Օմերո Կարվալյո Օլիվա | Ծիտիկներ ու պոեմներ

Բանաստեղծ և արձակագիր Օմերո Կարվալյո Օլիվան (Բոլիվիա, 1957թ․) բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են Մեխիկոյի «Լատինամերիկյան պատմվածքի մրցանակը» (1981) և Նյու Յորքի «Լատինամերիկյան գրողների մրցանակ ը» (1988):
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են տարբեր երկրներում և երեսունից ավելի անթոլոգիաների մաս են կազմել, որոնցից ամենանշանակալիներն են «Ժամանակակից բոլիվիական պատմվածքի անթոլոգիան»- և պերուացի հայտնի գրող և գրականագետ Խուլիո Օրտեգայի կազմած «Լատինամերիկյան նոր պատմվածքը»։
Օլիվայի կազմած «Բոլիվիայի XX դարի բանաստեղծության անթոլոգիան» լույս է ընծայել հայտնի «Visor de España» հրատարակչությունը։

 

Ուիլիույա

Հուշերիս երկրում
որտեղ ես երեխա եմ
ու դեռ ալպակա [1] ու վիկունյա [2] կա
հիշում եմ որ

Կարա Կատուի [3] այյուի [4]
կորած-մոլորած դպրոցում
գրադարանի փոքրիկ
պահարաններից մեկում
կար մի մեծ Ատլաս,
ուսուցչի ասելով՝ քարտեզներով մի գիրք
ու հպարտ տարին մեկ
ազգային տոների առթիվ
մեզ ցույց էր տալիս
նկարազարդ էջերում
մեր երկիրը՝ Բոլիվիան
մենք՝ այմարաներս [5] միշտ
այն անվանել ենք Ուիլիույա
ինձ կես դար հետո միայն
հաջողվեց ճիշտ արտաբերել
հայրենիքիս անունը
(այն երբեք երազումս չեմ տեսել
որովհետև երբեք չեմ իմացել դա ինչ է
ու մինչև հիմա սպասում եմ
որ մեկը ինձ բացատրի)
այդ հին Ատլասում
Հարավային Ամերիկայի կենտրոնում
մյուս հինգ երկրներով
շրջապատված
գտնվում է մեր երկիրը
որի ներսում երևակվում է
Անդերի լեռնաշղթան
իր բարձրաբերձ պահապան ոգի- լեռներով
սարահարթն ու մեծ լիճը կիսված [6]
ահռելի դաշտավայրը զմրուխտ
խոնավ բծերն անտառների
ու Ատլասի փայլուն թղթի վրա
բարալիկ օձերի նման
հրաշք ամազոնյան գետերը ձգված
ծովից հեռու են սահմաններն երկրի
որ միշտ ներկված են կապույտ
ասես մեզ հույս տվող գույն
է՛լ ավելի հեռու ենք մենք՝
այյուներս
այնքան հեռու որ մեզ չենք գտնում և ոչ մի Ատլասում։

(«Կիպուս»[7] ժողովածուից)

[1] Ալպակա – ուղտայծի տեսակ։
[2] Վիկունյա – լամայի տեսակ։
[3] Կարա Կատու – տեղանք Բոլիվիայի Լա Պաս նահանգում։
[4] Այյու – տեղաբնիկ էթնիկական ցեղակից խումբ։
[5] Այմարա – Բոլիվիայի ամենամեծ էթնիկական խումբը։ Այմարաները նաև Պերուում են բնակվում։
[6] Նկատի ունի Տիտիկակա լիճն ու Կոյաոյի սարահարթը, որոնց մի մասը պատկանում է Բոլիվիային, իսկ մյուսը՝ Պերուին։
[7]Կիպու(ս) – թարգմանաբար՝ «հանգույց(ներ), կապ(եր)», Անդերում բնակվող ինկաների և նրանց նախնիների մնեմոնիկա և հաշվեհամակարգ, յուրօրինակ գիր, որն իրենից ներկայացնում է բրդյա կամ բամբակյա թելերի բարդ միահյուսում և հանգույցներ։

 

Երկինք ու Երկիր

Ձեզ համար ամենավեհ բառը Երկինքն է
մեզ համար ամենավեհը՝ Երկիրը
դուք Երկինք եք նայում
փնտրելով հույսեր
մենք Երկիր ենք մշակում
բացահայտելով հույսեր
Երկնքով հիացած
չեք մտահոգվում
Աշխարհի հարատևությամբ
Երկինքն ընդամենը
գլխներիդ վերևում եղածն է
իսկ մեզ համար՝
մեր ոտքի տակինը։

(«Կիպուս» ժողովածուից)

 

Արարում

Ասաց Աստված լույսը մարե՛ք
հագուստդ գետին ընկավ
ու աշխարհը լուսավորվեց։

(«Լուսինը սավանների մեջ» ժողովածուից)

 

Մենք

Այնքան հաճախ մենք էինք
որ կամաց-կամաց մոռացա
որ դու դու էիր իսկ ես՝ ես:
Այսօր այդքան տարի հետո
զարմանում եմ որ դու դու չես ու ես էլ՝ ես

(«Գիշերային հաշվառում» ժողովածուից)

 

Ծիտիկներ ու պոեմներ

Բանաստեղծ Նունո Խուդիսեի [1] ասած
երբ ցանկացել էր գրել ծիտիկի մասին
սա թռել-գնացել էր նրա պոեմից։
Ես ուրիշ կերպ վարվեցի․
սերմեր շաղ տվեցի պոեմի տողերով
ու ծիտիկներն եկան։

(«Թռիչքի վերակառուցում» ժողովածուից)

[1] Նունո Խուդիսե – պորտուգալացի բանաստեղծ, արձակագիր, էսսեագիր և դասախոս։ Ներկայում Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «Colóquio-Letras»  ամսագրի  գլխավոր խմբագիրն է։

 

Կանանցով լի էջ

Առավոտվա կանայք
զբոսնում են քաղաքի շուկայով
ասես թռչուններն այգով․
մրգերից անցնում են ծաղիկներին,
բանջարեղենից՝ մսեղենին
ու թևածում են
թռչնի պես որ մի տեղ ուզում է նստի։
Առավոտվա կանայք
շուկան վերածում են
Դրախտի։

(«Թռիչքի վերակառուցում» ժողովածուից)

 

Ասք

Իմ գյուղում
ձկներն ապրում են
թռչունների աչքերում,
երբ թռչունները քաղցում են
թռչում են լճակ ու արտասվում են
ամեն մի արցունք մեջը ձուկ ունի,
հետո խաղ են անում իբր դրանց որսում են։

 

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս-Տեր Ղևոնդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *