1929թ․-ին մի քանի շաբաթ անցկացրեցի Փարիզի տասնհինգերորդ շրջանի հիվանդանոցներից մեկում՝ Hôpital X-ում։ Ընդունարանում աշխատակիցներն ինձ հետ սովորական երրորդ կարգի հարցաքննություն անցկացրեցին, և, սպասվածի պես, նախքան ինձ ներս կթողնեին, ես մոտ քսան րոպե հարցերի էի պատասխանում։ Եթե երբևէ ստիպված եք եղել ինչ-որ ձևաթղթեր լրացնել լատինական որևէ երկրում, կհասկանաք՝ ինչ հարցեր նկատի ունեմ։ Նույնիսկ մի քանի օր անց ես դժվարանում էի Ռեոմյուրի սանդղակը Ֆարենհայթի փոխարկել, բայց գիտեմ, որ ջերմությունս մոտավորապես 103 էր, իսկ հարցաքննության վերջում ես արդեն դժվարությամբ էի կանգնում ոտքի վրա։ Իմ հետևում հիվանդների փոքրիկ անտրտունջ մի խումբ, կապոցները գունավոր թաշկինակների մեջ փաթաթած, սպասում էր հարցաքննվելու իր հերթին։
Հարցաքննությանը հետևեց լոգանքը՝ ըստ երևույթին պարտադիր կարգ բոլոր նորեկների համար՝ ճիշտ այնպես, ինչպես բանտերում կամ ուղղիչ տներում։ Ինձնից վերցրին իմ հագուստը և միայն հինգ դյույմ գոլ ջրի մեջ մի քանի րոպե դողալով նստելուց հետո վուշե գիշերային շապիկ ու կարճ ֆլանելե կապույտ խալաթ տվեցին ինձ։ Հողաթափեր չտվեցին. ասացին՝ ինձ համար բավականաչափ մեծ համար չգտան։ Ապա ուղեկցեցին դուրս։ Փետրվար ամիսն էր, գիշեր, իսկ ես հիվանդ էի թոքաբորբով։ Հիվանդասենյակը, ուր ուղևորվում էինք, 200 յարդ հեռավորության վրա էր, և թվում էր՝ այնտեղ հասնելու համար ստիպված ես կտրել-անցնել հիվանդանոցի ողջ բակը։ Իմ առջևից ինչ-որ մեկը՝ լապտերը ձեռքին, սայթաքելով առաջ էր շարժվում։ Ոտքերիս տակ սառցապատ մանրախիճն էր, իսկ քամին մտրակում էր մերկ սրունքներս։ Երբ հասանք հիվանդասենյակ, ինձ համակեց տարօրինակ ծանոթ զգացողություն, որի ծագումը հաջողվեց պարզել միայն ավելի ուշ՝ գիշերը։ Դա երկար, բավականին ցածր, աղոտ լուսավորությամբ, շշուկներով լի սենյակ էր՝ երեք շարք մահճակալներով, որոնք զարմանալիորեն մոտ էին միմյանց։ Սենյակում գարշելի հոտ էր տիրում՝ ֆեկալ և, միևնույն ժամանակ, քաղցրավուն։ Երբ պառկեցի, գրեթե իմ հակառակ կողմում տեսա փոքրամարմին, կլոր ուսերով ու դեղնակարմիր մազերով մի կիսամերկ մարդու՝ նստած մահճակալի վրա, իսկ ինչ-որ բժիշկ ու ուսանող ինչ-որ տարօրինակ գործողություն էին անում նրա վրա։ Սկզբում բժիշկն իր սև պայուսակից հանեց մեծ քանակությամբ փոքրիկ բաժակներ՝ նման գինու գավաթների, իսկ ուսանողը յուրաքանչյուր բաժակի ներսում լուցկի վառեց՝ օդն այրելու համար, այնուհետև բաժակը դրեցին տղամարդու մեջքին ու կրծքավանդակին, որի վրա վակուումից հսկայական դեղին բուշտ առաջացավ։ Միայն որոշ ժամանակ անց ես հասկացա, թե ինչ էին անում նրա հետ։ Դա բաժակների թերապիա կոչվող բուժման ինչ-որ ձև էր, որի մասին կարելի է կարդալ հին դասագրքերում։ Այդուհանդերձ, մինչ այդ պահը ես միայն աղոտ կերպով ենթադրում էի, որ դա մի բան էր, որ անում էին ձիերի հետ։
Հավանաբար սառը օդը իջեցրել էր ջերմությունս, և ես այս բարբարոսական բուժական միջոցին հետևում էի զսպվածությամբ ու նույնիսկ որոշակի զվարճանքով։ Հաջորդ պահին, սակայն, բժիշկն ու ուսանողը մոտեցան իմ մահճակալին, վեր քաշեցին ինձ և, առանց որևէ բառի, սկսեցին իմ վրա կիրառել այդ նույն բաժակները, որոնք որևէ կերպ չէին ախտահանվել։ Իմ ցուցաբերած թույլ դիմադրությունը ոչ մի արձագանքի չարժանացավ․ ասես ես կենդանի լինեի։ Ես ապշած էի այն անտարբերությունից, որով այդ երկու մարդիկ սկսեցին աշխատել իմ վրա։ Ես երբեք հիվանդանոցի ընդհանուր հիվանդասենյակում չէի եղել, և սա իմ առաջին առնչությունն էր բժիշկների հետ, որոնք քեզ հետ գործ են ունենում առանց հետդ խոսելու կամ, ավելի մարդկային իմաստով, որևէ ուշադրություն դարձնելու։ Իմ դեպքում նրանք միայն վեց բաժակ օգտագործեցին, ինչից հետո կտրեցին-հեռացրեցին բշտիկներն ու նորից դրեցին բաժակները։ Բաժակներից յուրաքանչյուրը մոտ մեկ թեյի գդալ մուգ գույնի արյուն հանեց։ Երբ կրկին պառկեցի՝ նվաստացած, զզված ու վախեցած ինձ հետ կատարվածից, ենթադրում էի, որ գոնե հիմա ինձ մենակ կթողնեին։ Բայց ոչ, բոլորովին։ Սպասվում էր մեկ այլ բուժական գործընթաց՝ մանանեխի կոմպրես, որ, ըստ երևույթին, նույնքան սովորական էր, որքան տաք լոգանքը։ Երկու թափթփված բուժքույր արդեն պատրաստել էին տաք թրջոցալաթը։ Նրանք այն զսպաշապիկի պես ամուր կապեցին կրծքավանդակիս շուրջը, մինչ մի քանի հոգի, որ շրջում էին վերնահագուստով ու տաբատներով, կիսակարեկցական քմծիծաղով սկսեցին հավաքվել մահճակալիս շուրջը։ Ավելի ուշ իմացա, որ հիվանդների մանանեխով կոմպրեսին հետևելը սիրված ժամանցի միջոց էր հիվանդասենյակում։ Այս գործընթացը սովորաբար տևում է քառորդ ժամ և, անշուշտ, բավականին զվարճալի է, եթե գործողության մասնակիցն ինքդ չես։ Առաջին հինգ րոպեների ընթացքում, չնայած սաստիկ ցավին, հավատում ես, որ այն հաղթահարելի է։ Հաջորդ հինգ րոպեների ընթացքում այս համոզմունքը փոշիանում է, սակայն թրջոցն ամուր կառչած է մեջքիդ, ու հնարավոր չէ այն հեռացնել։ Սա այն ժամանակահատվածն է, որ ամենաշատն է զվարճացնում ականատեսներին։ Վերջին հինգ րոպեների ընթացքում, ինչպես նկատեցի, հետևում է մի տեսակ անզգայացում։ Թրջոցը հեռացնելուց հետո գլխիս տակ դրեցին սառույցով լցված անջրանցիկ բարձ ու ինձ հանգիստ թողեցին։ Ես չքնեցի և, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, դա միակ գիշերն էր իմ կյանքում (նկատի ունեմ մահճակալին անցկացրած գիշերը), երբ ես ընդհանրապես չքնեցի, ո՛չ մի րոպե։
Hôpital X-ում հայտնվելուց հետո մեկ ժամվա ընթացքում ես ստացա մի շարք տարբեր ու հակասական բուժումներ, ինչը, սակայն, ընդամենը մոլորություն էր, քանի որ այնտեղ իրականում չնչին բուժում ես ստանում՝ լավ, թե վատ, եթե հիվանդ չես ինչ-որ հետաքրքիր, ուսուցողական հիվանդությամբ։ Առավոտյան ժամը հինգին բուժքույրերը շրջում էին, արթնացնում հիվանդներին ու չափում ջերմությունը՝ առանց լվացվելու արարողության։ Եթե բավականաչափ լավ ես զգում, կարող ես ինքդ լվացվել, հակառակ դեպքում միակ հույսն անցնող հիվանդների մեծահոգությունն է։ Որպես կանոն՝ հիվանդները նաև տանում էին մեզի սրվակներն ու գիշերանոթները, որ ստացել էին «La Casserole» անվանումը։ Ժամը ութին բերեցին նախաճաշը, որ, ինչպես բանակում, կոչվում էր «La Soupe»։ Կար նաև ապուր՝ նոսր բանջարեղենային ապուր, որի վրա լողում էին հացի բարակ կտորներ։ Ավելի ուշ այդ օրը սև մորուքով բարձրահասակ լրջադեմ բժիշկը կատարեց իր շրջայցն իրեն կրնկակոխ հետևող պրակտիկանտի ու մի զորք ուսանողների հետ։ Հիվանդասենյակում վաթսուն հիվանդ կար, ու ակնհայտ էր, որ կային նաև այլ հիվանդասենյակներ, ուր անհրաժեշտ էր այցելել։ Ամեն օր նա անցնում էր բազմաթիվ մահճակալների կողքով, ինչը երբեմն ուղեկցվում էր աղերսագին ճիչերով։ Մյուս կողմից, եթե ունես այնպիսի հիվանդություն, որին ուսանողները ցանկանում են ծանոթանալ, մեծ ու յուրատեսակ ուշադրության ես արժանանում։ Ես ինքս, որպես բրոնխային հեղձուկի բացառիկ նմուշի կրող, երբեմն տասնյակ ուսանողների էի գրավում, որոնք հերթ էին կանգնում՝ կրծքավանդակս լսելու համար։ Տարօրինակ զգացողություն էր, տարօրինակ ասելով՝ նկատի ունեմ իրենց աշխատանքը սովորելու նրանց շահագրգռվածությունը, ինչպես նաև այն, որ ուսանողները, կարծես թե, պատկերացում անգամ չունեին, որ հիվանդները կենդանի արարածներ են։ Տարօրինակ է, բայց երբեմն, երբ երիտասարդ ուսանողներից մեկը մոտենում էր, օգտվելու քո վրա գործողություններ կատարելու իր հերթից, նա հուզմունքից դողում էր, ինչպես փոքրիկ տղա, որ վերջապես ձեռք է բերել ինչ-որ թանկարժեք խաղալիք։ Իսկ հետո ականջ ականջի հետևից (երիտասարդ տղամարդկանց, աղջիկների, սևամորթների) սեղմվում է մեջքիդ, հանդիսավոր կերպով, բայց անփութորեն հերթով թփթփացնում են մեջքիդ, բայց նրանցից ոչ ոք չի արժանացնում քեզ որևէ բառի կամ ուղիղ հայացքի։ Որպես համազգեստ-գիշերազգեստ կրող հիվանդ, որ գումար չի վճարում, դու հիմնականում նմուշ ես, մի բան, ինչից, թեև, չէի վիրավորվում, բայց ինչին այդպես էլ չէի կարողանում հարմարվել։
Մի քանի օր անց ես արդեն բավականաչափ լավ էի զգում և կարող էի նստել ու ուսումնասիրել մյուս հիվանդներին։ Տոթ սենյակում, որտեղ նեղլիկ մահճակալներն այնքան մոտ են շարված, որ հեշտությամբ կարող ես դիպչել հարևանիդ ձեռքին, կար ամեն տեսակի հիվանդություն, բացառությամբ, ենթադրում եմ, սուր վարակիչ հիվանդությունների։ Իմ աջ կողմի հարևանը փոքրամարմին կարմրահեր մարդ էր՝ կոշկակար, մեկ ոտքը մյուսից կարճ։ Նա, սովորաբար սուլելով, գոռալով «համար 43» (կամ ուրիշ թիվ) ու ձեռքերը գլխավերևում խաչելով, հայտնում էր մյուս հիվանդների մահվան լուրը (այսպիսի դեպքեր գրանցվեցին մի քանի անգամ, և իմ հարևանը առաջինն էր իմացել)։ Այս մարդու մոտ ամեն ինչ այնքան էլ վատ չէր, բայց իմ տեսադաշտում երևացող մյուս մահճակալների մեծ մասում ողբերգական թշվառության կամ սարսափ էր տիրում։ Մեկ այլ մահճակալի պառկած հիվանդը, որի ոտքերը գրեթե դիպչում էին իմ ոտքերին, հյուծված փոքրամարմին մի մարդ էր, որ տառապում էր չգիտեմ ինչ հիվանդությամբ, ինչի պատճառով նրա ողջ մարմինն այնքան զգայուն էր դարձել, որ ցանկացած շարժում, երբեմն նույնիսկ անկողնու ծանրությունը ստիպում էր նրան գոռալ ցավից։ Իսկ ամենաշատը նա տառապում էր միզելիս՝ գործողություն, որ անում էր մեծ դժվարությամբ։ Բուժքույրը բերում էր մեզի սրվակը և երկար ժամանակ կանգնում էր նրա մահճակալի կողքին՝ սուլելով, ինչպես ձիապաններն են վարվում ձիերի հետ, մինչև վերջապես տառապալից ճիչով՝ Je fissel, սկսում էր գործողությունը։ Նրա հարևան մահճակալին պառկած դեղնակարմիր մազերով այն մարդը, ում վրա կատարում էին բաժակներով թերապիան, ժամեր շարունակ հազում էր արնախառն լորձ։
Ձախ կողմի հարևանս թառամած արտաքինով բարձրահասակ մի երիտասարդ էր, որի մեջքի մեջ պարբերաբար խողովակ էին մտցնում ու ցնցող քանակությամբ փրփրախառն հեղուկ էին քաշում նրա մարմնի ինչ-որ մասից։ Նրա հետևի մահճակալին մահանում էր 1870 թվականի պատերազմի վետերանը՝ սպիտակ մորուքով մի գեղեցկադեմ ծեր տղամարդ։ Բոլոր ժամերին, երբ թույլատրվում էին այցելությունները, նրա մահճակալի շուրջը նստած էին նրա չորս ազգական կանայք՝ բոլորը սևազգեստ, ճիշտ ագռավների պես՝ ակնհայտորեն ինչ-որ խղճուկ ժառանգության հույսով։ Ավելի հեռու՝ իմ հակառակ կողմում, կախ ընկած բեղերով ու խիստ այտուցված դեմքով ու մարմնով մի ծեր տղամարդ էր։ Նա տառապում էր ինչ-որ հիվանդությամբ, որի պատճառով գրեթե անդադար միզում էր։ Նրա մահճակալի կողքին մշտապես դրված էր հսկայական ապակյա տարրա։ Մի օր նրան այցելեցին նրա կինն ու դուստրը։ Նրանց տեսնելիս ծերունու փքված դեմքը լուսավորվեց զարմանալի քաղցրությամբ լի ժպիտով, իսկ երբ նրա դուստրը՝ մոտ քսան տարեկան մի սիրունիկ աղջիկ, մոտեցավ մահճակալին, տեսա, որ նա փորձում էր ձեռքը դանդաղ դուրս հանել անկողնու սպիտակեղենի տակից։ Ես նախօրոք պատկերացրեցի սպասվող տեսարանը․ մահճակալի մոտ ծնկի է իջել աղջիկը, իսկ մահամերձ հայրը վերջին օրհնությունն է տալիս նրան՝ ձեռքը դնելով գլխին։ Բայց ոչ, նա ընդամենը դստերը մեկնեց մեզի շիշը, որը նա արագ վերցրեց ու դատարկեց տարրայի մեջ։
Ինձնից մոտ մեկ տասնյակ մահճակալ այն կողմ numéro 57-ն էր (կարծեմ դա էր նրա համարը)՝ լյարդի ցիռոզով։ Հիվանդասենյակում բոլորը դեմքով գիտեին նրան, քանի որ երբեմն նա բժշկական դասախոսության առարկա էր դառնում։ Շաբաթը երկու անգամ՝ կեսօրին, մռայլ տեսքով բարձրահասակ բժիշկը ուսանողների խմբի համար դասախոսություն էր կարդում հիվանդասենյակում, և մեկ անգամ չէ, որ numéro 57-ին անվասայլակով, որ ասես տրոյբուս լիներ, բերում էին հիվանդասենյակի կենտրոն, որտեղ բժիշկն արձակում էր նրա գիշերաշապիկը, մատներով բռնում էր տղամարդու որովայնի վրա կախ ընկած հսկայական ուռուցիկ հատվածը, կարծում եմ՝ հիվանդ լյարդը, և հանդիսավոր կերպով բացատրում էր, որ սա ալկոհոլիզմին վերագրվող հիվանդություն է և ավելի տարածված է այն երկրներում, որտեղ գինի են խմում։ Ինչպես միշտ, նա ոչ խոսեց իր հիվանդի հետ, ոչ ժպտաց նրան, ոչ գլխով արեց, ոչ էլ ծանոթության որևէ նշան ցույց տվեց։ Խոսելու ընթացքում նա, շատ հանդիսավոր ու ձիգ, երկու ձեռքերի տակ պահում էր ավերակի վերածված մարմինը՝ երբեմն այն մեղմորեն այս ու այն կողմ պտտելով, ճիշտ այնպես, ինչպես կինն է աշխատում գրտնակով։ Այնպես չէ, որ numéro 57-ը դեմ էր նման վերաբերմունքին։ Ակնհայտ էր, որ նա հիվանդանոցի հին բնակիչներից էր, սովորական ցուցանմուշ դասախոսությունների ժամանակ, իսկ նրա լյարդի համար ախտաբանության ինչ-որ թանգարանում վաղուց արդեն սրվակ կար նախատեսված։ Բոլորովին հետաքրքրված չլինելով այն ամենով, ինչ իր մասին ասում էին, նա պառկում էր՝ անգույն աչքերը սևեռած ոչնչի, մինչ բժիշկը ցուցադրում էր նրան, ասես նա հնաոճ ճենապակյա իր էր։ Նա մոտ վաթսուն տարեկան էր, զարմանալիորեն կծկված։ Նրա՝ մոմաթղթի պես գունատ դեմքն այնքան էր փոքրացել, որ հասել էր տիկնիկի չափերի։
Մի առավոտ, մինչ բուժքույրերը կգային, իմ կոշկակար հարևանն արթնացրեց ինձ՝ քաշքշելով բարձս։ «Numéro 57-ը»,- ասաց՝ ձեռքերը պարզելով գլխավերևում։ Հիվանդասենյակում լույսը վառ էր, կարելի էր տեսնել։ Ես տեսա ծեր numéro 57-ին՝ կուչ եկած պառկած կողքի վրա, դեմքը՝ անկողնուց դուրս կախված դեպի իմ ուղղությամբ։ Նա մահացել էր գիշերն ինչ-որ պահի, ոչ ոք չգիտեր՝ երբ։ Բուժքույրերը եկան, անտարբերությամբ ընդունեցին նրա մահվան մասին լուրը և անցան իրենց գործին։ Երկար ժամանակ անց՝ մեկ ժամ կամ ավելի ուշ, զինվորների նման համընթաց քայլերով (ծանրաքայլ, ինչպես դիվերսանտներ) ներս մտան երկու այլ բուժքույր, կապեցին դիակը սավանների մեջ, սակայն դեռ որոշ ժամանակ չտարան այն։ Այդ ընթացքում լույսը բացվեց, և ես ժամանակ ունեցա մի լավ նայելու numéro 57-ին։ Ես իրոք պառկել էի կողքի ու նայում էի նրան։ Հետաքրքրական է, որ նա իմ տեսած առաջին մահացած եվրոպացին էր։ Ես նախկինում էլ էի տեսել մահացած մարդկանց, բայց դրանք սովորաբար ասիացիներ էին կամ մարդիկ, որոնք դաժան մահով էին մահացել։ Numéro 57-ի աչքերը դեռ բաց էին, բերանը նույնպես բաց էր, փոքրիկ դեմքը ծամածռված էր տառապանքի արտահայտությունից։ Ինձ, այնուամենայնիվ, ամենաշատը տպավորեց նրա դեմքի սպիտակությունը։ Այն նախկինում ևս գունատ էր, իսկ հիմա սավանից ընդամենը մի փոքր էր մուգ։ Մինչ ես նայում էի այլայլված փոքրիկ դեմքին, ինձ ապշեցրեց այն միտքը, որ այս զզվելի թափոնը, որ շուտով սայլակով տանելու և նետելու էին դիահերձարանում՝ սալիկի վրա, «բնական» մահվան օրինակ էր, մի բան, որի մասին խնդրում ենք մեր աղոթքներում։ Ահա, ուրեմն, մտածեցի ես, ահա թե ինչ է քեզ սպասվում քսան, երեսուն, քառասուն տարի հետո․ այսպես են մահանում հաջողակները, նրանք, ովքեր հասնում են ծերության։ Անշուշտ, մարդ արարածն ուզում է ապրել, մարդն իսկապես ապրում է միայն մահվան վախի շնորհիվ, բայց, ինչպես այն ժամանակ մտածեցի, հիմա էլ շարունակում եմ մտածել, որ ավելի լավ է մահանալ բռնի մահով ու ոչ այնքան ծեր տարիքում։ Մարդիկ խոսում են պատերազմի սարսափի մասին, բայց ի՞նչ զենք է հորինել մարդկությունը, որը դաժանությամբ քիչ թե շատ մոտ կլիներ որոշ սովորական հիվանդություններին։ «Բնական» մահվան սահմանումն իսկ հիշեցնում է ինչ-որ դանդաղ, գարշահոտ ու ցավոտ բան։ Նույնիսկ այդ դեպքում տարբերություն կա՝ դրան հասնում եք սեփական տա՞նը, թե՞ պետական հաստատությունում։ Այս խեղճ ծեր թշվառը, որ հենց նոր մարել էր մոմի պես, նույնիսկ այնքան կարևորություն չէր ունեցել, որ որևէ մեկը նայեր նրան մահվան մահճում։ Նա ընդամենը թիվ էր, իսկ հետո՝ «առարկա» ուսանողների հերձակների համար։ Իսկ ի՜նչ ասել այսպիսի վայրում հրապարակային մահվան թշվառության մասին։ Hôpital X-ում մահճակալները շատ մոտ էին իրար, և նույնիսկ շիրմաներ չկային։ Պատկերացրեք, օրինակ, ինչպես է մահացել այն փոքրամարմին տղամարդը, որի մահճակալը որոշ ժանանակ առաջ իմ մահճակալի տակ էր, ոտքերը՝ գրեթե իմ ոտքերին կպած, նա, որ բղավում էր, երբ անկողնու սպիտակեղենը դիպչում էր իրեն։ Գրազ կգամ, որ նրա վերջին բառերն էին՝ «Je pisse!»։ Մահացողներին, թերևս, չեն հուզում նման բաները․ համենայն դեպս, դա ստանդարտ պատասխան կլիներ։ Ամեն դեպքում, մահացող մարդիկ հաճախ քիչ թե շատ պահպանում են բանականությունը մինչև վերջին օրը և նույնիսկ ժամը։
Հիվանդանոցի ընդհանուր հիվանդասենյակներում առերեսվում եք այնպիսի սարսափների, որոնց, ամենայն հավանականությամբ, չեն բախվում այն մարդիկ, ում բախտ է վիճակվում մահանալ սեփական տանը․ ասես որոշ հիվանդությունների զոհ դառնում են միայն անապահով խավի մարդիկ։ Բայց փաստ է, որ ոչ մի անգլիական հիվանդանոցում հնարավոր չէ տեսնել այն, ինչ ես տեսա Hôpital X-ում։ Առաջին անգամ չէր, որ մարդիկ պարզապես մահանում էին կենդանիների պես՝ առանց որևէ մեկի ներկայության, առանց որևէ մեկի ուշադրության։ Նրանց մահը նույնիսկ աննկատ էր մնում մինչև առավոտ։ Այսպիսի բան, անշուշտ, չեք տեսնի Անգլիայում, հիվանդների տեսադաշտում մնացած դիակն, առավել ևս, չտեսնված բան է։ Հիշում եմ՝ մի անգամ Անգլիայի տնակային հիվանդանոցներից մեկում մի մարդ մահացավ, մինչ մենք թեյ էինք խմում, և, թեև հիվանդասենյակում ընդամենը վեց հոգի էինք, բուժքույրերն այնքան հմտորեն էին իրենց գործն անում, որ տղամարդը մահացավ, իսկ նրա մարմինը տարան այնպես, որ նույնիսկ ոչինչ չլսեցինք, մինչև ավարտեցինք թեյ խմելը։ Անգլիայում մենք, թերևս, թերագնահատում ենք մեծ թվով արհեստավարժ և խիստ կարգապահ բուժքույրեր ունենալու առավելությունը։ Անկասկած, անգլիացի բուժքույրերը բավականին հիմար են, կարող են գուշակություններ անել թեյի տերևներով, Union Jack կրծքանշաններ կրել և բուխարու վրա պահել Թագուհու լուսանկարները, բայց գոնե, բացարձակ ծուլությունից դրդված, թույլ չեն տալիս, որ անլվա պառկեք ու փորկապությունից տառապեք չհավաքված անկողնու մեջ։ Hôpital X-ում բուժքույրերն իրենց դրել էին տիկին Գեմփի (1) տեղը։ Ավելի ուշ՝ հանրապետական Իսպանիայի զինվորական հոսպիտալներում ես այնպիսի տգետ բուժքույրերի տեսա, որ նույնիսկ ջերմություն չափել չգիտեին։ Անգլիայում չես տեսնի նաև այնպիսի կեղտ, ինչպիսին Hôpital X-ում էր։ Ավելի ուշ, երբ արդեն բավականաչափ լավ էի զգում ու կարող էի լվացվել լոգարանում, այնտեղ հայտնաբերեցի մի հսկայական արկղ, որտեղ նետվում էին սնունդի մնացորդներն ու հիվանդասենյակի կեղտոտ վիրակապերը, իսկ պատերի պանելներին վխտում էին ծղրիդները։ Երբ ես հետ ստացա հագուստս և կարող էի կանգնել ոտքի վրա, ես փախա Hôpital X-ից՝ նախքան ինձ դուրս կգրեին։ Դա միակ հիվանդանոցը չէր, որտեղից ես փախել եմ, բայց դրա մռայլությունն ու աղքատությունը, սրտխառնոց առաջացնող հոտը և, առաջին հերթին, այնտեղ տիրող հոգեկան մթնոլորտը, իմ հիշողության մեջ առանձնանում են որպես բացառիկ։ Ինձ այնտեղ էին տարել, որովհետև այն պատկանում էր այն շրջանին, որտեղ ապրում էի։ Ես միայն այնտեղ հայտնվելուց հետո իմացա, որ այն վատ համբավ ուներ։ Մեկ-երկու տարի անց հայտնի խաբեբա տիկին Հանոյին, որ հիվանդացել էր ազատազրկման ընթացքում, տարել էին Hôpital X: Մի քանի օր անց նրան հաջողվել էր խույս տալ հսկիչներից, նա նստել էր տաքսի ու վերադարձել էր բանտ՝ բացատրելով, որ այնտեղ ավելի հարմարավետ էր զգում իրեն։ Չեմ կասկածում, որ նույնիսկ այն ժամանակվա ֆրանսիական հիվանդանոցները նման չէին Hôpital X-ին։ Բայց հիվանդները՝ գրեթե բոլորն աշխատավորներ, զարմանալիորեն անտրտունջ էին։ Նրանցից ոմանց համար պայմանները գրեթե հարմարավետ էին թվում. նրանցից առնվազն երկուսը չքավոր չարագործներ էին, ում համար սա լավ ձև էր՝ ձմեռն անցկացնելու։ Բուժքույրերը չտեսնելու էին տալիս, քանի որ չարագործներն օգնում էին տարբեր տհաճ գործեր անելիս։ Բայց մեծամասնության վերաբերմունքն այսպիսին էր․ սա, իհարկե, ոջլոտ վայր է, բայց էլ ի՞նչ էիք ակնկալում։ Նրանց համար տարօրինակ չէր, որ կարելի է մարդուն արթնացնել առավոտյան ժամը հինգին, իսկ հետո սպասեցնել երեք ժամ՝ նախքան օրը ջրիկ ապուրով սկսելը, կամ այն, որ մարդիկ կարող են մահանալ առանց որևէ մեկի ներկայության, ու նույնիսկ այն, որ բուժօգնություն ստանալու հնարավորությունը կախված էր նրանից, թե արդյոք կհաջողվի բռնացնել կողքովդ անցնող բժշկի հայացքը։ Նրանց համար սովորական բան էր, որ հիվանդանոցները պետք է այդպիսին լինեին։ Եթե դու ծանր հիվանդ ես և չափազանց աղքատ ես, որ սեփական տանդ բուժում ստանաս, ստիպված ես գնալ հիվանդանոց, իսկ այնտեղ հայտնվելով՝ պետք է համակերպվես խստությանն ու անհարմարությանը, ինչպես բանակում։
Ամենից զատ, հետաքրքիր էր բացահայտել այն անսասան հավատը հին պատմությունների նկատմամբ, որ այժմ արդեն գրեթե ջնջվել են անգլիացիների հիշողությունից․ պատմություններ այն մասին, օրինակ, որ բժիշկները, զուտ հետաքրքրասիրությունից դրդված, դիահերձում են մարդուն, կամ զվարճալի են համարում վիրահատությունը սկսելը, նախքան անզգայացումը պատշաճ կերպով կազդի։ Մութ պատմություններ էին պտտվում մի փոքրիկ վիրահատարանի մասին, որն, ասում էին, գտնվում էր լոգարանի հետևում։ Ասում էին՝ այս սենյակից սարսափելի ճիչեր էին հնչում։ Ես ոչինչ չտեսա՝ այս պատմությունները հաստատելու համար, և, անկասկած, այդ ամենն անհեթեթություն էր, բայց ես տեսա, թե ինչպես երկու ուսանող սպանեցին կամ գրեթե սպանեցին մի տասնվեցամյա տղայի (նա մահանում էր, երբ ես գնացի հիվանդանոցից, բայց գուցե ապաքինվեց ավելի ուշ) իրենց վնասաբեր փորձի ժամանակ, որ հազիվ թե անեին վճարող հիվանդի վրա։ Դեռևս ոչ վաղ անցյալում Լոնդոնում հավատում էին, որ որոշ մեծ հիվանդանոցներում հիվանդներին սպանում էին՝ որպես հերձման օբյեկտներ օգտագործելու համար։ Hôpital X-ի մասին այսպիսի պատմություններ չէի լսել, բայց կարծում եմ՝ այնտեղ եղած տղամարդկանցից ոմանք հավանական կհամարեին դրանք։ Ի վերջո, դա մի հիվանդանոց էր, որտեղ եթե ոչ մեթոդները, ապա 19-րդ դարի մթնոլորտից գոնե ինչ-որ բան պահպանվել էր, և հենց դրանով էր այն հատկանշական։
Վերջին հիսուն տարիների ընթացքում մեծ փոփոխություն է տեղի ունեցել բժշկի և հիվանդի միջև հարաբերություններում։ Եթե վերցնենք մինչև տասնիններորդ դարի վերջի ցանկացած գրական աղբյուր, կտեսնենք, որ հիվանդանոցը հիմնականում ընկալվում է նույն կերպ, ինչ բանտը, ավելին, հնաոճ, զնդանատիպ բանտը։ Հիվանդանոցը կեղտի, տառապանքի ու մահվան վայր է, դեպի գերեզման տանող նախասրահի պես մի բան։ Ոչ ոք, եթե բոլորովին ընչազուրկ չէ, այդպիսի վայր չէր գնա բուժում ստանալու։ Եվ հատկապես անցյալ դարի սկզբին, երբ բժշկությունն ավելի համարձակ էր դարձել, քան նախկինում, ընդ որում՝ առանց որևէ հաջողության հասնելու, հասարակ մարդիկ բժշկական գործին ահ ու սարսափով էին նայում։ Հատկապես վիրաբուժությանը նայում էին որպես ոչ այլ ինչ, քան սադիզմի յուրատեսակ զարհուրելի դրսևորում, իսկ դիահերձումը, որ հնարավոր էր միայն մարմիններ առևանգողների միջոցով, նույնիսկ համարվում էր նեկրոմանիա։ 19-րդ դարի գրականությունից կարելի է բժիշկների ու հիվանդանոցների հետ կապված սարսափ ստեղծագործությունների հսկայական գրադարան հավաքել։ Հիշենք, օրինակ, խեղճ ծերունի Ջորջ III-ին (2), որ ծերունական տկարամտությամբ ողորմածություն էր խնդրում՝ տեսնելով՝ ինչպես են վիրաբույժները մոտենում իրեն՝ «արնաքամ անելու, մինչև ուշագնաց կլիներ»։ Հիշենք Բոբ Սոյերի և Բենջամին Ալենի (3) զրույցները, որ հազիվ թե կարելի է ծաղրերգություն համարել, կամ «La Debacle» և «Պատերազմ և խաղաղություն» վեպերում նկարագրվող դաշտային հիվանդանոցները կամ Մերվիլի «Սպիտակ բաճկոն»-ում նկարագրվող անդամահատման ցնցող տեսարանը։ 19-րդ դարի անգլիական գեղարվեստական գրականության մեջ նույնիսկ բժիշկներին տրված անունները՝ Սլաշեր (Կտրատող), Քարվեր (Փորագրող), Սոյեր (Սղոցող), Ֆիլգրեյվ (Գերեզմանափոր) և այլն, և «սղոցներ» ընդհանրական մականունը որքան զավեշտական, նույնքան էլ մռայլ են։ Հակավիրաբուժության ավանդույթները, թերևս, լավագույնս արտահայտված են Թենիսոնի «Մանկական հիվանդանոց» բանաստեղծությունում, որն, ըստ էության, կարելի է համարել նախաքլորոֆորմային շրջանի փաստաթուղթ, թեև այն գրվել է դեռևս 1880 թ․-ին։ Ավելին, տեսակետը, որ Թենիսոնն արձանագրում է այս բանաստեղծության մեջ, շատ ասելիք ունի։ Երբ հաշվի ենք առնում՝ ինչի էր նման վիրահատությունն առանց անզգայացման, ինչպիսին էր այն իրականում, դժվար է կասկածի տակ չդնել այն մարդկանց շարժառիթները, որոնք նման գործեր էին ձեռնարկում։ Քանզի այս արյունալի սարսափները, որոնց ուսանողներն այդքան անհամբերությամբ էին սպասում («Հոյակա՛պ տեսարան է, եթե դա անում է Սլաշերը»։), անշուշտ, մեծամասամբ անօգուտ էին․ եթե հիվանդը չմահանար ցնցումից, ապա սովորաբար մահանում էր փտախտից, արդյունք, որ ընդունվում էր որպես օրինաչափություն։
Այսօր էլ կարելի է գտնել բժիշկների, որոնց շարժառիթները կասկածելի են։ Ցանկացածը, ով շատ հիվանդություններ է տարել կամ լսել է բժշկական ուսանողների խոսակցությունները, կհասկանա՝ ինչ նկատի ունեմ։ Այնուամենայնիվ, անզգայացնող միջոցները, իսկ ապա՝ ախտահանող միջոցները դարձան շրջադարձային։ Հավանաբար աշխարհում ոչ մի տեղ այլևս ականատես չեք լինի «Սեն Միշելի պատմություն»-ում Աքսել Մունթեի նկարագրած տեսարանին, երբ ցիլինդրով ու սերթուկով չարագուշակ վիրաբույժը, օսլայած վերնաշապիկի առաջամասը արյունով ու թարախով թաթախված, միևնույն դանակով կտրում է հիվանդ հիվանդի հետևից և կտրված վերջույթները նետում է կույտի մեջ՝ սեղանի մոտ։ Ավելին, ազգային առողջապահական ապահովագրությունը մասամբ հրաժարվել է այն մտքից, որ բանվոր դասակարգի հիվանդը մուրացկան է, որին կարելի է ուշադրություն չդարձնել։ Ոչ վաղ անցյալում՝ մեր դարում, սովորական բան էր մեծ հիվանդանոցներում անվճար բուժվող հիվանդների ատամներն առանց անզգայացման հեռացնելը։ Նրանք չեն վճարել, ուրեմն ինչու՞ պետք է անզգայացում ստանան․ այսպիսին էր վերաբերմունքը։ Դա ևս փոխվել է։
Եվ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաստատություն միշտ իր վրա կրում է իր անցյալի մասին որոշակի հիշողություն։ Կիպլինգի ուրվականը դեռ հետապնդում է զորանոցը, իսկ աշխատանքային տներ դժվար է մտնել՝ առանց հիշելու Օլիվեր Թվիստին։ Հիվանդանոցները սկզբնավորվել են որպես ժամանակավոր հիվանդասենյակներ, որտեղ մահացել են բորոտներն ու նմանատիպ հիվանդները, իսկ հետագայում դարձել են վայրեր, որտեղ բժշկական ուսանողները սովորել են իրենց արվեստը աղքատների մարմինների վրա։ Հիվանդանոցներին բնորոշ մռայլ ճարտարապետության մեջ դեռևս աղոտ կերպով կարելի է որսալ բժշկության պատմությունը։ Ես բոլորովին մտադիր չեմ բողոքելու անգլիական որևէ հիվանդանոցում իմ ստացած բուժումից, բայց ես գիտեմ, որ առողջ բնազդը մարդկանց զգուշացնում է հնարավորության դեպքում հեռու մնալ հիվանդանոցներից և հատկապես ընդհանուր հիվանդասենյակներից։ Ինչպիսին էլ որ լինի իրավական դիրքորոշումը, անառարկելի է, որ, երբ հերթը հասնում է «ենթարկվեք կարգուկանոնին կամ դուրս եկեք»-ին, բուժումը վերահսկելու ձեր հնարավորությունները, ինչպես նաև վստահությունը, որ ձեզ վրա ինչ-որ անլուրջ փորձարկումներ չեն արվի, այնքան էլ մեծ չեն։ Մեծ բան է սեփական անկողնում մեռնելը, թեև ոտքի վրա մեռնելն ավելի լավ բան է։ Որքան էլ մեծ լինի հիվանդանոցում տիրող բարությունն ու արդյունավետությունը, հիվանդանոցում գրանցված ցանկացած մահի մեջ կլինի դաժանության կամ թշվառության որոշակի տարր, մի բան, որ, թերևս, չափազանց փոքր է՝ պատմելու համար, բայց թողնում է ցավոտ հիշողություններ, որ առաջանում են շտապողականությունից, մարդաշատությունից, մի վայրի անտարբերությունից, որտեղ ամեն օր մարդիկ մահանում են օտարների մեջ։
Հիվանդանոցները հավանաբար դեռևս սարսափ են հարուցում ամենաաղքատներին, և մենք բոլորս էլ միայն վերջերս ենք ազատվել դրանից։ Այն, որպես մութ կետ, մնացել է մեր մտքի անկյուններում։ Ավելի վաղ ասացի, որ, երբ ես մտա Hôpital X-ի հիվանդասենյակ, ինչ-որ տարօրինակ ծանոթ բան զգացի։ Այն, ինչ տեսա, ինձ, իհարկե, հիշեցրեց տասնիններորդ դարի հիվանդանոցները, որոնք չէի տեսել, բայց դրանց մասին գիտելիքներն ավանդաբար փոխանցվել էին ինձ։ Եվ ինչ-որ բան՝ կա՛մ սևազգեստ բժիշկը՝ իր թափթփված սև պայուսակով, կա՛մ սրտխառնոց առաջացնող հոտը, տարօրինակ հնարք խաղաց ու իմ հիշողության մեջ կենդանացրեց Թենիսոնի այդ բանաստեղծությունը՝ «Մանկական հիվանդանոցը», որի մասին արդեն քսան տարի չէի էլ մտածել։ Պատահել էր այնպես, որ մանուկ հասակում այն ինձ համար բարձրաձայն կարդացել էր մի հիվանդապահ բուժքույր, որի աշխատանքային փորձը հավանաբար սկսվել էր այն ժամանակներում, երբ Թենիսոնը գրել էր իր բանաստեղծությունը։ Հին հիվանդանոցների սարսափներն ու տառապանքները նրա համար վառ հիշողություններ էին։ Մենք միասին սարսռում էինք պոեմից, իսկ հետո ես, կարծես թե, մոռացել էի դրա մասին։ Նույնիսկ դրա անվանումն, ամենայն հավանականությամբ, ինձ ոչինչ չէր հիշեցնի։ Բայց առաջին իսկ հայացքից այդ աղոտ լուսավորությամբ, շշուկներով լի սենյակը, որտեղ մահճակալներն այնքան մոտ էին, հանկարծ արթնացրեց մտքերի շղթան, որտեղ այս ամենը տեղավորվում էր, իսկ հաջորդ գիշերը ես պարզեցի, որ հիշում եմ բանաստեղծության ողջ պատմությունն ու մթնոլորտը, իսկ պոեմից շատ տողեր հիշում եմ անգիր։
1946թ․-ի նոյեմբեր
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Պետրոսյանի
- Տիկին Գեմփ – բուժքրոջ կատակերգական կերպար՝ Չարլզ Դիկենսի «Martin Chuzzlewit» վեպում։
- Ջորջ III – Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, 1760-1820 թթ․։
- Բոբ Սոյեր և Բենջամին Ալեն – հերոսներ՝ Չարլզ Դիքենսի «Pickwick Papers» վեպում։