Վալերիա Գրիգորյան | Էհ

«Տոտո՛, այս անգամ քամին ոնց որ թե ուշանում է»:
Դորոթի Գեյլ

 

2 ՜C

Վաղուց էր սպասում։ Թվում էր՝ ուրոր է։
Բայց ամենն իր դադարումի սկիզբն առավ հանկարծ, –
կրկին՝ անդարձ․
կոպերի մկաններն առաջինը իմացան հողում
ճյուղավորվող արմատացում անշարժության,
ներսակողմում արահետներ անտառային,
ամառվակես մայթակերպի աչքերիզող – ցավ։

Այդ նույն պահին կոկորդի կենտրոնում հորանջ աճեց ու
օղակվեց վզին, հենվելու կարոտը կուլ տվեց
իրանը, մի անհայտ նվագ շվարած վերջույթները
հիպնոսեց, թունել վազող գետից գոյացավ մի հսկա լիճ։

Իսկ անտառում այդ նույն պահին բազմաթիվ ու բազմազան
ծառերից մի ծառ սայթաքեց-ընկավ։
Նրա տապալումը մեկին դարձավ կացարան, մյուսին՝ վառելիք։
Փշրվեց մի կկու, երկու կանաչ թութակ, ոմն ափեզրի ուռի։

Մեկ այլ վայրում՝ ոչ այդքան հեռու, բայց և դժվարամուտ,
օրամիստարին խլացրեց արձագանքը դարի
(այն չէր խիզախում լաքապատ փտարանի շեմն անցնել)․
անհետացել էր ահան ու հիման կապող պարանը․
ազատության դառնահամից լեզուդ խլուրդի էր վերածվել։

Մի քանի թվի մեջ հիմա ամենը միայն մատնանշում է երկիր
մոլորակի վրա մի ինչ-որ տեղ, մի ինչ-որ երբ մարդու
մարմին եղած լինելը, ուրիշ ոչինչ։
Նա վերջապես ժամանակների արանքում ունի իր տեղը –
կեսկույր կեսխուլ ծեր ժամագործն իր մոլորված գնացքում։
նրա խլությունը գերազանցում է,
նրա համրությունը կլանում է առ-ողջ, ողջատյաց ու ողջածին
այն պարադոքսալ աղմուկը, որը մենք սիրում ենք, որը կյանք է՝
լույս տաք բարի բացերանգ

հրեշտակի մարմին, – նույնքան զզվանք ու սարսափ –
խոնավ, սառը, հազարաչքանու եռագալար ինքնանմանում,
սայթաքում է ու հար նույն փոսն ընկնում, միշտ նույն։

 

մեկնում

հեռանալուց առաջ հիշել ուրվագիծը իրերի կիսամթում
մի լուսնամուտ լուսամուտի դիմաց
առաստաղի գանգատներից հոգնած
հայացքով քրքրել տանիքների կարկատանները կարկտահար
– արնաքամ վիրակապերիդ տակ ի՞նչ ունես թաքցրած, տու՛ն
– ոչինչ, այստեղ կաս միայն դու
քաղցած պատկերներից փախուստ
դեպի կուշտ տեսարաններ
փամփուշտ թեկուզ
ստվերները նույնն են ամենուր
ամեն դեպքում
մոռանալ, որ պատուհանը բաց է ու բացել այն նորից
լսել աղմուկի հոսքը սպիտակ երկնքի տակ
աղյուսակ կազմել աղմուկներից
ըստ ցավի ուժգնության աստիճանի
սպիներից սյուներ
սյուներում ոչինչ կամ սպիտակ օրեր
սպասել, երբ աղմուկը
նստվածք ուղեղի հատակին
հենց այնտեղ, ուր հիշողության պատասխանատուն
դեղին կներկի հեռուները
էլեկտրականացնի երազները
ուր զարդ է մարդը դարի վզին

 

հերթ

արկըղ սընդուկ ու տուփ
գանգադարանի մատույցներում
մեկը պայծառ մյուսը վստահ այլ մեկը ուրախ
մյուսը փակ մեկը բաց ու դատարկ
մեկում նեխում մյուսում այրում
երրորդը միայն վերջում է բացվում
օրորոցում խեղդած օրերից պարան են հյուսում
այս կողմից այն կողմ

այն կողմից այս կողմ
գնորդը կանխազգաց ուղեցանց շղարշներ
մակընթաց տիրույթում անմկան ոսկոր
ուղեղը գոլորշի երկինք բարձրացող
շրջապտույտ քշվող վայրի ձիերը հյուսիսից հարավ հողմերը հարող
(պայտերը հողի հարվածից խրվում են խորքը կմախքի)
բարի բժիշկը բեռլինի նայում է ալիքներին
նրանք քեզ չեն օգնի
այլևս ոչինչ չի օգնի
մեկ երկու մեկ․․․
կանգնե՛լ
մեխ-երդում երթումի հերթում
երրորդը բացվում է վերջում

 

կայարան

Երկաթե զորքի միակ ջահակիր զինորի թիթեղյա բերանում,
որն, ի դեպ, միայն ներսից է բացվում՝ նույնիսկ դրսկանների դեպքում –
սարդեր՝ կայուն ներգաղթի աճով, մկների բազմացումը ստորկահույքային ուղիներում վկայող խըրթոց, չըրթոց, թըմփոց ու
մի միակ մարդ – հետևողական ինքնասպան․
պատրաստ ամպից ամպ գլորվել,
միայն թե մոռանալիքի մնացորդը, նույնիսկ եթե
հողն ընկավ, հիշողության ալիքի հետ ափ չհասնի։
Իսկ դրսի աղմուկը ներսի աղմուկից խաղաղ լարեր է ձգում,
հետագայում ծունկը ճակատի հետ որ միանա։
(բայց լույսը համառորեն սպասում է,
սպառվում է հայելու համբերությունը)
Հիշողությունը տեղանքով հիշեցնում է միայն երևակայության
սահմաններում տեղավորվող սարսափ-անիվը․
բարակել է երազը իրականից բաժանող քամին,
հատ-հատ կորսվում են նրա երբեմնի շքեղ վարսերը․
ծանր ու մոխրաձև անձրևի հետ մեր ոսկորներում
զարթնում են հեղուկ ապակու տակ անզգայացած միջատներն ու կրծողները։

 

բոլորիս աղբավայրը

մի կիրակի դարափոսում փնտրեցի
եռահարկ շենքեր
առագաստի դարձերեսին գտա
տարօրինակ նախշեր
բայց չգիտեմ ինչպես դառնալ կամ
գոնե կեսից կամ վերջում ինքնակամ
ձեռք տալ մահվան

այստեղ կան բաժակներ փշրված
բաժակներ անպարունակ
բայց կենդանի թե մեկ այլ կերպ
ես շպրտված եմ այստեղ –
ուշացող լույսի դավ

ինքնապտույտ անիվ իմուքո ներսում
քաջընթաց դեպի ետդարձ
– գոնե դուք, տիկին կարուսել, մեզ տեղ կհասցնե՞ք
ինձանով անցնող միկրոկոսմ
իմ քաղաքի նմանակ
մեր ձախորդության բույնը
սև լեղի կաթնատամի տակ
դատապարտված քաղաք
բաժակներում տագնապից պղտորած
կարմիր ժանգ
ամեն մի տարածք շուրջպար բռնած աղբի խրախճանք
– ինչի՞ն է պետք օվկիանոսին ավազն անհատակ
– ձկնիկների՞ն գերեզման-տնակ

դատապարտված քաղաք
ուր լինում են ու չեն լինում
բոլոր ժամանակներում միակազմ
բոլոր տարածքներին համասեռ
բոլոր ուղիներից հեռու –
ուռած երակները գծագրի կաշվին

դատապարտված քաղաք
ու մի քանի պտույտ վերև
մութը հանգավ աստղերի ահռելի
մեռելակույտին լույս բաշխելով
ու մի քանի պտույտ ներքև
ամեն մի անցորդի աչքերում
շան երախից քաշած աշունը
բոլոր նրանց բերելով փորձանք
իր տերն է ճանաչում ու նրանք ինքնամոռաց
սկսում են հաչել արևի վրա, արևի համար, արևի դրդմամբ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *