Մի մարդ հանկարծ սկսեց վարդի պես բուրել: Բուրում էր, ու վերջ։ Երբ նա մտնում էր խանութ, բոլորը մի պահ կանգ էին առնում, սկսում հոտոտել օդը և ասել.
– Վարդերի բույր է: Կարծես, վարդերի այգում լինենք:
Եվ քանի մարդը խանութից չէր հեռանում, ոչ ոք չէր կարողանում ոչինչ գնել.․ բոլորը աչքերը փակ կանգնած՝ շնչում էին բույրը:
Բայց եթե մարդը հանկարծ հայտարարում էր, որ հենց ինքն է այդպես հրաշալի բուրում, բոլորը նրանից երես էին թեքում կամ պարզապես ուշադրություն չէին դարձնում՝ շարունակելով ներշնչել վարդերի բույրը:
Եվ ուր էլ այդ մարդը գնում էր, նրան ոչ ոք չէր հավատում, բոլորը վազվզում էին նրա շուրջբոլորն ու փնտրում, թե որտեղ են թաքնված վարդերը, ու իրեն ուշադրության չէին դարձնում:
Իսկ այ, մարդու տանը բոլորովին այլ պատմություն էր՝ բոլորն ահավոր զզվել էին վարդերի բույրից: Չէ՞ որ յուրաքանչյուրն էլ կզզվի, չէ՞, եթե տանը տարին բոլոր սուր հոտ առնի: Բացի այդ, անկախ նրանից՝ հարևանները կաղամբապուր էին եփում, թե սնկապուր և կամ թե կոտլետ էին տապակում՝ ամեն ինչից վարդի հոտ էր գալիս: Փողոցի բոլոր շներն էլ էին վարդաբույր, վարդաբույր էր նույնիսկ աղբամանը:
Բոլոր հարևաներն ասում էին, որ ապրելն անտանելի է դարձել:
– Չես հասկանա,- բողոքում էին տնային տնտեսուհիները,- երեկվա ապուրը թթվե՞լ է, թե՞ ոչ. վարդահոտ է արձակում, ու վերջ:
Տանը սարսափելիորեն բազմացել էին մկները, քանի որ կատուները հոտով չէին կարողանում զանազանել մկներին. մուկը վարդաբույր էր: Կատուներն էլ էին վարդաբույր:
Վերջապես այդ դժբախտ մարդը որոշեց գնալ բուսաբանական ակադեմիա. նա հույս ուներ, որ այնտեղ կպարզեն՝ բանն ինչ է:
Եվ իսկապես, բուսաբանական ակադեմիայում նրան իսկույն շրջապատեցին պրոֆեսորները, շրջեցին դեպի լույսը և սկսեցին բանավիճել՝ արդյոք դեղի՞ն վարդ է նա, թե՞ սպիտակ: Պրոֆեսորները վիճում էին երկար-երկար, քանի որ վարդի գույնով է պայմանավորված՝ ինչպես խնամել այն:
Վերջապես նրանք որոշեցին, որ վարդը սպիտակավարդագույն տեսակի է և մարդուն ասացին, որ նրան կտեղափոխեն փոքրիկ խեցամանի մեջ՝ պարզելու՝ պարարտացման և ջրելու ո՛ր եղանակն ավելի նպատակահարմար կլինի:
Ու պետք է ասել, մարդը պարզապես ծաղկեց այդ համընդհանուր ուշադրությունից: Նա հաճույքով թույլ տվեց տնկել իրեն խեցամանի մեջ ու թոկով կապել երկար փայտից, որովհետև պրոֆեսորները բացատրեցին, որ այլապես նա կծռվի:
Նրան, ինչպես ամեն սպիտակավարդագույն վարդի, ջրում էին օրը երեք անգամ ինչ-որ պղտոր ջրով այնպես, որ ոտքերն ամեն օր թրջվում էին, և նա վերջիվերջո մրսեց ու պառկեց: Թոկը, որով նա ամուր կապված էր փայտին, իսկապես ամուր պահում նրան: Պրոֆեսորները յուրաքանչյուր կես ժամը մեկ զննում էին նրան և վերջապես մարդուն սպիտակավարդագույն վարդից անվանափոխեցին կարմիր վարդի․ նա հարբուխից կարմրել էր:
Երբ հարբուխն անցավ, պրոֆեսորները կրկին զննեցին մարդուն, բայց ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ՝ ինչ գույն ունի վարդը հիմա: Վերջապես նրանք հայտարարեցին, որ ստացել են վարդի նոր տեսակ՝ անհոտ թույլ վարդագույն, քանի որ բուժման ընթացքում նա կորցրել էր բույրը:
Սկզբում մարդը վախենում էր, որ իրեն գրողի ծոցը կուղարկեն, սակայն նրա երկյուղները չիրականացան՝ նրա մոտ այցի էին բերում այլերկրացիների, ցուցադրում էին գիտաշրջիկներին և անգամ նրա համար արտագնա դասախոսություններ էին կազմակերպում, ուր նա մեկնում էր՝ խեցամանից ամուր կառչած:
Աստիճանաբար նա սովորեց ոչնչից չվախենալ, սառը ջրով մշտական ջրումներից կոփվեց, իսկ բուրմունքն ապահովում էր «Красная Москва» օծանելիք էր ցանելով: Տարբեր ժամանակներում տված հարցազրույցներում նա հաճույքով վերհիշում էր այն օրերը, երբ իր բույրին ոչ ոք չէր հավատում, ու իրեն վռնդում էին անգամ սեփական տնից:
Միակ բանը, որ նա չի սիրում, թրիքով պարարտացումն է: Բայց ծաղիկները կախյալ էակներ են, և նա ստիպված է հանդուրժել ծաղկի կյանքը: Քանի որ իսկական ծաղիկները աճում են աղբի միջից և սնվում են՝ ինչով պատահի:
Թարգմանությունը ռուսերենից՝ Դիանա Ստեփանյանի