Ռուս գրող Վլադիմիր Օդոևսկու ստեղծագործությունները բազմազան են, ունեն խորը փիլիսոփայական ուղղվածություն, նրա գործերում միահյուսվել են ռոմանտիզմը, ուտոպիան, գիտական ֆանտաստիկան, միստիկան։ Արժեքավոր են նրա ինչպես մեծերի համար ստեղծած գրականությունը` վեպեր, վիպակներ, այնպես էլ մանկական գործերը` հեքիաթները։ Օդոևսկին տարված էր օկուլտ գիտություններով, այդ պատճառով ստացել էր «ռուս Ֆաուստ» մականունը։
Added: Ուշագրավ է, որ 21-րդ դարում իրականացել են 19-րդ դարում ապրած իշխան Օդոևսկու որոշ գիտաֆանտաստիկ կանխատեսումները, օրինակ, ինտերնետը. նրա «4338 թվական» վեպ–ուտոպիայում կարդում ենք, «…ծանոթ տների միջև տեղադրված են մագնիսական հեռագրասարքեր, որոնց միջոցով իրարից հեռու ապրողները շփվում են միմյանց հետ»։
Մեկնելուց առաջ մենք գնացինք հրաժեշտ տալու մեր ազգականներից մեկին` մեծաhասակ, ծանրաբարո, բոլորի կողմից հարգված մի մարդու. նրա կյանքում միայն մեկ կիրք կար, որի մասին հանգուցյալ կինն այսպես էր արտահայտվում. «Տեսե՛ք, օրինակ, Ալեքսեյ Ստեպանիչը, ի՞նչ պակաս մարդ է, և՛ բարի ամուսին է, և՛բարի հայր, և՛ տանտեր, ամեն ինչ լավ է, եթե միայն չլիներ նրա այդ չարաբաստիկ թուլությունը…»։
Այստեղ տիկինը լռում էր։ Անծանոթ մեկը հաճախ հարցնում էր.- «Ի՞նչ, չլինի՞ հարբեցող է»,- և արդեն պատրաստվում էր դեղ առաջարկել. բայց պարզվում էր, որ այդ թուլությունը գրքամոլությունն էր։ Իհարկե, ազգականիս այդ կիրքը չափազանց ուժեղ էր, սակայն, կարծում եմ, դա այն միակ լուսամուտն էր, որի միջով նրա հոգին հայացք էր նետում դեպի պոետիկայի աշխարհը։ Իսկ մյուս հարցերում նա սովորական մարդ էր. ծխում էր, օրերով վիստ էր խաղում և հաճույքով տրվում էր հյուսիսային անխռով հանդարտությանը։ Բայց հենց խոսքը գրքերին էր հասնում, ծերուկը վերածնվում էր։ Իմանալով մեր ճամփորդության նպատակի մասին` նա ժպտաց ու ասաց.
– Երիտասարդությու՜ն։ Երիտասարդությու՜ն։ Ռոմանտիզմ, և ուրիշ ոչինչ։ Ձեր ուզածն ի՞նչ է։ Հավատացնում եմ ձեզ, շատ հեռու չգնալով էլ բավականաչափ նյութ կգտնեիք։
– Մենք դեմ չենք-, պատասխանեց ընկերներիցս մեկը,- երբ կարողանանք տեսնել ուրիշներին, այդ ժամանակ գուցե կարողանանք հասնել նաև ինքներս մեզ։ Բայց ուրիշներից սկսելը, կարծում եմ, ավելի հարգալից է ու ավելի համեստ։ Բացի այդ, այն մարդիկ, որոնց մենք նկատի ունենք, պատկանում են բոլոր ազգերին, մերոնցից շատերը կամ ողջ են, կամ ամբողջովին չեն մահացել. մեկ էլ տեսար` նրանց ազգականները վիրավորվեցին… Մենք չենք ուզում նմանվել այն պարոններին, որոնք ողջ կյանքի ընթացքում մտահոգված են սեփական անձի և իրենց մտերիմների համար փառք ձեռք բերելով` հստակ համոզված լինելով, որ իրենց մահից հետո դրանով որևէ մեկը չի զբաղվի։
– Ճիշտ է, ճիշտ է,- պատասխանեց ծերունին,- ա՜խ, այդ ազգականները։ Նախևառաջ`
նրանցից ոչինչ չարժե սպասել, երկրորդ` նրանց համար հիանալի մարդը պարզապես քեռի է, հորեղբայր ու այդպես շարունակ։ Գնացե՛ք, երիտասարդնե՛ր, չափչփե՛ք երկրագունդը. դա օգտակար է և՛ հոգու, և՛ մարմնի համար։ Ես էլ ջահել ժամանակ կտրեցի–անցա ծովը` եզակի գրքեր գտնելու համար, որոնք այստեղ կարող ես կես գնով գնել։ Ի դեպ, մատենագիտության մասին։ Չմտածե՛ք, թե այն միայն գրքերի ցուցակներ և կազմեր է. երբեմն այն միանգամայն անակնկալ հաճույքներ է պատճառում։ Ուզու՞մ եք` պատմեմ ձեզ պես մի մարդու հետ իմ հանդիպման մասին։ Տեսեք` նա չի՞ լցնի ձեր ճանապարհորդության առաջին գլուխը։
Մենք պատրաստակամություն հայտնեցինք, ինչը խորհուրդ ենք տալիս նաև մեր ընթերցողներին, և ծերունին շարունակեց.
– Դուք գուցե տեսել եք այն ծաղրանկարը, որտեղ նեապոլյան մի տեսարան է։ Գրքի բացօթյա կրպակ` պատառոտված ծածկով, հին գրքերի, հին փորագրանկարների կույտեր, վերևում` Մադոննան, հեռվում` Վեզուվը, կրպակի դիմաց` մի վանական ու ծղոտե լայնեզր գլխարկով մի երիտասարդ, որի գրպանից փոքրիկ լազարոնին ճարպկորեն դուրս է քաշում թաշկինակը։ Չգիտեմ` անիծյալ նկարիչն ինչպես էր նկատել այդ տեսարանը, բայց տվյալ երիտասարդը ես եմ. ես ճանաչեցի իմ երկար բաճկոնն ու ծղոտե գլխարկը, այդ օրը գողացան իմ թաշկինակը, և դեմքիս պիտի որ նույն հիմար արտահայտությունը լիներ։ Բանն այն է, որ այդ ժամանակ ես շատ փող չունեի, և այն ամենևին չէր բավականացնում հին գրքերի նկատմամբ ունեցած իմ կիրքը հագեցնելու համար։ Բացի այդ, ինչպես բոլոր գրքամոլները, ես ծայրաստիճան ժլատ էի։ Այդ հանգամանքը ինձ ստիպում էր խուսափել հանրային աճուրդներից, որտեղ, ինչպես թղթախաղի ժամանակ, տաքարյուն գրքամոլը կարող էր լրիվ սնանկանալ։ Փոխարենը ես բարեխղճորեն այցելում էի մի փոքրիկ կրպակ, որտեղ քիչ էի ծախսում, սակայն կարող էի ամեն ինչ վերից վար փորփրելու հաճույքը վայելել։ Դուք, հնարավոր է, գրքամոլության բերկրանքը չեք զգացել, դա, եթե ազատություն տաք դրան, ամենաուժեղ կրքերից մեկն է, և ես չափազանց լավ եմ հասկանում այն գերմանացի քահանային, որին գրքամոլությունը մարդասպանության հասցրեց։ Բոլորովին վերջերս, թեև ծերությունը սպանում է բոլոր կրքերը, անգամ գրքամոլությունը, ես պատրաստ էի սպանել իմ մտերիմներից մեկին, որը միանգամայն սառնասրտորեն, ասես գրադարանի ընթերցասրահում լիներ, կտրեց էլզևիրի [2] իմ միակ թերթիկը, որը վկայում էր այն մասին, որ այդ օրինակում լայն լուսանցքներ են[3], իսկ նա` այդ վանդալը, նույնիսկ զարմացավ, որ բարկացել եմ։ Մինչ օրս չեմ դադարում այցելել գրավաճառներին, անգիր գիտեմ նրանց բոլոր սնահավատությունները, նախապաշարմունքներն ու խորամանկությունները և մինչ օրս այդ րոպեները համարում եմ իմ կյանքի եթե ոչ ամենաերջանիկ, ապա գոնե ամենահաճելի պահերը։ Ներս եք մտնում. նույն պահին հյուրընկալ տերը հանում է գլխարկը և առևտրականի ողջ առատաձեռնությամբ առաջարկում և՛ Ժանլիսի վեպերը, և՛ նախորդ տարվա ալմանախները, և՛ «Կենդանիների բժշկարանը»։ Բայց բավական է, որ ասեք մեկ բառ, որն ամիջապես կսանձի նրա ձանձրացնող խանդավառությունը, պարզապես հարցրեք. «Որտե՞ղ են բժշկական գրքերը», և նա կդնի գլխարկը, ցույց կտա փոշով ծածկված անկյունը, որտեղ լցված են մագաղաթե կազմով գրքերը, և հանգիստ կնստի ու կշարունակի կարդալ նախորդ ամսվա ակադեմիական տեղեկագրերը։ Այստեղ ձեզ` երիտասարդներիդ համար պետք է նշեմ, որ մեր բազմաթիվ գրքերի կրպակներում մագաղաթե կազմով և լատիներեն վերնագրով բոլոր գրքերը դեռևս իրավունք ունեն կոչվել բժշկական, այդ իսկ պատճառով կարող եք ինքներդ դատել, թե այդտեղ ինչպիսի՜ առատություն է գրքասերի համար. Նեստոր Մաքսիմովիչ Ամբոդիկի «Գիտություն ծննդօգնության մասին` բաղկացած հինգ մասից և նկարազարդ» և “Bonati Thesaurus medico-practicus undique collectus” [4]աշխատությունների կողքին կնկատեք պատառոտված, կեղտոտ, փոշոտ մի անշուք գրքույկ. տեսե՛ք, դա “Advis fidel aux veritables Hollandais touchant ce qui s’est passe dans les villages de Bodegrave et Swarcrriprdam”, 1673[4] գիրքն է, ի՜նչ հետաքրքիր է։ Բայց դա ամենևին էլ էլզևիր չէ, էլզևի՜ր, մի անուն, որից քաղցր դող է սկսվում գրքամոլի ողջ նյարդային համակարգում… Դուք մի կողմ եք դնում մի քանի դեղնած “Hortus sanitatis”, “Jardin de devo tion”, “Les Fleurs de bien dire, recueillies aux cabinets des plus rares esprits pour exprimer les passions amoureuses de 1’un et de 1’autre sexe par forme de dictionnaire” [6] գրքեր և նշմարում եք լատիներեն, առանց կազմի ու առանց սկզբի մի գրքույկ, թերթում եք. կարծես Վերգիլիոս է, բայց` ամեն բառի մեջ` մի տառասխալ… Մի՞թե իսկապես. արդյո՞ք երազանքը չի խաբում ձեզ. մի՞թե սա հայտնի 1514 թվականի “Virgilius, ex recensione Naugerii”[7] հրատարակությունն է։ Եվ դուք արժանի չեք գրքամոլի կոչմանը, եթե ձեր սիրտը դուրս չթռչի ուրախությունից, երբ հասնելով գրքի վերջին` տեսնեք ամբողջ չորս էջ նկատված վրիպակներ` հավաստի նշան, որ դա Ալդերի[8] այն նույն բացառիկ, թանկարժեք հրատարակությունն է, մատենադարանների մարգարիտը, որի օրինակների մեծ մասը ոչնչացրեց ինքը` հրատարակիչը` վրդովված վրիպակներից։
Նեապոլում ես քիչ առիթներ էի ունենում իմ կիրքը բավարարելու համար, այդ իսկ
պատճառով կարող եք պատկերացնել իմ հիացմունքը, երբ անցնելով Piazza Nova-ի[9] մոտով ` նկատեցի մագաղաթների կույտը. գրքամոլության ընդարմացման հենց այդ րոպեն է որսացել իմ անհայտ պատկերանկարիչը…
Ինչևէ, ես գրքամոլի ողջ խորամանկությամբ անտարբեր մոտեցա կրպակին,
թաքուն անհամբերությամբ սկսեցի զննել հին աղոթագրքերը և սկզբում չնկատեցի, որ մյուս անկյունում մեծածավալ հաստ գրքերին մոտեցավ մի կերպարանք` հին ֆրանսիական երկար բաճկոնով, դիմափոշով պատված կեղծամով, որի տակից խնամքով հյուսված մազափունջ էր կախված։ Չգիտեմ` ինչը ստիպեց երկուսիս էլ շրջվել. ես ճանաչեցի այդ կերպարանքը` տարօրինակ այն մարդուն, որը միշտ նույն կոստյումով, իր անձը կարևորելով ճեմում էր Նեապոլի փողոցներով և որևէ մեկին հանդիպելիս, մանավանդ տիկնանց, ժպտալով բարձրացնում էր մաշված, նավակի նմանվող գլխարկը։ Վաղուց չէի հանդիպել այդ յուրահատուկ կերպարին և շատ ուրախ էի, որ նրա հետ ծանոթանալու առիթ եղավ։ Ես հայացքս ուղղեցի նրա առջև բացված գրքին. դա ճարտարապետական ինչ–որ փորագրանկարների վատ տպագրված ժողովածու էր։ Տարօրինակը դրանք զննում էր մեծ ուշադրությամբ, մատներով չափում էր վատ նկարված սյուները, մատը տանում էր ճակատին և խորը մտածմունքների մեջ ընկղմվում։ «Նա, ըստ երևույթին, ճարտարապետ է,- մտածեցի ես,- նրա համակրանքը շահելու համար ճարտարապետության սիրահար ձևանամ»։ Այս մտքի հետ հայացքս ուղղեցի դեպի հաստ, մեծածավալ գրքերը, որոնց վրա գրված էր “Opere del Cavaliere Giambattista Piranesi”։ «Հոյակապ է»,- մտածեցի, վերցրի մի հատորը, բացեցի, բայց այնտեղ պատկերված վիթխարի շենքերի նախագծերը, որոնցից յուրաքանչյուրի կառուցման համար միլիոնավոր մարդիկ էին հարկավոր, միլիոնավոր ոսկեդրամներ և հարյուրամյակներ, այդ քանդակված ապառաժները` բարձրացված սարերի գագաթներին, այդ գետերը` վերածված շատրվանների, այդ ամենն ինձ այնքան գրավեց, որ ես մի րոպե մոռացա իմ տարօրինակի մասին։ Ինձ ամենաշատն ապշեցրեց մի հատորը, որը գրեթե սկզբից մինչև վերջ լցված էր ամեն տեսակի բանտերի պատկերներով, անվերջանալի կամարներ, անհուն քարանձավներ, դղյակներ, շղթաներ, խոտածածկ պատեր և, ավելի գեղեցկացնելու համար, ամենատարբեր մահապատիժներ ու տանջանքներ, որոնք երբևէ հորինել է մարդու հանցագործ երևակայությունը… Մի սառը ալիք անցավ իմ երակներով, և ես ակամա փակեցի գիրքը։ Միաժամանակ նկատելով, որ տարօրինակը որևէ ուշադրության չի արժանացնում իմ ճարտարապետական խանդավառությունը, որոշեցի նրան հարց ուղղել.
– Դուք, իհարկե, ճարտարապետության սիրահա՞ր եք,- ասացի ես։
– Ճարտարապետությա՞ն,- կրկնեց նա` ասես սարսափած։
– Այո,- ասաց նա` արհամարհական ժպիտով նայելով իմ մաշված բաճկոնին,- մեծ սիրահար եմ,- և լռեց։
«Միայն այդքա՞նը- մտածեցի ես,– դա քիչ է»։
– Այդ դեպքում,- ասացի` կրկին բացելով Պիրանեզիի հատորներից մեկը,- ավելի լավ
է նայեք երևակայության այս սքանչելի թռիչքները, ոչ թե այդ պարզաճաշակ նկարները, որ Ձեր առջև են։
Նա դժկամությամբ մոտեցավ ինձ, այնպիսի վրդովված տեսքով, ասես իրեն
խանգարում էին գործով զբաղվել, սակայն հենց հայացքն ընկավ իմ առջև բացված գրքին, սարսափահար հետ ցատկեց, թափահարեց ձեռքերն ու գոչեց.
– Ի սեր Աստծո, փակե՛ք, փակե՛ք այդ անպետք, այդ զարհուրելի գիրքը։
Դա ինձ չափազանց հետաքրքեց։
– Ես չեմ կարող չզարմանալ այս հիասքանչ ստեղծագործության հանդեպ Ձեր ատելությունից. ինձ գիրքն այնքան դուր եկավ, որ ես հենց հիմա կգնեմ այն,– այս խոսքերով ես հանեցի փողով լի դրամապանակս։
– Փո՜ղ,- արտասանեց իմ տարօրինակն այնպիսի հնչեղ շշուկով, որ ինձ հիշեցրեց
աննկարագրելի Կարատիգինին «Խաղամոլի կյանքը»[10] պիեսում ։- Դուք փո՜ղ ունեք,- կրկնեց նա, ու նրա ողջ մարմինը սկսեց ցնցվել։
Խոստովանեմ` ճարտարապետի այդ բացականչությունը փոքր–ինչ սառեցրեց նրա հետ մտերմանալու իմ ցանկությունը, բայց հետաքրքրասիրությունը հաղթեց։
– Մի՞թե Դուք փողի կարիք ունեք,- հարցրի ես։
– Ե՞ս։ Շատ մեծ կարիք ունեմ, – ասաց ճարտարապետը,- և շատ, շատ վաղուց կարիք
ունեմ,- ավելացրեց նա` շեշտելով յուրաքանչյուր բառը։
– Իսկ Ձեզ շա՞տ փող է պետք,- հարցրի մտերմիկ տոնով։- Գուցե ես կարողանամ օգնել Ձեզ։
– Սկզբի համար ինձ պետք է չնչին մի բան, իսկապես չնչին բան` տասը միլիոն ոսկեդրամ։
– Ինչու՞ այդքան շատ,– հարցրի ես զարմացած։
– Որպեսզի կամարով իրար կապեմ Էթնան ու Վեզուվը, հաղթական դարպասների համար, որոնցով սկսվում է իմ նախագծած դղյակի պարտեզը,- պատասխանեց նա միանգամայն անվրդով։ Ես հազիվ էի զսպում ծիծաղս։
– Ուրեմն ինչու՞,- հարցրի ես,– Դուք` նման վիթխարի գաղափարների տեր մարդդ,
նողկանքով ընդունեցիք այն ճարտարապետին, որն իր գաղափարներով թեկուզ մի
քիչ մոտ էր Ձեզ։
– Մո՞տ էր,– բացականչեց անծանոթը։ Մո՜տ էր։ Ի՜նչ եք կպել ինձ այդ անիծյալ գրքով, երբ ես եմ դրա հեղինակը։
– Ոչ, դա արդեն չափից դուրս է,- պատասխանեցի ես։ Ու այդ բառերի հետ վերցրի իմկողքին դրված «Պատմական բառարանը» և ցույց տվեցի այն էջը, որտեղ գրված էր. «Ջամբատիստա Պարանեզե, հայտնի ճարտարապետ… մահացել է 1778 թվականին»։
– Դա բարբաջա՛նք է, դա սու՛տ է,- ճչաց իմ ճարտարապետը։- Ա՛հ, ես երջանիկ կլինեի, եթե դա ճիշտ լիներ։ Բայց ես ապրում եմ, ցավոք ապրում եմ, և այդ անիծյալ գիրքը չի թողնում, որ մեռնեմ։
Իմ հետաքրքրությունը ժամ առ ժամ աճում էր։
– Բացատրե՛ք այդ տարօրինակ հանգամանքը,- ասացի ես,- վստահեք ինձ Ձեր վիշտը.
կրկնում եմ, որ ես գուցե կարողանամ օգնել Ձեզ։
Ծերունու դեմքը պայծառացավ. նա բռնեց ձեռքս։
– Պետք չէ այստեղ խոսել այդ մասին. մեզ կարող են լսել մարդիկ, որոնք ի վիճակի են խանգարել ինձ։ Օհ՜, ես ճանաչում եմ մարդկանց… Եկե՛ք ինձ հետ, ես ճանապարհին կպատմեմ իմ սարսափելի պատմությունը։
Մենք սկսեցինք քայլել։
– Այսպես, պարո՛ն,- շարունակեց ծերունին,- Դուք հանձին ինձ տեսնում եք նշանավոր և տարաբախտ Պարանեզիին։ Ես ծնվել եմ տաղանդավոր… ի՜նչ եմ ասում, արդեն ուշ է թաքնվելու համար, ես ծնվել եմ որպես աներևակայելի հանճար։ Ճարտարապետության նկատմամբ կիրքը ես ունեի դեռ մանուկ հասակից, և մեծ Միքելանջելոն, որը Պանթեոնը դրեց Հռոմի, այսպես կոչված, սբ. Պետրոսի հսկայական եկեղեցու մեջ[11], տարեց հասակում իմ ուսուցիչն էր։ Նա հիանում էր իմ ծրագրերով ու շենքերի նախագծերով, և երբ լրացավ իմ քսան տարին, մեծ վարպետը հեռացրեց ինձ իրենից` ասելով. «Եթե դու շարունակես ինձ մոտ մնալ, ապա սոսկ ինձ ընդօրինակող կդառնաս, գնա՛, քեզ համար նոր ուղի հարթի՛ր, և դու քո անունը կհավերժացնես առանց իմ ջանքերի»։ Ես ենթարկվեցի, և այդ պահից սկսվեցին իմ դժբախտությունները։ Փողն աստիճանաբար պակասում էր։ Ես ոչ մի տեղ չէի կարողանում աշխատանք գտնել, իմ աշխատանքներն ապարդյուն ներկայացնում էի և՛ հռոմեական կայսրին, և՛ ֆրանսիական թագավորին, և՛ պապերին, և՛ կարդինալներին. ինձ բոլորը լսում էին, հիանում էին, հավանություն էին տալիս, քանի որ արվեստի նկատմամբ սերը, որը բորբոքել էր իմ հովանավոր Միքելանջելոն, դեռ մարմրում էր Եվրոպայում։ Ինձ գնահատում էին որպես մի մարդու, որն ի վիճակի էր անուններ տալ հիանալի կոթողներին, սակայն երբ գործը հասնում էր կառուցելուն, սկսում էին տարիներով հետաձգել։ «Շուտով ֆինանսները կկարգավորվեն, շուտով նավերը կբերեն հեռավոր վայրերի ոսկին»,- ապարդյուն։ Ես գործադրեցի բոլոր մեքենայությունները, բոլոր շողոքորթությունները, որոնք հարիր չէին հանճարին, ամեն ինչ` ապարդյուն։ Ես ինքս էլ զարհուրում էի, թե որքան կարող է նվաստանալ իմ վեհ հոգին, ապարդյու՛ն, ապարդյու՛ն։ Ժամանակն անցնում էր, սկսած շինություններն ավարտվում էին, իմ մրցակիցներն անմահություն էին ձեռք բերում, իսկ ես թափառում էի արքունիքից արքունիք, ընդունարանից ընդունարան իմ թղթապանակով, որն իզուր ժամ առ ժամ ավելի ու ավելի էր լցվում չքնաղ և չիրագործվող նախագծերով։ Պատմե՞մ, թե ինչ էի զգում` մտնելով հարուստ ապարանքները նոր հույսով և դուրս գալով նոր հուսահատությամբ։ Իմ բանտերի գրքում այն ամենի մեկ հարյուրերորդական մասն է միայն, ինչ կատարվում էր իմ հոգում։ Այդ զնդաններում տառապում էր իմ հանճարը։ Ես կրծում էի այդ շղթաները` մոռացված անշնորհակալ մարդկության կողմից… Դժոխային հաճույք էր ինձ համար հորինել տանջանքներ, որոնք ծնվում էին իմ չարացած սրտում, հոգու չարչարանքները վերածել մարմնի կտտանքների, բայց դա իմ միակ հաճույքն էր, միակ հանգիստը: Զգալով, որ ծերությունը մոտենում է, և խորհելով այն մասին, որ եթե ինչ–որ մեկն անգամ ցանկանար ինձ որևէ շինության պատվեր տալ, ապա իմ կյանքը չէր բավարարի այն ավարտելու համար, ես որոշեցի տպագրել իմ նախագծերը` համոթ իմ ժամանակակիցների և ցույց տալու համար սերունդներին, թե ինչ մարդու նրանք չկարողացան գնահատել։ Ջանասիրաբար սկսեցի աշխատել, փորագրում էի օրուգիշեր, և իմ նախագծերը տարածվում էին ողջ աշխարհում` արժանանալով մե՛րթ ծիծաղի, մե՛րթ զարմանքի։ Բայց ինձ հետ միանգամայն այլ բան կատարվեց։ Լսե՛ք ու զարմացե՛ք…
Ես դառը փորձով այժմ գիտեմ, որ յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, որը դուրս է գալիս արվեստագետի գլխից, ծնվում է տանջող ոգի, յուրաքանչյուր շենքը, յուրաքանչյուր նկարը, յուրաքանչյուր գիծը, անգամ պատահական քաշած կտավի կամ թղթի վրա, այդ ոգու համար իբրև բնակավայր է ծառայում։ Այդ ոգիները չարի հատկություններն են. դրանք սիրում են ապրել, սիրում են բազմանալ և տանջել իրենց ստեղծողին նեղլիկ բնակավայրի համար։ Հենց որ հասկացան, որ իրենց բնակավայրը սահմանափակվելու է միայն փորագրանկարներով, զայրացան… Ես արդեն մահվան մահճում էի, մեկ էլ հանկարծ… Դուք լսե՞լ եք այն մարդու մասին, որին կոչում են հավերժ ջհուդ [12]։ Այն ամենը, ինչ պատմում են նրա մասին, սուտ է. այդ տարաբախտը Ձեր առջև է… Նոր էի աչքերս փակել հավերժ քնով, երբ ինձ շրջապատեցին ուրվականներ ապարանքների, պալատների, տների, դղյակների, կամարների, սյուների տեսքով։ Դրանք բոլորը միասին ճնշում էին ինձ իրենց վիթխարիությամբ և սարսափելի քրքիջով ինձանից կյանք էին պահանջում։ Այդ պահից ես դադար չունեմ. ոգիները, որոնց ես եմ ծնունդ տվել, հետապնդում են ինձ. այնտեղ հսկայական կամարն է փաթաթվում ինձ, այստեղ աշտարակներն են հետապնդում` քայլելով վերստերով, մեկ այլ տեղ էլ պատուհանն է զնգզնգում իմ առջև իր հսկա շրջանակներով։ Երբեմն նրանք ինձ բանտարկում են իմ սեփական զնդաններում, իջեցնում են անհատակ ջրհորների մեջ, գամում են իմ իսկ շղթաներով, կիսաքանդ կամարներից վրաս սառը բորբոս են շաղ տալիս, ստիպում են կրել այն բոլոր տանջանքները, որ ինքս եմ հորինել, խարույկի վրայից նետում են պրկարանի վրա, պրկարանից` շամփուրի վրա, իմ յուրաքանչյուր նյարդն անասելի կտտանքների են ենթարկում, մինչդեռ իրենք` դաժան արարածները, թռվռում են իմ շուրջը, քրքջում են, չեն թողնում մեռնել, հարցնում են` ինչու՞ իրենց ոչ լիարժեք կյանքի ու մշտական տանջանքի դատապարտեցի, և ի վերջո ինձ` ուժասպառ, հյուծված, կրկին դուրս են նետում ու թողնում այդպես։ Ես ապարդյուն երկրից երկիր եմ անցնում, ապարդյուն հետաքրքրվում եմ` արդյոք չի՞ վնասվել հոյակապ մի շինություն` կառուցված, որպես ծաղր, իմ հակառակորդների կողմից։ Հաճախ Հռոմում գիշերները ես մոտենում եմ երջանիկ Միքելի կառուցած պատերին ու թույլ ձեռքով հարվածում եմ այդ անիծյալ գմբեթին, որի մտքով չի էլ անցնում շարժվել, կամ Պիզայում երկու ձեռքով կախվում եմ այդ անպետք աշտարակից, որը յոթ դար շարունակ խոնարհվում է դեպի գետնին ու չի ցանկանում հասնել։ Ես արդեն չափչփել եմ ողջ Եվրոպան, Ասիան, Աֆրիկան, կտրել–անցել եմ ծովը. ամենուր փնտրում եմ ավերված շենքեր, որոնք կարող եմ վերականգնել իմ ստեղծագործ ուժով, ծափահարում եմ փոթորիկներին, երկրաշարժերին։ Ծնված լինելով պոետի մերկ սրտով` ես զգացել եմ այն բոլոր տանջանքները, որ կրում են բնության արհավիրքների հետևանքով օթևանից զրկված թշվառները, ես արտասվում եմ տարաբախտների հետ, սակայն չեմ կարող ուրախությունից չդողալ ավերածություն տեսնելիս… Եվ ամեն ինչ ապարդյուն. ստեղծելու ժամը դեռ չի հասել ինձ համար կամ արդեն անցել է. շատ բան է ավերվում իմ շուրջը, բայց շատ բան էլ դեռ ապրում է և խանգարում է ապրել իմ մտքերին։ Գիտեմ, այնքան ժամանակ չեն փակվի իմ թուլացած կոպերը, քանի դեռ չի գտնվել իմ փրկիչը, և քանի դեռ իմ բոլոր վիթխարի մտահղացումները չեն լինի միայն թղթի վրա։ Բայց որտե՞ղ է նա։ Որտե՞ղ գտնեմ նրան։ Եթե անգամ գտնեմ էլ, իմ նախագծերն արդեն հնացել են, դրանց մեջ շատ բան իր դարն ապրել է, իսկ թարմացնելու ուժ չկա։ Երբեմն ես խաբում եմ ինձ տանջողներին` հավատացնելով, թե զբաղված եմ իմ նախագծերից որևէ մեկը կյանքի կոչելով, և այդժամ նրանք մի րոպեով ինձ հանգիստ են թողնում։ Այդպիսի վիճակում էի ես, երբ հանդիպեցի Ձեզ. և ինչպե՜ս էլ Ձեր մտքով անցավ իմ առջև բացել այդ անիծյալ գիրքը։ Դուք չնկատեցիք, բայց ես… ես հստակ տեսա, որ Միջերկրական ծովի մեջտեղում կառուցված տաճարի որմնասյուներից մեկը ողջունեց ինձ իր փռչոտ գլխով… Այժմ Դուք գիտեք իմ դժբախտության մասին. ուրեմն օգնե՛ք ինձ, ինչպես խոստացել էիք։ Ընդամենը տասը միլիոն ոսկեդրամ, աղաչում եմ Ձեզ։- Եվ այս խոսքերն ասելիս թշվառականը ծնկի իջավ իմ առջև։
Զարմանքով ու կարեկցանքով նայում էի ես այդ դժբախտին, հետո հանեցի մի ոսկեդրամ և ասացի.
– Ահա այն ամենը, ինչ կարող եմ Ձեզ տալ այս պահին։
Ծերունին տխուր նայեց ինձ։
– Ես այդպես էլ ենթադրում էի,- պատասխանեց նա,- բայց սա էլ լավ է. ես այս
փողը կավելացնեմ այն գումարին, որը հավաքում եմ Մոնբլանը գնելու համար, որպեսզի այդ սարը հիմնահատակ հողին հավասարեցնեմ, այլապես այն կփակի իմ զվարճությունների դղյակի տեսարանը։
Այս խոսքերից հետո ծերունին հապճեպ հեռացավ….
Թարգմանությունը ռուսերենից` Տիգրանուհի Ներսեսյանի
[1] Կավալեր Ջամբատիստա Պարանեզիի աշխատությունները, իտալ., ծնթ. hեղ.:
[2] Էլզևիր — հոլանդացի հայտնի հրատարակիչների ազգանունը։ Էլզևիրների ընկերությունը (1592–1712) այնքան խորը հետք թողեց հրատարակչական գործում, որ ընկերության տերերի անունը դարձավ հասարակ անուն. էլզևիր սկսեցին կոչել ընկերության հրատարակած գրքերը, ստեղծած տառատեսակները, գրքերի տպագրության ձևը և այլն, ծնթ. թրգմն։
[3] Հայտնի է, որ գրքամոլների համար լուսանցքների լայնությունը կարևոր դեր ունի. դրանք չափելու համար անգամ հատուկ գործիք կա, և մի քանի ավել կամ պակաս գծերը հաճախ ավելացնում կամ պակասեցնում են գրքի արժեքը գրեթե կիսով չափ, ծնթ.հեղ.։
[4] «Բոնատուսի լիակատար բժշկագործնական բառարան», լատ., ծնթ. հեղ.։
[5] «Ճշգրիտ տեղեկագիր Բոդեգրավե և Սվամմերդամ գյուղերում հայտնված բնիկ հոլանդացիների մասին», ֆրանս., ծնթ. հեղ.։
[6] «Առողջության պարտեզ», «Բարեպաշտության պարտեզ», «Պերճախոսության ծաղիկներ բառարանի տեսքով` ընտրված լավագույն հեղինակների գրադարաններից` երկու սեռերի սիրային կրքերն արտահայտելու համար», ֆրանս., ծնթ. հեղ.։
[7] Վերգիլիոս` հրատարակված Նաուգերիուսի կողմից, լատ., ծնթ. հեղ.։
[8] Ալդ – XV–XVI դդ. իտալացի գրահրատակիչների ազգանունը. նրանք մեծ նշանակություն էին տալիս հրատարակության ճշգրտությանը, ծնթ. թրգմն.։
[9] Նոր հրապարակ, իտալ., ծնթ. հեղ.։
[10] Կարատիգին Վասիլի Անդրեևիչ (1802–1853) — հայտնի ռուս ողբերգակ։ Օդոևսկին բարձր էր գնահատում Կարատիգինին և նրա մասին գրել է. «Ես լավ եմ ճանաչում նրան և հարգում եմ ոչ միայն որպես հիանալի դերասանի, այլև որպես խելացի և խանդավառ մարդու»։ «Խաղամոլի կյանքը» ֆրանսիացի դրամատուրգ Վիկտոր Դյուկանժի ստեղծագործությունն է, որի բեմադրությունը մեծ իրադարձություն էր ռուսական բեմում։ Պիեսում Խաղամոլի դերը կատարում էր Վ. Ա. Կարատիգինը, ծնթ. թրգմն.։
[11] Նկատի ունի Հուլիոս II Պապի հուշարձան–պանթեոնը, որը Միքելանջելոն սկսեց կառուցել Պապի առաջադրանքով, սակայն ավարտեց նրա մահից տարիներ անց` 1545թ., այն ոչ թե սբ. Պետրոսի տաճարում է, այլ Սան Պիետրո ին Վինկոլի եկեղեցում, ծնթ. թրգմն.։
[12] Հավերժ ջհուդ` հավերժ թափառական։ Այս արտահայտությունը ծագել է լեգենդից. այս հրեան դատապարտված է հավերժ կյանքի ու թափառումի` պատժվելով այն բանի համար, որ թույլ չտվեց դեպի Գողգոթա գնացող Հիսուսին հենվել իր տան պատին ու փոքր–ինչ հանգստանալ։ Այս լեգենդը ստեղծվել է խաչակրաց արշավանքների ժամանակ, ծնթ. թրգմն։