Թերեզա Ամրյան | Գետի ափին

Իմ պապիկի մայրը, որին բոլորս մեր մայրենի լեզվով ընե, այսինքն՝ մայրիկ ենք կոչում, նստել է մոխրագույն թաղիքի վրա: Նա ժամանակ առ ժամանակ վառարանի դռնակը բաց է անում և երկար մետաղով խառնում է կրակը: Ընեն միշտ թաղիքի վրա է նստում, նա աթոռներ չի սիրում: Երբեմն նա թաղիքի վրա նստած՝ գուլպա է գործում, երբեմն ինձ համար հեքիաթ է պատմում, երբեմն էլ լռում և առանց աչքերը թարթելու կրակին է նայում: Ես սիրում եմ նստել ընեի թաղիքի վրա, հեքիաթ լսել և նայել թաղիքի շագանակագույն թվերին: Ընեի բոլոր հեքիաթները լավ են ավարտվում, չարը պատժվում է, բարին հաղթանակ է տանում:
Այսօր ընեի կիսաշրջազգեստը երկու գույն ունի… Եզդի ընեների տարազի կիսաշրջազգեստները կազմված են մի քանի մասից, որոնցից յուրաքանչյուրը դարսավոր «գոգնոց» է հիշեցնում: Այսօր ընեի «գոգնոցներից» մեկը կարմիր է, մյուսը՝ նարնջագույն: Երբ ընեն կրակը խառնելու համար բացում է վառարանի դռնակը, կարմրադեղին կրակի լույսը պարում է նրա դեմքի կնճիռների վրա: Ընեի կիսաշրջազգեստի գույները միաձուլվում են վառարանի միջի կրակի գույների հետ և մեղմում են մոխրագույն թաղիքի գորշությունը:
Կիսախավար սենյակում ես ու ընեն ենք… Ես, ընեն, վառարանը, թաղիքը, թվերը, ստվերները, գիրքը, նավթով լցված և սենյակի խավարը ցրող լամպը, որ պապիկիս առևտրական ընկերն է բերել Իրանից և նվիրել է պապիկիս:
Ես մի ձեռքի մատներով պատի վրա շան և կատվի ստվերներ եմ պատկերում: Ընեն նայում է իմ ձեռքի շարժումներից պարող ստվերին: Իր ձեռքերի ափերը իրար մոտեցնելով և կիսալուսին հիշեցնող գավաթ սարքելով՝ ընեն պատի վրա եղջերու է պատկերում: Հետո ընեն փոխում է իր ձեռքերի դիրքը և թռչունի ստվեր է պատկերում:
– Ընե՛, քո աղավնին շարժում է թևերը, հիմա ուր որ է կթռչի, – ասում եմ ես:
Ընեն դանդաղ վեր է բարձրացնում իր կարճլիկ թևերն ու ասում է.
– Աղավնին թռա՜վ, գնա՜ց:
Ընեի պատկերած թռչունն անհայտանում է պատի վրայից: Աղավնին թռա՜վ, գնա՜ց:
– Ընե՛, դու որտե՞ղ ես սովորել նման ստվերներ պատկերել պատի վրա, – հարցնում եմ ես:
– Մենք փոքր ժամանակ այդպես խաղում էինք, – ասում է ընեն:
– Դու՞ք էլ լամպ ունեիք:
– Մենք ձեթի լամպեր ունեինք, – ասում է ընեն:
– Այդ ժամանակ նույնպե՞ս լույսը տանում էին, – հարցնում եմ ես:
– Այդ ժամանակ լույս չկար, – ասում է ընեն և ավելացնում, – ձեթ չէր ճարվում, շատերն ափսոսում էին լամպ վառել: Գիշերը լամպը վառ էին թողնում լամպի լույսով կար անող կամ գուլպա գործող կանայք:
– Ընե՛, ես մի քիչ առաջ լամպի լույսով գիրք էի կարդում, – ասում եմ ես և վերցնում եմ լամպի կողքին դրված գիրքը:
Ես այնքան հպարտ եմ, ես արդեն գրել-կարդալ գիտեմ, ես կարող եմ գրքերում շատ հեքիաթներ գտնել:
– Հապա մի ցու՛յց տուր ,– ասում է ընեն:
Ես բացում եմ գրքի էջերից մեկը և պահում ընեի դիմաց:
– 1869-1923, – աչքերը կկոցելով՝ կարդում է ընեն:
– Ընե՛, դու միայն փակագծերի միջի թվերը կարդացիր, – ասում եմ ես և ավելացնում, – այստեղ գրված է Հովհաննես Թումանյան (1869-1923):
Ընեն գրել-կարդալ չգիտի: Ընեն երբեք դպրոց չի գնացել: Ընեն միայն թվերն է կարդում և շատ լավ հաշվում է:
– Գրքերում ինչե՞ր կան, – հարցնում է ընեն:
– Ընե՛, գրքերում հեքիաթներ կան:
Ընեն ուղղում է իր գլխաշորը և լռում է:
– Ընե՛, քո պատմած հեքիաթները գրքերում չկան, – ասում եմ ես այնպիսի վստահությամբ, ասես հասցրել եմ կարդալ աշխարհի բոլոր գրքերը:
Աչքս նորից ընկնում է ընեի թաղիքի թվերին: Ընեն միշտ այդ թաղիքի վրա է նստում: Ընեն աթոռներ չի սիրում: Ընեի կիսաշրջազգեստի գույները մեղմում են սենյակի կիսախավարն ու մոխրագույն թաղիքի գորշությունը:
– Ընե, ինչու՞ է թաղիքի վրա գրված 1947:
– 1947 թիվը թաղիքը սարքելու տարին է:
– Ընե՛, թաղիքը դու՞ ես սարքել:
– Չէ, այն սարքել են լբուչիները՝ թաղիքագործ վարպետները: Այդ տարի աշնանը լբուչիներ էին եկել մեր թաղամաս: Վարպետները մեր փողոցում ապրող բոլոր եզդի ընտանիքների համար թաղիքներ պատրաստեցին:
– Ընե՛, այդ լբուչի կանայք թաղիքը գործեցի՞ն:
– Լբուչիները կին չէին, տղամարդ էին: Բացի այդ թաղիքը չեն գործում, աղջի՛կս: Թաղիք պատրաստելու համար բուրդը թրջում են, մշակում, սեղմում են, պահում ճնշման տակ….
– Ընե՛, բոլոր թաղիքների վրա այսքան շատ թվե՞ր են գրում, – հարցնում եմ ես:
– Թաղիքի վրա մի թիվ և մի անուն են գրում: Թաղիքի վրայի թիվը նշանակություն ունենի. այն կարող է լինել թաղիքը պատրաստելու տարին, թաղիքի տիրոջ ծննդյան տարին և այլն: Հիշում եմ, վարպետներն այնքան էին զարմացել, որ ես նրանց խնդրեցի մի քանի թիվ գրել:
– Ընե՛, ինչու՞ է թաղիքի վրա գրված 1943:
– 1943 թվականին ռազմաճակատից սև «թուղթ ստացանք». «սև թուղթն» ասաց, որ պապիկիդ հայրն այլևս չի վերադառնա: Այդ տարի երեխաներիս հետ եկա Երևան՝ Նորք կոչվող թաղամաս: Ես ստիպված էի քաղաքում մենակ աշխատել՝ երեխաներիս պահելու, մեծացնելու համար:
– Նորքի ձեր եզդի հարևանները քո ազգականնե՞րն էին:
– Ո՛չ, նրանք իմ ազգականները չէին: Մեր եզդի հարևանները Ջանգիր աղայի տոհմի անդամներն էին, որ մի ժամանակ Վանից էին եկել:
Ես ձեռքով մի կողմ եմ տանում ընեի կիսաշրջազգեստի փեշը, և թաղիքի վրա մեկ այլ թիվ կարդում:
– 1942…
– 1942 թվականին պապիկիդ հայրը գնաց ռազմաճակատ:
– Ի՞նչ պատերազմ էր:
– Գերմանի կռիվն էր, – ասում է ընեն՝ ակնարկելով Գերմանիայի և Խորհրդային Միության միջև տեղի ունեցած մեծ պատերազմը:
– Իմ ընկերուհու հայրիկն էլ գնաց Ղարաբաղ և չվերադարձավ: Ընե՛, Գերմանի կռիվը Ղարաբաղի պատերազմի նմա՞ն էր, – հարցնում եմ ես:
– Բոլոր պատերազմներն իրար նման են. հայրիկները գնում են և չեն վերադառնում, – ասում է ընեն՝ շարժելով գլուխը:
Ընեն նորից է բացում վառարանի դռնակը, բայց կրակը չի խառնում։ Վերցնում է վառարանի կողքին շարված փայտերից մեկը և նետում է կրակի մեջ: Չգիտեմ ինչու է ինձ թվում՝ ընեն ոչ թե փայտն է նետում վառարանի մեջ, այլ թաղիքի վրայից պոկված թվերից մեկը:
– Ընե, ինչու՞ է թաղիքի վրա գրված 1915, – շարունակում եմ ես:
– Այդ տարի հայրիկիս ընտանիքը գետն անցավ:
– Ի՞նչ գետ:
– Կար-չկար մի գետ կար, – ասում է ընեն:
«Կար-չկար» արտահայտությունը լսելուց հետո ես մոռանում եմ, որ արդեն գիտեմ տառերը և կարող եմ գրքերում բազմաթիվ հեքիաթներ կարդալ, արագ նստում եմ ընեի կողքին՝ թաղիքի վրա… «Կար-չկար» արտահայտությամբ են սկսվում ընեի բոլոր հեքիաթները: Ինձ թվում է այս մեկն էլ հեքիաթ է։
– Այդ գետից մարդիկ ջուր էին վերցնում, լողանում էին գետի ափին, լվացք էին անում գետի ջրով, զբոսնում և երազում էին գետի ափին: Գետը ոռոգում էր այդ հողը, կյանք էր տալիս այդ երկրին: Մի օր սև զինվորները հարձակվեցին այդ մարդկանց վրա, կոտորեցին… Մարդիկ գետն անցան և փախան: Նրանց տները, այգիները, նրանց երազանքները մնացին գետի մյուս ափին:
– Ընե՛, ո՞վ հաղթեց, – հարցնում եմ ես:
– Ոչ ոք չհաղթեց, աղջի՛կս, – ասում է ընեն և սրբում է իր կնճիռների վրայով ներքև վազող արցունքները: – Ոչ ոք չհաղթեց, բայց մարդիկ կորցրեցին իրենց ընտանիքների անդամներին: Ժամանակ անցավ, գետի այս ափին մարդիկ նոր տներ կառուցեցին, երեխաներ ունեցան… Երբեմն, սակայն, մարդիկ գնում էին գետի ափ և նայում էին դեպի մյուս կողմ: Շատերը մինչև վերջ իրենց հույսը չէին կորցնում և շարունակում էին հավատալ, որ իրենց սպանված ազգականները չեն մահացել, այլ մնացել են գետի մյուս ափին:
Ես լռում եմ. գետի այս ափին կանգնած մարդկանց պես չեմ կորցնում իմ հույսը, սպասում եմ, որ ընեն շարունակի խոսել և մեկ այլ վերջաբանով ավարտի այս «հեքիաթը»: Ընեն լուռ բարձրացնում է թաղիքի մի անկյունը, տակից հանում է կիսատ թողած գուլպան և թելի կծիկը: Ընեն նորից գուլպա է գործում՝ մերթընդմերթ հաշվելով գործվածքի հատերը: Ընեն շատ լավ է հաշվում և մտապահում՝ թեպետ գրել-կարդալ չգիտի. ընեն երբեք դպրոց չի գնացել: Ընեի կիսաշրջազգեստի գույները մեղմում են սենյակի կիսախավարը, թաղիքի գուրշությունն ու նրա պատմած վերջին «հեքիաթի» մութը: Ես փորձում եմ ընեի նման երկու ձեռքով ստվերներ գծել պատի վրա: Պատի վրայի թռչունն անհայտանում է: Աղավնին թռա՜վ, գնա՜ց:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *