Հատուած «Մենութիւնը» վէպից
– Էս իմ Տիրանի չափ երեխայ էի,– սկսեց պատմել Արամը՝ դողացող-խեղդուած ձայնով։– Տանը՝ ցուրտ, սառնամանիք, դուրս ու ներս տարբերութիւն չկար։ Վառելիքի մի եղունգաչափ կտոր անգամ չէր ճարւում․ ամբողջ աթարը վառել էինք, ծառերը կտրել, վառել էինք, տանիքի տախտակները քանդել, վառել էինք, տանը մի թախտ ունէինք, մի քանի աթոռ ու մի սեղան ունէինք՝ քանդել, վառել էինք, ինչքան փալաս-փուլուս կար՝ ամբողջը վառել էինք։ Քամին վազվզում էր դատարկ տան մէջ։ Հայրիկը պատերազմում էր, էդպէս էլ գնացել էր ու գնացել, ոչ մի լուր չունէինք․ կենդանի՞ էր, թէ՞ զոհուել էր՝ չգիտէինք։ Ես էի մնացել որպէս տան տղամարդ՝ տասը-տասնմէկ տարեկան մի երեխայ։ Էդ ցուրտ ձմռանը մի տակ շորով ինձ գցում էի դէսուդէն, որ մի կտոր հաց, մի բուռ գարու քուսպ ճարէի, բայց էդ էլ չէր ճարւում կամ մի օր ճարւում էր՝ հինգ օր չէր ճարւում, տանը՝ ցուրտ, մութ, լոյս չկար։ Շահէնը դեռ կրծքի երեխայ էր, Լուսիկ մայրիկս՝ նիհար, անգոյն, կուրծքը՝ ցամաք, կաթ չկար, հազիւ էր ոտքի վրայ մնում։ Էդ երեխան սովից անընդհատ ճչում էր ու խեղդւում, իմ էն միւս փոքր քոյր ու եղբայրները՝ Զուարթը, Վահանը, Հրայրն ու Արփին, կմախք էին դարձել․ անվերջ կախւում էին ինձնից, հաց էին ուզում, ես էլ անվերջ խաբում էի, թէ՝ էսօր կբերեմ, վաղը կբերեմ, սպասէք, համբերէք, երեխէք ջան, կբերեմ։ Ինձ գցում էի դուրս, մի անկիւն քաշուած՝ մթան մէջ լաց էի լինում՝ ամօթից, ցաւից, անզօրութիւնից, ի՛մ իսկ նկատմամբ ատելութիւնից։ Սպասում էի, որ երեխէքը լացից ուժասպառուեն ու քնեն, որ կարողանամ մտնել տուն․․․
Ամբողջ ընտանիքով քնում էինք յատակին, իրար սեղմուած, մի կտոր փալասով ծածկուած։ Դեռ լոյսը չբացուած՝ ինձ նետում էի դուրս՝ մի կտոր ուտելի բան ճարելու։ Սրա-նրա դռանը չարքաշութիւն էի անում, որ մի բան տային ձեռքս, բերէի տուն, բայց ձմռան հետ էդ վերջին ճարն էլ կտրուեց։ Ստիպուած՝ այլեւս դպրոց չգնացի․ ո՞նց կարող ես դաս սովորել, երբ սովից աչքերդ մթնում են, ամբողջ ընտանիքդ սովից մեռնում է։ Բայց զարմանք բան էր․ ես ինքս շատ անգամ սով չէի զգում, ոնց ասեմ, ինքս ինձ թոյլ չէի տալիս, որ սով զգամ․ մատներով քերում էի ձիւնը, մի տերեւ, մի նեխած միրգ կամ հէնց ձիւն էի ուտում, որ սովս անցնի․․․
Մի օր էլ իմացայ, որ Պետիկը դարձել է գիւղի նախագահը․ էն ժամանակ նա ջահէլ տղայ էր՝ մի տասնվեց-տասնեօթ տարեկան, էն հազուագիւտ մարդկանցից, որ ուսում էր առել, այսինքն՝ գրել-կարդալ գիտէր, ու դարձել էր գիւղի նախագահը։ Գնացի Պետիկի մօտ, ասացի՝ էսպէս-էսպէս, երեխէքը սովից կոտորւում են։ Չդիմացաւ, լաց եղաւ։ Ասաց․ «Արամ ջան, ամբողջ գիւղն էդ վիճակում է, ես էլ եմ էդ վիճակում, ի՞նչ անեմ․․․»։ Պետիկն իրենից մեծ երեք եղբայր ունէր պատերազմում․ մէկը զոհուել էր, միւս երկուսն էլ՝ անհետ կորել, բայց յետոյ պարզուեց, որ նրանք էլ էին զոհուել․․․ Սիրտը չդիմացաւ ու լաց եղաւ։ Պետիկն էր նրանց ընտանիքների հոգսը քաշում։ Ասաց․ «Ի՞նչ անեմ, ոչինչ չեմ կարող անել․․․»։ Օրէնքները դաժան էին․ ում գրպանում մի ծտի կերի չափ ցորեն կամ մի կէս բուռ գարի էին գտնում, բռնում տանում էին, աչքից կորցնում։ Թէ ի՛նչ էին էդ խեղճերի հետ անում, ի՛նչ չէին անում՝ չգիտեմ․ էդ մարդկանց է՛լ ոչ ոք չէր տեսնում։ Բոլորն իրար մատնում էին, քանի որ ասում էին, թէ ամէն-ամէն ինչ պատերազմի համար է․ մի կիսակենդան ոչխարի կամ մի հորթի կեանքը աւելի թանկ էր, քան մարդու կեանքը․․․
Մի օր էլ լուր տարածուեց, թէ մի շատ կարեւոր մարդ է եկել՝ քննելու գիւղի գործերը։ Էդ իրիկունը, գիշերուայ դէմ, դուռը յանկարծ ծեծեցին, դուրս թռայ, տեսայ՝ մթան մէջ կանգնած է կատարածու Անթեւ Գրոն, որը հազար տեղից վիրաւոր՝ յետ էր եկել պատերազմից․ խեղճը հէնց էդ նոյն տարում էլ սովից մեռաւ, բայց բախտը բերեց՝ ի՛ր տան մէջ մեռաւ․․․ Մի խօսքով, Գրոն ասաց, թէ Պետիկն ինձ շտապ կանչում է։ Գնացի։ Պետիկն ականջիս շշնջաց, թէ շատ կարեւոր մի մարդ է եկել գիւղ․ էդ մարդն ինչ ասի, կասես՝ հա՛, յանկարծ չասես՝ հօրս տարել են պատերազմ, կասես՝ հայրս գնացե՛լ է պատերազմ, հասկացա՞ր, ու մտցրեց ներս, դուռը փակեց։ Վախվխելով մտայ ներս, տեսայ հեռու սեղանի մօտ, լուսամուտից ընկնող լուսնի լոյսի մէջ մի մարդ է նստած՝ քուրքը հագին, սեւ բրդէ ականջաւոր գլխարկով, բայց դէմքը ստուերի մէջ էր, չէր երեւում։ Էսպէս ազդու ձայնով էդ մարդը հարցրեց․ «Ո՞ւր է հայրդ»։ Ասացի․ «Գնացել է պատերազմ»։ «Անունդ ի՞նչ է»։ Ասացի․ «Արամ»։ «Քանի՞ երեխայ էք»։ Ասացի․ «Վեց»։ Էդ մարդը մի քիչ լռեց, յետոյ հարցրեց․ «Քանի՞ կիլօ կարող ես տանել»։ «Ինչքան էլ լինի՝ կտանեմ, ես ուժեղ եմ»,– հաստատ ասացի ես՝ նուաղելով էն մտքից, որ երեւի խօսքը ալիւրի մասին է։ Էդ մարդը նորից լռեց։ Յետոյ ասաց․ «Կանչի՛ր Պետիկին»։ Պետիկն էսպէս վախուորած մտաւ ներս ու կանգնեց նրա դիմաց։ Առանց նայելու, էդ մարդն ասաց․ «Ուղարկի՛ր էս տղային, թո՛ղ բերի աղը։ Յետոյ էն շների քսպից երկու կիլօ դուրս կգրե՛ս, թո՛ղ տանի տուն»։ Ես երջանիկ էի, չէի կարողանում հաւատալ, որ էդքան մարդկանց մէջ հէնց ի՛նձ բաժին ընկաւ էդ բախտը, թէեւ չգիտէի, թէ ինչի մասին է խօսքը։ Յետոյ պարզուեց, որ մեր հարեւան Աստղաբերդում – մեր գիւղից վերեւ, սարերի մէջ կորած, Աստղաբերդ անունով մի փոքրիկ գիւղ կար, որ հիմա աւէրակ է – մի հովուի տան նկուղից ամբողջ տասնհինգ կիլօ պատի մէջ թաքցրած քարաղ էին գտել ու տեղնուտեղը խեղճ մարդուն փռել իր տան շեմքին։ Դէ, առանց քարաղի, անասունները չեն կարող երկար ապրել, գժւում են կամ սատկում։ Պետիկն աղաչել-պաղատել էր էդ քուրքով մարդուն, որ նա էդ գտնուած աղը՝ ամբողջ տասնհինգ կիլօ, յատկացնի մեր գիւղին, քանի որ մեր ոչխարներն անաղ սատկում էին, ու Պետիկը շատ էր ուրախացել, որ էդ մարդը համաձայնել էր․․․
Պետիկն ասաց․ «Արամ ջան, լաւ կլինի՝ լոյսով գնաս, մթնով՝ գաս, որ ամեն մարդ-մուրդ չտեսնի»։ Ինձ տարաւ պահեստ, մի քաթանէ պարկ տուեց ձեռքս, գրպանս մի թուղթ դրեց ու բացատրեց, թէ Աստղաբերդում էդ թուղթը ո՛ւմ պիտի տամ ու ինձ յոյսով ճամփայ դրեց՝ ասելով․ «Գնա, Արամ ջան, ախպէ՛ր ջան, քո բախտը քեզ հետ»։ Պարկն առած՝ թռայ դուրս․ ի՜նչ լոյս, ի՜նչ մութ՝ ոչ մի բան աչքիս չէր գալիս․ աշխարհի ամբողջ ուժը հաւաքել, տուել էին ինձ։ Ուրախութիւնից գժուել էի, սիրտս երկինք էր ելնում էն մտքից, որ մեր ընտանիքը փրկուելու է սովից, արդէ՛ն փրկուած է սովից, ու ուզում էի, որ վայրկեան առաջ շուտ գար էդ փրկութիւնը․․․
Գիւղից դուրս եկայ ու նոր միայն զգացի, թէ ի՜նչ զարհուրելի սառնամանիք է։ Պարկը փաթաթեցի մէջքիս ու ընկայ դէպի Աստղաբերդ տանող արահետը, որ ձմեռները Աստղաբերդի միակ կապն էր աշխարհի հետ։ Էդպէս գիշերով էդ սարերն ու հսկայ ձորերը դէմ տուած՝ սկսեցի ելնել։ Աջից ու ձախից մարդահասակ ձիւն էր կանգնած, ու ես էդ արահետի մէջ հազիւ էի երեւում, էն զգացումն ունէի, թէ ուր որ է քամին ճակատս ուղղակի կպոկի ու կգցի ոտքերիս տակ։ Սկսեցի քայլել կռացած․ կարծում էի, թէ էդպէս գազաններն ինձ չեն նկատի, բայց, թարսի պէս, մեծ, ահաւոր մեծ լուսին էր, ու ամէն քար ու թուփ պարզ փայլում էին փոշենման խաւարում։ Ամեն ստուեր աչքիս գայլ էր թւում, վախենում էի․ քանի՜-քանի՜ մարդու գայլերը յօշոտել էին էդ ճամփին։ Իմ մասին չէի մտածում, վախ չունէի, բայց վախենում էի, որ եթէ ինձ մի բան պատահի, մեր ընտանիքը սովից կմեռնի․ դա միակ բանն էր, ինչից սարսափում էի, ու, երեւի, դա էր, որ ինձ փրկեց․․․
Էդպէս վախենալով-չվախենալով, ցրտից սրթսրթալով՝ լրիւ փայտացած հասայ Աստղաբերդ։ Գտայ էդ տունը, դուռը ծեծեցի, մի մարդ քնաթաթախ բացեց դուռն ու ապշեց՝ իր դիմաց տեսնելով ցրտից կուչ եկած, ոտքից գլուխ սառոյց կտրած մի երեխայ՝ մի տակ շորով ու քրքրուած կօշիկներով։ Էդ մարդու տնից տաքութիւնը միանգամից զարկեց դէմքիս, ու սիրտս նուաղեց։ Հոտից զգացի, որ աթար է վառում․ ի՜նչ բախտաւորութիւն․․․ Էսպէս մռայլ, մազակալած դէմքով, չորչորուկ մի մարդ էր՝ հրացանը ձեռքին։ Ինձ ներս կանչեց, ասաց՝ կտաքանաս ու նոր կգնաս։ Ասացի՝ չէ, մինչեւ լոյսը բացուելը պիտի հասնեմ գիւղ։ Էդ մարդը գլուխն օրօրեց, լուսնի լոյսով մի անգամ էլ կարդաց թուղթը, ու առանց մի բառ ասելու, աղաքարերը դրեց պարկի մէջ ու դրեց շալակս։ Ես քիչ էր մնում էդ ծանրութեան տակ ծնկէի, բայց վախեցայ, որ էդ մարդը ձեռքիցս յետ կվերցնէր պարկը, ու մի կերպ ինձ պահեցի, որ չգլորուեմ գետին։ Էդպէս աղը շալակած՝ նոյն ճամփով յետ դարձայ։ Էդ անտէր աղաքարերը շատ ծանր էին․ գնում էի ճկռած, բայց ինձ թոյլ չէի տալիս հանգստանալու, որովհետեւ գիտէի, որ ամէն կորցրած վայրկեանը կարող է կեանք արժենալ՝ իմ մօր, իմ քոյրերի, իմ եղբայրների կեանքը։ Ինքս ինձ անընդհատ յոյս էի տալիս․ ասում էի՝ իջնելը հեշտ է, կդիմանամ, պիտի՛ դիմանամ․․․
Լուսինն արդէն ահագին թեքուել էր, ստուերները շատացել էին, ու երբ իջայ Ծմակաձորի յատակը, շուրջը լրիւ մթնեց։ Ոչինչ չէր երեւում։ Անընդհատ զարկւում էի արահետի մէ՛կ էս, մէ՛կ էն ձնապատին։ Վախենում էի, որ յանկարծ դրանից կարող է, է՜, սարերի գլխից մի ձիւնահիւսք դղրդոցով պոկուել ու տակով անել ի՛նձ էլ, ա՛ղն էլ, աշխա՛րհն էլ․․․ Մէկ էլ գայլի ոռնոց եկաւ։ Փշաքաղուեցի։ Շունչս պահած՝ ականջ դրեցի․ էդ ոռնոցը կրկնուեց, ու ես տարբերեցի, որ դա գայլի հեռո՜ւ ոռնոց է, որ գալիս է Աստղաբերդի կողմերից։ Քիչ անց հակառակ կողմից լսուեց մի ուրիշ ոռնոց, որ եկաւ ցածի հովիտներից, ու ես սրտապնդուած շունչ քաշեցի․ գայլերն իրար ձայն էին տալիս, հարցնում՝ ինչ կայ-չկայ, մի բան գտա՞ր, թէ՞ չէ, ու ես հասկացայ, որ դա ինձ հետ կապ չունի․․․
Երբ կանգնեցի Դարատափի գլխին, զարմացայ․ գիւղը մեռած էր, ոչ մի կենդանի շունչ․ ցաւից կուչ եկած մի աւէրակ էր։ Մնացած ճամփան անցայ համարեա վազելով, թէ որտեղի՜ց ինձ էդքան ուժ՝ չգիտեմ․ արդէն սովորել էի աղի ծանրութեանը, համարեա չէի զգում։ Աղաքարերը հարել էին թիկունքս, մէջքս ցաւոտ մրմռում էր, բայց ես ուշք չէի դարձնում։ Ցրտից փայտացած մատներով մի կերպ բացեցի պահեստի դուռը, տեսայ՝ Պետիկը քսպի պարկերին թիկն տուած՝ քնել է։ Վեր թռաւ տեղից, տեսաւ ինձ, աչքերին չհաւատաց։ Գոռաց․ «Վա՜յ, Արամ ջան, վա՜յ, քո ցաւը տանե՜մ, դու եկա՞ր․․․»։ Անմիջապէս կշռեց աղը, դրեց մի կողմ, յետոյ մի ամանի մէջ արագ քուսպ լցրեց, կշռեց, աւելցուկը յետ լցրեց պարկի մէջ, ուղիղ երկու կիլօ լցրեց մի շորի մէջ, լաւ փաթաթեց, ու հացի դաստղունի պէս կապեց մէջքիս, շապիկիս տակ, որ դրսից չերեւայ, ու ասաց՝ թռիր, հասցրու երեխէքին․․․
Շնչակտուր վազում էի գիւղի ծուռտիկ-մուռտիկ, սառած փողոցներով, դեռ աղօթարան էր, դեռ մութ էր, անընդհատ սայթաքում, ընկնում էի, ու ամէն ընկնել-վերկենալու հետ թւում էր, թէ աւելի է լուսանում։ Սրտնեղութիւնից լացս գալիս էր․ գիշերով էդքան ճամփայ էի կտրել, բայց ոչ մի անգամ չէի ընկել, բայց հիմա, մեր տան ճամփին, անվերջ ընկնում էի․․․
Ինձ գցեցի տուն, դուռը բացեցի, առաջին բանը, որ ընկաւ աչքիս, Լուսիկ մայրիկս էր․ թեւին մի կերպ կռթնած՝ խոշոր-չռուած աչքերով զարմացած նայում էր ինձ։ Դէմքը՝ սպիտա՜կ-սպիտա՜կ՝ այ էս պատի պէս, մազերն՝ արձակ, ցիրուցան, կիսախաւարից ցնորուած հայեացքով, բերանը բաց՝ նայում էր ինձ, էնպէս, որ առաջին պահին չճանաչեցի․․․ ․․․․
․․․․ ․․․․ «Մա՜,– գոռացի,– քո՜ւսպ եմ բերել․․․»։ Էդպէս էդ նոյն հայեացքով Լուսիկ մայրիկս նայում էր ինձ, ասես ինձ չէր ճանաչում․․․ Մէկ էլ աչքս առաւ, տեսայ՝ մի քիչ էն կողմ, Լուսիկ մայրիկիս ոտքերի տակ ընկած է Շահէնի բարուրը․․․ Ինչ ասեմ, էն որ մէկ-մէկ կովն իր հորթին ոտքի տակ է գցում՝ այ էդպէս էդ երեխան ընկած էր Լուսիկ մայրիկիս ոտքերի տակ․․․ Թէ էդ ոնց էր եղել՝ չհասկացայ։ Էս կողմից շրջանցեցի մայրիկիս, հասայ Շահէնին, տեսայ՝ շնչում է․․․ Էլ չիմացայ, թէ ոնց քուսպը հանեցի, լցրեցի մի ամանի մէջ ու սառը ջրով բացեցի։ Մատներս զօռով մտցրեցի Շահէնի բերանը, բացեցի ու ջրիկ քուսպը զգուշօրէն լցրեցի բերանի մէջ։ Մի կում արեց, խռխռաց, յետոյ էլի մի կում ու էդպէս․․․
«Բա Զուարթիս ու Վահանիս չե՞ս տալիս․․․»,– թոյլ, նուազ, աղերսող ձայնով ասաց Լուսիկ մայրիկս։ Վահանը՝ փոքրիկ դունչը սեղմած Լուսիկ մայրիկիս կրծքին՝ քնած էր, ոնց որ կաթ ուտելիս․ Զուարթն էլ գրկել էր եղբօր մէջքն ու քնել։ Ցնցեցի, որ արթնացեմ, տեսայ՝ չեն արթնանում։ Սառը քրտինքը տուեց վրաս։ Էլի ցնցեցի, շրջեցի Վահանին մէջքի վրայ, տեսայ․․․․ ․․․․․ ․․․․ Տեսայ, վա՜յ աշխարհ, հանգե՜լ են իմ քոյրիկն ու ապէրիկը․․․․ ․․․․․ ․․․․ մէկը՝ երկու, միւսը՝ երեք տարեկան․․․․․ ․․․․․ ․․․․ Աշխարհը փլուեց գլխիս, բայց սիրտս ոնց որ քար էր դարձել․ չորացել էին լաց ու արցունք․․․ Շուռ եկայ դէպի Արփին ու Հրայրը։ Երկուսն էլ տաքութեան մէջ վառւում էին․․․․ Ո՜նց ասեմ՝ ուրախացայ, որ կենդանի են․․․․ Էդ ջրիկ քուսպը բերեցի, որ խմեցնեմ, բայց ինչ արեցի՝ չխմեցին, բերանները չէին բացում․․․․ Լաւ, ասացի, ի՞նչ անեմ, գլուխս ո՞ր քարով տամ․․․․ Ասացի․ «Մա, օգնի՜ր․․․»։ Տեսնեմ, Լուսիկ մայրիկս գլուխը դրել է գետնին ու կիպ գրկել Վահանի ու Զուարթի հանգած մարմինները։ Ասաց․ «Թող ինձ, երեխէքս կմրսեն․․․»։
Խելագարուած՝ դուրս թռայ։ Հէնց որ տնից դուրս եկայ՝ սիրտս միանգամից փուլ եկաւ․․․ Էդպէս լաց լինելով վազեցի Մարութենց տուն։ Մարութն ինձնից երկու տարով մեծ էր։ Ասաց․ «Իզուր լացուկոծ մի՛ դիր․ էդ է»։ Մի խօսքով, Մարութի հետ Վահանի ու Զուարթի երեսները փաթաթեցինք իմ բերած էդ քսպի շորով, դրեցինք երկաթէ մեր հին, կիսախախտ պատգարակին, որ Հայրիկն էր ժամանակին մի կերպ յարմարեցրել։ Դրեցինք դրա վրայ, տարանք, փոս փորեցինք, ու ես իմ էդ լոյս․․․․ ․․․․․ ․․․․ քոյրիկին ու ապէրիկին․․․ ․․․․ իմ էս կոտրած ձեռքով դրեցի գերեզման․․․ ․․․․ ․․․․ Յետոյ էդ ամբողջ օրը չարչարուեցի, որ փրկեմ Հրայրին ու Արփիին։ Դէ, ինչքան բժիշկ կար՝ պատերազմում էին․ մնացել էր մենակ անասնաբոյժ Վիրապը, էն էլ, ասում էին՝ ծանր հիւանդ, հոգին տալու վրայ է․․․ Ստիպուած վազեցի Բէդա մականունով մի կնոջ մօտ, որը գիւղում հեքիմութիւն անողի համբաւ ունէր։ Խնդրեցի, աղաչեցի, ընկայ ոտները, որ գար մեր տուն։ Էդ խեղճ կինը թողեց իր նորածին երեխային ու եկաւ։ Մոմ թափեց Հրայրի ու Արփիի գլխին, ինչ-որ աղօթք մրմնջաց, ինչ արեց-չարեց՝ ոչ մի օգուտ․․․ Հրայրն ու Արփին մենակ էսպէս խո՜ւլ նւում էին․․․ տաքութեան մէջ վառւում էին․․․ Էդ գիշերը Հրայրն էլ, Արփին էլ․․․․ ․․․ հանգան… երկուսն էլ․․․ ․․․․
․․․․ ․․․․ Էս անգամ Պետիկը մարդ էր ուղարկել, որ օգնեն ինձ թաղելու Արփիին ու Հրայրին․․․ Արփին՝ վեց, Հրայրը չորս տարեկան էր․․․․ ․․․․ Թաղեցինք Զուարթի ու Վահանի կողքին․․․ Յաջորդ գիշերը լուսադէմին էլ Լուսիկ մայրիկս մահացաւ․․․ ․․․․ Լրիւ ցնորուել էր, մենակ աչքերով հետեւում էր ինձ․․․ Կմախքացած ձեռքերով Շահէնի բարուրը գրկած՝ քնել էր․ ես էլ մէջքս պինդ սեղմել էի իր մէջքին, բայց լուսադէմին զգացի, որ մէջքս սառչում է։ Վեր թռայ, ցնցեցի, տեսայ՝ մահացել է․․․ ․․․․ իմ Լուսիկ մայրիկը․․․․ ․․․․ Էդպէս մեր մեծ տնից մնացինք ես ու Շահէնը․․․ թէ ինչո՞ւ, չգիտեմ․․․
Արամը լռեց։ Այդպէս էլ ամբողջ կեանքում Արամին չէր լքում զգացումը, թէ ինքն է մեղաւոր իր Լուսիկ մօր եւ քոյրուեղբայրների՝ Արփիի, Հրայրի, Զուարթի ու Վահանի մահուան համար։
2021թ․,