Մաքրեք հոգիները․ մարմիններն ապականված են ի բնե․․․
Առավոտյան տաք ջուր խմելն օգտակար է առողջությանը․ մաքրում է օրգանիզմն ու լավացնում նյութափոխանակությունը։ Կարդալով այս տողերը՝ Հասմիկն ամեն առավոտ սկսեց տաք ջուր խմել ու մեծ բաժակով, որ ավելի առողջ լինի։ Դե իսկ եթե մաքուր օրգանիզմ ունենա՝ մարդն իրեն ավելի շատ կսիրի կամ ․․․ պարզապես կսիրի։ Ու, հա, մարդը, ոչ թե ամուսինը։ Լեռնիկը վաղուց դադարել էր նրա համար ամուսին լինելուց։ Վաղուց էր, բա ի՜նչ։ Երևի թե երկրորդ երեխային կորցնելուց հետո, երբ բժիշկներն ասացին, որ այլևս չի հղիանալու։ Երկու տարին վաղուց էր։ Առաջին երեխան հիվանդ էր ծնվել։ Հետո ինչ՝ տղա էր։ Չպահեցին։ Չթողեցին՝ ապրի։ Թողնեին էլ՝ չէր ապրի։ Երկրորդը չհասցրեց էլ ծնվել (երևի այդպես ավելի լավ էր, բայց ու՞մ համար)։ Բայց հո մեղավորը խոպանը չէր, ռուս կանայք չէին, տո Լեռնիկն էլ չէր ու ոչ էլ նրա չտես անբարոյականությունը։ Հեռու ու խուլ գյուղերում, ուր կնոջը սիրելն ու հարգելը միշտ էլ ամոթ է եղել, որովհետև հարգում են միայն արժեքավորին, տղամարդը չի կարող սխալ լինել։ Իսկ Հասմիկը հավատում էր, որ մեղքն իրենից է, որովհետև սիրել է ամուսնուն ու երջանիկ ընտանիքի մասին երազել։ Լինելու բա՞ն է բա՝ կինը սիրի, ու այն էլ՝ ամուսնուն։ Չլսված ու չտեսնված էր։
Մարդիկ սովոր են ամբոխի հետևից շարժվելուն՝ ճիշտ որակելով այն, ինչ շատերի մոտ ընդհանուր է։ Գյուղում տղամարդ համարյա չկա․ խոպան են գնացել, որովհետև ասում են՝ ռուսաստաններում ամեն ինչ առատ է՝ գործը, փողը, կանայք ու սերը։ Լեռնիկն էլ հավատացել էր։ Գնաց՝ համոզվելու։ Կանայք իրոք շատ էին, որովհետև տղամարդիկ օղիով էին տաքանում, իսկ հայրենիքում ո՛չ կին կար, ո՛չ օղի, ու ցուրտ էր։ Կարևորը Լեռնիկը հավատում էր, ուրեմն հավատում էր և Հասմիկը։ Ինչպես և նրան, որ գործը դժվար է, չեն հասցնում, հազիվ տոմսի գումար են հավաքում, որ Նոր Տարում գան, խմեն ու իրենց կանանց ռուս կանանց հետ համեմատեն։ (Հասմիկը դեռ հավատում էր, որ իրենք ավելի լավն են)։ Բայց կարևորը գործը կա։ Մի օր կլավանա էլի․․․ երևի։ Ու գուցե Հասմիկին էլ տանի իր մոտ։
Մի օր․․․ Լեռնիկը հետ էր եկել։ Հայրենասիրությունն ու կարոտը խեղդում էին, դրա համար վերադարձել էր նոր անձնագրով՝ որպես Բոգդանով։ Էլ ինչ Աստվածատուրյան։ Աստված կա՞ր, որ մի հատ էլ ողորմություն տար իրեն։ Փոխարենը ռուսաստաններում ամեն ինչ առատ էր, սրտի չափով նույնիսկ աստվածներն էին տալիս։ Ինքը ողորմելի էր, մինչդեռ ստացածը ողորմություն էլ չէր։
– Жасмин, ду՛ша моя, иди ко мне!
Ու ցույց էր տալիս կնոջը քարքարոտ տների հետևում մեկուսացած ու կիսաքանդ տնակը, որը պետք է նորից կառուցեր՝ նոր ընտանիքի ու ապագա սերունդների համար։
– Вот здесь мы будем жить и растить наших детей. До чего воздух хороший и свежий. И сын наш вырастит здоровым.
Ժասմինը երջանիկ էր։ Հասմիկը՝ նույնպես։
Ժասմինը Լեռնիկին որդի էր պարգևել՝ դեռ ապրող։ Հասմիկը Լեռնիկին որդի էր պարգևել՝ երբեք չմեռնող։ Դրա համար էլ, իմանալով, որ Լեռնիկը վերադառնում է ռուս կնոջ ու երեխայի հետ, լուռ հավաքել էր իրերը ու հեռացել․ մի քանի կտոր էր էլի ու տատից մնացած բրդյա շալը՝ միակ տաք բանը, որ ուներ ու երբևէ կարող էր ունենալ։
Հեռացել էր՝ արդեն վստահ լինելով, որ մեղքն իրենից էր, չիմանալով, որ Հարությունը Լեռնիկի որդին չէ, թեև հարություն էր առել նախորդ երկուսի փոխարեն։
Ու շարունակում էր ամեն առավոտ ավելի մեծ բաժակով տաք ջուր խմել, որ մաքրի օրգանիզմը, ու հիմա նաև հոգին․․․ գոնե հոգին, որովհետև մարմինն ապականված էր ի բնե․․․