Իրեն մանկուց սովորեցրել էին՝ առաջ ուրիշներին սիրել, հետո իրեն: Դե, չեմ ասում՝ նստեցրել էին ծնկներին ու ասել՝ ականջիդ օղ կանե՛ս, առաջ ուրիշների՛ն սիրիր, հետո՝ քեզ, առաջ ուրիշների՛ն, հետո՝ քեզ, դե հիմա կրկնի՛ր, հասկացա՞ր…
Չէ, իրեն ծնկին նստեցնողն ո՞վ էր. մա՞յրը, որ 8 երեխա լույս աշխարհ բերած, անգրագետ մի գեղջկուհի էր, թե՞ հայրը, որ գյուղի հովիվն էր ու իր օրվա լավագույն մասը կենդանիներին էր ուշք ու միտք տալիս, ու երեկոյան անուշքումիտք հետ էր գալիս…Ուրիշներին սիրելու դասն առանց գիտակցելու էին տվել ծնողները, երբ հանդիմանել էին փոքրիկ Հենրիկին ու ասել.
-Ձեռ չտա՛ս հացին, էդ մի կտորը մնացել է, օր մենձ քուրդ ուտե, էրթա դաշտ, էսօրվա գորձը շատ է…կամ՝ դու հլը փոքր ես, բոբիկ վազվզե, չուստերն էս տարի բդի Արմենակի համար առնեինք, ինքն արդեն դպրոցական է: Համբերե, թող ղոնախներն էրթան, հետո դո՛ւ էլ կուդես` ինչ մնաց…Քեզի հլը նոր քնելատեղ պետք չէ, դու մենձ ախպորդ ոդների տակ էլ կծվարես կքնես, քանի հլը մանդռ-մունդռ ես…
Հենրիկն այնպես չէ, որ շատ խոշորացավ. էլի մանր-մունր մնաց, երևի մոր արգանդում եղած կուչուձիգ դիրքն այդպես էլ չուղղեց քնելիս: Ո՞նց ոտ ու ձեռը ձգեր, եթե տեղ չկար, մի մարդաբոյ տեղ, գոնե քնելիս հասակով մեկ ձգվելու հարմար: Ու նա կարճահասակից բացի նաև կծկված մնաց՝ ուսերը վրա բերած ու գլուխը կախ, կարծես մտածելով, որ եթե թիկունքը ձիգ պահի, կողքինների տեղը կնեղանա…8-ն էլ մեծացան, իսկ իրենից 7 մեծերն ավելի շատ մեծացան: Եղբոր ամուսնությունը պիտի ստիպեր տնեցիներին քնեցնելիս նրանց առանձնացնելու մասին մտածել, բայց ո՞ւր… Հենրիկի փոխարեն հարսը պիտի քներ եղբոր հետ ու միգուցե այր ու կին մի հոգու համար նախատեսված հին թախտի վրա ավելի շատ մտերմանային, եթե սենյակ կոչվածի դռան փորվածքին մի ծակոտկեն վարագույր քաշված չլիներ: Հենրիկն ելավ եղբոր ոտատակից ու ու գնաց քույրերի մոտ քնելու. ո՛չ իհարկե նրանց 3 զույգ ճաքած ու սևացած կրունկներով ոտքերի տակ, այլ գետին՝ մոր «թագըլած» մինդարի վրա: Վստահ եմ, արդեն նրա մտքով էլ չէր անցնում բոյը ձգել ու ուղղվել, որովհետև նա այդ վերընթաց ձգտման համն էլ տեսած չկար շուրջ 9 ամիս ու 27 տարի…
Զարմանալի միօրինակությամբ թե ո՛ւր կարող էր ընթանալ իր կյանքը, ոչ ոք չգիտի, բայց Հենրիկի մոտ՝ սրտում ու հայացքում, շատ բան փոխվեց, երբ 2 օրով Լենինական գնաց, շատ վաղուց գյուղը լքած քեռուն հյուր: Մի առավոտ նրան այնքան անսովոր թվաց իր սեփական տան մթնոլորտը:
Տանը 5 ձու կար, առավոտյան արթնանում էին 10 մարդ, ուտել ուզում էին բոլորը, բայց աշխատանքի պետք է գնային 4 քույրերը…Ձվաձեղ արեցին: Թավան Մարիամն էր բռնել ու ձեռքը դողում էր: Սիրունը մի քանի կտոր լավաշ բերեց, Գեղեցիկն էլ նոր պոկած կանաչի…Վարդի մտքում էլի նենգություն կար, որ մատները չռած առաջ եկավ: Պարզից էլ պարզ էր, որ թավայի պարունակությունը պետք էր հավասար բաժանել 4 մասի, իսկ Վարդն ամբողջն էր ուզում: Գիշե՞րն էր դա մտածել, թե հենց նոր, բայց ինքն իր հետ պայմանավորվածի նման գլուխը շուտ սեղանի կողմն հրեց ու թքեց ուղիղ դեղնակարմիր ձվաձեղի վրա: Քույրերը՝ յա՛խկ արեցին ու գնացին, որ չուշանան աշխատանքից՝ իհարկե ամոթանք տալով ու քաշելով անլվա քանքուլից, իսկ ինքը թավան մոտիկ քաշեց ու արդեն բարակած ձվաձեղը մի բերան անելով՝ դուրս թռավ:
Նեղվեց Հենրիկը…Ուրիշ անգամ կսաստեր, կպաշտպաներ տուժած քույրերին, բայց այս անգամ ամաչեց ու գլխի ընկավ, որ քաղաքի քեռու տանն հաստատ նման բան չէր տեսնի: Դե սիրտն էլ ցավեց, որ 9 հոգու համար 5 ձու ունեցող ընտանիքում սովն ստիպված հագեցնում են խարդախությամբ, գոյության կռիվ մղելով, բայց հիմնականում ամաչեց երևույթից: 9 հոգի, դե ինքը «ջանդամ» ինչպես հաճախ էր ասում, ինքը կդիմանա….Ու հաճախ էր Հենրիկը շատ բաների մասին մտածում առանց ինքն իրեն հաշվելու: Բայց քաղաքից եկել ու մտածում էր. իսկ ինչո՞ւ դիմանան, եթե կարելի է ավելի լավ կյանքի համար մի քիչ փոխել հենց կյանքը: Մի շաբաթ էլ մտածում էր՝ չելնե՞մ, գնամ քաղաք, գործ ճարեմ, ապրենք…Կօգնե՛մ մերոնց էլ: Որոշեց քայլ գցելուց առաջ մեկ անգամ էլ գնալ քեռուն տեսակցության, խորհրդակցել նրա հետ: Արդյոք անվճռական երիտասարդի համար շատ մեծ համարձակություն չէ՞ր քաղաք երազելը: Իսկ լավն այն էր, որ քաղաք գնալուն պես գրեթե ժամանակ չեղավ քեռու հետ շատ խորհրդակցելու: Հաջորդ առավոտյան արդեն քեռին Հենրիկին կոշիկի գործարան տարավ ու տեղավորեց հանրակացարանում: Սա հենց այն էր, ինչ հարկավոր էր նրա նման մարդուն: Իր փոխարեն մեկ ուրիշի որոշումն իսկապես իրեն ուժ տվեց ավելի հաստատակամ լինել ու ընդունել այն: Խորհրդային ժամանակների գործարաններով հարուստ քաղաքում միգուցե նա մեկ այլ արհեստ ուզեր սովորել, բայց քեռու ծանոթը այդ գործարանում էր ու քեռուն հարմար էր հենց ա՛յդ գործարանը: Երկու օր հետո կիրակի եղավ ու Հենրիկն հասցրեց գյուղի ավտոբուսի վարորդի հետ լուր ուղարկել տնեցիներին, որ լավ է, արդեն աշխատում է, մինչև փող չունենա, չի կարողանա գյուղ գնալ: Մայրն էլ այդ նույն վարորդի մոտ փնթփնթաց.
– Քաղաք ոդ չդրաձ անմարդկային դարձավ, գոնե խելքը գլոխն հավաքե, մեր մատեն փուշ հանե, թե չէ կերևա տեղը տաք է գդել: Ըստեղ է ըսաձ՝ խևը կերթա հարսնքտուն, կսե՝ ստեղ լավ է, քանց մեր տուն…
Կոշկակար վարպետը, որին աշակերտ եղավ Հենրիկը, շատ արագ նկատեց նրա խոնարհ աչքերի միամտությունը.
-Ծո՛, էդ ձեռիդ բիզը քից տաք ջրի մեջ, թող կագըխի, օր կռնանաս գորձ էնել…
Հետո Հենդրիկից գաղտնի աչքով արեց փորձառու աշկերտին, որը մեծամտորեն բերանի անկյունը վերև քշտեց, իբր քմծիծաղեց…Մեկ ժամ վարպետը թխկթխկացնում էր, լուռ կարում, կտրում, Հենդոն էլ լուռ ու անհամարձակ հետևում էր վարպետին:
-Հլը աշե, իդի բիզը կագըխա՞վ…
Հենդոն, ուրախացավ, որ իրեն էլ մի առաջադրանք տրվեց ու ձեռքը տարավ արդեն գոլ ջրի մեջ, բայց հիասթափված հետ քաշեց. երկաթի կտորը ոնց քցել էր ջուրը, էնպես կար…
-Իյա՜,-դժգոհեց վարպետը,- ժամըմ անցավ, էդ ինչը՞ղ քցիր օր…Լավ, ըլը յավաշ մե կես ժամ էլ սպասենք…
Մինչև իրիկուն փորձվեց Հենդոյի միամտությունը, կես ժամը մեկ ձեռքը ջուրն էր տանում ու քրտինքն երեսին ամոթով հետ քաշում չփափկող բզից ու խարտոցից: Սրանք շարունակում էին տակավին կարծր մնալ ու ամոթով անել նոր աշկերտին: Վարպետն ընդմիջման ժամանակ, երբ կշտացած ծխում էր, Հենրիկը մի թեյնիկ ջուր կրկին եռացրեց ու լցրեց գործիքների վրա…
Առաջին օրվա փորձառությանն էլի ու էլի միամիտ պարզության առիթներ տվեց Հենրիկը, բայց վերջը վարպետ դարձավ: Արդեն ժպիտն ավելի վստահացավ, բերանն ինքն էլ փորձեց մի փոքր ծռել ձախ կողմի, ինչպես անում էր հին աշկերտը, որն այդ կողմում ոսկե ատամ ուներ, սիրտն ավելի մոտ էր մեծախոսների քաղաքի ռիթմին, ու հնարավոր է տարիներ հետո ռեզոնանասի մեջ մտնեին նրանց երկուսի սրտազարկերը: Քաղաքն այդ տատանումը ստիպում է ընդունել, եթե ոչ՝ բնակիչ չի համարում: Հենրիկը սա ոչ այնքան գիտակցում, որքան զգում էր ու իր ներս ու դրսում ձգտում էր փոփոխությունների: Նրա աննշմարելի ձգտումները չնկատողներից որևէ մեկը, եթե փորձում էր երբեմն ձեռ առնել, թե՝ գեղացի՛, դու սո՛ւս մնա, Հենրիկն ռիսկ էր հավաքում ու ասում.
-Դու հլը մեգըմ քո՛ւ արմդներուդ աշե…
Հենդոյին սիրում էին. սիրտը բարի էր, բոլորին առաջ սիրելու, հետո իրեն սիրելու չափ: Ուստի գործարանում ամեն մեկն ինքը զինքը սիրելուց հետո նաև Հենդոյին էր սիրում: Գյուղում չէին ալարում, իրեն Հենդրիկ էին ասում, իսկ քաղաք եկած-չեկած դարձավ Հենդո, որն անկախ իր կամքից վարքի մեջ որոշակի թեթևություն մտցրեց: Նրա շունչը քաղաքում ավելի բաց էր՝ թե՞ ազատություն էր սա: Գուզե նաև ազատություն էր, որ նրա մտքին թույլ տվեց ամուսնության մասին մտածել: Վարպետը կոշիկի ներսերը նայելու պես մարդու ներսերն էլ էր կարդում, դե Հենդոյի աչքերն էլ էին հուշել, որ մի օր, առանձնության ժամին նա Հենդոյին առաջարկեց.
-Խելոք, աշխատող, գլոխդ կախ տղա ես, արի կեղնի ախպորս աղջկան ուզե, տնավորվե՛ք, ապրե՛ք:
Հենդոն ժպտաց: Որ չամաչէր, կասեր՝ համաձայն եմ, բայց շենքն ու շնորհքը պահանջում էին, որ ասեր.
-Ծանոթանանք, խոսանք, ընչի՞ չէ…
Ծանոթացան էլ, խոսեցին էլ: Պարզվեց վարպետի եղբոր աղջիկն իրականում իր սեփական աղջիկն է, որին հատուկ ունեցել ու նվիրել էին ամուլ եղբորը: Գայանին, իրեն մեծացրած ծնողները Գարան էին ասում: Անունն իր քառակուսի գիրության հետ շատ էր սազում, թվում է, եթե Գայանե ասեին, մի քանի կիլոգրամով կնիհարեր: Հենդոն միակ աղջիկ ունեցողներին տնփեսա գնաց. հլու, հնազանդ, գլուխը կախ՝ ֆիզիկապես ու հոգեպես: Ասում էր. «Իմ տանս նման կաբրիմ, ի՞նչ տարբերություն, թե առանձին աբրեի տանս զիբիլը ես բդի չթափեի՞…Մարդիկ 35 տարի տունուտեղ են դրել, ես էլ պատրաստի տան վրա եմ եկել, էլ Աստծուց կրա՞կ գուզեմ: Հիմի հաշվենք թե Գարանին առել-գյուղ էի գնացել, ի՞նչ պայմանների մեջ բդի ապրեի: Իմ հորանցս տան մեջ թամամ ընձի տեղ չի եղել: Տիյա, հըլը թոռ չի եղել, դու տեսնիս, թե ինչքա՜ն բաներ են հավաքել, առել թոռան համար: Շատ նվիրված ու հոգատար են մեզի: Մենք էլ ջայելներով բդի հեզ ու խոնարհ եղնինք էդ մարդկանց, ու եգուց մեկել օր ծերության օրվան հատուցենք»:
Հենդոն Գարանին՝ Նան ջան էր ասում…«Նան ջան եկա՞ր, Նան ջան գնացի՞ր»: Հարցերը ոչ թե հարցեր էին, այլ փաղաքշական խոսքեր: Որովհետև, եթե Գարանը որոշել էր գնալ կամ գալ, այդտեղ այլևս հարց լինել չէր կարող:
Գարանը երջանիկ էր, ճիշտ այն կանանց նման, որոնց ձեռքին հազիվ տղամարդ է ընկած լինում: Հենդոն նրա ճակատագրի փայլատակումն էր, կարծես մուրացկանի շահած մեծ գումարը, որ կբավեր ողջ կյանքն ապրելու ու չմուրալու համար, իր սեփական թոնրի մեջ եփվող հացն էր, որ մեծ ախորժակ ունեցող Գարանը սիրում էր տաք-տաք ուտել…և միայն նույնը չկրկնելու համար է, որ ուղղակի կասեմ՝ նույն զգացումն էր Հենդոյի մոտ: Նա այլևս տաքացած հաց էր, որ թխվել էր Գարանի թոնրում, որ ամեն դուրս թռնելիս կուզենար կրկին հետ նետվել ու մեջքը դնել Գարանի թոնրի տաք շուրթին, ծաղիկ-ծաղիկ կարմրեր, այրվեր ու առավոտյան էլի հարություն առներ: Գարանը մտքում գտնում էր, թե՝ սա էլ ինձ չհանդիպեր, էլ ուզող չէի ունենա, Հենդոն էլ մտքում գտնում էր, որ ի՛ր բախտը բերել է, ուստի հարսի խոնարհությամբ լսում էր աներոջն ու զոքանչին, չէր նեղվում նրանց տարօրինակություններից: Օրինակ, երբ հացի սեղանի շուրջ Գարանի հոր քթի ծուլուլը թափվում էր, նա հանում էր թաշկինակն ու հնչեղ խնչում, հետո էլ չփչփացնելով շարունակում ուտել: Թե որ Գարանն էլ վատ զգար, Հենդոն նրան կհանգստացներ.
-Ի՞նչ կաշես, Նա՛ն ջան, մարդն իրա տան իրան մեջ ազատ չզգա՞…
Զոքանչն էլ փնթփնթան էր ու ջահելներին ստիպում էր ի՛ր ուզած ձևով նայել բոլոր հարցերին: Անգամ Հենդոյի նոր սվիտերը, որի վրա գունավոր նախշեր կային, նրա բերանը բացել տվեց երիտասարդ զույգի ընտրության ու ճաշակի վա.
-Քա ըդիգ ի՞նչ է, օր առել եք. գեղացու բան է, տարե՛ք, ետ տվե՛ք…Սվիտեր էր պետք, ըսեի՛ր, Թևանը Մասկվայից կբերեր…
Ու այս ամենը Հենդոն ծայրահեղ հոգատարությոն դրսևորում էր համարում, ոչ թե քմահաճույքի, կամ իր գործերին խառնվելու: Ինքն իրեն բարուրված ու տաք էր զգում: Թևանը աներոջ մականունն էր, որը մի թև չուներ, իսկ մյուս թևով «Մասկվաներն»… Էր չափչփում, ապրանք բերում վաճառքի համար: Դա Սովետի օրոք արգելված էր և կրում էր սպեկուլյացիա անունը, դրա համար էլ Թևանը երբեմն հայտնվել էր ճաղերի հետևում, հետո դաջվածքներով դուրս եկել այնտեղից ու նորից շարունակել նույն գործը:
Հենդոն երջանիկ էր, Գարանն՝ ավելի: Թևանն ու Ֆառֆուռն էլ ապրում էին այնպես, ինչպես ապրել էին առաջ՝ մի փեսա ավելի…երբեմն նրանք հպարտանում էին, որ տուն-տեղն իրենցն է, և որ տունը շենացնողներն էլի՛ իրենք են: Հենդոն վատ չէր զգում և ուրիշների մոտ, թեկուզև չհարցնողներին ասում էր.
-Իմ լավիս համար իմ վրես կխոսան, հիմի հորս ու մորս հետ ապրեի, բդի վրես չխոսայի՞ն:
Եվ միայն իրե՛ն լսելի ձայնով էր ավելացնում.
-Խոսան, խոսան մնան…
Իսկ երեխայի ծնունդի առթիվ Թևանն հատուկ գնաց Մոսկվա: Իր անվանակիցն էր լույս աշխարհ գալու՝ երկրորդ Սանոն, 2 ձեռքով ու առանց «թևան» մականվան: Հենդոն քույր- եղբայրներին բացատրեց, որ իրենց հոր ու մոր անունները կրկնող կլինի, իսկ Գարանը մեկն է՝ հիշելու համար իրեն մեծացրած ծնողներին: Սանոն ու Ֆառֆուռը նրան պահել էդ օրվան են հասցրել, որ մի բաժակ ջուր տվող ունենան ու անունները պահպանող: Գյուղում դեմ չէին իհարկե Հենդոյի բախտավորվելուն, մանավանդ, որ նա հայրական տնից դուրս էր ելել հարս գնացող աղջկա նման: Գյուղական տան դուռն առհասարակ տարին բոլոր կարծես բաց մնացած լիներ. հարս էր մտնում, տղա էր գնում խոպան, աղջիկ էր ամուսնանում, երեխա էր ծնվում, ընտանիքներ էին գոյանում, առանձնանում, թե միանում՝ տանը միշտ շատվոր էին, միշտ մոռացկոտ, թե ով կա, ով չկա…Դրա համար նաև Հենդոյի խիղճն հանգիստ էր ու երջանիկ:
Անցնում էին տարիներն աննկատ, ինչպես կարող է անցնել միայն երջանկությունը: Վերելքներն ու վայրէջքները բեկումնային ու ցավոտ չէին, ցնցումները աննշան ու մանրամաղ, որ ցավոտ հետքեր չեն թողնում…
Ես նրանց ընտանիքը մեծ ընդմիջումից հետո մեկ էլ տեսա: Դա մոտ 15 տարվա ընդմիջում էր, երբ Թևանն արդեն չկար, Գարանն ինսուլտ էր տարել ու գամված էր բազմոցին, տղան ամուսնացել ու տեղափոխվել էր Ռուսաստան, իսկ Ֆառֆուռի բնավորությունը դարձել էր պաթոլոգիա. ծերունական մարազմ, այն էլ անկողնային: Նրանց բոլորի կողքին Հենդոյին տեսա, որ մեկ աչքը կուրացած կանգնած էր իր կյանքի հետ դեմ հանդիման՝ Հոբի շփոթմունքով: Նա այլևս ի վիճակի չէր 2 աչքով նայել գլխին թափվող փոփոխություններին: Հենդոն չարացած չէր, չէ՜, ոչ էլ դժգոհ էր բախտից: Իրենից առաջ էլի սիրում էր ուրիշին՝ իր թշվառ Գարանին, բայց արդեն միայն նրան: Մանկության դասերը սուտ էին դուրս եկել, ինքը պայքար էր մղել, որ իրեն էլ իր սիրուց մի քիչ բաժին հասնի ու այդ սերը ուրիշների հաշվից էր կտրել, նվազեցրել: Հետո չէր իմացել, թե իրեն ո՛նց սիրի, ու խռովել էր…
-Է՜, Նա՛ն ջան,-կիսվում էր հետս,-ես շատ սխալ բաներ եմ էրել: Ես բդի Գարանին առնեի էդ տնից էրթայի…Հերն ու մերը մեր կյանքը կերան. հերն էնքան խոսաց, մինչև աղջկան ինսուլտի հասցրեց, նոր ինքը հանգիստ գնաց, պառկավ հողի տակ: Հիմի էլ մերը մեր կյանքը կուտե, 90 անց է արդեն, ոտքը կոտրած, խելքը մաղված ու ցնդած, առավոտից իրիգուն մեր անունը կբոռա, մե գլոխ՝ Գարան, Հենդո, Գարան, Հենդո…Ա՛յ տղա, հա՛ց տուր, անաստվածնե՛ր ընձի սոված թողեցիք…Ես էլ կվազեմ, հաց կտանիմ, չի՛ ուդե, կսե՝ էս անհամ հացը դո՛ւք կերեք…Հետո կտանիմ զուգարան, գրկած կտանիմ հետ,-ծխում էր ու պատմում Հենդոն,-է՜յ, աշխարհ, աշխարհ: Էն օրը Գարանիս կլողցնեի, պառավը սբանեց գոռալով: Ջահել էի, սխա՛լ էրեցի…Գյուղը լավ էր, կերթայինք, թեկուզ մերոնց հետ, թեկուզ առանձին կապրեինք, լավ կեղնեինք…Տղուս էլ իրանք դաստիարակեցին, սարքեցին դրսի մարդ: Ինչխոր անունը կնքեցին, էնպես էլ իրանց պես մեծըցրին: Կբերեր մասկովսկի շակալդները, յաշիկներով, տղուս կնստցներ ըդոնց մեջը, էս էրեխեն էլ կխաղար շոկոլադների հետ, բռերով կուտեր, հետո մեջն էլ չիշիկ կեներ ու կքներ: Թևանը կհաներ թաց կանֆետները, կչորցըներ ու կծախեր: Ըդոր հըմար էլ տղես՝ պապս, պապս կսեր ու պապի մահից հետո էլ թողեց գնաց Ռուսաստան: Հիմի ամեն ինչ իմ վրես է, հոգսից աչք չեմ բացե: Մերոնց հետ լավ կեղներ…բդի օր լավ էղներ, Նա՛ն ջան…Գիտես անդարդ կյանքի՞ց է, օր իրեք-չորս տետրակ ոտանավոր ունիմ գրած, հե՛չ մարդ չիդե, մենակ դու…Գարանը մեղք է, թե չէ քանիմ օրով կերթամ գյուղ, կարոտս առնիմ, գյուղս լավն էր, մենք էնտեղ լավ կեղնեինք,-աչքերը լցրեց Հենդոն,- էն հասարակ ձվաձեղին էլ կարոտցել եմ…
Ես սկսեցի լվանալ կուտակված ամանեղենը, օգնել, որ հավաքվի խոհանոցը: Ես իմ տարիների բացակայության մեղքն էի քավում, բայց դա այնքա՜ն քիչ էր: Միգուցե այդ գործը նաև օգնում էր, որ լռության մեջ հանգիստ թողնեմ, որ միտքս թափառի, դեպի այն գյուղը, որի դուռը բաց էր, որտեղ Հենդոն իր սեփական մահճակալն իսկ չուներ, որտեղ մերժում էին Հենդոյին մինչև այնքան, որ գեների մեջ թշվառության կոդը դաջվեր ու կյանքն այնքան անորոշ էր, որ թափառում էր խեղճուկրակ 5 ձվի շուրջբոլորը: Ու այսօր դա այնքան քաղցր էր երևում Հենդոյին…Միտքս հետ բերեց Գարանի ճչոցը կողքի սենյակից.
-Քա ըդտեղ ի՞նչ կխոսիք, է՞, էկեք քովս, ե՛ս էլ լսեմ…
06-08.հունիսի 2019թ.