Խաչը ոտից գլուխ կարմիր էր։
Չէ՛, էդ կարմրությունը Հիսուսի արյան հետ կապ չուներ, կամ էլ ունե՞ր, ես չգիտեմ,- երկաթե անկողնուն, որին ժարգոնով «նառ» էին ասում, պառկած մտածում էր նա։
Ընդհանրապես պառկած ուրիշ բանի մասին մտածել էլ չէր լինում, ինչ-որ բառեր էր վերցնում ու դրանք իրար հետ հարմարեցնելով՝ խաղացնում․
Նառ-նուռ-նեռ-նառ-նավ-նար-Նա-նար․․․ Հենց մի հետաքրքրիր կոմբինացիա էր ստացվում՝ դեմքին ժպիտ էր գալիս, բայց էնքան զգույշ էր ժպտում, որ հսկիչները չտեսնեն, որովհետև անմիջապես մտնում ու սկսում էին ծեծել, որից հետո հաստատ մի քանի օր ջարդրդված ոսկորների ցավից բացի ուրիշ ոչ մի բանի մասին մտածել չէր լինում։
Լինում էր, որ ժպիտի համար բացատրություն էլ էին պահանջում, բայց այդ պահանջն այնքան անհեթեթ ու անակնկալ էր լինում, որ ստեղծագործելու կամ սուտ խոսելու ժամանակ չէր մնում ու ստիպված էր լինում ազնիվ պատասխանել, բայց այդ ազնիվ պատասխանը ավելի ոչ արժանահավատ էր թվում, քան թե մի որևէ սուտ մոգոներ, որից հետո կրկին ծեծն անխուսափելի էր։
Լինում էին օրեր, երբ թքում էին վրան կամ միզում, բայց ինչ-որ պահից սկսած դա ավելի հեշտ տանելի էր, քան ծեծը։
Ընդհարապես ինքնասիրություն ասվածը միայն որոշակի միջավայրում է աշխատում, որ ինքդ դու ես, սերն էլ մի որևէ արժեք ունի,- մտածում էր նառին պառկածը ու հիշում, որ նախկինում մի անգամ իրեն մայր էին հայհոյել, որի համար հայհոյողի քիթմռութը ջարդել էր։
Հիմա մոր ու քրոջ քֆուրներն էլ էր նա հանգիստ կլլում՝ նամանավանդ քֆուրը հսկիչների լեզվով էլ էր քֆուր ու հիմնական սեռական հայհոյանքներն էլ էին երկու լեզուներով նույնը։
Նա օրերով պառկում ու անժպիտ փորձում էր մի միտք գտնել, որը կկապվեր նախորդ կյանքի հետ ու թույլ կտար շարունակել ապրել։
Ախր ինքնասպան լինելու հնարավորություն էլ տրված չէր, քանի որ համ կամքն էր կոտրված, համ էլ «Կարմիր Խաչի» ցուցակներում էր հայտնված ու եթե հանկարծ, Աստված մի արասցե, մեռներ, դա «չեպե» կլիներ «ընդունող» կողմի համար։ Դրա համար էլ ծեծողները էնպես էին ծեծում, որ հանկարծ չմեռնի, համ էլ ամեն օր շմոն անում, որ ծակող-կախող-կտրող գործիք մոտը չլինի, որ հանկարծ ինքնասպանություն չգործի։
Էդ միջազգային կազմակերպություններ էլ Սովետի պես էին աշխատում՝ «ընդունում-հանձնում» մեխանիզմով ու որքան աԲրանք իրենց մոտ գրանցված էր, էդքանին էլ «տեր» էին՝ ոչ ավել, ոչ պակաս, ու արդեն կարևոր էլ չէր, թե էդ աԲրանքը ինչ վիճակում կլիներ, կամ էլ ժամկետանց կդառնա, թե չէ։
Մեկ-մեկ էլ, որպես ապրել շարունակելու պատճառ, նա մտածում էր, որ Աֆրիկայում ու Ռսաստան տեղ օրը միլոնավոր մարդիկ են մեռնում ու երևի իր բախտը բերել է, որ գոնե «Կարմիր Խաչը» իր մասին գիտի։
Մի քանի ամիսը մեկ էդ կազմակերպությունը տնեցիքից նամակ էր բերում։ Իրեն էլ էին ասում, որ կարող է տնեցիքին իրենց միջոցով նամակ ուղարկել, որը չգիտեր տնեցիքին հասնում է, թե չէ, բայց հաստատ գիտեր, որ նամակում «սխալ» բան գրելու դեպքում ծեծը կրկնապատկվելու էր։ Սխալն էլ էն էր, որ հանկարծ նամակում կարող էին հայտնվել «էս տեղս մի փոքր ցավում է» կամ էլ «էն օրը մի քիչ մրսեցի» արտահայտությունները, որի մեջ հսկիչները որոշակի կոդավորված ինֆորմացիայի փոխանցման փորձեր ու իրենցից բողոքելու երանգներ էին տեսնում ու, առը հա, մի քանի քացի էլ էդ տողերի համար։
Այս ընթացքում նա հսկիչներին սկսել էր կոշիկի համարներով տարբերել ու գետնին պառկած աչքերը փակ վիճակում կարողանում էր գուշակել, թե ով է էդ օրը իրեն հիմնական ծեծողը։
Միջանկյալ ծեծերից խուսափելու համար նա հրաժարվեց նամակ գրելուց, սակայն դա էլ հսկիչների կողմից դիտարկվեց որպես դեմարշ ու ծեծերն ավելի դաժանացան, դրա համար էլ ստիպված եղավ վերականգնել «Կարմիր Խաչի» կազմակերպած նամակագրությունը։
Նա հիմա նամակներում փորձում էր էնպիսի բաների մասին գրել, որ հանկարծ հսկիչների զայրույթը չառաջացնի։
Տնեցիների նամակից իմացել էր, որ այս տարի ֆուտբոլի առաջնություն է տեղի ունենալու ու նախկին ֆուտբոլի ֆանատ լինելով՝ պատասխան նամակում գրել էր, թե իբր իրեն թույլ են տվել հեռուստացույց դիտել ու ինքը էս տարի կանխատեսում է Բրազիլիայի հաղթանակը։
Բրազիլիան էլ ընտրված էր որպես մի տարածաշրջանից ու շառից-փորձանքից հեռու երկիր, որ էդ երկրի մեջ հանկարծ հսկիչները հակառակորդ չտեսնեն։
Քանի որ բացի իրենից հսկիչներն էլ էին պարապ ու ֆուտբոլի սիրահար, բայց ի տարբերություն նրա՝ ունեին հեռուստացույց, որով օնլայն ռեժիմում հետևում էին աշխարհի չեմպիոնատին՝ միջանցքից հասնող ձայներից նա մոտավորապես իմանում էր, թե որ թիմը մյուսին հաղթեց։
Էդ օը մի ուրիշ ամպլիտուդով ականջին հասավ «գոոոոլ» գոռոցը, որից հետո մի քանի հսկիչ միանգամից մտան կամեռ ու էլ բան չէր հիշում։
Նա նառի վրա պառկած լուծում էր հերթական բառախաղը, ու չգիտես որտեղից հիշել էր, որ «գոլ» անգլերեն նպատակ էր նշանակում՝ գոլ-գյոլ-գյոզ-գոմ-․․․ ու փորձում էր հասկանալ նախորդ ծեծից հետո ողջ է, թե մեռած։
Փորձում էր գուշակել նախորդ ծեծի ժամանակ ո՞վ էր գոլը խփել՝ Նեյմարը, թե Մեսսին, որի պատճառով դեմքին էնպիսի գոլեր էր կերել, որ հասկացել էր՝ հսկիչները հակառակ թիմի վրա էին խաղադրույք արել։
«Կարմիր Խաչի» հերթական այցից հետո նա հազիվ աչքերը բացեց ու առանց ժպիտը թաքցնելու հարցրեց․
-Հը՝ Բրազիլիան կրել ա՞․․․
Հեղինակային խոսքի խնդիր կա: 3-րդ դեմքով խոսելիս հեղինակը սովորաբար չեզոք է մնում, այլապես կդառնա հրապարակախոսություն…