Նա կողք հրեց մոխրամանն ու սեղանի մակերեսից բաժակը չպոկելով` դեպի իրեն քաշեց սեղանի հակադիր պռոշի մոտ մտերմիկ ծխարձակող հետճաշյա սուրճը: Նայեց մակերեսի վրա լուսնալող տվող պլաֆոնի լյումինեսցենտային սկավառակին, ապա բաժակը դողդղացնելով` անշրջահայացորեն մեծ մի կում սուրճ ներս արեց ու լեզվի ծերը վառելով` վեր կացավ, մոտեցավ խոհանոցի կահույքին: Կահույքի տափարակի վրայից տոպրակի մեջ փաթաթած ինչ-որ բան վերցրեց, բերեց դրեց սեղանին՝ սուրճի բաժակի կողքն, ու ինքն էլ հարմարվեց դրա դիմաց: Նա մի պապիրոս վառեց ու դեռևս չարտաշնչած ծուխը պնչերով սուրճի մակերեսին շթքելով` դրանից մի կում արեց: Նույն պահին էպոսական ձյաձյ Օհանի հանգույն գովազդ կարկտահարող հեռուստացույցի ձենը կորցրեց բարձրագոչ ծեքծեքումների հիստերիզմն ու հեռուստացույցի հանդարտված ձայնը սկսեց խոսել Թափքիի կակազ ձայնով. «Դ-դ-դ-դ-դրուվ Պանդեն երբեք չ-չ-չ-չպիտի ամուսնանա այդ անպատկառ Շ-շ-շ-շրաթայի հետ»,– բարձրաձայն մտածում էր դեռատի Թափքին` սիրաշաղախ հայացքով դռնախորշի անկյունից լափելով ամուսնու եղբորը:
Ամուսնացած հնդիկ կնոջ շահագրգիռ պոռթկումը նրան անտարբեր թողեց, ինչ կա՞ որ, կյանք է` համատարած երևույթ, դու կարող ես սիրել մեկին, բայց կյանքը կապել բոլորովին այլ մարդու հետ: Նա հայացքը կտրեց հեռուստացույցի էկրանից ու ծխախոտի ծխացող ծերը մի քանի շրջան պտտեց մոխրամանի պատի վրա: Մոխրի արծաթագույն փաթիլներն անկշիռ սահեցին դեպի մոխրամանի հատակը, նարնջագույն կրակը մերկացավ ու շփումից ծռվեց: Ծուխը սպառնալիորեն թրթռաց և կրակի պատառիկը ծխախոտի ծերից պիտի պոկվեր, ընկներ, երբ նա այն մոխրամանի հատակի վրա սեղմելով` տեղը հրեց: Վախճանից առաջ կարճ ժամանակով հարություն առած ծխախոտի երակներից նա, մի քանի միլի կենարար ծուխ խլելով, փոխներարկեց ինքն իրեն ու արյունաքամ քնթուկը դրեց մոխրամանի մեջ՝ դանդաղ և ցավոտ մեռնելու: Նույն պահին աչքն ընկավ տոպրակի վրա: Նա տոպրակից դուրս բերեց սպիտակ ուղղանկյունը, մի տեսակ հետաքրքրված պտտեց այն ձեռի մեջ, ապա կանգ առավ դրա դիմերեսի փոքր գոգավորության վրա: Ուղղանկյունը լուսամփոփի ամենասովորական անջատիչ էր, իսկ գոգավորությունը՝ անջատիչի ստեղնը: Ճը՜տ՝ ստեղնը դեպի աջ, ճը՜տ՝ ստեղնը դեպի ձախ: Ճը՜տ՝ դեպի աջ, ճը՜տ՝ դեպի ձախ՝ սկզբից դանդաղ ու համաչափ, հետո ստեղնի դիրքի փոխակերպման ռիթմը արագացավ՝ ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ՝ ռիթմիկ ձայնը հնչում էր հանգստավետ ու նյարդերի համար կազդուրիչ:
Երբ հոպարը մտադրվեց կոշկակարական դազգահ պատվիրել, նրա մտքով անցել էր այնպիսի մեկը, որը նախատեսված էր կենտ կոշկակարի համար, որովհետև նա կողքին չէր հանդուրժում երկրորդ մեկին: Տենց նա ամբողջ կյանքը մենակ էր եղել, աշխատել էր մենակ ու նույնիսկ էն իրեք անգամը, որ իրեն զույգ էր բերել, ենթագիտակցորեն ամեն ինչ արել էր նրանց իր կյանքից դուրս մղելու համար: Երբ նա Ուազների սերվիզի սվառչիկ ուստի մոտ ձևակերպեց դազգահի իր տեսլականը, սա շփոթված տեսքով քորեց քյալլի քյանքյուլը, որովհետև պատմականորեն կոշկակարի դազգահը ենթադրում է զույգ արհեստավորի համար նախատեսված ընդհանուր աշխատանքային միկրոմիջավայր: Եթե կոշկակարի դազգահ, ուրեմն երկու մետրանոց մի ընդհանուր սեղան, որտեղ երկու արհեստավոր չագուչով կողք-կողքի միալար ծեծում են կալոտկեքը, վրաքաշում են զագատովկեքն ու, առհասարակ, կաշվե լաթուփալասից ստանում են էն, ինչ հիշեցնում է ոտնամանը: Ուստեն երկար մլմլաց, նույնիսկ մտադրվեց հոպարի առաջարկությունը սրբազնագույն կանոնների բիրտ ոտնահարում որակելով, ուղարկել նրան գրողի ծոցը, բայց հետո ջոգեց, որ սկզբունքայնությունը դեպի մասնագիտական նախապաշարմունքները էս դեպքում չարդարացված ինտելեկտուալ շռայլություն է. հմի իր համար յանի ի՞նչ տարբերություն երկու մետրանոց սեղա՞ն, թե՞ սեղան դրա կեսի չափով, կարևորը գործի դիմաց փող լինի, նենց որ հոպարը մի շաբաթ հետո դազգահը բերեց տուն:
Իր գործն անելու համար հոպարին հազարումի գործիք էր պետք՝ ռաշպիլ, կլեշ, չագուչ, բիզ, մախաթ: Ռաշպիլ, կլեշ, չագուչ պետք էր, բայց տաչիլո` ոնց որ թե չէ: Տաշելու հետ կապված գործը նվազագույնն էր՝ զագատովկի պռոշները վրա բերի կալոտկի տակին, ծերերը մի քիչ թրաշի, որ տակացուն կպցնելուց բուրթ-բուրթ չկանգնի ու էսքանը: Էդ սաղ կարելի էր անել թրաշի դանակով, ռաշպիլով, վերջը՝ ամենապարզ շուշաթղթով, բայց անհերքելի է, կարելի էր նաև տաչիլոյով: Պարզապես տաչիլոյի համար աշխատանքն էնքան քիչ էր, որ դրա համար տաչիլո առնելը նույնն է, թե ավտո առնես ինչ է առիթից առիթ գնում ես հարևանի բուդկեն պապիրոզ առնելու. էն դեպքում, երբ կնիկդ գործից տուն գալիս սովորաբար հետը բերում է քո բաժին պապիրոզը: Նույնն է, թե տարբեր՝ դազգահը հարմարեցնելուց հետո, հոպարն իր գործիքակազմը տեղավորեց դազգահի դարակ-խոռոչներում և սկսեց անհանգիստ պտտվել դազգահի պարագծով: Պտտվեց-պտտվեց, հետո գնաց իրան մի հատ կոֆե դրեց, կոֆեի հետ ծխեց ու երևի որոշում կայացնելու համար էդ ամբողջի վրա ծախսած ժամանակը քչին եկավ, մի աման էլ նախորդ օրվա լոբու ճաշից կերավ: Կերավ, դուրս եկավ բակ, ձեռն առավ շլանգն ու անհավես պզզացնելով, ցայեց հայաթը, թրջեց ծիրանենու քոքն ու վերադարձավ տուն: Հնավանդ մի սինի ուներ հոպարը, հին էնքան, որ երևի դրա պատմությունը ձգվում էր մինչև փոխարքաների ժամանակները, տուն մտնելուն պես նա ձեռն առավ էդ սինին, ճկեց ինսուն աստիճանի անկյան տակ ու շուռուպներով ձգեց դազգահի կողքը: Էն որ կոշկակարի դազգահը պատմականորեն ենթադրում է երկու արհեստավորի համար նախատեսված միջավայր, էդ պատահական չի, էդ նրա համար է նաև, որ ամեն ինչ արտադրական մակերեսի իրեն արժանի տեղն ունենա: Իսկ հոպարի դազգահը փոքր էր, մի երկու գործիք, վրաքաշ արած մի զույգ կալոտկա ու տաչիլոյի համար բավարար տեղ չէր մնում: Էդ դեպքում, ուրեմն, ծռմռած սինին տաչիլոն վրան դնելու համար էր:
Աստված տնից տեղից հեռու պահի, թոքերի ռակով մարդը հարմար առիթ է ծխախոտը վատաբանելու համար. իբր տես ինչ կարող է պատահել, եթե հանկարծ ծխես: Ապրելու համար երկհարկանի տնից դոմիկ տեղափոխված մարդը հարմար առիթ է ղումարբազությունը քարկոծելու համար, պերեդոզից մեռած մարդը՝ կոքսը փնովելու համար, վատ բանին միշտ մի օրինակ կա՝ խմելունը խմող մարդու գլխին եկածն օրինակ բերելն է: Կոնկրետ դեպքում խմելու փիսությունը հոպարի օրինակով ապերին ահ տալը սենց էր եղել՝ մի անգամ հոպարը տուն էր եկել աչք-քիթը հարվածներից լխկած ու կնճիռների ակոսները չորացած արյամբ խցանված, մի ուրիշ անգամ հոպարին բերել էին թևատակերից գրկած: Էդ նույնը նույնությամբ կրկնվել էր մի քանի անգամ: Մի անգամ էլ՝ փետրվարի կեսերին, լուսանկարիչ Իռոյի հերը, իր խնդիրը սոսկ նախազգուշացնելը համարել, սառույցի վրա բերանսքիվայր հարբելաքուն մտած՝ հոպարին թողել, եկել էր հայտնելու, որ նա մի քիչ էլ սառույցի վրա տենց քնած մնա, նրանից փրկելու էլ բաաա՜ն չի մնա: Ուրիշ վախտ ո՞նց է լինում, մի չար օրինակ վերցնում, սիրտ խառնելու աստիճանի ծամծմում են էնքան, մինչև էդ օրինակը հակառակ արդյունքն է ունենում, իսկ ստեղ չէին նստել հատուկ տեքստեր մոգոնելու, թե բա տե՛ս, տե՛ս, թող քեզ օրինակ լինի խմելու վերջը: «Կյանքներս կերավ»,– գլխով ցույց էին տվել հոպարին ու ապերին է՛լ լրացուցիչ բան ասելու կարիք չէր եղել: Ու չնայած դրան էդ օրը ապերն ինքն էր գնացել հոպարի մոտ, ինքն էր հարցրել՝ «Հը՜ հոպ, խմելու բան ունե՞ս»: Հեչ բան չլիներ, «Լուսաստղի» մակարդակի արաղ հոպարի մոտ միշտ էր լինում. ռաշպիլ, կլեշ, չագուչ, բիզ ու արաղ՝ կոշկակարությունն ու խմելը հոպարի աշխատանքն էին, որոնցից նա չէր բաժանվում: Հոպարն ականջներին չէր հավատացել, բայցև ինքնատիրապետումն էլ չէր կորցրել. «Կա՜, բա ոնց չկա»,– աշխույժ վրա էր բերել հոպարն ու հնամենի սերվանտից դուրս էր բերել արաղի շիշն առանձնակի շահագրգռությամբ, որովհետև էս մեկը՝ խմելը, էն միակ բանն էր, որ հոպարը չէր սիրում մենակ անել: Կուլ տալուց առաջ մի տեսակ միշտ ցանկություն էր ունենում ինչ-որ հանդիսավոր բան ասելու, իսկ ասողին լսող է պետք:
Հոպարն իրեն էր լցրել և լցրել էր ապերին: Իրար հետ էդ մունդառ արաղից խմել, խանութի լխկած թթվով զակուսկի էին արել ու վերջը ապերը մի քիչ շուտ, հոպարը մի քիչ ուշ՝ գինովցել էին: Մեկ էլ հոպարը ասես հե՜չ, ասես կողքը մարդ չկա, վեր էր թռչել ու ձեռն առել տաչիլոյի շնուռը: Էս ծերից դեպի էն ծերը՝ դեպի շտեպցելն էր ձգել շնուռը, միացրել հոսանքին ու մի ցատկով նետվել դեպի պտտվելու անկարող տաչիլոն՝ ձեռքով ընթացք տալու լռված տաչիլոյի քարի առաջին աբառոտին: Դազգահի դարակից դուրս բերելով տրիչետվեր խողովակի մի կտոր՝ հոպարը պահել էր տաչիլոյի պտտվող քարի մակերեսի վրա: Մաշվող մետաղը ցավից աղեկտուր ճվացել ու չմարսված կայծերի թանձր շիլա էր որձկացել, ապա համընդհանուր աղմուկի միջից հոպարը նայել էր ապերին և մի տեսակ ինտրիգող ձայնով հայտարարել. «Էս ստվոլը հենց ընենց ա, իսկականը շուտով կլինի»:
Դրանից մի քանի օր անց հոպարը նրան տարավ կագնեցրեց «Ստանկոնորմալի» դեմ-դիմացն ու ակնարկեց, որ շուտով իսկականը կլինի: Եվ որ էդ պահին «Ստանկոնորմալի» դիմացն էին, և որ հոպարն անորոշ-անհասցե գլխով էր արել «Ստանկոնորմալի» ուղղությամբ, ենթադրվում է իսկականը պիտի պատրաստվեր ու դուրս բերվեր «Ստանկոնորմալից»: Սրանից առաջ էր, Թևանը «Գրանդ Չերոկի» էր առել ու ոնց-որ չգիտեր իր էդ ձեռքբերումը թաղեցիների շրջանում ինչպես առավել նկատելի դարձնի, երևի դրա համար էր, որ Թևանի վերադարձը տուն միշտ սենց էր լինում՝ սկզբից լսվում էին տրաք-տրաքյունի խուլ արձագանքները, հետո էդ ձեներն աստիճանաբար մերձենում էին, իսկ վերջում ձախակողմյան երկու ակերի վրա տռճիկ տալով, գնդակներ ժայթքող «Ստեչկինը» պատուհանից երկինք պարզած՝ Թևանի հետ միասին հևիհև իրեն փողոց էր շպրտում նրա «Գրանդ Չերոկին»: Թևանի էդ «Ստեչկինով» մի օր սարի հետևում խմբակային ուսումնական հրաձգություն տեղի ունեցավ, Թևանն էր, ու իրենց ատրճանակներով էլի մի քանիսը: Հանդիսատեսների ստվար խումբը հետևում շարած, էս մարդիկ էդ մի քանիսով երևակայական գծի վրա հավասար կանգնած կրակում էին Սովետաշենի բերդի ուղղությամբ: Մի քանի ատրճանակների փակաղակներ միաժամանակ կամ ժամանակային կարճ տարբերությամբ ճկճկալով հետ ու առաջ էի անում, պնչերից ծուխ արձակում ու արտաձգիչից դուրս թքում կրակված պարկուճները: Մեկումեջ էս հրաձիգները թամաշա անողներին շնորհ էին անում ու թաքուբիր կրակոցներ արձակելու համար իրենց հրազենները փոխանցում էին նրանց: Էդ օրը մի տասի հասնող ատրճանակներ կրակ էին տեղում բերդի ուղղությամբ այնպիսի ինտենսիվությամբ, որ եթե էս ուսումնական հրաձգությունը հանկարծ սահման-տեղ լիներ, հաստատ հայ-ադրբեջանական մի լոկալ կիլդիմի պատճառ կդառնար: Տասը էդ կրակող ատրճանակների մեջ շատ լավերը կային, բայց ամենալավը Թևանիի «Ստեչկինն» էր. ամբողջովին նիկելապատ, այն հայելու պես անդրադարձում էր լուսուստվերի բոլոր նրբությունները, նրբագեղ և վեհաշուք՝ անվրեպ պարացնում էր փակաղակն: Ու որ հոպարն էդ օրը «Ստանկոնորմալի» ուղղությամբ գլուխը խեթելով ասում էր, թե իսկականը էսա պիտի բերեն, ապերը պատկերացնում էր, թե «Ստանկոնորմալից» դուրս բերված հոպարի էդ իսկականը, իսկական պիտի լինի հենց Թևանի ունեցած էդ ատրճանակի պես: Պիտի փայլի Թևանի ատրճանակի պես, պիտի չկրակվածը կրակվածի փոխարեն պահունակից ակնթարթորեն փամփշտափող մտցնի ճիշտ Թևանինի պես, պիտի ճարճատի Թևանինի պես:
Օրը հինգ զույգ կոշիկ, հոպարը պրինցիպյալ օրը հինգ զույգ կոշիկից ավելին չէր կարում ու էդ հինգ զույգը սովորաբար կարված, պատրաստված էին լինում արդեն ցերեկը ժամը երկուսի մոտակայքում, ու որ հոպարն էդ օրվա բաժին կոշիկների կարուձևն ավարտեց իրիկվա կողմ միայն, դա «Ստանկոնորմալի» հրաշքին հավատալու նրա միամտությունից էր: Իրիկվա կողմ նա դազգահի վրա դրեց վերջին զույգի վերջին թայն ու հայացքը ծռեց տաչիլոյի ուղղությամբ: Հետո հոպարը վեր կացավ, էս ծերից դեպի էն ծերը՝ դեպի շտեպցելը ձգեց տաչիլոյի շնուռը, միացրեց հոսանքին ու մի ցատկով վերադարձավ դեպի դզզացող տաչիլոն՝ ձեռքով պտտելու առաջին պտույտն առանց օգնության կատարելու անկարող սրաքարը: Հոպարը նաև դարակից դուրս բերեց խողովակի կտորն, ու քիչ անց նրա պատուհանը լուսավորվեց նարնջագույն կայծերի երերուն լույսով, իսկ կիսաբաց պատուհանից դուրս ժայթքեց մաշվող մետաղի վժժոցը:
Եզդի Աբոյի հարսանիքի օրը շաբաշի անձրև էր տեղում, կապուկներով հիսունանոցներն ու հարյուրանոցները օդ էին բարձրանում ու աշնանային տերևաթափ դարձած՝ շորորալով իջնում հանդիսականների ուսերին: «Տաշի՜»,– բերկրալից թառանչանքներն ամեն անգամ ուղեկցում էին տերևաթափը: Աբոյի հարսանիքին հրավիրված բոլոր ջահելները զբաղված էին փողի հավաքչությամբ: Մի երկու անգամ Աբոն նկատեց ու չդիմացավ՝ հարսին թողեց, փողը ձեռքում բոխչա դարձրած ապերին բերման ենթարկեց նվագախմբի մոտ ու ստիպեց նվագածուների առաջ փռել գետիններից արդար կերպով հավաքված ապերի փողերը, բայց էդքանով հանդերձ Աբոյի հարսանիքի էդ օրը ապերին շաբաշից յոթ հազար փող բաժին հասավ, և նա կարիք ուներ ուրախությունը պոռթկալու: Ապերը դիմացավ, դիմացավ ու էլ չկարողացավ, գցեց իրեն հոպարի տուն, որի պատուհանից էդ պահին մեղմիկ, հանդարտ ծորում էր Գերի Մուրի «Փարիզիեն Ուոքվեյզը», մինչդեռ, երբ դրանից առաջ ապերը նրան հարցրել էր, թե ուր է կորել Գերի Մուրի իր կասետը, հոպարը իբր բանից բեխաբար, միայն ուսերն էր թոթվել: Հոպարն իրեն ուղղված խնդրանքը լսելով՝ ականջներին չհավատաց, որովհետև, մինչև հարազատներով նրանից կառգրավեին տրիչետվեր տրուբայի հիմքով տասներկու դյույմանոց փամփուշտ կրակող ինքնաշեն ատրճանակը, առաջին դեմ եկողներից մեկն ապերն էր եղել, ապերը փաստարկողներից մեկն էր եղել ու շատ էլ օբյեկտիվորեն փաստարկել էր, թե որսորդական փամփուշտ կրակող ջրի տրուբեն անխուսափելիորեն ուռչելու, ապա հոպարի դեմքին է պայթելու ճիշտ ինչպես թաղանթով խաշվող նրբերշիկը:
Հոպարը չհավատաց, որ նման համոզմունքների տեր մարդը նման խնդրանքով իր դուռն է եկել, բայցև ինքնատիրապետումը չկորցրեց, որովհետև դեպի ամենայն ալկոհոլն ունեցած իր հռչակագրային արգահատանքով հանդերձ, ապերը մի անգամ արդեն եկել էր նրա դուռը, ուստի նա իր նոր սարքած ինքնաշեն հրազենի մեջ ՏՕԶ-ի մի փամփուշտ դրեց ու տվեց ապերի ձեռքը: Պարսատիկի ձգանի պես դեպի իրեն քաշված զարկանը սուրաց դեպի փամփուշտի կապսուլը, լսվեց ճայթյունն ու պարկուճից առանձնացած գնդակը սուրաց դեպի Էրեբունու մատույցները: Հարսանքատեղիում էդ ժամանակ երաժշտությունը հնչում էր բարձր-բարձր, հետևաբար հարսանքավորներից ոչ ոք չիմացավ Աբոյի պատվին արձակված էդ պատվո համազարկի մասին ու ոչ ոք չգնահատեց երախտիքի այդ պերֆորմանսը:
«Է՛ս վիկլյուչատելը վեկալ, մի քիչ թանկ ա, բայց լավն ա»,– ասաց գործիքների խանութի վաճառողը, երբ ապերը որոշել էր տաչիլոյի համար անջատիչ առնել: Անջատիչն ինչպես մահճապահարանի լուսամփոփինը՝ հեչ արհեստագործական տեսք չուներ, դժվար էր պատկերացնել, որ դրանով հնարավոր է նաչնիկից բացի ավելի լուրջ բան, օրինակ` բալգարկա միացնել-անջատել. «Բայց էսի խի տաչիլոյին կըլնի՞»,– կասկածելով հարցրեց նա վաճառողին: «Փհա՜հ»,– մատը տնկեց վաճառողը,– «Ախպե՜ր, մարդիկ էս դաժե բալգարկի հըմար են տանում»: Հոպարի մահից հետո տաչիլոն դազգահի հետ միասին ցախանոցում տասը տարի լռված մնաց, ու նրա քրքրված քարը ցույց էր տալիս, որ տաչիլոն հեչ էլ կոշիկ տաշելու համար չէր: Էդ սաղ՝ էդ զենք ունենալու հոպարի մարմաջը հաստատ Թևանից էր, հրաձգության էդ օրը ոչ թե «Ստեչկինը», այլ Թևան էր դրա շարունակությունը, ու ատրճանակի վեհաշուք տեսքը բնութագրական էր Թևանին` որպես դրա բաղկացուցիչ մաս: Թևան էդ օրը կյանքի տիրակալի տեսքն ուներ, մի բան որի կարիքն ուներ հոպարը: Էդ օրվա Թևանի տեսքն ունենալու նրա ցանկությունն էնքան մեծ էր, որ հենց սկզբից, երբ նրա ձեռքից առնում էին հերթական ինքնաշեն ատրճանակը, կորզում մյուսի պատրաստումից զերծ մնալու խոստումը, նա կրքերը հանդարտվելուն պես հուսահատորեն ձեռնամուխ էր լինում հերթականի պատրաստմանը: Ու ամեն անգամ նա տաչիլոյի շնուռը քաշում էր դեպի հեռավոր շտեպցելը, միացնում հոսանքին, ապա մի ցատկով վերադառնում դեպի դզզացող տաչիլոն՝ ձեռքով պտտելու առաջին պտույտն առանց օգնության կատարելու անկարող սրաքարը…
Ճը՜տ՝ ստեղնը դեպի աջ, ճը՜տ՝ ստեղնը դեպի ձախ: Ճը՜տ՝ դեպի աջ, ճը՜տ՝ դեպի ձախ՝ սկզբից դանդաղ ու համաչափ, հետո ստեղնի դիրքի փոխակերպման ռիթմը արագացավ՝ ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ-ճը՜տ՝ ռիթմիկ ձայնը հնչում էր հանգստավետ ու նյարդերի համար կազդուրիչ… «Տենաս ի՜նչ մի դժվար էր էս ծերից էն ծերը ցատկելու փոխարեն, էդ անտերին մի հատ սենց ճտտիկ հարմարացնել»,– էս ընթացքում մտածում էր ապերը` մտադրվելով առաջիկայում տաչիլոյի վրա հարմարեցնել ճտտիկը:
19 հունվարի – 16 մարտի 2020թ.