Արմա՛ն | Հավերժում ընկածը

Թեկուզ հայելու մեջ լճակի
լուծվում ենք մենք.
Ճանաչի’ր պատկերը այն:

Կրկնակի վայրում են այն
միայն հավերժ ու մեղմ
ձայները մեր:[1]

        Ռիլկե, Սոնետներ Օրփեոսին

Երազս հետ սուզվեց` իր հետ տանելով անհետ մի բան: Պատուհանն աչքերը բացում է դանդաղ: Դեռ կեսարթուն՝ դուրս եմ նայում: Չի լուսանում: Կանգնած եմ երկար. հենված ճակատիցս շոգել է սառն ապակին: Ծխախոտս վերջացա՞վ…Չէ՜, գրպանումս գտա մի հատ: Դրսում` ցուրտ. օդը՝ սառը քամու ցանցի մեջ: Ցնցվում է պատուհանը. կըտ-կըտ, կըտ-կըտ. “Zurück bleiben bitte!” [2],- նորից հայտարարում է մյունխենյան գնացքն, ու դռները փակվում են: Հասնես թե չէ կենտրոնական կայարան, աջին կտեսնես կանաչ լուսարձակող դեղատունը: Կհիշե՞ս. Հիշել եմ: Բա թու՞ղթը. Մոտս ա՝ գնացի: Կանաչ լույսով դեղատան աշխատակիցը իսկական գերմանացի է, ակնոցի տակից աչքը գցում է ձեռագրին, երաժշտի իր մատներով հաբերը խնամքով լցնում է թղթի մեջ, փաթաթում, մանր պետք չէ. գլխով թեթև նշան է անում հարգանքի, ու ակնոցը նորից իջնում է գրքի վրա: Դու ե՞րբ հիվանդացար, ախր: Ե՞րբ մնացիր անկողնու մեջ: Աչքերդ լճի պես, ինչպես ցամաք են հիմա: Ի՞նչ անեմ, ասա՜: Մութ ակոսներն անուշ երեսիդ են իջել: Ի՞նչ անեմ: Տեսնու՞մ ես ինձ: Ափս շոյում է այտը քո տաք: Վերադառնում եմ նույն համարի գնացքով: Հայտնի պլացներից մեկով անցնելիս խառնվում եմ փողոցի երաժիշտներին շրջան տված անցորդներին: Կբարձրացնե՞ս: – Սա նվագել եմ քեզ: – Գիտեմ,- ասում ես ինձ: Թարմ հովի պես երաժշտությունը լցվում է սենյակով: Օգնում եմ՝ բարձրանաս: Նստում ենք: Գլուխս քեզ հենած՝ լսում եմ օրորովող շնչելը քո: Բարակ մատներն անուժ իջել են կրծքիս, ու ձյան մաշկդ ծաղկել է երկնագույն երակներով: Էլ լավը չեմ,- ասում ու աչքերդ չես տանում հատակին ալիք տվող վարագույրի լույսից: Անգին: Ինչքան գեղեցիկ ես մեռնում դու… Դանդաղ: Օր օրի: Հալչելու պես նվաղում, մարում ես լույսի հետ: Անցորդները ժպտում են, տեղ-տեղ ձայնակցում նվագողներին: Ցավերի մեջ սպասում ես, գիտեմ. պիտի հետ դառնամ հիմա: Դեղերը՝ ձեռքս (գրպանս չեմ տարել նույնիսկ), բայց կանգնել ու տեղիցս չեմ շարժվում: Գործիքը հետս լիներ՝ կմիանայի, նվագեի հետները, անկեղծ եմ ասում: Գիշեր-ցերեկ մաշող ցավն էլ, անկողինն էլ արյան մեջ չեն խշշա գլխիս մեջ այսպես: Նորից խաղաղ կլինես դու, Հոգի: Հիմա փողոցի երաժիշտներ ենք բոլորս էլ այստեղ: Կանգնել, մնացել ենք. ու հնչյունից ավել մի բան կա, որ հոսում է անշտապ անցորդների, դանդաղ պահի մեջ այս: Թռնում, անցնում է ժամանակը մեր: Առավոտյան առաջին վայրէջքի հետ իջել, նույն գնացքով գնում ենք դեպի քաղաք. ես՝ (գուցե) հայտնի երաժիշտ դառնալու, դու՝ հանկարծ քեզ իջած ցավերը մեղմելու հույսով: Թվում է՝ միշտ եմ քեզ ճանաչել. եղել ես միշտ՝ քո սև գանգուրներով ու աչքերով լճի պես: Քայլում ենք Մյունխենի փողոցներով: Այգին, ուր քեզ գրկել ու կանաչի միջով անցնող գետի հոսանքին եմ ականջ դրել, բացել է ուսերը քո, բաճկոնդ թողել խոտերին: Դու շտապում ես սիրել ու ապրել՝ ասես հոսող կյանքը ներսումդ մի պահ ավել կմնա: Ոչինչ օտար չէ մեզ էլ քաղաքում, ուր չենք եղել առաջ…Երաժշտությունն ավարտվել է. ես վազում եմ ուղիղ փողոցներով, շենքերը փոքրանում են, վերելակին չեմ սպասում, աստիճանավանդակը ցնցվում է ուժեղ: Դուռը բացում եմ. ընկած ես հատակին՝ կարապանման նուրբ ու անուժ: Զգույշ անկողին եմ տանում քեզ, աչքերդ փակ են, լավ եմ՝ շուրթերիցդ պոկվում է կարճ: Որտե՞ղ է, ու՞ր ես համարը դրել, շտապում եմ սենյակով մեկ: Պայուսակդ դատարկում եմ սավանին. տոմսեր, որ պահել ես համերգներից հետո, շրթներկդ, մատիտներ գունավոր: Թափված թղթերի միջից գտնում եմ բժիշկ Լեթթեի այցեքարտը, զանգը սպասում է: Այո՜, բժի՜շկ,…նորից, կոտրտված գերմաներենով փորձում եմ պատմել եղածը: Ի՞նչ անեմ հիմա: Մեքենայի վարորդն օգնում է իջեցնել քեզ մեքենայից: Նորից հիվանդանոցում ենք: Սա էլ կանցնի, քիչ էլ, ու վերջ կտանք էս բոլոր պատերին, քեզ՝ խոստանում՝ համոզում եմ ինձ: Հիվանդանոցի պատուհանը բացվում է կանաչ ծառերի մեջ՝ մեր տան պես: Կարող եք մտնել: Բժիշկը նստում ու հայացքը մի պահ թողնում է վրաս: Ավելի խեղճ չէի զգա ինձ, քան կարդում եմ իր հայացքում: Անքուն գիշերները դեմքիս՝ բառերը ծանրանում են բերանումս. քրտնել եմ: Գիտեմ՝ կտխրես՝ լսես՝ պիտի պառկենք նորից. պալատն է միայն նոր՝ կանաչը բացվող պատուհաններով: Խմենք, ասում ես, ու ծանր բաժակը տանում շուրթերիդ, ծիծաղում ես: Ինչ-ինչ՝ խմել չսովորեցիր: Այտերդ կարմիր, աչքերդ դողում են սիրուն: Բարձր երաժշտությունը բարում խլացնում է հավաքվածների ձայները մեզնից: Մի բան քեզ ասե՞մ՝ փայլելով ձգվում ես ինձ մոտ, ականջիս շշնջում մի բան, որ չեմ հասցնում լսել: Դու առողջ ես, Ամենաառողջը՝ պտտվում է գլխումս միայն: – Արի քայլենք` ասում ես քիչ անց: Դուրս ենք գալիս բարից: Անծանոթ դեռ քաղաքին՝ հազիվ ենք հասցնում մեկս մյուսին մի կողմ տանել մայթին սլացող հեծանիվներից: Ժպիտը քո: Թեթև է քամին, օրը, աչքերդ լույսի մեջ: Նստել եմ հիմա կողքդ, լուսացա՞վ արդեն, սպիտակ սավանը գրկել է մարմինդ թույլ: Ուզում եմ՝ լինես նորից. վառվող աչքերդ եմ ուզում, որ երկար փակ են մնում հիմա: Ես հատվում եմ փողոցների հետ, ձգվում այգու կամուրջներով, գտնում եմ քեզ այնտեղ, ուր անցել ենք միասին, բայց միայն՝ ոչ հիվանդանոցում: Մտնում եմ նույն բարը, վաղուց չենք եղել. լիքը մարդ կա: Խմում եմ մեռնելու չափ: Բժիշկն ասում է՝ ամեն հնարավորը փորձում ենք անել: Շատ ես նիհարել բայց: Ի՞նչ հիվանդություն ախր, որ այստեղ էլ չբուժեն: Քնում ես խաղաղ: Քեզ ոչինչ չի փրկի էլ: Հասկանու՞մ ես: Նվագել չեմ կարողանում: Ոչինչ չեմ կարող ես: Քնել չեմ կարող: Ի՞նչ անեմ հիմա, ո՞նց ապրեմ էլ քեզ համար: Սավանի ծալքերը սեղմվել են սպիտակ մարմնիդ. էլ չես շարժվում: Քեզ թաղում են օտար անունների կողքին, որ ինքդ դժվար արտասանել կարողանայիր. հարթ թացկանաչն այգու ծածկում է ամեն ինչ: Հեռանում են դռներն իրարից. թվում է՝ պատահաբար բաց եմ թողնում մի քանի կայարանի անուն էլ: Չգիտեմ՝ որտեղ եմ իջնում: Քայլում եմ մինչև մթնելը, հետո՝ մինչև լույս: Օրեր կան՝ չեն ավարտվում, չեմ տարբերում արդեն: Մեկ-մեկ գնում եմ անգլիական այգի, կամրջի մոտ նստում, կողքիս՝ չբացվող գործիքը, ու լսում, անցնում եմ գետի հետ: Համերգի տոմս եմ գնել. մեկ տոմս: Հերթը դանդաղ մտնում է ներս: Շեկ կաշվե բաճկոնով անծանոթը հետաքրքրվում է հերթի մեջ՝ որտեղից եմ, ինչով եմ զբաղվում: Համերգից հետո հրավիրում է միանալ իրենց, ընկերների հետ իր արվեստանոց ենք գնում: Նվագում են, երգեր, խմիչք: Էլ չեմ կարողանում խմել, կհավատա՞ս: Խումբ են ուզում հավաքել, մեկը գործիքներից մեկն ինձ է փոխանցում: Վաղուց չեմ նվագել, բայց չեմ մերժում: Նվագելիս միայն քեզ եմ տեսնում՝ երկար քո սև մազերով, հետո նրանց, որ լռել՝ էլ չեն նվագում: Ու՞ր ես դու: Նվագելուց հետո շեկը պոկ չի գալիս էլ: Քաղաք քաղաքի վրա է խոստանում, էլ ի՞նչ պիտի ուզեի: Սրա համար չէի՞նք թողել ամեն ինչ՝ էստեղ հասել: Բայց արթնանալիս հազիվ եմ ինձ դուրս հանում անկողնուց, էլ ի՞նչ համերգ: Ամեն օր լվացվում, կարոտը հագնում ուսերիս ու դուրս եմ գալիս քեզ գտնելու:…. Ու՞ր ես դու: Արդեն կես-կես կարող եք խմել, ասում է ինձ բժիշկ Լեթթեն, ու մի պահ, իրոք, մոռանում եմ էս ամենը. հետո նորից արթնանում, ձեռքս՝ սառը, դատարկ սավանին: Հազար-մի-որ զանգից հետո էլ չեմ դիմանում. շեկ բաճկոնն աթոռին, բարձրահասակ գերմանացին այս ու այն կողմ է քայլում սենյակով, հասկացանք էլի, չեմ ուզում: Չի գնում. ծով համբերություն. հոգնել եմ արդեն: Երկար համոզում է մի քանի գործի վրա աշխատել: Մեկ համերգ կտանք միասին: Ուժ չկա, թո՜ղ հիմա միայն: Շրջվում եմ պատը, մեջքս անում ամենին՝ ինչ լինում է հետս: Ծննդյանդ օրը լիքը շիշը վերցրել ու գնում եմ այգի: Գարունը կաթկթում է ոտքերիս տակ. քամի չկա. օդը թարմ շնչում է կրծքում: Ծովի համ ունի մաշկդ: Կարոտ էլ չի, ուղղակի ոչինչ չկա էլ: Բոլորն ապրում են նորից, ու տղաները, ում խաղին էլի չմիացա, գնդակը պատահաբար նորից գետն են նետում: Ու պարզ է էս ամենը բաժակների մեջ հալվող սառույցի պես: Շոգում եմ: Դե քեզ տեսնեմ՝ ուսիս թխկացնում է ժպտերես գերմանացին բեմ բարձրանալիս: Նվագում եմ մի քանի ժամ՝ աչքերս փակ, ու ուրիշ բան չեմ հիշում: Համերգից հետո բոլորը գնում են տուն. ես ու՞ր գնամ: Դու եկար, երբ ինքս չկայի: Երկար մնում եմ տեղումս: Մետրոյից դուրս եմ եկել, ու ընթացքի ձայնը ժամացույցի պես դեռ խաղում է քայլերիս հետ: Դիմացի շենքի կինն ամեն առավոտ դուրս է գալիս շանը ման տալու: Ամեն առավոտ շունը դիմացի շենքից իջնում, ման է գալիս ու բարձրանում տուն: Ու՞ր եմ գալիս այսքանից հետո ես: Չլինելդ անսովոր է, ասեմ՝ իմանաս: Աստիճաններով հազիվ բարձրանում, ընկնում եմ սավանին: Առավոտյան՝ նորից փորձի: Խանութներից մեկի վաճառողը ժպտում է, անկեղծ, ասել կուզեմ՝ արդեն որ դեպքն է՝ մեկը ճանաչում է համերգից: Ճակատիցս դանդաղ սահում, թրթռում է քրտինքի հետ խառնված երաժշտությունը: Ամեն նման պահն (անգին, անվերջ) ուզում եմ ձգել ներսումս, երկարել քեզ մոտ: Մի քանի ժամից համերգ ունենք: Բենզալցակայանից անուշ հոտ է գալիս. ոսկի մազերով. իր մեքենայի հերթն է արդեն: Համերգից հետո միասին ենք վերադառնում տուն: Բացում եմ հերթական շիշը: Երբ քեզ հետ քաղաք եկանք, ամեն երեկո մի նոր տեղ էինք գտնում լռելու, լինելու…Ժամացույցը կտկտում է պատին, կրակն էլ՝ վառարանում Հիմա տնից դուրս չեմ ուզում գալ: Ոսկե գանգուրները թափվել են սավանին: Մարմինը տեսնես միայն: Գարնան պես սառույցի հետ հալվում եմ էնտեղ: Հարցնես՝ անունն էլ չեմ հիշի: Անբացատրելի պահ կա: Խանութից ինչ-որ-խմիչք եմ վերցնում, ինչ-որ-մեկի հետ բարձրանում տուն, ավելորդ մի ֆիլմ, ավելորդ գիշեր, իսկ առավոտը ոչ մի կերպ չի լուսանում: Ու՞ր ես գնում: Չգիտեմ: Բա՞ ես: Չգիտեմ: Ասում, դուրս եմ գալիս՝ թողնելով բոլորին, ում հասցրել էի ճանաչել: Գնացքում հանկարծ հիշում եմ՝ շեկին չզանգեցի: Էդպես էլ չեմ զանգում: Լրիվ օտար քաղաքում տեղավորվում եմ ծայրամասի բարձրահարկերից մեկում: Շենքի տակ արտադրամաս կա, հաստոցի մոտ գործ եմ գտնում անելու: Հետիս աշխատողը սկանդինավցի է՝ լիքը մորուքով, թևերին դաջվածքներից ազատ տեղ չես գտնի: Աշխատանքից հետո գնում ենք, մի բան վերցնում խմելու: Շշերը շրխկոցով բաժանվում են իրարից: Միշտ-մի-հին-անծանոթ բան է հիշում պատմելու: Ես ձեռքերդ եմ հիշում, բարակ մատներդ դողի պես: Խմում եմ ավելի՝ քան կարող եմ, վերցնում վերարկուս, դուրս գալիս, իսկ նա մնում է իր շշի մեջ: Սկզբում միայն տանն եմ նվագում, երբեմն առանց գործիքի անցնում եմ հայացքով հնչյունների վրայով: Հետո փողոցում, փաբերում, անծանոթ որերորդ միջոցառմանը: Փաթիլներով ձյուն է գալիս: Մուտքի մոտ կախիչները ծածկվել են գունավոր վերարկուներով: Տոնական լույսերի մեջ բոլորի աչքերն ինձ են ուղղվել: Անուշ ժպիտդ չկա միայն: Փակում եմ աչքերս, նվագում նորից: Անստվեր նվիրումի պես տեսնում եմ բոլորին, իրար, ու առանձին, անհպելի կապվում, խոսում ամեն մեկի հետ: Համերգից հետո ամենալուսավորն ինձ է մոտենում, խոսում ենք կարճ, ամենագեղեցիկ աչքերն ունի, որ գրկում են ինձ: Նայում են ու հայտնվում լույսով մյուս համերգներից հետո արդեն: Մենք համբուրվում ենք համերգասրահի ետևում. այսքան տաք չեմ համբուրվել: Ես գնում եմ տուն, գործիքս թողնում անկյունում ու հիշում եմ քեզ: Դու շատ էիր ուզում ապրել, բայց չլինելու չափ քիչ թվացիր: Օտար քաղաքի ծայրամասի բարձրահարկերից մեկում տունս լույսի մեջ է, ուշ գիշերը: Քո մարմինը հին, թափանցիկ, որ ծովի շունչ էր առնում գրկելուց, չեմ գտնում էլ հիմա. ոչ-մի-կերպ, ոչ-մի-տեղ: Նա նստում է կողքս, համր գրկում ուսերս, քնենք, լավ եմ ես, ասում եմ, անջատում լույսը, նորից պառկում: Չգիտեմ՝ երա՞զ է, գուցե, որ կարթնանանք մի օր: Ես ավելին եմ նվագում, քան լսվում է համերգասրահի լիքը դահլիճում: Խուլ ծափերի մեջ օրորվում է դահլիճը, արձագանք է դառնում, չեմ լսում: Համերգները հաջորդում են իրար, լցնում եմ օրս մինչև վերջ, որ րոպե ազատ չմնա: Ինչ-որ միջոցառմանը, որին ուշացած գնացինք, անծանոթ մարդկանց հետ բաժակ բաժակի վրա եմ դատարկում: Ետևում դանդաղ ծորում, ձգվում է անգույն երաժշտությունը: Նա սեղմում է ձեռքս: Ծանր խեղդում է մեջս մի բան: Գնում ենք տուն, հավաքում եմ մեր իրերը: Էլ չեմ կարող, հետ եմ ուզում դառնալ: Ուղիղ, հարազատ շենքերը նորից, անգլիական այգին՝ վառվում են աշնան արևում: Մեր տանը մի ժամանակ անծանոթ մարդիկ են ապրել. ամենինչ տեղափոխում եմ առաջվա պես: Առաջվա պես նստում եմ այգում, ուր տղաներն առանց ինձ գնդակը նորից ափից գետն են նետում: Մենակ եմ նվագում այլևս, ինչ-որ բաներ հանում խորքերից իմ: Տարբեր խմբերից ամեն երեկո նոր առաջարկներ են հասնում, որ մոռանում եմ հենց հաջորդ պահին: Իրականում չունեմ ոչինչ ես. սա ասում եմ քեզ ծայրից ծայր լցված դահլիճի առաջ: Ի վերջո դատարկվում են բոլոր այս դահլիճները, իմ անգին, ի վերջո գնում ես դու էլ: Երաժշտության աղոտ արձագանք է մնում, թե մնում է մի բան: Ես փակում եմ քո ափը, նուրբ բռունցքն առնում ձեռքիս մեջ: Դու քնում ես անձայն: Իսկ վերջում, երբ բոլորը դուրս են գալիս, զգույշ կողպում եմ դուռն ու գնում եմ տուն: Նա սպասում է ինձ միշտ. լուսավոր իր ժպիտով. ձեռքերը՝ տաք, թեյ են լցնում երկուսիս: Չգիտեմ միայն՝ ուր եմ ես ինքս: Գլուխն իր թեթև բերում է կրծքիս: Երևի քիչ էլ, ու հասկանամ այս ամենն արդեն: Լինում է՝ պատահական նկատում եմ՝ չկա, իրերը չկան, ոչինչ, մի օր գալիս է նորից: Արթնանում եմ, լվացվում, տնից դուրս գալիս: Մյունխենյան մաքուր փողոցով քայլում եմ դեպի մոտակա կայարան: Հեծանիվներն արագ սլանում են կողքովս: Ժպտալով պատասխանում եմ բոլորին մետրո իջնելիս, մետրոյի մեջ: Գիտեն ինձ արդեն: Մարմարյա սյուներով դպրոցի մոտ բարձրանում, սպասում եմ նրան: Լուսարձակի մոտ կանգնում ենք: Հոգնել եմ: Գրկում եմ տղայիս: Փոքր ձեռքով բռնում է օձիքիցս: Հասնում ենք անգլիական այգի: Վազում է նրանց մոտ: Ես նստում եմ գետի կողքն ու գնդակը թռնում, կամարվում է գետի վրայով: Շուտով շատ մեծ համերգ կլինի: Կհիշե՞ս, կանաչի մեջ նստում, հարցնում էիր ինձ: Նորից կանաչ է էստեղ ամեն ինչ: Գետը հոսում է չգիտես թե ուր: Ուշ է. քայլում ենք դեպի տուն: Պիտի համերգի պատրաստվեմ. գործիքը կողքս. սառույցը հալվում է բաժակի մեջ: Գիտեմ. կլինես շուտով. քո սրճագույն բաճկոնով նորից կիջնես: Շա՞տ ես սպասել՝ կհարցնես էս անգամ էլ: Անիրական՝ կքայլենք նորից փողոցներով հին: Աչքերս՝ անվերջ առաստաղին, քամի չկա պատուհանից էսկողմ: Պատի ժամացույցը երեկ եմ գցել: Գնում եմ պատուհանի մոտ, հենվում ապակուն: Չեմ լսել՝ երաժշտությունն ինչպես է լցվել սենյակից դուրս: Ծխում եմ: Ոչ մի կերպ չի ստացվում քնել:

[1]   Ռայներ Մարիա Ռիլկե, Սոնետներ Օրփեոսին,  Առաջին մաս, սոնետ N 9,  (թարգմ. հեղինակի):

[2] գերմ. – Ե՛տ մնացեք, խնդրում ենք:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *