Արմինե Գաբրիելյան | Ջեջիմ

Մինչ Եպրաքսե մայրիկը՝ պճեղ մը անոյշ սիրտը, տանում է իր թրքական գորգը Քլամար քաղաքի մյուս ծայրում ապրող Սմբատյանների մեծ պարտեզում թափ տալու, Մինան տանում է իր նախշերով և վարդ ծաղիկներով գորգը Կյորեսի գետում լվանալու, ծալապատիկ նստում եմ տատիս գործած ջեջիմի վրա, ու արևելյան նախշերն ինձ տանում են շոգ Իրան։
Իրան։ 1946 թիվ։ Տասնութամյա տատս նստած տորքի դիմաց ջեջիմ է գործում։ Լաչակի տակից սպրդած հինայած մազերը հետ տանելիս նկատում է ապագա ամուսնու հորը, որը իր սիրուն, սիրուն տղայի համար հարսնացու է փնտրում։

—Մաշալահ,— հիանում է տղամարդը տատիս գործած համաչափ նախշերի վրա ու բեղերը ոլորում։

Օրեր անց տատիս հագցրել են կարմիր դերիա, կապել կանաչ գոտի, հայրը աղջկա ձեռքը դրել է նորափեսայի ափի մեջ ու երգել․

Հարս եմ գնում, տանից հեռանում,

Տասնըութ տարեկան, նանի՛ ջան,

Սիրու տիրանում։

«Նանի ջանի» վրա հայր ու աղջիկ լաց են եղել՝ լացացնելով հարսնքավորներին, որովհետև «նանի ջանը» մեռել էր տատիս ծննդի վրա։

Տատիս միակ օժիտը իր ջեջիմն էր։ Այն սարքել են նորապսակների առագաստ՝ անկյունում դնելով հալվա, նաբաթ, շարբաթ ու խուրմա։

— Գիտես՝ ինչեր քաշած եմ աս գորգի ձեռքը, -գանգատվում է Եպրաքսե մայրիկը։

Մինան լաց է լինում իր մաշված գորգը լվանալիս։

— Վալլահ, դարեր եմ քաշի, – բողոքում են տատիս գորգի արևելյան նախշերը։

Ջահել ու ուսյալ պապս առաջինն է խանդավառվել Հայրենիք դառնալու մտքից։ Տատս ու պապս գլանաձև փաթաթել են իրենց միակ ունեցվածքը և Պարսկաստանի Գյափլա գավառակի Քերթ գյուղից հայրենադարձվողների առաջին գնացքով եկել- հանգրվանել Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում։ Պապս նայել է հասած, դեփ-դեղին ցորենների ծովին, և սիրտը լցվել է ուրախությամբ։ Տատիս ջեջիմը փռել են հողե հատակին ու քնել վրան։

_Սև ալը ձեզի տանա, —անիծել է տատս բոլոր նրանց, ովքեր իրենց բերեցին էս աղքատ ու պատերազմից ուշքի չեկած երկիրը,- մեր վաթանը թողեր ենք շան ու գելի փայ․․․

Ու լաց են եղել տատս ու ջեջիմը ծննդավայրի կարոտից։

Օր օրի քարը քարին շարելով՝ երկու սենյակ են կառուցել տատս ու պապս՝ մի հաշտ ու մի օթախ։ Ջեջիմը հողե հատակից հանել ու կախ են տվել պատին՝ վրան փակցնելով բոլոր մահացած հարազատների լուսանկարները։ Իսկ նրանք շատ էին՝ պապիս քառասնամյա մայրը, որ հենց ներգաղթի առաջին օրերին էր մահացել,ու տատս մինչ իր մահը ողբում էր, որ երտասարդ կնոջը թաղեցին սպիտակ սավանի մեջ՝ մուսուլմանների նման․․․ տատիս ջահել-ջիվան եղբայրը, հորաքույրերն ու մորաքույրերը։

Երբ ծնվել են տատիս տղաները, ջեջիմը պատից հանել ու փռել են հատակին։ Տատս որդիներին շարել է խալու վրա, մեկի ձեռքը տվել գդալներ, մեկին՝ հաց, մյուսին՝ լրագրի մի կտոր ու գնացել իր բանին․․․թոնրով հաց է թխել , գուլպա գործել, կոլխոզում բամբակ չանաքել։ Մի օր էլ կոլխոզից տուն դառնալիս անծանոթ կնոջ հոտ է զգացել տատս։ Ջեջիմը պատմել է, որ իր բացակայության պապս կին է բերել տուն։ Երկար լաց են եղել տատս ու ջեջիմը, հետո ինքն իրեն մխիթարել է տատս․

— Հազար թուման պարտքս ըլնի, մարդամիջի մարդս ըլնի։

Ջեջիմը համաձայնվել է տատիս ասածին։

Կամաց-կամաց օթախն ու հաշտը շրջապատվել են նոր սենյակներով, և տարիների հետ թևերը տարածած հպարտ կանգնել է տատիս ու պապիս կառուցած երկհարկանի տունը։ Ջեջիմը հատակից ելել ու թառել է հյուրասրահի պատին։

Խորհրդային հասարակարգի մայրամուտին հայրս նոր տուն է կառուցել՝ մեծ ու լուսավոր սենյակներով, և իր ծնողների, մորս ու երեք երեխաների հետ տեղափոխվել այդտեղ։ Հին տնից հետները բերել են միայն ջեջիմը, որն իր արևելյան գույներով ուրույն շունչ է հաղորդել սովետական ոճով կառուցված ու կահավորված առանձնատանը։

Մի պարսիկ առևտրական հարցուփորձով մեր տուն եկավ։ Պապս իր մաքուր ու վարժ պարսկերերենով նրան ուղեկցեց իրենց ննջարանը, ուր հատակին անխռով պառկած էր գորգը։ Նրան հանդպելուն պես պարսիկի դեմքը պայծառացավ։ Մարդը ակնոց դրեց, նայեց, հանեց, նորից նայեց։Ես վախեցած նայեցի ջեջիմին։ Ջեջիմը տխրեց։ Գույները մի վայրկյանում խամրեցին ու աղոտացան։ Ջեջիմը թարգմանեց պարսիկի ասածը․

— Էսքան տարի ապրեմ Ալլահի ստեղծած աշխարհում ու էսպիսի բան տեսած չլինե՞մ։ Գինն ասա՝ բարիշենք։

Մինչ պապս ու մայրս ջեջիմի փողով մտովի հազար ծակուծուկ են փակում, վառելիք, ուտելիք առնում, որտեղից որտեղ հայտնվեց հայրս ու խիստ հայտարարեց․

— Գորգը չի՛ վաճառվում։

Ես աչքով արեցի ջեջիմին։ Ջեջիմը ժպտաց։

— Ամեն բան իր ղսմաթն ունի,- չգիտես ում արարքը մեկնաբանեց տատս։

Ջեջիմը ամառները սառը ջրով լվացինք Մինայի նման, թափ տվեցինք մեր մեծ պարտեզում Եպրաքսե հանըմի նման, ձմեռները նստեցի նրա վրա, ձեռքս առա գրքեր, ու գրքերի հերոսներն ու գորգի նախշերն ինձ տարան հեռու, հեռու․․․

Տատիս դագաղը դրեցինք մեծ սեղանին փռված ջեջիմի վրա։ Ջեջիմն ու տատս վերջին հրաժեշտը տվին իրար։ Շուրջը նստած թոռներս խաղացինք ջեջիմի ծոպերի հետ, մատներով քանդեցինք-հավաքեցինք ջեջիմի հուշերը։

Եպրաքսե հանըմի թրքական գորգը հանգչում է ֆրանսիական Քլամար քաղաքի աղբամաններում, Մինայի գորգը փռված է հաստ Ներսես բեյի դահլիճում, իսկ տատիս ջեջիմի վրա խաղում են եղբորս երեխաները՝ անտեղյակ նրա նախշերի տեսածից ու լսածից։

Հ․Գ․ Եպրաքսե մայրիկը Շահան Շահնուրի «Պճեղ մը անոյշ սիրտ» պատմվածքի հերոսուհին է, Մինան՝ Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *