Ես գեղեցիկ կին եմ։
Ես գեղեցիկ, խելացի կին եմ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ կին եմ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի կին եմ։
Ես…
– Աջ կողմն արդեն վերջացրեցի։ Մնաց ձախը։
Մինչ ես մտքումս կախարդական բառներն էի արտաբերում, կողքից լսվեց ինձանով զբաղվող կոսմետոլոգի ձայնը, և ես, դեռ ուշքի չեկած, մեքենաբար պատասխանեցի։
– Հասկացա, շնորհակալություն։
Մասնագետը մինչև կուրծքս սրբիչով ծածկեց և տեղափոխվեց ձախ կողմ։ Նրա ձեռքում եղած սարքավորումն ինչ-որ ազդանշաններ էր հանում։ Մտածելով, որ պետք չէ նրան աչքերս չռած նայել՝ հայացքս ուղղեցի առաստաղին։ Թևիս շրջանում թմրեցնող, սուր ցավ առաջացավ։ Բայց ոչինչ, տանելի բան է։ Սարքավորումը կրկին սկսեց ծվծվալ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի, հագուստի գերազանց ճաշակ ունեցող կին եմ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի, հագուստի գերազանց ճաշակ ունեցող, անկասկած՝ ոչ միայն հագուստի, այլև ինտերիերի և աքսեսուարների անգերազանցելի ճաշակ ունեցող, խոհարարական անկրկնելի հմտություններով կին եմ։
Համապատասխանեցնելով սարքավորման ծվծվոցի ռիթմին՝ մտքումս թվարկում էի իմ կանացի առավելությունները։ Դրանք հոսում էին այնպես, ինչպես պահածոներն են շարժվում գործարանի կոնվեյերային ժապավենների հոսքագծի վրա։ Ճիշտ է, դրանք ոչ թե ներկայիս, այլ իմ ապագա առավելություններն էին, բայց ինչևէ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի, հագուստի գերազանց ճաշակ ունեցող, ոչ միայն հագուստի, այլև ինտերիերի և աքսեսուարների անգերազանցելի ճաշակ ունեցող, խոհարարական անկրկնելի հմտություններով կին եմ։ Երբեմն նույնիսկ խմորեղեն էլ եմ թխում։
Ծը՜վ, ծը՜վ, ծը՜վ, ծը՜վ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի, հագուստի գերազանց ճաշակ ունեցող, ոչ միայն հագուստի, այլև ինտերիերի և աքսեսուարների անգերազանցելի ճաշակ ունեցող, խոհարարական անկրկնելի հմտություններով կին եմ։ Երբեմն նույնիսկ խմորեղեն եմ թխում։ Այնպիսի կին եմ, որին բոլորն անմիջապես սիրում են։
Ծը՜վ, ծը՜վ, ծը՜վ, ծը՜վ։
Ես գեղեցիկ, խելացի, սեքսուալ, բարի, հագուստի գերազանց ճաշակ ունեցող, ոչ միայն հագուստի, այլև ինտերիերի և աքսեսուարների անգերազանցելի ճաշակ ունեցող, խոհարարական անկրկնելի հմտություններով կին եմ։ Երբեմն նույնիսկ խմորեղեն եմ թխում։ Այնպիսի կին եմ, որին բոլորն անմիջապես սիրում են։ Այնպիսի մետաքսյա մաշկ ունեմ, որ բոլորի մոտ դրան հպչելու ցանկություն է առաջանում։ Ես…։
– Վերջացրեցի։ Մի քիչ էլ սպասեք, մինչև կսառեցնեմ։
Փոքր-ինչ հնաոճ, բայց գեղեցիկ շպար արած կինը, մարմագույն շրթներկ քսած, աղեղի պես բարակ շուրթերն ինձ ուղղելով՝ բերանը լայն բացեց։ Բերանի անկյունները վեր բարձրացնելը հաջողություն է բերում։ Ժպտացող դեմքից երջանկությունն է ժամանում։ Մտքովս անցնում են այս կարգախոսները, որոնք ինչ-որ տեղ լսել եմ, կամ տեսել։ Անթերի ատամնաշար։ Փոքր-ինչ կապույտին տվող սպիտակ համազգեստ։ Սենյակի անկյունում դրված բույս։ Երաժշտական արկղիկի ոճով մեղմ երաժշտություն։ Գլխումս սկսում են հայտնվել կիսախավար շենքի մեկ հարկը զբաղեցրած մազահեռացման սրահի պատկերները։ Ես, հանկարծ հասկանալով, որ տակը դրված սրբիչն ու գլուխս անխնա ճզմում են ընդամենը երեք օր առաջ գանգրեցված մազերս, գլուխս փոքր-ինչ վեր եմ բարձացնում և ձեռքով ստուգում եմ մազերիս վիճակը։ Տափակած մազերը բարակ են, քրտնած և նորածնի մազերի պես թույլ։
Հանրախանութը դեռ բաց էր, և առաջին հարկի կոսմետիկայի խանութում նոր գույներ ընտրեցի։ Dean&Deluca-ի թանկաբազար աղցաններից գնեցի, ու դրա հետ ուտելու համար էլ՝ հացաբուլկեղենի խանութից բագետ վերցրեցի։ Ինքս ինձ սիրահարված՝ նստեցի գնացք։ iPhone-ից լսվում էր արտասահմանյան երգչուհու հաճելի ձայնը։ Ճիշտ է, խոսքերը չէի հասկանում, բայց հաստատ սիրային երգ էր։ Այդպիսի հաճելի երգն ախր ուրիշ բան չէր կարող լինել։ Էկրանին դրոշմվել էր CD-ի շապիկին պատկերված՝ երկարամազ փերու նմանվող երգչուհու դեմքը։ Տեսնես ինչու՞ ես շիկահեր չեմ ծնվել։ Շոշափելով գնացքի պատուհանին արտացոլվող սև մազերս՝ մտածում էի ես։ Մյուս կյանքում շիկահեր եմ ծնվելու։ Բարևելիս «հելլո» եմ ասելու ու ինձ պես շիկահեր, գեղեցիկ երիտասարդի հետ եմ ժամադրվելու։ Ամեն օր շրջապատված եմ լինելու գեղեցիկ բաներով։ Այնպիսի բաներով, որից սիրտը պարում է։ Դրանք այնքան շատ են լինելու, որ չիմանամ՝ ինչ անել հետները։ Ա՜խ, ինչ երջանիկ եմ լինելու ես։
Ցատկոտելու պես թեթև քայլվածքով անցա առևտրային փողոցով։ Այս ժամին սննդի զեղչեր անող սուպերմարկետի, փակոցափեղկը կիսով չափ իջեցրած ճապոնական քաղցրավենիքների խանութի (այն որ կնճռոտ պապիկն ու կնճռոտ տատիկն են աշխատեցնում), այն վարսավիրանոցի, որտեղ երբեք հաճախորդներ չեն լինում և որի տերը՝ միջին տարիքի տղամարդ, միշտ պատուհանի մոտ թերթ է կարդում, կիսապատռված պաստառների կողքով անտարբեր անցա. դրանք իմ պատրանքների աշխարհի հետ ոչ մի կապ չունեն։
Դռան զանգը հնչեց, երբ ես արդեն վերադարձել էի երկաթ-բետոնե երեք հարկանի շենքի երկրորդ հարկում գտնվող իմ բնակարան, Dean&Deluca-ի աղցանները շարել էի վերջերս գնած սկանդինավիական ոճով սեղանի վրա, Ցուտայայից վարձակալած՝ Միշել Ուիլյամսի մասնակցությամբ ֆիլմի DVD-ն էի միացրել, և երեկոն վայելելու լիակատար պատրաստությունը տեսել էի։ Միայնակ ապրող կնոջ կյանքը լի է վտանգներով։ Ես, որ պետք եղած ժամանակ կարողանամ ձևացնել՝ իբր տանը մարդ չկա, զգուշորեն, անձայն, մոտեցա դռանն ու դիտանցքից դուրս նայեցի։ Ոչ ոք չկար, միայն միջանցքի պատն էր երևում։
Զանգը նորից հնչեց։ Համառ վաճառական, առևանգում, գող, բռնաբարություն, բռնաբարություն, բռնաբարություն… Ես, մտածելով անթիվ-անհամար սարսափելի հետևանքների մասին, իմպուլսիվ բացեցի դուռը։ Այնտեղ կանգնած էր մորաքույրս։
– Մորաքո՞ւյր։
– Բարև, բարև։ Էս ի՞նչ է դեմքիդ վիճակը։
Մորաքույրը, աչքերը փոքր-ինչ նեղացրած ինձ նայելով, հանեց էժան տոնավաճառից գնած էժան տեսք ունեցող սանդալները, անփութորեն շպրտեց իմ կոկիկ շարված բարձրակրունկ կոշիկների և բալետկաների՝ այսինքն՝ իմ Ֆաբիո Ռուսկոնի բարձրակրունկների ու Ռեպետտո բալետկաների վրա, «Էս ի՜նչ նեղ մուտք է» ասելով ներս մտավ, ձեռքով թեթև մեջքիս խփեց ու ասաց. «Մեջքդ ուղիղ պահիր։ Չնայած միշտ էլ էդ ես եղել, հա»։ Ես բնազդաբար ուղղեցի մեջքս։ Հետո ապշած նայեցի մորաքրոջս սանդալների՝ տրորված ետնամասերին։ Հետևումս մորաքույրն կրկին բողոքում էր, թե՝ «Էս ի՜նչ նեղ միջանցք է»։
– Մերդ էլ էր փոքր տարիքից էսպիսին, մեջքը կուզիկ։ Միշտ հետևից ուսերը ձգում էի, մի քանի վայրկյան ուղիղ էր կանգնում, հետո էլի մեջքը կորացնում էր։ Մարդու բնավորությունը մարմնի վրա էլ է երևում, հա։ Դա ի՞նչ է, համով է երևում։
Մորաքույրը արագ տեղավորվեց իմ քիչ առաջ գցած կատարյալ սեղանի մոտ։ Աթոռը, որի վրա սովորականից ավելի ծանրաքաշ մարդ էր նստել, հուսահատ ճռռոց հանեց։ Ես սարսափով նայեցի, թե ինչպես է մորաքույրս համտես անելու համար տերինի մեջ մատով անցք բացում։ Մինչ ուղեղս փորձում էր ընտելանալ իրադարձությունների այս ընթացքին, մորաքույրը տնավորվեց։ DVD-ն շարունակում էր ֆիլմը ցուցադրել։ Միշել Ուիլյամսի թևի մազերը արևի տակ գեղեցիկ շողում էին։ Ճիշտ է, ես այս պահին ավելի կարևոր բաներ ունեի մտածելու, բայց նախանձով եմ լցվում օտարերկրացիների նկատմամբ, ովքեր մազահեռացում անելու կարիք չունեն։
– Շոգ է, հա։ Ծարավեցի։ Խմելու բան չունե՞ս։
Մանուշակագույն ու ոսկեգույն թելերով գործած վագրի նախշով սվիտերի տակից երևում էր նրա հնացող ներքնազգեստը։ Մորաքույրը կարծես ոտքից գլուխ Իտո Յոկադոյում էր հագնվում։ Նայելով, թե ինչպես եմ ես մոտենում սառնարանին՝ նա քթի տակ ծիծաղեց՝ «Էս ի՞նչ փոքր սառնարան է։ Մեջը բան չի մտնի»։
– Սիդրից բացի ոչինչ չունեմ,- ասացի ես ու բանկան մեկնեցի նրան։
– Նորմալ բան չունե՞ս։ Օրինակ, Չուհայ ,- ասելով՝ վերցրեց բանկան ու շարունակեց։ – Ինչ էլ նեղլիկ բանկա է, մարդու խմելը չի գալիս։
Մորաքույրը մի շնչով խմեց բանկայի ամբողջ պարունակությունը, ասաց.
– Ինչ էլ համով էր,- և բերանը լայն բացելով՝ վերջապես ժպտաց։
Դրանից հետո ես ու մորաքույրս միասին ընթրեցինք, DVD-ն մինչև վերջ նայեցինք («Լավ էլ համով է»։ «Իսկ ի՞նչ էիր ուզում, Dean & Deluca-ից է»։ «Դա ի՞նչ է»)։
Մորաքույրը կարծես ֆիլմով չէր հետաքրքրվում, միայն այս ու այն կողմ էր նայում, և երբ Միշել Ուիլյամսը ու ուրիշ կերպարներ գնացին լողավազան ու սկսեցին տկլոր ցնցուղ ընդունել, ասաց։
– Լսի՛ր, իմ համար վաղուց հանելուկ է՝ էդ ո՞նց է լինում, որ եվրոպացիների ոտքերի ու թևերի մազերը բաց գույնի են, իսկ էնտեղինը՝ մուգ։ Ժանետին դու էլ գիտես, չէ՞։ Էն, որ եկել էր Ճապոնիա՝ անգլերեն սովորեցնելու։ Արդեն Ամերիկա է վերադարձել։ Թե՞ Ավստրալիա էր։ Մի անգամ նրա հետ Իձուի տաք աղբյուրներ էինք գնացել, էն ժամանակ գլխի ընկա։
Իսկապես, ֆիլմի կանանց այնտեղի մազերը շատ մուգ էին և աչքի էին ընկնում։ Մարմնի մյուս մասերի հետ կոնտրաստը մեծ էր, իսկապես դժվար էր չզարմանալ։
– Հա, իրոք։
– Լսել եմ, որ ունքերի ու էնտեղի մազերի գույնը նույնն են լինում, բայց ոնց որ էդպես չի։ Եսիմ, երևի մարմնի էն մասն է, որը ամենաշատ պատշպանության կարիք ունի, դրա համար էլ մազերը տեղը տեղին աճում են։
– Ի՞նչ իմանամ։
– Ինչի՞ ես ամաչում։ Դու էլ մազերի մասին կարծիքդ ասա։
Ձեռքերը սեղանին խփելով խոսացող մորաքրոջս անտեսելով՝ «Կեսար» աղցանը բերանս մտցրեցի։
Երբ անջատեցի ֆիլմը, մորաքույրը, կարծես այս վայրկյանին սպասելով՝ մի ձեռքը դրեց է սեղանին և ասաց։
– Լավ, արի արդեն բուն թեմային անցնենք։ Դու էսօր ի՞նչ ես արել։ Հլա ասա։
– Հը՞։
Չհասկանալով, թե ինձնից ինչ է ուզում՝ նայեցի մորաքրոջս երեսին։ Այն երեսին, որտեղ շքեղ կնճիռներ էին դրոշմված։
– Հը չի։ Ի՞նչ ես արել էսօր։ Ինչի՞ ես մազերիդ ուժը թուլացրել։
– Մազերի՞ս։
– Դրա համար եմ եկել։ Բայց ասեմ, որ սենյակդ վրես ազդում է։ Էս ի՞նչ գույներ են։ Ինչի՞ ես էսքան վարդագույն իրեր առել։ Էս շաքարաքլորի պես սենյակում ո՞նց ես ապրում։
Մորաքույրը զզվանքով վեր բարձրացրեց վարդագույն բարձը, որը մինչ այդ նրա մեջքի հետևում էր։
– Վարդագույնը սե՛ր է բերում։-Վիրավորված գոռացի ես՝ աշխատելով թաքցնել վարդագույն ներկած եղունգներս։
– Հլա մի թթված դեմքիդ նայիր։ Ի՞նչ սեր,- ապշած հայացքով ասում է մորաքույրը։- Սկսել ես Տոկիոյի բարբառով խոսել, քեզ ձև ես տալիս։
– Ես արդեն Տոկիոցի՛ եմ։
– Տոկիոցի ես, բա չէ՞,- զարմացած ինձ է նայում նա։ – Ի՞նչ ես ձևացնում, իբր լավ կյանքով ես ապրում։ Կարծում ես՝ չգիտե՞մ, որ բոյֆրենդդ քեզ թողել է։ Դուռը բացելուց առաջ հույսեր ունեիր, որ նա է, չէ՞։ Ցավոք, մորքուրդ էր։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Չէիր էլ նկատել, որ ամբողջ ժամանակ ուրիշի հետ էլ էր ժամադրվում, խեղճ աղջիկ։ Բայց, իրոք, հիմար ես, հա, ո՞նց կարելի էր էդ ամենը չնկատել։
Մորաքույրս բացեց Պանդորայի արկղը՝ այնպես, ինչպես ներս կխուժեր աննախադեպ զեղչեր ունեցող խանութ, կամ անփութորեն կպատռեր նվերի արկղի փաթեթավորումը։ Աչքերիս դեմը սևացավ, ճնշումս իջավ։
– Դու էլ մտածում ես սիրունանաս ու էդպես վրեժ լուծես, չէ՞։ Գնում ես էսթետիկ կոսմետոլոգիայի սրահ, շորերիդ ու կոսմետիկայիդ վրա մի փեշ փող ես ծախսում։ Կարծում ես՝ չե՞նք հասկանալու, մեղքս ես նույնիսկ գալիս։
Մորաքույրը նայեց ինձ ու քմծիծաղ տվեց։
– Ի՞նչ ես եկել մարդու տուն ու մի բան էլ ավել-պակաս խոսում ես։ Մտածեցի՝ սուս մնամ, որ քեզ չվիրավիրեմ, բայց չափերդ անցնում ես։ Եթե դու ինձ ես վիրավորում, ես էլ քե՛զ կվիրավորեմ։
Ես վեր կեցա ու անցա հակահարձակման։ Մորաքույրը դեմքը մի կողմ թեքեց։
– Մորաքույր, դու ախր մեռել ես, էն էլ մի տարի առաջ։ Ինքնասպան էիր եղել՝ կախվելով։ Բոլոր բարեկամները շշմել էին։ Խեղճ Շիգերուն էր համալսարանից տուն գալուց հետո դիակդ գտել։ Գիտե՞ս, ինչ շոկի մեջ էր խեղճ երեխեն։ Հասկանու՞մ ես, ինչ հոգեկան տրավմա է տարել քո պատճառով։ Հիմա էլ փոխակերպվել ես ու ինձ հյուր եկել։ Ինչո՞ւ ես էստեղ եկել, լավ կլիներ՝ որդուդ գնայիր տեսնելու։
Տեսնելով, որ ես փուքսս բաց թողեցի՝ մորաքույրը քիթը կնճռոտեց ու թևերը թափ տալով ասաց։
– Շիգերուի մասին մի՛ անհանգստացիր, էդ երեխու մոտ ամեն ինչ լավ է։ Մենակ թե ամեն ամիս գերեզման է գալիս։ Լավ կաներ, դրա փոխարեն մի կամ երկու ընկերուհի ունենար, նա էլ է հիմարի մեկը։ Ամեն անգամ իմ սիրած ուտելիքներից է բերում գերեզմանոց, լացացնում է ինձ։ Եթե Շիգերուին տեսնես, ասա՝ թող էդքան հաճախ գերեզման չգա։
– Քո կարծիքով, ես կարո՞ղ եմ էդպիսի բան ասել։
Շշմած ասացի ես ու ընկա աթոռի վրա։ Հետո, քաջություն հավաքելով, հարցրեցի այն, ինչը նախկինում չէի կարող հարցնել։
– Ինչո՞ւ մեռար։
Բնական է, որ այս հարցը նախկինում չէի կարող տալ, չէ՞ որ մորաքույրն արդեն մեռել էր։ Մորաքույրը հանկարծ թթված դեմքի արտահայտություն ստացավ, ասաց՝ գոնե մի քաղցր բան հանիր, փորձում է իմ պատրաստած թեյն ու թխվածքաբլիթները և գոհ սկսեց խոսել։
– Հոգնել էի։ Դու էլ երևի գիտես, որ ես մի մարդու սիրածն էի։ Ոնց որ էժանագին սերիալ լինի, չէ՞։ Շիգերուի հայրն էր։ Քսան տարեկանում էի նրան հանդիպել, սիրահարվել էի, բայց նրա բախտն արդեն որոշված էր։ Դրանից հետո երեսուն տարի սիրածն եմ եղել, չնայած սուտ կլինի ասել, թե երջանիկ չէի։ Ու մի օր դա գալիս է ու ասում, թե՝ արի արդեն ամեն ինչ վերջացնենք։ Ինձ համար տուն էր առել, բար էր նվիրել, ասում է՝ էդ ամենը քեզ կթողնեմ, բայց արի մեր կապին վերջ տանք։ Պատկերացնո՞ւմ ես։ Մի բան էլ էնպես է ներկայացնում, կարծես ինքը մեծահոգի ու բարի անձնավորություն է, ինձ լավություն է անում։ Ներվերս խախտվեց։
Մորաքույրը, պատմելու ընթացքում կարծես ինչ-որ բաներ հիշելով, սկսեց բարկանալ։
– Էդպես գնացի տուն ու կախվեցի, բայց հետո փոշմանել էի։ Մտածում էի՝ ինքնասպան լինելով դրան ցավ կպատճառեմ, բայց սխալվում էի։ Հիմար էի, ի՞նչ ասեմ։
Մորաքույրը սկսեց մի կողմ նայել՝ կարծես փորձելով հասկանալ, թե երբ և ինչպես էր սխալվել։Նայելով նրան՝ փորձում էի հիշել, թե ինչպիսին էր նա նախկինում, երբ բարում էր աշխատում։ Այնպիսի բարձրակարգ բար չէր, որ կիմոնո հագներ, բայց մորաքույրը միշտ գեղեցիկ շպարվում էր, իրեն հետևում, երբեք Իտո Յոկադոյից շորեր գնողի տպավորություն չէր թողնում, շուրթերին էլ միշտ կարմիր շրթներկ էր քսում։ Տխրեցի՝ մտածելով, որ մորաքույրն իր կյանքի վերջում դժբախտ է եղել, իսկ նա հանկարծ ինձ նայեց ու ասաց։
– Հիշո՞ւմ ես, որ մի անգամ մորդ հետ կաբուկի էինք գնացել։ Դու դեռ ցածր դասարանների աշակերտ էիր։ Ընդմիջմանն էլ համեղ բենտո կերանք։ Ի՞նչ էինք նայում, հա, ոնց որ «Դոջո տաճարի օրիորդն» էր։
– Ինչի՞ օրիորդը։
– Դե էն օրիորդի մասին պատմությունը, որին սիրած տղան դավաճանում է, ինքն էլ օձի է փոխակերպվում, մտնում է էն տաճար, որտեղ տղան է ապրում, ու պարում է, պարում։ Չե՞ս հիշում, ինչքան էինք հիացել։ Ինչ անսիրտ աղջիկ ես բայց։
Մորաքույրը սկսում է ծաղրանքով նայել ինձ, իսկ ես փորձում եմ մտաբերել այդ օրը, մինչև գլխումս չի հայտնվում նրա պատկերը՝ թմբուկի ու շամիսենի նվագակցությամբ։ Նա ցնցվում է, շարժվում, մի կողմ թեքվում, պտտվում և ոչ մի վայրկյան կանգ չի առնում։
Հիշեցի այն օրը, երբ ես՝ դեռ տարրական դպրոցի աշակերտ, կաբուկիի ոչ մի բառը չհասկանալով և նույնիսկ կասկածելով, թե դա ճապոներեն է, ձանձրանալով այն բանից, որ դեմքին սպիտակ ներկ քսած քեռիներն իրար հետևից բեմ էին դուրս գալիս ու անհասկանալի լեզվով անվերջանալի բառեր ասում՝ թեթևացած շունչ քաշեցի, երբ առաջին մասը վերջապես ավարտին հասավ, և ես կարողացա ցավացած հետույքս չոր նստատեղից վեր բարձրացնել։
Ընդմիջմանը դերասաններին գովելով՝ բենտոները բացող մայրիկիս և մորաքրոջս ասացի, որ ոչինչ չեմ հասկանում, բայց նրանք բանի տեղ չդրեցին՝ ասելով, թե «Ո՞նց, ճապոնացի ես, բայց չե՞ս հասկանում»։ Ինչ որ է, մտածեցի, եթե շատ ձանձրանամ, կեսից դուրս կգամ ու միջանցքում «ապաստան կգտնեմ»։ Երկրորդ մասը սկսվեց. վարագույրը բացվեց, լսվեցին շամիսենի ու թմբուկի ձայները, ետնամասում շարված տղամարդիկ սկսեցին անհասկանալի լեզվով երգել, և հայտնվեց կիմոնո հագած մի կին (որն, իհարկե, տղամարդ էր ) ու սկսեց պարել։ Կիյոհիմեն էր՝ օրիորդը։
Օրիորդը հիասքանչ էր։ Սկզբում նրա պարը մեղմ էր, իսկ հետո գնալով ուժգնացավ, նմանվեց այլաշխարհիկ մի բանի, և նա մեկ ժամ խելագարի պես պարեց անդադար։ Օրիորդը իրար վրայից մի քանի կիմոնո էր հագել, որոնք օգնականները, պարի ռիթմի հետ համապատասխանեցենելով՝ժ, հերթով հանում էին, և նրա պարելու ընթացքում ի ցույց էին դրվում մեկը մյուսից գեղեցիկ կիմոնոները։ Նրա ձեռքերում կախարդանքի պես հայտնվում էին նաև զանազան գեղեցկագույն իրեր։ Ես երբեք այդպիսի բան չէի տեսել և առաջ թեքված՝ զարմանքով ու հիացմունքով նայում էի Կիյոհիմեի բոլոր շարժումներին։ Պարի վերջին տեսարանում օրիորդը, արծաթափայլ կիմոնո հագած, հպարտորեն կանգնեց տաճարի մեծ զանգի վրա և զարկեց այն։
Երբ «Դոջո տաճարի օրիորդը» ավարտվեց, մորաքույրս, հետաքննող հայացքով ինձ նայելով, դորայակի տվեց ու ասաց, որ այն արծաթափայլ կիմոնոն օձի թեփուկներն էր խորհրդանշում։
– Կիյոհիմեն հիասքանչ էր, չէ՞։ Էնքան հաստատակամ, էնքան եռանդուն։
Մորաքույրը ձեռքը դրեց դնչի տակ և երազկոտ հայացքով մի կողմ նայեց։ Ես, թեյ լցնելով, գլխով արեցի։ Կիյոհիմեն իսկապես հիասքանչ էր։
– Հիմա որ մտածում եմ, ես էլ պետք է Կիյոհիմեի պես վարվեի՝ օձի վերափոխվեի ու ոչ մի տեղ չգնայի։ Երեսու՛ն տարի իրար հետ էինք, պատկերացնո՞ւմ ես։ Իսկ ես, ձևացնելով՝ իբր ինձ համար միևնույն է, գնացի տուն ու կախվեցի։ Բա էդպիսի բան կարելի՞ էր անել։ Ավելի լավ կանեի՝ դրա գլխին մահվան անեծք թափեի։ Նա մենակ դրան էր արժանի։
Մորաքույրը, թխվածքաբլիթը կրծելով, շարունակեց։
– Դրա համար հիմա հատուկ հնարք եմ մշակում։
– Հնա՞րք։
– Հա, մտածում եմ՝ հիմա էլ դեռ ուշ չի։ Սովորել եմ էսպես մարդկանց առաջ հայտնվել։ Մի տարի տևեց։
– Դա հնա՞րք է։
– Այո-այո։ Ջանքերիս արդյունքն է։
– Զիլ է։
– Չէ, սովորական բան է։ Մեջը ոչ մի հետաքրքրություն չկա։ Օրինակ, երբ ներս մտա, դու չվախեցար, չէ՞։ Որովհետև սովորական հյուրի էի նման։ Ուզում եմ՝ ավելի սարսափազդու լինի, որ մարդա մեկը ամբողջ կյանքում էդ վախից հետ չգա։
Ես, խոսքեր չգտնելով՝ թխվածքաբլիթը մտցրեցի բերանս։ Համեղ էր, շատ համեղ, բայց կարծես չափից դուրս նրբահամ էր։ Հիմա ավելի մեծ հաճույքով մորաքրոջս դորայակիներից կուտեի։
– Հիմա արի վերադառնանք բուն թեմային։ Ինչի՞ ես մազերիցդ հրաժարվում։ Ես հո գիտեմ, որ ընկերդ քեզ դավաճանել է, դու էլ, իբր ավելի լավը դառնալու համար, մազահեռացման սրահ ես գնում։ Էպիլյացիա անես-չանես՝ մեկ է, ոչինչ չի փոխվելու։ Էդ մազերդ միակ վայրի բանն է, որ քեզ մնացել է։ Ուզում եմ մտածես՝ ինչ կարող ես անել դրանց հետ։ Ի՞նչ ես թթվել, որ մի հիմար քեզ թողել է։ Ուզում եմ, որ Կիյոհիմեի պես պայքարող լինես։ Մազերդ քո զորությունն են։
Ես, լսելով նրա խոսքերը և հետևելով շարժումներին, մտածեցի, որ նա մահանալուց առաջ էլ էր այսպիսին։ Ասում էր, թե բնական բաների մեջ զորություն կա ու ահռելի քանակի ձեռագործ օճառ էր սարքում, կամ էլ մազերը հինայով էր ներկում։ Հետաքրքիր կին էր։ Նա ինչո՞ւ պետք է մեռներ։ Ես միայն հիմա սկսեցի հասկանալ, թե ինչ էր ուզում նա։ Երախտագիտություն զգացի այն բանի համար, որ առաջինը, նույնիսկ իր որդի Շիցերուից առաջ, հենց ինձ է այցելել։
– Բայց Կիյոհիմեն օձ է դառնում, չէ՞։ Օձերը մազ չունեն։
– Դրա մասին չեմ խոսում,- ասաց նա ու ձանձրացած հայացքով ինձ նայեց։ – Իսկ գիտեի՞ր, որ «Դոջո տաճարի օրիորդի» ուրիշ տարբերակում երկու օձեր են պարում։
Մորաքույրը լայն ժպտաց, ինչպես նախկինում՝ կարմիր շրթներկ քսելիս էր անում, հետո միանգամից լրջացավ, բռնեց վարդագույն եղունգներով ձեռքերս ու ասաց։
– Արի երկուսով հրեշ դառնանք։
(շարունակելի)