“Black is in fashion.”
Get Out
Ընդհամենը մի քանի տասնամյակ է, ինչ Ամերիկայի սևամորթները սկսեցին բացեիբաց երազել իրենց ապագայի մասին։
● Վաթսունականների սև ուսանողությունը ամերիկյան ոստիկանների խտրական դաժանություններին հակազդեց ազատ զենքի կրելու իրավունքը բանեցնելով։ «Սև Հովազ» խմբավորումը սկզբում իր վրա վերցրեց ԱՄՆ-ի աֆրոամերիկյան թաղերը ոստիկանական ոտնձգություններից պաշպանելու գործը՝ հետագայում դառնալով սոցյալ-քաղաքական և մշակութային աննախադեպ ուժ։
● Յոթանասունականներին Օկտավիա Բաթլերը սկսեց գրել աֆրոֆուտուրիստական առաջին գրական գործերը. նուրբ հակաուտոպիաների տակից ծլեց «Սերմնացանի առակը»։
● Սան Ռայի կոսմիկ փիլիսոփայությունն արդեն հասցրել էր երերել ջազաշխարհի նեղ շրջանակները։
● Ութանասունականներին քսանմեկամյա Ժան Միշել Բակսյատը նկարեց քաոտիկ նեո-էսպրեսիոնիստական «Անանուն»-ը, որը 2017 թ-ին ամերիկայի գեղանկարչության պատմության մեջ ամենաթանկ վաճառված գործը դարձավ։
● 2018-ում «Սև Հովազը» վերաիմաստավորվեց աֆրոֆուտուրիստական ուտոպիայի՝ համանույն կոմիքսի հիման վրա ստեղծված ֆիլմի շնորհիվ, որն էլ ավելի մասսայականացրեց սևակենտրոն ապագան։
Սևամորթ ստեղծագործողները դարեր շարունակ միայն կարող էին երազել իրենց ֆուտուրիզմի՝ այլընտրանքային ապագայի մասին։ Իսկ այսօր ավելի քան երբևէ ամերիկյան մեծ հրատարակչություններն ու կինեմատոգրաֆիան հետաքրքրված են նրանց գործերով։ Հատկապես հետաքրքիր է ժամանակակից գիտական ֆանտաստիկայի և ֆենթըզիի ժանրում ստեղծագործողների կարծիքն առ այն, թե ինչով է պայմանավարված նմանատիպ շարժը։ Այս մասին խոսեցինք «Սև Հովազը. Մարդն առանց վախի» կոմիքսների շարքի հեղինակի՝ Դեյվիդ Լիսի հետ։
Լ.Շ.
Դեյվի՛դ, մոտ երկու տարի դուք հեղինակել եք «Սև Հովազի» մի ամբողջ շարք, երբ այն դեռ այնքան հայտնի չէր, որքան այսօր։ Ինչո՞վ էր ձեզ գրավել կոմիքսը հեղինակելու Մարվելի առաջարկը։
Դեյվիդ Լիս
«Սև Հովազը» հետաքրքիր կերպար է։ Երբ ես գրում էի նրա մասին, շատերը հարցնում էին «Սև Հովա՞զ», «Էդ ո՞վ է, երբեք չեմ լսել»։ Միայն կոմիքսի լուրջ սիրահարներն էին իրենից քչից-շատից տեղյակ։ Բայց այս կոմիքսի հերոսներն Աֆրիկյան սփյուռքում ահավոր տարածված էին։ Ու երբ ես շփվում էի երկրպագուների հետ, աֆրիկայից սերած աշխարհի ամենատարբեր ծայրերից մարդկանց հետ, ինձ համար ակնհայտ էր, թե որքան կարևոր է «Սև հովազի» կերպարը հենց նրանց համար։
Լ.Շ.
Որքանո՞վ ֆիլմը նպաստեց առաջին աֆրոամերիկյան կոմիքսի և ընդհանրապես աֆրոֆուտուրիզմի նկատմամբ հետաքրքրության աճին։ Դուք հավանե՞լ էիք ֆիլմը։
Դեյվիդ Լիս.
Ֆիլմը մշակութային կարևոր պահին առաջ եկավ. իսկը ժամանակն էր։ Փոքրամասնություններն ուզում էին իրենց մասին պատմությունները լսելի դարձնել ավելի լայն զանգվածներին, նույնիսկ եթե դրանք ֆանտաստիկ գրականությունից էին։ Ինձ համար շատ կարևոր էր այդ զրույցների մասը լինելը, կյանքի բերել կերպարներ այն մարդկանց համար, ովքեր իրենցպեսներին կոմիքսներում երբեք չէին տեսնում։ Էկրանին տեսնել նման հաջողակ վերարտադրում հրաշալի էր, թեպետ չեմ կարծում, որ ֆիլմը հերոսների կերպարները ճիշտ է վերարտադրել։ Կոմիքսի կերպարները շատ ավելի բազմաշերտ ու հետաքրքիր էին։ Բայց դրա հետ մեկտեղ Վականդան ինչքա՜ն ուժեղ էր, վիզուալ վերարտադրումն ուղղակի շքեղ էր։
Լ.Շ.
Ի՞նչ եք կարծում, Հայաստանի նման երկրներում, որտեղ հասարակության էթնիկ զանգվածը միատարր է, ի՞նչ տարածում կարող է ունենալ աֆրոֆուտուրիստական մշակույթն ընդհանրապես։
Դեյվիդ Լիս
Չեմ զարմանա, որ, ասենք, Հայաստանում էլ «Սև հովազը» հայտնի դարձած լինի, չնայած ձեր երկրում չկա սևամորթ համայնք որպես էդպիսին։ Տասնամյակներ շարունակ «Սարդ մարդը» կամ այլ կոմիքսային հերոսներ ընկալելի են եղել ոչ միայն սպիտակ ընթերցողների կողմից, այլ բոլորի, որովհետև իրենց բնավորության գծերն ու պահելաձևը կամ որոշումները, անկախ ռասայից ու ազգությունից, հոգեհարազատ են շատերի համար։ Կարող ես ասել՝ էս կամ էն կերպարը իմ նման չի, իմ պես չի խոսում, բայց իմ պես է իրեն պահում։ Իրականում, գուցե, հենց սպիտակ ամերիկացիներին է ռասայական արգելքներ անցնելու ճիգ հարկավոր, որովհետև հենց մենք սովոր չենք առանց մեր ռասայի ֆիլմ դիտելու։ Եթե Ամերիկայի ռասիստական անցյալը չունես, ուրեմն ֆիլմի հետ խնդիր ընդհանրապես չպիտի լինի։ Հայաստանի նման երկրում, որտեղ կարծում եմ մշակույթի ներկրմանը սովոր են մարդիկ, անծանոթի հետ շփումը նորություն չի։ Ենթադրում եմ, որ մարդիկ ավելի սովոր են օտարին, դրսինին, քան մերոնք։
Աֆրիկյան Ֆուտուրիզմից զատ գոյություն ունի աֆրիկյան Ջուջուիզմը։ Այս երուսի տեքստերն էապես տարբերվում են իրարից։ Ջուջուիզմում աֆրիկական մոգական ռեալիզմի, ցեղակրոնական մոտիվների ու տոհմական ավանդակարգերի ֆոնին ստեղծվում են ապագա տեխնոկրատական աշխարհակարգեր՝ սպիտակ մարդու «հայացքից» ու պատմական հետքերից առանձին։ Իսկ «Սև Հովազ»-ի նման աֆրոֆուտուրիստական գործերը սովորաբար եվրոպական ու ամերիկյան ոճի հերոսականության պատմություններ են, թեև ֆիլմի տեղանքի դիզայնը «սիրային խոստովանություն» է Աֆրիկային՝ ներծծված Ուգանդայի, Ռուանդայի, Բուռունդիի, Կոնգոյի, Եթովպիայի ճարտարապետությամբ, ինչպես նաև Զահա Հադիդի դիզայնով։
Այդուհանդերձ, ֆիլմն առաջին հերթին սյուժետի վրա կենտրոնացած գիտաֆանտաստիկ մարտաֆիլմ է հիշեցնում, «ասելիքով» կոմիքս, որն իր գլխավոր անտագոնիստի միջոցով հակադրում է ավանդականությունը պրոգրեսին, իզոլացումը՝ գաղութացմանը, ազգային անհատականությունը՝ ռասայական անհատականությանը։
Վականդացի հերոսները նացիոնալիստ են, Քիլմոնգերը՝ անտի-հերոսը՝ էթնիթիստ։ Գլխավոր հերոս Տ’Չալլան հրաժարվում է գաղութարարներին գաղութացնելու, անօրակարգ «հեղափոխություն հանուն հեղափոխության»-ը գնալու գաղափարից ու ընտրում է ընդհանրական հումանիզմը։ Մարվելին հատուկ կոկիկ լավատեսություն, որի սյուժետամուխ դինամիկային հակառակ՝ Օկտավիա Բաթլերի ստեղծած գործերում սյուժեն ծառայում է կերպարներին, ոչ թե դառնում գործի շարժիչ։ Բաթլերի մոտ, մեծ նարատիվները հերոսների ետնաբեմն են, գործիքը, ոչ թե հակառակը։ Սա էլ ավելի դժվար է անել, երբ մի ամբողջ կոմիքսների շարք կամ գիրք պետք է տեղավորել երկու-երեք ժամանոց ֆիլմի մեջ։ Նույնիսկ այս տարվա ամենասպասված «Ավազուտ»-ի սյուժետակենտրոն էկրանավորումը չկարողացավ խուսափել կերպարների գերպարզեցումից՝ ստորադասելով նրանց կցկտուր սյուժետին, ներմուծելով չարդարացված սևամորթ հերոսի սեռափոխված կեղծ ներկայացուցչականություն, թուլացնելով, իսկ ավելի ճիշտ ընդհանրապես չխորանալով բնօրինակի կանացի գլխավոր հերոսի մեջ, ընտրելով միայն «ապահով» իրավիճակային գծեր ու ոճազուրկ լեզու՝ դարձնելով գիրքը… հերթական համահարթ կոմիքս՝ շքեղ վիզուալ արտադրանք։
Այդուհանդերձ և՛ «Ավազուտ»-ի, և՛ «Սև Հովազ»-ի դեպքում ֆիլմերը համարվում են հաջողված, վաճառքը՝ դրական կլորիկ բալանսով, երկրպագուների մեծ մասը՝ գոհ ու շնորհակալ։ Եվ միամիտ կլիներ մտածել, որ գրողական հզոր փորձով աշխարհահռչակ կինոգրչակներն ինչ-որ բան չեն հասկանում, որը հասու է միայն ինձ պես քչերին։ Պարզ է, որ սպառողական արտադրանք ստեղծելիս մեծածավալ մասաներին հաճոյանալու, արթմնի/woke թվալու փորձերը արվելու են առաջին հերթին հենց կերպարների, իսկ հետո կնճռոտ պատմություններն արդուկելու, պարզեցնելու հաշվին՝ լինի դա աֆրոֆուտուրիստական, թե սպիտակ փրկչի պատմություն։
Դիտարկելով Աֆրոֆուտուրիզմը որպես մտքի էքսպերիմենտ՝ կարելի է տեսնել, որ այն ստիպում է պատկերացնել դժվարամարս հարցերի պատասխաններ։ Ի՞նչ կլիներ, եթե չլիներ ստրկատիրություն, եթե չլինեին գենոցիդներ, եթե ամբողջ հասարակարգեր չոչնչացվեին, չսեփականաշնրոհվեին, չգաղութացվեին։ Ի՞նչ կլիներ նույն ժողովուրդների տնտեսության, ավանդույթների, մշակույթի հետ։ Ի՞նչ է լինում անհատի և հասարակարգի հետ զոհի հոգեբանության մեջ երկարատև տապակվելուց հետո։ Երբևիցե հնարավո՞ր է արդյոք ազատագրվել անցյալի տրավմաներից որպես անհատ և որպես հասարակարգ։
Մինչև վերջերս Աֆրոֆուտուրիզմ չէր էլ կարող լինել, որովհետև չկար աֆրիկյան ու աֆրո-ամերիկյան օրակարգը բոլորինը դարձնելու երազանքի նույնիսկ հնարավորությունը, երբ դեռ հիսունականների Ամերիկայում սևամորթներից պահանջվում էր նստել հանրային տրանսպորտի ետևում՝ առաջնամասում նստելու առավելությունը պահելով սպիտակներին, առօրյայում հերթական անգամ հիշեցնելով մի ամբողջ ռասայի իրենց տեղի մասին։
Այսօր «Սև Հովազ»-ի՝ Աֆրիկյան նացիոնալիզմից համամարդկային հումանիզմին անցումի շնորհիվ Աֆրոֆուտուրիզմը տեղավորվեց համաշխարհային մշակութային գիտակցության մեջ։
***
Հ. Գ.
Հայկական ֆուտուրիզմը՝ Արմոֆուտուրիզմը, մեր ներկա-անցյալ-ապառնին վերլուծելու գրական ետնաբեմը կլիներ։
Հայերի ու հայկական սփյուռքի սպեկուլյատիվ գրականության չտեսնված տեսակում հերոսները կլինեին հայեեեե՜ր, Սանասարը, Բաղդասարն ու Ծովինարը կլինեին կոմիքսների արդեն վաղուց սիրելի հերոսներ։ Տորք Անգեղի մասին առանձին շարքեր կստեղծվեին, իսկ ավելի օրիգինալ գրողները կհնարեին արմատապես նոր կերպարներ՝ պատմական անցյալի կամ ալտերնատիվ իրականության ֆոնին գործող անձինք, որոնք կտեղավորվեին հարյուամյակներ, հազարամյակներ հետո գալիք աշխարհակառուցման պատումների մեջտեղում։
Թե ինչու մինչև հիմա մեր լեգենդերը, առասպելներն ու ներկա իրողությունները չենք բանահյուսել գիտաֆանտաստիկ գրականությանը, ինչու հանրամատչելի չեն տեղական հերոսները, ինչու է հայ գրականությունը ներկա համաշխարհային եղելությունների, համամարդկային ապրումների լիսեռից խույս տված մի կողմ քաշված ինքնասպառվում բացառապես ներքին շուկայի համար արժե մտածել։
Պատճառներից մեկը Հայաստանում ու հայկական սփյուռքում դեռևս ճգնաժամի ու հետճգնաժամային գործընթացների վերլուծության ամենատարրական մեխանիզմների բացակայությունն է։ Երբ հետ-տրավմատիկ կամ հետպատերազմյա հասարակարգում չկա հենց նոր տեղի ունեցածի հավաքագրում, մարսում, վերապատմում, չկա եղած աուդիո-վիզուալ արձանագրությունների նկատմամբ ձևակերպված մոտեցում, ապրածի ու վերապրածի ժողովում, տեսակավորում, պիտակավորում ու արխիվացում, ապա «Ապագա Կա»-ն հուսալի կոչից վերածվում է հակաուտոպիստական վեպերի ոճին հատուկ ցինիկ ծաղրի, քանի որ ներկա էլ չկա. այն անցյալանում է առանց մարսվելու ու իմաստավորվելու։
Եվ ուրեմն իրողությունների մշակութային վերծանումն է դառնում միակ հնարավոր ապագայի կամ ապագաների հանգրվանը։