Միխայիլ Պետրովիչ Արցիբաշևը ծնվել է 1878 թվականին Խարկովի նահանգի Ախտիրկա գավառի Դուբրոսլավովկա գյուղում, ազնվական կալվածատեր-պաշտոնյայի ընտանիքում։ Ապագա գրողի մանկությունն ու պատանեկությունն անցել են Ռուսաստանի հարավի հեքիաթային գեղեցկությամբ առանձնացող այս եզերքում։ Հասուն տարիքում էլ նա ամեն առիթով այցելել է հարազատ վայրեր, հանգրվան և ապաստան գտել այնտեղ ու իր շատ ստեղծագործություններում («Սանին» վեպում նույնպես) պատկերել հայրենի գավառակի գեղեցկությունները։ Նկարչի ակնառու շնորհ ունեցող Մ. Արցիբաշևի (1897-1898 թվականներին նա սովորել էր Խարկովի գեղանկարչական դպրոցում) «Սանին» վեպում հրաշալի բնանկարների պատկերասրահ է հառնում ընթերցողի առջև՝ անտառների և այգիների, գետի, սպիտակատես վանքի, կանաչի մեջ թաղված գավառական քաղաքի պատկերներով։ Ամառային և աշնանային բնանկարները հիացնում են ոչ միայն վրձնահարված – բառի, գույնի ու երանգի ընտրությամբ, այլև թվացյալ կրկնվող բնապատկերներից յուրաքանչյուրի անկրկնելիությամբ. նույն վանքը, նույն գետն ու անտառը, նույն այգին ու ծառուղին, արահետը, արևը, արշալույսն ու վերջալույսը, նման լինելով, ինչ-որ նրբերանգով տարբերվում են նախորդից և առանձին-հարկավոր տրամադրությունը հաղորդում «դիտող»-ընթերցողին։ Սա, անշուշտ, տաղանդի վառ արտահայտություն է և Արցիբաշևի արձակի բնորոշ հատկանիշներից։ Իմիջիայլոց, նկարչության «շնորհիվ» էլ Մ. Արցիբաշևը գրող է դարձել։ «Երկար ժամանակ երազում էի նկարիչ դառնալ, – գրում է Արցիբաշևն իր ինքնակենսագրությունում, – ու բավական անսպասելիորեն գրող դարձա։ Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ տպագրած պատմվածքիս համար Խարկովի թերթերից մեկը (1894 թվականից Մ. Արցիբաշևը թղթակցում-համագործակցում է խարկովյան տարբեր թերթերի, մասնավորապես «Հարավային եզերքի» հետ՝ տպագրելով իր հաղորդագրությունները, ակնարկներն ու պատմվածքները – Ա. Ղ.) ինձ ութ ռուբլի վճարեց, որով ես ներկեր գնեցի։ Հետո էլի փող պետք եկավ, և ես նորից գրեցի։ Եվ որովհետև գեղանկարչություն սովորելն ինձ ձանձրալի թվաց, անցա գրականությանը։ Հետո արդեն սիրեցի այն և ցանկացա գրողական փառքի հասնել և անպայման՝ համաշխարհային փառքի։ Հիմա էլ եմ ուզում։ Քանի հնարավոր էր, ապրում էի հորս փողերով, հետո՝ ինչպես պատահի. երգիծանկարներ էի անում, հոդվածներ գրում թերթերում…»։ Ուշադիր ընթերցողին այս խոստովանանքն անմիջապես հիշեցնում է վիպական հերոսներին՝ Սանինին և հատկապես Սվարոժիչին, որ ապրում էր հոր հաշվին, նկարում էր, գրում, իրեն համաշխարհային ճանաչման արժանի մարդ կարծում։ Զուգահեռներն ուղղակի և ակնհայտ են. ակնառու են ինքնակենսագրական ներմուծումերը։ «Ինքնակենսագրականությունը» արցիբաշևյան արձակի կարևորագույն հատկանիշներից է և գիտակցված սկզբունք. «…փնտրում են գաղափարներ ու տրամադրություններ, և ոչ գրողի «ես»-ը, մինչդեռ յուրաքանչյուր մարդու ստեղծագործության մեջ ամենակարևորը հենց ինքն է։ …Կարևորը սեփական «ես»-ն է, որովհետև այն վսեմ է և յուրօրինակ»։ Կենսագրական փաստերի տասնյակ ներմուծումներ կան Արցիբաշևի արձակում, որոնցից ինքնասպանության սեփական, բարեբախտաբար անհաջող փորձը պատկերվում է նրա շատ գործերում։ «Սանին» վեպի երեք հերոս ինքնասպան են լինում, մի քանիսն էլ մտորում են դրա մասին կամ փորձում ինքնասպան լինել։ Ընդ որում՝ ինքնասպան լինելու պատճառները սոսկ անձնական չեն, այլ հասարակության և հասարակարգի «հիվանդության» արդյունք։ Արգահատելի հերոսի՝ Զարուդինի ինքնասպանությանը նախորդող խոհերում տեսնում ենք այդ «վարակիչ հիվանդության» հիմք-պատճառի գիտակցումը. հասարակությունն էր նրան այդպիսի դարձրել, և այս հանգամանքը նույնիսկ ինչ-որ կարեկցանք է առաջացնում նրա հանդեպ։ Մ. Արցիբաշևի առաջին պատմվածքը հրատարակվել է 1895 թվականին, 20-րդ դարի առաջին տարիներին տպագրվում են տասնյակ այլ պատմվածքներ, որոնք շուտով ամփոփվում են պատմվածքների երկհատորյակում՝ արժանանալով ընթերցողների ուշադրությանը։ Վ. Բրյուսովը, Ա. Բոգդանովիչը, Ա. Կուպրինը իբրև գրական նշանակալից երևույթ առանձնացնում են «Կուպրիյան» (1902), «Ենթապրապորշիկ Գոլոլոբովը» (1902), «Ծիծաղ» (1902) պատմվածքները, «Լանդեի մահը» (1904) վիպակը։ Սակայն քչերը գիտեին, որ 1902 թվականից հրատարակման իր հերթին էր սպասում «Սանին» վեպը։ Երբ Արցիբաշևը վեպը հանձնում է տպագրության գրական նշանավոր հանդեսներից մեկին (“Мир Божий”), նրա առաջին ընթերցողը դառնում է Ա. Կուպրինը։ «Վեպը հետաքրքիր է, բայց դժվար թե ամսագրի խմբագրությունը համաձայնվի տպագրել այն», – ասում է նշանավոր գրողը։ Եվ իրոք, խմբագիր Ա. Բոգդանովիչը խմբագրության խորհրդակցության ժամանակ հայտարարում է. «Վեպն անհնար է տպագրել։ Որոշ դրվագների նատուրալիզմը սահմանակից է պոռնոգրաֆիային, և գլխավորը՝ վեպն անկումային է ու չի համապատասխանում ներկայիս քաղաքական իրադրությանը, երբ առաջադեմ հասարակությունը հեղափոխականորեն է տրամադրված»։ Այդպես, հինգ տարով վեպը հանգրվանեց փակ գզրոցներում։ Իսկ հրատարակվելուց հետո համաշխարհային ճանաչման արժանացավ։ Նատուրալիզմ, անկումայնություն, նիհիլիզմ, պոռնոգրաֆիա, գերմարդու պանծացում, հեղափոխական գաղափարախոսության մերժում, – ահա այն հիմական մեղադրանքները, որ հնչում էին միաբերան և՛ դեմոկրատ-լիբերալների, և՛ ռեալիստ ու սիմվոլիստ գրողների, և՛ պահպանողականների ու քաղքենիների, իսկ հետագա տարիներին՝ առավել ուժգին՝ սովետական գրականության հիմադիրների և մարքս-լենինյան գաղափարախոսների կողմից։ Ընդ որում՝ մերժելով հանդերձ, համարյա բոլորը դրվատում էին գրողի անուրանալի տաղանդը։ «Թող կորչեն «գերմարդ» գրողները, թող կորչեն անկուսակցական գրողները», – այս մարտակոչը Ռուսաստանում առաջին անգամ հնչեց 1907 թվականին՝ Առաջին ռուսական հեղափոխության պարտությունից հետո, երբ Արցիբաշևն ավարտին էր հասցրել «Սանին» վեպի տպագրությունը «Ժամանակակից աշխարհ» հանդեսում։ Եվ քննադատներն անմիջապես արձանագրեցին, որ վեպը հեղինակի ամենանշանակալից ստեղծագործությունն է, որով նա 20-րդ դարասկզբի մարդու բողոքն ու ընդվզումն է հնչեցնում ամեն կարգի արգելքների, քաղաքական և քաղքենիական բարոյական կաշկանդումերի դեմ, մարդուն շրջանակված-կաղապարված պատկերելու փարիսեցիական պարտադրանքի դեմ։ Մարդը, ըստ Արցիբաշևի, ոչ միայն մաքուր և ազնիվի, վեհ ու վսեմի, այլև մեղքի, մարմականի, ստոր կրքերի կրողն է։ Իր մեծ նախորդների՝ Դոստոևսկու, Տոլստոյի, Չեխովի նման Արցիբաշևը փորձում է հասկանալ «բնության արքայի» այդ հակասականությունն ու երկվությունը։ 1907-1908 թվականներին Սանինը ստվերեց իր ստեղծողին՝ Արցիբաշևին. թվում էր՝ ոչ թե Արցիբաշևն է ստեղծել Սանինին, այլ՝ Սանինը Արցիբաշևին։ Սրանում, անշուշտ, «մեղավոր» էր նաև արցիբաշևյան «ինքնակենսագրական դավանանքը», բայց այդօրինակ նույնացումը, հակագիտական լինելով, առիթ էր գրողի վրա հարձակվելու։ Մարդու կրքերի, բնազդների, երկվության ճշմարտացի պատկերումը ժամանակի որոշ քննադատների ջանքերով Արցիբաշևին ցինիկի և համարյա թե պոռնոգրաֆիստ գրողի համբավ բերեց։ Ավելի մեծ վնաս հասցրեց Արցիբաշևին «Սանին» վեպի Մ. Գորկու «հակահեղափոխական» որակումը։ Թեև Մ. Գորկին հետագայում վերանայեց վեպի հանդեպ իր տեսակետը, պիտակավորումը մնաց։ Սկսեցին «Սանինի» դատավարությունները։ Սանին-Արցիբաշևը հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Գրական դատերը տեղի էին ունենում Ռուսաստանի տարբեր անկյուններում, հասնում գավառ-ծայրամասեր, նաև՝ հայկական միջավայր։ Այդպիսի ամոթալի դատավարության մասնակից է դառնում նաև արվեստի, գրականության մասին խիստ սուբյեկտիվ-հակասական տեսակետներով հայտնի Ալ. Շիրվանզադեն։ Այդ մասին ինքն է վկայում դրամատուրգ Արցիբաշևին փնովող «Արցիբաշևի «Խանդ»-ը» հոդվածում (տե՛ս «Մշակ», 1913 թ., №251)։ «Արցիբաշևին ես ծանոթ չեմ։ Մի անգամ ես ուրիշների հետ դատավոր էի հրավիրված նրա «Սանին» անունով վեպի հրապարակական դատին (դատը տեղի է ունեցել 1911 թ., Թիֆլիսի Ժողովրդական տանը – Ա. Ղ.)։ Այդ վեպը ես սկսել էի կարդալ և չէի կարողացել ավարտել։ Ոչ այն պատճառով, որ նա մի պոռնոգրաֆիական գրվածք է, ինչպես ասում են շատերը, այլ որովհետև հետաքրքրական չէր, զուրկ էր ստեղծագործական ներշնչումից։ …Որքան հիշում եմ, մեր վճիռը շատ էլ նպաստավոր չեղավ Սանինի բարոյական աշխարհայացքի մասին», – գրում է Շիրվանզադեն։ «Չկարդացած» վեպի մասին այսօրինակ դատողությունները, որ սովորական դարձան սովետական ժամանակաշրջանում, հարկ համարեցինք ներկայացնել սոսկ Արցիբաշևի և «Սանինի» հանրահայտությունը նաև հայկական միջավայրում ցույց տալու նպատակով։ Դարասկզբի հայ գրողներից շատերի վրա Արցիբաշևի ազդեցությունը կա, և գրականագիտական հետաքրքիր պրպտումերի նյութ կարող է դառնալ։ Դատավարություն-քննարկումերը ծավալվեցին այնքան, որ նույն ինքը Մ. Գորկին հարկ համարեց պաշտպանել գրողին. «Արցիբաշևի դատավարությունը լկտի է և անվայելուչ, ինչպես բոլոր այսպես կոչված գրական դատերը»։ «Սանինի» և նրա հեղինակի մասին վեճերը շարունակվեցին երկար, մինչև խորհրդային օրերը, երբ վերջնական լռության դատավճիռ կայացվեց նրանց հանդեպ։ Դատավճիռն այս դեպքում քաղաքական էր՝ անողոք և անարդարացի։ 1923 թվականին Մ. Արցիբաշևը մեկնում է Լեհաստան, ստանում այդ երկրի քաղաքացիություն, գրական աշխատանքից առավել զբաղվում հասարական-քաղաքական գործունեությամբ՝ հարյուրավոր հրապարակում-հոդվածներով քննադատելով բոլշևիկյան բռնատիրական կարգը։ Արցիբաշևը վախճանվում է 1927 թվականին։ Նույն տարում հայրենիքում հրատարակվում է գրողի «Լանդեի մահը» վերնագրով ժողովածուն, իսկ «Օգոնյոկ» ամսագրում՝ հետևյալ անբարո ու սրբապիղծ մահախոսականը. «Արտասահմանում մեռավ Մ. Պ. Արցիբաշևը։ Հազիվ թե ռուս ընթերցասեր հասարակայնությունը սգաց երբեմի այդքան հայտնի ռուս արձակագրի մահը…»։ Այդքանը… Եվ լռություն… Մինչև 1980-ական թվականների վերջը, երբ դարասկզբի ամենահայտնի, տաղանդավոր և հանիրավի մոռացված գրողը վերադարձավ Ռուսաստան։ Այժմ վերադառնում է նաև հայ ընթերցողին: