Արքմենիկ Նիկողոսյան | Թմկաբերդի առման երկու տարբերակ

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը թերևս նրա ամենակատարյալ երկն է: Գրված լինելով Թումանյանի ստեղծագործական կյանքի ամենավճռորոշ և, ըստ էության, բեկումնային 1902 թվականին, այս պոեմը զարմանալիորեն ներդաշնակում է երիտասարդ Թումանյանի ստեղծագործական հախուռնությունն իր ամբողջ գրավչությամբ և հետագա տարիների հասուն Թումանյանի իմաստնությունն ու ստեղծագործական թաքնատեսությունն ու ենթատեքստայնությունն իր ամբողջ խորհրդավորությամբ ու առեղծվածայնությամբ: Այլ խոսքով՝ այն կարծես գրած լինի 54 տարի ապրած Թումանյանը 33 տարեկանում:

Հանրահայտ է, որ Թումանյանի ստեղծագործությունը շատ է վերլուծվել: Եվ հատկապես՝ պոեմները: Մկրտիչ Մկրյանի, Էդվարդ Ջրբաշյանի, Հրանտ Թամրազյանի մենագրություններում հատկապես[1] ընտիր նկատումներ, ընդհանրացումներ, մանրամասնումներ կան, որոնք շատ առումներով այսօր էլ մեկնակետային են: «Թմկաբերդի առումը» պոեմն էլ շահեկան վերլուծությունների տեսանկյունից բացառություն չէ: Էդվարդ Ջրբաշյանը հատկապես, իր «Թումանյանի պոեմները» մենագրության մեջ վերլուծել-քննաբանել է այդ պոեմին առնչվող գրեթե յուրաքանչյուր մանրուք՝ աշխատանոցային մանրամասներից մինչև տաղաչափական ամենատարբեր յուրահատկություններ[2]:

Այս առումով՝ «Թմկաբերդի առումը» պոեմին կրկին անդրադառնալը, թերևս, ունի կրկնաբանությունների տաղտուկի մեջ հայտնվելու վտանգ: Ուստի, որքան էլ տարօրինակ լինի, «Թմկաբերդի առումին» նորագույն անդրադարձները, իմ կարծիքով, պետք է մեկնարկեն այդ պոեմին և նրան առնչվող նյութերին վարկածային վերաբերմունքով ու մեկնաբանությամբ: Իսկ դրանք քիչ չեն:

Հայտնի է, որ «Թմկաբերդի առումը» պոեմը Թումանյանի թերևս ամենաժլատ աշխատանոցային մանրամասներ թողած գործն է. շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել գրվելուց հետո, հետագա հրատարակություններում ևս փոփոխություններ ու հավելումները շատ էական չեն, առավել ևս՝ ի տարբերություն, ասենք, «Անուշ» պոեմի, այլ տարբերակ չունի: Գուցե կա դրանց չպահպանված լինելու վարկածը, բայց հակված ենք մտածելու, որ դրանք պարզապես չեն էլ եղել: Ստեղծագործական հոգեբանության տեսանկյունից, ընդհանրապես, մեր տպավորությամբ՝ «Թմբկաբերդի առումը» Թումանյանի ամենաինտուիցիոն ստեղծագործությունն է, այսինքն՝ ավելի շատ գործել է բանաստեղծի հզոր ինտուիցիան, քան մտածված գրողական-ստեղծագործական աշխատանքը[3]: Վերջինի դեպքում տարբեր գործերի օրինակ գիտենք, թե աշխատանոցային ինչ պատկեր է («Անուշ», «Լոռեցի Սաքոն» պոեմների օրինակը, կարծում  ենք, բավական է):

Ահա, այդ ինտուիցիոն աշխատանքի շուրջ էլ կուզեինք ծավալվել և խոսքը մասնավորեցնել աշուղի կերպարի շուրջ:

Աշխատանոցային երկու մանրամասն մեզ համար մեկնակետային են այս դեպքում.

  1. Պոեմին որպես ենթավերնագիր տրված «Աշուղի զրույցը» բնորոշումը, որը ինտուիցիոն է իր բնույթով, բայց հետագայում հանվել է՝ ենթարկվելով «Թմկաբերդի առումի» դեպքում հազվադեպ գործող գրողական-ստեղծագործական աշխատանքի թելադրանքին:
  2. Պոեմի սևագիր մի սկսվածք, որ չափազանց էական արժեք ունի, և որը մեջբերում ենք ամբողջությամբ.

Իր սազը ուսին աշուղն աներկյուղ

Շըրջում է ազատ [ամբողջ] Կովկասում,

Մըտնում է սիրով ամեն շեն ու գյուղ,

Իր նաղլը անում, իր խաղն է ասում։

Բայց հենց հասնում է լեռնոտ Աճառա,

Հենց որ տեսնում է այն երկրի ծուխը,

Ծռում է ճամփան այլ տեղի վըրա.

Ու ետ է փախչում ահա աշուղը.

Բայց հե՞ր սարերի սիրահար որդին

Չի մոտենում էն լավ սարերին,

Ղոնախ չի գնում [էն ժողովրդին]

Ու ետ է փախչում խալխի սիրելին.

Ահա ձեզ պատմեմ, թե ինչու համար

Փախչում է աշուղն էն լավ սարերեն

Եվ դեպի Աճառն ու իրեն աշխարհ

Անեծք է ղըրկում երգի փոխարեն։

Եվ ինչու զվարթ Աճառն յուր երկրում

Ղոնախ է անում և գող և չարչի,

Բայց [հալածվում է] աշուղը <…>[4]

Մեկնակետային է ևս մեկ աշխատանոցային մանրամասն, այս անգամ «Թմկաբերդի առումը» պոեմի գիտական հրատարակության ծանոթագրություններից, որը վերաբերում է «Էսպես է ասել հընուց էդ մասին // Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին» հատվածին. ««Թմկաբերդի առումի» պարսիկ թարգմանիչներ Սայեն ու Նադերփուրը վկայել են, «որ այս տողերի պարսկական բնագիրը գտնելու իրենց և մի քանի շահնամեագետների ջանքերը ապարդյուն են անցել»» (էջ 550):

Հիմա ամփոփենք մեկնակետերը՝ ամրագրելով հետևյալը. «Թմկաբերդի առումը» պոեմում, պատկերավոր ասած, ոչ թե Թաթուլ իշխանի և Նադիր Շահի պայքարն է, այլ Թումանյանի և Աշուղի: Ընդ որում՝ պոեմում բանաստեղծն իր ինտուիցիայով որպես Աշուղ է պատմում, իսկ գրական ստեղծագործական աշխատանքով արդեն փորձում է չեզոքացնել Աշուղին: Կարծում ենք՝ ի վերջո, հաղթում է ինտուիցիան, ինչը բնական է, և որի մասին դեռ կխոսենք:

Ինտուիցիայի նշաններ են վերը բերված երկու օրինակները, որոնցից հետագայում Թումանյանն ազատվել է: Ավելին Աշուղից ազատվելու ճանապարհին Թումանյանը դիմել է անգամ այսպես ասած՝ կեղծիքի, վկայակոչելով Ֆիրդուսու հեղինակությունը և նրան վերագրելով արտահայտություն, որ նա չի արել: Այս փաստը լավագույն վկայությունն է այն բանի, որ Թումանյանը, հակադրվելով Աշուղին,  պատմում է  ո՛չ իրականությունը կամ իրականության ընթացքը մեկնաբանում է ի՛ր ձևով:

Պոեմի սևագիր սկսվածքը վկայում է, որ Թմուկ բերդը թշնամուն հանձնել է Աշուղը, և պոեմը, ըստ էության, եթե շարունակվեր ու ամբողջովին կառուցվեր ինտուիցիայով, ապա կլիներ Աշուղի մեղքի և զղջման պատմություն: Դա է «Թմկաբերդի առումը»:

Բայց հընթացս Թումանյանը պարբերաբար ձգտել ու փորձել է զսպել ինտուիցիոն ընթացքը և միջամտություններ անել, և ստացվել է Թմկա տիրուհու մեղքի և զղջման պատմություն: Եվ սա չէ «Թմկաբերդի առումը»:

Ինտուիցիոն տեսանկյունից չափազանց կարևոր է տաղաչափական մի մանրամասն, որը պայմանականորեն կանվանենք Աշուղի հանգ, և որը այս առումով պոեմում որոշարկող է և մատնող: Այն 8 վանկանի տողերով՝ 4+4 սկզբունքով կառուցված քառատողեր են: Ընդ որում՝ «Թմկաբերդի առումը» պոեմի 304 տողերից 140-ը կառուցված են Աշուղի հանգով:  Հետաքրքիր է, որ եթե պոեմից ընթերցենք միայն Աշուղի հանգով գրված քառատողերը, ապա, ըստ էության, սյուժետային առումով կրկին ամբողջական մի ստեղծագործություն հետ գործ կունենանք:

Եվ այսպես՝ ինտուիցիան «Թմկաբերդի առումը» պոեմում նախ իրադարձությունները ներկայացնում է Աշուղի հանգով.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին (էջ 47)։

Պոեմի նախերգանքը և I (առաջին) գլուխը ամբողջապես կառուցված են Աշուղի հանգով, որն այդ մասում ավարտվում է հետևյալ հատվածով.

Ու միշտ ուրախ, հաղթանակով

Իր ամրոցն է դառնում նա.

Սպասում է էնտեղ կինը,

Ջահել կինը սևաչյա  (էջ 49):

II (երկրորդ) գլխում արդեն զգացվում է Թումանյանի կամ ստեղծագործական աշխատանքի միջամտու­թյունը Աշուղի հանգին: Եվ դա միջամտություն է ոչ միայն տաղաչափական, այլև սյուժետային տեսանկյունից: Եթե Աշուղի հանգը կառուցված է 8 (4+4) վանկանի տողերով, ապա Թումանյանի ստեղծագործական միջամտությունները՝ 10 (5+5) վանկանի տողերով: Սա օրինաչափություն է, որ ևս մեկ անգամ գալիս է հաստատելու Թումանյան-Աշուղ «բախումը»: Տաղաչափական այս և այլ տարբեր հնարքները, որ շատ լավ վերլուծում է Էդվարդ Ջրբաշյանը «Թումանյանի պոեմները» աշխատության մեջ, մեր կարծիքով, նրա նշած գործառույթները չունեն: Դրանք պարզապես ինտուիցիայի և ստեղծագործական սթափ աշխատանքի բախում են: Այս սկզբունքից միակ, այն էլ հարաբերական բացառությունը՝ II (երկրորդ) գլուխն է, որտեղ գովերգվում է Թմկա տիրուհու գեղեցկությունը.

Սիրո հընոց,

Կրակ ու բոց՝

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան (էջ 49)։

Այս հատվածը հարաբերական բացառություն ենք համարում այն առումով, որ այստեղ ևս, ըստ էության, Աշուղի հանգն է: Եթե մի փոքր այլ կերպ դասավորենք տողերը, ապա կստանանք այսպիսի պատկեր՝ կրկին 8 (4+4) վանկանի տողեր.

Սիրո հընոց, կրակ ու բոց՝

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան:

Թումանյանի համար, բնականաբար, խնդիր չէր այս հատվածը ևս կառուցել 10 (5+5) վանկանի տողերով, սակայն այստեղ նրա ստեղծագործական աշխատանքի ճնշումը ինտուիցիայի վրա դեռ այդքան ուժեղ չէ: Հետաքրքիր է, որ դեռ 1910 թվականին, գրախոսելով «Թմկաբերդի առումը» պոեմը, Մամբրե Մատենճյանն այս հատվածը համարել է «ամբողջովին ավելորդ և վնասակար»[5]: Եվ ընդհանրապես, Մատենճյանը իր հոդվածի տողատակում «ավելորդ» է համարում պոեմի այլ հատվածներ ևս, ընդ որում՝ կրկին հետաքրքիր է, որ դրանք առնչվում են մեր խնդրո առարկա հարցադրումների հետ[6]:

Պոեմի շարունակության մեջ էլ Թումանյանը (ստեղծագործական աշխատանքը) պարզապես չի թողնում, որ Աշուղը (ինտուիցիան) պատմի, անընդհատ խառնվում կամ միջամտում է:  Պատմողական ես-ի տեսանկյունից էլ է դա պարզ: Աշուղը պատմում է այն, ինչ ինքը տեսել է, չի հորինում, հետևաբար՝ նրա պատումն առաջին դեմքով է: Օրինակ՝ Աշուղը չէր կարող պատմել Թաթուլի երազը, որովհետև, այսպես ասենք՝ այդ երազն ինքը չէր տեսել: Թումանյանը հորինում է, ցանկանում իր ուզած մեկնաբանությունը կամ լուծում տալ, ուստի՝ նրա պատումը երրորդ դեմքով է:

Պոեմի III (երրորդ), IV (չորրորդ), V (հինգերորդ) գլուխներն ամբողջությամբ Թումանյանի «տիրապետության» տակ են: Այստեղ նա, անտեսելով իր ինտուիցիան կամ դիտմամբ հակադրվելով իր ինտուիցիային՝ աշխատում է ամեն կերպ կենտրոնական դեր հատկացնել Թմկա տիրուհուն, ըստ էության՝ արգելելով Աշուղին շարունակել սեփական դավաճանության պատմությունը: Այլ կերպ ասած՝ Թումանյանը ձգտում է որպես դավաճան տեսնել հենց Թմկա տիրուհուն: Նախ՝ կրկին գովերգում է նրա գեղեցկությունը՝ այս անգամ «Շահի առաջին»[7], ապա, ինչպես վերը նշել ենք, վկայակոչելով Ֆիրդուսու հեղինակությունը և նրան վերագրելով արտահայտություն, որ նա չի արել, փիլիսոփայում է «ի՜նչը կհաղթի կյանքում հերոսին» հարցադրման շուրջ, և վերջապես՝ Թմուկ բերդ է ուղարկում «մի աղքատ աշուղի»:

Ստեղծագործական աշխատանքի ու ինտուիցիայի բախման տեսանկյունից չափազանց հետաքրքիր է պոեմի VI (վեցերորդ) գլուխը: Այստեղ, ի տարբերություն նախընթաց գլուխների, որոնցից յուրաքանչյուրը սկզբից մինչև  վերջ կառուցված է նույն տաղաչափությամբ, գործ ունենք, այսպես ասած՝ տաղաչափական ընդմիջարկման հետ: Շարունակվող կռվի նկարագրության թումանյանական հանգը ընդմիջարկվում է Աշուղի հանգով.

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝

Սիրուններին միշտ գերի.

Քու ճակատին թագ է վայել

Լինիս շքե՜ղ թագուհի… (էջ 52):

Տաղաչափական այս անցումը Աշուղին այդպես էլ լռեցնել չկարողանալու փաստարկ է: Հաջորդ՝ VII (յոթերորդ) գլխում կրկին գործ ունենք այս նույն երևույթի հետ: Հաղթական կռվին հաջորդած խնջույքի թումանյանական տեսարանին հանկարծ հաջորդում է Աշուղի հանգը՝ Թմկա տիրուհու, ապա նաև՝ զինվորների խոսքով.

Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,

Բաժակներըդ լիուլի,

Խըմենք— Աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ Թաթուլի։

 

Է՜յ, տեր աստված կըտրուկ անի

Թուրը մեր քաջ իշխանի,

Նըրա շուքը միշտ հանապազ

Մեր գըլխիցը անպակաս (էջ 52-53)։

Անգամ զուտ տեսողական առումով՝ սա նշան է, որ Թմկա տիրուհին հանձնվել է Աշուղի խարդավանքին, և զորքն իր հերթին՝ հանձնվել է Թմկա տիրուհու խարդավանքին: Եվ սա՝ անկախ բովանդակությունից, անկախ այն հանգամանքից, որ երկու դեպքում էլ գործ ունենք Թաթուլին փառաբանող տեքստերի հետ: Աշուղի հանգի կիրառությունը նրանց հանձնվելու և գուցե ակամա դավաճանության վկայություն է:

Բայց չի հանձնվում Թումանյանը, կամ ինչպես հոդվածում պարբերաբար նշել ենք՝ ստեղծագործական աշխատանքը: Նախ՝ Աշուղի հանգի արանքում VII (յոթերորդ) գլխում շարունակում է հաղթական խնջույքի տեսարանը, իսկ VIII (ութերորդ) գլխում ներկայացնում Թաթուլի չարագուշակ երազը՝ որպես Թմկա տիրուհու դավաճանության փաստարկ.

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,

Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,

Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ

Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած… (էջ 54)

IX (իններորդ) գլուխը, որով գուժվում է Թմկաբերդի առումը, ամբողջապես Աշուղի հանգով է: Սա կարևոր փաստարկ է Թմկաբերդի առման իրական մեղավորին ճանաչելու առումով: Հանգը հուշում է, որ բերդը թշնամուն է հանձնվել Աշուղի մատնությամբ կամ միջոցով, բայց նա իր դավաճանությունը ամեն կերպ վերագրում է  Թմկա տիրուհուն.

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է

Իր հաղթական հյուրերին,

Բաց է անում դուռն ու դարպաս

Ձեր դավաճան տիրուհին (էջ 55)։

Թումանյանի ստեղծագործական երևակայությունն օգտվելով այս հանգամանքից՝ ստեղծում է պոեմի փառահեղ X (տասներորդ) գլուխը՝ Թմկա տիրուհու և Նադիր շահի տպավորիչ երկխոսությամբ՝ նախապես ձևակերպելով իր պոեմի թերևս ամենաելակետային ասելիքը.

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տըված բաժակին… (էջ 56):

Այն տպավորությունն է, որ պոեմի ամբողջ ընթացքում Աշուղի հետ բախման նպատակը հենց այս խոսքերին հանգելն էր: Պատահական չէ, որ դրանից հետո պոեմը եզրափակող  XI (տասնմեկերորդ) և XII (տասներկուերորդ) գլուխներում Թումանյանը «հանձնվում» է՝ եզրափակումը թողնելով  Աշուղի հայեցողությանը, մանավանդ որ՝ Թմկա տիրուհու հանցանքը իր կողմից կարծես թե ապացուցված է:

Հայտնի է, որ «Թմկաբերդի առումը» պոեմի ստեղծման համար Թումանյանն օգտագործել է բանահավաք և ազգագրագետ Երվանդ Լալայանի գրառած ավանդություններից մեկը (տե՛ս էջ 542-543): Բայց պոեմի սևագիր ու այդպես էլ հետագայում պոեմում գրեթե ոչ մի կերպ չօգտագործված սկսվածքը վկայում է, որ Թումանյանը նկատի է ունեցել նաև մեկ այլ սյուժե: Կրկին մեջբերենք այդ սկսվածքի ամենաէական հատվածը.

Ահա ձեզ պատմեմ, թե ինչու համար

Փախչում է աշուղն էն լավ սարերեն

Եվ դեպի Աճառն ու իրեն աշխարհ

Անեծք է ղըրկում երգի փոխարեն։

Եվ ինչու զվարթ Աճառն յուր երկրում

Ղոնախ է անում և գող և չարչի,

Բայց [հալածվում է] աշուղը

Ըստ էության, որ «Թմկաբերդի առումի» ստեղծման համար հիմք ծառայած զրույցների ու ավանդույթների մեջ Թումանյանին առավել գրավել է կնոջ մատնության պարագան, և ոչ թե այսպես ասած՝ ճշմարտության բացահայտումը, որը կա սկսվածքում, և որը մենք փորձեցինք վերհանել Աշուղի կերպարով:

Ըստ ամենայնի, այստեղ կան նաև անձնական դրդապատճառներ, մանավանդ որ՝ թումանյանագետներն էլ չեն ժխտում, որ ««Թմկաբերդի առումն» ունեցել է ինչպես գրական-բանահյուսական, այնպես էլ կենսական ազդակներ» (էջ 542, ընդգծումը մերն է.– Ա. Ն.):

Ամեն դեպքում հենց «Թմկաբերդի առումը» պոեմի ստեղծման շրջանում է Փիլիպոս Վարդազարյանին գրած նամակում Թումանյանն արտահայտում հետագայում շատ քննարկված իր այն միտքը, թե «Իսկ կանայք իրանք արդեն թյուրիմացություններ են»[8]: Նույն շրջանում նրա հետևյալ գրառումը՝ «Երբոր մարդը հաղթվել է  – միշտ կինը խորհրդակից է եղել թշնամում» (տե՛ս էջ 543), նույնպես առավել քան խոսուն է:

Որպես հավելված՝ առաջարկում ենք ընթերցել «Թմկաբերդի առումը» պոեմի երկու տարբերակ՝ Աշուղի հանգով (ինտուիցիա) և Թումանյանի հանգով (ստեղծագործական աշխատանք): Դրանցում կրկնվում է միայն պոեմի II (երկրորդ) գլուխը՝ որպես Հովհաննես Թումանյան-Աշուղ բախման միակ միջանկյալ հատված:

ԱՇՈՒՂ

«ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նըրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,

Անե՜ծք նըրա չար գործքին,

Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,

Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,

Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,

Մի բան պատմեմ հիմի ձեզ,

Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,

Քաջ որսկանի գյուլլի պես։

I

Նադիր Շահը զորք հավաքեց,

Զորք հավաքեց անհամար,

Եկավ Թըմկա բերդը պատեց,

Ինչպես գիշերն էն խավար։

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,

Անմա՞հ էիր քեզ կարծում.

Ե՛կ, բերել եմ ես քու մահը,

Ի՜նչ ես թառել ամրոցում։

— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,

Պատասխանեց էն հըսկան.

Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,

Սարը միշտ կա անսասան։

Ասավ, կանչեց իր քաջերին,

Թուրը կապեց հավլունի,

Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,

Դաշտը իջավ արյունի։

Ու քառսուն օր, քառսուն գիշեր,

Կըռիվ տըվին անդադար,

Ընկան քաջեր, անթիվ քաջեր,

Բերդի գըլխին հավասար։

Իրան, Թուրան ողջ եկել են,

Թաթուլն անհաղթ, աննըկուն,

Զորք ու բաբան խորտակվել են,

Նըրա բերդը միշտ կանգուն։

Ու միշտ ուրախ, հաղթանակով

Իր ամրոցն է դառնում նա.

Սպասում է էնտեղ կինը,

Ջահել կինը սևաչյա։

II

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,

Կրակ ու բոց՝

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր

Թե հաղթություն քեզ մաղթեն,

Էլ քեզ ո՛չ Շահ,

Ո՛չ ահ ու մահ,

Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

VI

Լըսո՞ւմ ես դու, սիրուն տիկին,

Ա՛յ նազանի աննըման.

Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,

Աշխարհքի տերն անսահման…

Մեզ պես տըկար մարդ է նա էլ՝

Սիրուններին միշտ գերի.

 Քու ճակատին թագ է վայել․

 Լինիս շքե՜ղ թագուհի…

VII

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,

Բաժակներըդ լիուլի,

Խըմենք— Աստված կըտրուկ անի

Թուրը իմ քաջ Թաթուլի։

— Է՜յ, տեր աստված կըտրուկ անի

Թուրը մեր քաջ իշխանի,

Նըրա շուքը միշտ հանապազ

Մեր գըլխիցը անպակաս։

Ու թընդում է Թըմուկ բերդը

Էն աղմուկից խընդության,

Որոտում են տաղն ու երգը

Գոռ ձայներով հաղթական։

— Օ՜ֆ, տիրուհի, աստված վկա,

Էլ չենք կարող մենք խըմել.

Էլ ուժ չըկա, էլ տեղ չըկա,

Շատ ենք խըմել ու հոգնել…

Ու հանգչում է Թըմուկ բերդը

Պապանձվում է ու մարում,

Հարբած, հոգնած տերն ու զորքը

Մըրափում են խավարում։

IX

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,

Քաջ զինվորներ Թաթուլի.

Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,

Քուն չի աչքին մոտ գալի։

Չըլինի՞ թե հաղթահարված,

Ճարը հատած թըշնամին

Դավ է դընում մութն ու մեռած

Կես գիշերվա էս ժամին։

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր

Մարդ է գընում ու գալի.

Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,

Պահապաններ Թաթուլի։

Վե՜ր կացեք, վե՜ր, հարբեցրել է

Իր հաղթական հյուրերին,

Բաց է անում դուռն ու դարպաս

Ձեր դավաճան տիրուհին։

Դա՜վ… դա՜վ… ելե՜ք… կոչնա՜կ… պահնա՜կ…

Զենք առեք շո՜ւտ… ձի հեծե՜ք, ձի՜…

Ճըռընչում են, դըղըրդում են

Դարպասները երկաթի…

XI

Դահիճն եկավ ոտից գըլուխ

Կարմիր հագած ու արյուն,

Ու դուրս տարան իր պալատից

Թըմկա չըքնաղ տիրուհուն։

Տարան անտակ էն ժեռ քարից,

Որ կանգնած է մինչ էսօր,

Էն ահավոր քարի ծերից

Գըլորեցին դեպի ձոր։

Գել ու աղվես եկան հանդից

Ագահ սիրտը լափեցին,

Ցին ու ագռավ իջան ամպից,

Սև աչքերը հանեցին։

Անցավ անտես ու աննըման

Էն սիրունը աշխարհից,

Ինչպես ծաղիկն անցած գարնան,

Որ չի ծաղկիլ էլ նորից։

Անցավ զալում էն մեծ արքան

Իրեն փառքով ու զորքով,

Անցավ Թաթուլն էն հաղթական

Ու իր քաջերն էն կարգով։

Ու նըրանից մենակ անմեռ

Էս զրույցը հասավ մեզ,

Որ մեզանից հետո էլ դեռ

Պետք է խոսվի միշտ էսպես։

XII

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում

Մեր ծնընդյան փուչ օրից,

Հերթով գալիս անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից։

Անց ենք կենում… միայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ.

Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա

Ու մարդ կերթա անարատ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ»

II

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

Շահերի դեմ կըգնար։

Սիրո հընոց,

Կրակ ու բոց՝

Էնպես աչքեր թե ժըպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կըտան։

Վարդի թերթեր՝

Էնպես շուրթեր

Թե հաղթություն քեզ մաղթեն,

Էլ քեզ ո՛չ Շահ,

Ո՛չ ահ ու մահ,

Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։

III

Ու կըռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի,

Նըրան՝ իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չըքնաղ հուրին Իրանի։

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,

Ու կորչում է մարդ նըրա հայացքում,

Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,

Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։

Նա է շունչ, հոգին իշխան Թաթուլի,

Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,

Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,

Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

Թե տիրես, մեծ Շահ, դու նըրա սըրտին,

Թաթուլն էլ անզոր կընկնի ոտիդ տակ,

Հանգիստ կըտիրես և Թըմուկ բերդին,

Որ չես կարենում էսքան ժամանակ։

IV

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․

Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,

    Թե չըլինին

    Կինն ու գինին։

Արևի նման ճակատը պայծառ,

Նայում է խըրոխտ, կանգնած ինչպես սար․

Ո՜վ կանի նըրան գետնին հավասար,

    Թե չըլինին

    Կինն ու գինին։

Պարում է ասես կըռիվ գընալիս,

Գետընքից վերև թըռչում ման գալիս,

Ո՜վ ցած կըբերի նըրան թըռչելիս,

    Թե չըլինին

    Կինն ու գինին։

Թեկուզ և արար աշխարհ գա վըրան,

Կերթա դեմ ու դեմ, տուր չի տալ իրան,

Ռուստեմ Զալն էլ չի հաղթիլ նըրան,

    Թե չըլինին

    Կինն ու գինին։

V

Ու ղըրկեց Շահը իր թովիչ երգչին,

Գընա տե՛ս, ասավ, Թըմկա տիրուհուն,

Երգի՛ իմ սերը նըրա առաջին,

Պատմի՛ իմ փառքը ու գանձը անհուն։

Խոստացի նըրան իմ ոսկի գահը,

Խոստացի նըրան ամե՜ն, ամեն բան,

Ինչ կարող է խոստանալ Շահը,

Երկրակալ Շահը իր սիրած կընկան։

―――――――――――

Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,

Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.

Եվ ահա մի օր ծեր, թափառական

Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ։

VI

Գոռում են, դողում Թըմկա ձորերը,

Կանգնած է Թաթուլ Շահի հանդիման.

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,

Արյունը հոսում էն Քըռի նըման։

Զարկում են, զարկվում դուշման զորքերը,

Արյունը հոսում էն Քըռի նըման.

Երգում է աշուղն իր Շահի սերը,

Անհուն գանձերը ու փառքն անսահման…

Լըսում է մատաղ Թըմկա տիրուհին․

Եվ վըրդովում են իր միտքը թաքուն

Դավաճան գործի ամոթը խորին

Եվ արքայական փառքն ու մեծություն…

Լըսում է չքնաղ Թըմկա տիրուհին

Գիշեր ու ցերեկ, նորից ու նորից…

Ու դարձավ նա լո՜ւռ, դալո՜ւկ, մըտախո՜հ,

Ու քունը փախավ սիրուն աչքերից…

VII

Դարձավ իր կըռվից իշխան Թաթուլը,

Դարձավ հաղթական իրեն զորքի հետ,

Սըրբեց, պատյանը դըրավ կեռ թուրը,

Ցնծության ձայնից դողաց Թըմկաբերդ։

Խընջույք է սարքել Թըմկա տիրուհին,

Ցերեկ է արել խավար գիշերը.

Հեղեղի նըման հոսում է գինին,

Ու քեֆ է անում Ջավախքի տերը։

Պըտույտ է գալի չըքնաղ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

— Էն մըթին ամպից արծի՞վն է իջնում,

Սարի արծիվը շեշտակի թափով։

— Էն Թըմկա բերդից Թաթուլն է իջնում,

Թըշնամու հոգին լըցնում սարսափով։

— Էն Թըմկա ձորում սև ա՞մպն է գոռում,

Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։

— Էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում,

Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Ու չի դադարում երգի հետ վարար

Կախեթի գինին խելագար հոսել․

Խըմում են տիկնոջ թանկ կյանքի համար,

Որ էն ժայռերին ծաղիկ է բուսել։

Խըմում են կըռվող քաջերի փառքին,

Որ կըռվի դաշտում կյանք չեն խընայում,

Եվ ընկածների սուրբ հիշատակին,

Որ երկընքից են այժմ իրենց նայում…

Պըտույտ է գալի ծաղիկ տիրուհին,

Անցնում է, հըսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խընդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն։

VIII

Լուռ ու խավարչտին կամարների տակ,

Հոգնած ու քընած բազմության վըրով

Թըռչում են, թըռչո՜ւմ, սև, չարագուշակ

Երազներն ահեղ, անվերջ խըմբերով։

Երազ է տեսնում Թաթուլ իշխանը,

Որ վիշապ օձը եկել է ահա,

Եկել, փաթաթվել, իր բերդը պատել,

Գըլուխը դըրել ետ պոչի վրա։

Ու բարձրացնում է հըրեշն ահռելի,

Իրեն գըլուխը բարձրացնում է վեր,

Բարձրացնում մինչև բարձունքը բերդի,

Մինչև Թաթուլի պալատն ու տըներ։

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը

Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,

Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,

Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

Էսպես է ասում Թաթուլ իշխանը,

Ու զարհուրանքով տեսնում է հանկարծ,

Իրեն սիրելի կընոջ գըլխի տեղ

Օձի գըլուխն է կըրծքին ծանրացած…

X

Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

Հաղթության փառքով ու գինով հարբած

Քընած են բերդի և՛ զորքերն, և՛ տեր,

Ու հավիտյան էլ մընացին քնած,

Դավին անտեղյակ, ցավին անտարբեր։

Նըստած է Շահը․ նըրա առաջին

Ահա իրիկվան քեֆի սեղանը.

Նայում է Շահը անտեր գահույքին,

Մտքովն անցնում է աշխարհքի բանը։

Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տըված բաժակին…

Ու լի դառնությամբ հարցընում է նա

Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.

— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…

Էսպես տիկինը տըվավ պատասխան.

Անհուն ցասումից մըռընչաց Շահը.

— Հե՜յ, դահի՜ճ, գոռաց գազանի նըման.

Դահիճը իսկույն մտավ սրահը։

[1] Տե՛ս Մկրյան Մկրտիչ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան, 1981, Ջրբաշյան Էդվարդ, Թումանյանի պոեմները, Երևան, 1986, Թամրազյան Հրանտ, Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը, Երևան, 1995:

[2] Տե՛ս Ջրբաշյան Էդվարդ, Թումանյանի պոեմները, Երևան, 1986, էջ 344-387:

[3] Թումանյանի ստեղծագործական հոգեբանության և նրա աշխատանոցային այսպես ասած՝ կենցաղավարության վերաբերյալ չափազանց արժեքավոր դիտարկումներ ու վերլուծություններ կան Զավեն Ավետիսյանի «Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան»  մենագրության մեջ (Երևան, 1973):

[4] Թումանյան Հովհաննես, Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հատոր 4, Երևան, 1991, էջ 298: Այսուհետ այս հատորից մեջբերումների էջը կնշվի տեքստում:

[5] Տե՛ս «Հովհաննես Թումանյանը ժամանակի գրաքննադատական մտքի գնահատությամբ» (1890-1913), հատոր 1: Կազմեց, ծանոթագրեց և հրատարակության պատրաստեց Եվա Մնացականյանը: Երևան, 2019, էջ 278:

[6] Տե՛ս նույն տեղում, էջ 280:

[7] Ի դեպ, այս հանգամանքն էլ իր հերթին է վկայում Թումանյան-Աշուղ ներքին բախման մասին: Ստեղծագործական աշխատանքի գերակայության դեպքում՝ միշտ զուսպ ու չափը իմացող Թումանյանն ուղղակի երկու անգամ նույն կնոջ գովերգը չէր անի:

[8] Թումանյան Հովհաննես, Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հատոր 9, Երևան, 1997, էջ 326:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *