Զավեն Բեկյան | Ուղերձ լուսատիտիկին

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

ԱՄԱՆՈՐ

Լավ է,
Որ Երկիրը,
ևս մի պտույտ էլ անելով արևի շուրջ,
գտնում է նորից իր մեկնարկի կետը ուղեծրում
ու չի շեղվում ու մոլորված չի ընկնում գիրկը
ուրիշ արևների ( թեև Անսահմանությունը ձգում,
բոլորիս է կանչում իր մոտ՝ անխտիր … )։

Լավ է,
երբ մեր մտքի թելը հանկարծ
կտրում է ծառը մեր հիշողության, և մենք
այդ հատված ծառաբնի օղակների մեջ՝
տարի առ տարի, ինչ-որ լուսավոր
բաներ ենք գտնում ու վերհիշում,
վերհիշում ու ․․․ հարբում ՝ մի այլ տեսակի ․․․

Լավ է,
որ գոնե այս օրն անպայման
զարդարում ենք միմյանց տոնածառ հասակները
հայացքներով անչար ․․․ ՈՒմ խմիչքն արգելված չէ՝
բաժակ է զարկում, ոմանց էլ՝ իմ պես՝ վիճակված է
միայն բարի խոնավությամբ լի աչքաթասով
զարկվել հայացքներին իր հարազատ-մերձավորների
(«Կենացդ, սիրելիս ․․․ »)։

Լավ է,
որ դեռ հոսում է ժամանակը տիեզերքում —
և մենք, Ակունքը աղոտ գիտենալով , ուզում ենք դեռ
Գետաբերանն է՛լ պատկերացնել՝ գալիքը գլխներիս ․․․
Թեթև՜, մաղվող ձյուն այս ծեր աշխարհի վրա,-
լապտերների լուսաշեղբերի մեջ, ոլորապտույտ իջնելով,
թիթեռնիկների պես՝ հարբած նեկտարից ծաղկաբաժակների ․․․
Թեթև՜, մաղվող ձյուն՝ և վարսերին ճերմակող ․․․
իմ և ամենեցու ․․․

 

ՎԱՆՈ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ

Քուռը՝ վարար,
աշխարհն արար՝
լողացող լա՜ստ ․․․

Կերուխում է,
գոռում-գոչյուն
դիվահալած ․․․

Ոստիկանի
նման պարարտ
լոքո ձուկը
ջրի խորքից
դուրս է ցցում
բեղն ու պինչը՝
տեսնի՝ ի՞նչ կա ․․․

Եվ լուսնկան՝
կրքոտ կախված,
ծիկրակելով
Օրթաճալի բաղի վրա,
սիրունների դաղի վրա ․․․

Վույմե՜, վույմե՜ –
բաս էսքանը
վու՞նց պարտակես
էդ մի պատառ թղթի վրա,
ա՛յ շվարած ․․․

 

ՀՈԳԻՆ

Այն քսանմեկ գրամը,
որ անջատվում է մարդուց՝
նրա վերջին շնչի հետ,
անշուշտ, գնդաձև է,
ինչպես ամեն մի
կատարյալ բան տիեզերքում։
Բայց աներևույթ է,
թեթևընթաց
ու վեր է բարձրանում,
վե՜ր, հանց ․․․
կալանավորի ՝ հացից սարքած
թզբեհի հատիկը, որ՝ ազատված՝
գնա՜ ու միանա Հավերժության
մեջ շրխկացող Հոգևոր
Ժամանակի թզբեհին ու դառնա
նրա հատիկներից մեկը ․․․

 

ՊԱՏՄՈՍ

Ջուրն իր ամբողջ ամբարած հիշողությամբ
ծեծում էր ժեռուտ ափերը։
Ալեկոծության ողբի միջից
լսելի էին անունները Տասնևերկուսի ,
և երկնային լուսատուներն էին աղոտ
լույսով կոծում ․․․ Այդ ժամին չէ՞ր,
երբ ելել էր աշխարհից կտրված-լքված առափնյա
իր խրճիթից, լքելով խշտյակ կողինքը ․․․
Անուններն էին արձագանքվում
Տասնևերկուսի, ծովի շառաչի մեջ ։
Քնեա՞ծ էր ոտքի վրա, արթու՞ն, թե
համակ լուսնահար՝ պարզ չէր, երբ մոտեցավ
ափին — և Լևիաթանն էր հաստատ՝
մոտեցավ ու խուլ որովայնախոսեց․
«Դու Հովնանը չե՞ս, մահկանացու՛,
դու սիրասունը չե՞ս Այն Մեկի, որ խողխողվեց
ու արյուն ծորալով Երկրին, գնա՜ց՝
աստղերից մեկը դարձավ ․․․ Դու Հովնանը չե՞ս ․․․
Ձա՛յն հանիր վերջապես․․․ »։ Ահառած
հետ դարձավ խրճիթ, մոմը վառեց
(խրճիթը ցնցվում էր փոթորկից), հանեց
մագաղաթն ու մելանը, կարեվեր
աղոտ էր լույսը, և իր աչքերի լույսն էլ էր
արդեն թուլացել, ավաղ ․․․ Դողացող ձեռքով
գրեց առաջին բառերը։ Տենդի մեջ էր։
Մեկը թելադրում էր։ Վառվում էր ճակատը։
Ալեկոծությունը շառաչում էր անվերջ,
իր ողբի մեջ տալով անունները
Տասնևերկուսի ( գուցե՝ մեկը հանած ․․․ )։

Հ․ Գ — Հովհաննես Ավետարանիչի մասին , որ հիշատակված կղզում
գրեց Հայտնության Գիրքը։

 

ԵԶԵԿԻԵԼ

Ասաց՝
ահավասիկ,
շա՜տ են չարության ամպերը
երկնքում, բայց բարին է՛լ է
կուտակում հետզհետե
իր թուխպերը — և իր ժամանակին
դու իր որոտը կլսես։

Ասաց՝
իսկ դու սողացե՞լ ես, պոետ,
Չարի ու Բարու արանքով՝ այնպես,
ինչպես Եդեմի այն սադրիչ խորագետը,
որ քո թողած ժանյակ շապիկ
բանաստեղծությունը՝ նրա շապկի պես,
քո մարմնից, քո ապրածի՛ց պոկված լինի ․․․

 

ԶՎԱՐԹ ԵՂԵՐԵՐԳ

Ինչ անցավ-գնաց՝
էլ ետ չես բերի։
Մնում է Այստեղ
քիչ է՛լ համբերել ․․․

․․․ Երբ՝ առանց դեղի՝
ճնշումս ութսուն / հարյուր քսան էր․․․
Քթիս տակ անդարդ
դնդնում էի․ «Սիրտ իմ սասանի․․․»։

Մխիթարանք էր
մի բաժակ օղին
(ողորմի հոգուն
թորողի ծնողի․․․ )։

Անիմանալի ուրախություն էր
նիկոտինի մի ումպն իմ ըմպանում։
Ելաներ ծուխը տեղվույս թութունի,
և պատշգամբից սի՜րտս ելաներ․․․

էսպիսի բանե՜ր ․․․

 

* * *

Ինչ սահուն է ու ինքնամոռաց
անցումը մեր երևակայության
առ հզոր, առինքնող Պայմանականություն,
ինչպես գիսավորինը Թանատոսի՝
Զույգ աշխարհների սահմանագիծը
Առեղծվածի միգամածության մեջ հատող ․․․

Ինչպես օձահման՝ օձին՝ նվագով իր դյութական,
այդպես մեզ պայմանականությունների մեջ է ներքաշում
արտիստն՝ իր խաղի առաջին իսկ ժեստերով,
պոետն՝ հենց սկզբի պարբերությամբ իր,
նվագավարն՝ իր հնչերանգներով նախնական․․․ —
Իսկ մենք հլու՜ ենք ու ասում ենք․
«Տա՜ր մեզ, ուրվական», ինչպես Համլետն՝
իր հայրականին․ «Գնա՛, գալի՜ս եմ»․․․

Իսկ ո՞վ կասի, որ հենց նույն կերպ
մենք՝ մեր հոգիներով , ներքաշված չենք
մի պայմանականության մեջ՝ Աստնվոր անվանյալ,-
ու մի բրայլյան տեքստ ընթերցող
կույրի պես զբաղված ենք նրա նշանները շոշափելով –
մեր ո՜ղջ կյանքում այս, մինչև Այն Մյուսը ․․․

 

* * *

Երբ կոբրայի անթարթ,
սևեռուն աչքերի պես
փողոցային լապտերներն են
դեղին
հառված
վառվում
այս անապատում —
և Ռախաբի դուստրերը
ցանցագուլպայավոր
իրենց գիշերային որսի
ցանցերն են կարկատում,
գլխաշորով ՝ կիպ ՝
դեմքդ ծածկած,
դու էլ ես իջնում քաղաք,
դու՜, Մարիամ
Մագդաղենացի,
դու էլ ՝
որսի համար քո
սրբազնական,
որ գտնես նորից մեկին՝
արժանի յուղի թափեալ,
բայց, ո՜վ կին,
չկա՜, չես գտնում
այդ մեկին
անապատական այս
ճամփեքին ․․․

 

ՄԱՐԿՈ ՊՈԼՈ

Ոչ փողը իմ սրտին տիրեց,
ոչ էլ փառքը ամենեցու —
սկսեցի ես թափառել՝
Հերոդոտոս հենց կարդացի։

Պտըտեցի աշխարհն արար,
տեսա մարդիկ ամեն գույնի։
Գետեր անցա ծանծա՜ղ, վարա՜ր,
և ամեն տեղ կյանքը նույնն էր ․․․

Հասա մինչև Չինումաչին,
հասա և մի երկիր անհայտ,
որը հիմա, չեմ ամաչի,
կբերեմ ձեր հայացքի տակ։

Խնձորենին այստեղ տանձ է
բռնում, թե որ մտքով անցնի։
Սրանց երբեք չեմ նախանձի —
մարդիկ են յոթ երեսանի ․․․

Սև են տեղվույս աղջիկների
սրտերը, բայց դրսից՝ սպիտակ։
Ի՜նչ իմանաս՝ ինչ մեղքեր են
պահում իրենց կրծքերի տակ ․․․

Այրիներն՝ ընդհակառակը,
դրսից սև են, ճերմակ՝ ներսից։
Թե անտարբեր անցնես կողքով ՝
կբզկտի քեզ թունդ հերսից ․․․

Տղամարդիկ՝ ծու՜յլ, կոնծաբան
ու բամբասկոտ՝ կնոջ հանգի։
Օր ցերեկով ավազակն է
նրանց կնկան առևանգում ․․․

Հլու են ու ականջակախ՝
ամեն իշխող սրիկայի։
Սրանց նման թուլամորթներ՝
չէ՜, ոչ մի տեղ էլ չկային ․․․

Շուտ լքեցի երկիրը այս —
չդիմացա եղկ պատկերին։
Հազար չարք կար ու հազար այս։
Ընթերցողը թող ինձ ների ․․․

 

* * *

Հանց հայր Աբրահամի տանից
արտաքսված արտասվող մի Հագար,
հոգի՜ս, զարմ տուր ու հեռացիր՝
համրության զգեստներ հագած ․․․

Տուր բերքդ ու մի ճյուղակոտոր
ծառի պես սսկվիր՝ խելագար
ժամանակներից այս խռով։
Հանց անդարձ հեռացող մի Հագար ․․․

Սառնամանիք է ու մշուշ —
վա՜յ այստեղ մերկ հոգով եկողին․․․
Սուրբ խոսքի համար ուշ է, էլ՝ ու՜շ —
զղջում է և քեզ ՈՒղարկո՜ղը ․․․

 

ՊԵՐՍԵՓՈՆԵ – ՁՆԾԱՂԻԿ

Մարգագետնյաց լերկ
ամայության մեջ՝
ասես Հադեսից՝
հանկարծ հայտնված
աղջնակ-ծաղի՜կ ․․․

Շորորի՜դ մեռնի
գուսանս համբակ,
տեսքիցդ հարբած ․․․
Հարսնաքողիդ մեջ,
Նազ-պա՜րը պարիր ․․․
Ինչպե՞ս գովքդ անեմ,
որ չբարկանա
մայրդ՝ Մարտուհին ․․․

Ախ, ինչպես Կաննա
Գալիլեական,
հարսնահանդեսիդ
ես ի՞նչ հայացքով
ջրերին նայեմ
գարնանաբխյալ,
որ անուշանան
ու դառնան գինի ․․․

Ավետի՜ս լինի
հարսնաքույրերիդ,
որ մոտ է շունչը
․․․ փեսա Մայիսի ։
Որ դրասանգված
գան քո հանդեսին,
հարբե՜ն սիրառատ ․․․
Ջրերը՝ վարա՜ր,
ու գինին՝ առա՜տ ․․․

 

ՈՒՂԵՐՁ ԼՈՒՍԱՏՏԻԿԻՆ

Դշխուհի՜ շորորագնացիկ, լուսաշաղախ-լուսաշղարշ
գիշերազգեստը հագիդ, որ ելել ես եդեմական
քո կախովի պարտեզներն՝ զբոսնելու գիշերով ․․․

Ես՝ մի մանուկ բերանբաց,
հետևել եմ քեզ վախվորած, իմ մանկության օրերին, մեր այգու
ծառերի հետևում թաքնված — ի՜նչ իմանայի՝
ինչ ես դու, որ հատում ես գիշերային այգին
լուսածիր, բայց դանդաղաշարժ մի գնդակի նման ․․․

Շատերին մոլորեցրած՝ իրեն Բևեռային
աստղ ձևացրած Քարվանղռան-քարավանջարդուկ
այն աստղի նման։ — Գիշերային
թափառումների ելած դաշտամկներն են քեզ
մի աստղի տեղ դրել ու քեզնով կողմնորոշվելով,
շեղվել իրենց ուղուց ․․․

Քեզ առաջին անգամ երբ որսացի
եղինջի տերևի վրայից, հմայված էի՝
հանց մի աստղագետ մութ մի նրբանցքում
հանկարծ ի վերուստ իջած
գիսավոր տեսնի իր դեմդիմաց ․․․

Հիմա այդպես կամա՜ց
պտտվում ես հուշերիս պարտեզների վրա։
Երանի առաջնորդող այն աստղը լինեիր,
որ կտանի ինձ դեպի մսուրքը Նոր Ծննդյան,
երբ ժամանակը գա ․․․

 

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քարկոծեցէք զիս խնծորով, քաղցըր լեզւով խոցոտեցայ.
Անուշ գինով զիս խև արիր` որ ի ծոցըդ զնտանեցայ:
Հովհ․ Թլկուրանցի

Հա, երբ արևի ճառագայթներից
սկսում է այսպես արդեն մեղրի հոտ գալ ․․․
Ու, ինչ-որ մի տեղ, արդեն մի իշամեղվի
թավամազ անութների տակ մեղվական իր մկաններն են
սկսում թրթռալ հեռվից եկող անհայտ
մի պարեղանակից՝ դեռևս չնոտագրված ․․․

Հողը ճմլկոտալով իր իգությանն է տրվում,
մետաքս անկողնում իր ափսոսանքով արթնանալով
ցոփեղեն իր երազներից ․․․ Հայ-հա՜յ, ուր որ է՝
աղվամազի պես դուրս կգան ծառերի ու թփերի
առաջին նրբեղենիկ մանրատերևները,
բողբոջները նոր-նոր ճեղքած ու դուրս ելած՝
ասես օրորոցից կախված մանկունք քնքուշ ․․․

Ինձ խնձորներո՜վ քարկոծեցեք, խնձորներո՜վ, հատկապես՝ աչքերս,
որ ․․․ չկուրանան լինելության հովիտներում այս կատաղի
բացված ու երփներփին ծեգծեգող ծաղկեղենից ու ․․․ աղջկեղենից․․․
Ինձ տարե՜ք, աղաչում եմ, սթափության գինետուն ․․․

․․․ Հիմա այնտեղ,իմ անցյալում, լորենիների ժամանակը
կլիներ, երբ փափկում է լորենիների մաշկը՝
ասես մի մեղրամսի մեջ, ու թե կեղևը հանես՝
ջուր է ամբողջովին — սուլիչ պատրաստելու
ժամանակն է հենց դա ․․․ Իսկ հանդերում մերձակա
ձնծաղիկ-ամազոնուհիների ջոկատն է գրոհում
հեղեղատների վերջին թիզերը աննվաճ ․․․

Այնտեղ կկվի կանչն է խուլ խփում կանաչող
թավուտներից՝ աշտարակային ժամացույցների
բամբ ազդարարումների պես —
բայց խորհուրդ չի՜ տրվում դրանք հաշվել, քանզի
ի՜նչ միտք ունի հաշվել տարիներդ մնացյալ,
երբ գարուն է գալիս այսպես քաղցր ու ստույգ ․․․

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *