Էլլա Կանեգարիան | Էսսե չորացած տերևների ու էմոցիաների մասին

«ԲԵԶԱՐԱԾ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ դեպի էքզիստենցիալ կրիզիս» շարքից

– էս սկյուռիկներ են գալի՞ս մեր վրա, անգլիական այգում ուրդո՞ւց սկյուռիկ:

Հունվարյան չոր ու դեռ անձյուն, կիսալուսավորված այգում անգույն խոտերի վրա ինչ-որ փոքրիկ կլորիկոտ ու փափուկ կենդանիներ էին դանդաղ շարժվելով մոտենում. նրանց աչքերը վառվում էին մթության մեջ՝ անհանգստացնելով մեզ:

– Կատո՞ւ, բայց էսքան շատ կատու որտեղի՞ց հայտնվեց ստեղ:

Ուշադիր նայելուց հետո հասկացանք, որ գիշերվա կեսին այգում պտտվող ու մեզ շրջապատող կենդանիներն ընդամենը թափանցիկ ցելոֆաններ են, որոնք զիբիլների միջից թռել ու մեր պես պտտվում էին գիշերային Երևանով: Այգու լույսերը ինչ-որ հետաքրքիր երանգներ էին հաղորդում նրանց, քամին՝ մարմնական պլաստիկա, ու նրանք իսկական էին թվում՝ չնայած ընդամենը դատարկ զիբիլ էին: Միգուցե փախնում էին, կամ մեր պես սիրում էին գիշերով ման գալ քաղաքում, որովհետև գիշերը մարդիկ քիչ են, քաղաքը քիչ է ծանրաբեռնված ու հազիվ շնչում է, շենքերը շնչում են, փողոցները շնչում են ու քեզ էլ շնչելու տեղ են տալիս: Էդ ժամերին Երևանը ուժեղ շպարված կնոջ պես հանում է վնասակար, տոքսիկ մեյքափն ու իր իսկական դեմքով նստում հայելու առաջ: Ես սիրում եմ նրա իսկական դեմքը, և դրանք էն եզակի ժամերն են, երբ հանարվոր ա այն տեսնել: Հետինս ուղղակի դուրս էր եկել ինձ տեսնելու. նրան մեկ էր Երևանն էլ, նրա դեմքն էլ, անհասկանալի անցյալն ու լղոզված ապագան էլ: Համ էլ վստահ եմ, որ նա տուն չէր ուզում վերադառնալ, փախնում էր կամ փախած էր տնից, դրա համար էլ ուր ասեի՝ հետս կգար:
Սա մեր առաջին պայմանավորված հանդիպումն էր, կարելի էր ասել ժամադրությունը: Ժամադրությունը կարծեմ ենթադրում էր սիրուն շորիկ, կաֆե-մաֆե, սիրուն խոսակցություններ, որոնք փորձում են դիմացինին ներկայացնել քո ամենալավ կողմերը: Բայց ստեղ չկար էդ ամենը, կայի բոթասներով ես, փողոցն ու մեր խոսակցությունները, որտեղ ամեն մեկս ամենավատ բաներն էր դուրս թափում ու փաթաթելով դիմացինի ուսերին՝ փորձում վստահեցնել, որ հաստատ հետո ինչ էլ լինի, ոչ մի սիրուն ու լավ կամ սովորական ու հասկանալի բանի չի վերածվի:

– Աաաա, տոպրակները էկան մեր հետևից…Քո հետևից են էկել, որովհետև դու գետնին ինչ տոպրակ տեսնում ես, կապում ու քցում ես զիբիլը: Էկել են իրանց կապած ախպերների վրեժը լուծելու…

Նա իր ասածից գոհ ժպտաց ու կտրուկ շպրտեց իրեն աշնանից մնացած փոշոտ ու չոր տերևակույտի վրա էն նույն դեմքով, որով հայ նորահարսերն առաջին ամուսնական գիշերը կցվեին հյուրանոցային համարի տեղաշորը ծածկող վարդի թերթիկներին: Փռվելուց հետո նա ձեռքերը պարզեց դեպի ինձ՝ հրավիրելով իր կողք: Ես ժեստով փորձեցի նրան հասկացնել, որ չեմ ուզում, բայց նա ձեռքս քաշեց ու գցեց իր կողքին: Զայրույթից սկսեցի խփել նրան, որովհետև ներվայնացա, որ իմ Չէ-ն չլսեցին ու իմ ֆիզիկական թուլությունը շահարկելով` ինձ քցեցին մի բանի մեջ, որն ինձ տհաճ էր: Ջղայնացա, որ իմ կաշեմիրից կապույտ սվիտրը փչացավ, որ տերևները խշշալով էկան ու կպան մարմնիս էն հատվածներին, որոնք մի քիչ բացվում էին իրանց առաջ, իսկ իրանց առաջ բացվում էին հիմնականում ոտքերիս ներքևի հատվածները, որոնք վերջերս գրեթե բոլորիս մոտ բաց են:
Հիմա գրեթե բոլորս հագնում ենք կարճ, ծալած շալվարներ ու բոթասներ, լսում ֆանկ ու փորձում երևալ մաքսիմալ պարզ ու հասարակ: Բոթասով սաղ օրը ֆռռում ենք նույն արագությամբ, որով կոշիկով կքայլեինք: Առհասարակ մեզնից ոչ բոլորն են վազում, շատերս անգամ էլ փախնելու չունենք, վազելու առիթներից հեռվացել, բայց դեռ երազում ենք փախնելու, թռնելու, վազելու մասին, մինչ փաստացի այդ ցանկությունը բավարարելու միակ քայլը բոթասով ֆռֆռալն է, ու գնալու, փախնելու մասին խոսելը:
Մեկ-մեկ որ լսում եմ քանի հոգի ա ուզում փախնի, գնա, մոտս տպավորություն է, որ էլի իննսունականներն են… Ուղղակի էն ժամանակ բոլորը գնում էին խոպան, իսկ հիմա սպասում են սքոլարշիփի: Առաջ սաղ գնում էին ռուսաստաններ, իսկ հիմա ուզում են փախնել Գոա, Բալի կամ Հնդկաստան, որ գտնեն իրենց, չնայած էս փոքր տարածքում էլ դա կարելի ա անել, վերջիվերջո կորցրածդ մի մեծ բան չի՝ ԴՈՒ ես: Եթե քեզ չեզ գտնում սենց փոքր ու ծանոթ տեղում ոնց որ Երևանն ա, ուրիշ տեղի վրա հույս դնել առհասարակ չարժե:

Ու ընդհանրապես, եթե մեր երկիրը միշտ «մնալու տեղ չի»՝ անկախ փոփոխություններից, նախագահից, թվից, տնտեսության վիճակից, ապա խի են ստեղ առհասարակ ծնվում կամ խի են մի հատ էլ ավել հող հետ ուզում: Էն ա էս պստլիկի վրա իսկն ա, կլինի մարդկանց արտահանման օֆիս կամ երկիր-աէրոպորտ, ու ով որտեղ կուզի կգնա, բայց ստեղ չի մնա, որովհետև աէրոպորտում ոչ ոչ երբեք չի ապրել ու չի ապրի՝ բացի Թոմ Հենքսի կինոկերպարից. էն էլ իր հերթին ստիպված էր ապրում, որովհետև Հայրենիքն էր կորցրել…

Լույսից սիրունացած ու պոետիկացած ցելոֆաններից մեկը թռնելով էկավ ու դանդաղ անցավ մեր կողքով: Ես մոռացա զայրույթս տերևների, մենթալիտետային խնդիրների վրա ու ուղղակի սկսեցի նայել տոպրակի ուղղությամբ: Էղածը մեծ բան չէր՝ զիբիլ, բայց էնքան անտանելի սիրուն, որ իր պատճառով վստահ էի, որ չեմ մոռանա էս պահը, էս օրն ու անգամ էս մարդուն:

– Լրիվ «Կռասատա պա Ամերիկանսկին» ա, նոր հասկացա էդ կինոն ու դրա պարող տոպրակի տեսարանը,- ասեցի ես, իսկ ինքը՝ մրմնջալով, որ չի տեսել էդ անտեր կինոն ու չի էլ ուզում տեսնի, կտրուկ մոտեցավ ինձ՝ համարյա կպնելով շրթունքներիս:
Ես գլուխս մի կողմ թեքեցի ու խնդրեցի ինձ հանգիստ թողնել, հետո վեր կացա՝ փնթփնթալով թափ տվեցի շորերս ու գնացի: Մենք էդպես էլ չպաչվեցինք: Էդ օրը: Նա մնաց խոտերի մեջ պառկած՝ տոպրակներին նայելով: Ես գնացի:

Սաղ, անգամ ամենափոքր պատմություններն ու աննշան կամ կարևոր հարաբերությունները գալիս են իրենց կոնտեքստով ու նշաններով: Որ ուշադիր լինես, միանգամից կարող ես տեսնել դրանց բնույթը կամ հասկանալ դրանց ֆունկցիան քո կյանքում:
Էս պատմության մեջ կային մենակ փոշոտ չոր տերևներ, մեկ էլ քամու ուժգնությունից սիրունացած, օդում վեհ սավառնող տոպրակ, որն այս պահին ծտի պես թռնում էր, բայց քամու գնալուն պես նորից հետ կվերածվեր կենցաղային թափոնի….որովհետև թռնելն իրանը չէր: Ինքը մեծ ու ուժեղ երևույթին ժամանակավորապես հանձնված մի հատ փոքր բան էր: Բայց էդ սաղ մի կողմ, ամեն ինչ ժամանակի հետ ու ինչ-որ ժամանակ հետո պարզ կդառնա, իսկ էդ պահին կային մենակ լույսից ու քամուց կերպարանափոխված տոպրակը, խոտերն ու մենք, ովքեր չգիտեին՝ ինչ են ուզում, բացի էդ պահին իրար գրկելուց:

Որոշ ժամանակ անց երևի մեզնից մեկնումեկը կդառնա էդ տոպրակի պես՝ մի տեղ անշարժացած ու ընկած՝ առանց իրեն վերև տանող քամու… Բայց մինչև էդ մենք երկուսս էլ կթռնենք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *