Արքմենիկ Նիկողոսյան | Խոնա՞րհ, թե՞ Խոնարհս

Լուսանկարը՝ Հասմիկ Հակոբյանի

ՄԻ ՎՐԻՊԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Գրական այնպիսի տեքստը, ինչպիսին Ակսել Բակունցի «քարաքանդակ» բնագիրն է իր լավագույն իրացումներում, պատահականություններ չի ճանաչում, և յուրաքանչյուր տառը երբեմն ուղղակի վճռորոշ դերակատարություն կարող է ունենալ տվյալ պահի, իրադրության, հոգեվիճակի, տեքստային անցման, ամրագրման, դադարի դեպքում:

Այն, որ Ակսել Բակունցն այս կարգի մասնավորություններին մեծ ուշադրություն է դարձրել, նորություն չէ, և լավագույնս երևանվում է նրա աշխատանոցային ոճի մեջ, բացի այդ, հիմնական մասով վերլուծվել է Սերգեյ Աթաբեկյանի «Ակսել Բակունց. խոսքի և լռության… պոեզիան» մենագրության բազմաթիվ էջերում[1]:

«Խոնարհ աղջիկը» պատմվածքը թերևս ամենավերլուծվածն է բակունցյան գլուխգործոցներից, և հետաքրքիրն այն է, որ նույնիսկ շարքային ու հերթապահ անդրադարձներում այս պատմվածքի հոգեբանական վիճակները առանձնահատուկ ուշադրության են արժանացել:

Բակունցի ստեղծագործությանը նվիրված՝ գոնե ինձ ծանոթ գրեթե բոլոր անդրադարձներում, «Խոնարհ աղջիկը» պատմվածքի հոգեբանական սևեռումներից մեկը պարտադիր առկա է: Հետաքրքիր է, որ խնդրահարույց վրիպակը հենց դրան է վերաբերում և դրա ճշգրտումը կտրուկ փոխում է այդ հոգեբանական իրադրության և՛ ընկալումը, և՛ մեկնաբանությունը: Ուստի, մեջբերեմ նախ այն տեսքով, ինչպես տեղ է գտել Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության մեջ. «Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի:

Խոնարհ…– Ձայնս դողաց»[2] (ընդգծումը իմն է. – Ա. Ն.):

Պատմվածքի ծանոթագրություններում խոսք անգամ չկա ընդգծված բառի որևէ տարընթերցման կամ վրիպակի մասին[3]: Սա այն դեպքում, երբ հատորը հրատարակության պատրաստած և ծանոթագրությունները կազմած Ռաֆայել Իշխանյանը չափազանց բծախնդիր է նման հարցերի նկատմամբ, և շատ առումներով բացառիկ գիտական ապարատ է ապահովել բակունցյան բնագրերի համար:

Այժմ մեջբերեմ նույն հատվածն արդեն Ակսել Բակունցի՝ «Հայ դասականների գրադարան» մատենաշարով լույս տեսած երկերի միհատորյակից, որը կազմել է Ա. Քիշոյանը: «Կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար: Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև: Ձեռքը բռնեցի:

Խոնարհս…– Ձայնս դողաց»[4] (ընդգծումը իմն է. – Ա. Ն.):

Տրամաբանական է մտածել, որ հատորը կազմողն օգտվել է Բակունցի երկերի ակադեմիական հրատարակությունից, տրամաբանական այն առումով, որ այդպես է պահանջում տեքստաբանության օրենքն ու ոգին[5]: Ուստի, մնում է ենթադրել, որ վրիպակ է գնացել: Բայց խնդիրը բարդանում է նրանով, որ Խոնարհս տարբերակը և՛ նշված ժողովածուից առաջ, և՛ հետո, առկա է բազմաթիվ հրատարակություններում, ժողովածուներում, դասագրքերում, քրեստոմատիաներում: Ավելին՝ գրականագիտական տարբեր ուսումնասիրություններում, հոդվածներում, մենագրություններում այդ հատվածը հաճախ է ներկայացվել Խոնարհս ձևով: Եվ վերլուծվել է ս-ի գոյության առթած տրամաբանությամբ:

Բակունցի կենդանության օրոք լույս տեսած տարբերակներում առկա է հետևյալ պատկերը: Պատմվածքը «Խոնարհ աղջիկ» վերնագրով առաջին անգամ լույս է տեսել 1927 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթի երկու համարում շարունակաբար՝ Ակսել ստորագրությամբ:[6] Այստեղ խնդրահարույց հատվածը հետևյալ տեսքն ունի. «Ես չէի լսում, կողքիս Խոնարհն էր: Նրա աչքերում ուրախության ժպիտ կար, ժպտից սև աչքերը փայլում էին սարյակի փետուրների պես: Այդ աչքերը, երկու ձիթապտուղ:

Ձեռքը բռնեցի:

Խոնարհ,- ձայնս դողաց»[7]: Գրեթե նույն տեսքն ունի հատվածը «Մթնաձոր» ժողովածուում[8]: Արմատապես վերամշակվելով և զետեղվելով 1933-ին լույս տեսած «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուում, պատմվածքում կրկին պահպանվել է Խոնարհ ձևը:

Հետմահու հրատարակություններում՝  1938 թվականի «Պատմվածքներ» ժողովածուի փարիզյան հրատարակությունում (էջ 34), Երկերի երևանյան 1955 թվականի հրատարակության մեջ, և այլն, նույն պատկերն է:

Դժվար է միանշանակ պնդել, թե ե՞րբ է սկիզբ առել այս տարընթերցումը կամ վրիպակը, բայց փաստ է, որ Խոնարհս ձևը համատարած կիրառություն է սկսում գտնել Ակսել Բակունցի՝ «Հայ դասականների գրադարան» մատենաշարով լույս տեսած երկերի միհատորյակի լույս ընծայումից հետո, 1986 թվականից: Սա ինչ-որ տեղ բնական է ընդհանուր հիշողության տեսանկյունից, քանզի սա Բակունցի ամենամեծ տպաքանակով լույս տեսած գիրքն է (51. 000) և ամենից շատն է շրջանառվել: Բակունցի երկերի՝ 1986 թվականից հետո լույս տեսած հրատարակություններում[9] բացառապես նշված չէ, թե ներկայացվող տեքստերը ինչ հրատարակության հիման վրա են պատրաստվել: Բացառված չէ, որ կազմողները (Շչորս Դավթյան, Դավիթ Գասպարյան, Սեյրանուհի Գեղամյան և ուրիշներ) հենվել են ակադեմիական հրատարակության տեքստերի վրա, բայց 1986 թվականի հրատարակության հիշողությունը Խոնարհս ձևի կիրառության առումով իր նստվածքը թողել է, քանզի այս բոլոր հրատարակություններում հենց այդ կիրառությունն է:

Այս հրապարակման նպատակը «Խոնարհ աղջիկը» պատմվածքի վերը նշված հատվածում Խոնարհս սխալ կիրառության փոխարինումն է Խոնարհ ճիշտ ձևով՝ Ակսել Բակունցի երկերի հետագա հրատարակություններում, ինչպես նաև դրա հենքով՝ պատմվածքի վերլուծության զերծումը հոգեբանական սխալ մեկնություններից: Հարցն այն է, որ «Խոնարհ աղջիկը» բառերով չխոստովանված սիրո պատմություն է: Սիրո բազմաթիվ ակնարկներ, քայլեր կան պատմվածքում, սակայն այն երբեք չի ասվում խոսքով: Եվ սրա մեջ է պատմվածքի հմայքը: Դեռևս Ռաֆայել Իշխանյանն է նկատել, որ այդ դրվագը պատմվածքի հերոսների «սիրո բարձրակետ»-ն[10] է: Բարձրակետ, որտեղ այնուամենայնիվ, չի արվում ամենավճռական քայլը՝ չի բառավորվում խոստովանությունը՝ երիտասարդ ուսուցչին ու Խոնարհին հավերժորեն պահելով անեղծ ու անընդհատ կասկածով ուղեկցվող մտատանջությունների մեջ, որ քաղցր ու հավերժական է դարձնում սիրո հուշը: Կիրառելով Խոնարհս ձևը, մենք ուղղակի փշրում ենք այդ տանջող ու անուշ անուրջը, և խաթարում Բակունցի քարաքանդակ տեքստի կուռ տրամաբանությունն ու հոգեբանական խորքը: Մանավանդ որ՝ խոսքն այստեղ ոչ թե տարընթերցման, այլ՝ վրիպակի մասին է:

[1] Տե՛ս Սերգեյ Աթաբեկյան, Ակսել Բակունց. խոսքի և լռության… պոեզիան, Երևան, 2000:

[2] Ակսել Բակունց, Երկեր 4 հատորով, հատոր 1, Երևան, 1976, էջ 157:

[3] Տե՛ս նույն տեղը, էջ 637-641:

[4] Ակսել Բակունց, Երկեր, Երևան, 1986, էջ 124: Զավեշտալի է, որ Վիքիպեդիայում, որտեղ թվայնացված է Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության առաջին հատորը, կրկին կիրառվել է Խոնարհս ձևը: Անհասկանալի է, թե ինչու, երբ տպագիր տեքստում Խոնարհ է: Տե՛ս ՝ Այստեղ

[5] Մյուս կողմից՝ ցավալի է, բայց փաստ, որ հայ դասական հեղինակների տարաբնույթ ժողովածուներ կազմողները շատ հաճախ օգտվում են այդ պահին ձեռքի տակ եղած կամ մատչելի աղբյուրներից՝ անգոսնելով ակադեմիական հրատարակությունները, որոնցում բնագրերը շատ ավելի կանոնիկ են ու ճշգրտված: Իհարկե, կան նաև բացառություններ. մասնավորապես, Միքայել Նալբանդյանի հայտնի գործերից մեկը՝ «Մեռելահարցուկ» վեպը, նրա վերջին ակադեմիական հրատարակությունում տպագրվել է տպագրական մի շատ էական վրիպակով (հատված է բացակայում և մեկ այլ հատված կրկնվում է), տե՛ս Միքայել Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1, Երևան, 1979:

[6] Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 1927, թիվ 24, 1 փետրվարի, թիվ 25, 2 փետրվարի:

[7] «Խորհրդային Հայաստան», 1927, թիվ 25, 2 փետրվարի:

[8] Տե՛ս Ակսել Բակունց, Մթնաձոր, Երևան,  1927, էջ 147:

[9] Տե՛ս, օրինակ, Երկեր, Երևան, 1999, Ծիրանի փողը, Երևան, 2003, Ընտրանի, Երևան, 2009, Պատմվածքներ, Երևան, 2013 և այլն:

[10] Ռաֆայել Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը, Երևան, 1974, էջ 151:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *