Հայկ Մանթաշյան | Դատարկ սենյակ

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 2019-ի հուլիսին ձեռնարկել էր «Ուրիշ հուլիս» հատուկ աշխատարանների շարք, որոնցից մեկի` գրող Աննա Դավթյանի վարած «Պոեզիա առանց հանգի» աշխատարանի արդյունքում ստեղծված բանաստեղծությունները սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Հայկ Մանթաշյանը ծնվել է 2003-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Այժմ սովորում է Երևանի Ֆիզմաթ դպրոցում, սակայն պատրաստվում է ուսումը շարունակել արտերկրում։ Մինչև դասընթացը կարծում էի, որ իսկական բանաստեղծությունը պետք է լինի հանգավորված։ Սիրում է ճանապարհորդել, նարնջագույնն ու խնձոր։

 

***
Գնացի Երկիր,
Ամենը թարս էր այնտեղ,
Լուսինը՝ երկրի վրա, իսկ ծառը՝ երկնքում,
որ հոգնել էր, իրեն բարձրում երկար պահելուց եւ ահա արդեն այնքան ցածրում էր,
որ Լուսինը ճյուղերով նրան էր դիպչում,
Ուժ էր տալիս ծառին:

 

***
Մի կոպիտ սենյակում
Մեծ պատուհաններն աչքեր էին սենյակի համար,
Սակայն որոշների կոպերը փակ էին վարագույրով։
Սենյակի լարերը շփոթված տեսք ունեին,
Խառնվել էին իրար
Ու միասին դարձել երգ։

 

***
Դատարկ սենյակ.
Արեւն էր փորձում սողոսկել հազիվ`
Իր բարակ ճառագայթները ներս գցելով:
Ու պատուհաններն անտեսված էին զգում,
Ասես թափանցիկ լինեին:
Հանդարտ էր սենյակը` որպես համր կինո:

 

***
Երեկո էր,
Երկինքը լաց էր լինում տան վրա,
Ու ներսում լսվում էր:

 

***
Ձայնը կաթիլ-կաթիլ լռում էր,
Եվ անձրեւը հանգստանում էր մարդկանց ուսերին:
Երեկոն ծախսվեց, գնաց:

 

***
Կակտուսի ծաղիկը սպիտակ է,
Թիթեռը թռնում էր,
Լուցկին վառվեց:
Պատուհանին կիսալուսին է:

 

***
Թեեւ նոր տարվա լույսերից ավելի խճճված ես,
Թեեւ օդն ինքնին լցված է հուզականությամբ,
Թեեւ րոպեները փշրված են,
Ժպտա եւ հանգիստ, առանց շտապելու շարժվիր առաջ:
Ավելի պարզ է, քան պատկերացնում ես,
Պարզ, բայց ոչ ինչպես լիճն է դիլիջանյան, այլ
Պարզ, ինչպես գետինն է լիալուսնի ժամանակ:

 

***
Ուղղանկյունաձեւ ակնոցով եղանակ խիստ տիկինը
Իր փոթորկոտ ձեռքերով
Ափսե է վերցրել:
Ու կտորը ձեռքին խնամքով՝
Ասես իր երեխային է շոյում,
Անշշուկ չորացնում է ողորկ ափսեն, որ սպիտակ է` ասես
Հարյուր դրամանոց լինի
Հիսուն դրամանոցների մեջ:

 

***
Ուղղում եմ ալրմաղիս
Եվ շարժվում եմ առաջ,
Վերնաշապիկս սպիտակ է`
Ասես շիկացրած երկաթը,
Եվ ես կրկին տարօրինակ՝
Ինչպես դաշնամուրի լարերը,
Գնում եմ առաջ,
Քայլելիս քամին սանրում է տխրությունս,
Դեռ առաջ եմ գնում,
Եվ ավելին չեմ անում, քան
Աչքերիս վրայից մազափունջս հեռացնելն է:

 

***
Արեւագալ է.
Կտրվում են ժամանակները,
Վոլգան հոսում է դաշտն ի վեր,
Ճահճոտվել են չարոխները`
Ասես ցեխ են քսել:
Խշշում է օդը`
Նորաթուխ ասֆալտի հոտով:
Իսկ ես` խոպանչի Հայկս, անփույթ ընկղմվել եմ
Ցեմենտի պարկերի մեջ
Ու թերահավատորեն նայում եմ
Ժպտացող ասֆալտին:
Գիշեր է:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *