Գոլի Թարաղի | Ճանապարհորդություն

Ինչ-որ մեկը բացում է դուռը: Գլուխը կամաց սենյակ է մտցնում ու շուրջը նայում: Գրպանում ինչ-որ բան է փնտրում: Նայում է ժամացույցին, դուռը փակում է ու գնում: Մեկը պատուհանն է փակում, վարագույրները քաշում:
Հագուստիս թևքերը վեր են բարձրացնում, օձիքս արձակում: Գլուխս աջ կողմ են թեքում. աչքի տակով կանացի ուսեր եմ տեսնում. նա, կռացած մահճակալիս կողքի սեղանին, ուշադիր ինչ-որ բան է գրում: Դռան մոտի պատին փայտե երկու շրջանակ կա: Վերնաշապիկս են հանում: Մեկը ներքևի կոպս է ձգում, ուշադրությամբ ակնաբիբս զննում: Մազերը յուղոտ են: Փողկապի վրա ոսկյա մանր փայլեր են: Ձեռքերը գրպաններն է դնում… հանում է: Կռանում, կոշիկի կապիչն է ձգում: Չորսն անց տաս է:
Սենյակի մյուս կողմից լացի ձայն է գալիս, ջրի՝ բաժակի մեջ լցվելու ձայն: Մեկը բերանս է բաց անում և ինչ-որ դառը բան խցկում: Հարցնում է.
– Քանի՞ տարեկան է:
– Քառասուն:
– Անձնագրի համա՞րը:
– 525
– Մասնագիտությո՞ւնը:
– Համալսարանի դասախոս:
Հանկարծակի ամենուր աղմուկ ու ոտնաձայն է լսվում: Սենյակի դուռը բացվում է, և երկու հոգի շտապ ներս են մտնում: Կինս սեղանն է հավաքում և երեկոյան թերթերը նետում մահճակալի տակ: Մոխրագույն տաբատով ու սպիտակ վերարկուով մի մարդ բռնում է ձեռքս, զարկերակս ստուգում, հետո սրտխփոցս է լսում: Կնոջս մի կողմ է քաշում ու կամաց փսփսում: Հեռախոսը զանգում է: Կինս հեռախոսն է վերցնում, ինչ-որ անհասկանալի բան ասում:
Նայում եմ ձեռքերիս. ոսկյա ժամացույց, հարսանեկան ու հակինթե մատանիներ: Ինձ բացատրում են, որ ուրիշ ելք չկա. պետք է հենց այս երեկո ոտքս ծնկից կտրեն (գուցե վերև կամ ներքև)… մոտավոր այդ հատվածում: Ճանճերը պատուհանի վրա վերուվար են անում, նստում դեմքիս, քայլում շուրթերիս, քթիս ու աչքերիս ներքևում:
Մի գիրուկ, չեչոտ դեմքով կին տաշտով ջուր է դնում մահճակալիս մոտ և ծածկոցը վրայիցս մի կողմ քաշում: Ծունկս մի քիչ բարձրացնում է, սկսում ոտքս բոլորող կապերն արձակել: Աներս, հետ-հետ քաշվելով, հարցնում է.
– Այս հոտը նրա ոտքի՞ց է:
– Այո:
– Նեխահոտ է:
Պատուհանը բացում են, որ սենյակն օդափոխվի: Փողոցի մյուս կողմում՝ պատշգամբում, երկու կին դեմ դիմաց նստած են: Նրանցից մեկն ինչ-որ բան է գործում, մյուսն էլ անցնող մեքենաներին ու մարդկանց է անփութորեն նայում: Այն կողմում ներկարարական գործարան կա: Աշակերտները հոգնած, ծույլ ու թլֆած նստել են արևի տակ, հենվել պատին. լուռ են ու շշմած:
Մտածում եմ՝ սրանք ինչի՞ են սպասում: Ողջ օրը, ամբողջ կյանքը բան ու գործները միայն մի գույնը մյուսի վերածելն է. կանաչը վերածեն կարմիրի, դեղինի, սևի… Ներկարարական գործարանի հետևում միայն մի քանի տուն կա, ուրիշ ոչինչ. երկինք էլ չկա: Լոկ սառցակալած, ցուրտ ու խոր ամայություն: Կինս հարցնում է.
– Մրսո՞ւմ ես:
– Չէ:
– Ինչ-որ բան չե՞ս ուզի:
– Չէ:
Աներոջս քունը տանում է: Մատը քիթն է մտցնում, հորանջում: Նրա համար մի բազկաթոռ ու թեյ են պատվիրում: Կինս զգուշությամբ բռնում է նրա բազուկից, ձեռքը դնում պարանոցի հետևում: Այս մարդու ամեն մի բջիջ քայքայվելու վրա է: Թվում է՝ առաջին իսկ քամին գլուխը կպոկի, և ձեռքերն ու ոտքերը գետնին կթափվեն:
Վիրահատարանը պատրաստ է: Կտրվող հատվածը գծանշում են: Հատ-հատ ոտքիս մատներն են զննում: Բթամատս սևացել է, մի բարակ կաշվից է կառչել. ընկնելու վրա է: Բժիշկները միջանցքում փսփսում են: Աներս փնթփնթում է: Այս տեսակ բաներ մինչև հիմա չեն պատահել այս ընտանիքում, և ոչ ոք չի հասկանում այս ամենի անմեկնելի իմաստը:
Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ են խոսում այս պատերն իրար հետ, հախճասալերը՝ իրար: Իմ գոյության ու չգոյության մեջ ո՞րն է տարբերությունը: Կինս պատուհանի դիմաց կանգնած է: Ծիծաղում է. գուցեև չի ծիծաղում: Գուցե միայն բերանն է բացել և ասելու ոչ մի բառ չունի: Մազերը ձուլվել են վարագույրի սևին, իսկ ճերմակ բազուկներն ասես պատի շարունակությունն են:
Ժամը չորսն անց քառասուն է: Կինս հարցնում է.
– Սովա՞ծ ես:
– Չէ:
– Ծարա՞վ ես:
– Չէ:
Մի մարդ է ներս գալիս: Կինս քաղցրավենիք է հյուրասիրում, շնորհակալություն հայտնում, որ եկել է: Մեկը դուռն է բացում ու մահճակալիս մոտ մի ծաղկեփունջ դնում. ուսանողներս են ուղարկել: Զոքանչս ասում է.
– Ինչ սիրուն ծաղիկներ են: Ինչքան հասկացող ու բարեհամբույր երեխաներ են: Ձեռքերս հանում են ծածկոցի տակից, վերև-ներքև տանում, գցում փորիս վրա: Մահճակալիս ձողերն եմ հաշվում: Մտածում եմ՝ երանի հիմա ժամը տասը լիներ, քնեի: Մի մարդ կռանում է, բերանս բաց անում, լեզվիս տակ ջերմաչափ դնում: Բազուկիս ռետինե լարան է կապում և արյուն վերցնում: Ոչ ոք չի խոսում: Արյունս լցվում է ապակյա անոթի մեջ: Անոթին մի թղթի կտոր է կպցնում, անունս գրում: Գնում է: Մոռանում է՝ ջերմաչափը լեզվիս տակից հանի: Զոքանչս ասում է՝ պետք է հեռախոսազանգերին ու հեռագրերին պատասխանել: Կինս ասում է, որ հարկավոր է մյուս հիվանդներից հեռու մի սենյակ վերցնել: Մի մարդ ասում է.
– Պարո՛ն, խնդրում եմ, հենեք Ձեր գլուխը:
Մտածում եմ՝ մի ոտքի գոյությունն ու չգոյությունը ի՞նչ կարևոր են ինձ համար: Ձեռքերիս գոյությունը, այս քաղաքի, այս աշխարհի լինել-չլինելը ի՞նչ կարևորություն ունեն: Ես համալսարանի դասախոս եմ, փիլիսոփայության դասախոս: Ուսանողներս հարցնում են. «Պարո՛ն, չգոյությունը գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Սկզբում չգոյությո՞ւն է եղել, թե՞ գոյությունն է միշտ եղել»: Ուսանողներս կբղավեն, ձեռքները կթափահարեն ու կասեն՝ ոչ, անհնար է, այդպես չի լինի:
Աթոռների թիկնակն ու արձակուրդային օրերն եմ հաշվում: Աչքի տակով ժամացույցին եմ նայում, և ականջս անհամբեր դասի ավարտն ազդարարող զանգին է սպասում: Ուսանողներս ուզում են իմանալ, ուզում են հասկանալ: Ուսանողներս հավատում են հոգուն ու պայծառատեսությանը, բանականությանն ու հրաշքին:
Ինքս ինձ հարցնում եմ՝ Նասերն ո՞ւր է, ի՞նչ է անում: Տարօրինակ է, որ նրան անգամ չեմ էլ հիշում: Գուցե մեռել է կամ գուցե այստեղ է՝ հենց այս քաղաքում:
Սենյակի դուռը բացվում է: Փակվում է: Կողքիս երիտասարդ կինն անփութորեն ասում է.
– Մի՛ անհանգստացեք, կընտելանաք, կմոռանաք:
Ի՞նչը կմոռանամ, ինչի՞ն կընտելանամ: Իմ կյանքն իրենով մի հավերժական ընտելացում է, հավիտենական մոլություն: Սերել եմ մոռացումից: Ուղեղս զուրկ է հիշողությունից, անցյալից, ամսաթվերից:
Հետևում լացի ձայն է. ողջ ընտանիքս եկել է ինձ տեսության: Ամենքը հոգնած դեմքերով ու սառած աչքերով նայում են իմ փքված ոտքին, որ լիքը բամբակի ու կտորի տակ երեք հարյուր կիլոգրամանոց կոտրված ծառի պես կախ է ընկած գոտկատեղիցս: Նայում են, և ասելու ոչ մի բառ չկա: Կինս հարցնում է.
– Հոգնա՞ծ ես:
– Չէ:
– Քունդ տանո՞ւմ է:
– Չէ:
Ջերմաչափն ատամներիս է խփվում: Երանի մեկն այս ջերմաչափը հաներ բերանիցս: Կոկորդս այրվում է: Ուսանողներս հարցնում են. «Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ»:
Դիմացի կանայք դեռ նստած են պատշգամբում: Մթնել է: Հոգնել եմ (նստելուց, լսելուց, շոշափելուց): Մեկը գալիս է, ջերմաչափը լեզվիս տակից հանում: Հոգնել եմ (ուտելուց, քնելուց, գիշերվանից ու ցերեկվանից): Արդյոք չկա՞ փախուստի ճանապարհ: Մի՞թե իրոք փախուստի ոչ մի ուղի չկա:
Հիվանդասենյակի դուռը թակում են. ինձ տանելու են եկել: Աներս գլուխն է տարուբերում. դեռ ամբողջովին չի համակերպվել: Ասում է.
– Բայց մի ոտքով ի՞նչ կարող է անել: Ախր, նա դասախոս է. իր համար վատ կլինի:
Ուսանողներս պատասխանի են սպասում: Հաստափոր գրքեր են կարդում, ոտքները գետնին զարկում ու անկանոն ծափ տալիս: Ասում են՝ ոտքը քայլելու համար է, բայց քայլելը փիլիսոփայության տեսանկյունից կասկածելի է: Ասում են, թե մենք կասկածելի բաներով չենք հետաքրքրվում: Մենք ճշմարտությունն ենք որոնում:
Մի բաժակ ջուր են ձեռքս տալիս, երեկոյան թերթերը բերում: Կինս հարցնում է.
– Մի բան կուզե՞ս:
– Չէ:
– Ոտքդ ցավո՞ւմ է:
– Չէ:
Դեմքով դեպի պատն եմ շրջվում: Բժիշկները կնոջս հետ են զրուցում: Ուսիցս բռնում են, մեջքի վրա պառկեցնում: Ճնշումս են չափում, սրտխփոցս ստուգում: Գլուխս են վերև-ներքև տանում, լեզուս դուրս հանում: Հետո մեջքիցս են բռնում, մի քիչ վերև բարձրացնում:
Երեխաներիս են բերել: Կինս գրկում է աղջկաս, կողքիս նստեցնում. փեշերն է ուղղում: Նայում եմ նրան, փորձում ձեռքը բռնել: Աչքերն ուռած են: Տղաս նիհար է, դեղնած ու հիմարիկ: Ատամներն ասես մամուռով թրծած լինեն: Հոգնած ու անհաղորդ կողքերն է նայում: Ուշք ու միտքն ուրիշ տեղ է: Աղջիկս լալիս է: Կինս գրկում է նրան, քիթը սրբում: Նայում եմ որդուս. ամսագրերն է թերթում: Փորձում եմ ասելու մի բառ գտնել:
Վեցին տաս է պակաս: Բուժքույրերը ներս են մտնում, ժամացույցս ու մատանիներս հանում: Ամեն ինչ մանրազնին ուսումնասիրում են:
Պատգարակ են բերում: Երկու հոգի թևերիցս ու ոտքերիցս են բռնում, բարձրացնում: Կինս դռան մոտ կանգնած է: Հոգնած հարցնում է՝ ինչքան կտևի: Զգում եմ, որ նույնիսկ մահվան գաղափարն է իր հուզումը կորցրել:
Միջանցքը լի է տարբեր մարդկանցով: Անցնում ենք մի նեղ միջանցքով, աստիճաններով ներքև սլանում: Պատերը լուռ են ու մոխրագույն: Տասներկու աստիճան եմ հաշվում: Պատերից խոնավության հոտ է փչում, հնության ու դեղերի հոտ: Չնայած պատերի փոքր լուսամփոփներին՝ ամենուր խավար է: Պտտվում ենք: Կրկին աստիճաններ: Ոչ ոք չի խոսում: Գլուխս դանդաղ շրջում եմ: Ծանոթ ձայներն ավելի ու ավելի են հեռացել: Իջնում ենք: Կանգ առնում: Շարունակում ճամփան, պտտվում: Ուղեկցող բուժքույրը մի կողմ է քաշվում և ճանապարհ տալիս մեկ այլ պատգարակ բռնած երկու հոգու: Պատգարակը ծածկած սավանի տակից մի չորացած ձեռք է դուրս պրծել և օդում դանդաղորեն տարուբերվում է: Նորից ճանապարհ ենք ընկնում: Մրսում եմ. բացարձակ միայնության ու վախի զգացում է: Բուժքրոջ շրջազգեստից քաշում եմ ու կամաց ասում.
– Տիկին, ներեցեք, խնդրում եմ՝ սպասեք:
Շվարած հայացքով ինձ է նայում ու ոչինչ չի պատասխանում:
Գզգզված մազերով ու տանջված դեմքերով մի քանի մարդ դուրս են եկել իրենց հիվանդասենյակներից: Նրանց չորացած դեմքերը մումիաների նման հին են ու սառը: Նրանց տենդոտ աչքերում նույնիսկ մեռնելու հույս չկա: Սիրտս դողում է: Բոզորգմեհր փողոցն եմ հիշում, մեր երրորդ հարկի փոքրիկ բնակարանը, այն օրերը, երբ կեսօրին ես ու Նասերը նստում էինք պատշգամբում, նայում փողոցին ու սպասում ինչ-որ բանի:
Հեռու սենյակներից տնքոցի ձայն է գալիս, միալար կաղկանձ, անօգնական ու սոված մի կենդանու ձայն: Կանգնում ենք մեծ ու փակ դռան առաջ: Դռան այս ու այն կողմերում կանաչ խալաթներով երկու մարդ են կանգնած: Շշնջում են, ինչ-որ անհասկանալի բաներ ասում: Մի անհայտ ժամացույց, չգիտեմ որտեղից, չորս անգամ զնգում է: Ուզում եմ վերադառնալ: Պահակները մի կողմ են քաշվում՝ զգուշությամբ բացելով բերդի դռները:
Կամարի մեջտեղում մի կլոր լույս աչքերս է կուրացնում: Ծածկոցի տակ ոտքս եմ փնտրում: Դուռը բացում են: Ներս ենք մտնում: «Գրողի ծոցը, ինչ լինում է, թող լինի»: Սպիտակ ձեռնոցներով մի քանի հոգի ինձ են սպասում: Փորձում եմ ծիծաղել: Պահարանները լցված են մկրատներով, նշտարներով ու տարատեսակ երկաթներով: «Ինչի՞ց վախենամ, մի հատ ոտքի եղածն ի՞նչ է, որ»:
Նասերին եմ հիշում, որ միշտ ասում էր. «Դու բնածին բանաստեղծ ես»: Երանի այստեղ լիներ ու տեսներ՝ ես սպառված մի բան եմ, մահվան հասած մեկը: Գրողը տանի Նասերին… բոլորին: Թևքս վեր են բարձրացնում, և մեկը սեղմում է արմունկիս մեջտեղի երակը: Մտածում եմ՝ ինչ լավ է, սա այն է, ինչ ես էի ուզում: Այլևս ոչ ոք ինձնից ամենաչնչին ակնկալիքն էլ չի ունենա: Հիմա ուզում է՝ չգոյությունը թող գոյություն լինի, ուզում է՝ թող չլինի: Ուսանողներս կարող են մեռնել: Այլևս ոչ ոք ինձ հարց չի տալու: Չէ՜, Նասերը սխալվում էր: Ես մի բնածին անասուն եմ, որ սիրում է իր աստիճանակարգը ու երջանիկ է, որ գտել է իր տեղը:
Զգում եմ, թե ինչպես է ասեղը երակս մտնում: Լավ, ի՞նչն է խանգարում: Ի՞նչն է խանգարում: Ես ինքս ցանկացա: Չէ՛, Նասերը ստում է: Սխալվում է: Ապուշի մեկն է: Ես խեցգետնի ծնունդ եմ, ու տեղս ջրերի խորքում է, ջրափոսերի, առուների ու խորշերի հատակում է: Սիրտս ծանր է, ինչպես կապարե գունդ: Զգում եմ՝ ինչպես եմ ամեն ինչից զատվում, և մարմնիս յուրաքանչյուր բջիջ մի կողմ է ցրվում: Վախենում եմ ու չգիտեմ՝ ինչ պիտի անեմ:
Հիշում եմ՝ այն օրերին ես ու Նասերը երկու անհոգ ու հավատացյալ ուսանող էինք, հազար ու մի նպատակ ունեինք: Երևի Նասերն իրավացի էր. թերևս ես բնածին բանաստեղծ էի: Եթե չընդունեի այդ ամենը, գուցե այսպես չլիներ: Գլուխս ծանրացել է: Մարմինս աստիճանաբար չեմ զգում: Շրջակա դեմքերը քիչ-քիչ անհետանում են: Ուզում եմ խոսել: Բերանումս լեզուս եմ փնտրում: Զգում եմ՝ շնչահեղձ եմ լինում, ամենուր ջուր է լցվել: Փորձում եմ բղավել: Մտածում եմ, որ վերջին պահին Նասերը կհասնի: Գուցե օգնության աղերսներս լսած լինի: Նասերն իրավացի էր: Իրոք, նա ճիշտ էր: Ես բնածին բանաստեղծ եմ, և իմ տեղն այստեղ չէ. ես սարսափում եմ ջրային կենդանիներից:
Շուրջս ամեն ինչ պտտվում է: Ամեն ինչ հեռանում է, և ես խեցգետինների հետ ներքև եմ իջնում: Փորձում եմ ձեռքերս ու ոտքերս շարժել: Փորձում եմ լողալով ջրի մակերես բարձրանալ: Չեմ կարողանում:
Ծովային բոլոր կենդանիները ինձ համար խնջույք են կազմակերպել և ինձ տանում են ծովի ամենախոր անդունդները: Ողջ մարմինս լցված է աղի ջրերով, իսկ ծովային որդերը, կողքերս նստած, ինձ են նայում: Զգում եմ՝ հասել եմ խավարի խորքին, գիշերվա վերջին, բացարձակ չգոյությանը:
Ինչ-որ մեկը դեմքիս է խփում ու ձեռքերիցս քաշքշում: Ականջիս անհասկանալի ձայներ են հասնում: Աչքերս դժվարությամբ բաց եմ անում: Չեմ հասկանում՝ ինչ է պատահել:
Թվում է՝ սոսնձվել եմ սենյակի կամարին, և առաստաղի լույսը կուրծքս է ընկղմվել: Գլուխս կառչած է մի ուրիշ բանից՝ ոչ պարանոցիցս: Այդ վայրկյանին ամեն ինչ և՛ գոյություն ունի, և՛ չունի: Վրաս չորս օտար դեմքեր են կռացել: Սենյակի անկյունում ինչ-որ բան է փայլում: Շուրթերիս կտորի հաճելի բույր եմ զգում: Աստիճանաբար հիշողությունս տեղն է գալիս: Կողքերս եմ նայում: Ինչ-որ մեկը կռանում է ու ձեռքը ճակատիս դնում. այն պաղ է ու դուրեկան, անծանոթ թարմությամբ է բուրում: Ոտքս չեմ զգում: Վախվորած շշնջում եմ.
– Վե՞րջ:
Մի մեղմ ձայն պատասխանում է՝ այո:
– Որտեղի՞ց:
– Ծնկից:
Ողջ եմ, և խեցգետիններից լուր չկա: Սենյակի դուռը բացում են: Սկսում ենք մեր ճանապարհորդությունը դեպի վեր: Թարմ օդը կարգավորում է շնչառությունս: Այս ու այն կողմից խոսակցության ձայներ են գալիս, հարազատ ձայներ: Աստիճաններով բարձրանում ենք: Ծածկոցի տակ ձեռքս հպում եմ ոտքիս. բինտերից ու բամբակից բացի, ուրիշ ոչինչ չեմ զգում: Ձեռքս դժվարությամբ ավելի ներքև եմ տանում: Ճիշտ է, ոտքս կտրել են: Ծնկիցս ներքև միայն օդ է: Կասկածանքով մյուս ոտքս եմ շարժում: Չէ, տեղում է, բայց կողքը՝ դատարկ: Թվում է, թե գոտկատեղս ու կրծքավանդակս էլ են խեղվել: Անգամ ձեռքերս են այլափոխվել: Պտտվում ենք, աստիճաններով բարձրանում: Հավատս չի գալիս, որ վերստին կենդանացել եմ և նորից կտեսնեմ երկինքն ու արեգակը:
Ինձ մի ոտքով եմ պատկերացնում: Ինչպե՞ս կարելի է նստել, կանգնել, քայլել: Պետք է միոտանի տաբատ կարել: Պիտի արդեն կոշիկի մի ոտքը գնեմ: Ծիծաղում եմ: Ուղեկցող բուժքույրը սիրալիր զարմանքով շրջվում է: Ինձ եմ պատկերացնում, որ մի ոտքի վրա թռվռալով՝ մի սենյակից մյուսն եմ գնում, ընկնում, կքանստում: Բռնվում եմ մահճակալի, սեղանի ու աթոռների պռունկներից: Ճոճվում եմ: Գիտեմ՝ պետք է նոր լույս աշխարհ եկած մանկան նման կանգնել ու քայլել սովորեմ: Անհրաժեշտ է սկսել սկզբից, ամեն ինչ՝ սկզբից:
Կանգ ենք առնում: Նայում եմ կողքիս կանգնած կնոջը. երկու ճերմակ կոշիկ, ճերմակ գուլպաներ, ճերմակ կիսաշրջազգեստ: Ձեռքերը մաքուր են ու բյուրեղյա: Մարմնից կաթնաբույր է գալիս, հղի կնոջ բույր: Մտածում եմ՝ նախ կսկսեմ անթացուպից օգտվել, հետո՝ արհեստական ոտքից, ապա՝ սեփական ոտքից:
Ուզում եմ՝ ուսանողներս այստեղ լինեին ու ինձ տեսնեին: Այստեղ լինեին, իրենց հարցերը կրկնեին:
Ուղեղս տարիներ անց աստիճանաբար կկենդանանա, ինչպես հնամյա մի գորգ, որ արևի տակ թափ են տալիս: Միանգամից մանկան եռանդով եմ լցվել: Թվում է՝ նոր եմ լույս աշխարհ եկել, և ներաշխարհս դեռ իր հիմնական բնույթը չի գտել: Ուզում եմ՝ այս վիրակապերն ու բինտերը հնարավորինս շուտ հանեն ոտքիցս ու թողնեն, որ քայլել սկսեմ:
Հասնում ենք: Բժշիկները մի կողմ են քաշվում: Միջանցքի լուսամփոփների լույսը աչքիս է ընկնում: Ամենքը շփոթված հայացքով կանգնած են մահճակալիս մոտ: Կինս բռնում է ձեռքս, անորոշ հայացքով ինձ նայում: Սենյակի խորքից լացի ձայն է գալիս: Ես մտածում եմ գալիք օրերի մասին: Գլուխս ծածկոցի տակ եմ մտցնում ու աչքերս փակում:
Ոչ ոք չգիտի՝ ինչքան երջանիկ եմ ես:

Թարգմանությունը պարսկերենից՝  Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *