Դիանա Անդրոմեդա Մարտիրոսյան | Եղևնու` «Փուշ» անունով ուրվականը

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

«Անապատներն ունեն մի վատ սովորություն` չեն լողանում»:
– Ա՜յ քեզ բան: Այ էս գինետո՛ւն ա: 2019-ի վերջի ճիչը: Ի՛նչ ասես չեն հնարի, որ քարշ տան իրանց մոտ, նստացնեն կեղտոտ աթոռներին, անունը դնեն «Օազիս», որ մի լավ հարբես, մոռանալով, որ ծարավ չես: Հեչ ստեղ էղել ե՞ս:
– Երբեք:
– Դե արի, արի մի բաժակ բան խմենք: Ասում ես անունդ ինչ է՞ր:
– Մոմիկ:
– Ես էլ Փուշն եմ:
«Օազիս» գինետունը գտնվում էր Երևանի ստամոքսում, սրտի` հրապարակի հարևանությամբ: Քաղաքի աղմուկը քնում էր խոնավ բաժակներում ու…
կաթ-կաթ
կաթ-կըթ
թըկ…
Ու արթնանում էր զարթուցիչի սլաքների հոգնած ձայնալարի վրա:
– Քաղաքս ամեն ինչ գիտի: Ո՛վ, ո՛ւմ կանեփի տերևով ա տոլմա փաթաթում, որ դիրքով ա պետք կրակել` դրոշի գույնը փոխելու համար, ինչի՛ մասին կարելի ա գրել Թումանյանից հետո: Բայց ուրախանալ չգիտի:
– Ներեցեք` Փո՛ւշ, ես իհարկե հարգում եմ ձեր կարծիքը, բայց և այնպես, չեմ կարող չառարկել: Իմ խորին համոզմամբ, դուք սխալվո՛ւմ եք:
– Չէ՞ հա: ԿուՅլտՅուրական նախադասություններիցդ մենակ վերջի էրկու բառը հասկացա: Կենա՛ցդ:
– Ես ի նկատի ունեի, որ… Քաղաքը ուրախանալ գիտի՛:
– Հաա՜: Տենց էլ ասեիր:
Մի գիշեր, երբ քաղաքը հարբում էր քաղաքականության սեղանի շուրջ, ուրախությունը վարձեց բնակարան, տնկեց սարդոստայն, ծնեց որդեր, ստացավ քաղաքացիություն ու արտագաղթեց:
Պահո՜… Հո՞…
հորովել։
Հորի֊լորի֊լորո֊լորի
հորովել,
էդքան միս եք խորովել֊մորովել
հորովել,
մի կտոր հաց, 50 դրամ չունե՞ք ավել։
Հորս համար-լորո-լորի,
ո՛չ իմ համար,
մե բան օգնեք,
տուն եմ պահում…
– Պահո՛…
Հորովեեել:
– Առ էս, գնա, էլ չերևա՛ս: Քաղաքս վխտում ա մուրացկան-Կոմիտասներով: Խեղճ Կոմիտաս: Մի անգամ էլ կգժվեր: Է՜հ, կենացդ:
– Լսե՛ք Փուշ: Իմ համբերությունն անծայրածիր չէ: Գուցե անցնենք գործի՞…
– Հիմա հասկանում եմ, ինչի են անունդ Մոմիկ դրել…Դե լաավ, մի նեղացի, կատակ եմ անում: Իմ անունն էլ մի բանի պետք չի:
– Դուք դարձյալ սխալվո՛ւմ եք: Իմ անունը, մեծն ճարտարապետ` Մոմիկի պատվին է:
– Ի՞նչ ես ասում… Ու ինչ ա՞ ճարտարապետել:
– Ա՜հ, անընդհատ մոռանում եմ: Հո-հո-հո-հո…
– Կարող ա՞ всё таки Նո՛:
– Այո-այո՛, նո-նո-նո-նո…
– Լավ: Հերիք ա կակազես: Նորավանքը քանդվեց: Կենա՛ցդ:
Փուշը չէր սիրում խոսել ու խմել:
– Լսեք Փո՛ւշ: Ֆեյսբուքի` «Վաճառում եմ բոլորից էժան» խմբում, դուք տեղադրել էիք հայտարարություն, որտեղ նշել էիք, որ վաճառում եք «Անակնկալ»: Դուք իսկապե՞ս վաճառելու բան ունեք, թե՞ ես ապարդյուն ժամանակ եմ վատնում: Գրողը տանի:
Իսկ դրսում վառվում էին գլխավոր եղևնու լույսերը և նկարում ուրախ գույներ` մարդկանց տխուր դեմքերին:
– Էէ՜հ, Մոմի՛կ, ես չգիտեմ, թե հիմա խի՞ եմ քո հետ նստել ու քո կենացը խմում: Ախր հետո տենալու ես ու… Ըսկի չբարևես:
– Վերջ: Հաջողություն:
– Ասում էի, չէ՞: Դե լավ, փետուրներդ իջացրու, մի քիչ էլ մնա, նստի:
– Վաճառելու բան ունե՞ք, թե՞ ո՛չ:
– Եթե դու մինչև հիմա չես հասկացել, թե ես ի՛նչ եմ «վաճառում», ուրեմն չունեմ:
– Բայց չէ՞, որ գրված էր «Անակնկալ»:
– Ես ծախում եմ աթոռը, որի վրա նստած ես… Վիսկի՛ն, որ խմում ես, հահ-հահ, որ խմում ԵՄ: Ու էս պատերը:
– Ներեցեք, մի րոպե-մի րոպե, ես ճի՞շտ հասկացա, որ այս գինետունը ձե՛րն է և դուք որոշել եք այն վաճառել:
– Տես է՜, իսկը խնձորիկի մեջ: Բա խի՞ էիր փորձում սխալ տպավորություն թողել:
– Դե գիտեք ի՞նչ: Ես այդքան գումար չունե՛մ: Ունենալու դեպքում էլ, չէ՛ի գնի այս «հոտած որջը»:
– Փաստորեն վիրավորել գիտես: Բա էլ խի՞ ես սիրուն բառերով պաշտպանվում: Ես քեզնից «գումար» չեմ ուզում: Էն, ինչ ուզում էի, արդեն վերցրի:
– Այսի՞նքն: Ի՞նչ ի նկատի ունեք:
– Դու ավելի լավ ա ասա, քո մոտ տոնածառի դեր խաղալ ստացվում ա՞:
– Դուք պարզապես լկտի՛ եք ու անցա՛ք բոլոր թույլատրելի սահմանները:
– Էս բանալի՛ն, է՛ս` փաստաթղթերը: Տոնածառի դեր խաղալ ստացվում ա՞:
– Դուք ինձ հրավիրել եք այստեղ, որպեսզի ծաղրեք ու մի լավ ծիծաղեք ինձ վրա: ժամանակակից զվարճանքնե՞ր եք փնտրում: Ինչո՞ւ եք հենց ի՛նձ հրավիրել: Դուք պարզապես գարշելի եք, փնթի՛, անգրագետ, հարբեցող խոզ, որ հանդգնում է ծաղրել քաղաքակիրթ, ինտելեգենտ մարդկանց:
– Ա՜խխ: Սիրում եմ շփվել մարդկանց հետ: Լսի ընկե՛ր, ես քե՛զ եմ հրավիրել, որովհետև մենակ դո՛ւ էիր ուզում առնել էն, ինչ ես ծախում եմ: Ու դու արդեն առել ես: Մենակ պատասխանի իմ համար ամենակարևոր հարցին` տոնածառի դեր խաղալ ստացվում ա՞: Կարաս даже խաբես: Մեկա չեմ կարա ստուգեմ: Կենա՛ցդ:
– Վերջ: Ես զանգահարում եմ ոստիկանություն:

***

1961թվականին Սահարա անապատում անհավական ջերմաստիճան էր: Ավելի շոգ էր, քան Երևանի` մայիս + հունիս = 51°C:
Փուշի հայրը` Երևանցի տղամարդ, ով արևելագետ էր և աշխատում էր Մարոկկոյում, մայրը` Մարոկկացի կին, ով սիրում էր Երևանցի տղամարդուն: Նրանք վազում էին անապատի ավազների վրայով, դեպի փախուստ` կրոնից, աշխարհից, մարդուց: Երբ աչքերում սկսեց մթնել, նրանք մոռացան փախուստի մասին և սկսեցին փնտրել այն, ինչ մինչև վազելը ունեին բավականաչափ… Ջո՛ւր:
կաթ-կաթ
կաթ-կըթ
թըկ…
Չորացած ծոծորակների վրա կաթում էր հալված արևը: Իսկ ջուր..
Մայրը հղի էր: Ութ ամսեկան, երեք շաբթական, մեկ օրեկան, յոթ ժամական, քսանմեկ րոպեական, ութ վայրկենական… Եվ այլն: Ջրազուրկ մարմինը փորձում էր ազատվել ավելորդ մարմնից: Հայրն ընդունում է երեխայի ծնունդը և հասկանում, որ երկուսը չդարձավ երեք: Նա բարձրացրնում է նորածնին դեպի արևը և ասում.
– Դո՛ւ, ևս մի «փուշ» ես այս անապատում, որ խրվեց կյանքիս մեջ ու տարավ ուրախությունս:
Հայրն ու որդին շարունակեցին ճանապարհը: Արդեն առանց վազելու, նռան հատիկների պես դասավորված քայլերով:
Մայրը մնաց ավազի վրա, իրենից հոսող վերջին ջրերին պառկած: Եվ արևի դիրքից նայելիս, նա չքնաղ էր: Իսկ մարդու բարձրությունից` նա միակ «օազիս»-ն էր, այդ փուշ-ավազագույն չորանոցում:

***

Իսկ ուրախությունը, հեռո՜ւ հեռվում, շամպայն է խմում հին աստվածների հետ և տոնում վերջին պարտությունները: Բայց ճամպրուկը դեռ հավաքված է:
կաթ-կաթ
կաթ-կըթ
թըկ…
Հոսում է շամպայնը ուրախության ստամոքսում: Հոսում է դեպի սիրտ: Հոսում է առանց կանգառների:
***

Փուշի մանկությունը տխուր էր իր հոր աչքերի նման: Նա խաղում, խոսում, խմում էր մենակ: Բայց ապրում էր հոր հետ: Ծայրահեղ աղքատությունը մաշել էր կոշիկներն ու մտքերը: Բայց Փուշը սիրում էր Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոները: Նա սիրում էր տարիների փոխվելու ընթացքը: Անհամբեր սպասում էր կյանքի վերջին օրվան: Ուզում էր իմանալ, թե ի՞նչ է լինելու հետո:
– Հայրի՜իկ, մենք այս տարի՞ էլ չենք ունենալու տոնական եղևնի:
– Քեզ հազա՛ր եմ ասել, հերի՛ք ա տենց ԿուՅլտՅուրական խոսաս: Դու ինձ իմ հին կյանքն ես հիշացնում: Չես կարո՞ւմ ասես «պապ», «տոնածառ»…
– Ների՛ր հայրիկ, ըըու, կնե՛րես պապ:
– Չէ՛: Տոնածառ չի՛ լինի: Փող չկա: Էդքան ուզում ե՞ս, տոնածառի դիրք ընդունի, վրիցդ մի էրկու բան կախի ու այ էն լամպի տակ կանգնի: Как раз անունդ էլ Փուշ ա:
Այդ օրվանից Փուշն ստանձնեց տոնական եղևնու դերը: Տարիներ անց դարձավ իր «Օազիս» գինետան խորհրդանիշը: Մարդիկ այցելում էին կենդանի, բնական «Փուշ» անունով եղևնի տեսնելու, լուսանկարվելու, խմելու ու մոռացվելու:
կաթ-կաթ
կաթ-կըթ
թըկ…
Փուշի կյանքը լցվում էր անցողիկ ու թվացյալ ուրախությամբ:

***

2019 թվական, դեկտեմբերի 31, ժամը` 23:32:
Հարբած փողոցները քայլում էին «ութերով» ու պատահմամբ բախվում սխալ փողոցների: Գլխավոր եղևնու աչքերից թափվում էր հոգնած ձյունը: Տխուր դեմքերով մարդիկ տարօրինակ շարժումներով լցնում էին միակ անհոգ գիշերը: Բայց արտոնյալ ձայնային ազդանշանների կյանքը նույնն էր: «Շտապ օգնություն», «Գազի ծառայություն», «Հրշեջ ծառայություն», «Ոստիկանություն»:
«Ոստիկանություն»…
– Ձեզանից ո՞վ է Մոմիկը:
– Ե՛ս եմ, պարոն ոստիկան: Այս «Փուշ» անունով անձը, ով պնդում է, որ հանդիսանում է այս գինետան սեփականատերը, խաբեությամբ բերել է ինձ այստեղ, ծաղրելու և նվաստացնելու նպատակով:
– Խնդրում եմ մանրամասնե՛ք:
– Ֆեյսբուքի` «Վաճառում եմ բոլորից էժան» խմբում տեղադրել էր հայտարարություն, թե իբր վաճառում է «Անակնկալ» ու ես եկա ու…
– և՞…
– Եվ նա անդադար խմում է, անիմաստ բաներ ասում, տխմար հարցեր տալիս ու ծաղրում, թե իբր վաճառվելիքը այս գինետունն է, մի պայմանով, որ ես տոնածառ լինեմ: Պատկերացնո՞ւմ եք:
– Ճիշտն ասած, ոչ: Պարո՞ն…
– Փո՛ւշ:
– Փո՞ւշ:
– Փո՛ւշ, Փո՛ւշ:
– Պարոն Փուշփուշ, այս գինետունը ձե՞րն է:
– Արդեն չէ:
– Իսկ ո՞ւմն է:
– Մոմիկինը:
– Մոմի՛կ, դուք գնե՞լ եք այն:
– Ո՛չ, պարոն ոատիկան: Նա ստո՛ւմ է: Սրա նմանները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ:
– Ես ոչինչ չեմ հասկանում:
– Ըըհըմ: Թարգենք էս հիմար խոսակցությանը:
Փուշը կանգնում է, ստորագրում նվիրատվության փաստաթղթերը, այնուհետև ծալում դրանք` պատրաստելով թղթե աստղ: Մոտենում է Մոմիկին և դնում աստղը նրա գլխին:
– Չէ: Մի բան պակաս ա:
Նա նորից մոտենում է Մոմիկին ու կախում նրա մատից գինետան բանալին ու մի քայլ ետ գնում:
– Այ հիմա ստացվեց: Կենա՛ցդ:
Փուշը դնում է սեղանին բաժակը, որն արդեն իրենը չէր, շրջվում է ու գնում:
– Պարոն Փուշփուշ, սպասե՛ք, այդ ո՞ւր:
– Գնում եմ անապատ: Մորս մոտ: Պապան ասում էր, որ ուրախությունը էնտեղ ա կորցրել: Կարող ա ես գտնեմ…

***

Հրապարակի ժամացույցը փոխեց տարին: 2019 դարձրեց անցյալ: Ջանք չպահանջվեց: Այն ընդամենը 12 անգամ գոռաց
կաթ-կաթ
կաթ-կըթ
թըկ…
24.12.19.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *