«Կեցության անտանելի թեթևությունը». միջին վիճակագրական սիրո հանրագիտարան:
Հովհաննես Գրիգորյանի հետ մեր բանաստեղծության մեջ մտավ մտերմությունը: Այդ պահից կարելի է բանաստեղծության ձեռքից բռնած դուրս գալ փողոց:
«Անկումի» հերոսն ասում է, որ ապրելն անիմաստ է, որովհետև ես Աստված եմ, ուրիշ Աստված չկա, որ լինի լինելության իմ մրցակիցը:
Դոստոևսկու բոլոր վեպերի հերոսները կրքոտ են: Նրանց կրքերի լեզուն ռուս գրողը վերցրել է ոչ թե նրանց ռուսականությունից, այլ` Շեքսպիրից:
Ցվայգի Մարի Ստյուարտի մեջ փոթորկվում է մի կին, որը ծխածածկված է թագուհիով:
Եթե գրված բանաստեղծության մասին հնարավոր լինի ասել ամեն ինչ, ինքը կդադարի լինել բանաստեղծություն:
Բուդդան ծնվեց ուրիշների դժբախտությունից: Նա չգիտեր ինչ է կարեկցանքը:
Էդգար Ալան Պոն աշխարհը լցնում է զգացումներով, որոնք չկան:
Վիսլավա Շիմբորսկան բանաստեղծությունը բռնում է օդից…
Գրականությունը չպետք է դուռ ծեծի Էկոյի վեպի նման, չպետք է հարցնի` կարելի՞ է ներս մտնել:
Մաթևոսյանը վիպագիր էր, իր տեքստերը սև խոռոչի խտություն ունեն:
Համաշխարհային գրականության մեջ Համլետը միակ գոյություն չունեցած կերպարն է, որը մինչև հիմա կա: Քրիստոսը միակ գոյություն ունեցած կերպարն է, որը ծնված օրից չկա:
Տոլստոյը սպանեց Աննային, որովհետև կորցրեց հսկողությունը նրա վրա:
Ռոջեր Մքգոֆի «Ողջակյացը» սիրո մասին է, որին պակասում է աշխարհի բոլոր աղետների վարակը որպես փրկօղակ:
«Սրտխառնոցի» Ռոկանտենն ուզում է գրել ուրիշի պատմությունը, մինչդեռ հասկանում է, որ հնարավոր չէ գրել նույնիսկ սեփականը, որովհետև ոչինչ դեռ անվանված չէ:
Ռեմարկ կարդալուց հետո հեշտ է դժբախտ լինել, նրա արձակը սպունգի նման քաշում է ընթերցողի ցանկացած ողբերգություն: Ռեմարկը դժբախտություն կիսող գրող է:
Սարոյանը հեքիաթներ է պատմում բոլոր տարիքի մարդկանց համար, որովհետև հեքիաթը չկորցնելով միայն կարելի է պահպանել կյանքը:
Ռեմարկն, ի տարբերություն Հեմինգուեյի, սովորեցնում է զգացմունքների հետ գործ չունենալ որպես մարտահրավերի:
«Ծաղիկներ Էլջերնոնի համար»-ը շարունակում է Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը», բայց այլ ենթատեքստով` սիրտը չի հարմարեցվում բանականությանը:
«Ոճիր և պատիժ». երբեմն քո պատիժն այն է, որ ինքնասպան չես լինում…
Հանդկեի գործերում կանայք մեծ հաջողությամբ վերածվում են երկրորդական կերպարի…
Չեսլավ Միլոշը ճշմարտության վրայից մաքրում էր բանաստեղծությունը:
Թրումեն Կապոտեի հերոսուհին` Հոլի Գոլայթլին, բոլորինը լինելու և ոչ մեկին չպատկանելու բնություն ունի: Ինքը շուռ տված Հոլիվուդ է. ի դեպ, ձախողված դերասանուհի:
Բրոդսկու «Պիլիգրիմները» ճանապարհորդությունն է ունայնության միջով, որը բնակեցված է խիտ ամայությամբ:
Թոմաս Էլիոթը սպիտակ ստիխներում գրում էր այն, ինչ պահեստավորում էր չափածոյի մեջ…
Ժամանակակից սիրային պոեզիան գրվում է փոխանցիկ բառապաշարով:
Թումանյանը պոետ էր, որի պոեզիայից մարդը կորավ…
Վոլանդը չի կարող Վարպետին և Մարգարիտային երջանկացնել Քրիստոսի ձեռագրով: Ահա ինչու նախ սպանում է նրանց («Յուրաքանչյուր գերատեսչություն իր գործերով պետք է զբաղվի»):
«1984»-ում գլխավորը հերոսը վախն է, որի վրա հավաքում են Աստծո արարածին:
Միլերը պահեստավորած մտքեր է «նաղդել» «Խեցգետնի արևադարձը» վեպի վրա:
Միլերի կանայք Հեմինգուեյի տղամարդիկ են սիրո ռինգում…
Կաֆկան համաշխարհային գրականության միակ կերպարն է, որն ապրել է միայն հաջորդ կյանքում:
Թոմաս Էլիոթը բանաստեղծության Պողոս Առաքյալն է…
Տիգրան Պասկևիչյանը միակ պոետն է, որի բառերը միշտ ասվում են առաջին անգամ:
«Խեցգետնի արևադարձը» գրքում կան լիքը աղջիկներ, լիքը կրքեր աղջիկների մասին, ավելի շատ կրքեր առանց աղջիկների և ոչ մի սեր:
Հոմերոսի իրականությունը մենք ժառանգեցինք որպես պոեզիա:
Հեմինգուեյը չափազանց ուշ ինքնասպանություն գործեց` հենց հավակնությունները դադարեցին «սնվել» տարիքով:
Բանաստեղծական խուտուտ տվող տեքստերը գրականություն մտան ֆրանսիացի էքզիստենցիալիստ գրողների միջոցով:
Բուլգակովի «Սատանայի պարահանդեսում» ոչ մի մարմնավաճառ չկա, բայց կան կավատներ:
Աստվածաշունչը գրականության ստնտուն է…
Եվ Մարկեսը, և Ֆոլքները գրում են ճակատագրի լեզվով: Ոչ թե հասունացնում են դեպքերը, այլ գաղտնազերծում են ապագայում արդեն տեղի ունեցածը:
Երբեք չես իմանա, թե ինչ ես կարդում, եթե քո ընթերցելու ռիթմը չես բռնացրել տվյալ գործը գրելու ռիթմի հետ:
Նախկին բառախաղերն այսօր դառնում են բանաստեղծություն:
Որոշ ժողովուրդների գրականության գոյության նախապայմանն է` չիմանալ Նարեկացուն:
Ջեյմս Ջոյսը 150 տարի շառավղով օկուպացրել է համաշխարհային գրականությունը:
Չի եղել այնպես, որ որևէ մեկը կարողանա հենց նոր գրված բանաստեղծությունից իրադարձություն սարքել: Դա նրանից է, որ բանաստեղծությունը գրում է մեր համբերությունը:
Ո՞րն է տոլմայի և բանաստեղծության տարբերությունը` տոլման չես կարող եփել երկրորդանգամ, բանաստեղծությունը եփվում է միշտ, նույնիսկ եթե այն մարսել ես վաղուց:
Վահագն Աթաբեկյանի պոեզիան չափազանց զրահապատ է…
Բոլոր մետաֆիզիկական տերմինները (մահ, Աստված, սեր) ապրում են բանաստեղծության հաշվին:
Գոգոլի «Մեռած հոգիների» տնտեսագիտական ինտերպրետացիան` մեռելներիինվենտարիզացիա…
Հայերեն գրված և նույնիսկ թարգմանված լավագույն բանաստեղծությունների պաշտոնականհովանավորը առաջին պլանում արտահայտված բառի վերջին վանկի ընդգծված շեշտն է:
Ավագ Եփրեմյանի պոեզիան մարգարեական միջավայրից է ծագում, որտեղ մարգարեներն ընթերցող չեն: Եվ, ընդհանրապես, էական էլ չեն: Բայց այդ պոեզիան ուրիշ իրականություն այլեւս չունի:
Կամյուի «Անառակ կնոջ» բանալին. «Մարսելն իրեն (Ժանինին-Մ. Ա.) չէր սիրում»: Եվ քանի որ չի սիրում, Ժանինը չի կարող անառակ լինել, բայց անառակ է, որովհետեւ ինքն է սիրում Մարսելին:
Ցանկացած մարտահրավեր Դոստոեւսկին դիտարկում է առանց Աստծո`սոցիալիզմը, կրոնը, ռուս ժողովրդին, ճակատագիրը: Եթե լուծում չի գտնում, մարտահրավերի մեջ է մտնում Աստծո «ձեռքը» բռնած: