Զաքարիա Թամիր | Վագրերը՝ տասներորդ օրը

Զաքարիա Թամերը (ծնվ. 01․02․1931) սիրիացի գրող է, ժամանակակից արաբական գրականության ամենահայտնի արձակագիրներից մեկը, հայտնի է  նաև որպես մանկագիր։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով (այդ թվում՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն, հոլանդերեն, իտալերեն, բուլղարերեն, իսպաներեն և սերբերեն): Ծնվել է Դամասկոսում։  13 տարեկանում ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել ընդհատել ուսումը դպրոցում։ 1957 թվականից սկսել է պատմվածքներ գրել։ Ձեռագրերից մեկը գրավել  է սիրիացի ազդեցիկ մտավորական, բանաստեղծ, քննադատ և «Պոեզիա» ամսագրի խմբագիր Յուսուֆ ալ-Խալի ուշադրությունը, և նա որոշում է հրատարակել այն:  1963 թ․ Թամերը աշխատանքի է անցել մշակույթի նախարարությունում։ 1965-ին դարձել է «Արաբական դիրքորոշում» շաբաթաթերթի խմբագիր, նույն թվականին մի շարք սիրիացի գրողների հետ Դամասկոսում հիմնել է Արաբ գրողների միությունը։ Այս ամբողջ ընթացքում նրա  ստեղծագործությունները  տպագրվել  են Դամասկոսի և Բեյրութի գրական ամսագրերում։

 

 

Վագրերը՝ տասներորդ օրը

Զաքարիա Թամերն առավել հայտնի է իր կարճ պատմվածքներով։ Նրա պատմվածքների թեման հաճախ մարդկանց անտարբեր վերաբերմունքն է միմյանց նկատմամբ։  Երբեմն նա այլաբանական ձևով նկարագրում է Սիրիայի և արաբական աշխարհի քաղաքական և սոցիալական խնդիրները։ Թամերը հրատարակել է պատմվածքների 11 ժողովածու, երգիծական հոդվածների 2 ժողովածու և բազմաթիվ մանկական գրքեր։

Անտառները մնացին հեռվում, սակայն վանդակում բանտարկված վագրը այդպես էլ չկարողացավ մոռանալ դրանք, զայրացած նայեց տղամարդկանց, ովքեր շրջապատել էին իր վանդակը, և ում աչքերը հետաքրքրությամբ և առանց վախի զննում էին իրեն։ Նրանցից մեկը խոսում էր հրամայական շեշտ կրող հանգիստ ձայնով․
— Եթե իսկապես ուզում եք տիրապետել իմ մասնագիտությանը՝ վարժեցնելու գործին, ապա ոչ մի վայրկյան չպետք է մոռանաք, որ ձեր հակառակորդի ստամոքսը ձեր առաջին նպատակակետն է, և կտեսնեք, որ դա միևնույն ժամանակ և՛ դժվար, և՛ հեշտ առաքելություն է։ Հիմա նայեք այս վագրին, նա չար ու ինքնահավան է, շատ հպարտ է իր ազատությամբ, ուժով ու հզորությամբ, սակայն նա կփոխվի ու կդառնա փոքր երեխայի պես հանդարտ, նուրբ ու հնազանդ։ Հետևե՛ք, թե ինչ է կատարվելու ուտելիք ունեցողի և չունեցողի միջև, ու սովորե՛ք։
Տղամարդիկ շտապեցին ասել, որ իրենք վարժեցնելու մասնագիտությանը նվիրված աշակերտներ կլինեն։ Վարժեցնողն ուրախ ժպտաց, ապա դիմեց վագրին՝ ծաղրական տոնով հարցնելով․
— Ինչպե՞ս է մեր թանկագին հյուրը։
Վագրն ասաց․
— Ուտելու բան բե՛ր ինձ, արդեն ուտելուս ժամը եկել է։
Վարժեցնողը կեղծ զարմանքով ասաց․
—Մի՞թե դու, լինելով իմ բանտարկյալը, ինձ հրամայում ես։ Ա՜յ քեզ ծիծաղելի վագր։ Դու պետք է հասկանաս, որ այստեղ միայն ես իրավունք ունեմ հրամաններ արձակելու։
Վագրն ասաց․
—Ոչ ոք չի կարող հրամայել վագրերին։
Վարժեցնողն ասաց․
—Բայց դու հիմա վագր չես, դու անտառներում էիր վագր, հենց հայտնվեցիր վանդակում, արդեն պարզապես ստրուկ ես, կենթարկվես իմ հրամաններին և կանես այն, ինչ ցանկանամ։
Վագրը վճռական ասաց․
—Ոչ ոքի ստրուկը չեմ լինի։
Վարժեցնողն ասաց․
—Դու ստիպված ես ինձ հնազանդվել, որովհետև ես եմ, որ ուտելիք ունեմ։
Վագրն ասաց․
—Չեմ ուզում քո ուտելիքը։
Վարժեցնողն ասաց․
—Ուրեմն քաղցած մնա, ինչպես ցանկանում ես։ Ես չեմ ստիպի քեզ անել այն, ինչ չես ուզում։ – Եվ դիմելով իր աշակերտներին՝ ավելացրեց․- կտեսնեք՝ ինչպես կփոխվի․ բարձր գլուխը չի կշտացնի սոված ստամոքսը։
Վագրը քաղց զգաց, ափսոսանքով հիշեց օրերը, երբ առանց կապանքների, քամու պես սլանում էր՝ հետապնդելով իր զոհերին։
Հաջորդ օրը վարժեցնողն ու իր աշակերտները շրջապատեցին վագրի վանդակը։ Վարժեցնողն ասաց․
—Քաղցած չե՞ս։ Հաստատ տանջող ու ցավեցնող քաղց ես զգում։ Ասա՛, որ քաղցած ես, և կստանաս ուզածդ միսը։
Վագրը շարունակում էր լուռ մնալ։ Վարժեցնողն ասաց․
—Արա՛ այն, ինչ ասում եմ, հիմար մի՛ եղիր, խոստովանի՛ր, որ սոված ես, և անմիջապես կկշտանաս։
Վագրն ասաց․
—Ես սոված եմ։
Վարժեցնողը ծիծաղեց և ասաց իր աշակերտներին․
—Ահա նա ընկավ ծուղակը, որից չի փրկվի։
Հրամաններ տվեց, և վագրը շատ միս ստացավ։
Երրորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Եթե այսօր ուզում ես ուտելիք ստանալ, ապա կանես այն, ինչ կպահանջեմ քեզնից։
Վագրն ասաց․
—Չեմ ենթարկվի։
Վարժեցնողն ասաց․
—Մի՛ շտապիր, իմ պահանջը շատ պարզ է․ դու հիմա այս ու այն կողմ ես գնում քո վանդակի մեջ, երբ ասեմ քեզ՝ կանգնիր, դու պետք է կանգնես։
Վագրն ինքն իրեն ասաց․ «Դա իսկապես չնչին պահանջ է, չարժե, որ հակառակվեմ ու քաղցած մնամ»։
Վարժեցնողը դաժան ու հրամայական տոնով բղավեց․
—Կանգնի՛ր։
Վագրն անմիջապես քարացավ, վարժեցնողն ուրախ ձայնով ասաց․
—Կեցցե՛ս։
Վագրն ուրախացավ, ախորժակով կերավ, իսկ վարժեցնողն ասաց իր աշակերտներին․
—Մի քանի օրից թղթե վագր կդառնա։
Չորորդ օրը վագրն ասաց վարժեցնողին․
—Ես քաղցած եմ, պահանջիր ինձնից, որ կանգնեմ։
Վարժեցնողն ասաց աշակերտներին․
—Ահա, սկսեց սիրել իմ հրամանները։
Ապա շարունակեց՝ իր խոսքերն ուղղելով վագրին․
—Այսօր չես ուտի, եթե չկրկնօրինակես կատուների մլավոցը։
Եվ կրկնօրինակեց կատուների մլավոցը։ Վարժեցնողը խոժոռվեց և դատապարտող ձևով ասաց․
—Քո կրկնօրինակումն անհաջող էր։ Մի՞թե մռնչոցը համարում ես մլավոց։
Վագրը կրկին կրկնօրինակեց կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը կրկին դեմքը խոժոռեց և ասաց դժկամությամբ․
—Լռի՛ր, լռի՛ր։ Կրկնօրինակումդ դարձյալ անհաջող է։ Այսօր կթողնեմ քեզ, որ վարժվես մլավել կատուների պես, իսկ վաղը կքննեմ քեզ։ Եթե հաջողվի, կուտես, եթե ոչ, չես ուտի։
Վարժեցնողը դանդաղ քայլերով հեռացավ վագրի վանդակի մոտից, իսկ նրա աշակերտները փսփսալով և ծիծաղելով հետևեցին նրան։ Եվ վագրն աղաչանքով կանչեց անտառներին, սակայն դրանք հեռու էին։
Հինգերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Հիմա, եթե հաջողությամբ կրկնօրինակես կատուների մլավոցը, կստանաս թարմ մսի մեծ կտոր։
Վագրը նմանակեց կատուներին, վարժեցնողը ծափահարեց և ուրախ ասաց․
—Հիանալի է, դու մլավում ես, ինչպես կատուն փետրվար ամսին։
Ապա մսի մի մեծ կտոր նետեց։
Վեցերորդ օրը հազիվ էր վարժեցնողը մոտեցել վագրին, երբ վերջինս շտապեց կրկնօրինակել կատուների մլավոցը, սակայն վարժեցնողը մնաց մռայլ, խոժոռված հոնքերով, իսկ վագրն ասաց․
—Ահա, ես մլավեցի կատուների նման։
Վարժեցնողն ասաց․
—Կրկնօրինակիր ավանակի զռոցը։
Վագրը դժգոհությամբ ասաց․
—Ես վագր եմ, որից վախենում են անտառի կենդանիները։ Նմանակեմ ավանակի՞ն։ Կմեռնեմ, բայց պահանջդ չեմ կատարի։
Վարժեցնողն առանց բառ արտասանելու հեռացավ վագրի վանդակից։
Յոթերորդ օրը վարժեցնողը հանդարտ, ժպտացող դեմքով մոտեցավ վագրի վանդակին և ասաց․
—Չե՞ս ուզում ուտել։
Վագրն ասաց․
—Ուզում եմ ուտել։
Վարժեցնողն ասաց․
—Միսը, որ պետք է ուտես, իր գինն ունի․ ավանակի պես զռա՛, ուտելիք կստանաս։
Վագրը փորձեց հիշել անտառները, չհաջողվեց։ Սկսեց զռալ փակ աչքերով, իսկ վարժեցնողն ասաց․
—Զռոցդ հաջող չէր, բայց ես, քեզ խղճալով, մսի կտոր կտամ։
Ութերորդ օրը վարժեցնողն ասաց վագրին․
—Ես ճառ կասեմ, երբ ավարտեմ, հիացած կծափահարես։
Վագրն ասաց․
—Կծափահարեմ։
Վարժեցնողն սկսեց ճառը և ասաց․
—Հայրենակիցնե՛ր, նախկինում բազմաթիվ առիթներով պարզաբանել ենք մեր դիրքորոշումը ճակատագրական բոլոր խնդիրների վերաբերյալ, և այս բացահայտ վճռական դիրքորոշումը չի փոխվի, ինչքան էլ որ թշնամական ուժերը դավադրություններ կազմակերպեն, մենք կհաղթենք մեր հավատով։
Վագրն ասաց․
—Չհասկացա՝ ինչ ասեցիր։
Վարժեցնողն ասաց․
—Դու պետք է հիանաս այն ամենով, ինչ ասում եմ, և հիացմունքով ծափահարես։
Վագրն ասաց․
—Ներիր ինձ, ես անգրագետ եմ, քո բառերը հիասքանչ են, ես կծափահարեմ ինչպես ցանկանում ես։
Վագրը ծափահարեց, իսկ վարժեցնողն ասաց․
—Ես չեմ սիրում կեղծավորություն և կեղծավորներին, այսօր կզրկեմ քեզ ուտելիքից՝ որպես պատիժ։
Իններորդ օրը վարժեցնողը եկավ՝ բերելով մի կապոց խոտ, և նետեց այն վագրին, ապա ասաց․
—Կե՛ր։
Վագրն ասաց․
—Սա ի՞նչ է։ Ես մսակեր եմ։
Վարժեցնողն ասաց․
—Այսօրվանից ի վեր ոչինչ չես ուտի խոտից բացի։
Երբ վագրի քաղցը սաստկացավ, փորձեց ուտել խոտը, բայց համը վանեց նրան, և զզվանքով հեռացավ խոտից։ Սակայն կրկին մոտեցավ դրան, սկսեց քիչ-քիչ ընտելանալ համին։
Տասներորդ օրը անհետացավ վարժեցնողը, աշակերտները, վագրը, վանդակը․ վագրը դարձավ քաղաքացի, իսկը վանդակը՝ քաղաք։


Թարգմանությունը արաբերենից՝ Սեդա Տիգրանյանի

Սիրիացի գրող

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *