Զավեն Բեկյան | Նավարկություն

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Քերբերոսը, Արգուսը եվ գամփռ մի հովվաշուն

Երեք անգամ հավքը կանչեց վաղորդայնի մեջ, երեք անգամ
թվաց՝ երազի մեջ եմ մի – ցնցվելով, փորձեցի արթնանալ, երեք անգամ
հուսախաբ եղա՝ տեսնելով որ կյանքի մեջ եմ դեռ, երեք անգամ
հառաչեցի դառն ու անհույս, երեսիս խաչ հանեցի երեք անգամ։
Ու մի մրափ պատեց ինձ չորեքկողմյան, զրահախիտ թանձր մի
մառախուղ պատեց ինձ, ու անթափանցի մեջ անհոգ նիրվանայի
թաթախվեցի իսպառ – մինչև որ երեք որոտ թնդաց ի վերուստ,
երեք վարագույր ճեղքվեց աղմուկով վերիցվար, բացվեցին աչքերս երեք –
ու ի՜նչ տեսնեմ իմ դիմաց՝ բացված երեքծալ անծիր մի հեռաստան
և սրընթաց վազքով մոտեցող երեք շուն, որ մերձեցան ու կանգնեցին
իմ դիմաց, երեք քայլի վրա, ակնապիշ, հնազանդ սևեռվելով իմ հայացքին ․․․

Երեք գլուխ ուներ նրանցից մեկը՝ երեք կողմեր ուղղված։
«Ես Քերբերոսն եմ,- ասաց,- եկել եմ Հադեսի դռնից,
կաղկանձով լի ձորեր եմ անցել՝ մերոնք էին ամեն տեղ։
Կուզե՞ս գալ ինձ հետ, երբ հոգնես կյանքի ունայնական
տխմարությունից, հռհռոցներից էժան ու անիմաստ,
ցինիկ քրքիջներից մերձավորի, որ անգամ Մահն են ծանակում ․․․
Երբ բոլորը տքնում են քրտնաթոր՝ թե վերջում այդ ո՛վ կծիծաղի ․․․
Կուզե՞ս գալ ինձ հետ, որդի Ադամի, ասա՝ և կգնանք »։

Մյուսը էակ էր մի բյուրակնյա – ու տարբեր կողմեր էին նայում
իր աչքերը, դրանց մի մասը քնած էր, մի մասն՝ արթուն,
և անշարժ էին կոպերը ծանրածալ, անշարժ՝ չէին թարթվում։
Ասես աչքերի ողկույզ էր իմ դիմաց՝ սնվող ցնորական մի գինով ․․․
Ասաց ․ «Ես Արգուսն եմ, ես շուն չեմ եղել ի սկզբանե, բնա՛վ,
բայց Հոմերոսի ցեղից մի կույր պոետ էր՝ ինձ շուն կոչեց
(թեև շուն ևս կար իմ անվամբ՝ Ոդիսևսի ոտքերի մոտ պոչ շարժող)։
Կգա՞ս ինձ հետ,- ասաց,- գնանք՝ վկայակիցն իմ լինես,
դիտորդն աստվածային մի գաղտնի զվարճության, երբ Զևսը
կրքից դողալով մոտենա Իոյին – և խանդից խենթացած
Հերան ինձ օգնության կանչի ․․․ Կգա՞ս․․․ »- շարժեց չունեցած իր պոչը։

Մոլորվել էի այս երկու շների արանքում, երբ խոսեց վերջապես
երրորդը՝ մի գամփռ հովվաշուն։ Հովվաշուն էր հասարակ և խոսեց
ինձ մանկուց ծանոթ բարբառով հաչոցախառն, որ լսել էի
ժամանակին ես Լոռվա բարձր սարերում, հովիվ իմ նախնյաց մոտ ․․․
Ասաց․ «Գործ չունե՛ս, հարազատս, հեռու մնա դժոխքի այս նենգ
սպասավորներից, մենք իրար նո՛ր չենք ճանաչում – վստահիր ինձ,
արի ինձ հետ, ես քեզ քո մանկության սարերի երազավետ
փեշերը կտանեմ, հարազատներիդ, ընկերներիդ կտեսնես,
նորից կթաղվես ուրախ մանկութ խաղերի ճիչերի մեջ ․․․ –
և ժամանակը, որ շան պես կառչած քո քղանցքներից, քաշում
տանում է քեզ՝ անզոր կանգ կառնի, կթավալվի ոտքերիդ մոտ»– ․․․
Անսացի ես նրան ու գնացի՝ թե երազ չլինի – ու ․․․ արթնանամ․․․

 

Սաբայի թագուհու այցը Սողոմոն իմաստունին

Շքախումբն է գալիս։ Շորորաքայլ
ու դարձդարձիկ՝ ասես մեղուն
ծաղկի պսակի վրա, նաժիշտներն են
գալիս առջևից թագուհու, բուրմունքի
սկահակներ ու սրվակներ բռնած ։ Ասես մի
դրասանգ է գալիս եդեմական
պարտեզներից քաղված – և ծաղկաշղթայի
խորքում ինքը՝ թագուհին է բուրում ՝
թաքցրած վարդ ․․․ Բայց ամենատես
աչքը Սողոմոնի նրան տեսնու՜մ է , հա՜ ․․․
Սողոմոնի ծիրանի՜ն է փողփողում ելուզակի
դրոշի պես ․․․

Մերձենալով մերձեցավ շքախումբը, թագուհին
ողջագուրվեց Սողոմոնի հետ, ինչպես երկու
իմաստունները կողջագուրվեին ասկետ՝
քիչ հեռվանց ․․․ Ստրուկների խումբը
ընծաները մոտեցրեց – կողովներով մրգե՜ր
անուշաբույր՝ Սաբայի այգիներից քաղված,
զարդեր, համեմունքներ, մի քանի գեղանի հարճ ․․․
Թագուհին իր նոր գրած քերթվածներից կարդաց,
կարդա՜ց – ու երբեք չէր կապի կարճ,
թե Սողոմոնը դրանք իր հոր սաղմոսները
հնչեցնելով չընդհատեր ․․․ Ապա քաղցր զրույցի
անցան։ Թագուհին շատ հարցեր ուներ տալու
Սողոմոնին – Երուսաղեմի տաճարի ոսկե թիթեղների
թվից մինչև «Ժողովողի գրքի» լույսընծայումն ու
տպաքանակը ․․․ Բայց մի հարց այդպես էլ թագուհու
աչքերի խորքում մնաց ու չզորեց հնչել,
թե՝ Սողոմոն, ու՞ր ես թաքցրել երեքհարյուր
քո կանանց իր աչքից, ո՞ր հեռու թփերի տակ՝
իբրև երեքհարյո՜ւր գեղանի մանուշակ ․․․

 

Գիշերային գառներ

Ամպը դանդա՜ղ,
Հայր Աբրահամի մատաղացու
գառան նման
մոտենում է լուսնի
ցոլուն շեղբին ․․․

Եվ հայացքս է՛լ՝
այս ուշ ժամին
մի ամլիկ գառ՝
Ծիր Կաթինի կենարար
կաթն է խմում ․․․

Եվ ասուպեղենի
արոտավայրե՜ր, ուր
ժամանակն է խաղում
ժիր քարկտիկ –
և՛ քարեր նետելու ժամանակը կա,
և՛ ժամանակը քարեր հավաքելու ․․․

Երկնային փարախների
տե՜ր, ով դու
հովիվ երկնաշրջիկ,
որ այս տարաժամին ևս
հաշված ու անվտանգ ես պահում
ատամները գայլի ․․․

 

Հալուցինացիա

Գլաքարերը ողորկ,
առվի մեջ,
իմ մանկության բարկ
ամառվա,
բոկոտն ներբաններիս տակ
սահող ․․․ –

Այդպես ո՜ղջ իմ ժամանակը
սահեց անցավ ահա
մատներիս միջից ․․․

Ջրմուռների վրա
ձվաշղթան էր գորտի՝
ասես ողկույզ, որի
թափանցիկ հատիկների միջից
շերեփուկներն էին արդեն
տեսանելի ․․․

Ընկմու՜մը մեր ինքնաշեն,
քարե լճակի մեջ,
ուր լողանում էինք շոգ ամռանը,
ընկղմումը բաց աչքերով –
ջրի խորքը կանա՜չ,
դեղնականաչ՝ արևով ողողված ․․․

Տեսնես վերջին անգամ
ի՞նչ գույներով է բացվում
Հեռաստանի խորքը,
երբ գնում-հեռանում ես արդեն,
բաց աչքերով,
աշխարհից դեռևս զարմացած՝
լայն բացված աչքերով ․․․

 

Գրեգոր Զամզայի ցնորքը

Եթե ես ընկած լինեմ
շրիշակի մոտ , մեջքի վրա
թավալվելիս, չորս զույգ
ոտքերս վեր ցցած, և
Մարֆան՝ տան ծառա մաքրուհին,
անցնի իմ կողքով, կարճ
շրջազգեստ հագած – և
ճերմակ լույսերի մեջ
անելանելի խճճվի
իմ խեղճ հայացքը,
և ցնծությունից
ավելի ուժեղ թափահարեմ
չորս զույգ ոտքերս, այդ դեպքում
էլ ո՞վ կասի, թե
խավարասեր է Գրեգորը ․․․

 

Առավոտ

Տես՝ Մեծ Արջը
աղոտացավ,
աղոտացա՜վ՝
անհետացավ ․․․ –
ու էլ արդեն
բռնվելու
վտանգ չկա,
ու վարդագույն
լոսոսներն են
լողում երկինք՝
դեպի հի՜ն-հին
ակունքները
ձվադրման ․․․

Նա է գալու,
նա՝ Ձկնորսը,
նույն ջրերի
վրա ելման։
ՈՒ նույն խայծով
եմ բռնված
ժամանակի
ջրերում լուրթ,
այն նույն խայծով –
մինչև Այցը։

 

Նավարկություն

Երկնքում վառվում էր Հարավային Խաչը՝
կապույտ այլ աստղերի ադամանդե
մանրիկ քարերով ընդելուզված ․․․

Ալիքների գիշերային ծփանքի մեջ
վերջին տպավորություններն էինք
փոխանակում։ Դեռ մի քիչ կար
մինչև հրվանդանը Բարեհուսո։

Ծովակալը թափ տվեց նավեզրից
ծխամորճի մոխիրը, հառաչեց։
«Պատրաստվեցեք,- ասաց,- հանեցեք մեղրամոմը ձեր ունկերից – սիրենները մնացին այնտեղ՝ հեռվում ․․․»։

«Հիմա Բարեհուսո հրվանդանն ենք հուսում,- ասաց,- բայց կարող է՝ մեկ էլ՝ Իթակեն դեմներս գա ․․․ Եվ զի օգնական փեակներ չունենք, մտմտացե՛ք ամեն մեկդ ձեր խոսքերը՝ Նրան դեմհանդիման արտաբերելու ․․․ Չնայած՝ մինչև ձեր ասելն է՜լ նա՝ Ֆեդալլահը՝ ամեն ինչ գիտի․․․ »։

․․․ Երկնքում վառվում էր Հարավային Խաչը,
կապույտ այլ աստղերի ադամանդե
մանրիկ քարերով ընդելուզված։
Յունգան պատրաստվում էր
իջեցնել առագաստները։

 

Արտացոլանքներ

Լինել ամալգամը,
ապա պարուրման մեջ
Լույսի, սարսռալով,
զգալ հենց Հայելին ․․․

Շփոթվել Պատկերից՝
կարծելով, թե դու ես
արտացոլվածն, ապա
հասկանալ, որ այդպե՜ս չէ,-
Ի՛նքն է Իրեն հայում ․․․

Բայց ո՜չ մի «ավաղ» -ում,-
ընդելուզվե՜լ Պատկերին,
ամեն աղավաղում
երկրային լքելով ,
զատվել շամանդաղից
լույսերի մեջ ելից ․․․

 

Երեկո

Ծիծաղը ծիծեռնակների
ու ճռվողյունը մանուկների
զվարթ ՝ երկնքի ու
երկրի միջև կապված
վաղնջական ուխտի
ծիածանի գույները
հնչեղ ․․․ Ախ, շուրջպարն այս
հալածե՜ր Մեծ Նինջը՝
ստվերների հետ լուռ
մերձեցող գետնամած,
պարուրելու եկող
գաղտագողի, կամաց ․․․

 

Կակաչների դաշտ

Տես
տեսարանը
ինչպես է
սև ու
կարմիրով
կարկաչում

Բզեզ լինես
ու
չամաչես
թավալվես
պսակում
կակաչի

Մինչև որ
տեսնես
կարկամած
սևըդ ու
կարմիրդ
բաժանված

 

* * *

Մշուշի մեջ՝
մշուշեղեն ադամամութ։
Մոլոր Ադամ , իր դեմ-դիմաց՝
ոտքիցգլուխ ճերմակ հագած
Մեկը, շուրջը՝ մշուշեղեն ․․․
Ինչ-որ բան է ուզում ասել,
բայց էլ ուշ է՝ շուրթ չի շարժվում․․․
Մշուշեղեն է, ․․․ ուշեղե՜ն ․․․
Դառնում է լույսը համադամ,
հրաժեշտի նշխա՜ր անուշ ․․․
Ի՞նչ է սիրտդ ուզում, Ադա՛մ․․․
Բայց էլ ուշ է արդեն, շա՜տ ուշ ․․․
Մրմնջում է անբառելի ,
անբառելի-անլսելի․
« Հենչաք ըլի՝ դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, աչկի լուս ․․․ »։

 

Անտառապահի տնակի մոտ

Սկզբից խանդավառ,
լայն հայացքն ընդգրկում է
անծայրածիր կանաչ
տարածությունը – ցնծում։
Զի սերը չի քննում,
սերը Հոմերոսի
կույր հայացքն է՝
ինքն իրենով ոգեշնչված։
Սերը կույրի մատների
վարքն է, որ աֆեկտի մեջ
չի ուզում շոշափել տրված
ողորմության մետաղադրամը․․․

Սկզբից խանդավառ,
լայն հայացքն ընդգրկում է
անծայրածիր կանաչ
տարածությունը – ցնծում։
ՈՒ միայն հետո է
լսողությունը խորանում
թավուտներից լսվող ձայների մեջ,
վայրի ճիչերի՝
միմյանց հոշոտող գազանների։
Եվ հառաչն է լսվում
իրականությունից խոցված,
լուրթ ջրերի մոտ արնաքամվող
տարաբախտ Նարցիսի ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *