Օլիվեր Թորլ | Թ. Ս. Էլիոթի «Հիստերիան»

Թ. Ս. Էլիոթ «Հիստերիա»

Երբ նա ծիծաղեց, ես զգացի, որ միախառնվում եմ նրա ծիծաղին, դառնում նրա մի մասը, մինչև որ նրա ատամներն ընդամենը դարձան խստավարժության ընդունակ պատահական աստղեր:  Ինձ ներքաշում էին կարճատև հևքերը, շնչարգելության վայրկենական վերադարձնե­րը կլանում էին ինձ. վերջապես ես կորա նրա կոկորդի մթին անձավներում, և աներևույթ մկանների ծփանքը քերծոտում էր ինձ: Դողացող ձեռքերով տարեց մատուցողը մետաղյա ժանգոտ սեղանին վարդագույն ու սպիտակ վանդակներով սփռոցն էր հապշտապ գցում՝ ասելով. «Եթե տիկինն ու պարոնր կամենում են թեյել պարտեզում… եթե տիկինն ու պարոնր կամենում են թեյել պարտեզում… »:  Որոշեցի, որ եթե դադարի նրա կրծքերի ցնցումը, ապա հնարավոր կլինի հավաքել միջօրեի պատառիկները, և ուշիմ նրբությամբ ուշադրությունս բևեռեցի այդ նպատակին:

Թարգմանությունը անգլերենից՝ Սամվել Մկրտչյանի

 

Օլիվեր Թորլ՝   «Թ. Էլիոթ «Հիստերիա»

Թոմաս Սթեռնս Էլիոթը (1888-1965) 1917 թվականին հրատարկեց իր բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Պրաֆրոկ և այլ դիտարկումներ»։ Այս փոքր հատորը ընդգրկում է բազմազան ժանրերով ու ձևերով գրված բանաստեղծություններ՝ վերլիբրից սկսած մինչև շեքսպիրյան ոճի սպիտակ (ազատ) բանաստեղծություն, դրամատիկ մենախոսություններից մինչև կարճ բանաստեղծություններ։ Հատորը ընդգրկում է նաև մեկ արձակ բանաստեղծություն՝ «Հիստերիա», որը Էլիոթը գրել է 1915 թվականի նոյեմբերին։
«Հիստերիան» համառոտ արձակ բանաստեղծություն է թեյել պատրաստվող զույգի մասին։
Կինը ծիծաղում է հիստերիկորեն, այստեղից էլ բանաստեղծության վերնագիրը, իսկ տղամարդը նրա բերանում ծամվելու վտանգ է զգում, ամեն անգամ երբ նա բացում է այն։ Տարեց մատուցողը առաջարկում է նրանց պարտեզում թեյել՝ ենթադրելով, որ կնոջ ծիծաղը անհանգստություն է պատճառում մյուս հաճախորդներին։
Այնուամենայնիվ, սա հստակ չէ։
Կարելի է ենթադրել համատեքստից ու «դողացող ձեռքերից», որ մատուցողը, ինչպես և հեղինակը, անհանգիստ էին կնոջ հիստերիկ ծիծաղի պատճառով։ Բանաստեղծությունն ավարտվում է տղամարդու որոշումով՝ փրկել օրվա մյուս հատվածը՝ ջանալով դադարեցնել կնոջ կրծքերի ցնցումները «հիստերիայից»։
Այս կերպ էլ ավարտվում է այս հետաքրքրաշարժ բանաստեղծությունը։
Ինչպե՞ս է պետք մեկանաբանել «Հիստերիան»։ Այն թվում է պարզ, մինչդեռ մի շարք հետաքրքիր գծեր ունի՝ չնայած իր անսպասելի հանգամանքներին ու իրադրությանը։ Օրինակ՝ պե՞տք է արդյոք այդքան վստահ ասել, որ կինը հիստերիկ կերպով է ծիծաղում։ Մատուցողի ներկայությունը ցույց է տալիս, որ կնոջ պահվածքի վերաբերյալ հեղինակի ենթադրությունը գուցե ճիշտ է, և որ նա իսկապես խանգարում է մյուս հաճախորդներին։
Բայց սա, գուցե, սոսկ հեղինակի սուբյեկտիվ մեկնաբանությունն է մատուցողի պահվածքի վերաբերյալ։ Նրա ձեռքերը «դողում» էին գուցե այն պատճառով, որ նա ծեր էր (հոդաբո՞րբ), կամ գուցե նա առաջարկում էր զույգին պարտեզում թեյել, որովհետև նրանք նախքան բանաստեղծության սկսվելն էին հարցրել։ Բայց (անվստահելի) հեղինակը հրաժարվում է փակագծերը բացել։
Այս այլընտրանքային տարբերակներից ոչ մեկն էլ ամբողջությամբ չի համոզում, բայց այն փաստը, որ «Հիստերիան» մեզ մղում է տալ այնպիսի հարցեր, որոնք ծնվել են նաև «Պրաֆրոկ և այլ դիտարկումները» կարդալու ժամանակ «Ալֆրեդ Փրուֆրոքի սիրո երգը», «Կնոջ դիմանկարը» ստեղծագործությունների չափազանց անվստահելի ու անսովոր տղամարդկանց լսելուց հետո։
Ինչպես «Պրաֆրոկ և այլ դիտարկումները» գրքի շատ բանաստեղծություններ, այնպես էլ «Հիստերիան» վեր են հանում Ժյուլ Լաֆրոգի (1848- 87, ֆրանս-ուրուգվայացի պոետ, վերլիբրի հիմնադիրներից մեկը) թողած ազդեցությունը։ Լաֆրոգի գործերը սերտ առնչություն ունեն 19-րդ դարի ֆրանսիացի սիմվոլիստների հետ, բայց Էլիոթը նրանից վերցրել է հատկապես դիմակների ու անձերի կիրառումը, ողբերգական կամ կատակերգական երանգը՝ կենցաղային դեպքերի ու իրադրությունների փոքր-ինչ չափազանցված ու գերիրապաշտական նկարագրություններով (խնջույքներ, ճաշ, նախաճաշ, այսպիսի բաներ)։
Լաֆրոգը ներկայացնում է կնոջը միևնույն ժամանակ թե՛ որպես երկրային, թե՛ եթերային էակ՝ «ներքնազգեստով հրեշտակներ», և ինչպես Լինդալ Գորդոնն է համառոտ ամփոփում իր «Թ.Ս. Էլիոթի անկատար կյանքը» գրքում, սա նույնպես կարող էր իր հետք թողած լինել Էլիոթի վաղ շրջանի գործերի վրա, և կարող ենք «Հիստերիան» այս տեսանկյունից մեկնաբանել։
Լաֆրոգի կանայք խոցելի են, բայց միևնույն ժամանակ նրանց մեջ ինչ-որ գիշատիչային բան կա։ Նույնն էլ «Հիստերիայի» կնոջ մասին կարելի է ասել։
Այն ընթերցողները, որոնք տեղյակ են Թ. Ս. Էլիոթի կենսագրությանը, «Հիստերիան» մեկնաբանում են այդ տեսանկյունից՝ այն կապելով Էլիոթի առաջին կնոջ հետ, որ հոգեպես անկայուն էր։ Ճիշտ է, որ երբ Էլիոթը գրեց «Հիստերիան» (1915 թ. նոյեմբեր), արդեն այդ տարվա մարտին հանդիպել էր իր կնոջը՝ Վիվիեն Հեյ-Վուդին։ Զույգն այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ Բայց շատ հավանական է, որ Էլիոթը գիտակցել է կնոջ հոգեկան անհավասարկշռությունը «Հիստերիան» գրելուց հետո։
Էլիոթը հաճախ է գրել այս թեմայի շուրջ, ու հետագա բանաստեղծությունները, որոնք առնչվում են այս թեմային՝ «Sweeney Erect», «A Game of Chess» և «Ամայի երկրի» երկրորդ հատվածը, գուցե հայտնվել են Էլիոթի երևակայության մեջ Վիվիենի տրամադրության հաճախակի անկումների պատճառով։
«Հիստերիայից» կարելի է ենթադրել, որ Էլիոթը հետաքրքրվում կամ անգիտակցական մակարդակում տարված էր կանանց նման հատականիշներով։
Անկախ այն բանից՝ բանաստեղծությունը Վիվիենից է ոգեշնչված, թե ոչ, «Հիստերիան» Էլիոթի վաղ շրջանի հետաքրքիր գործերից է, որ ցուցադրում է նրա վերաբերմունքը կնոջ ու նրա սեռի նկատմամբ։
Բանաստեղծությունն արժանի է մանրամասն ուսումնասիրության՝ նուրբ գծերը վեր հանելու համար, գծեր, որոնք այնքան էլ ակներև չեն առաջին անգամ կարդալուց հետո։

Թարգմանությունը անգլերենից՝  Գոհար Գրիգորյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *