Չարլզ Դիքենս | Ի՞նչ է Սուրբ ծնունդը, երբ մեծանում ենք

Կար ժամանակ, երբ Սուրբ ծննդյան օրը, կախարդական մատանու նման պարուրելով մեր բովանդակ աշխարհը, չէր թողնում մեզ կարոտելու ու փնտրելու և ոչ մի բան, իրար էր սեղմում տնային մեր հաճույքները, հույզերն ու հույսերը, սուրբծննդյան բուխարու շուրջ էր մեկտեղում բոլորին և ամեն ինչ ու ամբողջացնում էր մեր պայծառ, մատղաշ աչքերում փայլող փոքրիկ պատկերը:
Եկավ ժամանակը, թերևս անժամանակ, երբ մեր մտքերը հաղթահարեցին այդ նեղ սահմանագիծը. կար ինչ-որ մեկը (շատ սիրելի, ինչպես կարծում էինք այդժամ, շատ գեղեցիկ ու միանգամայն անթերի), մեր լիակատար երջանկությունն էր ուզում, երբ նույնը մենք էլ էինք ուզում) կամ այդպես էինք կարծում ու ճիշտ էլ կարծում էինք) նստած բուխարու կողքին, ուր նստած էր նաև այդ ինչ-որ մեկը, երբ մեր կյանքի ամեն մի ծաղկեփունջ ու դրասանգի հետ նրա անունն էինք հյուսում:
Դա վառ, ցնորամիտ Սուրբ ծնունդների ժամանակն էր, որ դուրս էր եկել մեր միջից՝ աղոտ կերպով ցույց տալու հետամառվա անձրևը՝ ծիածանի ամենաանգույն ծայրերում: Դա երանելի հաճույքների ժամանակն էր՝ այն ամենի, որ պիտի լիներ, բայց այդպես էլ չեղավ, բայց և այն ամենի, որ այնքա՜ն իրական էր մեր հանդուգն հույսերում, որ հիմա դժվար կլիներ ասել, թե մինչև օրս ինչ իրականություններ են եղել դրանցից ավելի ուժգին:
Մի՞թե Սուրբ ծնունդն այդպես էլ չեկավ, երբ մենք և մեր անգին մարգարիտը, որ մեր երիտասարդ ընտրությունն էր, ընդունվեցինք ամուսնությունից հետո (որ ամենաերջանիկն էր բոլոր միանգամայն անհնարին ամուսնությունների), երկու միավորված ընտանիքի կողմից, որ մինչ այդ վատ հարաբերությունների մեջ էին մեր պատճառով: Կամ էլ երբ մեր երկուսի քույրերն ու եղբայրները բավական սառն էին մեր հանդեպ նախքան մեր հարաբերությունների ավարտը, խենթի պես սիրում էին մեզ արդեն, և մեր հայրերն ու մայրերը պարուրում էին մեզ անսահման հասույթո՞վ: Մի՞թե այդ Սուրբ ծննդյան ճաշն այդպես էլ չկերանք, որից հետո վեր կացանք ու առատաձեռնորեն ու ճոռոմաբար պատվեցինք երեկույթին ներկա մեր ուշացած մրցակցին, որ այստեղ-այնտեղ ընկերություն և ներողամտություն էր փոխանակում՝ հետևելով, որ իրեն չգերազանցեն մինչև մահ ձգվող հունական կամ հռոմեական պատմություն պատմելիս: Այդ նույն մրցակիցը արդեն դադարե՞լ էր մտածել այն նույն անգին մարգարտի մասին, ամուսնացել գումարի համար ու դարձել կեղեքիչ: Ի վերջո, մի՞թե մենք հիմա գիտենք, որ պետք է որ թշվառական եղած լինեինք, եթե հաղթեինք ու կրեինք այդ մարգարիտը, և որ առանց նրա մեզ ավելի լավ ենք զգում:

Այն Սուրբ ծնունդը, երբ մենք այդքան համբավ ենք ձեռք բերել, երբ ինչ-որ տեղ հաղթանակած ենք եղել մի լավ ու վսեմ արարքի համար, երբ պատվավոր ու ազնիվ անուն ենք վաստակել ու երբ տուն ենք եկել, մեզ ուրախության ծով արցունքներով են դիմավորել: Հնարավո՞ր է, որ ԱՅԴ Սուրբ ծնունդը չի եկել դեռ:
Եվ մի՞թե մեր կյանքն այնպես է կերտված, որ ամեն անգամ այս սուրբծննդյան տոնի նման մի բանի հանդիպելիս հետ ենք նայում երբեք չեղած բաներին այնպես լիարժեք ու բնականորեն, ինչպես եղած ու դեռ շարունակվող բաներին ենք նայում: Եթե դա այդպես է և այդպես է թվում, կարելի՞ է ենթադրել, որ կյանքը մի փոքր ավելի լավն է, քան երազը ու մի փոքր ավելին արժե, քան այն սերերն ու մաքառումները, որ խցկել ենք դրա մեջ:

Ո՛չ: Թող հեռու լինի մեզանից նման սխալ փիլիսոփայությունը սուրբծննդյան այս օրով, սիրելի´ ընթերցող: Ավելի մոտ ու մեզ սրտակից թող լինի այն սուրբծննդյան ոգին, որ աշխույժ օգտավետության, հարատևության, պարտքից ուրախ ձերբազատման, բարության ու հեզության ոգին է: Ու հենց վերջին առաքինությունները կատարելիս է, որ մենք հզորանում ենք կամ պիտի հզորանայինք մեր երիտասարդ տարիների՝ այդպես էլ չիրականացած երազանքներից, քանզի ո՞վ կարող է ասել, որ դրանք աշխարհումս եղած մեր նույնիսկ աներևույթ ոչ մի բաներին մեղմորեն վերաբերելու սովորեցնողները չէին:

Եվ ուրեմն՝ մեծանալուն պես եկե՜ք ավելի շնորհակալ լինենք, որ Սուրբ ծննդյան հիշողությունների և դրանց տված դասերի շրջանակը մեծանում է: Եկե՜ք ողջունենք դրանցից յուրաքանչյուրին ու հրավիրենք իրենց տեղը զբաղեցնելու Սուրբ ծննդյան խարույկի շուրջ:

Բարո՜վ եկաք, հնամենի´ ցանկություններ, կրակոտ երևակայության փայլփլու´ն արարածներ, զբաղեցրե՛ք ձեր տեղը փշարմավի հովանու տակ: Մենք ձեզ ճանաչում ենք և չենք վերապրել տակավին: Բարով եկաք հի´ն նախագծեր, հի´ն սերեր, թեև վաղանցիկ, դեպի անկյունն անխախտ լույսերի, որ վառվում են մեր շուրջ:

Բարի գալուստ այն ամենին, որ երբևէ իրական է եղել մեր սրտին, և այն լրջությանը, որ, փառք Աստծո, ձեզ իրական է դարձրել: Ի՞նչ է, մենք երկնքում Սուրբ ծննդյան դղյակներ չե՞նք կառուցում այլևս: Թող որ մեր մտքերը այս մանկանց ծաղիկների մեջ թափահարվող թիթեռների նման վկայություն տան: Այս տղայի առջևով է ձգվում Ապագան, որն ավելի պայծառ է, քան մեր հին, ռոմանտիկ ժամանակներում պատկերացրածը, բայց պայծառ՝ պատվով ու ճշմարտությամբ: Այս փոքրիկ գլխի շուրջ, որ ոսկեզօծ գանգուրներով է պատված, վայելքներն են զվարճանում՝ այնպես սիրուն, այնպես թեթև, ճիշտ այն ժամանակվա պես, երբ գերանդի չկար քաղելու մեր առաջին սիրո գանգուրները: Դրա կողքին մեկ ուրիշ աղջկա դեմքի վրա ավելի խաղաղ, բայց ժպտացող պայծառություն, մի հանդարտ ու գոհ փոքրիկ դեմք, որի վրա արդարացիորեն գրված է` «Տուն»: Փայլելով բառից, ինչպես շողերն են աստղերից փայլում, տեսնում ենք, որ երբ մեր շիրմաքարերը հին են, բոլոր հույսերը, բացի մերինից անփորձ են, բոլոր սրտերը՝ բացի մերինից՝ տեղահան եղած: Տեսնում ենք նաև՝ ինչպես են հարթվում այլոց ճանապարհները, ինչպես է ծաղկում, հասունանում ու քայքայվում այլոց երջանկությունը, ո՛չ, չի քայքայվում՝ հանուն այլ տների ու երեխաների այլ խմբի, որ դեռ հասունացած էլ չեն, որ բարձրանան, ծաղկեն ու հասունանան մինչև վերջ:

Ողջու՜յն, ամե´ն ինչ: Բարի գալուստ եղածի պես և չեղածի, հուսանք՝ նաև գալիքի, ահա ձեր տեղը՝ փշարմավի հովանու տակ, ահա ձեր տեղը Սուրբ ծննդյան խարույկի շուրջ, որտեղ, ինչ էլ որ լինի, բաց սրտով է նստում: Հեռավոր ստվերում, տեսնու՞մ ենք արդյոք կրակի միջից թաքուն դուրս պրծնող դեմքը թշնամու: Սուրբ ծննդյան այս օրով մենք ներում ենք նրան: Եթե մեզ հասցրած նրա վնասը կարող է այսպիսի ընկերակցություն ընդունել, թող նա գա այստեղ ու իր տեղը զբաղեցնի: Իսկ եթե ոչ, ափսոս, թող գնա ուրեմն՝ համոզված լինելով, որ ո´չ կվնասենք , ո´չ էլ կմեղադրենք նրան:

Այսօր մենք չենք վտարի Ոչինչը:
-Կա´նգ առ,-ասում է մի նվաղ ձայն,- ի՞նչը, Ոչի՞նչը:
-Սուրբ ծննդյան օրը մենք բոլորին կընդունենք մեր խարույկի շուրջ, այնտեղից դուրս չենք նետի ոչինչ:
-Վիթխարի քաղաքի ստվե՞րն անգամ, որտեղ թոշնած տերևներն են պառկած նիրհում,- պատասխան տվեց ձայնը:
-Ոչ էլ ստվե՞րը, որ ողջ երկրագունդն է մթագնում: Մեռյալների Քաղաքի ստվե՞րն անգամ:

Ո՛չ էլ դա: Տարվա բոլոր օրերից հենց Սուրբ ծննդյան օրը հայացքներս կուղղենք դեպի Քաղաքը, ու այդ լուռ բազմության միջից մեզ մոտ կբերենք նրանց, ում սիրում էինք: Մեռյալների քաղաք՝ օրհնված մի անուն, որտեղ այս անգամ մենք ենք հավաքվում. Նա էլ ՝ այստեղ մեր մեջ, ինչպես խոստացել էր, կընդունենք ու էլ բաց չենք թողնի քո մարդկանց, որ թանկ են մեզ:

Այո´, մենք նայում ենք այդ երեխա հրեշտակներին, որ այնքա՜ն փառավոր, այնքա՜ն գեղեցիկ են իջնում ու միանում խարույկի շուրջ հավաքված կենդանի երեխաներին, որ երևի թե շատ կուզենային իմանալ, թե ինչպես են հեռացել մեզանից: Զբաղեցնելով հրեշտակներին՝ անտեղյակ պատրիարքների նման խաղատենչ երեխաները չեն գիտակցում անգամ, որ հյուր ունեն, բայց մենք տեսնում ենք նրանց. տեսնում ենք սիրելիի վզին փաթաթված շողշողուն մի ձեռք, որ կարծես գայթակղում էր այդ հեռացած (մահացած) երեխային: Այդ երկնային կերպարանքների մեջ կար մեկը՝ խեղճ ու արտաքնապես անսովոր մի տղա՝ երկրի վրա, որ հիմա շատ էր գեղեցկացել, որի մահացող մայրն ասել էր, թե ցավում է իրեն այդքան երկար տարիներ մենակ թողնելու համար, և հավանաբար կանցնեին մինչև մորը հանդիպելը, քանի որ նա շատ փոքրիկ էր: Բայց նա արագ գնաց ու փարվեց մոր կրծքին, և մայրն այժմ ուղեկցում է որդուն՝ ձեռքը բռնած:

Մի ազնիվ տղա կար, որ ընկավ հեռվում այրվող ավազի վրա՝ այրող արևի ներքո, ու ասաց. «Ասա´ տնեցիներիս, թե որքա՜ն կուզենայի համբուրել նրանց գեթ մեկ անգամ, բայց ասա´ նաև, որ ես գոհ եմ հեռացել և կատարել եմ իմ պարտքը»: Կամ մեկն էլ կար, որի վրա հետևյալ բառերը կարդացին. «Դրա համար մենք հանձնում ենք նրա մարմինն ընդերքին» և ապա մարմինը վստահեցին մենավոր օվկիանոսին ու նավարկեցին առաջ: Եվ մեկն էլ կար, որ վիթխարի անտառների ստվերում թաղեցին, և այլևս չարթնացավ երկրի վրա: Ա՜խ, թող որ նրանք ավազից, ծովից ու անտառից տուն գան այսօր:

Մի անուշիկ աղջիկ կար, գրեթե կին, որ այդպես էլ չդարձավ, սև Սուրբ ծնունդ բերեց մի զվարթ տան մեջ ու անհետ գնաց Քաղաք: Մենք հիշու՞մ ենք նրան՝ հյուծված, անլսելի բառեր շշնջալիս ու հոգնության այդ վերջին քնի մեջ ընկղմվելիս: Օ՜, նայե՜ք նրան հիմա: Օ՜, նայե՜ք նրա գեղեցկությանը, նրա պայծառությանը, նրա անփոփոխ երիտասարդությանը, նրա երջանկությանը: Յայրոսի1 աղջիկը ետ էր կանչվել կյանք՝ մահանալու, բայց նա նույն ձայնն է լսել՝ ավելի ուրախ, որ ասում էր. «Վե՛ր կաց հավիտյան»:

Մի ընկեր ունեինք, մանկության ընկեր, նրա հետ պատկերացնում էինք փոփոխությունները, որ լինելու էին մեր կյանքում, ու գուշակում էինք՝ ինչպես ենք խոսելու, քայլելու, մտածելու ու զրուցելու, երբ մեծանանք: Նրա՝ կանխավ որոշած բնակարանը Մեռյալների Քաղաքում գրկաբաց ընդունեց իրեն իր կյանքի արշալույսում: Նրան պիտի հանե՞նք Սուրբ ծննդյան մեր հիշողություններից: Արդյո՞ք նրա սերն այդքան բացառել է մեզ: Հեռացած ընկեր, հեռացած երեխա հեռացած ծնող, քույր, եղբայր, ամուսին, կին, մենք ձեզնից այսքան հեշտ չենք հրաժարվի: Դուք կգտնեք ձեր փայփայած տեղը մեր սուրբծննդյան սրտում և մեր սուրբծննդյան խարույկների շուրջ. հավերժական հույսի ժամանակ և հավիտենական ողորմածության ծննդյան օրը մենք չենք վտարի ոչինչ:

Ձմեռվա արևը հպվում է գյուղին ու քաղաքին՝ ծովի վրա վարդագույն արահետ պատկերելով. ասես Սուրբ ոտնահետքերը դեռ թարմ էին ջրի վրա: Մի քանի րոպե ևս, և այն անհետանում է ծովի մեջ, գիշերը վրա հասնում, հեռապատկերում լույսեր են սկսում շողալ: Անձև ու ցրված քաղաքից դուրս՝ բլրի վրա, գլուղական զանգակատունը պարուրող ծառերի հանդարտության մեջ հիշողություններ են փորագրվում քարերի վրա, տնկվում խոտերում աճող ծաղիկների մեջ ու միահյուսվում մորենու ցածրիկ հողաթմբի հետ: Քաղաքում ու գյուղում դռներն ու պատուհանները փակվել են եղանակի առաջ, կան վառվող կոճղեր՝ իրարու դիզված, կան ուրախ դեմքեր, առողջ ձայներից ծնված երաժշտություն կա: Թող անբիրտությունն ու վնասը վտարվեն Աստվածների շրջակայքից, բայց թող որ այդ հիշողություններն ընդունվեն պատրաստակամ խրախուսանքով: Դրանք բոլորն էլ ժամանակի ինչպես և դրա ողջ մխիթարանքի ու խաղաղ համոզմունքների, պատմության մասին են, այն պատմության, որ վերամիավորեց, նույնիսկ երկրի վրա, ապրողներին ու մեռածներին, և անսահման բարերարության ու բարության մասին, որ շատ ու շատ մարդիկ փորձել են նեղ շերտերի բաժանել:

1 Յայրոսն աստվածաշնչյան կերպար է: 12 տարեկան հիվանդ աղջկա հայրն է, որին Հիսուսը բժշկեց ( Mark 5:22–41)

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Ղազարյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *