Տիգրան Գրիգորյան | Եւ ձյուն եկավ …

 

 

Լուսանկարը՝ Աստղիկ Մախսուդյանի

Նվիրում  եմ ՝ Տ. Զորյանին

Արևում էր ու քամին ավազահատերը ջրի ցողերի հետ քշում – լցնում էր մեր կանաչ աչքերը։ Նա ինձ նայում էր այնպես, ինչպես նախամարդիկ նայում էին իրենց նախահորը։

Անապատի կենտրոնից ելնող գետերը ողողում էին դեղին հողը։ Կապույտ մոխրագունած երկինքը հեռվում կայծեր էր նետում Սինա լեռան վրա։

Մե՜ծ այգի էր գրողի տարածը ու ինձ անվերջ էր թվում։ Ամեն ինչ կար։ Մեր այգին լեցուն էր քաղցր պտուղներով ու համպարով: Իսկ հակառակ կողմում անապատն էր:

Մեղուների պարսերը գալիս էին դեպի կրակի պարիսպը, տեսնում էին հրե անապատը և չէին համարձակվում գիծն անցնել։ Նրանց թվում էր՝ կայրեն իրենց բարալիկ թևերը և  հավաքած ծաղկափոշին կչքանա, նեկտարը կեռա արևից, հոսելով կխաշի ոտքերը և ցավ կպատճառի։

Անապատն իր կյանքով էր ապրում: Արևը դաժան էր ցերեկով, իսկ ցրտաշունչ երեկոյին, երբ քարանում էր ծծումբը, մենք քայլում էինք պինդ կեղևի վրա։ Մանրափոշին խրթխրթում էր մեր ոտքերի տակ, թվում էր՝ ձյուն է, օքրայագույն ձյուն. թեև մեր կյանքում ձյուն չէինք տեսել։

Անհո՜ւն, անհո՜ւն երկնակամարն էր ձգվում մեր առաջ: Օքրայի փոշուց կեղտոտ մեր ոտքերը քսում էինք իրար և ես հոտոտում էի նրա կզակը, որ բուրում էր մուշկի պես անուշ։ Մեջքս այրում էր բեկբեկուն ավազը  և նրա պարանոցը Սինայի նման կաթնագույն էր թվում։

Նա մատները խրում էի մաշկիս մեջ և շշնջում էր սրտիս վրա։ Արևածագին հանդարտ գետի ջրերում լողում էր վիթերի հետ: Սպիտակ մարմինը կծկվում էր, երբ տեսնում էր բազեներին, որոնք մագիլներով ձկներին գետաքարերին էին զարկում և լափում փորոտիքը։

Երբեմն միայնակ մոտենում էր հրե սահմանին, այրում նուրբ մաշկը կրակի լեզվով, մինչ ես նոճիների մեջ տուն էի կառուցում։ Նա թռվռում էր ծառերի ստվերում և հեծած վայրի երիվարը արշավում էր գետահուներից  մինչև փասիանների հովիտը։

Սիաւի սմբակների ձայնից հողը զրնգում էր և հավքերի վախեցած երամը պոկվում էր մարգագետնից ու թևում ձիավորի թիկունքից։  Ճեմող երամն անհանգիստ ճիչերով աղաղակում էր ինչպես իմ սիրտը։ Իսկ ես տուն էի կառուցում։

Մեր ցերեկը սկսվում էր սուրճի բույրով՝ ականթի ցանցաճոճի մեջ գիրկընդխառն։ Նա մատներով սուրճի մեջ վանիլ էր լցնում, և բույրը տարածվելով խառնվում էր մաշկի բույրին։ Իսկ նրա նժույգը սմբակներով սուրճ էր ծեծում մեզ համար և խրխնջալով զվարճանում մեր սիրախաղի թեթևությամբ։

Նա երբեմն քնում էր  մերկ  մետաքսի սավանների մեջ ու մարմինը հպվելով անխավ կտորին սկսում էր դողդղալ ինչպես  շուշանի թերթին հպվող կաթիլը: Նա պատրաստում էր բրինձ և ձիուն ուղարկում էր այգի անուշաբեր համեմունքների հետևից։

 Ձին վերադառնում էր զաֆրանից  դեղնած մռութով, կամ էլ գալիս էր տխուր ու երախնունայն։ Նա միս չէր ուտում  և ինձ էլ չէր տալիս գիշատիչների կերը: Երեկոյան մեղրին խաղողահյութ էր խառնում և մատուցում որպես առնաբեր գինի։

Արևամուտից հետո մենք  երգեր  էինք լսում ձայնապնակից և նա ոտքը հենած ցանցաճոճին ձգում էր զուգագուլպան, ներկում շուրթերը կարմիրով։ Գնում էինք դեպի անապատ։ Խոսում էր ինչպես ես, խոսում էր աչքերիս նայելով, խոսում էր որպես մեկը՝ ծանոթ մեղքերի կծիկին։

Մի առավոտ, երբ քար էի հատում և կառուցում ջրատար ուղին,  զգացի որ հեռու է ինձանից ու այնքան մոտ վտանգին։ Այդ  առավոտ  գոռացի նրա անունը և պատասխան չառա, ձայնս անցավ ուռենիների նռնենիների արանքով։

Աղավնիների ու սարյակների կոհորտները թռան սաղարթների միջից, եղնիկներն ու քարայծերը, որ հանդարտ արածում էին մեր տիրույթներում դունչները պոկեցին խոտից և պաղ աչքերը հառած սկսեցին որոնել ձայնս։

Փնտրում էի նրան այգիների ու ծաղկանոցների մեջ, բայց անարդյունք…

Հեռվից սուրալով, փոշու ամպը հետևից, դեպի բլուրն էր գալիս Սիաւը գեղեցիկ։ Երբ հասավ ինձ տեսա կտրված սանձը նրա. ոստնում, վրնջում էր կատաղի՝ քարշ տալով ինձ հետևից։ Թռա և գրկեցի  բաշը իմ սևաթույր երիվարի:

Ավազների, գեղեցիկ այգիների միջով գնում էինք և զգում էի, որ սրտումս ինչ-որ լար էր կտրվում։ Նժույգը քրտնաթոր արշավում էր քառատրոփ և քիչ էր մնում, որ երկուսս էլ  հանգեինք ճահիճների մահճում։  Հասնում էինք և հեռվում երևում էր դարպասը կրակի։ Ծծմբահոտը կոկորդ էր խեղդում և մենք սիրտ էին թափում արագընթաց վարգից։

Իժերի կծիկը հորձանք տված սողում էր գետն ի վար և դեղնած հողին գորշ մի գետ էր թվում։ Նրա ձին հախուռն թափով կոխկրտում էր իժերի լափը և սրանք դեղին թույն էի թքում մեր մերկ ոտքերին։ Նա երևում էր  պիրկ գամված  աշտարակին և Կարմիրի, հեղվող շողերի մեջ թպրտում էր կապտած երակներով:

Սիրելին երևաց  ինձ մերկանդամ, պարտված աչքերով, արյուն էր կաթում պարանոցից։  Ո՞վ էր համբուրել նրան, ով էր թողել եռատամ մի հետք, որից գարշահոտ թարախ էր հոսում.  «Սիրելի՜ս, հոգի՜ս, մերկս, ի՞նչով ամոքեմ քեզ» ,- գոռում էի ես կատաղի:

Կախված էր կինը կիսամեռ: Արագ թքում էի թույնը նրա պարանոցից, փորձում էի կաշեփոկով ձգել կուրծքը, որ թույնը սրտին չհասնի։ Եվ ձին խոնարհված ողբում էր սրտալի.- «Արշավի՜ր իմ ձի և ասա՛ Տիրոջը, որ անձնասպան որսը ընկած, մահ է բերել որսորդին»:

Անապատից սրընթաց երթով ելավ Սիաւը գեղեցիկ, ինչպես հրկեզ քամի թռավ  ճահիճների ու դաշտերի միջով ու լուր տարավ դեպի լեռը Սինայի:

Եվ այդուհետ դեղին ավազի վրա ոտնահետքեր ելան  հանկարծ ու երևաց կարծես շողքը քղամիդի: Մի ձայն լսվեց խռպոտ ու երկինքը բացվեց։ Տերը, վերցնելով կծիկն իժերի, կրակը նետեց և ասաց  Օձին.

– Թո՛ղ որկորիդ վրա սողաս և հող ուտես։ Թշնամա՛նք պիտի դնեմ քո ու մարդկանց մեջ։ Դու նրանց գարշապարը պիտի խայթե՛ս, իսկ նրանք գանգդ փշրե՛ն անխնա …

Ամեն բան դադար առավ ու ժամանակը հոսեց ավազի նման: Մենք գնում էինք գլխահակ, ես և Սիաւը գեղեցիկ, տանում էինք դին և գնում էինք դեպի    լուսաբաց։ Ցուրտ էր, սարսուռ էր  ու սպիտակ ձյուն իջավ հանկարծ …

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *