Արցախցի Բելկայի պատմության առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
2021թվական, ընդմիշտ ՝ երկուշաբթի:
Իմ տունը. Արցախ, Վաղազին
Պատին գրված «Սիրեցեք իրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք» բառերն առաջինն էին կյանքումս, որ ես կարդացի:
Շատ տարբեր գրվածքներ կային՝ տարբեր թեմատիկայով: Ընդհանրապես աղջիկների տունը յուրահատում էր. փոքրիկ՝ չափսերով, բայց մեծ ՝ երազանքներով:
Ես մի քիչ վաղուց էդտեղ չեմ ապրում: Այս նոր տեղում, որքան էլ զավեշտալի, տարօրինակ, կամ երկուսը միասին հնչի, կիսատ, սխալ-պռատ քարտեզներ չկան:
Այստեղ ամեն ինչ շատ պարզ է ու շիտակ:
Իմ գերեզմանը Քաշաթաղի ձորերում և տունս ու տանս պատին վարդագույնի և կարմիրի մեջտեղներում մի երանգով գրված ՝ այստեղ ապրել է Բելկան, մնաց:
Բայց դա հեչ: Դա այսպես թե այնպես մնալու էր:
Մեր տան կողքին ապրում էին ընկեր Սուղյանենք. Սուղյանը, իր աղջիկ Անոն ու իմ ընկեր Քութոն: Պատմել եմ իրենց մասին: Յուրահատուկ տուն է: Ընկեր Սուղյանը էն վառ ապացույցն է, որ խանդավառությունը ու նպատակը միշտ հաղթում են, ուղղակի էդ ամեն ինչի հետ պետք է նաև աշխատասեր լինել, շատ աշխատասեր:
Նա ոչնչից կարողացել է տարիների քրտնաջան աշխատանքով տնտեսություն դնել, անտառներում տըկողեն-ճըղոպուր թափ տալով /ի միջի այլոց, հեշտ չի/ ու վաճառելով տան բախչայում վարունգ, լոլիկ, ռեհան ու համեմ ցանել, կարուձև անելով մի կով գնել, մի կովից 15-ին հասցնել, պանիր գցելով ու վաճառելով մեղվի փեթակներ գնել, դպրոցում դասավանդելով՝ մի թոռան ուսման վարձը օգնել, մյուսի ամեն մանր-մունր ծախսը փակել:
Ընկեր Սուղյանը առավոտյան շուտ արթնացող տան գործերն անող, կարագ-մածունը սարքող, հետո էլ նոր լվացած սիրուն շորերը հագած դասի գնացող ու դպրոցում ուսուցչի ու ուսմասվարի պարտականությունները 100%-ով կատարող կերպար է:
Ընկեր Սուղյանին Քաշաթաղում բոլորը գիտեին. գիտեին որպես ուժեղ մարդ, ով ոտաբոբիկ կողքի գյուղից տուն է հասել, որովհետև կոշիկը պատռվել էր, իսկ էրեխեքին պետք էր «Բելոչկա» կանֆետից հասցնել, ով փայտը սեփական ձեռքերով է կոտրել պետք եղած ժամանակ, որ տանը ոչ ոք չսառի, ում պանիրը ամենախնամքով է սարքած ու միշտ համով է ու մաքուր, հաճախորդները հերթ էին կանգնում, ով էդքան ծանրաբեռնված լինելով՝ հսկում էր նաև մնացած բոլորի կով/ցուլ/ոչխար/խոզերին, քանի որ բոլորին իր ընտանիքի անդամի պես սիրում ու հարգում էր:
Ընկեր Սուղյանը ուժեղ ու սիրուն կին է:
Արցախը ու ընդհանրապես ամբողջ Հայաստանը ուղղակի հողակտոր չէ. մարդիկ են, որոնք ապր….
Այստեղ ՝ երկնքում, որքան էլ զավեշտալի, տարօրինակ, կամ երկուսը միասին հնչի, կիսատ, սխալ-պռատ քարտեզներ չկան:
Այստեղ ամեն ինչ շատ պարզ է ու շիտակ:
Սուղյանենց կողքի տունը իմ «հայրական» տունն է՝ Ֆելո ձյաձյայի, Վարդիկ տոտայի, Տաթևի ու Միքոյի տունը:
Վարդիկ տոտան ու Ֆելո ձյաձյան Վաղազին գյուղի առաջին վերաբնակիչներից էին. եկել էին 1996 թվականին իրենց փոքր դստեր հետ:
Պատկերացնում ե՞ք՝ ապրել մի վայրում, որտեղ դու մենակ ես: Քիչ է մենակ ես, մի հատ էլ լույս չկա, ջուր չկա, գազ չկա (մինչև վերջ էլ չեղավ), նորմալ ճանապարհ չկա, դե մնացածի մասին խոսելն ավելորդ է, եթե թվարկածներս չկային ի՞նչ խանութ-մանութի մասին է կարելի երազել:
Ֆելո ձյաձյաենց ընտանիքը ինքնուրույն, մեկը մյուսին թև ու թիկունք լինելով դիմակայեց: Հետո եկան ընկեր Մկրտչյանենք.
Ընկեր Մկրտչյանը՝ մեր սիրունագույն դպրոցի տնօրենը, իր ամուսինը ու երկու դեռահաս տղաները: Այդպիսով սկսեցին 7 հոգով ապրել գյուղում: Անցավ որոշ ժամանակ ու վերևի գյուղ (մենք ասում էինք 20) եկան ընկեր Սարգսյանն ու ընկեր Անուշը:
Հետո ևս մի քանի ընտանիք, որոնց ես չեմ տեսել: Երբ ես ծնվեցի, նրանք արդեն գյուղում չէին:
Քանի որ գյուղում երեխաները շատանում էին, մերոնք որոշեցին, որ անպայման պետք է դպրոց ունենան: Որոշեցին ու արեցին:
Ես արդեն պատմել եմ, թե որքան գրագետ ու ինտելեկտուալ կին է ընկեր Սուղյանը: Դե պատկերացրեք Վաղազինի բախտն էնքան էր բերել, որ նախ բոլորը կրթված էին ու խելացի, հետո էլ բոլոր ընտանիքներում կային կամ ուսուցիչներ, կամ բարձրագույն մաթեմատիկական գիտություններ ուսումնասիրած, համալսարանն ավարտած, այդ ոլորտում աշխատած մարդիկ: Օրինակ ընկեր Սարգսյանն ու ընկեր Անուշը, որոնք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն են ավարտել, փայլուն տիրապետում են մաթեմատիկա, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա առարկաներին: Ընկեր Մկրտչյանը ՝ աշխարհի լավագույն ուսուցիչներից, ով ոչ միայն փայլուն գիտի իր առարկան, այլ նաև միանգամից հասկանում է յուրաքանչյուր երեխայի (պատանու ամեն խոսքը, ժեստը, անելիք) չանելիքը:
Այդ մի քանի հզորներով ստեղծեցին Վաղազինի դպրոցը. էն դպրոցը, որի դռան մոտ ես մի ամբողջ դասաժամ պառկում սպասում էի մինչև աղջիկները գան ու գնանք տուն:
Հետո եկան Մազուլյանենք: Ես իրենց միշտ ազգանունով եմ ասում, որովհետև իրենք շատ են: Մազուլյանենք՝ Մարգո տոտայի ու Մարատ ձյաձյայի գլխավորությամբ, 14 հոգանոց ընտանիք են: Այսինքն Մարգո տոտան ու Մարատ ձյաձյան ունեն 12 զավակ:
Մեկը մյուսից հետաքրքիր, խելացի ու հավես:
Իմ ամուսին Դումանը իրենց ընտանիքում էր ապրում:
Երբ ես ծնվեցի, Լուսինեն ՝ Մազուլյանենց մեծ աղջիկներից մեկը, արդեն ամուսնացած էր Ռազմիկի հետ ՝ ընկեր Մկրտչյանի ավագ որդու:
Իրենք ունեին մի համով Արմենչո, ում կնքել էին ընկեր Մկրտչյանի ամուսնու անունով:
Մազուլյանենցից հետո եկան Մխեյանենք: Տաղանդավոր Ալինան, ուժեղ Սարգիսը հենց այդ ընտանիքից են: Սարգիսը բնիկ վաղազինցի է, հենց էդտեղ ծնված:
Այդ բոլոր հզոր մարդիկ բոլոր դժվարությունները հատ առ հատ հաղթահարեցին, ստեղծեցին իրենցը, գյուղը դարձավ գյուղ, էն էլ ինչ գյուղ, լույս եղավ, ջուր եղավ, տները վերանորոգվեցին, նորերը կառուցվեցին, տնտեսություն հիմնեցին, հողագործության շնորհիվ անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն ստեղծեցին, արեցին ամեն ինչ, որպեսզի կարողանան ապրել իրենց կտոր հայրենիքում:
Մեծ դժվարություններ տեսավ, բայց նաև մեծ տնտեսություն ստեղծեց ամենաերիտասարդ ընտանիքը ՝ Արմենենք: Արմենը ՝ կյանքս մի քանի անգամ փրկող Արմենը, իր երիտասարդ կինը Էմման, երկու որդիները ՝ Դավիթն ու Յուրին ու փոքրիկ գեղեցկուհի Լարիսան:
Արմենը երբեք չտրտնջացող տեսակ է: Երբեք: Իր հայրենիքի ամեն անկյունը կյանքի չափ սիրող, իր երեխաներին հենց էդպես դաստիարակած մարդ է: Էմման ուժեղ կին է: Դե պարզ է, եթե Արմենը ուժեղ չլիներ, Էմման նրան չէր ընտրի… Ու հակառակը:
Ես իմ ասածներում բազմիցս եմ համոզվել:
Մինչև դեկտեմբերի 1-ը Յուրին մնաց: Մնաց Քաշաթաղում: Սկզբում գյուղը հսկեց, հետո Բերձոր գնաց, երբ մարտերը տեղափոխվեցին Բերձորի մատույցներ:
Յուրին դեռ չէր զորակոչվել, տարիքը չէր հասել, բայց մինչև վերջ մնաց: Սկզբից մինչև վերջ:
Յուրիի հայրը ՝ Արմենը, գնաց կամավորական իր հայրենիքը պաշտպանելու ու հեչ չմտածեց, որ իր հողը իր տան դեմն ա ու վերջ: Մի տարօրինակ բան էլ ասեմ: Նոյեմբերի 10-ին, երբ ամեն ինչ պարզ դարձավ, այսինքն պարզ դարձավ, որ Վաղազինը, որտեղ 1 փամփուշտ չի կրակվել, մարդիկ պետք է լքեն, Արմենը չիջավ Հադրութից մեզ մնացած փոքր հատվածից, չիջավ, բայց կամավորական էր, չիջավ, բայց ընտանիքի հայր էր, դեռ պետք է տնտեսությունը փրկեր: Դավիթը, էն ժամանակ 1 տարվա ծառայող Դավիթը, տեսավ ինչ ասես, իսկ հիմա զորացրվել ու նոր տուն է սարքում, հենց բառիս բուն իմաստով:
Մխեյան Սաքոն ՝ էն ժամանակ կես տարվա ծառայող Սաքոն, հիմա իր ծառայությունն է շարունակում մեր լեռներում:
Ես չգիտեմ, չգիտեմ ոնց անցա այս թեմային… գյուղի մասին էի պատմում:
Ես ուզում եմ ասել, որ էստեղ վերևում ամեն ինչ շատ պարզ է, ու էստեղ սխալ-պռատ բաներ չկան: Էստեղ գիտեն, որ Վաղազինը հայկական է: Ու մի օր արդարությունը կվերականգնվի:
Իմացեք այս մարդկանց մասին: Ճանաչեք նրանց: Ու ընդհանրապես, ճանաչեք մեկդ մյուսին:
Այդ համատարած ատելությունը ոչ մի լավ բանի չի բերում և չի բերելու:
Սիրեք մեր հայրենիքը: Իսկ մեր հայրենիքը զուտ հողակտոր չէ. մարդիկ են, ապրող ու արարող, սիրող ու սեր տվող մարդիկ:
Ձեզ միշտ հետևող
Բելկա…