-Բաքվի կարոտը նվազու՞մ է։
-Ոչ, մի կաթիլ անգամ։
-Ձեզ համար դժվա՞ր է համադրել սիրելի քաղաքի կերպարն այնտեղ ապրած ցավի հետ։
-Պարզապես անհավատալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել Բաքվում։ Ես մտաբերում եմ ծանոթներիս ու մտածում՝ արդյոք, այսի՞նչը կամ այնի՞նչը դա կարող էր անել։ Ու հասկանում եմ, որ՝ ոչ։
Մենք գտնվում ենք գրող Լևոն Ադյանի վարձու բնակարանում։ Արձակագիր, թարգմանիչ և հրապարակախոս, հասարակական գործիչ՝ դպրոցից հետո տեղափոխվել է Սումգայիթ, իսկ ավելի ուշ՝ Բաքու։ Ադյանն ուղիղ քսանհինգ տարի աշխատել է Ադրբեջանի Գրողների միությունում՝ 1932 թվականից ի վեր Բաքվում լույս տեսած «Գրական Ադրբեջան» գրական-գեղարվեստական հանդեսի արձակի բաժնի վարիչ, ապա՝ ընդհանուր բաժինների վարիչ, գլխավոր խմբագրի պաշտոնակատար։ Դա՝ եթե ասենք պաշտոնական կենսագրության չորուկ փաստերով։ Իսկ դրանց ետևում, ինչպես միշտ, հարուստ հոգու տեր մարդու ոչ այնքան հասարակ կյանքի ուղին է, որը կյանքը նվիրաբերել է ուրիշի ցավն իր ստեղծագործությունների մեջ արտահայտելու գործին։ «Եվ պոեզիայի աշխարհում, և արձակում ամեն ինչ ցավից, տառապաանքից է ծնվում։ Այդ ցավի ու տառապանքի արտացոլումը, որոնք անպայման ուզում ես արտահայտել, ոգեշնչման աղբյուր է ծառայում»: Լևոն Ադյանն այդպես է պատասխանում հարցիս՝ առավել քան ճիշտ բնորոշում տալով իր ստեղծագործությանը։ Ահա արդեն երկու տարի է, ինչ այս հոդվածի հեղինակի տանը մի առանձնահատուկ գիրք է դրված։ Տիտղոսաթերթի վրա մակագրություն կա՝ դժվար ընթեռնելի ձեռագրով և տարեթիվն ու տեղը՝ Սանկտ-Պետերբուրգ։ Այդ գիրքը կարծես թե դաղում է գրադարակը, տեղից տեղ է փոխվում, ստեպ-ստեպ աչքիս է ընկնում, ձեռքս եմ վերցնում այն, թերթում եմ, երկու-երեք տող հանում միջից ու… ետ՝ դարակն եմ դնում։ Դնում եմ, որպեսզի որոշ ժամանակ անց նորից վերցնեմ, ևս մի երկու տող կարդամ ու էլի իր տեղը վերադարձնեմ։ Ես մեղքի զգացում եմ ապրում այդ չկարդացված գրքի առջև, բայց չեմ կարողանում խիզախել, որպեսզի լրիվ հաղթահարեմ այն, քանզի ես գիտեմ, թե այդ սպիտակ տպագրական թղթերի արանքում ԻՆՉ է թաքնված։ Մեղավորությունն այդ խիստ զգալի է, գրեթե շոշափելիության աստիճան։ Դա նման է մեր մեղքի զգացողությանը Բաքվի և Սումգայիթի ջարդերից հրաշքով մազապուրծ շուրջ կես միլիոն այն փախստականների առջև, ում չկարողացանք հարկին պատսպարել ու ջերմություն հաղորդել։ Դա մեղքն է այն մարդկանց առջև, որոնց մեջ, այո, հարազատ շատ դեմքեր կան, ովքեր կոնկրետ անուն ու ճակատագիր ունեն։ Մեղքի հենց այդ զգացումով է, որ ես «Հեռացող եզերք» վեպի հեղինակի հետ հարցազրույցի գնացի, քանզի այդպես էլ չէի կարդացել այն։ Այո, ես խոստովանում եմ, փոքրոգիորեն հույս էի փայփայում հարցերով վեր հանել սյուժետային գիծը, որպեսզի հենվելու տեղ ունենայի հոդվածը գրելու ժամանակ։ Չէ՞ որ ես գիտեի, որ այն ամենը, ինչ պիտի գրեմ Լևոն Ադյանի մասին, այս կամ այն կերպ պտտվելու է այն հեռավոր, հեռացող և նրա համար հարազատ մնացած եզերքի շուրջ։ Բայց անսահման բարությամբ ու վշտով լեցուն աչքերով մարդն այդ ասաց ավելին։ «Դա իրոք հեռացող եզերք է, ավելի ճիշտ՝ արդեն հեռացած։ Դա այն մարդկանց մասին է, ում ես սիրել եմ, ովքեր թանկ էին ինձ համար։ Ես արդեն մեկ անգամ չեմ ասել, որ այնտեղ մտածածին ոչինչ չկա։ Ամբողջ վեպն իրական պատմություն է»: Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին իր վեպն Ադյանը գրել է տաք հետքերով, 1990-ին, ինքն իսկ հրաշքով ազատվելով խելագար ոհմակից։
«Ձեզ ինչպե՞ս հաջողվեց փրկվել»,- ես դարձյալ մի թույլ փորձ եմ անում՝ ստանալու իմ գլխավոր հարցի պատասխանը։
«Դա նկարագրված է վեպում:- Նա տրտում ժպտում է և խոնարհում հայացքը։- Այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը: Մեկը նրանցից, ով ողջ էր մնացել՝ փրկվելով այդ գեհենից, ասել է ինձ, թե նրանք, ովքեր չկարողացան դուրս պրծնել գազազած ոհմակի ճանկերից, ոչինչ չեն պատմի այլևս, իսկ նրանք, որոնց հաջողվեց կենդանի մնալ, մի բան կարող են ասել միայն, որ այդ դժողքից փրկվել են հրաշքով: Եվ որպես փրկվածներից մեկը՝ ես ինչ-որ բան պատմել եմ այդ վեպում»։ «Հեռացող եզերքը» պատմական տևական մի ժամանակահատվածի վավերագրությունն է, ուր ներառված է 80-ականների վերջին բռնկված Արցախյան շարժումն իր պահանջատիրությամբ, ինչի արդյունքում ադրբեջանահայությունը հայտնվում է անմարդկային ահավոր մի գեհենում, ու նրա խոշտանգված վերջին ծվենները սփռվում են աշխարհով մեկ՝ օտարված հայրենի եզերքից, որ մի ժամանակ նրանց ծննդավայրն ու հայրենի բնօրրանն էր: Գիրքը, ինչպես որ նրա հերոսները, ծանր ճակատագիր է ապրել։ Այդ մասին Ադյանը պատմում է ոչ պակաս ցավով, քան նրանում նկարագրված բուն իրադարձությունների մասին։ «Երբ ավարտել էի վեպը, ինձ թվում էր, թե այն անմիջապես հրապարակվելու է, և դա կդառնա կարծես թե ապտակ ի պատասխան նրանց, ովքեր բազմահազարանոց ամբոխի մեջ, զանգվածային լրատվության միջոցներում, առանձնապես հանրապետական հեռուստատեսությամբ մշտապես պտտում էին հակահայկական հիստերիայի պարույրը, բորբոքում ազգայնամոլական կրքերը՝ երիտասարդությանը և դեռահասներին բացահայտ սադրելով կողոպուտների, ջարդերի ու չարագործությունների»: Սակայն գրողը ստիպված էր խորը հիասթափություն ապրել, կորցրած եզերքի ցավը կարծես թե բոլորի ցավը չէր. հայությունը չի դրսևորել, էհ, ասենք՝ հիմա էլ հարկ եղած հետևողականություն չի դրսևորում մեր այդ համազգային ողբերգությունը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու համար։ Քսանհինգ տարվա ընթացքում չի գտնվել գեթ մեկը, ով կօգներ, որպեսզի անհրաժեշտ տպաքանակով լույս տեսնի վեպը։ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից և Հայաստանի Գրողների միությունից, ուր ուղարկվել էր ձեռագիրը, այդպես էլ ոչ մի պատասխան չի հետևել։ Միայն Քարին տակ հերոսական գյուղի բնակչուհի Գոհար Հովհաննիսյանի ու նրա մոր նախաձեռնությամբ է, որ գիրքը, թեպետ ոչ մեծ տպաքանակով, տպագրվեց Ստեփանակերտում։ Եվ միայն 2017թ. սկզբներին, շնորհիվ ռուս բանաստեղծ Վիկտոր Ալեքսանդրովի, ով կազմակերպեց միջոցների հավաքագրում, հնարավոր եղավ վեպի ռուսերեն լեզվով հրատարակությունը Ռուսաստանում։ «Երկար տարիներ անց ռուսալեզու ընթերցողը զարմանքով իմանում է ամբողջ ճշմարտությունը, քանզի գրքում, կրկնում եմ, ուրիշ բան, բացի ճշմարտությունից, չկա։ Այնտեղ իրոք ներկայացված է այդ ժամանակաշրջանի իրական, ճշմարտացի պատկերը։ Իմ հերոսները, ովքեր ներկայացնում են տարբեր ազգային հանրություններ և բնակչության սոցիալական շերտեր, հանդես են գալիս իրական անուն-ազգանուններով, ինչը և առավել մեծ հավատ է ներշնչում այն պատումի իրական լինելու, հավաստիության նկատմամբ, ինչի մասին մենք խոսեցինք հիմա»,-բացում է Լևոն Ադյանն իր գեղարվեստական մտահղացումը։ Գրողն իր գրքերի ողջ տպաքանակը բաժանում է անվճար։ Նա այդպես է վարվել նաև Ստեփանակերտում լույս տեսած վեպի նախորդ փոքրաթիվ օրինակների հետ։ Ադրբեջանի հայության ցավն առաջին ողբերգությունը չէր, որին արձագանքել է գրողի զգայուն սիրտը։ Բաքվի և Սումգայիթի ջարդերից շատ առաջ նրա ստեղծագործություններում արտացոլվել են հայրենի Արցախի բնակիչների տառապանքները, որոնք ակամա ճաշակել է նաև ինքը։ «Հայրենական պատերազմից հետո մենք արդեն շատ բան էինք հասկացել։ Մենք իմացել ենք, որ Ադրբեջանից, նրա գերակշիռ թվաքանակով բնակչությունից քիչ մարդ է պատերազմ գնացել։ Մինչդեռ Ղարաբաղից, որ ուներ հարյուր հիսուն հազարից պակաս բնակչություն, պատերազմ է գնացել քառասունչորս հազար մարդ, նրանց ուղիղ կեսը չի վերադարձել։ Ես տեսել եմ տառապանքներն այն ծնողների, ում որդիները չեն վերադարձել մարտադաշտից, նրանց զավակների՝ իմ հասակակիցների տառապանքները։ Նրանք կոտր ընկած և ընկճված էին, ոչինչ չէին ստանում պետությունից։ Եվ դա ինձ ստիպել է գրել նրանց մասին, կարծես թե դրանով իսկ ես ցանկանում էի սփոփել նրանց, թեկուզ իրականում ինքս ինձ էի սփոփում՝ արտահայտելով և ապրելով ուրիշի ցավը։ Գրողի առաքելությունը փոքր ինչ նման է բժշկի առաքելությանը, որը բուժում է հիվանդին՝ կիսելով նրա ցավը»: Գրողը ստիպված էր ականատես լինել հայրենի Արցախի հայաթափմանը ոչ միայն հետպատերազմյան տարիներին։ 1950-1955 թվականներին Արցախի երիտասարդության հազարավոր ներկայացուցիչների հավաքագրել էին, որպեսզի կառուցեն Սումգայիթը, Մինգեչաուրը, Ալի Բայրամլին։ Ադյանը դա անվանում է Ղարաբաղի պետական մակարդակով կազմակերպված հայաթափում։ Իրավիճակը խորացել էր նրանով, որ յուրաքանչյուր մեկնող հետագայում իր մոտ էր տանում եղբայրներին ու քույրերին։ Միևնույն ժամանակ, ինչպես վկայում է Ադյանը, ով դպրոցն ավարտելուց հետո նույնպես մեկնել է Սումգայիթ, իսկ հետո՝ Բաքու, որտեղ աշխատել է երկար տարիներ, հասարակ ադրբեջանցիների կողմից խտրականություն չի նկատել: Ոմանք նույնիսկ ներողություն են խնդրել սումգայիթյան ջարդերից հետո։ «Բայց հետագայում՝ հակահայ քարոզչության արդյունքում, ամեն ինչ փոխվեց»,- ցավով հիշում է նա։ Դրա հետ մեկտեղ, գրողը խոստովանում է, որ ձգտել է խնայել ընթերցողների զգացմունքները և չի նկարագրել այն սև օրերին Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած մղձավանջի բոլոր դետալները։ Ինձ տանջող հարցերից մեկն եմ տալիս. նախադրյալներ կայի՞ն, ադրբեջանահայերն զգացե՞լ են, որ իրենց դեմ ոճիր է նյութվում։ Ու ստանում եմ արդեն քանիցս լսած պատասխանը. ոչ, հայերը ոչինչ չէին կասկածում։ Եվ միայն հետո է պարզվել, որ գործարաններում ամրաններ են պատրաստվել, որ բնակշահագործման գրասենյակները նախապես կազմել են ինչպես Սումգայիթում, նույնպես և Բաքվում ապրող հայերի ցուցակները՝ ճշգրիտ հասցեներով և այլն։ «Օրինավոր մարդը մինչև վերջին պահ չի հավատում անարդարությանը,-ասում է Ադյանը:-Դրան միայն ստոր մարդիկ են պատրաստ։ Ես մեզ՝ հայերիս, համեմատում եմ Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքի հերոսների հետ։ Մանուկ ժամանակ մենք Գիքորին ենք հիշեցնում, իսկ հասակ առնելով, սկսում ենք նմանվել Համբոյին։ Նույն զուլալությունն ու միամտությունն է։ Դրանք մեզ ստիպում են մշտապես մտածել, որ մեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Բայց այն պատահում է, և վերստին զոհ են դառնում զուլալ և օրինավոր մարդիկ»։ Ադյանի կարծիքով՝ օգտակար կլինի, որպեսզի իր «Հեռացող եզերք» վեպը կարդան նաև մեր կառավարության անդամները, պատգամավորները, հայրենի հողի պաշտպանները։ Այն կօգնի հասկանալ, որ հայրենի հողը կորցնելուց հետո նրանք այլևս կորցնելու բան չեն ունենա։ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում ծնված Ադյանը հուզմունքով է հետևում Արցախում ծավալվող իրադարձություններին։ Նա համոզված է՝ տարածքային նոր զիջումները, ինչի մասին այդպես համառորեն խոսվում է ներկայումս,ամբողջապես կխաթարեն ոչ միայն Արցախից մնացած այդ տարածքի, այլև Սյունիքի ու ողջ Հայաստանի անվտանգության համակարգը։ «Եթե մենք գնանք նոր զիջումների, ապա նրանք կանգ չեն առնի, քանզի Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը ոչ միայն Արցախի ամբողջական գրավումն է, այլև Զանգեզուրը, որպեսզի Մեղրու և Նախիջևանի միջոցով միավորվեն Թուրքիայի հետ և կենսագործեն Մեծ Թուրանի ստեղծման իրենց վաղեմի երազանքը,- ասում է նա և, որոշ դադարից հետո, ավելացնում,- Մենք Արցախում կորցրել ենք ավելի քան տաս հազար հայորդիների։ Ովքե՞ր են պատասխան տալու այդ տղաների արյան, մեր ավերված գյուղերի, խորտակված ճակատագրերի համար, եթե մենք օր- օրի նոր հողեր ենք զիջում նրանց»։ Արցախցի գրողի հարցը, մի մարդու, ով ամեն ինչ կորցրել է այս կյանքում և իր ստեղծագործությունների էջերում պահպանել հայրենի Արցախում և երբեմնի սիրելի Բաքվի հեռացող եզերքում ապրած ցավի հիշողությունը, կախվում է օդում։
Հարցազրույցը՝ Գոհար Մարտիրոսյանի
Սանկտ-Պետերբուրգ
Լևոն Ադյանին շատ վաղուց եմ ճանաչում, դեռ դպրոցական նստարանից։
Մենք՝ դպրոցականներս հանդիպումներ էինք կազմակերպում հայ գրողների հետ Բաքվի Լունաչարսկու անվան հայկական գրադարանում՝ գրադարանավարուհի ընկեր Գիլանու ( այն ժամանակ այդպես էինք դիմում) ցլխավորությյամբ։
Բաքվի հայ գրողների մեջ Լևոն Ադյանն ամենաերիտասարդն էր, բայց ամենատաղանդավորը։ Քաղաքի ընթերցասեր հասարակությունը՝ մեծ, թե փոքր, պաշտում էր նրան և միշտ սրտատրոփ սպասում « Գրական Ադրբեջան» հանդեսի հաջորդ համարին՝ նրա նոր ստեղծագործություները կարդալու համար։
Շատ տարիներ են անցել, շատ բան է փոխվել, բայց Լևոն Ադյանի տաղանդը նույնն է մնացել։ Նրան միշտ հաջողվում է ստեղծագործության հենց սկզբից գրավել ընթերցողի ուշադրությունը, որից հետո կտրվել գրվածքից արդեն հնարավոր չի լինում։
Լևոն Ադյանը Արցախ աշխարհի պարծանքն ու հպարտությունն է, նրա կախարդական բնաշխարհի երգիչը։ Նրա ցանկացած ստեղծագործությունում մենք զգում ենք Արցախի ձգողական հզոր ուժն ու շունչը։
Օտար ափերում բնակվող հայի համար Լևոն Ադյանը միակ լարն է ու ապավենը, ով իր գրվածքներով մեզ կապում է մեր չքնաղ, հպարտ, այժմ վիրավոր ու նեղված սիրելի Արցախին, որին դավաճանել են ստորաբար հենց մեր դավաճան հայերը, որոնք իրավունք չունեն հայ կոչվելու։
Ադյանի բոլոր ստեղծագործությունները, սկած ամենափոքր մանրաքանդակից, արժանի են գովեստի, որովհետև նա զգում է, ընթերցողին, կռահում նրա միտքը։ Յուրաքանչյուր գործ, պատմվածք, մանրաքանդակ, թե վեպ իր կախարդական գրչով նա ընթերցողին է մատուցում հրաշալի, գեղեցիկ ու պատկերավոր, որը ոչ բոլորին է հաջողվում։
Նրա գրիչը հաճախ վրձին է դառնում և ընթերցողին տանելով իր հետևից, թվում է, թե այդ ամենը տեսնում է իր սեփական աչքով։
Ուզում եմ հատուկ նշել Լևոն Ադյանի « Հեռացող եզերք» վեպի մասին, որն իմ հոգու ցավն է։ Այն միանգամայն իրական պատմություն է, որում միանգամայն ճիշտ և իրական պատկերված է Բաքվի և Սումգայիթյան հայոց ցեղասպանության սպանդը, որից հրաշքով է փրկվել ինքը՝ Լևոն Ադյանը։
Լևոն Ադյանի « Հեռացող եզերք» վեպը պատմական գիրք է, որն ապացուցում է, որ հայոց ցեղասպանությունը շարունակվում է, որ հայը շարունակում է մնալ պանդուխտ՝ սփռվելով աշխարհով մեկ։ Այդ հրաշալի իրական- պատմական վեպը քսանհինգ տարի մնացել է գրողի դարակում մատնված անուշադրության, երբ Ադրբեջանն իր ստերն էր տարածում աշխարհով մեկ՝ մեղադրելով մեզ՝հայերիս։ Որտե՞ղ էին մեր երկու պետությունների ղեկավարները, որ չտպագրեցին ու աշխարհով մեկ չտարածեցին հայոց ցեղասպանությունն ապացուցող այդ պատմական փաստ – գիրքը։
Թուրքը քնած հային կացնահարող մարդասպանին հերոսացնում է, բնակարանով ապահովում, կորցրած տարիների աշխատավարձով բավարարում, իսկ մեր հրաշալի պատմագիրը մինչև հիմա սեփական
տանիք չունի։ Իրենց դղյակներից ոչինչ չէր պակասի, եթե գոնե մի բնակարան հատկացնեին ճակատագրից տուժված, հարազատներին կորցրած մի մարդու, որի ստեղծագործությունները ռուս գրողները, մտավորականությունն ավելի բարձր է դասում, քան հայրենիքում, որը մեր ազգի պատիվն է բարձրացնում ու հային պատվով է ներկայացնում էս անիծված աշխարհում։
Ու՞ր է արդարությունը։ Ամո՛թ, հազար ամոթ հայ ղեկավարներին, որոնք այդպես էլ չսովորեցին պաշտպանել ու պահպանել մերը՝ հայինը, մարդկանց, պատմությունը, տարածքը, պետականությունը։
Ադյանի « Հեռացող եզերք» գիրքը պարտավոր է կարդալ յուրաքանչքուր հայ քաղաքական գործիչ, որպեսզի սթափվեն և հասկանան իրողությունը, որ թշնամին կանգ չի առնի, մինչև չվերացնի հայն ու Հայաստանը։ Այդ գիրքը պիտի լինի յուրաքանչյուր հայի սեղանին՝ որպես զգուշացում, որ թշնամին պատրաստվում է մեծ թուրանի իրականացմանը։
« ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԸ», չեմ հոգնում կրկնել, իմ հոգու ցավն է։ Այդ գիրքը ոչնչով չի զիճում Ֆրաց Վերֆելի «Մուսա լեռան
Քառասուն օրը» գքին և առանց վարանելու պետք է դնել նույն նժարին։
Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլոր նրանց, ով քեր իրենց հայ են համարում։
Եվ ինչպես միշտ, ընթերցողների անունից շնորհակալություն եմ հայտնում պարոն Ադյանին նրա կախարդական գրչի և անփոխարինելի ոճի համար։
Իսկ Գոհար Մարտիրոսյանը իսկական գոհար է,
գանձ է։
Իմ խորին
երախտագիտությունն եմ հայտնում մեր հրաշալի հայուհուն և Գրանիշի բոլոր աշխատակիցներին՝ մեր սիրելի հայրենակից Լևոն Ադյանի հարցազրույցի և, ընդհանրապես, նրա ստեղծագործությունները տեղադրելու համար։
Շնորհակալություն։
Լորա Մկրտչյան
Դոնի Ռոստովի մարզ