Միլենա Ավետիսյան | Մշուշի մեջ թաքնվողները

Մարմինս ցավում է

Ես դեռ վերջակետին չեմ հասել,
բայց մարմինս
անտանելի ցավում է,
ցավում է ինչպես երբեք.
ու միայն
ու միայն
այսօր
հիմա
Հիմա։

Սաստիկ չարացած մարմինս
այսօր
հիմա
այս վայրկյանին
գոռում է
ու մեղադրում ինձ,
մեղադրում իմ աստծուն,
որ եղել եմ ես՝
թաքնված իմ ներսում
և ձևացել անհավատ։

Մարմինս չարությունից դրդված
կատակում է
հետո
նետվում
պատշգամբից ցած,
իսկ ամենահետո
գոնե մեկ անգամ
դառնում է
հավերժ
գետնին վերևից հսկող
սատանա։

Մարմինս շատ է ցավում,
չարացած եմ.
բայցերն իրար վրա են հավաքվում
ու հայացքիս հետ
նետվում պատուհանից,
իսկ ես
բոբիկ քայլող այն աղջիկն եմ,
ում մարմինը
շատ է ցավում,
ով չարացած է,
ինչպես ասֆալտը,
որի վրա ոտքերս այրվում են։

 

Սև սենյակը

Այս սենյակն այնքան հին է,
Որքան իմ առաջին սերը՝
նախորդ կյանքի։
Պատերը սև են,
շատ սև,
և ես լուռ եմ մտքերիս ժամադրությանը,
Իսկ նրանք ստիպում են,
Որ պատմեմ իմ սիրո մասին,
Բայց ես ոչինչ չգիտեմ,
Ոչ էլ սիրել գիտեմ
Ու երբեք չեմ ունեցել առաջին սեր։
Բայց ո՞վ էր նա, այն կյանքում,
Որ այդքան երկար էր խոսում ինձ հետ,
Պատմում էր ամենը սիրո մասին
և պատմում էր
ականջումս թողած իր սերը։

Այս սենյակն այնքան փոշոտ է,
Որքան իմ բոբիկ ոտքերը`
ծովի կրակոտ ավազների մեջ,
Բայց այնտեղ եմ մոռացել մարդկանց,
Որ իրենց գունավոր լողազգեստները կորցրել են ծովի մեջ,
և հիմա սև կոստյումներով լողում են,
Իսկ ես չգիտեմ էլ`
Վրաս մի կտոր շորի փռթիկ կա՞։

Այս սենյակն այնքան ծանր է,
Որ մարմինս ընկնում է
փխրուն ներքնակի վրա
և ձևանում մահամերձ ծերունի,
Բայց ես այնքան երիտասարդ եմ,
Շատ թարմ մաշկ ունեմ,
Բայց գունատ եմ ու հիվանդ։
Սենյակը շատ մութ է.
Տեսնես՝ լույսն ո՞վ է անջատել։

 

Անիծված ծաղիկներ

Բեռնված գնացքների մեջ թափառում էի,
Ծանոթ դեմքեր էի փնտրում,
Բայց էնտեղ հայելիներ չկային,
Ու ինձ հարազատ ոչինչ չգտա։
Իմ վագոնը դատարկ էր։
Միայն մի ծաղիկ անցավ աչքովս,
Այն էլ գնացքի հին պատուհանների միջով։
Գլուխը կախ էր, աղոտ եմ հիշում,
Բայց ես խղճացի իրեն.
Խղճացի իրեն տեսնելու
ու իրենից հեռանալու
մեկ ու կես վայրկյանին։
Ներիր ինձ, բախտդ չէր բերել,
Դու գնացքի գծերի կողքին էիր ծնվել,
Ու քեզ կրկին տեսնելու հույս պահել
ես չկարողացա.
Դու արդեն իսկ անիծված էիր,
Մեր հանդիպման առաջին միլիվայրկյանին։
Ներիր գնացքին ու ներիր ինձ,
Ես էլ եմ հանցակից քո մահվան մեջ։
Ներիր ինձ, կոխկրտված ծաղիկ.
-Ասացի ես՝ մասնակցելով հաջորդ ծաղիկների սպանությանը։

 

Սիրո վերջին տոնումը

Այսօր մարմինդ տոնելու է
սիրո վերջին օրը։
Շխշխկալու է լեզուդ,
Ինչպես ջրհորի մեջ
դույլը դատարկ,
Քայլելու են մարմնիդ վրա
նրա շուրթերը,
և շշուկոտ ձայնն է խուտուտ տալու մաշկդ սպիտակ։
Կթփրտաս սիրո մեջ,
Ինչպես ձուկը ցամաքում,
Կրկնություն կուզես,
Տեղում դոփելու անվերջ մտքում ցանկություն,
Բայց կշարունակես, կգնաս առաջ։
Շուրթերին փոքրիկ գազանի պես կմոտենաս,
Քաղցի մեջ պատված լեզուդ կձգտի ավելի մոտին,
Կձգտի մինչև ստամոքսը,
Մինչև պատերը՝
թաց դատարկության:
Հետո ժելեի պես բաց կթողնես,
Ու կզգաս համը ոչ կույս շուրթերիդ։
Ի՜նչ երեկո է, ի՜նչ գիշեր.
Տե՛ս, տե՛ս՝
Ինչպես է փշաքաղվում տաքացած մարմինը,
Ինչպես են ձգվում մատները ցավից,
և ինչպես է ժպտում հանցագործը ցավի,
Ինչպես են կոնքերի ոսկորները երևում՝
Կապույտ գծերի արանքից։
Հիմա գնա՞մ, վե՞րջ,
Էլ սեր չե՞նք խաղալու այս գիշեր.
Սիրի՛ր, սիրի՛ր,
Սիրի՛ր մարմինս, ինչպես քոնը։
Հպվիր պարանոցիս բարակ անհարթություններին,
Ճկուն մատների խաղ ցույց տուր ձգված մարմնիս օղերի վրա։
Այսօր մարմինդ տոնելու է
առաջին ու վերջին սիրո կիրքը,
և արևագալից հետո
էլ չի թփրտալու մարմինդ
Գինու թմրեցումներից.
սթափության սուրճերն են կիսելու արևածագերդ,
Իսմ մայրամուտներդ`
առանց սուրճի թեյոտվելու են։

 

Ցակության ճանապարհը հատած

Արի նստենք խոտերի վրա,
Որոնց վրա արև է գրված
ու լսենք Փինկ Ֆլոյդ
ականջակալներով։
Արի նայենք գամված դաշտերին,
Որ ձգտում են հեռուն՝
դեպի ճկուն տիեզերքը։
Արի նայենք խնձորենիների
բիզ բիզ ցցված մազերին,
Որ մտքերիդ շատ նման են։
Հեռվում ընկած ջերմոցներին նայենք,
Միայն երկուսով.
Երկուսով, ընկերս։
Արի լսենք հեռվի կրակոցները՝
վերև ձգված,
Որ ցրում են խավարի աշխարհը
ու մեզ դարձնում
սարսափահար եղած թռչնակներ։
Արի նստենք խոտերի վրա
ու մեզ զգանք Ֆլոյդ, Լենոն, Կոբեյն։
Արի փիլիսոփայենք մեծ խարույկի մոտ,
Որ այրում է մեր մարմինները։
Արի լաց լինենք ու մոռանանք,
որ անիմաստ է.
Պարզապես լաց լինենք,
ինչպես երբեք։
Արի լսենք Փինկ Ֆլոյդ՝
առանց թարգմանության, անհասկանալի
Ու տեսնենք,
թե ինչ է ասում կոշտ ձայնը,
Որ ներսից է դուրս գալիս,
ու քոնն է,
ու իմն է,
ու մերն է,
ինչպես հավերժ։
Աչքերդ այդքան մեծ՝
Ձգվող դեպի լեռները։
Մեր երազանքի դուռը արի բաց անենք,
Որ դեռ մանկուց կողպված է լուռ բանալիով,
և այն մահճակալը՝ երկաթե,
Որի վրա թռվռում էինք մանուկ հասակում
Ու երազում հասնել լուսնին՝
Հիմա այնքան մոտ է մեզ,
Հիմա մենք այնտեղ ենք.
Օդում ցնդած մտքերի և
ցանկության ճանապարհի մեջտեղում։

 

Մշուշի մեջ թաքնվողները

Գիշեր, մշուշ, ձայներ,
ոտնաձայներ՝ չտեսնելի,
անշունչ բույսեր՝
քամու մարմնի մեջ.
Արևը չկար, նեղացել էր։
Սկսեց անձրևը մշուշի ներսից,
Ու նորից ցեխոտվեցին սառած ոտքերս։
Մենակ էի, շատ մենակ.
Մշուշից մենակ էի ես,
Բայց մի բան կար,
Որ ես մենակ չէի.
Անձրևը չէր,
Անձրևը միայն խոսում էր անհասկանալի բառերով։
Քամին էլ չէր,
որովհետև
անընդատ փախչում էր ինձնից,
Չէր թողնում բռնեմ իրեն.
Արագ-արագ վազում էր։
Ես գնում էի մշուշի ներսը,
Որ տեսնեի նրանց,
Բայց որքան գնում էի,
Այդքան ավելի էի հեռվանում նրանցից,
Իսկ քամին չէր էլ փորձում ուղղել ճանապարհից շեղված ոտքերս։
Թաց գետնի ճպճպոցներն էի լսում,
Գիշերային լույսերը միայն անձրևանոցների համար էին վառվել.
Այնքան պարզ էին ցույց տալիս դրանք,
Դրանց վրայի կաթիլները գունավոր,
Բարակ ձողն ու դրանից վերջացող էլ ոչինչ։
Բայց նրանք չկային,
Մշուշի մեջ գտնվող մարդիկ,
Որ գնում էին տուն, չկային։
Չէին երևում՝ շտապելով տուն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *