Մհեր Արշակյան | Մարդու լռությունը

Ընկերներ,
թույլ տվեք ասել.

-ոչ ոք նորից չի ծնվելու, այդ առթիվ հույսեր մի ունեցեք, նորից ծնվելու մասին բանաստեղծությունները պարզապես լավ վերջացնելու մասին են,

-մինչև կյանքի վերջը մարդն այդպես էլ չի իմանա, թե ինքն ով է. խնձորի բովանդակությունը խնձորի մեջ է, մարդու բովանդակությունը մարդու մեջ չէ, դրա համար նա դեռ պիտի կծի «խնձորը», որպեսզի փորձի հասկանալ, թե ով է ինքը,

-հիշեք, միշտ ավելի վատ է լինելու ոչ թե որ մտահղացումն է այդպիսին, այլ որ մեկ հոգի լինելն արդեն բեռ է,

-մարդը մի հոգու ամբոխ է, բայց նա դեռ կարող է մարդ լինել, եթե ինքն իրեն չհոշոտի անընդհատ ածականներ փսխելով, մարդը ինքնաօկուպացված է ածականներով,

-դուք ճանաչու՞մ եք մեկին, որը սիրում է ինքն իրեն, այդպիսի մարդ չկա. մարդը տակավին դեռ կապիկ էլ չի եղել, որպեսզի սկսի իր հանդեպ հեգնանքից,

-մարդը դեռ չի ապրում, նա ամեն ինչ տվել է Աստծուն, որը դեռ չկա. ասում եմ ձեզ՝ մարդը դեռ անձամբ չի մեռել, այստեղից էլ նրա հույսերը,

-հուսացողը չի արհամարհում, բայց նա հյուսում է ուրիշի արհամարհանքի ծուղակն իր հույսերով.,

-ձեզ մեծագույն գաղտնիքն եմ ասելու՝ մեղավորներ չկան, դեռ չի ծնվել նա, որը գիտի ինչ է անում. անվանողը չի ծնվել,

-ու՞մ եք թողել հաջորդ մարդուն, ով է մյուսը, ուրիշը, որն առաջինն է բլբլալու ձեր միակ կռիվը, նա սկսելու է ապրել ամենախորքից, որտեղ բարոյականության ու անբարոյականության արևների լույսը չի հասնում, նա չի բնորոշելու, այլ անվանելու է միանգամից,

-հիշեք, հնարավոր չէ մեղադրել առանց երկնքի,

-մարդուն մի զենք էր տրված՝ սերը, իսկ նա ստեղծեց ատրճանակը, ինչպե՞ս կարող է նա երբևէ լինել իրավացի,

-երանելի է մարդը, որն իր մեջ գտել է ապուշին. այդ նրա անմեղության կորսված անունն է, որին զրահապատում է իր իսկ ճանաչողությամբ. ապուշն է, որ նրա մեջ բղավում է մարդ լինելու անբավարարությունը:

-մարդն շտապում է դեպի իր անձեռակերտությունը՝ չունենալով անձեռակերտ մարդու մեկ օրինակ. նա իրեն շփոթել է Աստծո հետ, որին դեմքով էլ չգիտի,

-ոչ մի Տիեզերք քեզ թույլ չի տա անմահ լինել իր մեջ, որովհետև Տիեզերքը բաշխում է ժամանակը, ոչ թե կյանքը. Տիեզերքը չափելի ոչ մի բանի մեջ անմահություն չի դնում, ահա ինչու կյանքն ավելի շուտ կռիվ է ժամանակի հետ,

-կա մի բան, որ ոչ մի փիլիսոփա, ֆիզիկոս, մաթեմատիկոս, գրող կամ հոգեբան չի կարող նկարագրել՝ կատարյալ անտաղանդի և անկատար անտաղանդի տարբերությունը.

-պարադոքսն ամենամեծ հումորի զգացումն ունի, բավական է իմանալ, որ մոլեկուլային նույն մասնիկներն են պտտվում Էյնշտեյնի և կատարյալ հիմար մեկի գլխում:

-բոլոր խորհուրդներն էլ ուղղակի խաղում են ականջներում նրանց, որոնք դեռ չեն սխալվել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *