Ռուս բանաստեղծ, արձակագիր Գեորգի Իվանովի (1894-1958)՝ Ալեքսանդր Բլոկի և Նիկոլայ Գումիլյովի մասին պատմող այս հուշագրությունը հատված է նրա «Պետերբուրգյան ձմեռներ» գրքից: Նա եղել է ռուս երկու մեծ բանաստեղծների ստեղծագործական ճանապարհի, նրանց կյանքի վերջին օրերի ականատես: Հարկ է նշել, որ այդ հիշողությունները սկզբնաղբյուր են Բլոկի և Գումիլյովի մասին լեգենդների:
Բլոկին ու Գումիլյովին ես մոտիկից եմ ճանաչել: Իրենցից եմ լսել իրենց իսկ նոր գրած բանաստեղծությունները, իրենց հետ թեյ եմ խմել, զբոսնել Պետերբուրգի փողոցներով, իրենց հետ միասին շնչել 1921 թվականի օգոստոսի՝ իրենց ընդհանուր՝ միանման և այնքան տարբեր ողբերգական մահվան ամսվա նույն օդը… Որքան էլ իրենց մասին գրառումներս թերի լինեն, միևնույնն է, ես իրենց մոտիկից էի ճանաչում. այդպես Ռուսաստանում գուցե երկու-երեք հոգի են մնացել, իսկ տարագրության մեջ՝ ոչ ոք:
Բլոկը և Գումիլյովը: Հակապատկերներ՝ բանաստեղծություններով, ճաշակով, քաղաքական հայացքներով, աշխարհայացքով, նաև արտաքուստ. կատարելապես ամեն ինչով: Բլոկի պոեզիայի մշուշապատ ցոլքը և Գումիլյովի ճշգրտությունը, պարզությունը, հաստատուն կատարելությունը:
«Ձախ էսեռ» Բլոկը[1]՝ «Տասներկուս»-ում Հոկտեմբերը փառաբանող. «մենք, ի դժբախտություն բոլոր բուրժույների, համաշխարհային հրդեհ կբորբոքենք….» և Գումիլյովը՝ «սպիտակագվարդիական», «միապետական»:
Պատերազմից զզվող Բլոկը և Գումիլյովը՝ որպես կամավորական կռվելու գնացող: Բլոկը՝ աշխարհը «սարսափելի» համարող, կյանքը՝ անիմաստ, իսկ Աստծուն՝ դաժան կամ գոյություն չունեցող, և Գումիլյովը՝ ծայրահեղ անկեղծությամբ պնդող, թե՝ «Աշխարհը սիրող և Աստծուն հավատացող մարդն ամբողջն իր մեջ է կրում»:
Ողջ կյանքում հեղափոխությունը՝ որպես «գեղեցիկ անխուսափելիություն», երազող Բլոկը, և այն չարի ու բարբարոսության հոմանիշ համարող Գումիլյովը: Գրական տեխնիկան, վարպետությունն ու ուսուցումը, նաև հենց գրողի կոչումն արհամարհող Բլոկը, որ մեկի մասին բերանից թռցրել է.
«Նա սոսկ գրող էր նորաձև,
Սոսկ սրբապիղծ բառեր արարող[2]…»
և իր աշակերտների խմբակը բանաստեղծների Ցեխ անվանող Գումիլյովը, որ ուզում էր ընգդծել պոեզիան՝ որպես արհեստ, ուսումնասիրելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Եվ այդպես մինչև իսկ իրենց արտաքինը. հյուսիսցի գեղեցիկ տղամարդ Բլոկը՝ սկանդինավյան հին գուսանի դեմքով, հիասքանչ գանգուր մազերով, բանաստեղծական թավշե պիջակով, սպիտակ վերնաշապիկի թեթև արձակված օձիքով, և Գումիլյովը՝ ոչ գեղեցիկ, ձիգ, «շիլ աչքերով», կարճ կտրած մազերով, խիստ սերթուկով …
Հակապատկերներ էին ամեն ինչով. իրենց ողջ կարճատև կյանքի ընթացքում Բլոկն ու Գումիլյովն իրար հանդեպ կա՛մ խուլ, կա՛մ բացահայտ թշնամանքի մեջ էին: Բլոկի ստորագրությամբ «Հոգու մասին[3]» վերջին հոդվածը, որ լույս տեսավ իր մահից քիչ առաջ, սուր հարձակում էր Գումիլյովի, նրա գեղագիտության և աշխարհայացքի վրա: Այդ հոդվածին Գումիլյովի պատասխանն իր նման զուսպ էր ու չափավոր, բայց, ըստ էության, ոչ պակաս կտրուկ. այն տպագրվեց արդեն նրա գնդակահարությունից հետո:
******
1909 թվականի աշնանը Գեորգի Չուլկովն[4] ինձ տարավ Բլոկի մոտ[5]: Իմ տասնհիգը հենց նոր էր լրացել: Ես կադետական համազգեստով էի: Չուլկովը կարդացել էր իմ բանաստեղծությունների տետրակը և դարձել իմ գրական հովանավորը:
Ինչպե՞ս արտահայտել այն զգացումները, որոնցով համակված՝ ես ոտք դրեցի Բլոկի բնակարան… Այդ ժամանակ նա ապրում էր Մալայա Մանետնայա փողոցում՝ հինգերորդ հարկում:
Մեծ, առանց վարագույրի պատուհան՝ տանիքների, ծառերի լայնարձակ տեսարանով… Կամեննոօստրովսկի փողոցում: Բլոկը բնակարան էր վարձում միշտ վերևում, որպեսզի պատուհանից տարածություն բացվեր: Օֆիցերսկայա 57-ը, որտեղ նա մահացավ, էլ ավելի բարձր էր. Նոր Հոլլանդիայի վրա բացվող տեսարանն ավելի լայն էր ու եթերային… Կահույքը կարմիր փայտից էր՝ «ռուսական ամպիր», մուգ գորգ, դեմ-դիմաց պատերին՝ երկու մեծ գրապահարան: Մեկը՝ լեփ-լեցուն գրքերով ու ձգված վարագույրներով: Մյուսի ապակիները՝ կիպ ծածկված կանաչ մետաքսով: Հետո իմացա, որ այդ պահարանում գրքերի փոխարեն №22 ելիսեևյան տարալցման «Նյուի» գինու շշեր են…. Վերևում լիքը, ներքևում՝ դատարկ: Այդտեղ էլ՝ խցանահան, մի քանի բաժակ և սրբիչ: Բլոկն աշխատելիս ժամանակ առ ժամանակ մոտենում է պահարանին, գինի լցնում, մի շնչով դատարկում բաժակը և նորից նստում գրասեղանի առջև: Մեկ ժամ անց նորից է մոտենում պահարանին: «Առանց դրա» չի կարող աշխատել:
Ամեն անգամ Բլոկը գինին լցնում է նոր բաժակի մեջ: Սկզբում խնամքով մաքրում է սրբիչով, հետո նայում է լույսի տակ՝ արդյոք չկա՞ փոշեհատիկ: Բլոկը՝ բանաստեղծներից ամենահրեշտակայինը, ամենա «ոչ երկրային»-ը, կանոնավոր ու հետևողական է, ինչը հասնում է տարօրինակության: Օրինակ՝ եթե Բլոկը փակված է առանձնասենյակում, տանը բոլորը քայլում են ոտքի ծայրերի վրա, հեռախոսի լսափողը (մինչև հիմա հիշո՜ւմ եմ Բլոկի հեռախոսահամարը՝ 612-00) կողքի է դրված. դա ամենևին չի նշանակում, թե նա բանաստեղծություն կամ էլ հոդված է գրում:
Ավելի շուտ նամակներին է պատասխանում: Նա մեծ քանակությամբ նամակներ է ստանում, հաճախ՝ անծանոթներից, հաճախ անհեթեթ կամ էլ խելագար: Միևնույնն է, ումից էլ լինի, Բլոկն անպայման պատասխանում է: Բոլոր նամակները համարակալված սպասում են իրենց հերթին: Բայց դա քիչ է: Յուրաքանչյուր նամակ Բլոկը գրանցում է հատուկ գրքույկում[6]: Հաստ ու ոսկերիզ՝ միահյուսված դեղնականաչավուն կաշվին՝ դրված նրա կոկիկ գրասեղանին (ո՜չ մի փոշեհատիկ)՝ տեսանելի տեղում: Գրքույկի թերթերը սյունակավորված են՝ նամակների համարները գրանցելու համար: Ումից: Երբ է ստացված: Պատասխանի կարճ բովանդակությունն ու ամսաթիվը:
Բլոկի ձեռագիրն ուղիղ է, գեղեցիկ, դյուրընթեռնելի: Նա գրում է անշտապ, վստահ, հաստատուն: Հրաշալի գրիչը (նրա բոլոր գրենական պիտույքներն ընտրովի են) սահուն շարժվում է ստվար թղթի վրայով: Փայլելու աստիճան մաքրված պատուհաններից լայնարձակ տեսարան է: Բնակարանում լռություն է: Պահարանում՝ կանաչ վարագույրների հետևում, շշերի շարան, խցանահան, բաժակներ…
– Սա՛շա, քո մեջ դա որտեղի՞ց, – մի անգամ հարցրեց Չուլկովը, որը ոչ մի կերպ չէր կարողանում ընտելանալ Բլոկի հետևողականությանը: – Գերմանական արյո՞ւն է, ի՞նչ է:- Եվ ինձ փոխանցեց Բլոկի զարմանալի պատասխանը.
– Գերմանական արյո՞ւն: Չեմ կարծում: Ավելի շուտ ինքնապաշտպանություն է քաոսից:
******
Չուլկովը, որ մտերիմ էր Բլոկին, առանձնասենյակ մտավ՝ փոքր-ինչ տարուբերելով իր գզգզված բաշը, դերասանի պես սափրված դեմքով ժպտալով՝ մատնացույց արեց իմ կադետական համազգեստը.
– Տե՛ս, քեզ մոտ եմ բերել զինվորականի, թեև դու բանակ չես սիրում, բայց իրեն մի՛ նեղացրու…
Ես քայլում էի Չուլկովի հետևից՝ անվստահ դնելով ինձ բոլորովին չենթարկվող ոտքերս:
Ամենից շատ ինձ ապշեցրեց այն, թե Բլոկն ինչպես խոսեց ինձ հետ: Ինչպես հին ծանոթի, ինչպես մեծի՝ ճիշտ ասես շարունակելով կիսատ թողած խոսակցությունը: Խոսեց այնպես, որ իմ հուզմունքը ոչ միայն անցավ, այլև դրա մասին պարզապես մոռացա: Միայն նոր ուժով հիշեցի արդեն հետո՝ երկու ժամ անց՝ աստիճաններով իջնելիս՝ ձեռքիս նրա՝ ինձ նվիրած առաջին հրատարակության «Բանաստեղծություններ Գեղեցիկ Տիկնոջ մասին» ժողովածուի օրինակը՝ «Ի հիշատակ զրույցի» մակագրությամբ:
Հետո ինձ մոտ հավաքվեցին նման մի քանի գրքեր՝ բոլորը նույն մակագրությամբ, միայն թե տարբեր ամսաթվերով: Ինչի՞ մասին էին այդ զրույցները: Ես ունեի նաև մի տուփ լիքը նամակներ Բլոկից՝ նրա Շախմատովոյի կալվածքից մեր վիլենյան կալվածք, որտեղ ես անց էի կացնում իմ արձակուրդները:
Նամակները երկար էին: Ինչի՞ մասին էր Բլոկն ինձ գրում: Հենց այն մասին, ինչի մասին խոսում էր հանդիպումների ժամանակ, հենց այն մասին, ինչն իր բանաստեղծությունների մեջ էր: Կյանքի իմաստի, սիրո գաղտնիքի, անսահման տարածության մեջ թափառող աստղերի… Միշտ մշուշապատ, միշտ դյութիչ… Ձեռագիրը գեղեցիկ էր, հստակ: Տառերն իրարից անջատ էին…
Թուղթը ճռճռան էր՝ անգլիական նրբաթելերից: Ծրարները՝ վառ կարմիր աստառով:
Մշուշապատ խոսքեր՝ դասավորված աղոտ-առկայծող արտահայտություններով…
Ինչո՞ւ էր Բլոկը երկար նամակներ գրում կամ էլ ինձ՝ խակ դեռահասիս հետ պոեզիայի տեխնիկայի մասին հավերժական հարցերի շուրջ անվերջանալի բանավոր զրույցներ վարում: Ժամանակ առ ժամանակ նման մի հարց դուրս էր պրծնում իմ լեզվից:
– Ալե՛քսանդր Ալեքսանդրովիչ, սոնետի համար արդյոք պե՞տք է վերջերգ,– հարցրի մի անգամ:
Ի զարմանս ինձ՝ Բլոկը՝ հայտնի «մետրը», ընդհանրապես չգիտեր՝ ինչ է վերջերգը…
Բլոկի օրագրում 1909 թվականին կա գրառում. «Խոսում էի Գեորգի Իվանովիչի հետ Պլատոնի մասին: Նա հեռացավ ինձնից այլ մարդ դարձած»: Գուցե այդ գրառման մեջ բացատրությունն է թե՛ նամակների, թե՛ զրույցների: Հավանաբար Բլոկը չէր նկատում իմ տարիքը և չէր լսում իմ միամիտ ռեպլիկները: Հավանաբար նա խոսում էր ոչ այնքան իմ, որքան ինքն իր հետ: Դեպք. ես նրա առջև էի՝ նրա ուղեծրում, և նա ինձ էր ուղարկում իր մշուշապատ ճառագայթները՝ ինձ համարյա չտեսնելով:
*****
Բլոկյան այդ ուղեծրում քչերն էին հայտնվում, բայց նրանք, ովքեր էլ հայտնվում էին, պարզվում էր՝ մուտք էին գործել պատահական: Իսկական ընկերներ՝ գոնե փոքր-ինչ իրեն հավասար, Բլոկը չուներ: Նրա երիտասարդ տարիների կապերը կա՛մ հանկարծ ընդհատվել էին, կա՛մ էլ վերածնվել, ինչպես նրա և Անդրեյ Բելիի հարաբերությունները՝ տանջալիորեն բարդ, անլուծելի խառնաշփոթությամբ: Սովորական գրական միջավայրից Բլոկը խորշում էր: Իսկ մտերիմ մարդիկ, որոնք այցելում էին նրան հենց այնպես, նրա առավոտների երկար զբոսանքների և գիշերային հաճախակի խրախճանքների ուղեկիցները, բոլորն էլ ինչ-որ չափով տարօրինակ էին:
Նրանց մեջ միակ նորմալ մարդը և այդ առումով, այնուամենայնիվ (թեև երկրորդական) նաև որպես գրող միայն Չուլկովն էր: Բայց ի՞նչն էր միավորում Բլոկին այդ հաճելի, մակերեսային, «միստիկական անարխիզմի» տաղանդավոր գյուտարարի հետ, որին ոչ ոք, այդ թվում նաև ինքը՝ Չուլկովը, լրջորեն չէր հավատում:
Անհասկանալի էր նրա ընկերությունը Պյաստի հետ, էլ ավելի անհասկանալի՝ Եվգենի Իվանովի և Վիլհելմ Զորգենֆրեյի հետ, որոնց, իմիջիայլոց, նվիրված են բլոկյան պոեզիայի երկու գլուխգործոցները՝ մեկին՝ «Երկաթգծի մոտ, փոսում չհնձված[7]», մյուսին՝ ցնցող «Կոմանդորի քայլերը»:
Պյաստը՝ սիրողական մակարդակի բանաստեղծ, ոչ պրոֆեսիոնալ լեզվաբան, տարօրինակ անձնավորություն՝ հավերժ վանդակավոր տաբատներով, ծղոտե գլխարկով, որ դնում էր երևի դեկտեմբերին, մշտապես համակված ինչ-որ «գաղափարներով»՝ մե՛կ Էզելե կղզում լեզվաբանների գաղութի կառուցվածքով, մե՛կ էլ սոխակի ծլվլոցի մեջ շեշտեր հաշվելով և այդ հաշվարկի հիման վրա տաղաչափություն բարեփոխելով և մոլագարի համառությամբ խոսելով միայն իր հերթական «գաղափարի» մասին, քանի դեռ տարված էր դրանով…
Եվգենի Իվանովը՝ «շիկակարմիր Ժենյան», շիկակարմիր էր մորուքի ծայրից մինչև բիբը. վախից ինքն էր իր համար սպիրտայրոցի վրա ճաշ պատրաստում. հանկարծ խոհարարուհին ինչ-որ բանից կբարկանա և «մկնդեղ կլցնի»: Շիկակարմիր Ժենյան, որը, ի հակապատկեր շատախոս Պյաստի, ժամերով լռում էր, հետո արտասանում ոչ այս է, ոչ այն, ինչ-որ բազմիմաստ բառ. «Աստված» կամ «մահ» կամ «ճակատագիր» և նորից լռում: Ինչո՞ւ Աստված: Ի՞նչ է մահը: Բայց «շիկակարմիր Ժենյան» նայում էր տարօրինակ, տարօրինակ շիկակարմիր «աչքերով, բացում սեպերը՝ սպիտակ ու մանր, հաստատ կծել է ուզում» և չի պատասխանում:
Պյաստի և Իվանովի միջև Զորգենֆրեյն էր, խոսում էր լիովին համոզիչ ու տրամաբանված: Միայն թե խոսակցությունը մեծամասամբ ծիսական սպանությունների մասին էր. դա նրա սիրած թեման էր:
Նա այդ հարցի մեծ գիտակ էր. ուսումնասիրել է Կաբբալային, նամակագրություն ուներ լեհ հայտնի կաթոլիկ քահանա Պրանայտիսի հետ: Իսկական ծաղր է. բնությունը նրան օժտել էր հրեային բնորոշ արտաքինով, թեև հոր կողմից մերձբալթիկցի գերմանացի էր, իսկ մոր կողմից՝ վրացի…
Ինչո՞ւ էին այդ մարդիկ մտերիմ Բլոկին: Ինչո՞վ էին մտերիմ[8]: Ամենահավանականը. նա նրանց չէր նկատում: Նրանք էին հայտնվել Բլոկի ուղեծրում. շփվելով նրանց հետ՝ նա տեսնում էր միայն իրեն, իր մենակությունն «Ահավոր աշխարհում[9]»: Եվ նրանց դեմքերը, նրանց ձայները, նույնիսկ նրանց տարօրինակությունները, որոնց նա ընտելացել էր, նույնն էին, ինչ սրբիչով խնամքով փայլեցրած բաժակը, սյունակավորված «ստացված-պատասխանված» ոսկերիզ գրքույկը, կանոնավոր կարգուկանոնը գրասեղանին: Այդ նույն հավերժական «ինքնապաշտպանությունը քաոսից»:
Այդ չորսը՝ Զորգենֆրեյը, Իվանովը, Պյաստն ու Չուլկովը, Բլոկի անդավաճան բաժակակիցներն էին, երբ ժամանակ առ ժամանակ նրան ձգում էր գինետան խրախճանքը: Հատկապես գինետան: Փափկասուն, ազնվական, ողջախոհ Բլոկը սիրում էր միայն ամենակեղտոտ, թքոտած ու ծխապատ «անառակավայրերը»: «Սլոնը»՝ Ռազեզժայում, «Յառը»՝ Մեծ պողոտայում: «Սլոն»-ից կամ «Յառ»-ից հետո՝ գնչուների մոտ…
…Խեղդող ծուխ, ոչ մաքուր սփռոցներ, շշեր, խորտիկներ: «Մեքենա»-ն խռպոտ արտաբերում է. «Խղճա՛ ինձ, թանկագի՛նս» կամ «Մանջուրի լեռան վրա»: Շուրջբոլորը հարբեցողներ են: Կատարները տաքացածներն ու Բլոկի ընկերակիցները: «Աստվա՛ծ»,- անսպասելի միանգամից դուրս է տալիս Իվանովն ու ձայնը կտրում՝ սեպերը բացելով ու շիկակարմիր բիբերը ման ածելով: Զորգենֆրեյը ծուլորեն խոսում է Բեյլիսի մասին: Պյաստն էլ կիսաքուն ինչ-որ բան է մրթմրթում Լոպե դե Վեգայի մասին…
Բլոկն այնպես է, ինչպես միշտ, ինչպես առավոտյան զբոսանքների ժամանակ, ինչպես իր լուսավոր առանձնասենյակում: Հանգիստ, գեղեցիկ, մտածկոտ: Նա էլ է շատ խմել, բայց նրանից դա չի երևում:
Պոռնիկը մոտենում է նրան. «Ինչի՞ մասին եք մտածում, հետաքրքի՛ր տղամարդ: Հյուրասիրե՛ք պորտերով[10]»: Նա նստում է Բլոկի ծնկին: Բլոկը նրան չի քշում: Նրա համար գինի է լցնում, մեղմ շոյում գլուխը, ինչպես երեխայի, ինչ-որ բան խոսում հետը: Ինչի՞ մասին: Դե հենց այն մասին, ինչը միշտ է ասում: Ահավոր աշխարհի: Կյանքի ունայնության: Այն մասին, որ սեր չկա: Այն մասին, որ ամեն ինչի՝ նույնիսկ գինետան հատակին կոխկրտված ծխախոտի այդ մնացուկների վրա, որ նման են ճառագայթների, սեր է արտացոլված…
– Սաշա՛, դու մե՜ծ բանաստեղծ ես, – գոռում է հարբածությունից էքստազի մեջ ընկած Չուլկովը և բաժակը թափթփելով՝ մեջ է ընկնում համբուրելու:
Բլոկը նրան նայում է, ինչպես միշտ, լուսավոր, սթափ, մտածկոտ հայացքով: Եվ այդպես, ինչպես միշտ, սթափ, խուլ ձայնով, դանդաղ, հաստատ մտածելով պատասխանը՝ ասում է.
– Ո՛չ: Ես մեծ բանաստեղծ չեմ: Մեծ բանաստեղծներն այրվում են իրենց բանաստեղծությունների մեջ ու զոհվում: Իսկ ես գինի եմ խմում և բանաստեղծություններ տպագրում «Նիվա»-ում: Տողը՝ երկուսուկես ռուբլով: Ես անում եմ այն, ինչ անում է Գումիլյովը, միայն թե արածս գործի հանդեպ առանց նրան հատուկ լրջության:
Որ Բլոկը ռուսական պոեզիայի ողջ գոյության ընթացքի ամենաապշեցուցիչ երևույթներից մեկն է, այդ մասին արդեն ոչ ոք չի վիճում, և նրանք, ովքեր վիճում են, հաշվի մեջ չեն: Նրանց համար, ըստ Զինաիդա Գիպյուսի արտահայտության, «պոեզիայի դուռն ընդմիշտ փակ է»: Բայց այդ պոեզիան արարողի, նրա սկզբնաղբյուրի՝ Բլոկ-մարդու շուրջ դեռ երկար կհնչեն հակասական կարծիքներ: Եթե դրանք հիմա հանդարտվել են, ապա միայն այն պատճառով, որ վիճողներ չկան… Այնտեղ Բլոկը մոռացված է քաղբյուրոյի շրջաբերականով[11] որպես «անհամահունչ դարաշրջանին», իսկ այստեղ մոռացված՝ բացի տխուր ապրվող կյանքից, ամեն ինչի նկատմամբ անընդհատ մեծացող հոգնության և անտարբերության պատճառով… Բայց երբևէ Բլոկի անձի շուրջ վեճերը կբռնկվեն նոր ուժով: Դա անխուսափելի է, եթե Ռուսաստանը մնա Ռուսաստան և ռուս մարդիկ էլ՝ ռուս մարդիկ: Ռուս ընթերցողը երբեք չի եղել, և տա՛ Աստված, երբեք չլինի սառը գեղագետ, «գեղեցիկի անտարբեր գնահատող», որի համար գրողի անձը այնքան էլ հետաքրքիր չէ: Սիրելով բանաստեղծություններ՝ մենք դրանով իսկ սիրում ենք դրանց արարողին, փորձում հասկանալ, ճանաչել, եթե պետք է, արդարացնել նրան:
Երևի հենց Բլոկն էլ կարծես կարիք ունի արդարացման: «Տասներկուսը» նրա պոեզիայի գագաթներից մեկն է և հատկապես այդ պատճառով, որ մեկն է գագաթներից, նրա անվան և ողջ ստեղծածի վրա ընկած է այդ գործի սրբապիղծ, չարագուշակ արտացոլքը և՛ Ռուսաստանի, և՛ Քրիստոսի առումով: Իսկական բանաստեղծների բանաստեղծություններն ընդհանրապես, իսկ նրանց պոեզիայի գլուխգործոցները հատկապես, անբաժանելի են բանաստեղծի անձից: Եվ եթե Բլոկը գրել է «Տասներկուսը», ուրեմն…
Այսուհետև ես կպատմեմ, թե ինչպես էր մահանում Բլոկը: Ըստ իս, նրա հոգեվարքի մի զառանցանքն անգամ բավական է, որպեսզի այդ «ուրեմն»-ը կորցնի նշանակությունը: Բայց մինչ ցույց տալը, թե մահանալիս նա ինչ էր մտածում իր գեղեցիկ ու նողկալի պոեմի մասին, ուզում եմ փորձել բացատրել, թե ինչու Բլոկը պատասխանատու չէ «Տասներկուս»-ի ստեղծման համար, թե ինչու նա արատավորված չէ, ինչու է անմեղ:
Առաջինը. մաքուր մարդիկ ընդունակ չեն կեղտոտ արարքների: Երկրորդ. մարդիկ՝ ամենամաքուրները, կարող են սխալներ գործել, երբեմն՝ ահավոր ու անուղղելի: Բլոկը բացառապես մաքուր հոգու տեր մարդ էր: Նա և ստորությունը իրար բացառող հասկացություններ են, ասեմ հենց իր տողերով. նա
…լիովին լույսի և բարության զավակն էր
Եվ ազատության տոնը լուսավոր ….[12]
Եվ նա գրել է «Տասներկուսը», որի մեջ կարմիրբանակայիններին նվիրված գլխում, երբ նրանք սվիններով գնում են Ռուսաստանի վերջը տալու, «վարդե ձյունոտ պսա՜կ[13]» է դրել Քրիտոսի գլխին… Ինչպե՞ս համատեղել դրա հետ լույսը, ազատությունը, բարին: Եթե Բլոկն իսկապես «լիովին լույսի և բարության զավակն էր», ինչպե՞ս կարող էր օրհնել հանցագործությունն ու կեղտը:
Բացատրություն այն է, որ Բլոկը միայն երևում էր գրող, տարիքով մեծ, Շախմատովո կալվածքի տեր, «բնակարանավարձակալ», ինչ-որ միությունների անդամ… մինչդեռ երևակայական իրականության մեջ (որտեղ Բլոկն ապրում և գրում էր բանաստեղծություններ)՝ «Ահավոր աշխարհ»-ում, մոլորված երեխա էր, նա վախենում էր կյանքից, չէր հասկանում այն…
Սքանչելի շնորհով օժտված, բարի, մեծահոգի, ծայրահեղ ազնիվ՝ կյանքի, մարդկանց և ինքն իր հանդեպ, Բլոկը ծնվել էր «պլոկված մաշկով»՝ հիվանդագին գերզգայնությամբ անարդարության, տառապանքի, չարի հանդեպ: Որպես հակակշիռ «ահավոր աշխարհ»-ի «աշխարհային անհեթեթության», պատանեկան տարիներից նա ստեղծել էր երազանք հեղափոխության-փրկության մասին և հավատում էր դրան որպես իրականության:
Փետրվարյան հեղափոխությունն առաջին օրերի գլխապտույտից հետո հիասթափեցնում է Բլոկին: Նախախորհրդարանը, նախարարները, սահմանադիր ժողովի ընտրությունները նրան գռեհկություն էին թվում, «Պատերազմ մինչև հաղթական ավարտ» կարգախոսը հանգեցնում էր զայրույթի:
Բայց մարդատյաց, թլվատ Լենինի համառ ձգտումներով բացականչությունների մեջ Բլոկը տեսնում էր քրիստոնեական ճշմարտություն և սեր մարդկանց հանդեպ…
Բլոկի ծայրահեղ անկեղծությունը և հոգեկան ազնվությունը կասկածից դուրս են: Իսկ եթե դա այդպես է, ապա սրբապիղծ հոկտեմբերյան հեղաշրջումը փառաբանող «Տասներկուսը» պոեմը նա ոչ միայն ստեղծել է «բարության ու լույսի» անունից, այլև հե՛նց այդպես, ըստ էության, լույսի ու բարության դրսևորում է՝ դարձած սոսկալի սխալ:
Ես չեմ ների: Քո հոգին անմեղ է:
Ես չեմ ների նրան երբեք[14],
գրել է Զինաիդա Գիպյուսը՝ կարդալով «Տասներկուսը»: Նրա այդ տողերը հաստատում են իմ խոսքերը: Դրանց հակասականությունը միայն թվացյալ է: Ըստ էության, դրանք (ինչպես Գիպյուսի բոլոր խոսքերը) շատ ճշգրիտ են ու պարզ: Գիպյուսը մոտիկից գիտեր Բլոկին ու շատ էր սիրում նրան: Այն, որ իր անհաշտությամբ նա այդքան կտրուկ հրաժարվում է ներել Բլոկին, միայն ուժեղացնում է իր խոստովանության-հաստատման ուժը. «Քո հոգին անմեղ է»:
«Տասներկուս»-ի ստեղծման համար Բլոկը հատուցեց կյանքով: Դա գեղեցիկ արտահայություն չէ, այլ ճշմարտություն: Նա հասկացավ «Տասներկուս»-ի սխալը և այն ուղղելու անհնարինությունից սարսափահար եղավ: Ինչպես հանկարծակի ուշքի եկած լուսնահար, նա ընկավ բարձրությունից և ջախջախվեց: Բառի բուն իմաստով նա մահացավ «Տասներկուս»-ից, ինչպես ուրիշները մահանում են թոքերի բորբոքումից կամ սրտի պայթյունից:
Ահա փաստերի կարճ ցանկը: Բլոկին բուժող բժիշկներն այդպես էլ չկարողացան ախտորոշել, թե հատկապես ինչով էր նա[15] հիվանդ: Սկզբում նրանք փորձում էին կազդուրել նրա՝ առանց բացահայտ պատճառի կորցրած ուժերը, հետո, երբ նա անտանելիորեն տառապում էր անհայտ է, թե ինչից, սկսեցին մորֆի ներարկել… Այնուամենայնիվ, ինչի՞ց մահացավ. «Բանաստեղծը մահանում է, որովհետև այլևս շնչելու օդ չկա»: Այդ խոսքերը, որ Բլոկն ասել է Պուշկինին նվիրված երեկոյի ժամանակ՝ իր մահից քիչ առաջ, գուցե նրա հիվանդության միակ ճիշտ ախտորոշումն էր: Բլոկի մահից քիչ առաջ Պետերբուրգում լուր տարածվեց՝ Բլոկը խելքը թռցրել է: Այդ լուրը որոշակիորեն գալիս էր բոլշևիկացած գրական շրջանակներից: Հետագայում խորհրդային ամսագրերում խոսվում էր Բլոկի հոգեվարքի «միջամտության» զանազան տարբերակների մասին: Բայց ոչ ոք չէր հիշատակում մեկ բազմանշանակալի հանգամանք. մահացող Բլոկին այցելում է «բարձրաստիճան կրթված պաշտոնյա», կարծես հիմա բարեհաջող գնդակահարված Պետրոպետգրհրատի պետ Իոնովը[16]: Բլոկն արդեն կորցրել էր գիտակցությունը: Նա անվերջ զառանցում էր: Զառանցում էր միայն ու միայն մի բանի մասին. արդյոք «Տասներկուս»-ի բոլո՞ր համարներն են ոչնչացված[17]: Արդյոք ինչ-որ տեղ գոնե մեկ հատ չի՞ մնացել: «Լյո՛ւբա, լա՛վ փնտրիր և այրի՛ր, բոլո՛րն այրիր»: Լյուբով Դմիտրևնան՝ Բլոկի կինը, համբերատար կրկնում էր, որ բոլորը ոչնչացված են, որ ոչ մի հատ չի մնացել: Բլոկը փոքր-ինչ հանգստանում, հետո նորից էր սկսում, ստիպում էր կնոջը երդվել, որ իրեն չի խաբում և հիշելով Բրյուսովին ուղարկված օրինակի մասին՝ պահանջում էր իրեն տանել Մոսկվա. «Ես նրան կստիպեմ, որ վերադարձնի, ես կսպանեմ նրան… »: Եվ Պետրոպետգրհրատի պետ Իոնովը լսում էր մահացողի այդ զառանցանքը…
Բրյուսովը՝ նախկին «խելագարը», «կախարդը», «մոգը», որ պատերազմի տարիներին սկսել էր խիստ խոնարհվել «ռուս ժողովրդի միության» առջև, հիմա զբաղեցնում էր մի շարք կառավարական պաշտոններ՝ կոմիսիերություն էր անում, նիստ գումարում, «պրոլետարիատի օգտին» մասնավոր գրադարաններ բռնագրավում: «Գրում էր, ինչպես միշտ, շատ բանաստեղծություններ, նույնպես հասկանալի է՝ գովերգելով պրոլետարիատին և նրա առաջնորդներին: Հնարավոր է, որ «մոգերի»՝ ըստ ապագան գուշակելու սովորության, ողջ Լենինին փառաբանելով, հնարում է արդեն նրա մահվան օդան՝ որպես հետագա օրերի պաշար.
Ահա պառկած է նա՝ Լենինը, Լենինը:
Ահա պառկած է նա վշտալի, փտած[18]:
Պիլնյակը պատմում էր որպես մի տարօրինակ բան. Իոնովի՝ Բլոկին այցելելու երկրորդ, թե երրորդ օրը Բրյուսովը մոսկովյան «Բանաստեղծների սրճարան»-ում մանրամասն, գիտական տերմիններով բացատրում էր Բլոկի խելացնորության բնույթն ու դրա պատճառները: Նախկին «խելագար»-ն արդեն լծվել էր՝ ի կատար ածելու կուսակցության դրույթը:
******
Այն օրերին, երբ Բլոկը մահանում էր, Գումիլյովը բանտից կնոջը գրում էր. «Ինձ համար մի՛ անհանգստացիր: Ես առողջ եմ, գրում եմ բանաստեղծություններ և շախմատ եմ խաղում»: Գումիլյովը բանտարկությունից քիչ առաջ Պետրոգրադ է վերադառնում ճամփորդությունից՝ Ղրիմից: Նա Ղրիմ էր մեկնել կարմիր ադմիրալ դարձած ցարական գեներալ Նեմիտցի[19] գնացքով: Չգիտեմ՝ հատկապես ով, արդյոք ինքը՝ Նեմի՞տցը, թե՞ նրա մտերիմ շրջանակից ինչ-որ մեկը պնդում էր նույնը, թե Գումիլյովն էլ է տագանցովյան դավադրության[20] մասնակից և գնալով հատուկ գնացքով՝ նավաստի կոմունիստների՝ «հեղափոխության փառքի ու հպարտության» պահպանությամբ, Գումիլյովը և նրա ընկերը, ըստ դավադրության, Ղրիմի նավահանգիստներում փրկված սպաների և մտավորականնների միջև կապեր էին հաստատում և, ում որ պետք էր, բաժանում էին զենք ու հակախորհրդային թռուցիկներ, որոնք ծովակալական գնացքով բերել էին Պետերբուրգից: Գումիլյովը չէր էլ կասկածում, որ Նեմիտցի շրջապատում կա չեկայի գործակալ՝ իրեն հետևող պրովոկատոր: Նա ընդհանրապես շատ դյուրահավատ էր, իսկ երիտասարդների, զինվորականնների նկատմամբ՝ հատկապես: Գումիլյովին իր կողմը գրավելու համար պրովակատորը գործում էր շատ ճշգրիտ պատվերով:
Նա բարձրահասակ էր, նուրբ, ուրախ հայացքով և պատանեկան բաց դեմքով: Ծովային հայտնի ընտանիքից էր, և ինքն էլ նավաստի էր. հեղափոխությունից քիչ առաջ արժանացել էր միչմանի կոչման: Ի լրումն այդ «գրավիչ հարաբերությունների»՝ «բոլոր առումներով հաճելի» այդ երիտասարդը գրում էր բանաստեղծություններ՝ բավական լավ ընդօրինակելով Գումիլյովին…
Գումիլյովը վերադարձավ Պետերբուրգ արևայրուքով, հանգստացած՝ լի ծրագրերով ու հույսերով: Նա գոհ էր և՛ ուղևորությունից, և՛ նոր բանաստեղծություններից, և՛ իր խմբակի աշակերտների աշխատանքից: Ուժերի ծաղկման, լեցուն կյանքի, հասունության, հաջողությունների զգացողությունները, որոնք կյանքի վերջին օրերին ուներ Գումիլյովը, իմիջիայլոց, դրսևորվեցին վերնագրի մեջ, որը նա այն ժամանակ մտածեց իր նոր, «ապագա» գրքի համար. «Երկրայինի թափառումների մեջ»: Երկրում «թափառելուն», ավելի ճիշտ սպասել գնդակահարությանը Շպալերնոյում[21] գտնվող խցում, նրան մնացել էր մեկ ոչ լրիվ ամիս:
Բանտարկության օրը Գումիլյովը տուն վերադարձավ գիշերվա ժամը երկուսի մոտ[22]: Նա այդ վերջին գիշերն անց էր կացրել խմբակում իրեն հավատարմորեն սիրահարված երիտասարդների հետ: Նրա դասախոսությունից հետո, ինչպես միշտ, լինում էին նոր բանաստեղծությունների ընթերցում և վերլուծություն՝ ակմեիզմի բոլոր կանոնների համաձայն՝ պարտադիր «ստորադասական նախադասությամբ», այսինքն՝ կարծիքի հիմնավորումով. «Դուր է գալիս, թե ոչ, որովհետև…», «Վատ է, դրա համար էլ…»: Դասախոսության և բանաստեղծությունների քննարկման ժամանակ տիրում էր խիստ կարգուկանոն, բայց երբ պարապմունքներն ավարտվում էին, Գումիլյովը դադարում էր մետր լինելուց, դառնում էր բարի ընկեր: Հետո խմբակի անդամները պատմում էին, որ այդ գիշեր նա շատ աշխույժ էր ու լավ տրամադրություն ուներ, այդ պատճառով էլ սովորականից ավելի ուշ, այդքան երկար էր նստել: Մի քանի օրիորդներ ու խմբակի անդամներ գնում են նրան ճանապարհելու: Մոյկա փողոցի Արվեստի Տան մուտքի մոտ, որտեղ ապրում էր Գումիլյովը, ավտոմեքենա էր կանգնած: Ոչ ոք դրան ուշադրություն չդարձրեց. «նէպ»-ի ժամանակներ էին, ավտոմեքենաները դադարել էին լինել միաժամանակ և՛ արտասովոր, և՛ սարսափելի, ինչպես ոչ վաղ «զինվորական կոմունիզմի» ժամանակ: Մուտքի մոտ երկար հրաժեշտ են տալիս իրար, կատակում, պայմանավորվում «հաջորդ օրվա» համար: Մուտքի մոտ կանգնած ավտոմեքենայով եկած մարդիկ Գումիլյովին սպասում էին նրա բնակարանում՝ չեկայի ձերբակալման ու խուզարկության հրամանաթղթով:
1921 թվականի օգոստոսի 27-ին երեսունհինգ տարեկանում՝ կյանքի և տաղանդի ծաղկման շրջանում, Գումիլյովը գնդակահարվեց: Զարհուրելի, անիմաստ կորո՞ւստ: Ո՛չ, սարսափելի, բայց խորիմաստ: Ավելի լավ մահ ինքը՝ Գումիլյովը, իրեն չէր կարող ցանկանալ: Ավելին, հատկապես այդպիսի մահ նա իրեն կանխատեսել էր զգացողությամբ, որ մոտ էր պայծառատեսության.
…ես կմեռնեմ ո՛չ անկողնում,
Ո՛չ նոտարի և ո՛չ էլ բժշկի ներկայությամբ:
******
Սերգեյ Բոբրովը՝ «Քնարների քնար»-ի հեղինակը, «Ցենտրոֆուգա»-ի խմբագիրը, պճնամոլ, ֆուտուրիստ, կոկաինամոլ, ՎՉԿ-ին մտերիմ, հավանաբար ինքն էլ չեկիստ[23], Գումիլյովի գնդակահարությունից հետո հանդիպելով Մ.Լ. Լոզինսկուն, տարուբերելով գեղագետ-հանցագործի իր գարշելի մռութը, անփութորեն, հաստատ զվարճալի, դատարկ բանի մասին շաղակրատելով, իմիջիայլոց, ասել է.
– Դե, ձեր այդ Գումիլյովը… Մեզ՝ բոլշևիկներիս համար նա ծիծաղելի էր: Բայց գիտե՞ք՝ շքեղ մեռավ: Ես լսել եմ հենց ներկաներից: Ժպտացել է, ծխախոտը ծխել վերջացրել… իհարկե, ինքն իրեն գովել: Եվ նույնիսկ հատուկ բաժնի տղաների վրա է տպավորություն թողել: Դատարկ խիզախություն, բայց, այնուամենայնիվ, ուժեղ տիպ է: Քչերն են այդպես մեռնում: Դե ինչ, հիմարի տեղ դրեց իրեն: Դեմ չգնար, գար մեզ մոտ, մեծ գործունեություն կծավալեր: Ախր մեզ պետք են նման մարդիկ…
Այդ սարսափելի դատարկախոսությանը լրացնում է ևս մի պատմություն այն մասին, թե ինչպես է իրեն պահել Գումիլյովը հարցաքննության ժամանակ. դա ես լսել եմ անձամբ, ոչ թե կիսատ-պռատ չեկիստից, ինչպիսին Բոբրովն է, այլ իսկական չեկիստից՝ պետերբուրգյան չեկայի (ճիշտ է՝ չարաշահումների բաժնի) քննիչ Ձերժիբաշևից: Տարօրինակ է, բայց և՛ պատմելու տոնը, և՛ պատմողի անձը շահեկանորեն տարբերվում էին Բոբրովի տոնից և անձից: Ձերժիբաշևն անկեղծ տխրությամբ էր խոսում Գումիլյովի մասին, նրա գնդակահարությունն անվանում էր «արյունոտ թյուրիմացություն»: Այն ժամանակվա Պետերբուրգի գրական շրջանակներում այդ Ձերժիբաշևին շատերն էին ճանաչում: Եվ շատերը, այդ թվում և Գումիլյովը, ինչքան էլ որ դա անհեթեթ է, նրան վերաբերվում էին… համակրանքով: Ընդ որում, Ձերժիբաշևը հանելուկային մարդ էր: Հնարավոր էր, որ քննիչի պաշտոնը դիմակ էր: Այդ դեպքում հասկանալի էր նրա «անհասկանալի» համակրանքը, որ ներշնչում էր նա և նրա անսպասելի «անհատական» գնդակահարությունը 1924 թվականին:
Գումիլյովի հարցաքննություններն ավելի շուտ նման էին բանավեճերի, որտեղ քննարկվում էին ամենատարբեր հարցեր՝ սկսած «Արքայազն» Մաքիավելլիից մինչև «ուղղափառության գեղեցկությունը»: Քննիչ Յակոբսոնը, որ վարում էր տագանցևյան գործը, ըստ Ձերժիբաշևի, իսկական ինկվիզիտոր էր, որի խելքն ու փայլուն կրթությունը միահյուսված էին մոլագարի համոզվածությանը: Գումիլյովին գնդակահարության տանելու համար ավելի վտանգավոր քննիչի հնարավոր չէր ընտրել: Եթե քննիչը փորձեր դիպչել նրա խիզախությանն ու պատվին, նա, իհարկե, ոչնչի չէր հասնի: Եվ Յակոբսոնը Գումիլյովին հմայում ու գովաբանում էր: Ասում էր, որ նա լավագույն ռուս բանաստեղծն է, արտասանում էր նրա բանաստեղծություններից, խորամանկորեն վիճում նրա հետ, և հետո վեճի մեջ նահանջում՝ հանձնվելով կամ ձևանալով, որ հանձնվել է հակառակորդի մտքի գերազանցությունից…
Ես արդեն ասել եմ Գումիլյովի՝ անչափ դյուրահավատ լինելու մասին: Եթե դրան ավելացնենք նրա հակումը խելքի, խորագիտության, մտավոր հնարամտության ամեն մի դրսևորման և, վերջապես, Գումիլյովին ոչ խորթ գովաբանությանն ու շողոքորթությանը, հեշտ է պատկերացնել, թե ինչպես Գումիլյովը, իր համար էլ աննկատ, ընկավ Յակոբսոնի լարած թակարդը: Թե ինչպես միապետության սկզբունքների մասին աննկատ շեղված վեճում նա խոստովանեց, որ համոզված միապետական է: Թե ինչպես Յակոբսոնի համար հեշտ էր հեղափոխության մասին վեճից հետո «ընդհանրապես» ապացուցել և արձանագրել Գումիլյովի խոստովանությունը, թե ինքը Հոկտեմբերյան հեղափոխության անհաշտ թշնամին է: Ավելի ճիշտ, Գումիլյովի զուսպ լինելը իր ճակատագիրը չէր փոխելու: Պետերբուրգյան չեկայի համար տագանցևյան դատավարությունն առիթ էր համառուսական չեկայի առջև ցուցադրել իր ինքնուրույնությունն ու անփոխարինելիությունը: Հենց այդ ժամանակ քննարկվում էր Մոսկվայի ՎՉԿ-ի ձեռքում իշխանության կենտրոնացման և մահապատիժների իրավունքի մասին հարցը: Հատկապես այդ պատճառով էր ջանք թափում և շտապում Յակոբսոնը: Բայց ո՜վ գիտե… Եթե Գումիլյովը ձևանար արվեստի մարդ, քաղաքականության նկատմամբ անտարբեր, պատահաբար ներքաշված դավադրության մեջ, գուցե նրա անվան (որն այդ օրերին բոլշևիկների համար ամենևին էլ դատարկ անուն չէր) վարկը գերակշռեր մեղադրանքին: Գուցե հենց այդ դեպքում և Գորկու (որ հատուկ Գումիլյովի համար գնացել էր Մոսկվա) փաստարկները կհամոզեին Լենինին…
*******
…Յոթնամյա Գումիլյովն ուշաթափվում է, երբ վազքի մրցույթում ուրիշն առաջ է անցնում իրենից: Տասնմեկ տարեկանում ինքնասպանության փորձ է կատարում. անշնորհք է ձի նստում. տնեցիները և հյուրերը դա տեսնում ու ծիծաղում են: Մեկ տարի անց սիրահարվում է մի անծանոթ աղջիկ-գիմնազիստուհու: Հետևում է նրան, հետևից թափառում փողոցներում, վերջապես մի անգամ մոտենում և շնչահեղձ լինելով՝ խոստովանում. «Ես ձեզ սիրում եմ»: Աղջիկն ասում է՝ հիմար, ու փախչում է: Գումիլյովը ցնցվում է: Նրան թվում է, թե կուրացել ու խլացել է: Գիշերները չի քնում, վրեժ լուծելու եղանակներ է մտածում. այրե՞լ տունը, որտեղ նա է ապրում, փախցնե՞լ նրան, թե՞ եղբորը կանչել մենամարտի: Տասներկուամյա Գումիլյովին հասցրած վիրավորանքներն այնքան խորն էին, որ տասներեք տարեկանում նա հիշում էր դրա մասին ծիծաղով շաղախված դառնությամբ:
Դեռահաս Գումիլյովը քնելիս մտածում էր միայն մի բան. ինչպես հասնի փառքի: Երազելով փառքի մասին՝ առավոտյան վեր էր կենում, թեյ խմում, գնում Ցարսկոյե Սելոյի գիմնազիա: Ժամերով թափառելով այգում՝ պատկերացնում էր հազար ու մի միջոց՝ իրականացնելու երազանքն: Դառնալ զորահրամանատա՞ր: Գիտնակա՞ն: Հայտնագործել հավերժական շարժի՞չ: Միևնույնն է, թե ինչ, միայն թե մարդիկ կրկնեն Գումիլյով անունը, գրքեր գրեն իր մասին, զարմանան և նախանձեն իրեն:
Քիչ-քիչ մանկական այդ երազանքները դարձան կուռ աշխարհայացք, որին նա ողջ կյանքում հավատարիմ մնաց: Գումիլյովը հաստատ համոզված էր, որ բանաստեղծ կոչվելու իրավունքը պատկանում է նրան, ով ոչ միայն բանաստեղծությունների մեջ, այլև կյանքում միշտ փորձում է լինել լավագույնը, առաջինը, որը գնում է բոլորի առջևից: Ըստ նրա՝ բանաստեղծ կոչվելու արժանի է միայն նա, ով, ի տարբերություն ուրիշների, սեփական օրինակով գլխավորում և մանրուքներում ավելի պարզ հասկանալով մարդկային թուլությունները՝ եսասիրությունը, ոչնչությունը, մահվան սարսափը, կամքի ուժով հաղթահարում է «զառամյալ Ադամին»: Եվ ի ծնե երկչոտ, ամաչկոտ, հիվանդագին զգացումներով Գումիլյովը «հրամայում է» իրեն դառնալ առյուծներ որսացող, ուլան[24], կամավոր գնում է կռվելու և երկու «Գեորգիի արժանանում», դառնում դավադրության մասնակից: Նույնը, ինչը սեփական կյանքում, նա անում էր նաև պոեզիայում: Երազկոտ, տխուր քնարերգուն փորձում էր պոեզիային վերադարձնել նրա նախնական նշանակությունը, համարձակվում էր խզել իր մաքուր, իսկական, սակայն ոչ բարձր ձայնը, ընտրում էր բարդ ձևեր, «ամպագոռգոռ» բառեր, ձեռք էր զարկում էպիկական դժվար թեմաների: Կյանքում և պոեզիայում նրա նշանաբանն էր. «միշտ ամենամեծ դիմադրության գիծը»: Նման աշխարհընկալումով նա մենակ մնաց իր ժամանակակից գրական շրջանակում, թեև շրջապատված էր երկրպագուներով և ընդօրինակողներով, ճանաչված մետր էր, այնուամենայնիվ, չհասկացված բանաստեղծ էր: Մահից քիչ՝ մոտ կես տարի առաջ, Գումիլյովն ինձ ասաց. «Գիտե՞ս, ես այսօր նայում էի, թե ինչպես են վառարան շարում և նախանձում էի (գուշակիր՝ ում) աղյուսագործներին: Այնպես կիպ էին դրանք շարում, այնքան մոտ ու նաև լցնում էին ամեն մի ճեղքը: Աղյուսն աղյուսի, մեկը մյուսի վրա, բոլորը միասին, մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար: Կյանքում ամենածանրը մենակությունն է: Իսկ ես այնքան մենակ եմ…»
Իր ողջ կարճատև կյանքում ճանաչում ձեռք բերած, հայտնի դարձած Գումիլյովը շրջապատված էր չհասկացվածությամբ ու թշնամանքով: Շատ սուր գիտակցելով դա՝ նա հեգնել է իր շրջապատին և ինքն իրեն.
Հարգանքով եմ նայում արդի կյանքին,
Բայց մեր միջև կա խոչընդոտ,
Ամենը, ինչ ծիծաղելի է այդ գոռոզին,
Ինձ համար սփոփանք է լոկ:
Հաղթանակ, փառք, սխրանք. անգույն
Խոսքեր են՝ մոլորված առօրյայում,
Որ պղնձե որոտի պես թնդում են հոգում,
Ինչպես Տիրոջ ձայնն անապատում:
Օ՜ ոչ, ես ողբերգակ դերասան չեմ,
Ես չոր եմ ու լի եմ հեգնանքով,
Ես չարանում եմ, ինչպես մետաղե արձանը
Խաղալիքների մեջ ճենապակե:
Նա հիշում է գանգրահեր գլուխները ՝
Իր պատվանդանին խոնարհված,
Մոգերի փառավոր աղոթքները,
Անտառները՝ դողով համակված:
Ու տեսնում է՝ դառնաղետ ծիծաղում են
Միշտ անշարժ ճոճքերը,
Ուր հայտնի կրծքերով տիկնոջ համար
Շվի է նվագում հովիվը:
Հակառակ իրեն այդ օտար արդի կյանքին, չցանկանալով ճանաչել ո՛չ սխրանք, ո՛չ փառք և ո՛չ հաղթանակ, Գումիլյովը թե՛ բանաստեղծություններում, թե՛ կյանքում փորձում էր անել ամեն ինչ՝ մարդկանց հիշեցնելու «բանաստեղծի աստվածային գործեր»-ի մասին, այն մասին, որ.
Հովհանի Ավետարանում
Ասված է՝ Խոսքն Աստված է[25]:
Իրեն հասանելի բոլոր միջոցներով ողջ կյանքում՝ իր պատանեկան «Կոնկիստադորի ճանապարհը» գրքից մինչև գնդակահարությունից առաջ հանդարտ ծխած ծխախոտը, Գումիլյովը դա ապացուցեց և հաստատեց: Եվ երբ ասում են, որ նա մահացել է հանուն Ռուսաստանի, անհրաժեշտ է ավելացնել «նաև հանուն պոեզիայի»…
******
Բլոկն ու Գումիլյովը կյանքից հեռացան փոխադարձաբար իրար չհասկացած: Բլոկը Գումիլյովի պոեզիան համարում էր արհեստական, ակմեիզմի տեսությունը՝ կեղծ, գրական ստուդիաներում երիտասարդ բանաստեղծների հետ Գումիլյովի համար թանկ աշխատանքը՝ թունավոր: Որպես բանաստեղծ ու մարդ Գումիլյովը վանում էր Բլոկին, խուլ դժգոհություն առաջացնում: Գումիլյովն էլ դատապարտում էր Բլոկին հատկապես «Տասներկուս[26]»-ի համար: Հիշում եմ նրա մի արտահայտությունը իրենց մահից քիչ առաջ, երբ համոզված ասում էր. «Նա (այսինքն՝ Բլոկը), գրելով «Տասներկուսը», երկրորդ անգամ խաչեց Քրիստոսին և մեկ անգամ ևս գնդակահարեց Թագավորին»:
Ես առարկեցի, որ անկախ բովանդակությունից «Տասներկուսը»՝ որպես պոեզիա, մոտ է հանճարեղության: «Ավելի վատ, եթե հանճարեղ է: Ավելի վատ թե՛ պոեզիայի, թե՛ հենց նրա համար: Նկատի առ, Սատանան նույնպես հանճարեղ է. շատ ավելի վատ թե՛ սատանայի, թե՛ մեզ համար»…
Հիմա, երբ իրենց երկուսի մահից անցել են այդքան տարիներ, երբ այլևս չկան «Ալեքսանդր Ալեքսանդրովիչը» և «Նիկոլայ Ստեպանովիչը», «ձախ էսեռն» ու «սպիտակագվարդիականը», պատերազմ, շքանշաններ, ուսադիրներ ատողն ու «մահվան հուսարը»՝ հպարտացող «մեր փառապանծ գնդով» և պատրաստվելով գրել նրա պատմությունը, երբ մնացել են միայն «Բլոկ և Գումիլյով» անունները (որպես տխուր մխիթարանք մեզ, որ ապրում ենք առայսօր), պարզ է այն, ինչն իրենք իսկ չէին հասկանում:
Որ իրենց թշնամանքը թյուրիմացություն էր, որ և՛ որպես բանաստեղծներ, և՛ որպես ռուս մարդիկ, իրենք ոչ միայն չէին բացառում, այլև ավելի շատ լրացնում էին մեկը մյուսին: Որ իրենց բաժանում էր ժամանակավորն ու երկրորդականը, իսկ հիմնականում, երկուսի համար էլ միանման թանկ, իրենք, չգիտակցելով դա, եղբայրների պես նման էին իրար:
Երկուսն էլ ապրում և շնչում էին պոեզիայով, պոեզիայից դուրս երկուսի համար էլ կյանք չկար: Երկուսն էլ ինքնամոռաց, տանջալից սիրում էին Ռուսաստանը: Երկուսն էլ ատում էին կեղծիքը, սուտը, երկերեսանիությունը, անազնվությունը և ծայրաստիճան ազնիվ էին թե՛ ստեղծագործության մեջ, թե՛ կյանքում: Վերջապես, երկուսն էլ պատրաստ էին հանուն այդ «մետաֆիզիկական պատվի» (բանաստեղծի ամենաբարձր պատասխանատվությունն Աստծո և իր առջև) ընդառաջ գնալ ամեն ինչի՝ ընդհուպ մահվան, և իրենց անձնական կյանքի սարսափելի օրինակով ապացուցեցին այդ պատրաստակամությունը:
Ռուսերենից թարգմանեց Կարինե Մեսրոպյանը
1. Ա. Բլոկը միշտ ժխտել է իր պատկանելությունը ձախ էսեռների կուսակցությանը:
2. Այս և տեքստում հանդիպող բանաստեղծական բոլոր մեջբերումների թարգմանությունները (բացի մի քանիսից, որոնք նշված են)՝ տողացի:
3. Ա. Բլոկը նման վերնագրով հոդված չունի: Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է «Առանց Աստծո, առանց ներշնչանքի»՝ 1925 թվականին տպագրված հոդվածին: Այդ հոդվածին Ն. Գումիլյովի ոչ մի պատասխան գոյություն չունի:
- Գեորգի Չուլկով (1879-1939), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրաքննադատ:
5. Ավելի հավանական է, որ Գ. Իվանովի և Ա. Բլոկի ծանոթությունը տեղի է ունեցել 1911 թվականի գարնանը: Տե՛ս «Գրական ժառանգություն», հատոր 92:
6. Գ. Իվանովի այդ հաստատումը ճիշտ չէ: Տե՛ս Վ. Օռլով, «Ալեքսանդր Բլոկի նամակագրությունը» գրքում «Ալեքսանդր Բլոկ, Նամակագրություն: Մատենագրական կատալոգ», Մ., 1975:
7. Բանաստեղծությունը նվիրված է ոչ թե Եվգենի Իվանովին, այլ նրա քրոջը՝ Մ. Իվանովային:
8. Ա. Բլոկը գրի էր առել. «Իմ իսկական բարեկամներն են՝ Ժենյան (Իվանով). Ա. Վ. Գիպյուսը, Պյաստը(Պեստովսկին), Զորգենֆրեյը»: Տե՛ս՝ Ա. Բլոկ,«Գրառումների տետր», Մ., 1965:
9. Ա. Բլոկի բանաստեղծական շարքի վերնագիրը:
10. Գարեջրի տեսակ:
11. Թեև 1940 –ական թվականներին Ա. Բլոկն արժանացած չէր պաշտոնական ճանաչման, բայց ոչ մի «Քաղբյուրոյի շրջաբերական» այդ առումով չկար:
12. Ա. Բլոկի «Օ՛, ես ուզում եմ խենթորեն ապրել» բանաստեղծությունից: ( Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի):
13. Ա. Բլոկը գրել է. «Ձյունափոշու մեջ փայլում/ Զգույշ առաջ է քայլում/, /- Ինքը Հիսուս սուրբ որդին/ /Վարդե պսա՜կը գլխին/»( Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի, Ա. Բլոկ, Հատընտիր, Ե., 1981):
1.4 Զինաիդա Գիպյուս, «Ա. Բլոկին»:
15. Այդ հաստատումը ճիշտ չէ: Ա. Բլոկի հիվանդության մասին տե՛ս Մ.Մ. Շերբա, Լ. Ա. Բատուրինա «Բլոկի հիվանդության պատմությունը», « Գրական ժառանգություն», հ. 92, Մ., 1987:
16 Ի. Ի. Իոնով (Բերնշտեյն, 1887-1942), բանաստեղծ, եղել է Պետրոգրադի Պետհրատի վարիչը, մահացել է աքսորում: Նրա այցելությունն Ա. Բլոկին անհավանական է, որովհետև նրանք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէին, իսկ Բլոկին մահամերձ վիճակում, բացի հարազատներից, այցելել է միայն Ս. Մ. Ալյանսկին:
17. Նման տեղեկություններ հաճախ էին երևում վտարանդի մամուլում: Սակայն դրանք հազիվ թե համապատասխանեն իրականությանը: Ըստ Կ. Ֆեդինի հուշերի՝ Պուշկինին նվիրված երեկոյից հետո՝ 1921 թվականի փետրվարին, Բլոկն ասել է. «Ես հիմա էլ մտածում եմ այնպես, ինչպես մտածում էի, երբ գրում էի «Տասներկուսը»»: («Ալեքսանդր Բլոկը ժամանակակիցների հուշերում», Մ.,1980, հատոր 2): 1921 թվականի մարտին Կրոնշտադի խռովության ժամանակ Բլոկը «Տասներկուս»-ի օրինակ է նվիրել բանաստեղծ Վլադիմիր Պոզներին (Վ. Պոզներ, «Մեր կրքոտ տխրությունը գաղտնիքներով լի Նևայի վրա», «Լիտերատուրնոե օբոզրենիե», 1987, համար 12):
18. Ոչ ճշգրիտ մեջբերում Վ. Բրյուսովի «Ռեքվիեմ»-ից:
19. Ա. Բ. Նեմիտց (1879-1967), 1920-1921 թվականներին Ռուսաստանի ծովային ուժերի հրամանատար:
20. Ն. Գումիլյովի մասնակցությունը դավադրությանը մնում է խնդրահարույց: Ըստ ԽՍՀՄ նախկին գլխավոր դատախազի ավագ օգնական Գ. Ա. Տերեխովի, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Գումիլյովի գործին, որտեղ պահպանված էին միայն նյութեր, որոնք վկայում էին, որ Գումիլյովին առաջարկվել է ընդունվել հակահեղափոխական կազմակերպության մեջ, նա կտրականապես հրաժարվել է, սակայն չի տեղեկացրել պատրաստվող դավադրության մասին (Ա. Գ. Տերեխով, «Անդրադառնալով Ն. Ս. Գումիլյովի գործին», «Նովի միր», 1987, համար 12: «Այդ վկայությունը, չունենալով իրավական ուժ, առայժմ մնում է միակ գոնե փոքր-ինչ արժանավոր սկզբնաղբյուր»: Նույնպես տե՛ս Դ. Ֆելդման, «Գումիլյովի գործը», «Նովի միր», 1989, համար 4):
21.Ըստ Ա. Ախմատովայի՝ Ն. Գումիլյովը գնդակահարվել է ոչ Շպալերնոյի խցում: Նա Լիդիա Չուկովսկայային պատմել է. «Կոլյայի մասին ես գիտեմ… նրանց գնդակահարել են Բերնգարդովկային մոտիկ՝ Իրինինյան ճանապարհին… Այդ մասին իմացել եմ ինը տարի անց և գնացել եմ այնտեղ: Բացատ էր՝ թեքված փոքրիկ կեչիով, կողքին ուրիշը՝ փարթամ, բայց դուրս պրծած արմատներով: Հենց դա էլ պատն էր: Հողը փոս էր ընկած, իջած, որովհետև այդտեղ գերեզման չէին փորել: Փոսեր էին: Երկու եղբայրական փոս՝ 60 մարդու համար: Դատապարտյալներին փոխադրել էին բեռնատարի թափքով, երկար էին տարել, բեռնատարը կանգ էր առել…»: Լ. Չուկովսկայա, «Գրառումներ Ա. Ախմատովայի մասին», հատոր 2:
22. Գ. Իվանովի այս պատմությունը հակասում է Վլադիմիր Խոդասևիչի հուշերին. նա պատմում է, որ 1921 թվականի օգոստոսի 3-ն ինքը երեկոյան՝ ժամը 10-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, անց է կացրել Գումիլյովի հետ, իսկ առավոտյան լսել է, որ նա ձերբակալվել է: Տե՛ս Վ. Խոդասևիչ, «Մեռելաքաղաք», Բրյուսել, 1965: «Վեճ Խոդասևիչի հետ», Իրինա Օդովցևա, «Նևայի ափերին», Վաշինգտոն, 1967:
23. Այդ տեղեկությունը դժվար թե արժանահավատ լինի: Ս. Բոբրով (1889-1971)բանաստեղծ և գրականագետ, «Ցետրիֆուգա» չափավոր-ֆուտուրիստական խմբի առաջնորդը:
24. Թեթև հեծելազորի զինվոր:
25. Ն. Գումիլյովի «Բառը» բանաստեղծությունից:
26. Համաձայն այլ հիշողության՝ Ն. Գումիլյովը բարձր է գնահատել «Տասներկուսը» հատկապես որպես արվեստի գործ՝ չընդունելով պոեմի գաղափարական իմաստը: «Բլոկը Գումիլյովի պոեզիան համարում էր արհեստական». դա հավանաբար հավաստի չէ, թեև հաստատում են ուրիշ հուշագիրներ. «Նա մինչև վերջ Գումիլյովի պոեզիայի մասին բացասական կարծիք ուներ…», Վ. Զորգենֆրեյ, «Ա. Բլոկը ժամանակակիցների հուշերում», հատոր 2: Սակայն հակառակն է վկայում 1919 թվականին Բլոկի արած մակագրությունը.« Թանկագին Նիկոլայ Ստեպանովիչ Գումիլյովին՝ «Կեղևաքոլք»-ի հեղինակին, ընթերցած ոչ միայն «ցերեկը», երբ ես բանաստեղծություն «չեմ հասկանում», այլև գիշերը, երբ ”հասկանում եմ»: «Գրական ժառանգություն», հատոր 92: