Նարինե Կռոյան | Ես դուրս կգամ

Օր առաջին

Իջա բակ: Այնտեղ ինձ դիմավորեց ծանոթ փայտե շունը և խնդրեց լվանալ իր սմոքինգը: Ասաց, որ կարևոր տեղ է հրավիրված: Ասացի՝ լավ, սակայն տեսնելով ձկնավաճառին, որոշեցի սպասել: Ձկնավաճառն ինձ առաջարկեց ընտրել առաջին իսկ պատահած ձուկը և մտնել նրա մեջ: Ասաց, որ իր ձկների թարմությունը ստուգելու համար է:
Ձկնավաճառի սայլակի մեջ միայն մի ձուկ կար: Ես հենց նրան էլ ընտրեցի և մտա ձկան փորի մեջ:
Այնտեղ մեծ ցուցափեղկի վրա անթիվ-անհամար ձկներ կային, որոնց նեխահոտն անտանելի էր:
Քիթս սեղմած դուրս եկա ձկան փորից և ձկնավաճառին ասացի, որ իրենից էլ ոչինչ չեմ գնի, որովհետև նրա բոլոր ձկներից զզվելի հոտ է գալիս:
Ձկնավաճառն ասաց, որ զզվելի այդ հոտն իմ վրայից է, և ինչ-որ տեղ մտնելուց առաջ ինձ առաջարկեց լողանալ:
Փայտե շունը համամիտ էր նրա հետ.
– Հրաշալի է. դու կարող ես հագնել իմ սմոքինգը:
– Ինչո՞ւ,- զարմացա ես:
– Դու կարող ես իմ սմոքինգը հագած լողանալ: Մի լողանալով՝ երկու նապաստակ,- ասաց փայտե շունն ու հեռացավ:
Ես չէի ուզում լողանալ, մանավանդ որ շան սմոքինգը չէր կարող իմ հագով լինել կամ էլ՝ …. փայտե շունը ե՞ս էի:

Օր երկրորդ

Հավանաբար լողացել էի. և՛ փայտե շունը, և՛ ձկնավաճառը նույն կարծիքն ունեին:
– Ինչո՞ւ եք այդքան համոզված, եթե չեք էլ ուզում մոտենալ ինձ,-ասացի ես:
– Դու խոնավ հետքեր ես թողնում գետնին,- միասին արտաբերեցին նրանք:
Այդ պահին մի շնիկ սեղմվեց ինձ, դողդղաց, և ոտքիս մոտ փոքրիկ լճակ գոյացավ:
Սմոքինգն ինչպես միշտ լուռ էր:
Ե՛ս չէի պատրաստվում լռել.
– Տեսա՞ք, որ խոնավ հետքը միայն լողանալուց չի լինում:
– Առավել ևս՝ քեզ իմ ձկներին մոտ չեմ թողնի,- քրթմնջաց ձկնավաճառը,- քո վրայի գարշահոտությանը մեկ ուրիշն էլ ավելացավ:
Փայտե շունը նեղսրտեց.
– Եթե շուն է, ապա անպայման գարշահոտությու՞ն …
Ձկնավաճառն ասաց, որ ցավում է իրեն ճիշտ չհասկանալու համար, ներողություն խնդրեց ու հեռացավ:
Փայտե շունը երկար մտածեց, հետո մոտ եկավ ու ոտքից գլուխ հոտոտեց ինձ.
– Քո բնական հոտն է՝ գար-շա-հո-տու-թյուն:
Ես տխրեցի.
– Բայց չէ որ շնիկը, իր կարիքը հոգալու համար, մեր երեքից հենց ինձ ընտրեց: Ուրեմն՝ միայն ի՛նձ վստահեց:
Փայտե շունը, չլվացված սմոքինգն ու ես երկար լռեցինք և որոշեցինք, որ վստահելի լինելը մաքուր լինելուց կարևոր է:

Օր երրորդ

Ես այնուամենայնիվ լողացել էի, որովհետև դրանում համոզված էին և՛ փայտե շունը, և՛ ձկնավաճառը, իսկ դա նշանակում է, որ ես արդեն բակում էի:
Ձկնավաճառը մոտեցավ ու հանդիսավորությամբ սեղմեց ձեռքս.
– Այսօր Դուք ուրիշ եք, և ես ուրախ եմ իմ ձկների համար:
Ես շնորհակալություն չհայտնեցի: Հասկացա, որ լողացած մարդկանց պետք է «Դուք»-ով դիմել, սակայն այդպես էլ չմտաբերեցի՝ լողացե՞լ եմ, թե՞… Սակայն սմոքինգն ամբողջությամբ թաց էր, տեղ-տեղ էլ՝ փրփուրի մեջ կորած, իսկ դա անպայման պատճառ պիտի ունենար:
Մոտեցավ նաև փայտե շունն ու կրկին հոտոտեց ինձ: Հետո մտազբաղ պտտվեց իր անշարժ պոչի շուրջն ու նստեց.
– Լավ չէ:
– Ինչո՞ւ,- միաժամանակ հարցրեցին բոլորը՝ փայտե շնից բացի, այդ թվում նաև ես:
Փայտե շունն ասաց, որ ես կորցրել եմ իմ հոտը, և ինքն այնքան էլ վտահ չէ, թե իր դիմաց կանգնածը ես եմ:
Նրան չհամոզեց նույնիսկ իմ հագի չքամված սմոքինգը, քանի որ այն «կարող էր նաև կասկածելի տարրերի ձեռքն ընկնել»: «Կասկածելի տարրերի» մասին փայտե շունն էլի խոսեց և ասաց, որ աշխարհի բոլոր շների գործը հենց դրանց բռնելն է:
Ձկնավաճառը հանկարծ փոխեց իր տեսակետն ու փնթփնթաց, թե անհայտ մեկին չի թողնի մտնել իր՝ անգամ անգին ձկան փորի մեջ:
– Գուցե Դուք ահաբեկիչ եք, պարոն, և պատրաստվում եք պայթեցնել իմ բոլոր ձկներին,- ձկնավաճառը հուզվեց և մանկական ձեռնասալակի մեջ քնած իր միակ ձկան հետ արագ հեռացավ:
«Անգին»-ը մնաց չհասկացված, սակայն բոլորի համար պարզ էր, որ մաքրությունը կարող է լինել տհաճ և չափազանց կասկածելի:
Հետո սմոքինգը, ոտքից գլուխ նայելով իր վհատ տեսքին, հայտարարեց, որ կորցնելով սեփական հոտը՝ մենք կորցնում ենք մեր ինքնությունը:
Ես ու փայտե շունը դեռ երկար լսեցինք նրա ոչինչ չասող մտքերը, որովհետև սմոքինգը գլուխ չուներ, սակայն բոլորի նման ուներ բերան:

Օր չորրորդ

Իջա բակ, և պարզվեց, որ ես ոչ միայն խոնավ սմոքինգով եմ քնել, այլև հասցրել եմ այն անդառնալիորեն ճմրթել: («Անդառնալիորեն»-ն, իհարկե, սմոքինգն ասաց):
Ձկնավաճառը, որ պատրաստվում էր գնալ առանց ինձ բարևելու, որոշեց չհեռանալ և ասաց, որ ինձնից ուրիշ բան չէր էլ սպասում:
Հետո փայտե շունը եկավ և տխուր ինձ նայեց.
– Հիմա ես ի՞նչ եմ անելու: Ինձ ոչ ոք շան տեղ չի էլ դնի:
– Ես կարդուկեմ,- փորձեցի մխիթարել նրան,- ես գոլորշի փչող արդուկ ունեմ:
Ձկնավաճառն ասաց, որ փչողը ես եմ, սակայն, ճակատը տրորելուց հետո, անսպասելի մոտեցավ և գրկեց ինձ: Այնքան ամուր սեղմեց, որ նույնիսկ ձեռքերս չկարողացա շարժել: Հետո ետ-ետ գնալով ասաց, որ ինձ անհրաժեշտ է վտառել:
– Վտարել, վը-տա-րել: «Վտառելը» սխալ է:- միջամտեց սմոքինգը:
Նա բացատրեց նաև, որ վտարելը վտառի հետ կապ չունի, որովհետև ես չէի կարող միաժամանակ լինել «ես» և ձկների մի ամբողջ բազմություն:
Ձկնավաճառն ասաց, որ իրեն վիրավորված է զգում և պատրաստվեց հեռանալ:
– Մի րոպե,- նախկին տխրությամբ նրան կանխեց փայտե շունը և ոչինչ չասաց:
Սմոքիգը, չնայած տեսք չուներ, նորից խառնվեց մեր խոսակցությանն ու ասաց, որ նրան, ում պատրաստվում են վտարել կամ վտառել սովորաբար այդքան ջերմորեն չեն գրկում, և բոլորը սմոքինգի տեսքով նայեցին ձկնավաճառի կողմը:
– Ինչու՞ եք ճմրթվում: Ձեզ համար արեցի. պարզապես ուզում էի համոզվել, որ նա վտանգավոր չէ,- ասաց ձկնավաճառն ու գնաց:
Ես մտածեցի, որ երբեք այնքան խելացի չեմ լինի, որքան ձկնավաճառը և որոշեցի այսուհետ նրան Ուսուցիչ անվանել:
Ուսուցչից այդ օրը սովորեցի մոտ, շատ մոտ լինել վտանգավոր մարդկանց. այդպես նրանք չեն կարողանա ազատ գործի դնել բռունցքներն ու, ասենք, խփել ում պատահի:
Ուրեմն՝ գրկելը ամենախելացի ու ամենալավ բանն է աշխարհում:

Օր հինգերորդ

Ես դարձյալ իջա բակ:
Փայտե շունն անտանելի տխուր էր:
Նստեցի նրա կողքին և սկսեցի ոռնալ: Հետո հաչեցի՝ նմանակելով իմ իմացած բոլոր շներին: Մտքովս հանկարծ անցավ, որ փայտե շանը երբևէ հաչելիս և ոռնալիս չեմ տեսել:
Ոչ ոք չարձագանքեց:
– Տեսա՞ր,- հաղթանակած դիմեցի փայտե շանը:
– Ինչը՞….
– Հաչեցի, նույնիսկ ոռնացի, սակայն ոչ ոք ինձ շան տեղ չդրեց:
Շունը չժպտաց.
– Դա ինձ չի մխիթարում:
– Ինչո՞ւ ես ուզում, որ քեզ շան տեղ դնեն,- պնդեցի ես:
Փայտե շունն ասաց, որ ես իրեն չեմ հասկանա, սակայն այդպես ինքն իրեն գոնե մի քիչ մարդ է զգում:
Ես նրան չհասկացա:
Բայց քանի որ անելու ուրիշ բան չկար, որոշեցի ուսումնասիրել փայտե շան դեմքը:
Նա հաստատ ժպտալու համար չէր ծնվել. կախ ընկած մռութ, կնճիռեր, թախծոտ աչքեր… Փայտե շունը չէր կարող տխուր չլինել:
Ես նորից էի պատրաստվում ոռնալ, սակայն այդ ընթացքում հայտնվել էր ձկնավաճառը և ուսուցչի նման մտածկոտ ետուառաջ էր քայլում:
– Նրան հենց դրա համար են ստեղծել, որպեսզի տխուր մեկը տխուր մեկ ուրիշին տեսնելով՝ մխիթարվի: Այդպես հեշտ են ապրում,- ամեն բան տեղը դրեց Ուսուցիչն, ու բոլորս, որքան կարողաանք, ժպտացինք:
Պարզ էր, որ աշխարհում փայտե շան հայտնվելը պատահական չէր. նրա տխրությունը ուրիշ մեկին ուրախացնելու համար էր:
Իսկ ե՞ս…. Ես ինչո՞ւ էի հայտնվել աշխարհում:

Օր …..
Հաշիվը կորցրել եմ

Բոլորս բակում էինք:
Ես, մեղավորության անչափելի զգացումով, փորձել էի ուղղել փայտե շան սմոքինգը, բայց այն որոշել էր մի քանի տեղից պատռվել և անսպասելի դարձել էր փայտե շան հագով:
Ցնծում էինք բոլորս:
Փայտե շունը մեզ շնորհակալություն հայտնեց իր ուրախությունը կիսելու համար և ասաց, որ այլևս չի ուզում, որ իրեն շան տեղ դնեն:
Սմոքինգի կտրված թևերն ու ոտքերը ծափահարեցին նրան:
Ծափահարեց նաև ձկնավաճառի խանութի ողջ անձնակազմը:
Սմոքինգը հանկարծ ասաց, որ պահը հրաժեշտի է նման, և բոլորս տխրեցինք:
Ձկնվաճառն առաջարկեց ռոդեո խաղալ, և բոլորս նորից ուրախացանք:
– Սակայն վայրի ցուլեր կամ ձիեր որտեղի՞ց,- հարցրեցի ես:
Բոլորը գլխով արեցին:
Ձկնավաճառն առաջարկեց իր ձկներին հեծնել և ասաց, որ նրանք ևս թամբի սովոր չեն:
– Գիտե՞ս, ասում են՝ ձկնավաճառը բոլորովին էլ ձկնավաճառ չէ. բակում ոչ ոք նրանից դեռ ձուկ գնած չկա,- ականջիս ժպտաց փայտե շունն ու թռավ կողքով անցնող ծածանի մեջքին:
Շուտով բակը վերածվեց խանդավառ մի կրկեսի, որտեղ ամեն բան այնքա՜ն կարմիր էր, այնքա՜ն կապույտ էր ու այնքա՜ն ոսկեգույն ….և յուրաքանչյուրը սլացավ այնտեղ, որտեղից եկել էր:

Երեկ

Ես հագուստի պահարանում էի՝ հայրիկի հնամաշ կոստյումի վրա նստած: Մի ժամանակ հայրիկն իր կոստյումը սմոքինգ էր անվանում: Հայրիկը պատերազմում ոտքն էր կորցրել, և սմոքինգն այլևս նրա հագով չէր: Երևի հենց դա էլ զայրացնում էր նրան: Հայրիկն ամեն օր հարբում էր և ծեծում մայրիկին, իսկ ես վախկոտի պես թաքնվում էի պահարանում: Լինում էր, որ հենց այնտեղ էլ քնում էի: Երազում նրա կտրված ոտքը երկարում էր, և սմոքինգը կրկին նրա հագով էր դառնում: Հետո պահարանի դռան արանքից թափանցող լույսն ու ծանոթ աղմուկն ինձ նորից էին արթնացնում:
– Տղադ չի մեծանում: Ո՞նց է վաղը զինվոր դառնալու: Հենց առաջին վայրկյանին կխփեն,- հայրիկը հենակները հատակին էր նետում և ձգվում դեպի հեռուստացույցի վահանակը:
Մայրիկը մեղավոր պտտվում էր նրա շուրջը, իսկ ես սպասում էի նրա հերթական ծեծին:
– Տես, թե ինչով է տղադ դեռ խաղում,- հայրիկն օդում թափահարում էր իմ սիրելի խաղալիքը՝ օրորվող գլխով փայտե շունն ու շպրտում պատին:
Մայրիկը միշտ անձայն էր լաց լինում: Ես դեռ անձայն չէի կարողանում: Դրա համար էլ երևի հայրիկն ինձ միշտ գտնում էր:
Հիմա էլ մայրիկը կռացավ՝ հայրիկի կոշիկը հանելու և հանկարծ պարզվեց, որ, մեկի փախարեն, երկու հողաթափն է բերել:
Ինչու՞ է մայրիկն ամեն անգամ ինչ-որ բան սխալ անում: Ինչու՞….
Հայրիկը հայհոյեց, վեր կացավ տեղից և մի ոտքի վրա ցատկոտելով՝ հասավ մայրիկին: Հաստատ նրա հարվածներից չէր մայրիկն արտասվում, իսկ հայրիկն անընդհատ ասում էր, որ միայն մի բան է ուզում այս աշխարհից, ուզում է, որ իրեն գոնե այս տանը շան տեղ դնեն: Ես լալիս էի և սարսարփից տակս թրջում: Հետո հայրիկը բացում էր պահարանն ու մայրիկին ավելի ուժգին էր խփում.
– Գիշերն էր տակը թրջում, հիմա ցերեկն էլ է տակն անում: Սրա վրայից մարդահոտ էլ չի գա:
Եվ այսպես ամեն օր:

Այսօր

Ձկներն ինձ վերադարձրել էին պահարան, և ես տեսնում էի այն, ինչ տեսնում էի բոլոր երեկների ժամանակ: Բայց այս անգամ ես տակս չեմ թրջի: Դուրս կգամ պահարանից ու կվազեմ դեպի հայրիկը: Ամուր-ամուր կգրկեմ նրան, որպեսզի նա տեսնի, թե իրականում ինչքան ուժեղ եմ, և կվախենա խփել մայրիկին:
Նա հաստատ կզարմանա, հետո հանկարծ կթուլանա ու կփլվի աթոռին:
Ես էլ կթուլացնեմ գիրկս, բայց թևերս չեմ հեռացնի:
Մայրիկը կգա, կնստի հատակին ու գլուխը կդնի հայրիկի միակ ոտքի վրա՝ մինչև մյուսի երկարելը:
Հետո կասեմ, որ ես էլ եմ ուզում կտրել ոտքս, որպեսզի մենք առաջվա նման լինենք:
– Ձուկ, թարմ ձուկ,- պատուհանի տակ կկանչի ձկնավաճառը, և սենյակը կլցվի ձկների արծաթագույն վտառով ու թարմությամբ: Նրանք մի քանի պտույտ կանեն առաստաղի տակ ու բաց պատուհանից նորից դեպի բակ կթռչեն:
Ձեռքերս վերջապես կհոգնեն ու բաց կթողնեն աթոռի վրա նստածի մի տեսակ ճմրթված մարմինը, սակայն ինձ ու մայրիկին հանկարծ ուրիշ թևեր կգրկեն: Դրանցից հայրիկի առաջվա հոտը կգա, որի մեջ այնքան սեր կա, այնքան քնքշություն, որ մեզնից, հորս ոտքի հետ, գողացել և դեռ գողանում է պատերազմը:
Ես … դուրս կգամ պահարանից:
Ես դուրս կգամ:

12.08.2021թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *