Մհեր Արշակյան | Էսսե չսիրո մասին

Ինձ չհարցնեք չսիրո իմ փորձառությունը որտեղից է։ Անդրեյ Զվյագինցեւն այստեղ կապ չունի։ Ինչ-որ իմաստով ես՝ նույնպես։ Բայց չսիրո մեջ ինչ-որ մեկի մահվան ցանկությունը կա։ Կա սպանելու կամ մեռած տեսնելու կիրքը։ Ամբողջ էությամբ։
Ձեզ ոչինչ ուշքի չի բերի, եթե դուք արդեն ընկել եք չսիրո մեջ։
Չսերն արդեն զգացում չէ։

Այն պահեստավորված գործողություն է, օր-օրի այդ պահեստում լցվում են ինչ-որ մեկին մահվան բոլոր եղանակներով մեռած տեսնելու կրքերն ու սցենարները։
Այդ ինչ-որ մեկը երբեմնի հարազատ հոգին չէ, բայց՝ անխուսափելիորեն քո կյանք ներքաշված մեկը։ Այն, ըստ էության քո կյանքն է դեպքերի բերումով: Նա կա, որպես քո կատարած ընտրություն, ինչպես արգելոցի գազանն է ընտրում երկու միանման վանդակներից մեկը։
Չսիրո մեջ փակված են բանականության բոլոր դռները, ահա՝ ինչու այնտեղ վխտում են կրքերը։

Չսիրո առջեւ կենդանի են բոլորը, որոնք մինչ այդ մեռել են, որովհետեւ նա, ով պիտի մեռնի, կա։

Ոչ մի մահ չի հերիքում չսիրուն։ Նույնիսկ քո ինքնասպանությունը։
Աշխարհում ոչ մեկին չես խոստովանի դա։ Չսերը սիրո նման գոյության տարածք չէ, այլ անգոյության։ Նրա մեջ քաոս կա, ինչպես դա կա Սատանայի մեջ։
Չսիրո մեջ դու հենց Սատանան ես, որը սիրում է մնացած բոլորին, որոնք իրեն չեն վերաբերվում։

Սատանան սիրում է գոյություն չունեցողներին, որոնք իրեն չէին հիշեցնի, թե ով է ինքը։

Սիրուց ինքնասպան չեն լինում, ինքնասպան լինում են չսիրուց, որը մեկուսացրել է սերը, որը նստել է նրա շնչին, որն իր անսահման հեռանկարայնությամբ ուղղակի «նորաձեւության» հարթակ է դուրս եկել։

Չսերն իր «սպառողին»՝ չսիրողին, չար հմայք չի առաջարկում, այլ անհուսություն։ Այն սիրո հակառակը չէ, այն արդեն ավարտված սերը չէ, այն ընդհանրապես սերը չէ, սակայն առանց սիրո զգացման այն ընկալել հնարավոր չէ։

Չես կարող ի սկզբանե ընկնել չսիրո մեջ։ Նույնիսկ առանց սիրո ամենասկզբից նրա մեջ ընկնել հնարավոր չէ։ Չսերը կյանքի տարածք է ուզում, այն, ինչը պարտադիր չէ սիրո դեպքում։
Դեպի չսերը պետք է գնալ։ Մանրիկ քայլերով։ Իր հասունության մեջ այն ամեն ակնթարթ ամբողջ կյանքն է։ Ավելին, սերն ընդհանրապես կյանքի հակառակն է։

Սերը բխում է քեզնից, չսիրո մեջ մտնում ես անձամբ։

Չսերը, արդեն ասված է, ամբողջ կյանքն է։ Այն քո մեջ կոփում է Սատանային, որն ընդհանրապես ոչ մեկին չի վերաբերվում միայն մեկից բացի։

Չսիրո մեջ դրախտն արդեն բաշխված է բոլորի մեջ, դժոխքում միայն մեկ հոգի է։

Դրախտը դրախտ է հենց միայն նրանով, որ ինչ-որ մեկի չսերը քեզ չի վերաբերվում։

Չսիրո մեջ դու կարող ես գրկել ու համբուրել նույնիսկ նրան, ում ատում ես, որովհետեւ հաջորդ վայրկյանին կարող ես նրանից հեռու լինել։ Ատելության մեջ դու ազատ տարածքներ ունես, այն չի գրավում քո գոյության ամեն դրվագը։ Դու կարող ես ատել ըստ անհրաժեշտության, դու կարող ես փնտրել նրա՝ ատվողի արդարացումները, դու ի վերջո կարող ես նույնիսկ համաձայն լինել նրա հետ։ Եվ ատել հենց այդ պատճառով։

Չսիրո մեջ դու չես կարող անիրավացի լինել։ Իրավունքի եւ ճիշտ լինելու հարց այստեղ չկա։ Այստեղ նույնիսկ չկա անարգված լինելու խնդիր։ Պատվախնդրությունդ անգամ ապականված չէ, բայց նա, ով չպետք է լինի, կա։

Չսիրո մեջ ոչ մեկի արդարացումը չկա։ Ոչ՝ իմ, ոչ՝ զոհի։ Եվ մեղք էլ չկա:

Չսիրո մեջ կա միմյանցից անջատ չլինելու դիվային անխուսափելիությունը։ Այն խցկվում է նույնիսկ կյանքի այն դրվագների մեջ, որտեղ ինքը չի եղել։ Չսերն արդեն քո վրա չի տարածվում, այլ՝ «Աստծո», որն ունի միայն հակադեմք։

Չսերն ապահարզանով չես կանխի, փախուստով կամ նույնիսկ սպանությամբ չես ամփոփի։ Այն արդեն քեզ չի ընդգրկում, այն աճում է քեզնով, ապականում այն ամենը, որոնք դու խնամել ես,- այսպես ասենք,- պատրաստվելով սիրուն կամ գոնե որեւէ մեկին չվնասելուն։

Չսիրո մեջ ժպիտն անգամ հնչում է ապառիկ, ասես այն պետք է վերադարձնես ինչ-որ մեկին տոկոսներով։ Որովհետեւ կրքոտ ժպիտ հնարավոր չէ չսիրո մեջ։ Որովհետեւ չսիրո մեջ չարությունն ունի բավարար համեստություն չխաղալու միանգամից մի քանի դեր։ Չսիրո մեջ երևակայություն չկա, այնտեղ չսիրողը խցանված է իր մթագնմամբ:
Այսինքն, փախուստ չկա, այս բաժակը պետք է խմվի մինչեւ վերջ։ Սա ստույգ մահ է։ Որովհետեւ խցանման մեջ անգամ հենման կետ չկա, դու չես կարող դիտարկել սխալդ, ճիշտդ։ Սա քեզ սպանելու է, մինչդեռ թվում էր, թե ինչ-որ մեկին մեռած տեսնելու մղումն էր քեզ ապրեցնում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *