովկասի հայք XIX դարում», հեղինակ` Աղէքսանդր Երիցեանց) վկայում է. «Երևանի համար սարսափելի էր սեպտեմբերի 30-ի գիշերը, երբ 40 թնդանոթ մինչև լույս 1000 ռումբ ածին քաղաք և քանդեցին շատ շինություններ։ Բնակիչները կոտորվում էին փլատակների տակ։ Հոկտեմբերի 1-ին բացվեցին քաղաքի դռները, զորքը ներս մտավ և 2-3 ժամ թալանեց բնակչությանը, մինչև, որ զորապետերը վերահաստատեցին կարգապահությունը»։ Բայց հարյուրավոր զոհերն ու ընդամենը 2-3 ժամվա թալանը դատարկ բան են, կարևոր է, որ բերդը գրավված է, և Ներսես սրբազանը, Թիֆլիսում ռուսաց զենքի հաղթանակների հանդիսություններում հարուստ փորձ կուտակած, հաջորդ օրն իսկ՝ հոկտեմբերի 2-ին, զորահանդես է կազմակերպում։ Նույն աղբյուրը հայտնում է. «Երբ Ներսեսը գովաբանական մաղթանքը վերջացրեց, արձակվեցան ռուսաց բոլոր թնդանոթները, նրանց որոտից դղրդաց օդը և բերդի պատերից մեկը փլվելով թաղեց յուր տակ հանդիսատես հայերի քանի մի տասնյակ հոգի»։ Սակայն, սա էլ չի կարող հաղթանակի բերկրանքը դառնացնել, և ևս մի հաջորդ օր՝ հոկտեմբերի 3, և Ներսեսը Ջրօրհնեքի հանդես է կազմակերպում ռուսաց զորքի մասնակցությամբ։ Ավելին, հպարտ ու հիացած, նա այս հանդիսությունների մանրամասն նկարագրությամբ թուղթ է առաքում Էջմիածին, իսկ երևանցիները (հասկանալի է, փլատակների տակ չմնացածներն ու թալանից էժան պրծածները) դրամահավաք են սկսում, հավաքում են նաև թանկարժեք իրեր, ազատարարներին նվիրում։
Սրբազանի ջանքերը շռայլ պտղաբերում են դեռ գարուն չեկած, ցուրտ հունվարին, Պետերբուրգում. Նիկոլայ կայսրը հրովարտակ է ստորագրում՝ նրան Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրում. «…Պատերազմի ողջ ընթացքում դուք աչքի եք ընկել առանձնահատուկ ջերմեռանդությամբ դեպի Ռուսաստանի շահերը և հաստատուն եք պահել հայ ժողովրդի՝ մեր հանդեպ ունեցած բարեկամական զգացմունքը…»: Իրավացի է կայսրը, մտածում է Աբգարդպիրը, ոչ ոք այնքան ջերմեռանդորեն չի ջանացել ռուսական զենքի հաջողության համար, որքան սրբազանը, և ինքը նրա ոգևորությունը հասկանում է, չի հասկանում, թե ինչու են ոգևորվել մյուսները, Երևանի բերդը ընկել է, հետո՞…
«Հետո»-ին սպասում են բոլորը: Այդ թվում նաև Աբգարդպիրի՝ Թիֆլիսից ափալ-թափալ ժամանած եղբայրը, որը Աստծո ամեն օրը սկսում է միևնույն հարցով. «Գուցե այսօ՞ր, հը՞»։ Չէ, դեռ շուտ է, համբերենք պատերազմը ավարտվի։ Իսկ ռուսաց վերջնական հաղթանակը հեռու չէ: Երևանից հետո գրավվել է Թավրիզը, ապա մեկը մյուսի ետևից Մարաղան, Խոյը, Ուրմիան, Սալմաստը… Ռուսները արդեն սպառնում են Թեհրանին: Վե՛րջ, շահը իրեն պարտված է ճանաչում, հաշտության բանակցություններ առաջարկում, ասել է թե հայոց անկախ պետականության աստղի ճառագելուն շատ չմնաց: Ահա բանակցություններն էլ ավարտվեցին, ամբողջ Հարավային Կովկասը այսուհետ ռուսների տիրապետության տակ է, և «գուցե այսօ՞ր», «գուցե վա՞ղը» օրը բացող ու փակող հարցերն ըստ երևույթին ոչ միայն Աբգարդպիր վարդապետի հոգուն են հասնում, այլև հեռակա կարգով Սրբազան Ռուսիո կայսրի, և Թուրքմենչայի պայմանագրի ամիսը չլրացած Երևանի և Նախիջևանի նախկին խանությունները հռչակվում են Հայկական մարզ: Ստեղծվում է Ժամանակավոր վարչություն, որի երկրորդ դեմքը գեներալ Կրասովսկուց հետո Ներսես արքեպիսկոպոսն է: Միանգամայն տրամաբանական ընտրություն. մեկը կայսեր ներկայացուցիչն է, մյուսը հայ ժողովրդի: Կարծես թե այլևս հարցեր չպետք է ծագեն, բայց չէ, ծագում են, ընդ որում նաև այնպիսի մեկից, որից գլուխն ազատել հնարավոր չէ, ասել է թե սեփական անձից, որին պատասխան վարդապետը չունի և քարը փեշից թափած՝ ընդունելություն է խնդրում մարզային վարչության երկրորդ դեմքից։ «Խաբվա՞ծ ես, թե՞ խաբում ես» բաժանարար գիծը առաջվա պես արանքում է, բայց չէ, չարախնդալու նպատակ չունի (ինչ էիր ուզում, ինչ ստացար), եթե Սրբազանի հոգում թախիծ է, Աբգարդպիրը կիսում է այդ թախիծը։ Եվ առաջին բանը, որ ասում է, հետևյալն է.
— Մարզը, իհարկե, թագավորություն չէ, բայց ամեն ինչ միանգամից չպահանջենք:
Սրբազանը համաձայն է, այո, պետք է գոհանալ եղածով։ Ապա, հազվադեպ բան, անկեղծ ժպիտով ավելացնում է.
—Առավել ևս, որ արժանի թագավորացու էլ առայժմ չկա։
—Իսկ գուցե պետք էլ չէ,— շարունակում է Աբգարդպիրը՝ նույնպես ժպիտով,— քանզի ռուսաց ցարի տիտղոսներին ավելացել է ևս մեկը՝ «Տեր և թագավոր Հայկական մարզի»:
Աշտարակեցին արձագանքում է ոչ միանգամից, բայց համոզված.
— Վարդապետ, ես քաջ գիտեմ մտատանջություններդ, քանզի դրանք նաև իմն են: Ես շատ անքուն գիշերներ եմ լուսացրել աղոթելով, որ մեր անլուր զոհողությունները իզուր չանցնեն: Փառք Աստծո, մեր և ռուսաց հարաբերությունները այսօր ինչպես երբեք ամուր են: Քայլ առ քայլ առաջանանք, շտապել պետք չէ, ջանանք ամրացնել մարզի ինքնավարությունը, մոտեցնել մեր երազանքի օրը։
— Ջանանք, Սրբազան,— ասում է Աբգարդպիրը՝ ոտքի ելնելով:
Ժամն է հեռանալու: Այնուհանդերձ, վարդապետը մի պահ ոտքը կախ է գցում: Հիշել է Ալեքսանդր Նևսկու շքանշանը: Հետո ոչ մի կերպ չի կարողանում կռահել, թե ինչը վերջին պահին փակեց իր լեզուն, խեղդեց շնորհավորանքը: Ինչու՞ իրեն թվաց, թե դա հեգնանք կհնչի: Չէ որ այն ժամանակ Ներսեսը դեռ համոզված էր, որ իր բռնած ուղին անսխալ է, հավատում էր պետականության հեռանկարին՝ թեկուզև ռուսաց խնամակալության ներքո: Չգիտեր, այնուհանդերձ, զգաց, որ շնորհավորանքը տեղին չէ ու լռեց: Միթե՞ հիշել էր Բյուզանդական կայսրերի կողմից պարգևատրվող հայ իշխաններին ու հոգևորականներին: Անմնացորդ ծառայությունների համար պարգևատրվող: Ոչ թե սեփական երկրին ու ժողովրդին, այլ օտարին մատուցած ծառյությունների: Երբ ազգիդ ու հայրենիքիդ ես ծառայում, պարտքդ ես կատարում, իսկ ծառայությունը օտարին սոսկ ծառայություն է: Ինչևէ, մտածում է, գուցե խտացնում եմ գույները, գուցե անցյալն է աչքս վախեցրել, գուցե հիմա ժամանակները ուրիշ են: Հուսանք, մտածում է, սխալվում եմ: Այսպես է մտածում Աբգարդպիր վարդապետը, իսկ շուրջ երկու դար անց Պողոս Տիրատուրյանը ասում էր եղբորը.
— Զարմանալի է, բայց միայն Աբգարդպիրի մտքով է անցնում այս համեմատությունը. մինչ այս էլ Հայաստանն ուներ իր թագավորը՝ դա պարսից շահն էր. հիմա էլ ռուսաց ցարն է: Այսինքն՝ մի թագավորի փոխարեն մյուսը, պարզապես այս մեկը ավելի լավն է, իսկ ավելի ճիշտ, առայժմ թվում է, թե ավելի լավն է: Եվ եկեղեցիներում գոհացողական մաղթանքներ են կատարվում ցարական «մեծ ողորմածության» առիթով: Հասկացա՞ր, թե որ ողորմածության: Որ նա հաճել է իր տիտղոսներին «Տեր և Թագավոր Հայկական մարզի»-ն ավելացնել: Պատկերացնու՞մ ես, հանկարծ ցարը ասեր. «Ախպեր, ես ձեր հավեսը չունեմ, գնացեք ձեզ ուրիշ թագավոր գտեք: Կամ. «Էսքան բան արեցի ձեզ համար, քանի տարի կռիվ տվեցի, պետական գանձարանից էսքան ու էսքան ծախսեցի, հիմա մենք գնում ենք Հարավային Կովկասից, դուք ոնց կարող եք ձեր գլխի ճարը տեսեք»: Համենայնդեպս, երբ կարդում ես թե ինչեր են արել հայ քաղաքական մտքի առաջնորդները մազերդ բիզ-բիզ են կանգնում:
— Լսիր,— ասում էր Պետրոս եղբայրը,— մարդիկ էն ժամանակ ուրախացել են, դու հիմա նրանց փոխարեն սուգ ես անում… Իսկ էստեղ, որ աչքս ես խոթում, ահա, պարզ գրված է. «Արղությաններն ու Լազարյանները Երևանի գրավումից հազիվ մեկ ամիս անց հիշում են Արղության պապի կազմած տեքստը, այսպես ասած պայմանագիր, որ պետք է կնքվեր ռուս և հայ ժողովուրդների միջև՝ հայերի քաղաքական դրության վերականգնման, ավելի պարզ ասած՝ հայկական թագավորության ստեղծման մասին՝ թագավորի ընտրությունը վերապահելով կայսրին»: Վա՞տ էին անում:
— Չէ, չէ,— ասում էր Պողոսը,— լավ էին արել, որ հիշել էին, բայց ցարը գժվե՞լ էր, պայմանագիր կնքեր, թագավորություն ստեղծեր, մեկին էլ թագավոր դներ, նվաճել է, իրենն է, ինքն էլ թագավորը: Աբգարդպիրն էլ է միամիտ, դեռ հույսեր ունի…
Իսկ Աբգարդպիր վարդապետը դարձյալ սրբազանի շեմն է մաշում: Միակ բանը որ իմանում է և որը ծնծղաներով է թնդում է վարդապետի սրտում, այն է, որ սրբազանը նամակը նամակի ետևից է ուղարկում ռուսական արքունիք: Լավ է ճանաչում իր դասընկերոջը, գիտի՝ եթե մտքում մի բան դրեց, հասնելու է դրան, տա Աստված, որ այս անգամ էլ այդպես լինի:
Իսկ եթե Աբգարդպիր վարդապետին իր կասկածների ու տագնապների հետ մի կողմ դնենք, առավել ևս, որ նա կաթիլ է ծովում, ապա հետադարձ հայացք նետելով պիտի ընդունենք, որ լավատեսական մթնոլորտում է 1828-ի գարունը առաջանում դեպի պայծառ մայիս և, թերևս, ավելի պայծառ, քան իր բազմաթիվ նախորդները: Իհարկե, Հայաստանը որպես վերականգնված քաղաքական միավոր ընդամենը խոստումների ու սպասումների խանձարուրում է, առնվազն բախտ է որոնում Պետերբուրգ – Երևան ճամփեքին, բայց կենաց ասելու առիթ, այնուհանդերձ, կա ու կա՝ թե հողը, թե այն վարող-ցանողը այսուհետ ռուսահպատակ են: Իսկ երջանիկներից երջանիկը՝ Ներսես Աշտարակեցին, իր ուրախությանը համայն հայությանը մասնակից դարձնելու համար շրջաբերական է ուղարկում բոլոր հայկական օջախները, մանրամասն նկարագրելով, թե ինչպես ձեռք բերվեց Հայաստանի պարսկական մասի ազատագրումը, ինչ է արվում ներկայումս և ինչեր պիտի արվեն ապագայում: Եվ ի ամոթ թերահավատ Աբգարդպիր վարդապետի, շրջաբերականը ամենուր ընդունվում է ցնծությամբ: Արժե հատկապես հիշատակել Հնդկաստանի հայերին: Կալկաթայի ու Մադրասի հայ վաճառականները ժողովներ են հրավիրում, միմյանց աչքալուսանք տալիս, Մեսրոպ Թաղիադյանը բոցաշունչ ճառով Նիկոլայ ցարին հռչակում է ազգերի ու հատկապես հայերի ազատարար ու բարերար, հայ վաճառականներին կոչ անում թողնել Հնդկաստանը, ապրել ու գործել բազմադարյան ստրկությունից ազատագրված Արարատյան դաշտում: Ավելորդ է ասել, որ հնդկահայերից ոչ մեկի մտքով չանցավ «ազատագրված» Հայաստան տեղափոխվել, ինքը՝ «Վերադարձ դեպի հայրենիք» կոչի հեղինակ Մեսրոպ Թաղիադյանն էլ, Էջմիածնից Հնդկաստան գնացած անգլիական ճեմարանում ուսանելու, գերադասեց մնալ Հնդկաստանում, հնդկահայ գրող կոչվել, սակայն նրանք չզլացան հայրենաշունչ զեղումներով երկար-բարակ պատասխանել Ներսես Աշտարակեցու շրջաբերականին, որդիական սեր խոստովանել «ազատագրված» Էջմիածնին, փառաբանել Նիկոլայ ցարին, բախտավոր աստղի տակ ծնված երևանցիներին ասիական բռի վարք ու բարքին հրաժեշտ տալու և ռուսական շվաքի տակ լուսավորվելու կոչեր հղել: Ռուսական ազատագրության բարիքների ըմբոշխնումը մնաց Պարսկաստանից ներգաղթող թշվառներին:
Շուրջ երկու դար առաջ պարսից շահն էր հոգացել իր երկիրը աշխատասեր ու ստեղծարար բնակիչներով լցնելու հարցը՝ Արարատյան դաշտից հայերին բռնի տեղափոխելով Պարսկաստան, հիմա ռուսաց ցարն է իր նվաճած տարածքները բնակեցնում նույն տարրով՝ բռնագաղթի ենթարկվածների սերունդներին ստիպելով վերադառնալ իրենց նախապապերի անցած ճանապարհով: Ճիշտ է, կա ռուս-պարսկական համաձայնագիր այս ներգաղթի վերաբերյալ, բայց այն կամավորության սկզբունքով է, պարսկական կողմն էլ համոզված է, որ Պարսկաստանում տուն ու տեղ դրած, բարեկեցության հասած հայերի մտքովն իսկ չի անցնի քար գցել սեփական բախտին՝ անհայտ է թե ուր և ինչի գնալ: Բայց Ներսես Աշտարակեցու գլխավորությամբ գործի է անցնում հայ հոգևորականությունը: Նրա խորհրդով Պասկևիչը գործի է դնում նաև Ռուսաստանի հայ «էլիտային»: Ռուսները ահաբեկում են, որ հենց իրենք ոտքները քաշեն, պարսիկները պարտությունների վրեժը լուծելու են պարսկահայերից, Ռուսաստանի հայ «էլիտան» էլ մասնավորապես ի դեմս գնդապետ Լազարյանի շլացնում է խոստումներով: Ընդհանրապես գնդապետ Ղազար Լազարյանը՝ ներգաղթի գլխավոր պատասխանատուն, եկեղեցու կողմից վեհազն իշխան, իշխանապետ հորջորջվող, ներկայանալի արտաքինով ու կեցվածքով երիտասարդ տղամարդ, գեղեցիկ նժույգ թամբած, շքեղ հանդերձավորված, գյուղից գյուղ անցնելով, ինքնստինքյան լավ գովազդ է խոստացվող ոսկու սարերի: Մի խայծ էլ Հայկական մարզն է, որը ներկայացվում է որպես հայկական պետություն Ռուսաստանի հովանավորության ներքո: Եվ պարսկահայության մի հատված անսաց սպառնալիքներին, կուլ տվեց խոստումների խայծը: Ներգաղթեց ավելի քան 40 000 հայ, որպեսզի Հայկական մարզում, փրկիչ Ռուսաստանի հովանու տակ մատնվի անմարդկային զրկանքների, շուրջ 10 000 զոհ տա: Ասել է թե՝ այս հարցում էլ Ռուսաստանը չսխալվեց։ Նախատեսված էր Արևելահայաստանը բնակեցնել կազակներով, բայց այդ նախագիծը թանկ թվաց, իսկ պարսկահայերին ամենևին էլ պարտադիր չէր կյանքի քիչ թե շատ տանելի պայմաններով ապահովել։

Թողնել մեկնաբանություն