«Երկիր Նաիրի» վեպը Եղիշե Չարենցի կենդանության օրոք հայերեն հրատարակվել է չորս անգամ՝ 1922-24 թվականներին «Նորք» հանդեսում, 1926 թվականին՝ առանձին գրքով, 1932 թվականին՝ «Երկեր» հատընտիրով, և 1934 թվականին՝ դարձյալ առանձին գրքով: Եղիշե Չարենցի մահվանից հետո վեպը առաջին անգամ լույս է տեսել 1955 թվականին «Ընտիր երկեր» հատընտիրով՝ Սողոմոն Տարոնցու խմբագրմամբ, այնուհետև՝ 1966 թվականին Ալմաստ Զաքարյանի խմբագրած «Երկերի ժողովածու» ակադեմիական վեցհատորյա հրատարակության 5-րդ հատորում: Հետագա հրատարակությունները վերատպություն են վերջինից: Ուստի, ընդհանուր առմամբ, վեպը խմբագրումների է ենթարկվել այս վեց հրատարակությունների ընթացքում: Այս աշխատանքում իմ հետաքրքրության առարկան հրատարակությունից հրատարակություն վեպի տեքստի հետ տեղի ունեցած փոփոխություններն են։ Դա վերաբերում է և՛ Չարենցի կատարած խմբագրական աշխատանքին, և՛ ավելի ուշ վեպի հետ աշխատած խմբագիրների կատարած միջամտություններին։
Այսպիսով, «Երկիր Նաիրի» վեպում հրատարակությունից հրատարակություն տեղ գտած փոփոխությունները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ չարենցյան և հետչարենցյան խմբագրումներ։
Չարենցի կատարած խմբագրումները ևս պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի, որոնցից առաջինը ավելի պարզ գեղարվեստական, երբեմն նույնիսկ տեխնիկական փոփոխություններն են, երկրորդը՝ պատմականության, վավերականության, քաղաքականության գեղարվեստականացմանն են վերաբերում։
Առաջին խումբ փոփոխությունների շարքից են, օրինակ, «բանը նրանումն է» ռուսաբանությունների փոխարինումը «բանն այն է» հայերեն ձևով։ Մի տեղում, օրինակ, Առաքելոց եկեղեցու համեմատությունը Փարիզի Էյֆելյան աշտարակի հետ Չարենցը հետո փոխարինել է Նոտըր Դամի հետ համեմատությամբ։ Այս շարքում է դիտարկելի «Երկրորդ հրատարակության առթիվ» նախաբանի ավելացումը, ինչի բերումով փոփոխվել են նաև Մարուքե Դրաստամատյանին և Բյուզանդ Վարդերեսյանին վերագրվող գործողությունները։ Սրանց մեջ կարելի է ներառել նաև երկրորդ հրատարակությունում հայտնված և այդուհետ նորից դուրս մնացած բնաբանը՝ Տերյանի քառատողով «Երկիր Նաիրի՛, երազ հեռավոր/ քնել ես քնքուշ թագուհու նման/ միթե ե՞ս պիտի երգեմ քեզ օրոր/ և արքայական դնեմ գերեզման… »։ Այս առումով հարկ է նշել, որ Չարենցի խմբագրումները՝ հատկապես «Նորք»-ից երկրորդ հրատարակություն կատարված էական փոփոխությունները, նեղ մասնագիտական շրջանակները բավականաչափ ներկայացրել և ուսումնասիրել են դեռևս խորհրդային տարիներից։ Ուստի այս աշխատանքում կփորձեմ կենտրոնանալ առավելապես ուշադրությունից դուրս մնացած երևույթների վրա։
Երկրորդ խումբ փոփոխությունների մեջ ամենից աչքի ընկնողը ազգություններին վերաբերող փոփոխություններն են։ Նախ, հարկ է նշել, որ վեպում ընդհանրապես քիչ են հանդիպում աշխարհագրական տեղանուններ և ազգությունների անուններ։ Որպես կանոն, Չարենցն օգտագործում է «նաիրցի»-ն՝ հայերին անվանելու համար, «ոսոխ»-ը՝ թուրքերին, «սոխ»-ը՝ ռուսներին: Վեպին բնորոշ են նաև հենց այս արմատներով կազմված բառերը՝ «նաիրյան», «նաիրատառ», «նաիրաբառ», «նաիրադավաճան», «նաիրապետություն», «նաիրուրաց», «նաիրասիրություն», «սոխական», «սոխանման», «սոխափայլ», «սոխասեր», «սոխատառ» և այլն, և այդպես շարունակ։ Հարկ է նշել, որ վեպի առաջին հրատարակության մեջ դեռ բավականին շատ են ազգությունների անունները։ Հետագայում՝ խմբագրելիս, Չարենցը առաջին հրատարակության «թուրք» և «տաճիկ» բառերը փոխել է մերթ «ոսոխ»-ի, մերթ «անօրեն»-ի՝ բացի մեկ դեպքից (թուրք բանվորներ), «ռուս»-ը որոշ տեղերում փոխել է «սոխ»-ի․ օրինակ՝ «․․․նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, թուրքերին» նախադասությունը խմբագրել է. «․․․նավթ էիք ուղարկում մեր և մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին», «Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և տաճիկը»» նախադասությունը՝ «Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք և ոսոխը»», «…որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը» – ռուսականից» նախադասությունը խմբագրված է․ «որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը» – սոխականից» և այսպես շարունակ։
Այս տեսակ խմբագրումներին ուշադրություն դարձնելը կարևոր է վեպի գեղարվեստական միջավայրի առումով։ Մեկ անգամ չէ, որ վեպի տեղի, կերպարների ու իրադարձությունների մասին խոսելիս Չարենցը հատուկ ուշադրություն է հրավիրում դրանց ոչ թե փաստական, այլ գեղարվեստական լինելու վրա․ «Եվ դո՛ւ, ընթերցո՛ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր»։- Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո՛ղ, և չէի էլ կարող մտածել»։ Վեպում նկարագրված քաղաքը անհնար է գտնել որևէ իրական քարտեզի վրա․ «․․․եթե նա լիներ – ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի» – այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր և ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա»։ Չարենցն ինքը վեպի ընթացքում հետևողականորեն հերքում է Նաիրյան այդ քաղաքի՝ իր ծննդավայրը՝ Կարսը լինելը, քանի որ այդ քաղաքը չկա քարտեզի վրա և եթե այնտեղ նամակ ուղարկես, չի հասնի ո՛չ Կարս, ո՛չ Երևան, ո՛չ Դիարբեքիր: Ակնհայտ է, իհարկե, որ այս քաղաքը, եթե Կարսը չէ, ապա առնվազն Կարսի գեղարվեստական կրկնակն է, բայց հեղինակը հատուկ ջանում է, որ «Երկիր Նաիրի»-ի տարածությունը ընկալվի հատկապես գեղարվեստական և ոչ պատմաշխարհագրական կամ փաստավավերագրական։
Եվս մեկ հատկանշական գեղարվեստական հնարք, որին արժե ուշադրություն դարձնել վեպն ընթերցելիս և հատկապես տեքստային տարբերակները մեկնաբանելիս, վեպը պատմողի կերպարի ստեղծումն է, որը, ըստ էության, նույնական չէ հեղինակին։ Այս պատմողը երբեմն հավասար է վեպի կերպարներին կամ նույնիսկ՝ նույնական, իր մեկնաբանություններում նա հաճախ չունի այն վերաբերմունքը, որը կունենար իրական Չարենցը, ըստ մեր ունեցած փաստերի, այդ ժամանակաշրջանում՝ թեկուզ հենց միայն ազգայնականության ու սոցիալիզմի վերաբերյալ իր հայացքներում։ Սրանից է նաև, որ վեպը հնարավորություն է տալիս իրեն անվանել «երգիծական», քանի որ բոլոր նրանք, ովքեր ծանոթ են Չարենցի իրական հայացքներին և ընթերցում են առաջին դեմքով պատմողի հայացքները, այստեղ անխուսափելիորեն հակասություն և հեգնանք կտեսնեն։ Այս պատմողի կերպարը ևս դասական հեղինակների նման ամենագետ և ամենատես չէ։ Նա կարող է մոռանալ, շփոթվել, չհիշել, չիմանալ այն իրադարձությունների մասին, որը պատմում է․ «Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից», «չգիտեմ, ասում եմ, ո՞րտեղից էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ», «Սիրելի ընթերցո՛ղ։ Ես չեմ հնարել այդ անունը և պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում» և այսպես շարունակ։ Այսպիսով Չարենցը այնպես է անում, որ ընթերցողը չհավատա, կասկածի, հարցադրի պատմողի ասածները․ «Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից — օր. Սաթոյից, և թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին»։
Վեպը պատմողը երբեմն միտումնավոր դիրքավորում է իրեն որպես անփույթ, անուշադիր մեկը․ նա կարող է շեղվել թեմայից և հանկարծ նկատել իր այդ արարքը․ «բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը. անցնենք քաղաքին»: Նա կարող է հուշել, որ մի կարևոր բանի մասին կպատմի մեկ այլ առիթով․ «Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհրդավոր.— բայց այդ մասին հետո»: Նա կարող է պատմությունն ավարտել և հանկարծ հիշել, որ մի կարևոր հանգամանք բաց է թողել․ «Բայց ես մոռացա ասել, թե ինչու է այդ եկեղեցին կոչվում — Առաքելոց եկեղեցի»: Նա կարող է մի սխալ բառ ասել, հետո ինքն իրեն ուղղել արագորեն․ «․․․Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին… ներողություն՝ պոզերին նստած․․․» կամ «․․․ստորագրված հայտարարությունը, ներողություն — հրամանը — սկսվում էր ․․․» և այլն։
Ինչո՞ւ է այս ամենը կարևոր։ Հատկապես այն պատճառով, որ, իմ համոզմամբ, վեպում տեղ գտած «անճշտություններն» ու «անփութությունները» առնվազն հնարավորություն ունեն մեկնաբանվելու որպես գեղարվեստական միջավայրի մաս։ Դրանց վերաբերյալ ավելի հանգամանալից խոսելու առիթ կլինի երկրորդ խումբ խմբագրումներին անդրադառնալիս։
Մինչև դրանց անդրադառնալը, սակայն, հարկ եմ համարում նշել, որ Սողոմոն Տարոնցին և հատկապես Ալմաստ Զաքարյանը հսկայածավալ և շնորհակալ աշխատանք են կատարել Չարենցի բնագրերի վերականգնման, ուսումնասիրության, պահպանման հարցում, ինչը հետագայում շատ օգտակար է եղել նաև այլ ուսումնասիրողների համար։ Այս առումով պետք է արժանին մատուցել մանավանդ Զաքարյանին՝ վեցհատորյակի 5-րդ հատորի վերջում՝ ծանոթագրություններում ու տեքստային տարբերությունների հատվածում կատարած աշխատանքի համար։ Այդուհանդերձ այս խմբագիրները իրենց ժամանակի կրողներն էին, և գուցե արտաքին, իսկ գուցե և ներքին գրաքննության բերումով հարկադրված են եղել որոշ փոփոխություններ մտցնել չարենցյան բնագրում։
Հետչարենցյան խմբագրումները բնույթով կարելի է բաժանել երեք խմբի՝ տեխնիկական, գեղարվեստական և, այսպես ասած, քաղաքական։
Առաջին խումբ տարբերությունները մեծ մասամբ ի հայտ են եկել ուղղագրական փոփոխությունների, կետադրության կանոնակարգման, որոշ կանոնների հստակեցման արդյունքում, ինչպես, օրինակ, հաջորդ բառի ձայնավորից և բաղաձայնից առաջ նախորդի հոդերի գրությունը, բեխ բառի ղ-ով գրությունը, որոշ կետադրական նշանների փոփոխություններ և այլն:
Երկրորդ խմբի փոփոխություններին անդրադառնալու համար նախ ուշադրություն դարձնենք ակադեմիական հրատարակության ծանոթագրությունների տեխնիկային: 1966 թվականին լույս տեսած վեցհատորյակի 5-րդ հատորի ծանոթագրություններում խմբագիրը ամենայն մանրամասնությամբ վերականգնել է իրական Կարսը, վեպում նկարագրվող ժամանակամիջոցում այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները, անձանց, որոնք կարող էին լինել կերպարների նախատիպերը և, ընդհանրապես, հնարավոր ամեն բան, ինչ իրականության մեջ կարող էր գոյություն ունենալ, և այդ ճշգրտումների համատեքստում խմբագիրը երբեմն փորձել է ծանոթագրություններով վերականգնել ճշմարտությունը․ «Չ-ը գրում է, թե հրամանը ստորագրված էր «Տեղական կոմիտե»․ վերը բերված կոչի տակ կարդում ենք «Կարսի Հայկական կոմիտե», որ քաղաքի գերագույն իշխանությունն էր» (ԵՉ, երկ, հտ 5, էջ 567); երբեմն՝ բացատրել այդ «սխալների» պատճառը․ «Չ-ը վեպում գեղարվեստական նկատառումներով Կարսը դարձրել է գավառական կենտրոն, նահանգապետին՝ գավառապետ» (ԵՉ, երկ, հտ 5, էջ 439-540); իսկ երբեմն էլ՝ Չարենցին վերագրել շփոթմունք․ «Սուրբ Գևորգ անունով եկեղեցի չի եղել Կարսում, եղել է մատուռ։ Չ-ը շփոթել է սուրբ նշանը՝ սուրբ Գևորգի հետ» (ԵՉ, երկ, հտ 5, էջ 528)։
Ահա այսպիսի «ուղղումների» համատեքստում է պետք դիտարկել նաև որոշ գեղարվեստական փոփոխություններ, ինչպես, օրինակ, հետևյալ նախադասությունը․ «Բանն այն է, որ Բիթլիսցի Արշակը վաղուց հետե զբաղվում էր բժշկական պրակտիկայով և նույնիսկ բավականին հռչակ էր վայելում ոչ միայն քաղաքի հետամնաց թաղերում, այլև մոտակա շատ և շատ գյուղերում, դեպի որոնք հաճախ բժշկական տուրնեներ էր կատարում Բիթլիսցի Արշակը…», որտեղ ավելացված է․ «այլև մոտակա շատ և շատ գյուղերում» հատվածը, ըստ երևույթին՝ կարծելով, թե «ոչ միայն»-ից հետո անպայման պետք է որևէ միտք շարունակվի «այլև»-ով։ Նմանատիպ տրամաբանությամբ էլ թերևս ստացվել է հետևյալ նախադասությունը․ ««— Գիշերս լա՞վ ես քնե» — հարցնում է կոշկակար Սիմոնը ղահվեճի Սեթոյին։ Շատ քաղաքավարի երիտասարդ է կոշկակար Սիմոնը և միակն է քաղաքում, որ «պ. Սեդրակ» է անվանում ղահվեճի Սեթոյին», ահա այստեղ էլ ամբողջապես ավելացված է «․․․ղահվեճի Սեթոյին։ Շատ քաղաքավարի երիտասարդ է կոշկակար Սիմոնը․․․» հատվածը։
Ու թեև վեպի ծանոթագրությունների վերջում խմբագիրը ավելացրել է հետևյալը․ «Խմբագրությունը անհրաժեշտ է գտել չմիջամտել բնագրում նկատած առանձին նման «շփոթումներին»՝ Կարո Դարայանը մեկ Արամ Անտոնիչի մորաքրոջ որդին է վեպում, մեկ՝ եգանը․ «Եվրոպա» ճաշարանի տեր Եգոռը՝ Համբարձումով է, բայց և Արզումանով», այնուամենայնիվ, հե՛նց այսպիսի «շփոթումների» ուղղման ծիրում են դիտարկելի այնպիսի խմբագրումները, ինչպիսիք մեկական տեղում «ղահվեճի Սիմոն»-ը՝ «ղահվեճի Սեթո», «Եգոռի սրճարան»-ը՝ «Սիմոնի սրճարան», «Սերգեյ Կասպարովիչ»-ը՝ «Սերգե Կասպարիչ», «Զինվորական Բարձրագույն Ատյան»-ը՝ «Զինվորական Գերագույն Ատյան» դարձնելը, ինչպես նաև ամբողջ երրորդ գլխում «Ագրիպպինա Վլադիսլավովնա»-ն «Ագրիպպինա Վասիլևնա» դարձնելը։
Եթե այս խմբագրումները գոնե բացատրելի են նույնականացման նպատակով, ապա այնպիսի խմբագրումները, ինպիսիք են «Հարյուր իննսուներկու» թիվը «հարյուր իննսուն-երկու հարյուր»-ի վերածելը, «Եգոռը իր բավականին մաքուր սրբիչը վերցնելով» արտահայտությունը «Եգոռը մի բավականին մաքուր սրբիչ վերցնելով»-ով փոխարինելը, «լսել»-ը «լռել»-ու, իսկ «Հավատո՞ւմ եք»-ը, «Հասկանո՞ւմ եք»-ի փոխելը, ինչպես նաև «Եվ այսպես կամաց-կամաց սկսում է բոլորովին ամայանալ» նախադասության մեջ «այսպես» բառից հետո «փողոցը», իսկ «աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած» նախադասության մեջ՝ «նստարանների» բառից հետո՝ «առաջին» բառն ավելացնելը և նման մի շարք այլ փոփոխություններ զուտ գեղարվեստական նկատառումներով և թերևս անձնական նախասիրություններով են պայմանավորված փոփոխություններ։
Այսպիսի նկատառումներով փոփոխությունները, սակայն, միշտ չէ, որ «անվնաս» են տեքստի համար։ Որոշ այսպիսի խմբագրումներ կարող են հանգեցնել գեղարվեստական միջավայրի խաթարման, ինչպես օրինակ «ստոր, դավաճան» բառերի կողքին «ազգուրաց»-ը ավելացնելը (հայտնի չէ, թե ինչ նկատառումներով) խնդիրներ է առաջացրել այն իմաստով, որ ողջ վեպում Չարենցը միտումնավոր չի գործածել այդ բառը և որպես դրան փոխարինող բոլոր, բացառապես բոլոր դեպքերում գործածել է «նաիրուրաց» բառը, ուստի և խմբագրի ավելացրած «ազգուրաց»-ը արդյունքում դարձել է միակը վեպում և գեղարվեստական միջավայրին խորթ։
Հարկ է նշել, որ վեցհատորյակի հինգերորդ հատորի վերջում խմբագիրը բավական բարեխղճորեն նշում է այսպիսի միջամտությունների մեծ մասը՝ չմեկնաբանելով դրանց գեղարվեստական դրդապատճառները՝ բացառությամբ «անճշտությունների»։ Մինչդեռ հաջորդ խումբ փոփոխությունների մասին որևէ ակնարկ անգամ չի թողնված:
Այսպիսով, հետչարենցյան խմբագրումների վերջին, և գուցե ամենածավալուն խումբն այն է, որին պայմանականորեն անվանեցինք քաղաքական։ Սրանք հիմնականում «ռուս» և «սոխ» բառերի հետ կապված խմբագրումներն են։ Հետաքրքիր է, սակայն, այն հանգամանքը, որ խորհրդային առաջին տարիներին՝ 1922-24, ապա և 1926, 1932, 1934 թվականներին այս տեքստերը խնդիր չեն առաջացրել և միայն 1955, 1966 թվականներին են խմբագրվել։ Այս հանգամանքը գուցե ավելի լավ կմեկնաբանեն խորհրդային շրջանն ուսումնասիրող պատմաբանները։ Ճշմարտությունը, սակայն, այն է, որ Չարենցը ողջունել է Սոցիալիստական հեղափոխությունը, և նրա քննադատության սլաքներն ուղղված էին Ցարական Ռուսաստանին՝ կայսրությանը։
Այս համատեքստում ամենաէական խմբագրումն այն է, որ 1955, 1966 թվականներին, ապա և հետագա հրատարակություններում վեպից դուրս է թողնվել մի ծավալուն հատված, որը և կմեջբերեմ ամբողջությամբ․ «Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում… Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը — Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը… Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի և ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, և չէր էլ վրդովվում… գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան… Մի բան կար թաքնված այդ ամենի ետևը, և Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, և «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր Ընկերությունը: Եկան, աշխարհի չորս կողմից, հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. և ի՞նչ.— ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին… Իսկ ա՞յն, որ լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, և այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ — ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին… Ամոթ էր, լկտի դավաճանություն — սոխերի կողմից, իսկ «Ընկերության» և նաիրյան բանակի կողմից — հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ»։
Այս համատեքստում արված մյուս բոլոր խմբագրումները բառային են, բերեմ օրինակներ․ «․․․այդ նույն բերդն է հիմա եկվոր սրիկաներին — սոխերին — պաշտպանում թե մեզնից․․․» նախադասությունը դարձել է․ «․․․այդ նույն բերդն է հիմա եկվորներին պաշտպանում թե մեզնից․․․», «այդ քաղաքն անգամ դարձել է հիմա, սոխերի տիրապետության օրով — գավառական հետամնաց մի որջ» նախադասությունը 1955-ի հրատարակությունում դարձել է «այդ քաղաքն անգամ դարձել է հիմա, ռուսների տիրապետության օրով — գավառական հետամնաց մի որջ», իսկ 1966-ի և հետագա հրատարակություններում՝ «այդ քաղաքն անգամ դարձել է հիմա, օտարների տիրապետության օրով — գավառական հետամնաց մի որջ», «գերադասել էին «նաիրյան շտաբը» — սոխականից» նախադասությունը 1955-ի հրատարակությունում դարձել է «գերադասել էին «նաիրյան շտաբը» — ռուսականից», իսկ 1966-ի և հետագա հրատարակություններում՝ «գերադասել էին «նաիրյան շտաբը»», «Ո՛չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չե՛մ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը» նախադասությունը 1955-ի հրատարակությունում դարձել է «Ո՛չ. էլ չե՛մ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը», իսկ 1966-ի և հետագա հրատարակություններում՝ «Ո՛չ. էլ ես․․․ չեմ, էլ չե՛մ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը», «փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ և նաիրատառ հայտարարություններ» նախադասությունը 1955-ի հրատարակությունում դարձել է «փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին հայտարարություններ», իսկ 1966-ի և հետագա հրատարակություններում՝ «փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին ռուսատառ և նաիրատառ հայտարարություններ», «լի՛քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով»» նախադասությունը 1955 թվականի հրատարակության մեջ դարձել է «լի՛քն էր լինում փողոցը հիմա Ռուսով ու «սըխտորով»», «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին. Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք…» նախադասությունը 1955 թվականի հրատարակության մեջ դարձել է «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին. անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք…» իսկ 1966-ի և հետագա հրատարակություններում՝ «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին… անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք…» և այլն, և այսպես շարունակ: Այսպիսով՝ բնագրից հանված է մի քանի տասնյակ «սոխ» կամ այդ արմատով կազմված բառեր։
Այս փոփոխությունները, սակայն, լինելով քաղաքական բնույթի, զգալիորեն վնասել են վեպի գեղարվեստական միջավայրը։ Նախևառաջ գրեթե աննկատ է մնում, եթե չասեմ՝ իսպառ կորչում է Չարենցի այն բառախաղը, որ նա, իմ կարծիքով, փորձել է ստանալ «ոսոխ» և «սոխ» բառերի միջոցով՝ «թուրք» և «ռուս» բառերի փոխարեն։ Թեև պահպանվել են «ոսոխ»-ներն ու «նաիրցի»-ները, սակայն վեպը էականորեն տուժել է ոչ միայն բառախաղի, այլև ռիթմի առումով։ Մյուս կողմից՝ աննկատ, գուցե և անհասկանալի է մնացել Մազութի Համոյի տրանսֆորմացիան՝ պատերազմից մինչև հեղափոխություն, ու թեև, այսպես թե այնպես, Հեղափոխությունից հետո Մազութի Համոյի՝ քաղաքում իշխանություն ունենալը կարելի է վերագրել կերպարի որոշակի պատեհապաշտությանը, այդուհանդերձ, կերպարին զգալիորեն երանգներ է ավելացնում վեպից հանված այն դրվագը, որտեղ նա քննադատում է ցարական իշխանություններին։
Ամփոփելով պետք է ասեմ, որ այս բոլոր խմբագրական միջամտությունները՝ սկսած Չարենցի՝ իր տեքստի հետ կատարած փոփոխություններից, վերջացրած ավելի ուշ՝ այլ խմբագիրների կատարած փոփոխություններով առատ ուսումնասիրության նյութ են մասնագետների համար՝ հասկանալու այդ միջամտությունների ժամանակը ուսումնասիրելու և, ուստի դրանք ոչ միայն գեղարվեստական, այլև սոցիալ-պատմական նշանակություն ունեն։ Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ Անկախության շրջանում առաջին անգամ ձևավորվել է ակադեմիական խորհուրդ, որն զբաղվելու է Չարենցի երկերի ամբողջական հրատարակությամբ և դա թերևս լավ առիթ է այս բոլոր խրթին հարցերին համապարփակ անդրադառնալու համար։