Ժոռ Սանոյան | Եղնիկը

Սկիզբ

Փորայտ գյուղում գիշեր էր: Անդոն քնից վեր թռավ` ամբողջ մարմինը քրտնած էր: Նայեց իրենից ձախ` կինը կողքին չէր: Սենյակում քար լռություն էր: Այդ լռության մեջ նա մենակ լսում էր իր քնած երեխայի ծանր շնչառությունը: Նկատեց, որ սիրտն ահավոր արագ է աշխատում` անհանգիստ էր, բայց ինքն էլ չգիտեր պատճառը: Անդոն մահճակալից իջավ, գնաց խոհանոց, որ սառը ջուր խմի: Խոհանոց հասնելուն պես այնտեղ նկատեց կնոջը` Ջեմմային, ով քարացած կանգնած նայում էր մի կետի (երկու): Փորձեց հասկանալ թե ինչին է նայում կինը ու մութ անկյունում նկատեց երկու հսկա աչքեր: Գայլ էր, ով նույնպես քարացած նայում էր Ջեմմային: Կինը նկատեց նրան, բայց նկատելու չտվեց: Անդոն միանգամից հասկացավ
պահի լրջությունը ու այն, որ իր, կնոջ ու երեխայի կյանքը մազից է կախված: Գայլը չտեսավ իրեն. հարմար պահի էր սպասում, որ հարձակվի Ջեմմայի վրա: Անդոն դանդաղ ու զգուշորեն հետ գնաց սենյակ, որ մահճակալի տակից զենքը հանի, բայց առաջինը մոտեցավ երեխայի օրորոցին ու վերմակն այնպես ծածկեց,որ նույնիակ գլուխը չերևար ( իհարկե դա էական բան չէր փոխում, բայց Անդոն այդ քայլն արեց առանց երկար-բարակ մտածելու): Հետո գնաց իր մահճակալի մոտ, կռացավ, որ վերցնի զենքը ու հենց այդ պահին կնոջ ճչոցը լսեց: Շտապ վերցրեց զենքը ու վազեց: Ջեմման ընկած էր խոհանոցի գետնին ու դիմադրում էր գայլին, որը վայրենի ձայներ հանելով՝ փորձում էր խժռել նրան: Անդոն չէր կարող կրակել,
քանի որ փամփուշտը կարող էր դիպչել կնոջը, հետևաբար գնաց ու զենքի կոթով ուժեղ խփեց գայլի գլխին: Գելը կատաղած աչքերով դարձավ դեպի Անդոն, ատամները ցույց տվեց ու… ու վերջ, գելի դիակը մի ակնթարթում ընկավ գետնին: Կրակոցից երեխան արթնացավ ու նույնիսկ վերմակի տակից լացի ձայնը լսելի դարձրեց ամբողջ տնով մեկ:
Անդոն մոտեցավ կնոջը ու արյունոտ ձեռքը բռնեց.
ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Ջեմման փորձեց ինչ-որ բան ասել, բայց չկարողացավ: Վայրկյաններ անց նա կնոջ ձեռքի ջերմությունից` կարծես զգաց, որ նա այլևս ԿԻՆ ՉՈւՆԻ:

 

Նորից սկիզբ

– Անի՛, արի մի հատ գրկեմ քեզ ու գնամ:
Արդեն կեսօր էր, Հակոբը չէր կարող տանը մնալ։
– Չէ, ես էլ եմ գալիս հետդ:
– Երկա՞ր ես շարունակելու կամակորություններդ:
Հակոբը սովորաբար չէր մերժում իր աղջկան ու կատարում էր նրա գրեթե բոլոր անհավանական ցանկությունները, բայց 9-ամյա աղջկան տանել իր հետ որսի չէր կարող, չնայած մտքով մեկ-մեկ անցնում էր նման բան: Անհնար բան: Եթե անտառում իր աղջկա նույնիսկ ծունկը քերծվեր, կինն ու իր գերդաստանը այդ երկու տողանոց պատմությունը մի հսկայական էպոսի կվերածեին:
– Մի անգամ տար հետդ ու էլ կյանքում չեմ խնդրի:
Անին չէր հանձնվում:
– Վերջ, մի շարունակի:
– Որ տղա լինեի կտանեիր չէ՞։
Նեղացած ասեց աղջիկը:
– Իհարկե, տղաները իրենց հոր գործն են շարունակում, իսկ աղջիկները տանը մայրերին են օգնում,-
Կոպիտ պատասխանեց Հակոբը, չնայած որ ինքն իր ասածի հետ այնքան էլ համաձայն չէր:
– Պապ, իսկ կուզեի՞ր, որ ես տղա լինեի:
– Շա՜տ,- երազկոտ պատասխանեց հայրը` չգիտակցելով, որ ցավեցնում է իր համար աշխարհում ամենաթանկ մարդուն:
Հակոբը որսորդ էր, ապրում էր Գիլար գյուղից մի քանի կիլոմետր արևելք՝ Ճակատ անտառից էլ մի քանի կիլոմետր արևմուտքում գտնվող սարի լանջին, կնոջ, աղջկա ու հոր հետ: Մայր չուներ. իրեն ծնելիս սիրտը կանգնել ու մահացել էր: Մոտակայքում ո՛չ ընկեր կար, ո՛չ բարեկամ, ոչ էլ հարևան․ մի քանի դպրոցական տարիների ընկերներ ուներ Գիլարից, բայց վերջի տարիներին հազվադեպ էին հանդիպում՝ համենայնդեպս իր հետ։ Հարևաններ չունեին, քանի որ իրենց տունը գյուղից դուրս էր գտնվում։ Բարեկամներ ընդհանրապես չունեին՝ չհաշված կնոջ ազգ ու տակը, որը նույնպես Գիլարից էր։ Որսորդությունը սովորել էր հորից` Որսորդ Սուրոյից, որն արդեն 15 տարի է, ինչ չէր զբաղվում որսորդությամբ, բայց մինչև հիմա բոլորն իրեն որսորդով էին դիմում:
Հակոբը տան միակ վաստակողն էր, միարժամանակ և՛ որսով էր զբաղում, և՛ հատկապես վերջերս ցախ էր հավաքում անտառից։ Կինը` Նելլին, զբաղվում էր տան գործերով ինչպես և տարածքի բոլոր կանայք, իսկ հայրը 15 տարի առաջ անտառում արջին հանդիպելուց հետո կորցրել էր ոտքն ու ֆիզիկապես ի վիճակի չէր ընտանիքին օգնել: Վերջին շրջանում այդքան էլ լավ չէին ապրում։ Արդեն երեք ամիս է, ինչ խոշոր կենդանի չէր խփել: Հոր դեղերը վերջացել էին, իսկ աղջկա դպրոցի փողը մի քանի ամիս է՝ չէին տվել: Էսքան խնդիրների մեջ Հակոբը մտածում էր, թե ոնց շահի Անիի սիրտը, որը հենց նոր լացելով գնաց իր սենյակ. ի դեպ նա չէր հիշում, թե երբ էր իր աղջկան վերջին անգամ լացելիս տեսել:
– Բալես, ինձ սխալ հասկացար,- դռան հետևից Հակոբը փորձում էր արդարանալ,- ես ուզում էի ասել, որ տղա էլ կուզենայի ունենալ:
Ձայն չկա:
– Դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում:
Էլի ձայն չկա:
«Գուցե հետս տանեմ որսի՞»,- մտածեց Հակոբը, բայց մտքում էլ պահեց:
– Լավ գնացի:
Վերջին հույսը կորցնելով՝ զենքն ու մնացացած որսի պարագաները վերցրեց ու դուրս եկավ տնից:
Դրսում կիրակնօրյա ձմեռ էր. դեկտեմբերը նոր էր սկսվել, բայց արդեն ամբողջ տարածաշրջանը պատված էր ձյան վերմակով։ Հակոբը դռան դիմաց տեսավ հիվանդ հորը, որը երկու ձեռնափայտերը ձեռքին՝ հարմարեցնում էր ծտերին կերակրել։
– Այ հեր, կմրսես, գնա տուն, հիմա մնում է քո վիճակն էլ վատանա ու վերջ, համ էլ Նելլին, որ գոմից կգա, կասես՝ չնեղացնի երեխուս հանկարծ։
– Էլի մենակ ես գնում:
Անտեսելով տղայի խնդրանքը` ասեց Սուրոն։
– Էդ ես ե՞րբ մենակ չեմ գնացել որ:
Հարցրեց Հակոբը` կարծես չգիտեր թե ինչ է հոր մտքին:
– Շատ լավ գիտես, թե ես ինչ եմ ասում. դու այդպես էլ մի խելացի շուն չճարեցիր, որ համ լավ որս գտնի համ էլ… ,- մի պահ հապաղելով՝ շարունակեց, – համ էլ, եթե ես էն ժամանակ շան հետ լինեի, հիմա հնարավոր է, երկու ոտք ունենայի:
– Պապ ես ո՞րտեղից շուն ճարեմ: Ինձանից լավ գիտես, որ ձեռքս փող չկա:
– Բա հենց դրա համար եմ ասում, որ շուն ունենաս գործերդ կլավանա: Շունը հաջողություն է բերում,- Սուրոն մոտեցավ դռանը, որ ներս մտներ,- Նելլիի ախպերը մի երկու ամիս առաջ գամփռ էր առել։ Որ իրեն դիմես, հաստատ քո համար էլ շուն կճարի:
– Լավ մի բան կմտածեմ,- էնքան որ պատասխանեց Հակոբը` էդ էր պակաս, որ աներձագին դիմեր,- ես գնացի:
Ու ճամփա ընկավ դեպի անտառ։

 

Սև ու մոխրագույն

Ցուրտ օր էր: Դրսում ոչ մի շունչ չէր նշմարվում. «Հուսով եմ՝ անտառում էսպես
դատարկ չի լինի»,- մտածեց Հակոբը: Անտառը, որը կոչվում էր Ճակատ, Անդոն
միշտ համեմատել է մարդու հետ, այն մի օր կարող է լավ տրամադրություն ունենալ,
մի օր` վատ, ու, ցավոք, վերջերս անտառը շատ տխուր ու դատարկ էր իր հանդեպ:
Թե ինչի էր անտառի անունը Ճակատ, նա չգիտեր: Երբ փոքր էր, դպրոցում իրենից
մի քանի տարի մեծ տղայից լսել էր, որ անտառի անունը դրել են ճակատ,
որովհետև մի տղա ընկերների հետ անտառում զբոսնելիս ճակատի վրա ընկել էր
արջի կեղտի մեջ, որից մի քանի օր հետո, չդիմանալով ծաղրանքներին, սպանել է
իրեն: Հակոբն, իհարկե, այն ժամանակ էլ էր հասկանում, որ այդ տղան ստում է, սակայն պատմությունը բառ առ բառ տպավորվել էր նրա մոտ: Ձյան վրա ինչպես միշտ ոտնահետքեր չկային, քանի որ այդ ճանապարհով մենակ Հակոբն էր գնում անտառ: Ամեն մի քայլից Հակոբի ոտքերը խրվում էին գրեթե կես մետրանոց ձյան մեջ, բայց նա չէր մրսում. սովոր էր: Արդեն անտառ էր հասնում, երբ մուտքի մոտ նկատեց Ռուբենին ու Կարենին: Երկվորյակ եղբայրներ էին: Գիլար գյուղի միակ որսորդները: Հակոբը էս երկուսին կյանքում չի կարողացել տարբերել, չնայած շատերն ասում էին, որ նրանք այդքան էլ նման չեն: Ռուբենի ու Կարենի հետ Հակոբը մոտ չէր: Իրար հետ կյանքում չէին վիճել, բայց մեկը մյուսին արհեստականորեն վանում էին: Ամբողջ գյուղում մատների վրա կարելի էր հաշվել մարդկանց, որոնք նույն գործով են զբաղվում ու իրար հետ լավ հարաբերություններ ունեն:
– Ի՞նչ ես անում էս կողմերը:
Կասկածամտորեն հարցրեց երկվորյակներից մեկը, իսկ մյուսը ուշադիր Հակոբին
էր զննում:
– Փորձիր առաջին անգամից գուշակել, չէ լավ, երկրորդ անգամից:
Կատակեց Հակոբը՝ առանց վիրավորել ցանկանալու:
– Մեր տարածքի կողմից կրակոց է լսվել,- շարունակեց մյուս եղբայրը,- մենք էլ մտածեցինք թե դու ես խախտել պայմանավորվածությունը:
Հակոբն ու երկվորյակներն իրար մեջ կիսել էին Ճակատ անտառի տարածքը,
որպեսզի մեկը մյուսի հետ չառնչվեին ու իրար չմեղադրեին որս փախցնելու մեջ. հյուսիսում եղբայրներն էին որս անում, հարավում` Հակոբը: Անտառի մոտակայքի այլ գյուղերի որսորդները նույնպես ունեին նման համաձայնություններ մեկը մյուսի հետ:
– Բայց ոնց հասկանում ենք տեսքիցդ, դու նոր ես եկել,-ասեց մյուս եղբայրը:
Հակոբը նյարդայնացավ:
– Իմ ինչի՞ն է պետք` մտնեմ ձեր տարածք, հետաքրքիր մարդիկ եք հա՜:
– Լավ, հանգստացի՛ր, դրա փոխարեն օգնիր մեզ գտնենք էդ կրակողին,-ասեց Ռուբենը, կամ Կարենը. դա կարևոր չէր Հակոբի համար:
– Չեմ կարող, պետք է անպայման էսօր որս անեմ:
Հակոբը մերժեց եղբայրներին ու նույն պահին փոշմանեց, բայց չէր կարող ասածից հետ կանգնել` չէր ուզում անինքնավստահ մարդու տպավորություն թողնել նրանց մոտ:
– Դու՛ գիտես,- ասեց մյուս եղբայրը,- բայց իմացիր` էսօր մեր տարածքում է կրակել, վաղն էլ քո տարածքում կկրակի: Պետք է անպայման պարզենք, թե ով է էդ մարդը:
– Դե չգիտեմ, ճիշտ ես, բայց իրոք չեմ կարող:
Նա սպասում էր, որ եղբայրներից մեկն ու մեկը պնդեր, որ նա պետք է գա ու Հակոբն, իրոք, ուզում էր օգնել նրանց, բայց երկվորյակներն էլ իրենց սկզբունքներն ունեին:
– Քեզ բարի ժամանց: Գնացինք Կարեն:
Եղբայրները միանման թարս հայացք գցեցին Հակոբի վրա ու մտան անտառ:
Հակոբը իրեն վատ զգաց: «Պետք է օգնեի, համ էլ հարաբերություններս կլավացնեի հետները»: Բայց ավելի շատ նրան հետաքրքրում էր, թե ով է եղել կրակողը ու ինչ նպատակ է ունեցել:
Մի քանի րոպե երկմտելուց հետո Հակոբը որոշեց հակառակ կողմով մտնել Երկվորյակների տարածք, ու ով իմանա, կարող է ինչ-որ բան պարզեր: Անտառում մտքերով ընկավ ու չնկատեց, թե ինչպես երկու ժամ անցկացրեց այնտեղ։ Իր վաղ մանկության լավ ու վատ օրերից հասավ մինչև Անիի ապագան։ Նա կարծես արդեն մոռացել էր, թե ինչ գործ ունի անտառում։ Ու հենց մտքերի
մեջից դուրս եկավ ու որոշեց հետ գնալ իր տարածք որս անելու, հեռվից փոս նկատեց. կարծես մեկը ձյան մի հատված փորել էր: Ներքին ձայնը հուշում էր, որ մի կեդանի շունչ կա փոսի մեջ: Հակոբը հանեց հրացանը ու զգուշորեն մոտեցրեց դեպի փոսը: Ինչքան մոտենում էր, այնքան ավելի արագ էր բաբախում սիրտը, բայց ավելի շատ ոչ թե անհանգստությունից, այլ հետաքրքրությունից ու
ոգևորությունից: Վերջապես հասավ փոսի մոտ ու ինչ տեսավ, ավելի ճիշտ՝ ինչեր: Երկու շան ձագ` էնքան փոքր, որ կարող էր երկուսին էլ իր քուրքի մի գրպանում տեղավորել, մեկը ամբողջությամբ սև էր, մյուսը` մոխրագույն: Անշարժ էին, բայց Հակոբը վստահ էր, որ քնած են: «Լավ, ո՞ր մի անխիղճն է էս խեղճ կենդանիներին թողել անտառում, այն էլ էս ցրտին, իսկ, եթե մայրն ունեցել է ձագերին ու
սատկե՞լ…, բա էդ դեպքում ինքն ու՞ր է։ Կամ էլ էս շները ինչ-որ կապ ունեին Ռուբենի ու Կարենի ասած կրակոցի ու կրակողի հետ»:
Հակոբը շատ տարբերակներ մտածեց, բայց շատ չխորացավ: Նա ավելի
կարևոր բան ուներ մտածելու: Հակոբը գիտակցում էր, որ էս շները վերջերս իր հետ կատարված միակ
հաջողությունն էին: Հետը որ տուն տանի, համ աղջիկը կբարիշի հետը (նրա համար դա ավելի կարևոր էր), համ էլ իրեն իսկապես շուն էր պետք, որը կօգնի որս անելիս, իսկ գիշերներն էլ տունը կհսկի: «Շունը ո՞րն է` շներ»,- հպարտորեն մտածեց Հակոբը: Խնդիր սակայն այն էր, որ շներին չէր կարող թողնել մենակ ու գնալ որս անելու. հազար հատ գել ու գազան կան, կարող են սպանել նրանց: Նույնիսկ, եթե ոչ մի կենդանու չհանդիպեն, «երկվորյակ կենդանիները» հաստատ կգտնեն ու իրենցով կանեն: Գրպանը նույնպես չէր կարող գցել․ շները գրպանում դրած նա չէր կարողանա ազատ ու կտրուկ շարժումներ անել.
«Ի՞նչ անեմ, հետ դառնամ տու՞ն»,-մտածեց Հակոբը:
Առանց որսի տուն գնալը ամենասխալ որոշումը կլիներ այդ պահին. դիմացը ծանր ձմեռ էր:
Վերջը տարավ-բերեց ու որոշեց քուրքը գցի շների վրա, ձյունով ծածկի (որ ոչ ոք չնկատի), մինչև կվերադառնա որսից. ճիշտ է, շատ ցուրտ էր դրսում, բայց պետք է դիմանար, էդ պահին ուրիշ տարբերակ չկար:
Հենց այդպես էլ արեց, հետո ծառի ճյուղերով մի նշան սարքեց, որ հանկարծ ինքն էլ չկորցներ շներին ու գնաց իր գործին:

 

***
Ցրտից Հակոբի տեսողությունը կարծես կատարյալ էր դարձել: Ձյան մեջ խրված անտառում երկու հատ սպիտակ նապաստակ խփեց: «Էլի վատ չէ,- մտածեց Հակոբը,- սրանց ահագին փող կտան գյուղում»: Նապաստակներին պարանով կապեց իրար, կախեց իր վզին գցած հարմարանքից ու մեծ-մեծ քայլեր անելով` շտապեց շների մոտ: Ճանապարհին անհանգիստ էր. շների մասին էր մտածում` մի բան եղած չլիներ:
Եղբայրները վաղուց գյուղ գնացած կլինեին ու զգուշավորության կարիք չկար: Հենց հասավ իր` ճյուղերով սարքած նշանի մոտ, շտապ քուրքը հանեց փոսի վրայից: Շները նույն դիրքով քնած էին, բայց կտրուկ շարժումից հետո արթնացան ու զարմացած և վախեցած հայացքով սկսեցին նայել Հակոբին:
-Վերջ, գնում ենք տուն:
Բարձրաձայն ասեց շներին: Քուրքը մաքրեց, հագավ: Ամբողջ մարմնով դող անցավ, բայց վայրկյաններ անց սկսեց զգալ մարմինը տաքացնող հաճելի գոլը: Սկզբում վերցրեց սև շանը՝ որձ էր, մուգ շագանակագույն կրակոտ աչքերով նայում էր նրան: Սևին գցեց քուրքի ձախ հսկայական գրպանը, հետո վերցրեց մոխրագույն շանը, էս մեկն էլ էր որձ, աչքերը սև շան նման ամբողջությամբ սև էին, բայց մեջները նույն չափ կրակ կար որքան մյուսի աչքերում: Էս մեկը սկզբում
հանդգնում էր, նույնիսկ փորձեց կծել Հակոբի ձեռքը, բայց բերանն ատամ չկար. վերջը մոխրագույնին էլ աջ գրպանը գցեց ու տան ճամփեն բռնեց: Շուտով մութն ընկնելու էր։
Երբ անտառից դուրս եկավ, հեռվից աստիճանաբար սկսեց երևալ իր տունը. առաջինը ծխնելույզի ծուխը տեսավ, հետո՝ արդեն հյուրասենյակի լուսամուտից երևացող լույսը: Աղջիկը` Անին, ամեն անգամ իր՝ որսից վերադառնալիս նստում էր հյուրասենյակի լուսամուտի գոգին ու հորը սպասում: Հակոբը քայլելիս ուշադիր նայում էր տան լուսամուտին ու մտածում,-«Տեսնես սպասում է ինձ»,- ու երբ ավելի մոտեցավ տանը, տեսավ, որ Անին ինչպես միշտ սպասում է իրեն՝ չնայած որ առավոտյան իր չգիտակցված ընդամենը մեկ բառի պատճառով խիստ նեղացրել էր աղջկան: Հակոբի դեմքին թեթև ժպիտ առաջացավ, ու սկսեց մտածել, թե ինչպես կուրախանա աղջիկը, երբ տեսնի փոքր շներին:
Հիշելով նրանց` ձեռքը տարավ աջ գրպանը ու տեղում սառած մնաց` շունը չկար:
Արագ մյուս գրպանը ստուգեց` սև շունը տեղում էր: – «Լավ, ո՞նց փախավ գրպանիցս, որ ես չնկատեցի»:
Հակոբը համ շատ հոգնած էր, համ սոված, բայց իրեն կարողացավ ստիպել ու հետ դառնալ՝ մոխրագույն շանը փնտրելու: Արդեն մթնել էր, սակայն լիալուսնի ու ձյան շնորհիվ ամեն ինչ գրեթե ցերեկվա նման տեսանելի էր: Ճանապարհին ուշադիր նայում էր գետնին, որ գոնե շան ոտնահետքերը նկատեր: Ձյունը համեմատաբար սառել էր, ու Հակոբի ծանր ոտքերի համար ավելի դժվար էր նրա վրայով քայլելը. ամեն մի քայլ գցելը մի հավերժություն էր թվում։
Վերջապես իր ոտնահետքերից մի քանի թիզ ձախ նկատեց շան` ձյան վրա հազիվ նկատելի հետքերը: Ահագին ճամփա գնաց, հասավ մինչև անտառ` էն փորած ձյան փոսին, որտեղից գտել էր շներին: Այդտեղից սկսած` ոտնահետքերը շեղվեցին կածանից: Մի քիչ էլ անցավ ու տեսավ սարսափելի պատկեր. եղնիկի սատկած ձագ էր` մոտ երկուսից երեք ամսեկան: Վիզը այնպես էր կծած, որ գրեթե
մարմնից անջատվել էր,-«Կամ գել է սպանողը, կամ արջ»,- մտածեց Հակոբը:
Զարմանալին այն էր, որ մարմնի մնացած մասերը անվնաս էին: Հակոբը ինչ-որ շարժում նկատեց եղնիկի վզի կողմից, ավելի մոտեցավ ու տեսավ մոխրագույն շան ձագին, որը եղնիկի վզից արյուն էր ծծում:
– Էս խեղճ շները տեսնես քանի օր են սոված մնացել,- բարձրաձայն ասեց նա,- արի՛, քեզ տանը մի լավ կկերակրեմ:
Կողք ու բոլորը զննելով` Հակոբը կռացավ ու վերցրեց շանը, կրկին գցեց աջ գրպանը ու առանց երկար վարանելու, երկու ձեռքերը գրպաններին պահած (որ հանկարծ նույն պատմությունը չկրկնվի)՝ շտապ հեռացավ. ուր որ է գիշատիչները կհավաքվեին:

 

Եղնիկ

Վերջապես տուն հասավ: Անին անմիջապես թռավ հոր գիրկը:
– Պապ, կներես…
– Էս ո՞ւր էիր այ մարդ,-ընդհատեց Անիին մայրը,- հազար ու մի բան անցավ մտքներովս:
– Երեխուս համար անտառում նվեր էի փնտրում,- բավականին լուրջ տոնայնությամբ պատասխանեց Հակոբը:
– Ուֆ, հավեսդ չունեմ, էդ նապաստակներին կգցես պարկը, որ վաղը հետս տանեմ գյուղ:
– Հա, հա, կանեմ վայ, թող շունչ քաշեմ, համ էլ երեխուս նվերը տամ:
– Պապ, ի՞նչ ես բերել,- վեր-վեր թռավ աղջիկը,- շուտ ասա, էլ չեմ դիմանում:
– Տե՛ս:
Ձախ գրպանից հանեց սև շանը ու տվեց Անիին, որը ուրախությունից էնքան բարձր ճչաց, որ խեղճ շունը վախեցավ:
– Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,- բարձր շշուկով զայրացավ աղջկա վրա Նելլին,-պապդ հիմա կարթնանա:
Նելլիին կարծես թե չէր էլ հետաքրքրում շունը, բայց աչքի ծերով զննում էրլ նրան։
– Մա՜մ, հլը նայի ինչ լավն է,- ոգևորված ասեց Անին,- գյուղում Արջուկի հետ կխաղամ(Արջուկը Անիի քեռու գամփռն էր), իսկ էստեղ` իր հետ, ապրե՜ս, պապ:
– Սա դեռ նվերի կեսն է,- ոչ պակաս ոգևորությամբ ասեց Հակոբը:
Ձեռքը արդեն տանում էր աջ գրպանը ու բարեբախտաբար հիշեց, որ մոխրագույն շան ձագը ամբողջությամբ արյան մեջ էր:
ՈՒ Ո՞ՆՑ ԷՐ ԿԱՐԵԼԻ ԴԱ ՄՈՌԱՆԱԼ:
– Սպասիր, հիմա կգամ, հանկարծ չգաս, որ անակնկալը չփչանա:
Հակոբը, առանց աղջկա պատասխանին սպասելու, դուրս թռավ տնից։ Տան դիմացից մի կողմ գնաց, որ լուսամուտից հանկարծ չտեսնեն ու աջ գրպանից հանեց մոխրագույն շանը, թաթախեց ձյան մեջ, սկսեց մաքրել շան արյունոտ բերանը, վիզը ու փորը: Վերջում քուրքի ներսի մասով չորացրեց ու ձեռքին բռնած մտավ տուն:
Անին էս անգամ զսպեց իրեն ու չճչաց, բայց էմոցիաներից պարզ էր, որ կրկնակի շատ է ուրախացել: Ագահաբար վերցրեց երկրորդ շանը ու երկուսին սեղմեց դեպի իրեն: Երևի կյանքի ամենաերջանիկ օրն էր:
– Ինձ թվում է եղբայրներ են,-ասեց Հակոբը:
– Հա, բայց ընդհանրապես իրար նման չեն,- Անիի ոգևորությունը մի քիչ անցել էր, ու նա արդեն կարող էր խոսել,- տե՛ս, սևի պոչն ու ոտքերը ավելի կարճ են, բերանը կլորավուն է, իսկ մոխրագույնի մոտ հակառակն է:
Աղջիկը արդեն երկուսին էլ մանրամասն ուսումնասիրել էր:
– Հա, իրոք որ…, հետաքրքիր է… լավ էդ հեչ, կարևորը, որ լավ շներ են երևում,- ասեց Հակոբը,- Նելլի՛, շներին տար գոմ, դեմները կաթ դիր, սոված են, իսկ իմ աղջիկն էլ իմ ճաշը կլցնի, չէ՞:
– Երկու րոպե,-Անին շներին զգուշորեն փոխանցեց մորն ու վազեց խոհանոց:
– Իբր իմ հոգսերը քիչ էին, էս շներն էլ ավելացան,- Նելլին փնթփնթալով վերցրեց նրանց ու դուրս եկավ տնից:
Անին բերեց ճաշը, դրեց սեղանին ու միանգամից հարցրեց.
– Պապ, իսկ ի՞նչ ենք դնելու անունները:
– Չգիտեմ, դու որոշիր։
Հակոբը այդ պահին մենակ ուտելու մասին էր մտածում:
– Լավ, սևի անունը ես դնում եմ Սևո, իսկ մոխրագույնինն էլ դու ասա՛:
Հակոբը գիտեր, որ մինչև անուն չասեր, աղջիկը չէր թողնելու, որ հաց ուտի։ Նա
սկսեց մտածել մոխրագույն շան ձագի մասին ու աչքերի առաջ եկավ անտառի
ահավոր տեսարանը:
– Եղնի՛կ:

Գաղտնիք

Առավոտյան տասն անց էր` Հակոբը բացեց աչքերը: Նա սովորաբար ժամը յոթից արթուն էր, բայց անցած օրը շատ էր հոգնել: Փորձեց հիշել գիշերվա տեսած տարօրինակ երազները, բայց չստացվեց:
Մահճակալից ելավ, գնաց հյուրասենյակ, որտեղ սովորաբար լինում էր հայրը: Ուզում էր րոպե առաջ շներին ցույց տար նրան: Հյուրասենյակում մենակ Սուրոն էր. Նելլին Անիին տարել էր գյուղ` դասի ու սովորաբար այնտեղ մնում էր իր հորական տանը, մինչև Անիի դասերի ավարտը:
Սուրոն բազմոցին նստած թզբեհ էր համրում: Տեսքից երևում էր, որ լավ տրամադրություն ունի՞«Երևի Անին արդեն պատմել է շների մասին»,- մտածեց Հակոբը:
– Արի՛, արի այ հերոս,- համարյա ծիծաղելով՝ ասեց Հայրը,- իմացել եմ` հերիք չի երկու հատ նապաստակ ես խփել, երկու հատ էլ շուն ես ճարել, հա՞: Էդ ո՞նց ստացվավ:
Սուրոն շատ հազվադեպ էր ժպտում, իսկ այս բարձր տրամադրությունը տարվա մեջ կարող էր լինել մեկ կամ երկու անգամ:
– Անտառում եմ գտել: Երկար պատմություն է: Ավելի լավ է գնամ բերեմ, քո աչքով տե՛ս:
– Հա բա, պետք է բերես` էս մի հավերժություն է քեզ եմ սպասում էս բազմոցին նստած: Բե՛ր, տեսնեմ ինչ շներ են,- ասեց Սուրոն` կարծես պրոֆեսիոնալ էր շների ոլորտում:
Հակոբը դուրս եկավ տնից: Դրսում անցած օրվա նույն ցուրտ եղանակն էր: Գնաց գոմ, բացեց փայտե, հաստ, մի քանի փեղկանի դուռն ու մտավ ներս:
Երկար ժամանակ էր, ինչ գոմ չէր մտել, բայց պատկերը նույնն էր ու ամեն գոմ մտնելիս մանկությունից հին ու ԲԱՐԻ դրվագներ էր հիշում:
Աջ մասում կովն էր, իսկ ձախում` հավաբունը, որի մեջ մի քանի հավ էր մնացել ու մի աքլոր: Ուրիշ կենդանիներ չունեին: Վերջին խոզին երեք տարի առաջ Նելլիի ծնունդին էր մորթել: Շները կովի կողքն էին: Իրար վրա էին թառել` խաղում էին: Կուշտ տեսք ունեին. դժվար չէր կռահել, որ Անին գյուղ գնալուց առաջ մի լավ կերակրել էր: Հակոբը երկուսին էլ վերցրեց ու տարավ տուն: Հայրը, նույն դիրքով նստած, սպասում էր ու Հակոբի ներս մտնելուն պես մեջքն ուղղեց ու ուշադրությամբ սկսեց նայել շներին: Առաջինը Սևոյին վերցրեց ու մի քանի վայրկյան ուսումնասիրելուց հետո ասեց.
– Որսորդական շուն է, հազվադեպ հանդիպող ցեղատեսակ է: Ինձ թվում է՝ ինչ-որ մեկը էս շներին կորցրել է: Հլը մյուսին տու՛ր: Հակոբը Սևոյին վերցրեց ու Եղնիկին տվեց հորը, որն ընդամենը մի ակնթարթ նայելով Եղնիկի դեմքին՝ ամբոջ ուժով շպրտեց պատին` բարեբախտաբար
տարիքի հետ շատ էր թուլացել Սուրոն (յոթանասունհինգ տարեկան էր)։
– Էս ի՞նչ ես անում, պա՛պ,- Հակոբը վերցրեց Եղնիկին գետնից ու նայեց, որ լուրջ վնասվածք ստացած
չլինի:
– Գե՛լ է,- բղավեց Սուրոն,- գե՛լ ես բերել տուն:
– Ի՞նչ: Գե՞լ:- Հակոբը ապշել էր,- ի՞նչ ես խոսում:
– Գել է. էս աչքերն ու հայացքը ես կյանքում չեմ մոռանա: Սրան շուտ տար անտառ, որտեղ, որ իր տեղն է, կամ ավելի ճիշտ կանես, որ սպանես:
Հակոբը կրկին հիշեց անցած օրը, թե ինչպես էր շունը(գայլը), ագահաբար ծծում եղնիկի արյունը։
– Պապ ի՞նչ սպանել, հլը նայիր ինչ փոքր է ու լավը, ես իրան կպահեմ ու
կվարժեցնեմ:
Հակոբը ոչ էլ հարցրեց հորը, թե որտեղից նա հասկացավ, որ գայլ էր, քանի որ նրա պահվածքից ուղղակի պարզ էր, որ վստահ է:
Նա շարունակեց։
– Ի՞նչ գիտես, կարող է շնից էլ լավը լինի: Իսկ եթե զգամ, որ չի ստացվում վարժեցնել, նոր կտանեմ անտառ ԿԿՈՐՑՆԵՄ:
– Այ լակոտ,- հունից դուրս եկավ Սուրոն,- չգիտե՞ս, որ գելին հնարավոր չէ վարժեցնել. գայլը առաջինը հաց տվող ձեռքն է կծում, հետո նոր հացը: Ու հիշիր, գայլը երբեք որսորդին հաջողություն չի բերել: Ես իմ ձեռքերով կսպանեմ էս չարիքին:
– Անին քեզ չի ների:
Հակոբը խորամանկ քայլի դիմեց: Նա իրոք ցանկանում էր պահել այդ կենդանուն` լիներ շուն, գայլ թե բորենի:
– Երեխային մի՛ ներքաշիր,- Սուրոն իջեցրեց տոնը, ու ավելի հանգիստ սկսեց խոսել,- նրան կասենք, որ սատկել է ցրտից:
– Պա՛պ, լսի՛ր,- Հակոբը նույնպես իջեցրեց տոնը,- էս մի մատ կենդանին իրենից ոչ մի վտանգ չի ներկայացնում: Հենց ագրեսիա նկատեմ, ԽՈՍՏԱՆՈւՄ ԵՄ` անմիջապես կտանեմ անտառ:
– Լավ,- Սուրոն հասկացավ, որ չորկող որդու հետ վիճելը անիմաստ է,- ոնցուզես: Ես զգուշացրեցի քեզ:
Հակոբը խորը շունչ քաշեց։ Իր հիշելով առաջին անգամ էր վիճում հոր հետ։ Սուրոն դժվարությամբ իջավ բազմոցից ու գնաց իր սենյակ: Հակոբը վստահ էր, որ հոր ընկրկելը ժամանակավոր էր:
Մոտ հինգ րոպե անց Սուրոն վերադարձավ` ձեռքին մի հին ու մաշված բարակ գիրք:
– Մինչև վերջնական որոշում կայացնելդ, էս գիրքը կարդա անպայման։
Սուրոն ընկճված տեսք ուներ։
– Էս ի՞նչ է, պապ։
– Կարդա, ինքդ կիմանաս,- Սուրոն չէր նայում տղայի աչքերի մեջ,- ես որոշել էի երբեք քեզ չտալ այս գիրքը, բայց կարծում եմ հիմա ժամանակն է, որ դու կարդաս սա: էստեղ ամեն ինչ գրված է մեր մասին` իմ, քո ու… ու Ջեմմայի: Հակոբը սկսեց կարդալ: Ինքնակենսագրական գրքի հեղինակը Սուրոն էր: Այն գրված էր ձեռագրով ու ելնելով մաշվածությունից՝ նա հաճախ էր կարդացել իր գիրքը: Գրքի մաշվածությունը բարդացնում էր կարդալու գործընթացը, բայց Հակոբին դա չէր խանգարում, նա չափից դուրս կլանված էր կարդում: Գրքից նա նախ իմացավ, որ իր ծննդավայրը ոչ թե Գիլարն էր, ինչպես հայրն էր ասել, այլ Փորայտը, որը հարյուրավոր կիլոմետրերով հեռու էր Գիլարից: Հետո իմացավ, որ մայրը` Ջեմման, ոչ թե իրեն ծնելուց էր մահացել, ինչում նա միշտ մեղադրել էր իրեն, այլ գայլն էր սպանել, ինչում Սուրոն էր իրեն ՄԵՂԱԴՐՈւՄ: Հայրը մոր մահից հետո մոտ մի ամիս ապրել էր Փորայտում, սակայն որսորդի անունը կորցրել էր. էլ ինչ որսորդ, որ սեփական կնոջը չի կարողացել փրկել գելի ճանկերից: Չդիմանալով մարդկանց հայացքներին` Սուրոն թողել էր ամեն ինչ՝ ծնողներին, փոքր եղբորը, ընկերերին։ Վերցրել էր 2 ամյա Հակոբին ու հեռացել գյուղից: Նա չէր ցանկացել ամենօրյա շփում ունենալ տարբեր մարդկանց հետ, հետևաբար գյուղ չէր ընտրել իր և որդու նոր բնակության վայրը: Նա մի այնպիսի վայր էր ընտրել, որի մոտակայքում և անտառ լիներ` որս անելու համար, և գյուղ, այլ կարիքների համար: Հետո իր անունը Անդոյից փոխում է Սուրոյի, ողջ
խնայողությունը ծախսում է տուն կառուցելու վրա ու զրոյից նոր կյանք է սկսում:

***
– Պապ, ախր ոնց,-բառեր չէր գտնում Հակոբը իր մտածմունքները արտահայտելու համար:
– Ես քառասուն տարի պահել եմ էս գաղտնիքը, բայց ես վաղուց պետք է քեզ ասած լինեի…
– Ու դու էսքան տարի չե՞ս փորձել մեր հարազատների հետ կապ հաստատել:
Հակոբը դեռ շոկի մեջ էր:
– Ես իմ անունը փոխել եմ, որ նույնիսկ իրենք չկարողանան կապ հաստատել մեր հետ,- Սուրոն լուսամուտից դուրս նայեց,- բայց կարծում եմ՝ չեն էլփորձել:
– Պապ, բայց էսքան տարի է անցել, ամեն ինչ փոխվել է ու հնարավոր է որ… ըը, ասում են` ժամանակը բուժում է:
– Ժամանակը բժիշկ չէ ու չի բուժում երբեք, ժամանակը ընդամենը ցավազրկող բուժքույր է:
Հակոբը մոտեցավ շներին, ավելի ճիշտ՝ շանն ու գայլին, վերցրեց երկուսին էլ ու դառավ հորը.
– Պապ ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց ես կպահեմ գայլին ու կմեծացնեմ:
Սուրոն անակնկալի եկավ, բայց հանգիստ տոնով ասեց.
– Նույնիսկ, երբ իմացար, որ մորդ սպանողը գայլ է՞:
– Մորս ինքը չի սպանել, հիմա ի՞նչ, եթե մորս մարդ սպանած լիներ, ոչ մեկի հետ գործ չպետք է ունենայի՞նք:
– Մարդիկ տարբեր են, իսկ գելերը նույնն են։
Սուրոն շարունակում էր ցածր ու անտարբեր ձայնով խոսալ` կարծես իր համար արդեն միևնույն էր:
– Պապ էս կյանքում ամեն ինչն է տարբեր, ու ինքը պատասխանատու չէ մյուս գայլերի համար:
Այդ խոսքի վրա լսվեց դռան ձայնը. Նելլին ու Անին վերադարձել էին գյուղից: Հակոբը վերցրեց Սուրոյի տված գիրքը, պահեց շորի տակ ու ժպիտով դիմավորեց կնոջն ու աղջկան՝ կարծես ոչինչ էլ չէր պատահել։

Որսորդը

Անցավ մոտ երեք ամիս, Սևոն ու Եղնիկը ահագին մեծացել էին։ Այս ընթացքում Եղնիկի կողմից գրեթե գելին բնորոշ ոչինչ չէր նկատվել՝ չհաշված, որ մի քիչ շատակեր էր։ Նույնիսկ Սուրոն էր կապվել նրա հետ, ու կարելի էր ասել, որ Սևոյին հավասար սիրում էր։ Հակոբը հոր՝ տարիներով պահած գաղտնիքը ոչ մեկին չէր պատմել, բացառությամբ Անիի, պայմանով, որ գաղտնիքը նա ոչ չպետք է պատմեր, նույնիսկ մորը․ Նելլին շատախոս էր, ու օր ու արև չէր տա նրանց, երբ իմանար ճշմարտությունը։ Ավելին՝ կարող էր մորը կամ իր մյուս բարեկամներին պատմել ու այդ նորությունը
կտարածվեր ողջ Գիլարով մեկ, որի հետևանքով նրանք կարող էին խնդիրներ ունենալ։
Այս ամիսների ընթացքում Անիի դեմքին միշտ ժպիտ կար` նա ոչ ոք չուներ, ում հետ տանը կամ բակում կկարողանար խաղալ, իսկ հիմա իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր Սևոյի ու Եղնիկի հետ, ինչը, իհարկե, Նելլիին դուր չէր գալիս:
– Վերջում դու էլ ես շուն դառնալու,-անընդհատ ասում էր աղջկան:
Եղնիկն ու Սևոն մեկը մյուսի հետ շատ էին ընկերացել ու գրեթե միշտ միասին էին։ Գայլն ու շունը կողք-կողքի շատ համերաշխ էին ապրում ու պահը եկած ժամանակ պաշտպանում էին իրար։ Ամենահիշվող դեպքերից մեկն այն էր, երբ մոտ մեկ ամիս առաջ Հակոբը ոչ շատ ուժեղ հարվածեց Սևոյին տան մեջ կեղտոտելու պատճառով։ Եղնիկն այդ պահին իրեն գցեց երկուսի մեջ ու ծիծաղելի
շարժումներով փորձում էր կանգնեցնել Հակոբին։ Եղնիկն ու Սևոն արդեն բավական մեծացել էին ու Հակոբը հոր հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ արդեն ժամանանակն է՝ կենդանիներին իր հետ որսի տանել․ դեռ վաղ տարիքից էր պետք նրանց մոտ որսորդի բնազդը արթնացնել։
Հակոբը աղջկա հետ Սևոյին ու Եղնիկին դուրս հանեցին տանից: Դրսում գարուն էր: Ձյունը ամբողջությամբ հալչել էր, բայց գետինը դեռ թաց էր:
– Պա՜պ, գոնե մեկին թող մնա:
Արդեն անցած օրվանից Անին համոզում էր հորը, որ երկուսին միասին չտանի անտառ:
– Խոստանում եմ` շուտով ես իրենցից մեկի հետ կգնամ որսի, իսկ մյուսը կմնա տանը,- Հակոբը համբուրեց աղջկան,- իսկ հիմա ես պետք է երկուսին էլ տանեմ, որ հասկանամ, թե իրենցից, որ մեկն է ավելի պիտանի որսի համար:
– Լավ, բայց ուշադիր կլինես հանկարց մի բան չպատահի հետները:
Հակոբն աղջկան շատ լավ էր ճանաչում ու նրա պահվածքից հասկացավ, որ ինքն էլ է ուզում գնալ անտառ: Կարելի էր նաև ասել, որ խանդում էր կենդանիներին:
– Հենց Սևոն ու Եղնիկը մեծանան,- վճռական ասեց Հակոբը,- քեզ մի օր հետս անտառ կտանեմ:
Անիի բերանը բաց մնաց. նա շատ էր համոզել հորը, որ իրեն անտառ տանի, բայց Հակոբը նրան միշտ չոր մերժել էր:
– Էսօրվանից էնքան եմ հաց տալու, որ շուտ մեծանան:
Անին երանության մեջ էր:
– Դե մենք գնացինք, իսկ դու տուն մտի` չմրսես:

***
Հակոբը մեկ ամսվա ընթացքում չորս անգամ գնաց որսի. սովորաբար կիրակիօրերին էր որս անում: Այդ ընթացքում Սևոն ու Եղնիկը իրենց շատ լավ էին դրսևորել: Երկուսն էլ Հակոբին հիանալի հանում էին որսի ճիշտ հետքի վրա, սակայն, եթե Սևոն հոտառության շնորհիվ էր դա անում, Եղնիկը` սուր
տեսողության ու լսողության, ինչն իրեն առավելություն էր տալիս շան հանդեպ, ում մոտ ամեն ինչ ավելի դանդաղ էր ստացվում: Այդ չորս անգամների ընթացքում Հակոբը բազմաթիվ կենդանիներ խփեց` նույնիսկ գայլ, բայց գայլի հետքին, ոչ թե Սևոն կամ Եղնիկն էին դուրս եկել, այլ հենց այդ գայլն էր իրենց գտել: Առաջ նա երբևէ չէր հանդիպել գայլի. նրանք առավոտներն ու ցերեկը սովորաբար անտառի ամենախորքում են լինում: Հակոբը, խփած գայլի մորթին գյուղ տանելով, հերոսացավ այնտեղ: Մի ամսվա ընթացքում Հակոբի ու իր ընտանիքի կյանքը կտրուկ լավացավ:
– Շուտով Որսորդ Սուրոյին բոլորը կմոռանան,- ասեց Սուրոն,- ու ամենահայտնի որսորդը կդառնաս դու` Որսորդ Հակոբը: Լավ էլ հնչում է:
– Քեզ չեմ հասնի,- համեստացավ Հակոբը:
– Տեսար` մեզ ինչ հաջողություն բերեցին էս կենդանիները,-մտքերով ընկած՝ ասեց Սուրոն:
– Հա պապ,- մի պահ ժպտաց Հակոբը ու նորից թաքցրեց ժպիտը,- բայց ես չեմ կարող երկուսին հետս տանել որսի` ամեն անգամ ավելի դժվար է դառնում անտառում իրենց կառավարելը: Նրանցից մեկը պետք է մնա տանը:
– Ու ո՞ր մեկին ես պատրաստվում տանել որսի:
Հարցրեց Սուրոն:
– Սևոն կատարյալ որսորդական շուն է, իր հոտառությունը դեռ չի խաբել մեզ, բայց Եղնիկը ոչ մենակ որսորդի օգնական է, այլ հենց որսորդ: Հարյուրավոր մետրերից նկատում է կենդանիներին, նույնիսկ մի քանի անգամ ինքն է նապաստակ բռնել:
– Ոնց հասկացա, Սևոյին ես տանը թողնելու:
– Հա, Սևոն կմնա, կհսկի տունը, ես ու Եղնիկն էլ կգնանք որսի:

Կատաղի ծնունդ

Անցավ ևս երեք ամիս: Այս ընթացքում Հակոբի ընտանիքում գրեթե ամեն ինչ հրաշալի էր, նույնիսկ Նելլիի հետ հարաբերություններն էր կարգավորվել, ում հանդեպ վերջին մի քանի տարիների ընթացքում փոխադարձ անտարբեր էր դարձել: Մենակ հոր առողջությունն էր դեպի վատ գնացել. Սուրոյին արդեն նույնիսկ ձեռնափայտերը չէին կարողանում օգնել շարժվել, հետևաբար գրեթե ամբողջ օրը պառկած էր անցկացնում:
Անցել էր յոթ ամիս այն բախտավոր օրից (և՜ Հակոբի համար, և՜ Սևոյի ու Եղնիկի), ինչ Հակոբը անտառում գտել էր երկու հրաշք ու անպաշտպան կենդանիների: Այս ամիսների ընթացքում Սևոն ու Եղնիկը դարձան ընտանիքի լիարժեք անդամներ․ կարծես թե մի ամբողջ կյանք միասին էին ապրել։
Ամառային հով գիշեր էր։ Ննջասենյակում Հակոբը պառկած ծխում էր ու լուսամուտից հետևում, թե ինչպես էին Եղնիկն ու Սևոն իրար հետ խաղում, հարվածում մեկը մյուսի մռութին, իրար հետևից ընկնում ու ինչ որ թռչող միջատների բռնում:
Հակոբը սիրում էր ծխել, բայց իրեն հաճախ զրկել էր այդ հաճույքից, քանի որ համեստ պայմաններում էին ապրում, իսկ հիմա կարող էր իրեն նման «ճոխություն» թույլ տալ:
– Վաղը շուտ եմ գնալու որսի, որ մինչև կեսօր գոնե տուն հասնեմ, հյուրերին դիմավորեմ:
Հաջորդ օրը Նելլիի ծնունդն էր: Ընտանիքում բոլորի ծնունդները սովորաբար առանց հյուրերի էին նշում, բացի Նելլիի ծնունդից. Գիլարից գալիս էին նրամ ծնողները, եղբայրն ու հարսը, այդ օրը մնում էին իրենց տանը, առավոտյան գնում: Հակոբենց տունը ահագին մեծ էր, ու հյուրեր ընդունելը նեղություն չէր իրենց համար:
– Կարող ես վաղը չգնալ որսի, տանը ամեն ինչ կա,-անկեղծ ասեց Նելլին:
– Չէ մի բան պետք է խփեմ,- հանգցրեց ծխախոտը,- որ ձերոնք չասեն, թե իրենց լավ չդիմավորեցինք:
– Այ խելառ, մերոնք այդպիսի բան ե՞րբ են ասել,-ժպտալով ասեց Նելլին, որը մի քանի ամիս առաջ Հակոբի նման խոսքերի դեպքում մեծ պատերազմ կսարքեր։
– Ձերոնք չգիտեմ, բայց էն տանձ ախպերդ հաստատ կասի:
Նելլիի եղբոր մականունը Տանձ էր մնացել այն բանից հետո, երբ դեռահաս տարիքում հարևանի ծառի բոլոր տանձերը գողացել էր ու չէր բռնվել: Հակոբը չէր սիրում Տանձին: Էն չէ, որ իրեն ինչ-որ վատություն էր արել. հակառակը, իրենց միշտ լավ է ընդունել գյուղում: Հակոբին ուղղակի դուր չէին գալիս Տանձի նման մարդիկ.շատախոս էր, գլուխգովան ու ուրիշների հետևից բամբասող:
– Լավ, ոնց ուզում ես արա,- Նելլին բարձր տրամադրություն ուներ,- էսօր սպանես էլ հետդ չեմ վիճի:

***
Առավոտյան ուղիղ վեցն էր, երբ Հակոբը բացեց աչքերը: Նելլին դեռ քնած էր:
Չուզեցավ արթնացնել կնոջը. իրերը նա դեռ գիշերն էր հազրել ու նրա օգնության կարիքը չուներ: Եղնիկը սովորաբար ամեն կիրակի առավոտյան դռան դիմաց անհամբերությամբ տիրոջն էր սպասում, որ գնան որսի: Հակոբը մտածեց, որ Եղնիկը քնած կլինի, որովհետև ուրբաթ էր, բայց ի զարմանս նրա Եղնիկը, ինչպես որսի բոլոր օրերին, այդպես էլ այդ օրը, դռան դիմաց իրեն էր սպասում:
– Էս չլինի՞ դու դմբոյի նման ամեն առավոտ ինձ ես սպասում:
Ասեց Հակոբը, սակայն իրականում նա հասկանում էր, որ տնից ձայներ լսելու պատճառով էր արթնացել Եղնիկը:
Հակոբը հաճախ էր բարձրաձայն խոսում Եղնիկի ու Սևոյի հետ: Ու իր հարցին գ այլը պատասխանեց՝ չռած աչքերով իրեն նայելով:
– Քեզ ուտելու բան չեմ տա, սոված աչքերով մի նայիր,- Հակոբը կռացավ ու սկսեց սիրել Եղնիկին,- անտառում դու ինքդ կօգնես, որ բռնենք քո կերին:
Իրենցից մի քանի մետր այն կողմ քնած էր Սևոն, որը ոչ մի ձև չէր արձագանքում շուրջ բոլորը լսվող ձայներին ու շարունակում էր քնել:
– Էս շունը մեզանից նեղացել է, որ իրեն չենք տանում անտառ, թե՞ խլացել է:- Հակոբը շարունակում էր խոսել գայլի հետ:
Չնայած Սևոն այդքան էլ նեղանալու առիթ չունե, Հակոբը ամեն անգամ գործով գյուղ գնալիս Սևոյին իր հետ էր տանում։ Իսկ Եղնիկը կյանքում մարդամեջ չէր մտել։ Գայլին գյուղ տանելը վերջին բանն էր, որը նա կաներ:
Գելը վեր-վեր թռավ. չէր համբերում թե, երբ պետք է գնան:
– Լավ գնացինք, թող քնի Սևոն, որ շուտով Տանձը իր շան հետ գալու է մեր տուն,- ասեց Հակոբը Եղնիկին կամ էլ ինքն իրեն էր խոսում,- ու ինձ թվում է` Տանձի շունը տիրոջը քաշած կլինի: Խեղճ Սևոն պետք է դիմանա դրան, ոնց որ ես եմ դիմանում Տանձին:

***
Հակոբն ու Եղնիկը հասան անտառ: Ցուրտ էր: Անտառում վաղ առավոտյան միշտ ցուրտ էր` անկախ տարվա եղանակից: Որսը Հակոբին տրվեց սովորականից ավելի արագ: Անտառում քայլելիս մի պահ Եղնիկը կանգ առավ: Նրա կանգնած դիրքը նման էր գիշատիչի` զոհին տեսնելիս ընդունած դիրքին:
Գելը ատամները ցցած շատ դանդաղ ու աննկատ քայլում էր, բայց Հակոբը դեռ չէր տեսել թե դեպի ուր է իրեն տանում Եղնիկը, որը շուտով կանգ առավ, կարծես հասկանալով, որ Հակոբի համար արդեն տեսանելի է որսը: Վարազ էր: Սովորականից խոշոր չափ ուներ: Հակոբը սխալվելու իրավունք չուներ. եթե վրիպեր, երկրորդ շանս կարող էր չունենալ: Հենց կրակելու պահին վարազը քայլեց առաջ ու փամփուշտը գլխի փոխարեն խոցեց մարմինը: Վարազը սկսեց փախչել, բայց ոչ այն արագությամբ,
որով վազում են սովորաբար: Եղնիկը ակնթարթային արագությամբ սկսեց վազել վարազի հետևից:
– Չէ՛:
Հակոբը վախենում էր, որ վարազը կարող է վնասել Եղնիկին:
Գելը հասավ վարազի հետևից ու բռնեց այն հատվածից, որտեղ կրակել էր Հակոբը: Վարազը ցավից ընկավ ներքև: Եղնիկն արեց այն ամենն ինչ կարող էր, նա դեռ այնքան չէր մեծացել, որ կարողանար սպանել այդ խոշոր վարազին: Հերթը Հակոբինն էր, որը վրա հասավ ու դանակով ավարտեց գործը. այնուհետև ուսապարկից հանեց պարկը ու դժվարությամբ քաշեց վարազի վրա, որ քարշ
տալով տաներ գյուղ, այլ տարբերակ չուներ:
– Էսքան մեծ վարազ կյանքում չեմ խփել,- ասեց Հակոբը,- խփելը ո՞րն է, նույնիսկ չէի տեսել:

***
Վերջապես տուն հասան: Հակոբը քրտինքի մեջ կորել էր, բայց ճանապարհը նրան այդքան էլ երկար ու տանջալի չթվաց, նա շատ էր ոգևորված իր որսով:
ԲՈԼՈՐԻ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԲԱՑ ԿՄՆԱ: Դռան դիմաց նկատեց աներոջը` Խաչիկին ու աներձագին` Տանձին: Հակոբին տեսնելուն պես Տանձը քայլեց դեպի իրեն:
– Պահ պահ, պահ: Էլ ով դիմանար: Էս ի՞նչ վարազ ես խփել: Չլինի՞ իմացել ես, որ ես եմ գալու դրա համար ես էսքան մեծ վարազ խփել,- Տանձը ինչպես միշտ շատ էր խոսում:
– Հա բա ո՞նց,- պատասխանեց Հակոբը,- անտառում քո պատվին եղջերու էլ եմ խփել, սրան տուն գցենք, գնանք բերենք:
– Հումորդ էլ տուն կգցես էլի, հարազատ,- ձևական բարձր ծիծաղեց Տանձը,- լավ, թող օգնեմ էսքան ճամփա ես բերել էս հսկային:
– Հազիվ, որ մի խելոք բան ասիր:
Հակոբը պարկի պարանը տվեց Տանձին:
– Հակոբ ախպեր,- Հակոբը հասկացավ, որ Տանձը իր հեղինակային` իրեն չվերաբերող հարցերից էր տալու,- Սևոն իսկական որսորդական շուն է, բայց էս մեկը ոնց որ որսորդական չէ, էս ի՞նչ ցեղատեսակ է: Ինչի՞ սևի հետ չես գնում որսի:
– Դե,- մի պահ մտածեց, թե ինչ խաբի Հակոբը,- երկուսի հետ միարժամանակ դժվար է որսի գնալը, ես էլ մի անգամ սրան եմ տանում հետս, մի անգամ՝ նրան: Բայց հավատա՝ Եղնիկը քո Արջուկից հազար անգամ լավ է որս անում:
Հակոբը դա ավելացրեց վերջում, որպեսզի խուսափեր Եղնիկի ցեղատեսակի
մասին հարցից ու դա նրան հաջողվեց:
– Հա անունից զգացվում ա,- քմծիծաղ տվեց Տանձը,- համ էլ Արջուկը գամփռ է ու ոչ թե որս անելու համար է, այլ մեր անասուններին մոտիկացող «որսորդներին» բռնելու համար:
Հասան դռանը, Եղնիկը գնաց մտավ բունը, իսկ Սևոյի բունը դատարկ էր: Ինչը Հակոբի աչքից չվրիպեց:
Նրանց ժպիտով դիմավորեց Հակոբի աները: Խաչիկը Գիլարում հարգված առևտրական էր: Լուրջ ու հավասարակշռված մարդ: Ընդհանրապես չէր զգացվում, որ Տանձի ու Նելլիի հայրն էր․ երկուսն էլ մորն էին քաշել: Իր որսը Հակոբը հենց աներոջ միջոցով էր վաճառում:
– Բարև Հակոբ, էս ի՞նչ լավ գործի եք:
– Արի, արի մտնենք տուն մի հատ շունչ քաշենք ու գանք մորթենք էս վարազին:
Մտան տուն: Հակոբը բարևեց զոքանջին ու Տանձի կնոջը, որնոք բարձր-բարձր ինչ-որ մեկի մասին էին պատմում։ Մոտեցավ Նելլիին ու հետաքրքրվեց Անիով:
– Անին Սևոյի ու Արջուկի հետ տան հետևը խաղում է: Ի դեպ շները լավ էլ իրար հետ լեզու գտան:
– Դե մի հատ սուրճ սարքիր, խմենք ու անցնեմ գործի։
Աներոջ հետ զրույցի ժամանակ Խաչիկը ասեց, որ Գիլարում շատ են խոսում, թե գելերն անտառի խորքից բավական առաջ են եկել։ Նույնիսկ անտառից դուրս մեկը գայլ է նկատել։
Այդ լուրը Հակոբին մի փոքր անհանգստացրեց։ Իսկ ի՞նչ, եթե նրանք առել են Եղնիկի հոտն ու հիմա նրան են փնտրում։ Գելերը իրար հազարավոր մետրերից զգում են ու մենակ չեն թողնում: Այդ պահին Հակոբը հիշեց հորը ու գնաց նրա սենյակ, բայց ոչ նրա հետ կիսվելու նպատակով։
Սուրոն պառկած էր անկողնում ու շատ թույլ տեսք ուներ:
– Ոնց ես քեզ զգում, պապ,- Հակոբը նստեց հոր կողքին:
Սուրոն ուղղակի հոգոց հանեց ու չպատասխանեց նրան:
– Որ տեսնես ինչ չափի վարազ եմ խփել, միանգամից կլավանաս,- Հակոբը փորձեց հոր տրամադրությունը բարձրացնել:
– Ափսոս չեմ կարող տեսնել:
Սակայն Հակոբը ափսոսանք չնկատեց հոր խոսքերի մեջ: Սուրոն առաջին անգամն էր, որ չէր հետաքրքրվում տղայի որսով: Սուրոյի աչքերից երևում էր, որ մենակ մեռնելու մասին է մտածում:
– Պապ…
Հակոբը ցանկանում էր հոր հետ խոսել, բայց հյուրասենյակից լսվող Անիի ճչոցն ընդհատեց նրան:
Հակոբը դուրս եկավ հոր սենյակից գնաց հյուրասենյակ: Մարդ չկար. Բոլորն արդեն դրսում էին ու խառը գոռգոռում էին:
– Զգույշ, այ մարդ,- լսվում էր Տանձի կնոջ տհաճ ու ականջ ծակող ձայնը:
– Էս կողմ արի, չմոտենաս հանկարծ,- լսվեց Նելլիի ձայնը:
Հակոբը դուրս եկավ տանից: Սևոն, Եղնիկն ու Արջուկը իրար էին գզում, Տանձն էլ մեջները փորձում էր բաժանել: Կենդանիներից մեկը կծեց Տանձի ձեռքը ու նա բղավելով քաշվեց մի կողմ:
– Սևո՛, Եղնի՛կ,- գոռաց Հակոբը:
Առաջին անգամն էր, որ Սևոն ու Եղնիկը ուշադրություն չդարձրին Հակոբի կանչին:
– Մի բան արա՛,- գոռաց Տանձը,- հիմա կսպանեն շանս:
Հակոբը մտավ մեջները: Ուժեղ ապտակեց Սևոյի գլխին, որը վերջապես զգալով
տիրոջ ներկայությունը՝ բաց թողեց Արջուկին ու հեռու քայլեց: Երկուսին բաժանելը արդեն հեշտացավ: Հակոբը մեկ ձեռքով բարձրացրեց Եղնիկին ու շպրտեց մի կողմ: Կենդանիներից երեքն էլ մեղմ ասած արունլվա էին, իսկ ամենատուժածը Արջուկն էր, որը կողքի վրա պառկած վիրավոր լափին էր նայում. Նրա մաշկի տակից նույնիսկ ոսկորն էր երևում:
– Էս ի՛նչ արին շանս, սպանեցի՛ն,- Տանձը վազեց դեպի իր շունը,- կատաղած շներիդ էնքան ես տարել որսի, որ արդեն խառնում են շանս իրենց որսի հետ:
– Իմ շները կատաղած չեն,- արդեն Հակոբն էր կատաղում,- ու, ընդհանրապես, ո՞նց եղավ, որ սկսեցին իրար գզել:
– Անի,- ասեց Նելլին ու մոտեցավ աղջկան,- դու էիր շների հետ: Պատմի՛ր` իմանանք:
Անին սարսափած տեսք ուներ: Նա չէր էլ պատկերացնում, որ իր կողմից այդքան սիրված կենդանիները ընդունակ էին իրար արյուն թափել:
– Ես Սևոյի ու Արջուկի հետ խաղում էի,- Անին իր ասած ամեն բառից հետո հևում էր,- հետո տանից ձայներ լսեցի, հասկացա, որ պապան եկել է ու շների հետ քայլեցի տուն, հետո…
– Անի՛,- ընդհատեց Խաչիկը,- բալես, էդ մանրամասները պետք չեն, դու ավելի լավ է ասա, թե ինչ պատահեց հետները:
– Դե, որ հասանք տուն,- շարունակեց Անին,- Եղնիկը պառկած էր իր բնի դիմաց: Արջուկն էլ հենց Եղնիկին տեսավ միանգամից հարձակվեց վրան:
Սևոն էլ Եղնիկին պաշտպանեց ու հարձակվեց Արջուկի վրա: Ես էլ վազելով տուն եկա ձեզ կանչեցի:
– Անի ես քեզանից չէի սպասում,- ասեց Տանձը,- ձեր շներին պաշտպանելու համար հարյուր հոգու խաբում ես:
– Բայց ես ճիշտ եմ ասում,- Անին սկսեց լացել:
– Անի, աղջիկս,- Խաչիկը ինչպես միշտ հանգիստ էր խոսում,- Արջուկը մաքուր գամփռ է: Էս շները նույնիսկ կատուների վրա չեն հաչում, մենակ գելերի աղվեսների ու այլ գիշատիչների վրա են հարձակվում:
Անին դարձավ ու նայեց հորը: Նրանք նույն բանի էին մտածում:
– Անին կյանքում սուտ չի խոսում,- պաշտպանեց աղջկան Հակոբը,- ես իմ շներին շատ լավ եմ վարժեցրել ու վստահ եմ, որ առանց իմ ցուցումների նրանք ոչ մեկի վրա չեն հարձակվում:
– Հա՛, հա՛,- տոնը բարձրացրեց Տանձը,- դու էլ աղջկադ հետ հավասար պաշտպանիր շներիդ, բա ոնց: Չենք ուտելու ձեր էս թուլեքին: Կնիկ արի՛, գնում ենք գյուղ, քանի Արջուկը արնաքամ չի եղել:
– Թող, ես կկապեմ վերքերը, պետք չի, որ գնաք:
Ասեց Հակոբը Տանձի բերանին հարվածելու փոխարեն` հասկանալով, որ կնոջ ծնունդը էլ ավելի հարամ կաներ:
Տանձը ատելությամբ նայեց Հակոբին. նա սովորաբար միշտ անհոգ ու ուրախ տեսք ուներ, նույնիսկ ամենաանհարմար պահերին, բայց այսօր այդ օրը չէր: Հետո Տանձը դարձավ Խաչիկին.
– Պապ, դուք գալիս եք, թե՞ վաղը կգաք:
– Ինձ թվում է` որ ճիշտ կլինի, որ մենք էլ գնանք:
Պատասխանեց Խաչիկը։
– Բայց պապ․․․
Նելլին զայրացած տեսք ուներ։
– Նելլի ջան, ծնունդդ արդեն շնորհավորել ենք, իսկ շարունակելու տրամադրություն ո՛չ մենք ունենք, ո՛չ էլ կարծում եմ դուք:
Հակոբը իրեն վատ զգաց, չնայած որ ոչ մի մեղք չուներ:
– Ամեն դեպքում կներեք,- դիմեց Հակոբը բոլորին, բացի Տանձից իհարկե,- ես չէի ուզում, որ այսպես ստացվեր:
Տանձը հեռանալուց առաջ դիմեց քրոջը, բայց պարզ էր` նրա թիրախը Հակոբն էր:
– Ես մասնագետ ընկեր ունեմ, ու ձեր կատաղած շների համար անպայման կդիմեմ նրան, կարող ես չանհանգստանալ: Հա ու Անիին էլ մենակ չթողնես հետները:
Նելլին ուղղակի գլխով արեց եղբորը: «Ինչպիսի հոգատարություն»: Հակոբը իհարկե կարող էր մի քանի խոսք ասել աներձագին, բայց պատասխան ստանալու դեպքում Տանձը մի քանի վայրկյան
ավել կմնար նրա տանը:
Հյուրերը գնացին: Վարազը այդպես էլ մնաց չմորթած։ Ամբող օրը տանը ոչ մեկ ոչ մեկի հետ չխոսեց: Հակոբը չէր դադարում մտածել Եղնիկի մասին. «Կարող է ժամանակն է, որ տանեմ անտառ ու կորցնեմ»,- բայց նա հասկանում էր, որ ոչ մի վատ բան չէր արել գայլը, ուղղակի Արջուկը գելի հոտ էր առել ու միանգամից հարձակվել վրան: Սակայն պետք էր ինչ-որ բան մտածել. Տանձը ոխ պահող է ու հաստատ կգա իր «ընկերոջ» հետ, ու եթե այդ ընկերը իրոք մասնագետ է, նա գլխի կընկնի, որ նրա
շներից մեկը շուն չէ իրականում: Իսկ դա նշանակում էր, որ ողջ գյուղը կիմանա դրա մասին ու դաժան օրեր կսկսվեն իր և իր ընտանիքի համար:

 

Սխալ ճիշտը

Նույն օրվա գիշերն էր՝ տասներկուսը դեռ չկար: Բոլորը քնած էին (երևի)։ Հակոբը դուրս եկավ տնից: Նա արդեն կայացրել էր իր որոշումը: Իր կարծիքով ոսկե միջինն էր ընտրել` Եղնիկին անտառում կորցնելու ու ամեն ինչ նույնը թողնելու միջև:
Տան հետևի կողմում մի հին վանդակ ունեին, որը շատ վաղուց Սուրոն էր սարքել դեռ իր շան համար, բայց այդպես էլ վանդակը պետք չէր եկել: Հենց այդ վանդակում էլ Հակոբի որոշմամբ պետք է ապրեր Եղնիկը՝ բոլորի աչքից հեռու: Իսկ ծանոթերին ուղղակի կասեն, որ կորել է իրենց շունը:
Դռան ձայնից Սևոն ու Եղնիկը արթնացան:
– Ես վաղը Նելլիին ամեն ինչ կպատմեմ Եղնիկի մասին ու նա կհասկանա ինձ. քիչ թե շատ նա էլ է ձեր հետ կապվել:
Սևոն ու Եղնիկը այնպես էին նայում Հակոբին` կարծես թե հասկանում էին` ինչ է ասում:
– Նա ինձ կօգնի պաշտպանել ձեզ ու պահել մեր գաղտնիքը:
Հակոբը եղնիկին տարավ վանդակը, Սևոն տեղից չշարժվեց, ուշադիր հետևում էր նրանց հետևից: Եղնիկը առանց հասկանալու մտավ վանդակը, որի ժանգոտած դռան ձայնը փչացրեց ողջ գիշերվա լռությունը։ Հետո Հակոբը մի հաստ ճյուղ մտցրեց դռան արանքը, ու ինչքան էլ հեշտ էր թվում վանդակի դուռը դրսից բացելը, ներսից ուղղակի անհնար էր, նույնիսկ մարդու համար: «Կներես», ասեց նա մտքում ու գնաց տուն:

 

Յոթ ամիս առաջ

Առավոտյան ժամը ինն անց կես էր: Ճակատ անտառում հաստ ձյան շերտի վրայով քայլում էր մի ծեր, ու միևնույն ժամանակ բավական առողջ մարդ: Ձեռքին որսորդական շան փոքր ձագ կար: «Սևի մեջ թաթախված» շանը գնել էր այն հույսով, որ կկարողանա գտնել իր` արդեն մի քանի տասնյակ տարի առաջ կորցրած եղբորն ու կնվիրի նրան: Ծերուկի անունը Արամ էր: Նա իր եղբոր` Անդոյի հեռանալուց հետո տեղափոխվել էր քաղաք ու այնտեղ անցկացրել իր կյանքի մեծ մասը: Չուներ ո՛չ
Կին, ո՛չ երեխաներ: Թոշակի անցնելիս տեղափոխվել էր իր հարազատ Փորայտ գյուղ ու մոտ վեց տարի այնտեղ միայնակ ապրելուց հետո մի օր հիշել իր եղբորն ու որոշել կյանքի վերջին տարիները զուր չանցկացնել ու փնտրել իր միակ հարազատ մարդուն: Մոտ մեկ տարի փնտրտուքներից հետո նա հայտնվեց Ճակատ անտառում: Լսել էր, որ այդ կողմերը մի որսորդի ընտանիք է ապրում:
Կարելի էր փորձել: Միգուցե այդ որսորդը հենց իր եղբայրն էր: Արամը պարզել էր, որ անտառին ամենամոտ երկու գյուղերը Գիլարն էր արևմուտքում ու Անտառուտը՝ արևելքում: Նա որոշել էր գնալ Անտառուտ. Գիլարը գտնվում էր սարերի հետևում և, ըստ նրա տրամաբանության, իր եղբայրը ընտրած կլիներ այն գյուղը, որտեղից դեպի անտառ ճանապարհը ավելի կարճ ու հեշտ կլիներ: Արամը արդեն մեկ ժամից ավել էր, ինչ քայլում էր անտառում, բայց ոչ մի կենդանի չէր տեսել դեռ: Հիմնական պատճառը իհարկե ցուրտ ՁՄԵՌՆ էր:
Նա արդեն չէր էլ սպասում որևէ կենդանու հանդիպել:
– Միակ կենդանին էս անտատում դու ես․․․ ու ես:
Արամը ժպտաց ձեռքի սև շանը ու հենց վերջի խոսքի վրա խառը ձայներ լսեց: Դժվար էր հասկանալ, թե ինչ կենդանի է, բայց ձայնից հասկացավ, որ գիշատիչ է ու հաջորդ վայրկյանին արդեն զգում էր` հաստ բաճկոնի տակից ինչպես է բաբախում սիրտը: Մի քանի քայլ էլ առաջ գնաց ու հեռվում տեսավ մի հսկա գայլի՝ դիմացը սատկած (սպանված) եղնիկի ձագ: Գելի հետ էր նաև իր ձագը, որը նայում էր մոր սպանած եղնիկին: Մինչ Արամը վախից սառել էր ու դեռ չէր հասկանում, թե ինչի մեջ է, գայլն ու ձագը միարժամանակ հայացքները դարձրին դեպի իրեն:
Արամը վախից չնկատեց էլ, թե ինչպես ձեռքի շան ձագին գցեց գետնին ու վազեց հետ:
Գայլը այդ պահին մոռացավ իր ձագին ու բռնած եղնիկին: Նրա աչքին նույնիս չերևաց որսորդական շան ձագը: Նա վազեց մեկի հետևից, ում վստահ էր, որ հասնելու է: Ծերուկը արագ չէր վազում, հետևաբար գայլը չէր գործադրում իր ողջ ուժերը: Էգ գայլը շուտով կուշտ փոր էր ունենալու, սակայն այդ պահին նրա մտքին մենակ սպանությունն էր:
Երբ հասավ մարդուն, նրան գցեց ներքև երեսի վրա ու պինդ բռնեց վզի հետևից, ճիշտ նույն կերպ, ինչպես մի քանի րոպե առաջ եղնիկի վզից: Սակայն մարդու վիզը հաստ էր նրա բերանի համար, ուստի նա սկսեց պատառոտել այն։ Մի քանի վայրկյան էլ ու մարդը մեռած է: Արամը ամբողջ վազելու ընթացքում փորձում էր հորից ժառանգած հին ատրճանակը հանել մոտից ու հենց զենքն արդեն նրա ձեռքում էր, նա ընկավ ներքև` մեջքին երկու հսկա թաթերի ծանրությունից: Գիտեր, որ վերջը եկել է, զգում էր գելին՝ նրա շնչառությունը, թուքը, ճանկերը, ատամներն ու սպանելու ցանկությունը։ Արամը կարողացավ կյանքն ավարտել սպանելով: Պառկած դիրքում, մեռնելուց առաջ հաջողացրեց ձեռքը վերև հանել ու գլխից կրակել գայլին:
Անտառը լռեց:
Անցան ժամեր, ու այդ լռությունը առաջինը խախտեց մի որսորդ։ Նա գտավ շան ու գայլի՝ ձյան մեջ պահ մտած ձագերին, պահեց նրանց իր քուրքի տակ ու հետ գնաց որս անելու։ Նա չէր էլ կարող պատկերացնել, որ մոտ հարյուր մետր այն կողմ ընկած է իր հերեղբայրը։ Մոտ կես ժամ անց անտառի հակառակ կողմից այդտեղ հայտնվեցին երկվորյակորսորդներ ու տեսնելով գայլի ու մարդու՝ իրար վրա ընկած դիակները, մարդուն թալանեցին ու մարմինը թողեցին անտեր, որ դառնար կենդանիների բաժին, իսկ սատկած գայլին տարան գյուղ` իբր իրենց որս։

Ավարտ

Հակոբն ամբողջ գիշեր չկարողացավ քնել. նա իրեն ազատություն տված կենդանուն զրկել էր ազատությունից: Ժամը վեցի կողմն էր: Հակոբը սենյակից հերթականությամբ լսում էր Նելլիի
խռռոցը, ծտերի ծլվլոցը ու իր սեփական մտքերը։ Հերթական մտքերի վրա էր տանջվում, երբ Անին, առանց դուռը թակելու, մտավ սենյակ ու ասեց, որ Եղնիկն ու Սևոն չկան:
Հակոբին թվաց թե երազ է տեսնում…

Share Button

2 Կարծիք

  • Իլոնա says:

    Խոսքեր չկան նկարագրելու, թե որքան կլանված էի կարդում… մի շնչով, հետաքրքրությամբ լի… և ահա ամենահետաքրքիր ու լարված պահին պատմվածքը ընդհատվում է ((( Ես անհամբեր կսպասեմ շարունակությանը, բրավո, ուղղակի բրավո…

  • Սեդա says:

    Ապրեք, հրաշալի էր ուղղակի աննկրագրելի ոգևորությամբ ու հետաքրքրությամբ սպասում էի ավարտին։
    Իսկ շարունակություն լինելու է՞

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *