«Երևանի երևանցիներն ու Երևանում երևացողները» էսսեների շարք
Մենակ նա կարող էր բրուտալիստական բետոնե ջունգլիներում սղղալով քայլել: Քայլելը արդեն մատնում է նրան ու էն, որ նրա կապը իրականության հետ չկա: Չկար միգուցե կար ու կորել է կամ դիտավորյալ սղվել…բարդ է ասել, բայց կա Հիմա-ն ու Հիմա Բաշով կինը սահում է, սահում մի փողոցով, որտեղ բարդ է անգամ քայլելը: Բարդ է քայլել, որովհետև ոտքերդ ցավում են իրականության քարքարոտ ներկայությունից ու պոետիզմի բացակայությունից այդտեղ, իրականության բացահայտ անտարբերությունից քո ներսի նրբության հանդեպ ու նրա, որ ուզում ես սիրուն լինել՝ ներսից ու դրսից: Սիրուն զգալ, սիրուն քայլել, սիրուն երևալ, սիրուն ուտել լսել ու խոսել, բայց իրականությունն այլ պլաններ ունի քո համար, իսկ կոնտեքստը՝ լրիվ ուրիշ ու դու մնում ես երկուսի արանքում ՝ անիմաստ չորացած էրեգվա բաստուրմայի կտորի պես, որին խոթել են էսօրվա քլաբ սենդվիչի մեջ, որը ոչ բաստուրմայի հետ կապ ունի, ոչ էլ դրա ուտողի:
Բաշով կինը էդպես է քայլում: Նրա քայլելը արդեն լարող է: Դա լարում է բոլոր նրանց, ովքեր չեն դիմացել, ճկվել էն իրականության ու կոնտեքստի տակ և կորցրել իրանց ցանկությունները ու ներսի պուճուր անկապ սիրունությունը: Հիմա սիրունությունը ոչ մեկին պետք չի, դա կտանի դեպի չափազանց փխրուն ընկալում ու դժվար կլինի մոնետիզացնել կամ խուրդել, դժվար կլինի կառավարել…նենց, ոնց էս բաշով կնոջն ու նրա քայելլը: նրա ատիպիկ ու ացենտրիկ, անճանապարհ ու նպատակ, բայց նրա էներգիայով լի քայլելը:
Նա տեսավ ինձ ու ժպիտը լաայն բացեց: Սպիտակ ատամները նրա եգիպտագույն մաշկին առանձնանում էին համ գույնով համ վայրի ֆորմայով, ասես բաշով կինն իրոք ինչ-որ մեծ ու վտանգավոր կատվազգի է, ուղղակի չափազանց ցիվիլ ու քաղաքակիրթ, որ դիմացինին անկապ տեղը վնասի:
«ինչ ես անում, էսօր գաս մոտս, ունեմ արակ ու գինի , թեթև նստենք, ինչպես միշտ» ասեց նա, իսկ ես մտածեցի, որ էսօր կարելի է ավարտել մի բան, որը պաս կասեի, եթե ինքը լիներ կրոնական որևէ թևին պատկանող բան, կամ գոնե մաքրման ակտ…բայց իմն ուղղակի կամայական ու աննպատակ սով էր:
Արդեն մի հինգ օր է հաց չեմ ուտում, որովհետև հոգնել եմ ծամելուց, դիմանալուց ու դիմադրելուց, լուրեր կարդալուց ու վերլուծելուց, ուժ գործադրելուց, որ մնամ սիրուն, պահեմ կենցաղս սիրուն և այլն….ես ուզում էմ ճկվեմ՝ գեշ, գեշացած ու գեշացող կոնտեքստի տակ, ուզում եմ իրականությունն ինձ ծալի ու դնի ջեբը, տանի ուր ուզի, մենակ տանի՝ իմ փոխարեն որոշի: Ուզում եմ ընտրելու ու որոշելու ցանկությունս մոռանամ, համակերպվեմ դրա կորստի հետ: Բայց իմ կամքն ուժեղ է ու ինքնապաշտպանական համակարգը պինդ: Ես դիմադրող եմ, բայց եթե չուտեմ ու ֆիզիկապես էներգիա չստանամ մի տեղից, կարող ա թուլանամ ու կարող ա չդիմադրեմ, կարող ա ընգնեմ իրականության գիրկը ու դառնամ կոնտեքստի սիրուհին ու էլ չեմ փորձի որևէ բան փոխեմ:
Բաշով կինը դեռ նայում էր աչքերիս մեջ՝ սպասելով մտքերիս մրրիկը հանդարտվի, ներսս խաղաղվի ու լեզուս կարողանա էդ մտքերի զիբիլակույտից մի հատ ձևակերպում հանել ու տալ իրեն՝ հստակ պատասխան…հա թե չէ: Ես ուզում էի ասել՝ «Հա, արի և գինի և արակ խմենք»….մեկ էր, զգում էի, որ էսօր չեմ ուզում հետ գնամ իմ տուն, թանԳ տուն, իմ տուն, մաքուր տուն, իմ տուն, դատարկ տուն: Էսօրվա դատարկությունն ինձ կարող է կուլ տալ ու ուտել…հետո չգիտեմ խի լեզուս արտաբերեց «Հա, վաղը արի կոֆե անենք»: Լեզուս ամաչեց ինձնից ու նրանից, որ ես իմ դատարկությունից էսօր ուզում եմ փախնել, լեզուս ինձ չէր ուզում մատնել…Ես համաձայնվեցի լեզվիս հետ ու Բաշով կնոջը ասեցի ցտեսություն՝ քայլելով տուն, փորձելով իր պես ազատ քայլել: Իմ քայլելը էդպես չի, էդտեղ կարող ա կա շատ սեքս, բայց չկա ազատություն, որը Բաշով կնոջ ամեն ոտնաքայլից է դուրս հորդում: Իմ քայլելը դեռ շատ կաշկանդված են, կամ էլ շատ կանացի, իմ քայլելու մեջ դեռ երևում է իմ սեռը, տարիքը, մտքերս, երազանքներս, իսկ նրանն ուղղակի ազատ է, ազատ մարդու քայլ: Ես էլ փորձեցի ազատ մարդու պես քայլելով էս անգամ գնալ տուն:
Տանս սառն էր: Ավել չէ, քան ես էի սառեցրել: Մոռացել էի անջատել օդօրակիչն ու տունս ցուրտ էր: Սանդալներս ու շորս մուտքի մոտ հանեցի ու գետնին թողելով՝ քայլեցի դեպի լոգարան: Ջրի տակից չեմ ուզում դուրս գամ ու համոզում եմ ինձ, որ սա ջրվեժ է, ոչ թե դուշ, ջրվեժ, ջրվեժ, ջրվեժ: Բայց սա դուշ է, փակված լոգարանի մյուս մասերից սահմանով, լոգարանն էլ իր հերթին պատերով սահմանազատված է սենյակի մյուս մասերից ու տան ամեն մի հատվածն էլ այդպես՝ ունի իր սահմանները: Տունը անվտանգ է, որովհետև լիքը սահման ունի, որոնք քաշվել են քեզ անվտանգության մեջ պահելու համար, բայց տունը տուփ է…տուփը մի օր հարմար ու անվտանգ տարածքից դառնում է բանտ ու դագաղ: Տաք ջուրը կամ դագաղի մասին միտքը մարմնիս ու ուղեղիս դուր չեկավ, ու նրանք իմ հետ միասին գնացին, իջան ներքև: Սկզբում դժվար հասկացա ուր, բայց երբ զարթնեցի գետնին, վրաս հոսացող ջուրը դեռ զգալով, հասկացա, որ ջրվեժից ընկել եմ: Իմ տան, թանԳ տան, դատարկ տան, հունիսին ցուրտ տան: Պաշտպանական համակարգս երևի պետք էր արագ ադրենալինի հաշվին մարմինս ստեղ-էնդեղ տաներ, ջրի տակից հեռու, ավելի ապահով տեղ կամ գոնե հեռախոսի մոտ, որ օգնություն կանչեր, բայց պասը աշխատել էր, ու ես երևի համակերպվել էի, չէի ուզում ռեակցիաներս միացնել, ուզում էի մենակ քնել, անգամ էստեղ, գետնին ու ջրի տակ, բայց երբ հասկացա, որ էդ էսօրվա դատարկությունն է փորձում ինձ կուլ տալ, արագ սթափվեցի ու սողալով շարժվեցի դեպի ՄԱՀճակալ, որի անվան մեջի մահն էլ էդ պահին մարմնիս դուր չեկավ, բայց մենք որոշեցինք անկախ պիտակների ու անունների դրա մեջ այսօր էլ քնել, ծածկվել ու քնել՝ անկախ ամեն ինչից սիրուն ու մաքուր, իսկ էսօր էլ՝ մի քիչ թաց:
Բաշով կինն առավոտը գեղեցիկ նամակ ուղարկեց, որտեղ պատմում էր երեկոն ոնց է անցել, առավոտն ինչ պլաններ ունի ու այդ տեխնիկական ինֆորմատիվ հատվածները էնքան սիրուն ընդմիջում շնորհակալական խոսքերով, որ էս խառը վախտերով էլ անգամ էսքան սիրուն ու կոնտեքստի հետ կապ չունեցող օրեր ենք ունենում: Դրան ի պատասխան ես դեբիլ ու ծեր կնոջ պես ասեցի, որ գիշերն ընկել եմ՝ մտածելով, որ գոնե մեկին դա պետք է ասել, որ երբ մի օր սխալ տեղ ընկնեմ չմտածեն թե հետևից մեկն եկել է, կամ հատուկ են սպանել, կամ գաղտնի գործակալ էի…իմանան էլի, որ ես տենց խասյաթ ունեմ ու որ էլ չեմ դիմադրում: Բաշով կինը ձայնային հաղորդագրություն ուղարկեց.
«Եթե ընտրում ես ապրելը, ուրեմն էնպես արա՝ քեզ ոչ մի բան չխանգարի: Ընկնելդ էլ փորձի կառավարել: Բոլորն էլ ուզում են ընկնել, բայց բոլորին չի որ դա կսազի։ Էսօր երեկոյան՝ ինձ մոտ, թե կուզես էս անգամ ես գամ՝ գինին ու արակը հետս»: